Տե՛ս, տե՛ս քաղաք է ընկնում, շո՜ւտ երազանք պահի՛ր…
Դուբայ
Քաղա՛ք,
քո մեջ ցավ չկա,
բայց ասա՛,
որ անցավ ապրելն էլ մի բան չէ,
Տանում են՝ առանց հարցնելու,
Տալիս ես՝ առատաձեռնորեն,
բայց հիջաբով ծածկված հոգիդ
ոչ ոք չի համարձակվում շոյել
ու դու ապրում ես՝
որպես լքված մի կույս,
որ բոլորն են տենչում ունենալ,
բայց շատ չէ՝
մեկ գիշերվա համար։
Քաղա՛ք,
դու մի օր ընկնելու ես
մոլորակից,
քո մեջ անռիթմ են աղոթում
բոլոր աստվածները,
և հին ու նորը խառնած՝
փորձում են ապրել
միջանցքում տրված իրենց տեղը։
Կիև
Քաղաքն այս արբում է անձրևից,
թռչունները երգում են Աստծո ձայնով,
իսկ երկինքն ու երկիրը զուգապար են բռնել։
Սպասումն ասես ամպ է գոլորշիացող,
կարոտը՝ թափառող, վիրավոր աղավնի,
կտուրից կաթում է ձայնը հարևանի՝
նոր լվացված հոգուս վրա։
Շքամուտքի դիմաց հերթ է մեղսավորների.
ասում են՝ այս քաղաքում մեղքերը լավ են լվանում.
Սերն ասես թռչող ափսե լինի,
որ տեսել են ֆիլմերում միայն։
Այստեղ փողոցները մեկօրյա սիրով են չափում։
Քաղաքն այս իր կյանքն ապրում է
թեթև ու անարցունք
Եվ ամեն փակվող դռան հետևից
կորցնում հերթական բանալին բախտի…
Թիֆլիս
Քաղա՛ք,
Ժամանակը քո մեջ ձուլվում է,
երբ հնության բույրն է կախվում ծերպերիցդ,
Փողոցներդ ճմռթվում են,
ազատատենչ ոտնահետքերիցս,
Մենք սովորել ենք իրար՝
իմ ներբանները ճիշտ և ճիշտ
քո փողոցների
մանր քարերի չափսերն ունեն,
իսկ գիշերներդ՝
թափառող ջրահարսերի պարահանդես է։
Դու հպարտ կոկետուհու պես
դեն ես նետել՝
շքեղ մարմինդ ծածկող
սովետական լաթերը,
բայց անուշահոտ հնությամբ ես բուրում։
Քաղա՛ք, դու իմ մեջ դեռ կիսատ ասված երգ ես…
Մոսկվա (Մոսքոու)
Քաղա՛ք,
ես ատում եմ քեզ.
այստեղ էր, որ մայրս լացում էր
ու այստեղ էին
խաղերի ու մարդկային կյանքերի
ամենազարհուրելի կարուսելները։
Քո մեջ են էժանագին կանայք
ու լքված շան պես հարբած տղամարդիկ…
Քաղա՛ք,
քեզնից սպիրտի հոտ է փչում,
գողացած մանկությանս բեկորներն են քո մեջ,
ու լիքը-լիքը խավարասերներ են լողում
հիշողությանս սավանի վրա…
Մոսքոու,
դու ցուրտ ես,
ու սիրտ խառնելու չափ անտանելի,
ես հազար ու մի կես եմ արել նկարներս քեզ հետ՝
ուղարկելով քեզ գրողի ծոցը…
Երևան (համավարակ 2020)
Քաղաքը լացում է…
Մարդիկ լերդացել են տներում անօդ,
ու էլ չեն հոսում նրա երակներով։
Քաղաքը մեռնում է…
մայթերը ճեղքում են փշերը տատասկ,
ծառերը ծաղկում են առանց շոյանքի։
Քաղաքն իր աչքերում ամբարել է
խրձերով կարոտ,
որ ձաղկում է տուֆե սիրտը ներսից…
Քաղաքի մոլեկուլները տրոհվում են
հազար ու մի արցունքների՝
օդում փռելով սպասում ու ցավ։
Քաղաքի երբեմնի հոսող քայլերը
հիմա օդում են դանդաղ ճեմում
ու մտքով տված մեկի համբույրը
հասցնում մյուսին.
օդում տենչանքներն ավելի ազատ են,
իսկ տարածությունը չափվում է
դիմակավոր ուրվականների
թոքերում պահված օդի ծավալով։
Քաղաքն ասես կարուսել է,
որտեղ ամենուր ու ամեն ինչ
օդում պտտվող կարոտ է…
Գյումրի (ծննդավայր)
Քաղա՛ք,
տիեզերքից անդին թափառող
մոլորակներ են բիբերդ,
որոնք դեռ երեկ էր՝
չէին զգում ձգողությունն արևի
ու ջերմությունը նրա,
բիբերդ այրվող գրքեր են.
նրանց խորքերում են մեռնում
հազար ու մի գրված
ու դեռ չգրված տողեր քո մասին։
Քաղա՛ք,
Այս է որերորդ անգամ
Ես լքում եմ քեզ՝
աչքերս թաց
ու այն ճիչը,
որ բաժանվելիս հազիվ եմ զսպում,
բույն է դրել ոչ թե կոկորդումս,
այլ աչքերիս մեջ,
ու այն կեղեքող ցավը
որ սիրտս էր մաշում քեզ լքելիս,
սրտամկանս մղեց դուրս՝
ցավդ փռելով բիբերիս։
Քաղա՛ք,
Աչքերիս տակ փոսեր,
վերևում կոպեր ծանրացած՝
օր օրի,
ժամ առ ժամ
ապրումներդ մխրճված են
դիմագծերիս մեջ։
Գիտեմ, մենք անհաշտ ենք
ու մի քիչ օտար,
բայց մտապահի՛ր ինձ քո աչքերում,
ես մի օր կգամ։