Արկադի Մարտին I Սահմանամերձ գոտիների «Հիշողության» մասին

Հայսայֆայ 7 l հարցազրույց

«Այս գիրքը նվիրվում է յուրաքանչյուրին, ով երբևէ սիրել է մի մշակույթ, որը կլանում է իր սեփականը։ Եվ Գրիգոր Պահլավունուն ու Պետրոս Գետադարձին՝ դարերի միջով»։

Նվիրումից մինչև շնորհակալագրեր, Արկադի Մարտինի «Մի Հիշողություն, որ կոչվում էր Կայսրություն» գիտաֆանտաստիկ վեպը հայոց լեզվի, պատմության ու սահմանամերձ շրջանների ինքնության շուրջ սևեռվածության արդյունք է։ Գլխավոր հերոսը՝ Մահիտ Դզմարը, հայտնվում է Թեքսքալաան Կայսրության սրտում՝ որպես դեսպան «Lsel» կայանից։ Այն «…իր իսկ բնակիչների լեզվով նշանակում էր կայան որը, և՛ լսում էր, և՛ իմանում։ Բայց մարդիկ այնտեղ տարօրինակ էին դարձել և կառչում էին իրենք իրենցից, թեպետ ունակ էին լեզու սովորել և միանգամից հենց դա էլ սկսեցին անել»…

Կայանի 30.000 ժողովուրդը խոսում է մի լեզվով, որն ամենամոտն է այսօրվա արևելյահայերենին, ինչպես նաև տիրապետում է շրջապատող կայսրության ու այլ ուժերի լեզուներին, շատ ավելի լավ, քան նրանք կկարողանան խոսել «Lsel»-երեն[1]։

Սեփական մոլորակը չունեցող լեռնահանքային ինքնիշխան կայանը տեղակայված է «Bardzravand» սեկտորի վրա։ Այստեղ է նաև ռազմավարական նշանակություն ունեցող «Anhamemat» ցատկադարպասը, որը կայանի ինքնիշխանության երաշխիքներից մեկն է։ Իհարկե անվտանգության ճշմարիտ երաշխիքները դարպասներից այն կողմ՝ Կայանցիների գլխներում է և այսքանով ավարտենք գրքի նախապատմությունը՝ հուսալով, որ սիրելի հայ հրատարակիչները շուտով լավ լուր կունենան գրքի հայերեն թարգմանության մասին։

Անցնենք հեղինակին։

2020 թ-ին Արկադի Մարտինը (ԱննաԼինդեն Ուելեր)-ը կարծես հրաշքով հայնտվեց գիտաֆանտաստիկ գրականության սիրահարների տեսադաշտում՝ առաջին իսկ դեբյուտային վեպով արժանանալով Հյուգո մրցանակին։ Երկու տարի անց նա ստանում է երկրորդ Հյուգոն՝ երկգրության երկրորդ վեպի համար։

Իհարկե մինչ դա ԱննաԼինդեն Ուելերի գործունեությունը որպես բյուզանդագետ ոչ այլ ինչ է, քան այս հրաշքի ետևում կուտակված 10 տարվա հետազոտական աշխատանքի գեղարվեստականացում։

Գործին նախորդել էր Բյուզանդական կայսրության ու սահմանամերձ գոտիների շուրջ թեկնածուական աշխատանքը[2]։ Սրանից առաջ մագիսրտոսական կոչումը Օքսվորդի համալսարանի Դասական հայերենի ուսումնասիրության բաժնից էր։ Այս տարիների ընթացքում հեղինակը կազմակերպել է դասախոսությունների շարք՝ «Բյուզանդիան և Հայաստանը» խորագրով՝ սկսնակ հետազոտողների համար։ Ուփսալա համալսարանում Շվեդ ուսանողներին դասախոսել է դասական հայերեն։ Հրապարակել է աշխատություն «Հայ-Բյուզանդական Սահմանը. Կայսրության մշակութային քաղաքականությունը միջնադարում. 10րդ և 11րդ դարերում Բյուզանդիայի արևելյան սահմանում լիմինալ տարածքի մշակութային և գրական պատմություն» խորագրով։ Հրատարակել է «Միջնադարյան Հայաստան» կարճ մատյանը։ Ունեցել է հրապարակային ելույթներ «Կառուցելով “համաշխարհային պատմություններ” և “համաշխարհային դերակատարներ” կայսրության եզրերին. պատմողական պատճառականությունը հայ և բյուզանդական տարեգրության մեջ» խորագրով։

Սրանք Արկադի Մարտինի ակադեմիական գործունեության միայն մի փոքր մասն են։ Ավելի համառ ընթերցասերների և հայ ժամանակակից պատմագիրների ուշադրությանն արժանի նյութերի հղումները տալիս եմ ստորև[3]։

 

******

Լուսինե Շահնազարյան. Սկսենք երկու ամենակարևոր  հարցերից։ Ինչու՞ Արկադի Մարտին (հեղինակի կեղծանունը) և ինչու՞ Մահիտ Դզմար («Հիշողության» գլխավոր հերոսի անունը)։

Արկադի Մարտին. «Արկադի Մարտին»-ը միշտ կեղծանուն է եղել։ Բայց երբևէ այն չեմ առանձնացրել իմ անունից։ Հիմա արդեն բավականին միտումնավոր եմ կապում երկուսն իրար։

Գրական կեղծանունն օգտագործում եմ որպես որոնողական համակարգերում որոշակիություն մտցնելու գործիք։ Ուզում եմ այնպես անել, որ գրքերս փնտրողները սկզբից դրանք գտնեն, իսկ նրանք, ում հետաքրքրում են իմ գործերը որպես ակադեմիկոս կամ էներգիայի և կլիմայի քաղաքականության վերլուծաբան, ավելի հեշտությամբ գտնեն հենց այդ աշխատանքները։

«Արկադի»-ն գալիս է Քրիս Մորիարտիի “Պտույտի Վիճակ” վեպից, որտեղ Արկադի անունով կլոններ կան. սա հրաշալի կատակ էր, որից կարելի էր կեղծանուն քաղել։ Հետո ազգանունների ցուցակով անցա մինչև գտա սազող մեկը։ Արկադի Մարտինը դակտիլ է՝ լավ է հնչում։ Պատկերացնում եմ, որ այդ անունով ծնված մեկը երևի ֆրանկո-ռուսական արմատներ կունենա և դա դուրս գալիս է։ Ես ինչ-որ չափով ռուսական ծագում ունեմ, բայց ոչ ֆրանսիական։

Մահիտ Դզմարի հետ ամեն բան փոքր ինչ ավելի բարդ է։ Իմ Թեքսքալաան գրքերում Լսել Կայանի մարդիկ, որտեղից Մահիտն է, խոսում են մի լեզվով, որը մեծապես պարտական է հայոց լեզվին։ «Մահիտ»-ը «Անահիտ» աստվածուհու անվան կերպարանափոխված տարբերակն է, որը նաև ընդունված հայ աղջկա անուն է։ Դզմարը նմանատիպ լեզվաբանական խառնածին է։ Այն «ծով» (dzov) և «mare» բառերի համադրություն է՝ երկու բառ, որոնք նույն բանն են նշանակում տարբեր լեզուներում (հայերեն և լատիներեն)։

Գրքերումս արած լեզվաբանական աշխատանքը հաճախ հիմնված է այս կարգի ասոցիացիաների կամ հնչյուն-ձև զուգորդումների վրա:

 

Լուսինե Շահնազարյան. Արկադի, վեպի գաղափարն ասում եք ծնվել է Հայ Կաթողիկոս Պետրոս 1-ին Գետադարձին ուսումնասիրելիս։ Պետրոս Գետադարձը բավականին հակասական կերպար է հայոց պատմության մեջ։ Կպատմե՞ք այս ընտրության մասին։

Արկադի Մարտին. Երբ սկսեցի գրել «Կայսրություն կոչվող մի հիշողություն»-ը նոր էի ավարտին հասցրել Բյուզանդական պատմության շուրջ դոկտորական աշխատանքս և վերջացրել էի հետդոկտորականս։ Գիրքը շատ առումներով այս երկուսի գեղարվեստականացումն է։ Դրանք 11րդ դարում Բյուզանդիայի և «արևելյան սահմանամերծ տարածքների»՝ հատկապես Հայաստանի միջև շփումների մասին էին և նրա մասին թե  ինչպես են այդ շփումները հիշվել, ներկայացվել, և նարատիվների մեջ զետեղվել հենց այն գործող անձանց կողմից, ովքեր անցել են այդ իրադարձությունների միջով։

Ես հետաքրքրված էի սահմանամերձ գոտիներով՝ որպես տրավմայի տարածքներ, հետաքրքրված էի պատմությանբ և հիշողությանբ՝ որպես վիրավոր աշխարհընկալման պատմողական վերականգնում։

«Կայսրություն կոչվող մի հիշողություն»-ն առաջացավ այս ամենից, ինչպես նաև իմպերիալիզմի, նրա մեթոդների, սարսափների ու գայթակղությունների շուրջ բազմաթիվ հետազոտություններիցս։

Այնպես որ Պետրոս Գետադարձի մասին վաղուց գիտեի և միշտ հափշտակված եմ եղել նրանով, հիմնականում հենց նրա հակասական լինելու պատճառով։ Այն, որ նա պատրաստ էր դավաճանել իր մշակույթի ազատությունը՝ փրկելու այդ նույն մշակույթի ինչ-որ մի տարբերակ։ Երբ նոր էի սկսում  «Հիշողություն»-ը, ինձ հուզող հարցը սա էր. «Ի՞նչ է նշանակում լինել այդ մարդը»։ Ես ուզում էի մտածել, թե ինչը կարող է մարդուն ստիպել նման քայլ անել։ Ի՞նչ ճնշումներ են պահանջվել դրա համար։

 

Լուսինե Շահնազարյան. Ինչու՞ որոշեցիք փոխել գլխավոր հերոսին Իսկանդերից  (Գետադարձ) դեպի նրա գեղարվեստական իրավահաջորդը` Մահիտ։

Արկադի Մարտին. Պարզվեց նրա հաջորդի մասին գրելն էլ ավելի հետաքրքիր էր։ Այն մարդու, ով պիտի մաքրեր իր նախկինի հետևից։ Դրանից բացի գրքի ծագման մյուս աղբյուրը քսանականներումս գրած մի ահավոր գործից է, որում մի քանի լավ գաղափարներ կային։ Դրանցից մեկը գլխավոր հերոսն էր, ում բառացիորեն հետապնդում էր իր աշխատանքն անող նախորդ մարդու ուրվականը։

Անցյալի հետապնումների միտքն ընդհանրապես սրտովս էր։ Անցյալով ամբողջովին տարված լինելու միտքը։ Երբ անցյալի ինքնությունները ներծծվում են ներկայի մեջ։ Այս մտքերը համադրեցի Գետադարձի մասին ունեցածս մտորումների հետ և ինչ-որ կերպ հայտնվեցի Իսկանդերի ու Մահիտի կողքին։

Lուսինե Շահնազարյան. Հաշվի առնելով, որ գլխավոր հերոսները թեկուզ մասնակի ոգեշնչված են իրական պատմական կերպարներից, հենց սկզբից գիտեի՞ք ով որտեղ է լինելու վերջում։ Կայի՞ն հերոսներ, որոնց համար մի բան էիք ծրագրել, բայց պատմությունը նրանց մեկ այլ տեղ տարավ։

Արկադի Մարտին. Ոչ, որովհետև բացի որոշակի ոգեշնչումներից, իմ կերպարների հետ  չէի փորձում հետևել պատմական քայլերի հաջորդականությանը։ Ուզում եմ ասել, որ չնայած գողացել եմ Բյուզանդիայի կայսր Հերակլիուսի իշխանության ուզուրպացման սյուժեի «ինչպես»-ները, բայց տեսեք՝ Հերակլիուսի ուզուրպացիան աշխատեց, գրքում «Լուսավորիչ մեկ»-ինը՝ ոչ։ Անկեղծ ասած, մինչև գրքի կեսը չգիտեի՝ ինչ է ստացվելու պատմությունիցս, թեպետ ամենասկզբից էլ գիտեի ինչ է լինելու Մահիտի հետ վերջում։ Պարզապես չգիտեի ինչպես է նա հասնելու այդ վերջին։

 

Լուսինե Շահնազարյան. Այդ «ինչպես»-ների մասին մի նկատառում։ Մահիտն ու ձեր ստեղծած մյուս կերպարները գրեթե միշտ զուսպ վերապահումի միջով են գործում։ Ինչու՞ է թվում, որ «Հիշողությունում» ձեր հերոսները երբեք չեն կարող իրենց թույլ տալ ամբողջովին անկեղծ ու խոցելի լինել՝ ներառյալ և իրենք իրենց հետ։

Արկատի Մարտին. Կարծում եմ այս տեսակ վերապահումը, ներքին երկմտանքը, իմաստի գերվերլուծությունը, կապված է և՛ իմ աշխարհընկալման հետ, և՛ գրքի տեսակի հետ։ «Հիշողություն»-ը ըստ էության լրտեսական վեպ է։ Լրտեսական վեպերում ընդգծված է այն փաստը, որ կերպարների ներքին լանդշաֆտները նույքան վտանգավոր են, որքան նրանց շրջապատող արտաքին լանդշաֆտները։

Հետո ինձ դուր է գալիս իմ կերպարներին կրակը գցել հենց իրենց իսկ գլխներում։ Բաց ու խոցելի լինելը շատ դժվար ու վտանգավոր է և՛ նրանց, և՛  մեր՝ իրական մարդկանց համար, թեպետ ոմանց դա հաջողվում է։ Օրինակ, երկգրության երկրորդ գրքում («Մի ամայություն, որ կոչվում է խաղաղություն») ես Ցիկադա 20-ին հնարավորություն եմ տալիս շատ խոցելի լինել իր իսկ գլխում եղածի հետ, և մի գուցե դա գրքի սյուժետային լուծումներից մեկն է։

 

Լուսինե Շահնազարյան. Կարելի՞ է ուրեմն ասել, որ մարդու ներքին արգելքները զուգադրում եք արտաքին՝ տիեզերական մասշտաբների հարցերին։ Գրքում հատկապես գաղութատիրոջ ու փոքր ինքնիշխանության, քաղաքակիրթ ու բարբարոս համարվողի, մշակությային էքսպանսիայի ու հարկադրված ասիմիլացիայի, կայսրությանը ձուլվելու վտանգից առաջացող լարումների հարցերն անընդհատ ներկա են և՛ արտաքին, և՛  ներքին երկխոսություններում։

Արկադի Մարտին. Ընդհանուր առմամբ կարծում եմ կայսրությունը կամ որպես կանոն ընդունված մի բան է՝ հարցականի տակ չդրված, ընդհամենը աշխարհակառուցման մեջ գոյություն ունեցող փաստ։ Կամ այն ներկայացված է որպես անպատկերացնելի մի չարիք (oրինակ ի՞նչ է անում Առաջին Կարգն իր քաղաքացիների համար «Աստղային պատերազմներում»)։ Մինչդեռ Կայսրությունը (ի նկատի ունի իր գործում և իրականում) շատ ավելի դաժան է, քան վերը նշված երկու տարբերակները։ Այն կարծես երկրի ստորերկրա ջրերը ներխուժող թույն է և կարող է շատ թովիչ թվալ, քանի խեղդում է տեղի մշակույթը։

Ես ինքս ձուլման ենթարկված ամերիկացի հրեա եմ։ Իմ իսկ անմիջական պատմությունը իմպերիալիստական տերության ինչ-որ չափով հանդուրժվող անդամ լինելն է, ոչ թե գաղութացված մշակույթի ներկայացուցիչ լինելը։

Բայց այս հարցերը, թե ի՞նչ անել, երբ պարզվում է, որ սիրում ես այն, ինչը քեզ թունավորում է՝ լավ գիտակցելով այդ փաստը… ես անընդհատ պայքարում եմ այս մտքի հետ: Իհարկե սա բնավ նույնը չէ, ինչ գաղութացված մշակույթից լինելը։ Բայց հենց այստեղից էր, որ բռնկվեցի գրքի գաղափարով։

Լուսինե Շահնազարյան. Որքանո՞վ է ինքնության կենտրոնական դերը ակտուալ հենց այսօր՝ հաշվի առնելով ներկայիս հակամարտություններն ու փոքր ազգերի ինքնիշխանությանը սպառնացող «կայսրությունների» հավակնությունները։

Արկադի Մարտին. Սա շատ դժվար հարց է, որովհետև չնայած այն ամենին ինչ ասացի, իրականում չեմ կարծում, որ գրում եմ ինչ-որ բան փոխելու համար։ Ես գրում եմ, որպեսզի պատմություններ պատմեմ ինքս ինձ, և մտածեմ այս հարցերի ու թեմաների շուրջ, հետազոտեմ դրանք ավելի խորապես։ Ես առանձնապես չեմ կարծում, որ գեղարվեստական գրականությունը դիդակտիկ, կամ խրատական նպատակ պիտի հետապնդի։ Դրան հակառակ, կարծում եմ, որ բարդ ինքնություն ուսումնասիրելը, այն որ անհատը կարող է ունենալ միաժամանակ մի քանի ճշմարիտ ինքնություններ, որոնցից որոշները մի գուցե հակասում են իրար, հետաքրքիր է։ Կարևոր։ Ահա թե ինչին էի ուզում տեղ հատկացնել գրքում։

Ես ուսումնասիրել էի մի կայսրություն, որն այնքան խորապես հավատում էր, որ այն դրախտի հայելին է, գոյություն ունեցող տիեզերքը, միակ վայրը, որտեղ աշխարհը ճշմարիտ է և արդարացի, որ ինքս համարեցի այդ կայսրությունը գեղեցիկ։ Ես ուզում էի հասկանալ, թե ինչու է այդքան հեշտ գայթակղվել նրանով։ Այսպիսով, երբ ես կառուցում էի Թեքսքալաանը, ես ինձ համար մի կայսրություն գրեցի, որն նույն կերպ կգայթեր: Կատարելապես, ամբողջությամբ, նույնիսկ մի թիզ ինքնաատելությամբ։ Ու հետո ես փորձեցի հավաստիանալ, որ այն (կայսրությունը) նաև սարսափելի, տոտալիտար, պանօպտիկոն տերություն էր՝ նվաճողական գաղափարախոսությամբ։ Այն ինչին կայսրությունը դիպչում էր, մաքուր չէր մնում։

Նրանում, թե ինչպես է Թեքսքալաանն ընդլայնվում գալակտիկայով մեկ մեծ չափով Ամերիկյան մշակութային իմպերիալիզմ կա։ Այն պարզապես ռազմական ուժ չէ, այլ համատարած մշակութային ուժ է: Անխուսափելի, ինչպես McDonalds-ը և Հոլիվուդյան ֆիլմերը։

Lուսինե Շահնազարյան. Գրքում հենց կայսրության մշակութային ձևերն են, որ համարվում են «քաղաքակիրթ», մինչդեռ սահմանամերձ տեխնոլոգիայի կամ ինքնության դրսևորումները հաճախ ընկալվում են որպես «բարբարոս»։

Արկադի Մարտին. Քաղաքակիրթն ընդդեմ բարբարոսի հայեցակարգի զարգացումը հիմնված է Հռոմեական կայսրության և Բյուզանդիայի վրա (որը նույն հռոմեական կայսրությունն է, ըստ բյուզանդացիների)։ Բայց նաև ներառում է այսօր շատ ու շատ ժողովուրդների փորձառությունը, որոնք կամ ընտրում են կամ ստիպված են ձուլվել ավելի դոմինանտ ու ճնշող մշակույթներին և այն թե ինչպես այդ ձուլումը միշտ պայմանական է։ Այն երբեք բացարձակ և երբեք վերջնական չէ։

Լուսինե Շահնազարյան. Անդրադառնանք այդ ձուլումը դեռևս կանխող կենտրոնական թեմային. «Լսել» կայանի կոլեկտիվ հիշողության պահպանման տեխնոլոգիայի՝ Իմագոների գիտաֆանտաստիկ կողմն ակնարկում է հին ազգերի պատմության, անցյալից կառչելու, այն վավերագրելու, պահպանելու ու սեփական գոյությունը դրանով ապահովագրելու մասին։ Մյուս կողմից կոլեկտիվ հիշողության հետ կապը բառացիորեն խզելու շնորհիվ է Մահիտը կարողանում սեփական ինքնության և ճշմարտության որոնումներում պահպանել իր անվտանգությունը։ Կպատմե՞ք իմագոների երկակիության մասին։

Արկադի Մարտին. Ես մտածում էի, թե ինչն է մարդուն հետապնդում և ինչպես։ Իրավիճակները, քո նախնիները, նրանց արածները, այն, թե ինչ է կատարվել ինչ-որ մի կոնկրետ վայրում։ Նաև մտածում էի ուրվականներ պահելու մասին, և թե ինչպես դա կարող է օգտակար լինել, եթե հատկապես ուրվականը կարևոր տեղեկավություն ունենար։

Ես նաև տարված եմ սերունդների նավի և ռեսուրսների սակավության գաղափարներով։ Փորձում էի մտքի էքսպերիմենտի միջոցով հասկանալ` ինչ կարող է լինել, եթե ամենակարևոր բանը, որը մի քաղաքակրթություն փորձում է պահպանել այն է, թե այդ ինչպես պիտի հիմա վարի իր նավը։ Իմագո մեքենաների միտքն այդտեղից եկավ։ Նաև հենց հիշողության բնույթի, գիտակցության ու շարունակականության մասին մտորումներից։

Ես ինչ-որ տեղ, շատ հեռվից, մեղադրում եմ Փիթր Վաթսին և նրա «Կուրություն» գործը (նրա գիտակցության շուրջ աշխատանքը շատ ավելի գիտականորեն ճշգրիտ է, քան իմը, և նրա փիլիսոփայական եզրահանգումներն էապես ավելի մռայլ են)։ Նրան կարդալուց հետո էր, որ առաջին անգամ սկսել էի մտածել շարունակակականության, բանականության, գիտակցության մասին։

 

Լուսինե Շահնազարյան։ Շատ լավ։ Անցնենք լեզվին։ Որպես լեզվաբան մեծ հաճույքով էի կարդալում Լսել Կայանցիների հայերենն ու կայսրության մի շարք այլ լեզուները՝ միաժամանակ գնահատելով դրանք որպես օտար, այլմոլորակային։ Ինչպե՞ս եք հանգել լեզվի վրա սևեռված գիտաֆանտաստիկ մշակույթների գաղափարին։ Այստեղ նաև տուրք եք տվել պոեզիային՝ որպես քաղաքական ու սոցիալական հռետորաբանության գործիք։

Արկադի Մարտին. Ես միշտ էլ էնպիսի գիրք էի գրելու, որտեղ լեզուն կենտրոնական է։ Լեզուն, ըստ իս, ամեն քաղաքական գործողության կենտրոնում է։ Այո, «Հիշողության» սյուժեի մի զգալի մաս առաջ է գնում չափածո, բանաստեղծական խոսքի, հեռարձակման, կիրառման ու վերամշակման միջոցով։ Օրինակ, տեղի է ունենում պոեզիայի մրցույթ, որը նախանշում է պատերազմը, և բողոքի երգ, որը սկզբում խռովություն է հրահրում, իսկ հետո օգտագործվում է նույն խռովությունը հանդարտեցնելու համար։

Պոեզիան կարող է այս ամենն անել. ես դրա մեջ ինչ-որ առանձնակի հատկություն չեմ դրել, որը պոեզիան իրականում չունի կամ չի ունեցել մեր աշխարհում։ Այդ 21-րդ դարի անգլիախոս արևմտյան քաղաքակրթությունն է, որ  հանձնել է պոեզիայի քաղաքական ուժը փակ խմբերին. բաց խոսափողներին /open mic/, բողոքի ցույցերին։

Մինչդեռ պոեզիան քաղաքական արժեք ունի, որը լայն ճանաչում ունի այլուր, ինչպես մեր օրերում, այնպես էլ պատմականորեն։ Եվ ես շատ էի ուզում օգտագործել դա, մտածել պոեզիայի մասին որպես քաղաքականության, փիլիսոփայության և գաղափարախոսության էմոցիայի կրող ալիք։

Բացի այդ, սա անմիջականորեն գալիս է Միջին Բյուզադական գրական մշակույթից։ Ինչպես Բյուզանդական Կայսրությունը, այդպես էլ Թեքսքալաանը կենտրոնական է համարում բանաստեղծական ձևը, մասամբ որովհետև քաղաքական միջավայում գրականությունը հաճախ է բարձրաձայն հնչում։ Հռետորական չափածոյին տիրապետելը, իր ռիթմով ու մետրով, արժեքավոր հմտություն է մտավորականության շրջանում («Գրքում բանաստեղծական մրցույթը նման է ռեպ բեթլի, որի մեջ քաղաքականություն կա)։ Բացի այդ, Թեքսքալաանի մշակույթում պոեզիան կենտրոնական է՝ որպես քաղաքակրթության դրսևորում, որպես քաղաքակիրթ մարդու հմտություն, իսկ Թեքսքալաանցի լինելը պահանջում է քաղաքակիրթ լինել։

Ես երեք ամբողջական բանաստեղծություն եմ գրել և բազմաթիվ կիսատ բանաստեղծություններ, այդ թվում՝ նույն բողոքի երգի երկու տարբերակ, քաղաքական միջամտություն՝ եռատող էպիգրամի տեսքով և հանրային անվտանգության ուղերձ, որը նախկինում եղել է  քաղաքաշինության մասին էպոսի մի մաս։

Լուսինե Շահնազարյան. Արկադի, խոսեցինք լեզվից, պատմության հիշողոթյունից ու կերպարներից, որոնք ոգեշնչել են ձեզ։ Իսկ ովքե՞ր են այն գեղարվեստական հեղինակները, գիտաֆանտաստիկ և ոչ միայն, որոնք ազդել են ձեր լեզվի և գրական նախընտրությունների վրա։ Ի՞նչ եք կարդում հիմա։

Արկադի Մարտին. Հիմիկվա իմ սիրելիները գիտաֆանտաստիկ ժանրից Էլիզաբեթ Բեըրն է—նրա «Նախնյաց գիշերը» պարզապես հրաշալի է–և Մաքս Գլադսթոունը, հատկապես նրա «Վերջին Ելք»-ը։ Ես նաև շարունակում եմ հիանալ Վիլիամ Գիբսոնով, և կարծում եմ, որ նրա «Ծայրամասային»-ը վերջին տասնամյակի լավագույն գեղարվեստական գրականության նմուշներից է։ Դրանց գումարած ՍիՋեյ Չերի, Ջեյմս ԹիփԹրի Կրտսեր և Գայ Գավրիել Քեյ։

Օրինակ Էլիզաբեթ Բեըրն ինձ սովորեցրել է՝ ինչպես գրել, ՍիՋեյ Չերին ինձ սովորեցրել է ինչպես քրել քաղաքականությունից, իսկ Գիբսոնն իմ ընթերցածներից ամենակատարյալ ձևով ուշադրություն է դարձնում փոքրագույն մանրուքների վրա, որոնք իրական են դարձնում աշխարհը։ Բոլորը պիտի կարդան «Հինթերլենդները», որն իր վաղ շրջանի կարճ պատմվածքներից է։

Վերջերս ես շատ լրտեսական պատմություններ եմ կարդում ու մտածում եմ լրտեսական վեպ գրելու մասին։ Միք Հերոն և Լե Քար եմ կարդում։

 

Լուսինե Շահնազարյան. Եվ վերջում, ե՞րբ էիք վերջին անգամ Հայաստանում, ի՞նչ նպատակով էիք եկել և ե՞րբ եք վերադառնալու։

 Արկադի Մարտին. Հայաստան էի եկել 2016-ին, Օքսֆորդի համալսարանից մի քանի գործընկերների հետ հնագիտական շրջայցի էինք եկել։ Հնարավորություն ունեցա հրաշալի վայրեր տեսնել, որտեղ ապրել ու աշխատել են իմ ուսումնասիրության առարկա դարձած մարդիկ։ Դա պարզապես անհավանական էր։ Ես շատ կցանկանայի վերադառնալ։ Ամեն պահի։

 

[1]  Սա Լսել-ցիների լեզվի հնչյունաբանական և քերեկանական մի շարք առանձնահատկությունների շնորհիվ է, ինչպես նաև հայոց լեզվի հնչունաբանությունն ու տրամաբանականությունը գնահատող հեղինակի անթաքույց ակնածանքի արդյունք։

[2] «Պատկերացնելով նախամոդեռն կայսրությունը. Բյուզանդական կայսերական գործակալները Մետրոպոլից դուրս»

[3] Հրավիրում եմ պատմագրության վերլուծության ու հետազոտությունների այն ճագարորսին, որին ինքս զոհ դարձա գրողի ակադեմիական աշխատանքների ուսումնասիրության արդյունքում, տալիս եմ աշխատությունների այն մասը, որի ընթերցումն էլ ավելի հետաքրքիր կդարձնի «Մի Հիշողությունը, որը կոչվում է կայսրություն» վեպի ընթերցանությունը։

  1. Ideological storyworlds in Byzantium and Armenia: historiography and model selves in narratives of insurrection – էջ 71 – 91, թեպետ խորհուրդ եմ տալիս կարդալ ամբողջ աշխատությունը Բյուզանդական պատմագության շուրջ։
  2. Byzantinophilia in the letters of Grigor Magistros
  3. Marrying the Mongol Khans: Byzantine Imperial Women and the Diplomacy of Religious Conversion
  4. Mediating the eastern frontier – էջ 89-100
  5. Maintaining the image of Byzantine Power
Share Button

1 Կարծիք

  • Iren says:

    Անչափ հետաքրքիր էր։
    Միայն թե ուշադրություն դարձրեք վրիպակներին։ Չափից շատ են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *