Արմեն Ջիգարխանյան | Բանաձևումներ

Կարդում ես Արմեն Ջիգարխանյանի «Ես միայնակ ծաղրածու եմ» գիրքը, «լսում» իր պատմությունները, և թվում է, թե քո մասին է գրում, հենց քո: Բայց այդպես, իհարկե, միայն թվում է: Ինքն, անշուշտ, իր մասին է խոսում, իրեն է նկարում: Եվ քանի որ դա շատ գեղեցիկ ու ճշգրիտ է անում, քեզ թվում է, թե գիրքը հենց քո մասին է, քո տեսակի մասին: Եվ, ուրեմն, սիրում ես իր գիրքը, իր տաղանդը, իրեն: Ինքը դառնում ես դու: Ինչ-որ չափով, իհարկե: Իր իսկ բառերով ասած. «Եվ ես նրա հետ ապրում եմ իր կյանքը»:
Թատերագետ Վիկտոր Դուբրովսկու հետ երկխոսությունների ձևով գրված այս գիրքը թարգմանեցի ստեղծագործական բավարավածության զգացումով, մի շնչով, ասես իմ սեփական գիրքն էի գրում (ափսոս, արդեն քանի տարի լույս չի տեսել):
Մինչև իր գիրքը թարգմանելը գիտեի, որ տաղանդավոր դերասան է, գիրքը թարգմանելուց և իր հետ անձնապես ծանոթանալուց հետո հասկացա նաև, որ ուղղակի իմաստուն մարդ է, փիլիսոփա. փիլիսոփան է աֆորիզմներով խոսում:
Հովհաննես Այվազյան

*
Դերասան եմ դարձել ոչ պատահաբար, բայց հանկարծ:

*
Ես երջանիկ եմ, որ ունեմ այս մասնագիտությունը:

*
Համարում եմ, որ որպես կինոյի դերասան ես կայացել եմ իմ… առաջին հայկական նկարներում, ճիշտ այնպես, ինչպես որպես թատերական դերասան ես ձևավորվել եմ երևանյան թատրոնի բեմում:

*
Երբ ես գտնվում եմ բեմում, ինքս ինձ զգում եմ միայնակ ծաղրածու:

*
Թատրոնը նախ և առաջ խորը, հասուն, կրքոտ միտք է:

*
Ես էլ եմ հանդիսատես լինում: Ես հավատում եմ: Ինձ համոզում են, հիպնոսացնում…, և ես լաց եմ լինում, ես ծիծաղում եմ, ես հավատում եմ: Չնայած հրաշալի գիտեմ, որ դա դերասան Իվանովն է: Ամեն ինչ գիտեմ: Բայց այսօր նա ինձ ներքաշում է իր կյանքի մեջ: Եվ ես նրա հետ ապրում եմ իր կյանքը:

*
Ինձ համար յուրաքանչյուր բեմել ինքնաբավարարում է:

*
Այդ ֆիլմերը…, որոնք իրենց վրա ուշադրություն չհրավիրեցին ծնվելիս, իսկ հիմա մոռացվել են ընդհանրապես, ավելի շուտ ուժերի փորձարկում էին, կինոնկարահանումների յուրահատուկ պայմանների յուրացման նախապատրաստություն: Իմ կինոառաջնելույթը համարում եմ «Բարև, ես եմ» ֆիլմը:

*
Ինչ-որ մեկը հանճարեղ խոսք է ասել. «Աշխարհն առաջ է շարժում ոչ թե սերը, այլ անհրաժեշտությունը»: Ահա, ուրեմն, ինձ համար ցանկացած բնավորություն խաղալը հենց այդ անհրաժեշտությունն է: Պիեսում, սցենարում, դերում ես նախ և առաջ փնտրում եմ բնավորության խորությունը, մարդկայնությունը, այնուհետև արդեն մասնագիտությունը և տվյալ բնավորության այլևայլ արտահայտությունները:

*
Արվեստում մարդու ներաշխարհի ճշմարտությունը միշտ ավելի կարևոր է եղել մասնագիտական հատկանիշների ճշմարտությունից:

*
Մասնագիտությունը խաղալ հնարավոր չէ: Դերասանի առջև չի կարող ծառացած լինել ֆիզիկոս, բժիշկ կամ փիլիսոփա խաղալու խնդիրը:

*
Թատրոնն, իմ կարծիքով, լավագույն արվեստն է զրուցելու համար: Լինում են թատրոն- զրուցակիցներ, բարոյականություն քարոզող թատրոններ, բայց այս է, թե այն, թատրոնը մեր շփումն է:

*
Դերասանը հավերժական երկխոսություն է վարում հանդիսատեսի հետ:

*
Հանդիսատեսին չի կարելի վերաբերվել որպես աշակերտի, բեմահարթակի բարձրից խրատել նրան:

*
Եթե նույնիսկ շատ կուշտ հանդիսատես է եկել՝ իր լավագույն կոստյումը հագած, նա, միևնույն է, գալիս է իր ցավով, ցավն այդ ապրում է նրա մեջ: Այդ ցավն էլ դահլիճ է ստեղծում:

*
Դերասանի մասնագիտության յուրահատկություններից մեկն, ըստ երևույթին, այն է, որ նա միշտ խոսում է անմիջականորեն: Գրողը խոսում է իր գրքերով, գեղանկարիչը՝ կտավներով, իսկ դերասանը խոսում է բառիս բուն իմաստով, զրույց է վարում հանդիսատեսի հետ:

*
Մեր մասնագիտության մեջ… կարևորը քո ներսում դուր գալու ցանկությունը հաղթահարելն է, ինչն, երևի, մինչև վերջ անհնար է, որովհետև ներդրված է մարդու բնության մեջ:

*
Յուրաքանչյուր դերասան պետք է մի քիչ հիպնոսող լինի:

*
Դերասանի և հանդիսատեսի հարաբերությունները բարդ են, բեմադրության և հանդիսատեսի հարաբերությունները՝ առավել բարդ:

*
Վարպետությունը ընտրության խստությունն է, կամավոր ինքնասահմանափակումը, միայն այն է պետք, ինչն անհրաժեշտ է:

*
Շախմատում ամենաբարդ կոմբինացիան սկսվում է զինվորի հասարակ քայլով: Դա շատ կարևոր է նաև մեր գործում, հատկապես, երբ հանդիպում ես մեծ թատերգության:

*
Ասում են, թե անձնական շահերն անտեսելն հերոսություն է: Բայց անձնական շահերն անտեսելը, երբ դու դրա հետևանքով տառապում ես, հերոսություն չէ, այլ զոհաբերություն:

*
Ինձ համար կարևոր է ոչ այնքան գործող անձի բնավորությունը, որքան ինձ հետաքրքրող թեման:

*
Ես հարգում եմ այն երիտասարդ դերասաններին, ովքեր արվեստում ոչ թե Օլիմպոսի, մեծ փառքի մասին երազանքներով են իրենց ուղին սկսում, այլ ամենից առաջ խորանում են արհեստի մեջ:

*
Դերասանի մասնագիտությունը զարմանալիորեն ճկուն է, ամբողջությամբ կառուցված է նրբերանգներից, շրշյուններից, և ոչ մի տեքստի ետևում չես թաքցնի քո մարդկային, գրեթե կենսաբանականի հասնող էությունը:

*
Գտնում եմ, որ մարդուն մղողն առաջին հերթին կենսաբանական պահանջմունքները բավարարելու անհրաժեշտությունն է: Դա ամենևին չի բացառում ոչ իդեալները, ոչ էլ ոգեղենությունը:

*
Իսկական արվեստն, իմ կարծիքով, միշտ նախազգուշացում է:

*
Պետք չէ ատել հողեղենը քո մեջ: Այն փրկում է և օգնում ճգնաժամային պահերին: Ոգու ոլորտում շատ բան պատահական է, անցողիկ: Շատ է ձևապաշտությունը:

*
Յուրաքանչյուր ներկայացման մեջ անհրաժեշտ է ամեն ինչ անել այնպես, ասես առաջին անգամը լինի: Բայց ամենադժվարը գործուն-կենդանի լինելն է, իսկապես կենդանի: Այսինքն՝ ասես հիմա, այս րոպեին գտնվել դահլիճում, բայց միաժամանակ նաև՝ խաղարկվող իրադրությունում: Պետք է այնքան կենդանի լինել, որ հանդիսատեսը նույնպես մտնի այդ իրադրության մեջ, որպեսզի նա ևս իրական ապրումակցություն ունենա: Ահա սա է ամենաաներևակայականը մեր մասնագիտության մեջ:

*
…Իմպրովիզացիան չի ենթադրում անպարկեշտության հասնող չափից ավելի համարձակություն՝ իբր ես կարող եմ ամեն ինչ, այն ևս պահանջում է ընտրություն, չափի զգացում, դերասանական իր խնդրի խորը գիտակցում:

*
Երբ ինձ հարցնում են, թե ինչպես եմ աշխատում կերպար ստեղծելիս, դժվարանում եմ պատասխանել: Ստեղծագործական ընթացքը ոչ բոլորն են կարողանում վերլուծել: Ստեղծագործելիս շատ բան տեղի է ունենում չգիտակցված, ինտուիտիվ կերպով: Համենայն դեպս, չէի կարողանալու բացատրել, թե ինչու է իմ հերոսը հենց այսպիսին և ոչ թե այլ կերպ է ծիծաղում, խոսում, քայլում:

*
Դերասանը կարո՞ղ է, արդյոք, զգալ իր լիարժեք միաձուլումը իր հերոսի հետ, ամբողջությամբ մտնել կերպարի մեջ: Անկեղծ ասած, իմ կարծիքով, դրան հասնել գրեթե հնարավոր չէ: Ըստ իս, նման միաձուլումն ընդհանրապես վեր է դերասանի ուժերից: Առաջին՝ այնուամենայնիվ, միշտ գործում է ինքնավերահսկողությունը: Երկրորդ՝ մնում է սեփական անհատականությունը, սեփական «ես»-ը. որից բաժանվելն այնք ան էի հեշտ չէ: Այստեղ խաչվում են կերպարի և դերասանի «ես»-երի ուղիները:Սկզբում հարկ է լինում կերպարն ստեղծել երևակայության մեջ, այնուհետև արդեն, այսպես ասած, մարմին տալ նրան, բայց պարտադիր ինքնավերահսկողությամբ:

*
…Երբ իդեալները հանկարծ փլուզվում են, օգնության է հասնում մեր էության կենդանական կողմը:

*
…Ռեժիսորի և դերասանի փոխհարաբերությունները ինչ-որ չափով նման են ամուսնական փոխհարաբերությունների, շատ ինտիմ բաներ են պարունակում՝ կողմնակի աչքի համար անտեսանելի:

*
Դրամատուրգիան իմ ըմբռնմամբ մարդկային փոխհարաբերությունների անընդգրկելի ոլորտի հետազոտություն է արվեստի միջոցներով:

*
Չեմ կարող անվանել սիրած կամ չսիրած դերերս, բոլորն եմ սիրում, իսկ չհաջողվածները՝ նույնիսկ առավել: Ասում են, չէ՞, որ մայրը բոլորից շատ սիրում է իր արատ ունեցող երեխային: Այդպես էլ՝ ես: Երբեմն ամաչում եմ մարդկանց խոստովանել, որ դա ես եմ խաղացել, բայց, միևնույն է, այնտեղ իմ սրտի մասնիկն է:

*
Դեռ հին մարդիկ էին ասում, որ մարդը մի ամբողջ աշխարհ է: Մենք կարող ենք ասել՝ մարդը տիեզերք է: Եվ արվեստագետի խնդիրն է տեսնել այդ աշխարհը, այդ տիեզերքը և ակնհայտ դարձնել ուրիշ մարդկանց համար:

*
Թատրոնը գլխավորն է իմ կյանքում… Թատրոնն իմ մասնագիտությունն է, իմ հոբբին է, իմ կյանքն է:

*
Դերասանը պետք է մեռնի իր մահվան հետ:


Թարգմանությունը ռուսերենից՝ Հովհաննես Այվազյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *