Արմեն Շեկոյան | Բանաստեղծություններ*

Լուսանկարը՝ Սամվել Սևադայի

ՀԱՅՐԵՆԻՔ

Երկինք,
դու փոքր ես ու կլոր,
քո շրջագծով պտտվում է արեւը
եւ ամեն օր դիմավորում է
ինքն իրեն:
Աչքեր,
դուք առաջին իսկ օրից ապրեցիք պայքարի մեջ,
մի կողմ նետեցիք թարթիչները տառապանքի
եւ մնացիք ձեր անցյալի հետ մենակ:
Ջուր,
դու միշտ հոսեցիր կարկաչելով,
դու ոչ մի անգամ հանգիստ չունեցար
եւ ծովերին նետեցիր
ժպիտը քո ոսկյա:
Հող,
դու մինչեւ վերջ կրեցիր
քո ամենահին անունը
եւ ամենադժվար ժամերը կիսեցիր նրա հետ:
Այգի,
քո թռչունները ձմռան օրերին
հաշվում են րոպեները տաք երկրներում՝
մինչեւ գարուն:
Այգի, երկինք, ջուր, հող, աչքեր…
ահա քո համառոտ դեմքը…
Իսկ ես
ինձ համար հատուկ դեմք չեմ փնտրի,
ես կժառանգեմ քո աչքերը
եւ կճշտեմ դիմագծերը նախապապիս:

 

 

ՆՐԱՆՔ ՆՄԱՆ ԷԻՆ ՔԵԶ

Ուշացած երգերից մեկը
Մենք արթնացանք մի օր,
երբ սարսափը հրաժեշտ էր տվել
թախծոտ հայացքներին,
եւ աղոթքը ձուլվել էր հողին.
մեզ միանգամից նկատեցին բոլորը
եւ չհավատացին իրենց աչքերին:
Մենք արթնացանք մի օր,
երբ բառերը չէին տեղավորվում
հագուստների մեջ
եւ մեզ անվանեցին «երջանիկ սերունդ»,
մինչդեռ նույն իրավունքով
կարող էին անվանել «ուշացած»
Մենք արթնացանք մի օր,
եւ մեր աչքերում չկար գնդացրի սարսափ,
մեր աչքերում չկային սարսափած գնդացիրներ,–
ահա արահետը ռազմաճակատ տանող,
ահա արահետը մոլորված,
որ չբերեց տուն:
զինվոր իմ ուշացած,
դու դեռ կարող ես լսել սրտիդ ձայնը.–
ահա արահետը ճերմակած,
ահա քարերդ հայրենի, որ քեզ չդարձան շիրմաքար,
ահա քարերին գամված ծերունիներ,
որ փորագրում են անունը քո։

 

2. Զոհված զինվորի երգը

Երկիր իմ,
հիմա ես ապրում եմ քո առաջին շերտում,
ձուլվել եմ արմատներիդ
եւ աչքերիս մեջ պահում եմ երազանքը հողի.
նա այնպես է ուզում սպիները հարթել:
Քամի,
վերցրու քարերի վրայից իմ միակ անունը
եւ տուր ինձ.
մենք մինչեւ վերջ եղանք միասին
եւ երբեք չդավաճանեցինք իրար:
Դաշտեր իմ ցնորված,
դուք, որ ուղեկցեցիք ինձ մինչեւ վերջ,–
ահա, ձեզ եմ հղում իմ երգը միակ.
տխուր՝ որպես գիշերային քամի,
ուրախ՝ որպես առավոտը վաղվա։

*Բանաստեղծությունները տպագրված են «Գարուն» ամսագրի 1977 թվականի 8-րդ համարում՝ հետևյալ ծանուցմամբ․
Մեծ Հոկտեմբերի 60-ամյակին էր նվիրված Գրողների տան եւ «Գարուն» ամսագրի համատեղ միջոցառումը՝ «ՔԱՂԱՔԻՑԿԱՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅ ԵՐԵԿՈՆ»: Երեկոյին մասնակցած երիտասարդ բանաստեղծների լավագույն ստեղծագործ ությունները կտպագրվեն ամսագրի այս եւ հետեւյալ համարներում:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *