Արմեն Սարգսյան | Տիկնիկավարը

***
Երազանքը հեռու մի տեղ է,
ուր փողոցներում գեղանկարներ են վաճառում,
ու հերթ կանգնում Սանտա Մարիա դել Ֆիորեի համար,
ուր գրականությունը կախված է քաղաքի պատերից,
և շրջանաձև պտտվում է կարուսելի ձիերին թամբած…

 

***
Թույլ տվեք ինձ վերջին վանկը արտաբերել խաղաղ.
այն իսկապես խանգարում է ինձ։
Բառերը սպասվածի սկիզբն են։
Պասիվ մտքերը ազատագրում են հրապարակները։
Տառերն անկախ են տողերի հեռավորությունից ներս։
Նրանք հիշողություն չունեն։
Ոչ մի դարաշրջանում չհանգստացած բառերը…
Վիլին ասում էր,
որ կարևորը դրանք տեղին օգտագործելն է։

 

***
Աստվածները մեզ վերածել են ձավարահատիկների,
և մենք պարում ենք մեր ստվերների համար,
որ հանդիպակաց պատին են տեղավորվել։
Մենք պարող բանաստեղծներ ենք
ու բառերում կարող ենք խեղդել ամեն ինչ,
նույնիսկ աշխարհի բոլոր ձավարահատիկները,
որ ունեն հիշողություն։

 

***
Ամեն առավոտ աշխատանքի գնալիս
նարինջներ եմ գնում՝ մտածելով,
որ ինչ-որ ժամանակ Ֆրեզնոյում
Վիլին ավելի հեշտ կվաճառեր դրանք:

 

***
Մենք երկու բառ ենք
նույն գրքի տարբեր էջերին,
իմ ու քո միջև
մի մատնահետք տարածություն է,
մեզ արդեն տպագրել են,
և ոչինչ փոխել հնարավոր չէ։

 

***
Ես ջութակի լարեր եմ վերանորոգում,
և շատ զոհեր են ընկնում իմ առջև,
ես նրանց սովորեցնում եմ
ուրախություն և հոգատարություն։
Տողերս կապել եմ լուսանցքներին,
և մի տիկնիկ պարում է լարերի վրա
ամենասովորական աղմուկով։

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *