Մինչ կբացենք սյուժեի բոոր փակագծերը, նախ կխնդրեմ ` մի պահ նստեք և լսեք մեր ընտրած «Ինչը սարերի հետևում չէ» թեմայով մի կարճ պատմվածք:
“Omne mundus in duas partes divisum est” – Աշխարհը բաժանված է երկու մասի. մարդիկ, ովքեր հագնում են կրկնակոշիկներ և վճարում հարկեր, և մարդիկ, ովքեր նոր մայրցամաքներ են հայտնաբերում: Սակայն բոլոր մայրցամաքները արդեն հայտնաբերված են, բայց մինչ կրկնակոշիկները այլևս նորաձև չեն լինի, իսկ հարկերն էլ կվերածվեն եկամտահարկերի, մարդկանց մյուս մասը, Մարսի ջրանցքներին զուգահեռ, ռադիումից գծեր կկառուցի:
Բառարաններում Բախտ, Հաջողություն, և Արկած բառերը հաճախ ներկայացվում են իբրև հոմանիշներ: Բախտը մրցանակ է, որին պետք է արժանանաս, Արկածը` դեպի Բախտ տանող ճանապարհն է, Հաջողությունը` ճանապարհի ստվերում թաքնվողն է: Բախտի դեմքը առկայծող է ու թովիչ, Արկածի դեմքը` ամաչկոտությունից կարմրած, բայց հերոսական: Հաջողության դեմքը ունի մի զարմանահրաշ արտահայտություն, քանզի երազանքների տարտամ վերածնողն է, որի արտացոլանքը մենք տեսնում ենք նախաճաշելիս մեր թեյի բաժակներում, մինչ փնթփնթում ենք մեր կոտլետները և թեթև տապակված հացերը ուտելիս: Արկածներ որոնողը նա է, ով դեպի Բախտը տանող ճանապարհին աչքը չի կտրում ճանապարհի չափարներից, անտառակներից ու մարգագետիններից: Այդ է տարբերությունը Արկածներ որոնողի և Բախտախնդրի միջև: Արգելված պտուղի համտեսումը լավագույն բան է, որ երբևէ կարող էր անել Արկածներ որոնողը: Փորձել ապացուցել, որ դա իրապես պատահել է, մեծագույն Բախտախնդրություն է: Լինել նրանցից որև մեկը, նշանակում է խաթարել արարման տիեզերաբանությունը:
Այսպիսով` մենք, լինելով օրինակելի և օրինավոր քաղաքացիներ, եկեք վառենք մեր ծխամորճը, մի լավ նախատենք երեխաներին և կատվին, հարմար տեղավորվենք ամենասառը պատուհանի մոտ` ուռենուց պատրաստած ճոճաթոռին, և վառարանի թրթռացող գազայրիչի տակ աչքի անցկացնենք Հաջողության հետևից ընկած երկու ժամանակակիցների մասին այս փոքրիկ պատմությունը:
– Լսե՞լ եք երբևէ արևմուտքից եկած մարդու մասին պատմությունը,- հարցրեց Բիլինգերը:
Գործողությունը կատարվում է մի փոքր սենյակում, որի պատերը կաղնու փայտից էին, իսկ սենյակը գտնվում էր Փոհաթան ակումբի ձախ մասում:
– Անշուշտ,- ասաց Ռեջինալդ Ֆորսթերը` վեր կենալով տեղից և լքելով սենյակը:
Ֆորսթերը հանդերձապահ տղայից վերցրեց իր ծղոտե գլխարկը և «դուրս եկավ այդ օդից» [1] : Բիլինգերը սովոր էր, որ իր պատմությունները միշտ անարգանքի են արժանանում, և նա դրան ուշադրություն անգամ չի էլ դարձնում: Ֆորսթերը ինչպես միշտ հիանալի տրամադրություն ուներ և ցանկանում էր հեռու մնալ ամեն ինչից: Մարդուն ինքն իրենից գոհ մնալու համար անհրաժեշտ է իր իսկ մտքերի ու կարծիքների հաստատումը և իր տրամադրության նման մեկին գտնելը: Ֆորսթերի հիանալի տրամադրությունը պայմանավորված էր Հաջողության հետևորդներից մեկը դառնալու ուժգին տենչանքով: Նա բնուստ Արկածներ որոնող է, սակայն Մանհեթենյան ցեղի սահմանափակող ազդեցությունները, սովորույթները, ծագումը, ավանդույթները զրկում էին նրա որևէ արտոնությունից: Նա ոտնատակ է տվել բոլոր այն ճանապարհները և անգամ ճանապարհներից դուրս եկող բոլոր կածանները, որոնք տանում են դեպի կյանքի տաղտկության աներևութացումը: Սակայն նրան ոչինիչ բավարար չէ: Պատճառը այն էր, որ նա շատ լավ գիտեր` ինչ է սպասվում փողոցի վերջում: Երկար տարիների փորձն ու հոտառությունը նրան հուշում էին, թե ինչ է սպասվում, եթե հանդգնես շեղվել սովորական ուղղուց: Նրա համար կյանքի ցանկացած դրսևորում չափազանց միալար էր: Նա դեռ չգիտեր, որ երկիրը կլոր է, և առկա է նաև շրջանի քառակուսի մակերեսի չլուծվող խնդիրը, և առավել հետաքրքրիր է «այն ինչ սպասվում է»:
Ֆորսթերը աննպատակ դուրս եկավ Փոհաթան ակումբից` փորձելով չծանրաբեռնել ո՛չ իր մտքերը, և ո՛չ էլ ցանկությունները փողոցներով, որոնցով քայլում է: Նա շատ ուրախ կլիներ, եթե կարողանար մոլորվեր այդ փողոցներում, սակայն դրա հույսի նշույլ անգամ չկար: Մեծ քաղաքներում Բախտն ու Արկածը ամեն րոպե պատրաստ սպասում են Ձեր կանչին, սակայն Հաջողությունը արևելքի կնոջ նման է: Նա չադրայով փաթաթված մի էակ է, ով շրջում է դեսպակով, և նրան պաշտպանում են հեծելավաշտի հրացանակիրները: Մենք կարող ենք շրջել քաղաքով մեկ, լինել ծայրամասերում ապա կենտրոնում, բայց, այնուամենայնիվ, նրան չհանդիպել: Մեկժամյա թափառումներից հետո, Ֆորսթերը հայտնվեց մի լայն, բայց հանգիստ պողոտայի անկյունում, որի միջով թախծորեն նայում էր մի գեղատեսիլ հյուրանոցի, որն ամբողջովին զարդարված էր թեթև լույսերով: Թախծորեն նայելով, քանզի գիտեր, որ պետք է այնտեղ ընթրի, իսկ ընթրելը այդ հյուրանոցի ռեստորանում զուրկ էր որևէ Արկածից: Դա նրա սիրելի քարվանսարաներից էր. մատուցումը կատարվում էր արագ ու անձայն, կերակուրները այնքան նրբահամ էին, որ նա ափսոսոմ էր իր քաղցը, որը պետք է հագուրդ տար այդ միանգամայն կատարյալ ուտելքիներով: Նույնիսկ երաժշտությունը կարծես թե ամեն օր նույնն էր: Նրա մեջ հղացավ մի տարօրինակ միտք. ընթրել մի էժանագին նույնիսկ կասկածելի մի ռեստորանում, որը քաղաքի կենտրոնում չէ, և որտեղ աշխարհի տարբեր ծագերից այստեղ եկած խենթ խոհարարները ամենակեր ամերիկացիների համար պատրաստում են իրենց ազգային ուտեստները: Հնարավոր է, որ այնտեղ սովորական առօրյայից դուրս որևէ բան պատահի, ասենք, նա կգտնի ենթական առանց ստորոգյալի, ճանապարհը` առանց վերջի, հարցը` առանց պատասխանի, պատճառն` առանց հետևանքի, կամ էլ Գոլֆսթրիմ (Գոլֆստրիմ ( անգլ.՝ Gulf Stream), ծովային տաք հոսանք է Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային մասում։ Այն քարտեզների վրա հայտնվել է Բենջամին Ֆրանկլինի օրոք և նախաձեռնությամբ: Լայն առումով Գոլֆստրիմը կոչվում է տաք հոսանքների այն հզոր համակարգը, որ ձգվում է 10 հզ կմ՝ Ֆլորիդա թերակղզու ափերից մինչն Շպիցբերգեն ու Նոր երկիր կղզիները)` կյանքի դառը օվկիանոսում: Նա հագնված չեր հավուր պատշաճի. հագին կար մի մուգ կոստյում, որին ուշադրություն չէին դարձնի անգամ այն ռեստորաններում, որտեղ սպասավորները սպագետտի են մատուցում միայն վերնաշապիկով:
Ջոն Ռեջինալդ Ֆորսթերը սկսեց գրպաններում գումար փնտրել, որովհետև որքան էժան է ընթրիքդ, այնքան պարտավորված ես վճարել դրա համար: Նա ամենայն ուշադրությամբ քրքրեց կոստյումի բոլոր 13 մեծ ու փոքր գրպանները և մի ցենտ անգամ չգտավ: Նրա բանկային գրքույկը, սակայն, ցույց է տալիս, որ նա իր հաշվին ունի հնգանիշ գումար, բայց…
Ֆորսթերը նկատեց, որ իրենից ձախ կանգնած մեկն ակնթիթ իրեն է նայում մի զվարճալի հետաքրքրությամբ: Նա երեսունին մոտ գործարար մարդու տեսք ուներ, հագնված էր կոկիկ և նման էր մեկին, ով պողոտայում սպասում է տրամվայի: Բայց այդտեղով տրամվայներ չեն անցնում, ուստի Ֆորսթերի համար նրա մոտիկությունն ու անթաքույց հետաքրքրությունը կարծես անձնական տիրույթի ներխուժում լինեին: Բայց քանի որ նա «ինչ է սպասվում » գաղափարախոսության հետևորդներից է, վրդովմունքն արտահայտելու փոխարեն շփոթվածությունից առաջացած մի ժպիտով պատասխանեց անծանոթի զվարճալի ծիծաղին:
– Ոչի՞նչ չկա ,- հարցրեց աներես անծանոթը մոտենալով:
– Կարծես թե այո, բայց հիշում եմ, որ մի դոլլար ունեի, բայց…
– Օ՜, այո,-պատասխանեց մյուսը ծիծաղելով,- բայց իրականում չունեք, չէ՞: Նույն իրավիճակում էլ ես էի, երբ թեքվում էի անկյունով, և հանկարծ բաճկոնիս վերին գրպանում երկու ցենտ գտա. ինքս էլ չգիտեմ` ինչպես են դրանք այդտեղ հայտվել: Դուք չգիտեք, թե երկու ցենտով ի՞նչ կարող եմ ուտել:
– Փատորեն դուք էլ դեռ չեք ընթրել,- ասաց Ֆորսթերը:
– Ոչ, դեռ չեմ ընթրել, բայց չէի հրաժարվի: Ես մի առաջարկ ունեմ և Ձեզ նայելիս զգում եմ` չեք մերժի. դուք հագնված եք շատ կոկիկ և մաքուր, իհարկե, կներեք անձնական նկատառմանս համար, և կարծում եմ, որ իմ կոստյումն էլ կդիմանա ավագ սպասավորի քննադատությանը: Եկեք միասին ընթրենք և մեծահարուստների նման ճաշացանկից ընտրենք ամենալավ ուտեստները կամ, եթե ցանկանում եք, կարող ենք լինել այն մարդկանցից, ովքեր որոշում են կյանքում գոնե մեկ անգամ շքեղ ընթրել: Երբ ավարտենք ընթրելը, իմ երկու ցենտով կորոշենք, թե ով է իր վրա վերցնելու ռեստորանի ղեկավարի զայրույթի և վրդովմունքի հարվածը: Անունս Այվըզ է: Մինչ մեր գումարի ի չիք դառնալը, կարծում եմ` երկուսս էլ կյանքում նույն դիրքն ունեինք:
– Համաձայն եմ,- ասաց Ֆորսթերը ուրախությամբ: Վերջապես գոնե խորհրդավոր երկիր սահմաններում, ուր տիրում է Բախտը, նրան սպասվում է մի Արկած, համենայն դեպս դա ավելի խոստումնալից և ավելի հետաքրքիր էր, քան սեղանի շուրջ թաբըլ դհոթը [2]:
Շուտով երկուսն էլ նստեցին ռեստորանի անկյունի սեղանի մոտ: Այվըզը իր ցենտերից մեկով գիր ղուշի օգնությամբ որոշեց, թե ով է պատվերը տալու: Ֆորսթերը պարտվեց: Այվզը ծիծաղեց և խորասուզված ճաշացանկի մեջ` շատ հանգիստ սկսեց պատվիրել խմիչքներ և ուտելիքներ: Նա այնպիսի հմտությամբ էր դա անում, կարծես ի ծնե ճաշացանկի գիտակ լիներ, իսկ Ֆորսթերը լսում էր հիացմունքով` հաստատելով նրա պատվերները:
– Ես այն մարդկանցից եմ,- շարունակեց Այվըզը ոստրեները ուտելիս,- որոնք իրենց ողջ կյանքում փնտրել են այնպիսի գրքեր, որոնց շարունակությանը պետք է սպասել հաջորդ հատորում: Ես սովորական Բախտախնդիր չեմ, որը փորձում է հասնել ցանկալի մրցանակին: Ինչպես նաև խաղամոլ չեմ, որ գիտի՝ կպարտվի, թե կհաղթի կոնկրետ խաղադրույք անելիս: Ես միայն ուզում եմ բախվել մի այնպիսի Արկածի, որի ավարտը չեմ կարող գուշակել: Ինձ օդի նման անհրաժեշտ է մարտահրավեր նետել Հաջողությանը և նրա կույր դրսևորումներին: Աշխարհը դարձել է առօրեականի և ձգողականության մենաշնորհը, ուստի դժվար է գտնել հաջողության մի կածան, որտեղ չհանդիպես մի ցունցանակի` ինչ է Ձեզ սպասվում ավարտին: Ես կարծես տարածքային դատախազության քարտուղար լինեմ, որը միշտ դժգոհում է, երբ մեկը գալիս է որևէ տեղեկություն ստանալու: Նա պարզապես ուզում է իմանալ, հասկանո՞ւմ եք: Ես չեմ ուզում իմանալ, ես չեմ ուզում եզրակացնել, ես ուզում եմ միայն մթության մեջ խարխափել:
– Հասկանում եմ,- ասաց Ֆորսթերը հիացած,- ես միշտ ուզել եմ, որ մեկը իմ մտքերը բառերի վերածի, ինչպես հենց նոր Դուք արեցիք: Ես ուզում եմ ռիսկի դիմել, և թող լինի այն, ինչ լինելու է: Ի՞նչ եք կարծում, Մոզելվեյն չպատվիրե՞նք:
– Համաձայն եմ,- ասաց Այվըզը ,- ուրախ եմ, որ կիսում եք մտքերս, դա էլ ավելի կուժգնացնի ռեստորանի ղեկավարության բարկությունը պարտվողի նկատմամբ: Իրական Արկածներ որոնողների հանդիպել եմ թերևս մի քանի ագամ, հիրավի իրական Արկածներ որոնողներ էին, քանզի ճանապարհորդությունը սկսելիս ճակատագրից քարտեզ ու ծրագիր չեն ուզել: Բայց ինչքան քաղաքակիրթ ու իմաստուն է դառնում աշխարհը, այնքան դժվար է ունենալ այնպիսի Արկածներ, որոնց ավարտը դժվար է կանխատեսել: Էլիզաբեթ թագուհու ժամանակ դու կարող էիր հարձակվել պարեկայինների վրա, ուրիշի տան դռներից գողանալ մուրճեր, վեճի բռնվել պատի ցանկացած հարմար անկյունում և այդ ամենով հանդերձ ջրից չոր դուրս գալ: Իսկ հիմա՞: Հիմա, եթե անհարգալից խոսես ոստիկանի հետ, ամենառոմանտիկ պատկերացումը, որ կարող ես քեզ թոյլ տալ, դա գուշակությունն է, որ ոստիկանական բաժանմունք կտանեն քեզ:
– Գիտեմ, գիտեմ,- ասաց Ֆորսթերը՝ գլուխը տմբտմբացնելով:
– Երեք տարվա շուրջերկրյա ճանապարհորդությունից հետո այսօր է, որ վերադարձել եմ Նյու-Յորք,- շարունակեց Այվըզը,- արտասահմանում ամեն ինչ նույնն է, ինչպես տանը: Թվում է` աշխարհում գերակշռում է եզրակացությունը: Միակ բանը, որ ինձ հետաքրքրում է, դա նախադրյալն է: Ես փորձեցի որս անել Աֆրիկայում, ես գիտեմ, թե ինչպես կարող է կրակել հրացանը կոնկրետ հեռավորության վրա, և ինձ ոչինչ ավելի մեծ բավականություն չի պատճառում, քան փղի կամ ռնգեղջուրի` փամփուշտից գետնին ընկնելը: Ես դա վայելում եմ նույնքան, որքան երբ դպրոցում դասերից հետո ինձ ստիպում էին մնալ և գրտախտակին մաթեմատիկական բարդ խնդիրներ լուծել: Թերևս ինքնաթիռը կարող է որևը բան տալ,- մտածելով շարունակեց Այվըզը:- Ես փորձել եմ նաև օդապարիկ նստել, բայց դրա կառավարելը զուտ քամու ու բալաստի չոր հաշվարկ է:
– Իսկ կանա՞յք,- ժպիտով հուշեց Ֆորսթերը:
– Երեք ամիս առաջ,- ասաց Այվըզը,- ես շրջում էի Կոստանդնոպոլսի բազարում, երբ տաղավարներից մեկում նկատեցի մի կնոջ, որն ուսումնասիրում էր մարգարտից և սաթից ինչ-որ զարդեր, նա, իհարկե, չադրայով էր, բայց նույնիսկ չադրայի միջից երևում էին նրա արտասովոր գեղեցիկ աչքերը: Նրա հետ մի նուբիացի սպասավոր մեծ խափշիկ էր, որն ածուխի նման սև էր: Քիչ անց սպասավորը, աննկատ մոտենալով ինձ, մի թղթի կտոր խցկեց ձեռքիս մեջ: Հարմար պահ գտնելով` բացեցի թուղթը. մատիտով ու անհասկանալի ձեռագրով գրված էր. «Երեկոյան ժամը 9-ին Նայթինգեյլ այգու դարպասների մոտ»: Արդեն հետաքրքիր նախադրյալ է, չէ,՞ պարո՛ն Ֆորսթեր: Ես հարցուփորձ արեցի և պարզեցի, որ այգին պատկանում է մի ինչ-որ թուրքի, որը մի մեծանուն վեզիր էր, կամ նման մի բան: Իհարկ, ես գտա դարպասները և նշված ժամին նուբիացի սպասավորը բացեց դարպասները և ինձ ներս թողեց: Ես նստեցի նստարանին` նրբահոտ շատրվանի մոտ` չադրայով կնոջ կողքին: Մենք բավական երկար զրուցեցինք: Այդ կինը լրագրողուհի Մերթըլ Թոմսոնն էր, որը Չիկագոյի թերթի համար հոդված էր գրում թուրքական հարեմների մասին: Նա ասաց, որ շորերիս նյույորքյան փոշին ինձ մատնեց բազարում և հարցրեց արդյոք չեմ կարող բարեխոսել, որ իր գրածներից մեկը տպագրվի նյույորքյան թերթերից մեկում:
– Հասկացա,- ասավ Ֆորսթերը ,- հասկանում եմ:
– Ես մակույկով շրջել եմ ողջ Կանադայով մեկ, անցել եմ շատ բարձունքների և ջրվեժների միջով, բայց ես համոզված էի, որ դա ինձ բավարար չէ. քանզի ես գիտեի, որ այս ամենը ուներ երկու հավանական ավարտ՝ կա՛մ ես կխորտակվեի, կա՛մ էլ կմնայի ջրի երեսին: Ես խաղացել եմ թղթախաղի բոլոր հնարավոր տեսակները, բայց այստեղ էլ չեմ ստացել այն, ինչ ուզում եմ, որովհետև մաթեմատիկոսները փչացրել են խաղի ողջ հաճույքը` հաշվարկելով պարտության և հաղթանակի հավանական տոկոսները: Ես պատահական մարդկանց հետ եմ ծանոթացել գնացքներում, դիմել եմ գովազդներին, բախել եմ անծանոթների դռները: Ես բաց չեմ թողել ոչ մի հնարավորություն, բայց դրանք միշտ ունեցել են միանման ավարտ և նախադրյալի տրամաբանական եզրակացություն:
– Գիտեմ,- ասաց Ֆորսթերը,- ես անցել եմ այդ ամենի միջով: Բայց ինձ հետ քիչ է հաջողվել որսալ հաջողության հնարավուրությունը: Կա՞ արդյոք այս քաղաքի նման այլ քաղաք, որը զուրկ է պատահականություններից: Թվում է, թե կան տարտամությունը անէացնելու հազարավոր հնարավորություններ, բայց դրնացից ոչ մեկը այնտեղ չէ, որտեղ մենք կուզեինք, որ լինեն, երանի տրամվայն ու մետրոն էլ մեզ նույնքան հազվադեպ հուսախաբ անի, որքան կյանքն է անում:
– Արևն արդեն ծագել է,- ասաց Այվըզը,- չկան այլևս խալիֆներ, ձկնորսների սկահակները վերածվել են երաշխիքով ջերմապահների, որոնք հավաստիացնում են, որ ցանկացած ջին ձեր ջերմապահում սառը կամ տաք վիճակում կմնա քառասունութ ժամ: Կյանքը բարքերի քարացածության գերին է: Գիտությունը սպանել է Արկածը. չկա այլևս հնարավորություն զգալու այն, ինչ զգացել է Կոլումբոսը, կամ այն մարդը, որն առաջին անգամ կերել է ոստրե: Միայն մի բան է հստակ, որ ոչինչ անորոշ չէ:
– Գիտե՞ք ինչ,- ասաց Ֆորսթերը,- քաղաքի բնակիչ լինելը սահմանափակում է Արկածներ ունենալու իմ փորձը: Ես Ձեզ նման աշխարհ տեսած չեմ, բայց թվում է` մենք աշխարհին նայում ենք միևնույն տեսանկյունից: Բայց պետք է ասեմ, որ շնորհակալ եմ նույնիսկ այս պատահմունքի սահմաններում փոքր Արկածի համար: Այսօր միայն մի շնչաբեկ պահ կարող է լինել. երբ մեզ կներկայացնեն հաշիվը: Հավանաբար առանց փաստաթղթերի ու քսակի ճանապարհորդող ուխտավորները ավելի սուր զգացողություններ են ստանում կյանքից, քան կլոր սեղանի ասպետները, որոնք շրջել են ամենուրեք` իրենց շքախմբով ու Արթուր արքայի հավաստագրերը սաղավարտներում պահած:
Իսկ հիմա, եթե ավարտել եք Ձեր սուրճը, եկեք վիճարկենք, թե ով ընդունելու Բախտի հարվածը :
– Ի՞նչ է, գիր թե՞ ղուշ:
– Գիր,- ասաց Այվըզը:
– Ճիշտ եք, Գիր ,- ասաց Ֆորսթերը` ձեռքը բարձրացնելով կոպեկի վրայից,- ես պարտվեցի: Մենք մոռացանք ծրագիր մշակել, թե ինչպես է հաղթողը փախչելու: Ես առաջարկում եմ, որ երբ սպասավորը հաշիվը բերի, Դուք գնաք` ընկերոջը զանգելու պատրվակով: Ես կփորձեմ ձգձգել ժամանակը այնքան, որ Դուք հասցնեք վերցնել Ձեր գլխարկը և հեռանալ: Շնորհակալ եմ, միսթեր՛ Այվըզ, այս երեկոյի համար, հուսամ կարող ենք էլի հանդիպել:
– Եթե հիշողությունս չի դավաճանում,- ասաց Այվըզը ծիծաղելով,- մոտակա ոստիկանական բաժանմունքը Մաքդուգալ փողոցում է: Հավաստյավ ես նույնպես հիանալի երեկո ունեցա:
Ֆորսթերը մատի մի շարժումով կանչեց սպասավորին: Վիկտորը մոտեցավ սեղանին, դրեց հաշիվը պարտվողի բաժակի մոտ և գլխիկոր կանգնեց: Ֆորսթերը վերցրեց հաշիվը և մտորելով՝ սկսեց հատ-հատ գումարել թվերը: Իսկ Այվըզը հարմարավետորեն թիկնեց իր աթոռին:
– Կներեք, միսթեր՛ Այվըզ, – ասաց Ֆորսթերը,- ես կարծում էի, որ Դուք ուզում եք զանգ տալ Գրայմսին հինգշաբթի օրվա թատրոնի համար, ինչ է մոռացե՞լ եք:
– Օ՜,- վանկարկեց Այվըզը`ավելի հարմար տեղավորվելով աթոռին,- ես դա կարող եմ հետո էլ անել, սպասավո՛ր, կխնդեմ` ինձ մի բաժակ ջուր բերեք:
– Ուզում եք տեսնել` ինչպե՞ս է գորդյան հանգույցը կտրվում,- հարցրեց Ֆորսթերը:
– Հուսամ` դեմ չեք լինի, եթե ես մնամ,- ասաց Այվըզը խնդրական տոնով,- ես երբեք ականատես չեմ եղել, թե ինչպես են ջենթլմենին հասարակական վայրում ձերբակալում խաբեության համար:
– Շատ լավ, դուք կարող եք վերջին բաժակի փոխարեն տեսնել քրիստոնյայի մահը:
– Վիկտորը` սպասավորը, բերեց ջուրը և կանգնած մնաց` անողոք հարկահավաքի սառը անտարբերությամբ: Ֆորսթերը մի 15 վայրկյան երկմտեց, ապա գրպանից հանեց մատիտը և հաշվի թղթի վրա խզբզեց իր անունը, սպասավորը խոնարհվեց` վերցնելով հաշիվը գնաց:
– Բանն այն է,-խպնելով ասաց Ֆորսթերը,- ես կյանքում խաղացող չեմ, կամ էլ Արկածներ որոնող, ես պետք է Ձեզ մի բան խոստովանեմ. ես մեկ տարուց ավել է, ինչ շաբաթական երկուսից երեք անգամ ճաշում եմ այստեղ և հաշվի թղթի վրա միշտ ստորագրում եմ:- Հետո գնահատողական տոնով ավելացրեց,- դա սխրալի քայլ էր Ձեր կողմից մնալ ինձ հետ, թեև Դուք գիտեիք, որ գրպանումս մի լումա անգամ չունեմ, և որ Դուք էլ կարող էիք ներգրավված լինել այս ամենի մեջ:
– Կարծում եմ` ես էլ պիտի մի բան խոստովանեմ,- ասաց Այվըզը քմծիծաղով,- այս հյուրանոցը ինձ է պատկանում, իհարկե, ես չեմ այն կառավարում, բայց երրորդ հարկում ինձ համար միշտ պատրաստի սենյակ կա, եթե ես որոշում եմ մնալ քաղաքում:
Ապա կանչեց սպասավորին և ասաց.
– Պարոն Գիլմորը դեռ գրասենյակում է չէ՞, լավ, ասեք նրան, որ պարոն Այվըզը այստեղ է, և խնդրեք, որ պատրաստի և վերահստկի սենյակը մաքուր և օդափոխված լինելը:
– Մի Արկած ևս խափանվեց անխուսափելի ավարտով,- ասաց Ֆորսթերը,- իսկ հնարավոր է, որ գոնե մյուս համարում լինի հանելուկ, բայց եթե դեմ չեք, կկամենայի` շարունակենք մեր խոսակցությունը. ոչ միշտ է, որ հանդիպում եմ մեկին, ով հասկանում է, թե ինչն է պակաս իմ գոյում: Ես հիմա նշանված եմ, մեկ ամսից ամուսնանալու եմ:
– Կզգուշանամ որևէ մեկնաբանություն անել,- ասա Այվըզը:
– Ուզում եմ հավելեմ նաև, որ խելագարի նման սիրում եմ նրան, բայց ոչ մի կերպ չեմ կարողանում որոշել` գնալ եկեղեցի և ամուսնանալ նրա հետ, թե գաղտնի ճողոպրել դեպի Ալյասկա: Դա նույնն է ինչ մենք քննարկում էինք: Պատահականության անհնարինությունը: Բոլորն էլ լավ գիտեն ամուսնական կյանքը. ամեն առավոտ նախաճաշելուց հետո ցեյլոնյան թեյի համով համբույր ես ստանում, գնում ես գրասենյակ, ապա գալիս ես տուն` ընթրիքի համար զգեստափոխվելու, թատրոն ես գնում շաբաթը երկու անգամ, հարկե՜ր…, երեկոյան ձանձրանում ես, փորձեր ես անում խոսակցություն սկսել, երբեմն թեթև վիճաբանություն, ինչու չէ ժամանակ առ ժամանակ նաև մեծ վեճեր, ամուսնալուծություն կամ էլ հանգստություն` միջին տարիքին հատուկ գոհունակությամբ, ինչը ամենաարսափելին է:
– Գիտեմ ,- ասավ Այվըզը ` գլուխը հաստատողականորեն տմբտմբացնելով:
– Մի մահածին համոզմունք,- շարունակեց Ֆորսթերը,- ստիպում է երկբայել: Դրանից հետո էլ երբեք ոչինիչ չես գտնի մոտակա անկյունում:
– Ժամից հետո` ոչինիչ,- ասաց Այվըզը,- գիտեմ:
– Հասկացեք,- ասաց Ֆորսթերը ,- ես չեմ կասկածում այդ կնոջ հանդեպ տածածս զգացմունքներին, ավելին, ես հավատարմորեն և խորապես սիրում եմ նրան: Երակներովս հոսող արյանս մեջ կա մի բան, որ դեմ է ցանկացած հաշվարկելի բանաձևին: Ես չգիտեմ` ինչ եմ ուզում, բայց գիտեմ` ուզում եմ դա: Միգուցե հիմար թվամ, քանզի նման բաներ եմ ասում, բայց ես վստահ եմ իմ ասածների մեջ:
– Հասկանում եմ Ձեզ,- ասաց Այվըզը` թեթև ժպտալով,- լավ երևի թե լքեմ Ձեզ և բարձրանամ իմ սենյակ: Եթե մոտական օրերս ցանկանաք, ընթրենք միասին, ես միայն ուրախ կլինեմ:
– Հինգշաբթի՞,- առաջարկեց Ֆորսթերը:
– Ժամը յոթին, եթե հարմար է Ձեզ,- պատասխանեց Այվըզը:
– Պայմանավորվեցինք:
Ութն անց կես Այվըզը տաքսի վերցրեց և ուղևորվեց տասնյոթերորդ փողոց, որը գտնվում էր քաղաքի արևմտյան մասում: Քարտը նրան ներս թողեց հին ոճով կահավորված տան ընդունարան, մի տուն, որտեղ Բախտի, Հաջողության և Արկածի ոգիներն անգամ չեն հանդգնել մտնել: Պատերին կախված էին Ջեյմս Էբբոտ Մաք-Նեյլ Ուիսթլերի նատյուրմոտրները` խաղողներ, այգու բեռնատար մեքենան` ձմերուկի սերմեր սեղանին շաղ տված, այնքան բնական, որքան կյանքն է և Գրյոզի գլուխը: Սա իսկական օջախ էր, նույնիսկ արույրից պատրաստված դրոց կար` բուխարու փայտերի համար: Սեղանին դրված էր սաֆյանից պատրաստված մի ալբոմ, որի պատյանի ծայրերին օքսիդացած արծաթից պաշտպանիչներ էին: Բուխարու պատին փակցված ժամացույցը բարձր ձայնով տկտկում էր ու զգուշացնում. ժամը իննից հինգ էր պակաս: Այվըզը հետաքրքրական հայացքով նայում էր՝ հիշելով, որ մի ժամանակ իր տատն էլ ուներ նման ժամացույց, որը նախազգուշացնում էր:
Աստիճաններով ցած իջնելով` սենյակ մտավ Մերի Մարսդենը: Կասեմ միայն, որ նա քսանչորս տարեկան է, մնացածը թողնում եմ Ձեր երևակայությանը: Հավելեմ միայն, որ երիտասարդությունը, առողջությունն ու պարզությունը, խիզախությունն ու կանաչամանուշակագույն աչքերը շատ գեղեցիկ են, իսկ նա օժտված է այդ ամենով: Նա ձեռքը մեկնեց դեպի Այվըզը` հին ընկերությանը հատուկ ջերմությամբ:
– Չեք էլ պատկերացնի, թե ինչ հաճելի է Ձեզ տեսնելը, թեկուզ երեք տարին մեկ:
Նրանք զրուցեցին կես ժամ: Պետք է խոստովանեմ, որ չեմ կարող կրկնել նրանց խոսակցությունը, բայց գնացեք գրադարան, վերցրեք ցակացած սիրային գիրք և նրանց խոսակցությանը նման մի խոսակցություն կգտնեք այնտեղ: Երբ ամեն ինչ ասված էր, Մերին ասաց.
– Գտա՞ք արտասահմանում այն, ինչ ուզում էիք:
– Իսկ ի՞նչ էի ուզում,- հարցրեց Այվըզը:
– Այո, գիտեք Դուք միշտ էլ տարօրինակ եք եղել, անգամ երբ փոքր էիք, չէիք խաղում գնդակախաղ կամ բեյսբոլ կամ առհասարակ այնպիսի խաղեր, որոնք կանոններ ունեին: Դուք սիրում եք խորասուզվել ջրի մեջ, առանց իմանալու` խորությունը տասը ոտնաչափ է, թե տասը մատնաչափ: Նույնիսկ հիմա, երբ մեծացել եք, ոչինիչ չի փոխվել, դուք նույնն եք: Մենք հաճախ ենք խոսել Ձեր յուրահատկությունների մասին:
– Կարծում եմ` ես անուղղելի եմ,- ասաց Այվըզը,- ես դեմ եմ նախասահմանման ուսմունքին, երրորդության օրենքին, հարկերի գանձմանը, ձգողականությանը և նման տեսակ բաներին: Կյանքը ինձ միշտ թվացել է մաս-մաս հրատարակվող պատմություն, որը եթե տպվեր, ապա ամեն հատվածի վերևում պետք է տպվեր նաև հաջորդ մասի սեղմագրությունը: Մերին զվարթորեն ծիծաղեց:
– Բոբ Էմսը Ձեր զավեշտալի արարքներից մի բան պատմեց մեզ. հարավում էիք` գնացքում, երբ դուք գնացքից իջաք ոչ այն կայարանում, որը Ձեզ էր պետք, միայն այն պատճառով, որ վագոնավարը կախել էր ցուցանակը, որտեղ գրված էր հաջորդ կայարանը:
– Հիշում եմ,- ասաց Այվըզը,- հաջորդ կայարանը արտահայտությունը միակ բանն էր, որից փորձում էի հեռու մնալ:
– Գիտեմ,- ասաց Մերին,- ախր շատ հիմարիկն եք: Հուսամ` չեք գտել այն, ինչ չէիք ուզում գտնել և, որ չեք փորձել իջնել մի կայարանում, որը իրականում չկա, կամ էլ, որ երեք տարվա բացակայության ընթացքում չի եղել այն, ինչին դուք սպասում էիք:
– Մինչև մեկնելս կար մի բան, որն ուզում էի,- ասաց Այվըզը:
Մերին, թեթեև ժպտալով, նայում էր ուղիղ նրա աչքերի մեջ:
– Այո, կար,- ասաց նա,- Դուք ուզում էիք, որ ես Ձերը լինեմ, Դուք ինքներդ էլ շատ լավ գիտեք, որ Դուք կարող էիք հասնել դրան:
Այվըզը դանդաղ զննում էր սենյակը` առանց որևէ բան ասելու: Սենյակը նույնն էր, ինչ երեք տար առաջ. ոչինչ չէր փոխվել նրա վերջին այցելությունից հետո: Նա վառ հիշում էր, թե ինչ մտքեր է ունեցել այստեղ: Սենյակում եղած իրերը նույնքան ամուր էին դրված իրենց տեղերում, որքան հավիտենական կանգուն բլուրները: Որևէ փոփոխություն տեղի չէր ունեցել, բացի այն անխուսափելի փոփոխություններից, որոնք ի հայտ կգան ժամանակի և քայքայման հետևանքով: Այդ արծաթեպատ ալբոմը իր տեղը կգտնի սեղանի անկյունում, նկարները նույնությամբ կախված կլինեն պատերից, աթոռները նույն տեղում կմնան ամեն առավոտ և երեկո այնքան ժամանակ, որքան տան ճրագը չի մարի: Արույրից դրոցը հուշարձան է` ի պատիվ կարգ ու կանոնի և կայունության: Մեկդարյա մասունքները կենդանի հիշողություններ են և այդպես էլ կմնան: Մեկը, ով գալիս է այս տուն կամ գնում է այս տնից, չպետք է երբեք ենթադրություններ անի. նա կգտնի այն, ինչ թողել է, կթողնի այն, ինչ գտել է: Բախտը` չադրայով կինը, երբեք չի հանդգնի թակել այս տան դուռը: Նրա առջև նստած էր օրիորդ, որը այդ սենյակի մի մասն էր՝ անվրդով և անայլայլ: Նրանից չպետք է սպասել որևէ անսպասելի բան: Եթե որևէ մեկն իր ամբողջ կյանքն անցկացնի նրա հետ, և թեկուզ օրիորդի մազերը ծերութունից սպիտակեն, դեմքն էլ պատվի կնճիռներով, մեկ է, նա չի նկատի այդ փոփոխությունը: Երեք տարի Այվըզը հեռու էր նրանից, բայց, այնուամենայնիվ, Մերին սպասում էր նրան` անհողդողդ և հաստատուն, ինչպես տունը: Նա համոզված էր, որ Մերին իրեն ժամանակին սիրել է, և հենց այդ համոզմունքը, որ նրա սերն այդպես էլ կմնա, ստիպեց նրան մեկնել:
– Ես շուտով ամուսնանալու եմ ,- ասաց Մերին:
Հաջորդ հինգշաբթի ցերեկը Ֆորսթերը շտապելով եկավ Այվըզի հյուրանոց:
– Բարեկա՛մ, մենք պետք է հետաձգենք մեր ընթրիքը մեկ տարով կամ գուցե և ավել, ես մեկնում եմ, շոգենավը շարժվում է ժամը չորսին: Խոսակցությունը, որը մենք ունեցանք այն օրը, ստիպեց ինձ որոշում կայացնել: Ես որոշել եմ շրջել աշխարհով մեկ և ազատվել այն բեռից, որը դրված է թե՛ իմ ուսերին և թե՛ ձեր ուսերին. այն սարսափելի ահը՝ իմանալ, թե ինչ է պատահելու: Ես մի բան եմ արել, որը տանջում է խիղճս, բայց գիտեմ, որ դա երկուսիս համար լավագույն որոշումն էր. ես գրեցի նշանածս աղջկան և բացատրեցի ամեն ինչ, ասացի, թե ինչու եմ մեկնում և, որ ամուսնական կյանքի միալարությունը ինձ համար չէ: Ի՞նչ եք կարծում, ճի՞շտ եմ արել:
– Ես չէ, որ պետք է դատեմ,- ասաց Այվըզը,- դե գնացեք և փղեր որսացեք, եթե կարծում եք, որ դա Ձեր կյանքը կլցնի պատահականություններով: Մենք ինքերս ենք որոշում մեր ճակատագիրը: Բայց պետք է՝ Ձեզ մի բան ասեմ, Ֆորսթե՛ր, ես գտել եմ ճանապարհ, ես գտել եմ աշխարհի ամենամեծ ռիսկը, որը կամ կավարտվի եդեմում, կամ էլ դժոխքի նսեմափակ հորում: Ես գտել եմ այն, ինչը մարդուն միշտ լարված է պահում, որովհետև նա երբեք չի իմանա արդյունքը, նույնիսկ մինչև կյանքի վերջին օրը: Սա ճանափարհորդությունն է առանց ղեկի և կողմնացույցի, որտեղ Դուք պետք է լինեք և՛ կապիտան, և՛ անձնակազմ և մեն մենակ օրուգիշեր հերթապահ լինեք: Ես գտա ԱՐԿԱԾԸ: Հա, ի դեպ, կարող եք չանհանգստանալ, որ լքել եք Մերի Մարսդենին, Ֆորսթե՛ր, ես երեկ ամուսնացա նրա հետ:
[1] Խոսքը մեջբերված է Շեքսպիրի «Համլետ»-ից, երբ Պոլունիոսը հարցնում է Համլետին. «Չեք կամենում մի քիչ այդ օդից դուրս գալ»:
[2] table d’hote.- ճաշացանկի բաղկացուցիչ մաս, որտեղ ուտեստները ներկայացված են ֆիքսված գներով:
Թարգմանությունը անգլերենից՝ Էլիզա Մկրտչյանի