* * *
Ու արտասվե՜լ, ու արտասվե՜լ մազերիդ մեջ,
Մարգարիտներ լցնել այտիդ փոսիկներին,
Ուղղել երկար զգեստներիդ փեշերը պերճ
Եվ վայելել սոսափյունը սոսիների:
Նկարե՜լ քեզ, քո հայացքի կաթի՛լն ամեն՝
Լուսավորված մեռելային մոմի լույսով,
Ջրվեժներից կապույտ վարդի թերթեր հանել՝
Նվիրելո՜ւ… նվիրվելու երկչոտ հույսով:
Քեզ նվիրել փափկությունը երազների,
Ձյան մեջ թաղված ելակների գույնի նման,
Քեզ նկարել սավաններին ու թասերին՝
Հնադարյա՜ն, չնաշխարհի՜կ ու աննմա՜ն…
* * *
Սիրելի՜, աննշմա՜ր իմ էակ, իմ տխո՜ւր, իմ դժնի՜առասպել,
Սիրելի՜, աննշմա՜ր իմ էակ, իմ կոտրա՛ծ ապակու վարագույր,
Քեզ համար ես չապրել չեմ կարող, բայց այսպես չեմ կարող և ապրել,
Սիրելի՜, աննշմա՜ր իմ էակ, իմ ծարա՜վ ուռենի սևաթույր:
Դողո՜ւմ է, դողո՜ւմ է աշխարհը, աշխարհը աշունը գնել է,
Մի անմե՜ղ տերև է մնացել՝ թաքնված որբերի գրպանում,
Ինձ համար երազ է մնացել՝ քեզ լուսնի կոնքերին դնելը,
Երազս դարձել է արտասուք՝ իմ ցավով ողողված ըմպանում:
Սիրելի՜, աննշմա՜ր իմ էակ, իմ տխո՜ւր, իմ դժնի՜առասպել,
Գիշերը փքվել է կոպերիս, գիշերը այրել է ձեռքերս,
Ես հալչող մոմերից ու ծխից ձուլում եմ մշուշե կարապներ,
Որ լողան աչքերիդ հայելում ու հանեն խորտակված երգերս:
* * *
Ծորում է աչքերիս սիրափայլ երազը.
Ես հարբած ընկել եմ գինետուն,
Նստել են իմ կողքին Չարե՛նցը, Մինա՛սը,
Հարբում ենք, նկարում ու կարդում:
Տառապա՜ծ, փո՜ս ընկած աչքերս շաղվում են,
Գինեբույր ծխի մեջ հիշո՜ւմ եմ…
Թվում է, թե օդը դռան մոտ մաղվում է,
Թվում է՝ իմ սանձը քաշո՜ւմ են:
Դռան մոտ՝ ա՜յ այնտե՜ղ, իմ սերը եկել է,
Մաշում է իմ քնքուշ երազը,
Տանջանքը գլուխս փայփայե՜լ, թեքե՜լ է,
Ինձ հետ են Չարե՜նցը, Մինա՜սը:
Ու հետո գիշեր էր, ու հետո լուսաբաց,
Ու հետո տնքում էր երազը,
Ինձ սիրո՜ւմ, շոյո՜ւմ էր իմ սերը կիսաբաց,
Ո՞ւր էին Չարենցը, Մինասը…
* * *
Կուզեի մեռնել, այն էլ ինչպիսի, ինչպիսի մահով,
Երբ ողջ աշխարհը քնած կլիներ գիշերների մեջ,
Իսկ ես կիսարթուն, սիրո հանցանքի քաղցրադող ահով՝
Քո և մթության երկչոտ խոնջանքին կդնեի վերջ:
Բոլորից գաղտնի, իմ պատուհանի կիսաբաց կանչով՝
Կլողայի դուրս, գիշերվա խաղաղ ջրերի մեջ սև,
Քեզ չարթնացնելու, չխանգարելու անմեղ անուրջով
Քայլերս պիտի անձայն մեղմությամբ փորձեի հյուսել:
Կուզեի մեռնել, երբ արձագանքներն՝ արյան պես կաթող,
Շքեղ սենյակիդ վարագույրներին քսվեին լացով,
Կուզեի մեռնել, միայն չտեսնել աչքերդ թարթող
Եվ խուճապը քո՝ թույլ լուսավորված մոմերի բոցով:
Այն էլ ինչպիսի, ինչպիսի մահով կուզեի մեռնել…
Երբ սրբագործված թաղված լինեիր սավանների մեջ,
Երբ ինձ թվայիր սպիտակ վարդի թերթերում գունեղ
Նկարչի մեղքով նկարված լույսի մուգ փլվածքը խեղճ:
Ու հանցագործի նման վրդովված, նրա պես քնատ,
Երբ կփորձեի դիպչել քո ձյունե անկողնու ծայրին,
Դեռ բաց չթողած կանաչ շուրթերս այտերիդ գունատ,
Կուզեի մեռնել, ինձ հետ տանելով տենչանքն այդ վայրի:
Կուզեի մեռնել, կուզեի մեռնել երազիդ խորքում՝
Քո թափանցելի վերմակը մարմնիդ երկայնքով փռած,
Վերմակիդ փարթամ ու ձյունափթիթ ամեն մի ծալքում՝
Նորածին սիրո երկչոտ քնքշության սառույցներ դրած:
* * *
Թե հուշ դառնամ ես, ու իմ լեգենդի ճրագը մարի,
Թե երազներիս ճամփին գալիքս թաղվի անկատար,
Թող աշխարհն հիշի, որ վախվորած ու թաց աչքերի
Թաշկինակն էի քամու ձեռքն ընկած, որին չգտար:
Թե ուրվականս՝ հոգնած կիթառից ու խարույկներից,
Մթին ձորերում իր առասպելի խարույկը վառի,
Թող հիշեն, որ ես հեքիաթներ ծնող քո համբույրներից
Աստղեր եմ պոկել, ու նրանց ճիչը երբեք չի մարի:
Թե ալեկոծվի երկնքից այն կողմ ղողանջը երգիս,
Ու արցունքներդ թրջեն ծարաված շուրթերն աշխարհի,
Թող հիշեն, որ քո աղոթքը բացեց դուռը երկնքի.
Ու հանձնեց փառքս ծիածաններին հարևան դարի:
* * *
Ես մեռնում եմ մենա՛կ,
Թող որ հանգիստ լինի
Տառապանք ու գիշեր հորինողը,
Տերն ստեղծեց կյանքը,
Ո՞վ հորինեց մեղքը,
Թալանված ենք, սակայն մենք ենք գողը:
Ես մեռնում եմ մենա՛կ,
Հավատացե՛ք, չկա՛,
Ո՛չ ոք հոգուս խավար հեռաստանին,
Ես կգնամ երկի՛նք,
Ես կգնամ մենա՛կ.
Դո՛ւք դիմացեք ԱՀԵՂ ԴԱՏԱՍՏԱՆԻՆ…
* * *
Երբ քնքուշ, բայց տխուր իջնում է ամռան պերճ գիշերը,
Երբ հեռվում մայր է մտնում արևը՝ սև ամպեր ուսին,
Տառապած իմ հոգին տեսնում է իր գալիք հուշերը,
Ուր փառքիս գահի մոտ երգում են Խայամն ու Ֆիրդուսին:
Ուր անթիվ կարապներ են լողում արծաթե ու ոսկե ջրերում՝
Շպրտելով իրենց փետուրները կաթե՝ մութ պատմության դարին,
Եվ խորին ցասումով Շեքսպիրյան թափորն ընծաներ է բերում
Բոլորից շատ խաչված, տառապանքից սերված ի՛մ հանճարին:
Ես խոնարհվում եմ երկար, որ… չտեսնեն նրանք արցունքն իմ աչքերի,
Որ գոյացել են ազգիս կարոտախտի անջուր վտակների խորքից,
Բայց հրեշտակ դարձած՝ ցած է իջնում տխուր ոգին իմ երգերի,
Ու լսվում են փառքի անձայն աղաղակներ հանճարների զորքից:
Ես խոնարհաբար քայլում եմ անհայտ սմբակների թողած արահետով,
Եվ աշխարհի լանջին իմ պատկերն են վրձնում Պիկասոն ու Դալին,
Բայց ես հեռանում եմ թափառական հոգով ու կարոտով
Ու սրբելով աչքս՝ նվիրվում եմ կյանքի Տիրակալին:
* * *
Ո՞ւմ են սփոփելու այս երգերս մռայլ,
Իմ տառապանքն ո՞վ է սիրով ամոքելու,
Ո՞վ է տառապելուց եղել այսքան շռայլ,
Այսքան ժլատ եղել բողոքելուց:
Եվ նույնիսկ դո՛ւ, ի՛մ սեր, որ ի՛մն էլ չես կարծես,
Կփայփայե՞ս արդյոք բանաստեղծի սերը,
Որ դառնահամ կյանքից նա սիրում է և՛ քեզ,
Ե՛վ քո սիրուց ծնված տանջանքները:
Բանաստեղծի հոգին միշտ էլ փակ է մնում,
Նրան ծերացնում է հարազատ մայրն անգամ,
Նա մեռնում է, ինչպես շախմատում է լինում՝
Թագուհուն են խոցում, բայց զոհվում է արքան:
* * *
ՔԱՐԵ ՎԱՐԴ
Երբ նորից խաղաղվեն արշալույսներն այստեղ,
Երբ դեղին քամիները քարանան ու մարեն,
Թիթեռների վայրի գեղեցկությամբ անտեր
Երկնքում փոշոտված ծիածաններ պարեն,
Երբ կաթեն ամպերից հոշոտված նարինջներ
Ու ծածկեն մոտեցող ամեն մի ծառուղի,
Օ՜, գիտե՜մ, այրելով թղթեր ու կամուրջներ`
Դու կիջնես շիրիմիս, իմ քարե’ թագուհի:
Երբ հեռվում սյունազարդ սրահներում քարե
Եբենոսյան արկղում գտնեն իմ անունը,
Երբ զնգան գավաթներ ու ձայներ հանճարեղ,
Եվ պյուռոսյան երթում չորացած արյունս
Ավետի հիշատակս հերոսատառ գրով,
Երբ հանձնեն սգաշուք ձեռքերիդ իմ սուրը
Ու հարց տան` եղե՞լ է պոետն այս բարբարոս,
Երբ հատել է մտքի պատյանն ու բարուրը:
Երբ մի օր հեռանան ոսկեօր դարերը
Թռչունների սառած ու թևաշար երթով,
Լեգենդներից կաճեն քարե ալ վարդերը
Ու երբ ծածկեն հողն իմ անուշահոտ շերտով,
Երբ չես լինի այնժամ, երբ չի լինի ո’չ ոք,
Երբ կշարվեն աստղերն աշխարհաշուրջ շողին,
Քարե ափսոսանքից`լուսե ու անողոք,
Կայրվես շիրմիս կանգնած, քարե’ իմ թագուհի:
Երբ նորից խաղաղվեն օրերն ու ջրերը,
Երբ կապույտ աշխարհում պտտվի իմ ուղին,
Դու կզգաս, որ քոնն են այս ձեռքերն ու սերը,
Եվ դու ես իմ հողի շիրմաքար քրմուհին:
Թե այնժամ քեզ թվա աշխարհն այս ատելի,
Երբ քո դեմ իմ ցասման տեսիլքները պարեն,
Չանիծես, չխղճաս, և դարձած անթերի`
Շշունջներ կխառնես աղոթքներիս քարե:
© Արտակ Համբարձումյան
Աշնանային տրամադրություն էր…
Ի դեպ՝ բացի չոր տերևները կային նաև համեղ պտուղներ
բավականին հետաքրքիր ձեռագիր ունեցող հեղինակ է Արտակը, և կարծում եմ, ուշադիր կարդալու դեպքում բացի աշնանային տրամադրությունից, չոր տերևներից ու համեղ պտուղներից ուրիշ շատ բաներ կարելի է բացահայտել…
Հարցերի լուծումները շատ են, բայց մեկն է ճիշտ… Արտակ Համբարձումյան ես հպարտ եմ, որ ճանաչել եմ ձեզ և այդքաաաաաաան շաաաատ եմ տարված ձեր պոեզիայով…
Չոր տերևից մինչ քաղցրահամ պտուղ ընկած տարածությունը բավականին մեծ է և այդ տարածության մեջ հազար ու մի բան կարելի է տեսնել ես ինքս էլ շատ հավանել եմ
Ես հալչող մոմերից ու ծխից ձուլում եմ մշուշե կարապներ….
ու էլի էդպես լիքը գտնված տողեր… առաջին անգամ եմ ծանոթանում Արտակի ստեղծագործությանը… շատ տպավորիչ է… ապրի Գրանիշի ժողովուրդը… Արտակին էլ` գերազանց
Իհարկե, գեղեցիկ էր, ինչ խոսք, սակայն այն ինչ ասում եմ զուտ սուկեկտիվ կարծիք է, հիմնված միայն իմ գրական ճաշակի վրա: Ես չզգացի ալտերնատիվ մոտեցում, անսպասելի լուծումներ, մի խոսքով ոչ սովորական մոտեցում, որը ես ամենից առաչինն եմ գնահատում հեղինակի մեջ: Ես էլի եմ կրկնում ես զուտ սուբեկտիվ կարշիք է ու ես կհասկանամ մարդկաց, ովքեր համամիտ չեն լինի իմ տեսակետին:
Ի պատասխան Արամին. Գնահատելու, ալտերնատիվ մոտեցումը, անսպասելի լուծումները ու անսովորը տեսնելու համար նախ պիտի գրական ճաշակ ձևավորել:
Բացառիկ է, կարելի միայն խորիմաստ լռել…
թագուհուն են խոցում,բայց զոհվում է առքան…դու կիջնես շիրիմիս իմ քարե թագուհի…հրաշալի են գօռցեռդ..մեկը մեկից ընտիր…դու մեր ժամանակնեռի մեծագույն հանճարն ես,…դողում է,դողում է աշխարհը…աշխարհը աշունը գնել է,մի անմեղ տերև է մնացել թաքնված որբերի գրպանում.Արտակի այս տողերը կարծում եմ հրաշալի արտացոլում են մեր բանաստեղծի վերաբերմունքը ու չհարմարվելը աշխարհին…ՀԱՆՃԱՐԵՂ ՊՈԵԶԻԱ…
https://www.facebook.com/pages/%D4%B1%D6%80%D5%BF%D5%A1%D5%AF-%D5%80%D5%A1%D5%B4%D5%A2%D5%A1%D6%80%D5%B1%D5%B8%D6%82%D5%B4%D5%B5%D5%A1%D5%B6Artak-Hambardzumyan/244764658947888 ,, Արտակ Համբարձումյանի ստողծագործություններին կարող եք ծանոթանալ նաև Ֆեյսբուք սոցիալական կայքում: