Մարիամ Մնացականյան | Արևահոտ

Քամին թեթև սահում էր ծառերի վրայով ու հին, շատ հին երգեր էր սուլում: Ամառվա շոգը չէր թողնում երգի բառերը հասկանալ: Բայց քամին թեթև սահում էր` ծառերի հետ օրորելով նաև գանգուր մազերդ, որ արևի հոտն էր կպել ու ծաղկավոր շրջազգեստդ: Դե քայլիր, ճեմիր, աչքերդ կկոցիր արևից, լայն վերնաշապիկդ թափահարիր, որ քամի խաղա, ակնոցներդ հանիր ու սրբիր ոսկրոտ քթիդ վրայի քրտինքի մանր կաթիլները:
Տեսնում եմ` ունքերդ սեղմել ես իրար ու խորը շնչում ես, կուրծքդ դանդաղ ու ծանր բարձրանում, իջնում է: Ինչ է, շոգից ես նեղվու՞մ, թե՞ շոգը խառնել ես էն վատ հիշողություններիդ հետ ու հառաչում ես: Հիշել ես խեղճ ու կրակներին, հիշել ես գազաններին, հիշել ես հալածվածներին, հիշել ես քեզ, հիշել ես գանգուրներդ, որ մի ժամանակ թաքցնում էիր: Հետո էդ գանգուրներդ չէի՞ն, որ հոգուդ հետ անկանոն դուրս թռան ամեն մեկը մի ուղղությամբ, խառնվեցին արցունքներիդ հետ, ազատություն ուզեցին քեզնից, այ խուճուճ գլուխ: Թե ումից պիտի փախչեիր, ներսդ էնքան գույն ունեիր, որ քթիցդ տարիներով ծորալով` չվերջացավ:
Քայլիր, քայլիր թափ – թափ, սանդալներդ թող ճպճպան տաքացած ասֆալտի վրա: Սարյան փողոցով, գինետան մոտով, փողկապների խանութի մոտով, ծաղկազարդ շենքի մոտով: Իջիր, գլուխդ շրջիր այս ու այն կողմ, դու սովոր ես, կլանիր սպունգի պես տեսածդ գույները, կուլ տուր, չես կարող կուլ չտալ, դու դրա համար ես ծնվել: Հա, հետո՞ ինչ, որ ականջներիցդ ու քթանցքներիցդ պիտի հոսի վաղ թե ուշ, մարդիկ էլ մտածեն մի անդուր հիվանդություն ես կպել, քեզնից կիլոմետրերով հեռու փախնեն: Բայց ի՞նչ իմանան, հո չե՞ս բացատրի, որ իրենց փախուստի գույնն էլ ես կլանել, մի երկու տարուց դա էլ քթերիցդ կգա:
Հը, ու՞ր ես հասել, նստիր մի քիչ, Թամանյանը քեզ չասա՞ց նստիր իր դիմացի նստարանին, ստվեր կա ընկած: Դե ուրեմն նստիր: Ի՞նչ ես մտածելու, ասա ասեմ: Լավ, մատներիդ մատանիները ուսումնասիրի, բան չեմ ասում, հետո գլուխդ կփորփրենք: Ի՞նչ կա, ուռե՞լ են մատներդ, բա քեզ ով էր ասում էս ամառ օրով էդքան մետաղ վրադ հավաքեիր: Դու չգիտե՞ս, որ ամառն իր օրենքներն ունի, բոլորին գլխի վրա շուռ է տալիս, ինձ ստիպում ա է-երով գրել, չէ, ինձ ստիպում է է-երով գրել, քեզ էլ կարողանում է տապալել Սարյանից կասկադ իջնելու ճանապարհին: Թե չէ քեզ ո՞վ էր տապալողը, կաշվից սանդալներով Պետրայի ավերակները 5 անգամ ծայրից ծայր կանցնեիր:
Չէ, դու չնեղվես հանկարծ խուճուճ գլուխ, ամառն էլ կանցնի, քթիդ քրտինքն էլ կանցնի, մատներիդ ուռածությունն էլ: Մենակ վախենամ էդ անդուր մտքերդ չանցնեն, մնան, գլխիդ մեջ դղյակներ սարքեն, մեջը Փինք Ֆլոյդ նվագեն, դու էլ դեպրեսվես, երանգ առ երանգ ջանիցդ դուրս գա: Հատուկ էս հիմար դեպրեսվել բառն եմ ասում, որ շատ չմռմռաս, չնվնվաս, հեշտ անցնես, գանգուրներդ թափ տաս ու գնաս: Մենակ ասա ուր ես գնում, որ հասնեմ հետևիցդ, թե չէ քեզ ով գիտի: Հանգստացա՞ր, դե Թամանյանին ասա ցը, հիշում ես չէ՞, իրեն պիտի ասես մերսի, որ քո Երևանը սենց ա: Թե չէ պառկում ես թաց խոտի մեջ, նայում ես երկնքին ու բարձր գոռում, թե ինչ լավ ա, որ էս ա քո Երևանը, որ էս Երևանը քոնն ա:
Հա, հասկացա, ամառը չի վերջացել, բայց ա-երս հետ են եկել: Ինչ անեմ, ա տառը շատ եմ սիրում: Ա տառն եմ շատ սիրում, սոլ նոտան եմ սիրում, կիթառի երրորդ լարն եմ սիրում, սիրում եմ, որ կիրթ մարդիկ ժարգոնով են խոսում ու հենց էդ նույն ժարգոնով Բերգմանի ֆիլմերն են քննարկում: Իսկ դու՞ ինչ ես սիրում: Սիրում ես շրթներկդ ձեռքի ափով մաքրել, յասամանի 5 թերթանի ծաղիկ ուտել, թեյնիկի թշթշոցը լսել, մոծակի կծածը քորել: Գիտեմ, որ սիրում ես, գանգուր մազերիդ տակ մի հատ գլուխ ունես, էդ գլխիդ միջից մտքերն օդապարիկի նման թռչում են, քամին էլ բերում հասցնում է մինչև մատներիս ծայրերը: Թե փչացած հեռախոսի պես ոնց են մտքերդ աղավաղվում, էդ արդեն չգիտեմ: Միգուցե դու քո համար հանգիստ, հանդարտ, մենակ մոխրագույն կուլ տվածի մեկն ես: Ես էլ մի բան դրել երևակայում եմ, չեմ էլ մտածում. գուցե տանջում եմ քեզ, գուցե լավ կլինի, որ հենց մոխրագույնի մեջ էլ լող տաս, որ մարդիկ իրենց գույները քոնի հետ սազացնեն, մարդ ես, մեկը հայտնվի ասի՝ արի միացնենք մեր գույներն իրար, արի աճեցնենք փոքրիկ մոխրագույնիկներ: Դու էլ սիրուն կժպտաս, մազերդ միանգամից կթսկեն, կդառնաս Ստեփֆորդյան տիկին: Հը, կուզե՞ս, տե´ս, առաջարկում եմ ու երաշխավորում, որ լավ կլինի: Չէ, ինչ ես ասում, տարին երկու անգամ հնարավոր ա, որ ականջներդ մաքրելուց մի երկու գույն ավել լինի: Բայց դե դա մեր մեջ:
Գիտեմ, որ չես ուզում, մի նվնվա: Դու քայլիր, քայլիր, շուրջդ նայիր: Դիմացինիդ տեսա՞ր, հաստատ բժիշկ կլինի: Խիստ հայացքը տեսնում ես, երևի բարդ վիրահատությունից հետո տուն է գնում, շոգն էլ խեղճին լրիվ քամել է: Ինչ կա, արդեն գույնը վերցրի՞ր, զգույշ եղիր, բժիշկները քո համար չեն, իրենց չես մարսի, դու գնա, այգի մտիր, էնտեղ գույները շատ են: Վրա են տալիս, վարդագույն, դեղին, կանաչ, ալ կարմիր, էյֆորիայի մեջ ես: Մի շտապի.
– Շոգ ա չէ՞, ջուր կուզե՞ս:
-…
– Հա, չեմ բացել, չեմ խմել, վերցրու:
-…
– Էս իմ այգին ա, չես հավատու՞մ, ես եմ սարքել, ճյուղ առ ճյուղ հավաքել եմ:
-…
– Ձեռքերս ինչքան լվացի՝ չանցավ էս կանաչը: Բայց դու էլ հա տարօրինակ ես, այգումս ինչ ունեի չունեի տարար: Էս մարդկանց գույները այգին ա սնում: Տենց ո՞վ ա գալիս առանց հարցնել մտնում ու ինչ կա չկա քաղում, ցոգոլ ես գողանու՞մ ինչ ա: Էդքան գույն ունեցողը պիտի վամպիրիզմը մոռանար մի բան էլ ինքը սարքեր: Թե չէ հա ման արի, գույները խառնել չես կարողանու՞մ, էդ էլ հո չպիտի սովորեցնել…
Սպասիր սպասիր, հանգիստ, ասում եմ: Ես ի՞նչ իմանայի, որ այգեպան կա, ես քո գլուխն եմ ստուգում, ոչ թե մյուսներինը: Բերանդ ջուր առնելու փոխարեն ասեիր` գիտե՞ք ինչ, այգուս համար եմ տանում, ձևն իմացիր, էլի: Չգիտե՞ս, թե որ երկրում ես ապրում, մի ձև տակից դուրս գայիր: Ասեիր հեսա բերեմ հանձնեմ բոլոր գույները, գոնե ասիր, որ լավով ես մտել, շնորհքով ներխուժել ես: Կամ ասեիր իմը չի, կատվինս ա, ինձ որտեղից էդքան գույն: Չնայած դու սկի կատու չունես, ում վրա պիտի բարդեիր, հարևանի կնո՞ջ: Չէ դու գնա Եվրոպաներում ապրի:
Միշտ բորբոքվում եմ, սկսում եմ թացը չորի հետ խառնել: Լեզուս կծում եմ, որ ավել բառ չասեմ: Բռունցքով պատերի վրա արյունոտ հետքեր եմ թողնում: Հետո նստում ինքս ինձ ծիծաղում եմ: Հիշում եմ, որ աշխարհում հնդկական կինոներ կան, պատկերացնում եմ ոնց կնկարահանեին իմ դրամատիկ ալեկոծումները, ոնց պատը կճաքեր մատներիս տակ, ոնց կադրը հիսուն անգամ կկրկնվեր, ոնց ճղճղան ձայնով մեկը երկար նոտաներ կկլկլացներ, ոնց վերջում կնայեի ուղիղ տեսախցիկի մեջ: Դե դու էլ ծիծաղիր…
Դու բռունցքներդ չես կոտրում, դու չես էլ բարկանում: Դու նստում ես ու սկսում պատերին նայել, ծառի տերևները հաշվել, ամպերի տակից լուսնի շարժն ուսումնասիրել, գրքիցդ հոտ քաշել: Ինչի՞ համար բարկանաս, դու հո ուրիշի գլուխները չես մտնում, հո ուրիշի մտքերից նոքաութի չես ենթարկվում: Հո ուրիշի գլուխ չես ստեղծում: Նայում ես, սառը հյութ ես խմում, արևահարված ուսերիդ կաշին ես պլոկում: Մեկ-մեկ մոլորվում ես, հառաչում ես, մեկ-մեկ անծանոթ բակեր ես մտնում, Տպագրիչներից մինչև Վարդանանց հազիվ ես դուրս գալիս, տանդ տեղն էլ ես կորցնում, ուր ասես քնում ես, դալաններում վրան ես խփում, հեռախոսիդ ինտերնետն անջատում ես, հարազատներիդ կոպտում ես, գանգուրներդ չես խնամում, ծաղկավոր շրջազգեստդ չես արդուկում: Դե ինչ ասեմ, ավելի լավ էր բռունցնքերդ կոտրեիր, կամ ուրիշի մռութը: Որ մարդկանց մոտ ալիբի ունենայիր, թե չէ ո՞վ իմացավ, թե որ դալանում կորար, կամ որ նստարանին քնեցիր: Էհ, խուճուճ գլուխ, դու հանկարծ չնեղվես:
Ես պիտի նեղվեմ, որ գրածս հեչ իմ նման չի, արևը գլխիս ա տվել, սատկացրել ա, ուղեղս խաշել ա բաբամ…վերջ ոնց-որ:
Լավ, ասում եմ դու հանկարծ չնեղվես: Դու նստի ու մտածի, թե այգիդ ոնց ես սարքելու, ինչ ծաղիկներ ես տնկելու, որ գույներն ես խառնելու: Ես մանուշակագույնն եմ սիրում, բայց դե դու գիտես, քո այգին ա: Մտածիր, թե ինչ ծիտիկներ են ծլվլալու այգուդ ծառերին նստած, ով ա գալու ու գնալու, ինչ գույն ա բերելու, հիշիր, որ այգիներում մոխրագույն մենակ ճաղավանդակներն են լինում ու սառը նստարանները: Դու ճաղեր չդնես, մի դիր, որ ես հանգիստ ել ու մուտ անեմ այգումդ: Դու մենակ մի լույս վառիր մշտապես, ես փողը կմուծեմ, թող իմ լույսը լինի, որ գիշերները ծեծված բռունցքով գամ այգուդ ցայտաղբյուրի ջրով լվացվեմ: Գիտեմ, որ ամառ ձմեռ նույն սառը ջուրը ունես: Քամու ձայնն էլ լսիր, հին երգ ա երգում, քեզ շատ ծանոթ, անունը լեզվիս ծայրին ա: Մենակ թե մազերդ չկտրես, արևի հոտը չանցնի…

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *