Երբեք չեմ մոռանա, պա՛պ, էն հանգիստ երեկոն, երբ Ավագն ասաց․
—Մնաց՝ տոմսերն առնենք։
Գնալու մասին, ինչ խոսք, գիտեի, Ավագի գործնական քայլերը՝ նույնպես, բայց ինքս ինձնից ու քեզնից անընդհատ թաքցնում էի։ Հետաձգում գնալու մասին մտածելը։
Էդ իրիկուն , պապ,Աշոտը ռուսերենի անգիրն էր սովորում, ինչպես միշտ ՝ դժվարությամբ։ Միշտ գանգատվում էի քեզ մոտ, որ բոլոր առարկաներից իններ ու տասներ է ստանում, միայն ռուսերենի հետ չունի։ Ու դու ամեն անգամ արդարացնում էիր՝ ասելով․
—Քեզ ա քաշել։
Ավագն էնքան հանգիստ ասաց՝ մնաց տոմսերն առնենք, ոնց որ ասելիս լիներ՝ հեռուստացույցի վահանակն ինձ տուր, կամ ձյունն էլի սկսվեց։ Իմ սիրտը խոցեց Ավագի հանդարտությունը, քոնը՝ մեր գնալը իրական ու մոտ տեսնելու վախը։ Էդ երեկո նորից կորցրի մայրիկին, ու թվաց՝ քեզ էլ եմ կորցնում։ Դու նորից իմ արարքն իմ աչքում արդարացրիր, պա՛պ․
—Տղա երեխա ունեք․․․
Պապա, արդեն երկու տարի է՝ էս երկրի ցրտին չեմ հարմարվում։ Պետերբուրգյան ցրտերի ցուրտը լցվում է ոսկորներս, ու սառչում է ամեն ինչ՝ դուրսս ու ներսս։ Ոտքով մի երկու կիլոմետր քայլում եմ, որպեսզի հասնեմ հայկական խանութ՝ խունկ գնելու։ Հա՛, պապա՛, չեմ մոռացել մամայի մահվան տարելիցը։
Գիտե՞ս՝ ում տեսա։ Դասընկերուհուս՝ Քրիստինեին։ Հա՛,հա՛։ Էն թմբլիկ, սևուկ-մևուկ, չսովորող աղջկան։ Ի՜նչ էր դարձել։ Ինձ տեսնելն ու իր տուն հրավիրելը մեկ եղավ։ Գնացի, հետո հասկացա՝ ինչու հրավիրեց։ Պատերը՝ ոսկի, տունը՝ ոսկի։ Ամուսինն իրավաբան է։ Ադվակա՜տ։ Ինքը՝ հայկական խանութի տնօրեն։ Ավագն ու Աշոտն էլ եկան։ Բոլորը ռուսերեն էին խոսում։ Բոլորը։ Ավագն հետս անգամ ռուսերեն էր խոսում։ Ամաչում էինք մեր մայրենիից։
Պետերբուրգ տեղափոխվելուց հետո Ավագի հետ մի կարգին զրուցած չկամ։ Հայաստանում էլ մի բան չէինք, էստեղ լրիվ համրացել ենք։ Ի՞նչ խոսեմ, ինչի՞ց խոսենք։ Գիտի՝ ուշքս ու միտքս Հայաստանում է՝ քեզ մոտ։ Երևի մեղք եմ անում հոգուս, բայց կարծում եմ, որ մտածում է՝ երանի դու էլ չլինեիր, որ սիրտս կտրվեր Հայաստանից, միշտ իր կողքին լինեի, այստեղ և հիմա։
Տունը հավաքած ու կոկիկ եմ պահում, կերակուրը՝ միշտ պատրաստ, շորերը՝ միշտ լվացած ու արդուկած։ Աշոտի դասերն էլ հիանալի են։ Հաշտվեց ռուսերենի հետ։ Ծնողական ժողովին ուսուցչուհին նկատողություն արեց մյուս ծնողներին, որ հայ երեխան եկել ու առաջադիմությամբ գերազանցում է մյուսներին։ Սիրտս տխրեց ու ուրախացավ։ Ամեն ինչ անում եմ, որ Ավագը դժգոհելու առիթ չունենա։ Չվիրավորվի ու վիրավորի, որ ես այդպես էլ իրենը չդարձա, որ մնացի իմ երկրում, այնտեղ՝ ուր դու ես, պա՛պ, մայրիկի հուշաքարը, իմ սենյակն ու երազանքները, իմ միամիտ պատանեկությունն ու հիմար երիտասարդությունը։
Տոլմա եմ եփում, պապ։ Փաթաթում եմ ու մտածում քո մասին։ Իսկ ե՞րբ չեմ մտածում։ Քայլելիս, քնելիս, արթնանալիս, սուրճ խմելիս։ Տոլմայի կաղամբը քիչ եփած ես սիրում՝ ջղաթա՝ միայն ինձ, քեզ ու մամային հասկանալի բառով։ Վերջին անգամ ե՞րբ ես տոլմա կերել, պապա՛։ Ո՞վ է քեզ համար տոլմա դրել։ Ես՝ ապերախտ միակ զավակդ, ե՞րբ եմ քեզ համար տոլմա դնելու։ Կաղամբը՝ ջղաթա՜։
Ինչու՞ է ինձ թվում, որ իմ հանդեպ սերերից ամենաանշահախնդիրը, մաքուրն ու բնականը քո սերն է, պա՛պ։ Դու ինձ սիրում ես, երբ ես չաղ եմ, չափից դուրս նիհար եմ, գեղեցիկ եմ ու գեղեցիկ չեմ, հիվանդ եմ ու ավյունով լեցուն եմ, կարդացած եմ ու տգետ եմ։ Ինչու՞ է ինձ թվում, թե միայն քո՛ ծերացած ու հիվանդ սիրտն է միշտ արթուն ինձ համար․․․Աշոտիս համար։ Ու մենք՝ քո սրտի միակ տերերը, լքեցինք քեզ, քո հարազատ երկրում քեզ մենակ թողեցինք։
Ես գիտեմ,որ էլ չես ուզում խնայել առողջությունդ, որ տխուր ես հիմա, շատ տխուր։ Որ կարոտում ես ինձ ու Աշոտին։ Ավագին էլ։ Որ հարյուր անգամ նայում ես հյուրասենյակի լուսանկարներն ու զրուցում մեզ հետ։ Նույն օրվա լուսանկարը․․․մեկում ես եմ՝ Ավագի ու Աշոտի հետ, մյուսում՝ քեզ ու Աշոտի հետ։Իմ կյանքը կարծես այդ երկու լուսանկարը լինի՝ քեզ հետ ու առանց քեզ։ Ես քեզ չեմ զանգի հիմա, պապա՛, որովհետև քո սիրած տոլման եմ փաթաթում ․․․․որ զանգեմ, երկուսս էլ կհիշենք էն մեղմիկ երեկոները, երբ տոլմայի բույրը հանդարտ նստում էր տան անկյուններին, երբ Աշոտը չարչարվում էր ռուսերենի անգիրների վրա, երբ դու քո լռակյաց ներկայությամբ պաշտպանում էիր ինձ ամենայն տեսանելի ու անտես թշնամիներից․․․ Հիմա նույն տոլման է ու նույն երեկոն․․․Աշոտը դաս է սովորում,տոլմայի հոտը շուտով դուրս կգա պատուհանից ու կնստի էս օտար քաղաքի վրա, Ավագն էլի գործից տուն կգա, կհանդիմանի ինձ, որ ինչպես միշտ ախորժակ չունեմ ու ձևացնելու կարողություն էլ չունեմ։
Տոլման վերջացնեմ, պիտի նրբաբլիթներ թխեմ։Վաղը Մասլենիցան է։ Ռուս ուսուցչուհին ասել է՝ ով ինքան շատ բլիթներ բերի, գարունը նրանց համար շուտ կգա․․․