Չորրորդ դասարանի ավարտին իմ կյանքում ամեն բան այնքան էլ հարթ չէր։ Գիշերները դեռ թրջում էի տակս։ Ընթերցանության և թվաբանության քննություններին պարզվեց, որ մեր դասարանի ամենահետնապահ աշակերտն եմ․ կարդում եմ տառ-տառ, իսկ բազմապատկման աղյուսակը ընդհանրապես չգիտեմ։ Երևի նույն վիճակում էին ինձնից մեծ երկու քույրերս, իսկ փոքրը դեռ դպրոց չէր գնում։ Մայրիկը սպասում էր նոր երեխայի լույս աշխարհ գալուն, հայրիկը․․․ դե, իրականում, ոչ ոք չգիտեր, թե որտեղ է լինում հայրիկը ցերեկները, երբեմն էլ տուն էր գալիս կեսգիշերին։
— Էդքան էրեխա շարելու փոխարեն մերդ թող քեզ գումարում-հանում սովորեցնի,— ասաց մեր դասարանի Անիի մայրիկը, երբ գնացել էի, որ նրան խաղալու կանչեմ։
— Կամ էլ տան գոզահոտը վերացնի,— ավելացրեց Անիի հորաքույրը։
Իրավունք ունեին․ Անին հինգին գումարածներով էր փակել քառորդը, իսկ նրանց տնից միշտ գալիս էր ժավելի ու լվացքի փոշու հոտ։
Մայիսի վերջն էր։ Ծառերի ծաղիկները թափվել էին։ Արդեն պտուղներ էին երևում ճյուղերին։ Ցոգոլի ժամանակը սիրում եմ․ շատ սոված ժամանակ հնարավոր է լինում դրանով փակել ախորժակս։ Իսկ ես անընդհատ ուտել էի ուզում։ Տանն էլ միայն հաց էր ու մածուն։ Կամ հաց ու տոմատ։
Անին չեկավ խաղալու։ Եկա տուն։ Մայրիկը հեռախոսով ինչ-որ մեկի հետ էր խոսում․
— Գոնե մենակ Մարիային․․․ Ամառային արձակուրդին։ Հա։ Հա։ Լավ։ Սամոյին կասեմ՝ կբերի։ Գործի կդնես։ Կօգնի քեզ։ Մի քիչ շատ է ուտում, բայց կասեմ՝ զսպի իրեն։ Լավ, Մերի ջան։
Հաջորդ օրը ինձ նստեցրին հայրիկի ավտոմեքենան։ Պատուհանից նայում էի երկնքին, հոսանքի լարերին, երբեմն ծառերի ճյուղեր էին երևում։
Ճանապարհին մի կին նստեց պապայի կողքին։ Ես հետևի նստարանից տեսնում էի միայն նրա կարմիր զանգուլակ ականջօղերը։ Թարս-թարս նայեց իմ կողմն ու ասաց․
— Է՞ս որերորդն ա։
— Աստծու տված ա,— ասաց հայրիկը, որովհետև չգիտեր՝ ուրիշ ինչ ասեր։
— Ճիշտ են ասում էլի, որ հարուստի խելքն ա աշխատում, աղքատի՝ բանը։
— Վերջինը տղա ա։
— Ի՞նչ գիտես։ Կամ ինչ տարբերություն։ Ուտող բերան չի՞։
Հայրիկը չպատասխանեց։
— Բա չես վախենո՞ւմ,— հայելու միջից ինձ ցույց տվեց կարմիր զանգուլակներով կինը։
— Արխային․ սա մարդու բան ասող չի։ Բերանը լեզու չկա։
— Քեզ ա թվում։ Մարմանդ գետերն ավելի վտանգավոր են,— ասաց հայրիկի հետի կինը։
Ճանապարհին ինչ-որ տեղ հայրիկը իջեցրեց նրան։
— Շատ չուշանա՛ս,— ասաց կարմիր զանգուլակներով կինը ու դուռը այնպես ուժգին փակեց, որ հայրիկի «06»-ը թափ եկավ։
Ես պատուհանից նայում էի երկնքին, հոսանքալարերին և մեջ-մեջ երևացող ճյուղերին։
Հայրիկը երևի մտածում էր կարմիր զանգուլակներով կնոջ մասին։
Երբ ավտոմեքենան կանգնեց մի մաքուր բակի դիմաց, մի կին բացեց մեքենայի դուռը։
— Վայ, ինչքա՜ն անուշիկ ես դու, ինչքա՜ն նիհար,— ասաց ու ինձ իր կողմը քաշեց։
Մորաքույր Մերին ինքն էր։
Նա մայրիկին մի քիչ էր նման։ Մայրիկից ավելի բոյով էր, մազերն ավելի փայլուն էին, ատամները՝ ավելի սպիտակ։ Եվ միշտ ժպտում էր։ Մայրիկն ավելի թուխ էր, նեղ դեմքով, հոնքերը՝ մոտիկ-մոտիկ։
Նա մեզ տարավ տուն։ Սեղանին ծաղկամանով մեխակներ կային։ Հայրիկի հետի կնոջ զանգուլակների նման՝ կարմիր-կարմիր։ Նա ծաղկամանը վերցրեց, սպիտակ-փրփուր սփռոց փռեց սեղանին ու շարեց լոլիկ, վարունգ, պանիր, հաց ու տապակած հավ։ Հավը միանգամից կուլ կտայի, բայց հիշեցի, որ մայրիկը հեռախոսով խոստացել էր, որ զուսպ եմ լինելու։
Հայրիկը ծխում էր ու մոխիրը լցնում հենց ափսեի մեջ։ Ես ամաչեցի։ Մորաքույրը նրան մոխրաման տվեց։
— Ինչ կա-չկա,— հարցրեց մորաքույրը ու հավի բուդը դրեց ափսեիս մեջ։
— Բան չէ,— ասաց հայրիկը՝ առանց նրա կողմը նայելու;
— Էրեխեքը, քույրս լավ ե՞ն;
— Նրանց ինչ ա եղել, որ ․․․,— բերանը ճպպացրեց հայրիկը ու ծխախոտի մոխիրը նորից թափ տվեց ափսեի մեջ։
Հայրիկը վեր կացավ։
— Քեզ խելոք կպահես,— իմ կողմը նայելով՝ ասաց նա։
— Մի կտոր բան ուտեիր,— ասաց մորաքույրը։
— Չէ, վռազ եմ․ մարդ պիտի տենամ։
Ես ուզում էի, որ հայրիկը շուտ գնար։ Որ մնայի մենակ, ու իմը լինեին սեղանի ճոխ ուտելիքները, Մերի մորաքույրը, հոտավետ մեխակները․․․
Երբ ավտոմեքենան հեռացավ մեր տեսադաշտից, ես բռնեցի մորաքրոջ ձեռքը ու ասացի․
— Մերի մորաքույր․ ես ուզում եմ քեզ մի գաղտնիք ասել։
Ու պատմեցի կարմիր զանգուլակներով կնոջ մասին։ Մորաքույր Մերին գրկեց գլուխս ու տխուր ասաց՝ ծը՛, ծը՛, ծը՛․․․
Հետո ասաց․
— Վա՜յ, իրերդ մնացին մեքենայի մեջ։ Լավ, ոչինչ, նորերը կգնենք։
Գնացինք մոտակա խանութ։ Մորաքույրն առավ մանկական օճառ, ատամի խոզանակ, լողանալու սպունգ, սպիտակ ներքնաշորեր։
Լոգարանը լիքը տաք ջուր լցրեց, փրփրացրեց, լողացրեց ինձ՝ մի տասն անգամ լվանալով-պարզաջրելով մազերս։
Հետո մաքուր սրբիչով փաթաթեց, նստեցրեց իր կողքին։ Կարի մեքենան բացեց ու իր փոքրացած ամառային դերյաների մի կույտ լցրեց կողքը։ Ես նայում էի, թե ինչպես են մորաքրոջ կախարդական ոտնակի ու անիվի համաչափ չխկչխկոցից ինձ համար սիրուն շորիկներ դուրս գալիս՝ կարմիր պուտպուտիկներով, դեղին արևածաղիկներով․․․ Ավելացրած կտորտանքներից կարեց գլխազարդեր, մազակալներ։
Ո՜նց կարող էին մայրիկն ու մորաքույր Մերին հարազատ եղբայրների աղջիկներ լինել։
Եկավ մորաքրոջ ամուսինը։ Նա ուղղակի ձեռքը քսեց գլխիս։
Հաց կերան, խոսեցին։ Երկու բաժակ թեյ լցրեց մորաքույր Մերին։
— Քեզ թե՞յ, թե՞ տաք կաթ։
— Քնից առաջ մայրիկն արգելել է ինձ ինչ-որ բան խմել։
— Լավ,— ասաց մորաքույրը։ Մայրիկին պետք է լսել։
Ինձ տարավ սենյակ։ Սպիտակ-փրփուր անկողին էր սպասում, այնպիսի գիշերանոց, որ հեռուստացույցի աղջիկներն էին հագնում։
Մորաքույր Մերին ինձ պառկեցրեց, լույսն անջատեց ու գնաց։
Ես ինձ փերի էի զգում։
Առավոտյան նորից ամաչելու առիթ ունեի։ Մորաքույրը գլուխը տարուբերեց միայն։ Հետո միասին լվացինք ու կախեցինք սպիտակեղենը, մինչև երեկո հասցրեց չորանալ։ Երեկոյան, երբ ամուսնուն թեյ տարավ, եկավ իմ սենյակը՝ մի մեծ կլոր ամանով։
— Երեկ դու ինձ մի գաղտնիք վստահեցիր,— ասաց իմ սիրուն մորաքույրը ժպտալով,— այսօր էլ ես քեզ մի գաղտնիք կասեմ։ Տեսնում ե՞ս՝ ինչքան սպիտակ ու փափուկ մաշկ ունեմ․ դա նրանից է, որ քո տարիքում ամեն գիշեր սրանից եմ կերել։
Ու մի գդալ դրեց բերանս։ Ընկույզով մեղր էր։ Երևի աշխարհում դրանից ավելի համեղ բան չկա։
Երկու շաբաթ անց արթնացա չոր անկողնում։ Մորաքույրը գոհ էր, ես՝ երջանիկ։
Էդ օրվանից էլ մեղրով ընկույզ չտվեց։
Ամուսինը ուշ էր գալիս տուն։ Ինչ-որ տեղ էր աշխատում։ Ուրախ էի, որ մորաքրոջ հետ ամբողջ օրը տանն էի։ Նա ինձ սովորեցնում էր կարել պոկված կոճակը, կարտոֆիլ մաքրել, ճաշի համար կտրատել բանջարեղենը և կանաչիները, ավլել բակը, ջրել ծաղիկները, պեչենիներ թխել, գիծը գծին համաչափ ծալել սպիտակեղենը, իսկ ներքնաշորերը արդուկել ներսից և դրսից։ Եվ ամեն անգամ գովում էր, որ արագ եմ սովորում։ Իսկ երբ խանութ կամ զբոսանքի էինք գնում, ամբողջ ճանապարհին հարցնում էր՝ յոթ անգամ ութ, վեց անգամ ինը, քսանյոթը բաժանած իննի։
Եվ ամեն օր ավելի շատ էին ճիշտ պատասխաններս։
Հետո ինձ տարավ գրադարան։ Գրադարանի կինը սիրուն մատներ ուներ։ Քառակուսի փոքրիկ գրքույկի վրա լրացրեց անուն-ազգանունս և ձեռքս տվեց նկարազարդ մի գիրք։ Մի կերպ կարդացի․ Մարկ Տվեն ․Աղքատը և արքայազնը։ Ես այնքան էլ գոհ չէի, քանի որ տառ առ տառ հազիվ էի կարդում, բայց մորաքույր Մերին ասաց՝ չվախենաս․ միասին կկարդանք։
Եվ ամեն օր մի քանի էջ կարդում էինք։ Երկուսս էլ աշխատում էինք շուտ վերջացնել գործերը, որ տեսնեինք՝ ուր է հասնում աղքատ տղայի ու թագավորի որդու պատմությունը։
Սկզբում դժվար էր առաջ գնում։ Մորաքույրը հանձնարարեց բարձրաձայն կարդալ։ Վանկերով։ Ասաց՝ վանկը մտքում աչքերով կարդա՛, բարձրաձայն ասա՛։ Ցուցամատդ՝ բառի վրա։ Մի քանի էջ կարդալուց հետո արդեն ցուցամատի կարիք չեղավ։
Մի շաբաթ հետո գիրքը հանձնեցինք գրադարանին և նորը գրվեցինք։
Շաբաթ-կիրակի օրերը չէի սիրում։ Մորաքրոջ ամուսինը տանն էր։ Կամ իրենք էին հյուր գնում, կամ հյուր էին ընդունում։ Այդ օրերին ո՛չ գիրք էինք կարդում, ո՛չ աղյուսակը կրկնում, ո՛չ էլ միասին զբոսնում։
Մեկ ամիսն էնքան արագ ու թեթև անցավ։ Ես ոչ մի անգամ մեր տունը, իմ մայրիկին ու քույրերիս չմտաբերեցի։ Կարծես էս տանը ծնված լինեի։
Ինչքա՜ն կուզեի մորաքրոջը «մամա» ասել։
Մի առավոտ մտա բաղնիք, տեսնեմ՝ մորաքույրը իր սպիակեղենն է լվանում ու լաց լինում։ Ամուսինը տխուր ծխում էր ու մոխիրը լցնում մոխրամանի մեջ։
Հետո լսեցի, որ մորաքույր Մերին իր մայրիկի հետ հեռախոսով խոսում է․
— Էս անգամ էլ չստացվեց։ Ախր բժիշկն ասել էր՝ ուրիշ երեխա պահիր՝ կհղիանաս։ Ամբողջ սերս ու ուշադրությունս տվել էի էդ էրեխուն․․․ Էնքան էլ անուշիկ է․․․
Ամիս-ամիսուկես անց ես լրիվ ուրիշ աղջիկ էի։ Թշիկներս լցվել էին, մազերս փայլուն ու մաքուր էին, տակս էլ չէի թացացնում, արդեն սահուն կարդում էի ու գիտեի բազմապատկման աղյուսակը։ Սիրուն շրիկներ ունեի, անձնական սրբիչ, լի՜քը մազակալներ։
Միակ վատն այն էր, որ շուտով ավարտվելու էին ամառային արձակուրդները, ու ես պիտի տուն վերադառնայի։
Մի օր էլ մորաքույր Մերին արթնացավ շատ թույլ։ Անընդհատ հետ էր տալիս ու ասում էր՝ գլխապտույտ ունի։ Ամուսինը՝ պարոն Վանիկը, ուրախ էր երևում։ Էդ օրը առաջին անգամ նա ինձ տարավ զբոսայգի։ Պաղպաղակ առավ, քաղցր բամբակ, ո՛ր կարուսելը ուզեցի՝ նստեցրեց։
Հետո տոնավաճառ գնացինք։ Կոշիկ առավ, դպոցական շորեր, ժապավեններ, պայուսակ, տետրեր, գրիչներ։
Վաճառողուհին մատը խփեց քթիս ու ասաց․
— Ինչքա՜ն լավ պապա ունես։ Բախտդ բերել է։
Երբ եկանք տուն, մորաքույր Մերին մի քիչ լավ էր։
— Դու մի՛ արի, մնա տանը, հանգստացիր։ Ես էրեխուն կտանեմ։
Ինձ մեր տուն պիտի տանեին։ Մորաքույր Մերին մեկ լացում էր, մեկ ծիծաղում, ինձ էր պաչպչում, չէր ուզում բաժանվել։
Իրերս տեղավորեց մի մեծ արկղում։ Ահագին ունեցվածք ունեի։ Կարուսելներից առևտրից, երկար ճանապարհից հոգնած՝ քնեցի հետևի նստարանին։ Քույրերս բացեցին մեքենայի դուռը և հետ քաշվեցին։
Ես առաջին անգամ նկատեցի, թե ինչքան անփայլ ու խամրած էին նրանց մազերը, ինչքան վատ հոտ էր գալիս մեր տնից, ինչքան հոգնած ու նյարդային էր մայրիկս ու ինչքան բարի աչքեր ուներ պարոն Վանիկը, երբ ինձ էր նայում էդ խառնաշփոթի մեջ։