20-րդ դարավերջին հայ ժողովրդի ճակատագիրն այնպես դասավորվեց, որ անկախությունն ու պատերազմը համատեղվեցին: Հայ գրողի համար ի հայտ եկան նոր մարտահրավերներ. մի կողմից ոչ վաղ անցյալի մերժում (խորհրդային հասարակարգից անցում), թերահավատություն ներկայի և գալիքի հանդեպ (անկախություն, սոցիալական անարդարություններ և հիասթափություն), հուսահատության և հերոսականության հակադիր բևեռների բախում (պատերազմ):
Գրականությունն իբրև կենդանի օրգանիզմ չէր կարող չարձագանքել ժամանակի գլխավոր հրամայականին: Իսկ ժամանակը պարտադրում է դեռևս չավարտված պատերազմ: Պոեզիան ավելի զգայուն էր, և այդ արձագանքը եղավ պատերազմական բուն գործողությունների ընթացքում: Վարդան Հակոբյանի «Քրիստոսի ծաղիկները», Հրաչյա Թամրազյանի «Պաշարված ամրոց», Էդվարդ Միլիտոնյանի «Եռաբլուր» շարքը, Խաչիկ Մանուկյանի «Բարձունքը մերն է», Ռոբերտ Եսայանի և այլոց մի շարք բանաստեղծություններ հերոսական շեշտադրումներով ներկա օրերի տրամադրություններն էին արտահայտում:
Արձակում` պատերազմական թեման ավելի ուշ արտահայտվեց: Գուցե ժամանա՞կ էր հարկավոր իրողությունը մարսելու: Լևոն Խեչոյանի, Վրեժ Իսրայելյանի ստեղծագործություններում, ապա և Հովիկ Վարդումյանի, Արա Նազարեթյանի, Հրաչյա Բեգլարյանի, Հովհաննես Երանյանի, Սուսաննա Հարությունյանի որոշ գործերում պատկերվել է պատերազմն իր ահասարսուռ տեսարաններով և դրանց արձագանքները հերոսների ներաշխարհում:
Թերևս վերը նշված գրողներից Լևոն Խեչոյանն իր «Սև գիրք, ծանր բզեզ» պատերազմի նման չավարտված վեպով և «Հուլիսի հինգը և վեցը» պատմվածքների ժողովածուով հնարավորինս ամբողջական ու համակարգված է պատկերել Արցախյան հերոսամարտը: Գրողը թեմայի գեղարվեստականացման ընթացքում ապավինել է պատերազմին իր իսկ մասնակցության փորձով և պատումը հիմնականում առաջին դեմքով է:
Վրեժ Իսրայելյանը իր մի շարք պատմվածքներում հայացքը հառել է պատերազմին, սակայն մի փոքր այլ հայեցակարգերով և խնդրադրումներով: Նա ներսից գիտեր հայոց բանակը, քանզի երկար տարիներ աշխատել է ՀՀ զինված ուժերում: Այսինքն՝ մարտական գործողություններին մասնակից խեչոյանական հերոսը խորթ էր Իսրայելյանին, քանզի նա հայողն ու տեսանողն էր, քննողն ու ճանաչողն էր. «Ես պատերազմին չեմ մասնակցել, բայց տեսնում եմ, թե ինչպես է ծարավ հողը արյուն խմում, թե ինչպես են արեգակի շողերը խտտում սպանվածի դեմքը և ինչպես է դրսից սողոսկող ջերմությունը դուրս մղվում նրա սառչող երակներից: Տեսնում եմ, թե ինչպես է վախը արիություն ծնում, և ինչպես են վաղվա հերոս հռչակվողները վախից թրջում իրենց տաբատները: Պատերազմը մարսելու համար խելք պետք չէ. մի քիչ հանդգնություն, մի քիչ էլ չտեսություն» :
Ընդհանուր առմամբ Վրեժ Իսրայելյանի պատումին բնորոշ է ներհյուսվածքային հաճախ կիրառվող հակասական, անգամ իրարամերժ գաղափարների ներդաշնակ համակեցությունը: Այս դիտավորյալ ստեղծված խառնաշփոթը հաճախ բխեցնում է հարցեր, որոնց պատասխանները գրողը հիմնականում թողնում է ընթերցողին: Այնուհանդերձ, Արցախյան հերոսամարտի վերաբերյալ գրողն ունի հստակ վերաբերմունք, դիրքորոշում և պատասխան. «…ընդամենը արձանագրում եմ փաստը` հայ ժողովուրդը փառահեղ հաղթանակ տարավ այդ պատերազմում (սա արդեն իմ երևակայության արդյունքը չէ)» (էջ 362):
Արցախյան հերոսամարտը, ըստ Վրեժ Իսրայելյանի՝ 100 տարի առաջ սկսված և դեռևս չավարտված հայ-թուրքական հինավուրց խաղն է: Պատերազմը պատմության շարունակությունն է դառնում, ուստի հաճախ գրողի մոտ նույնացվում են թուրք և ազերի հասկացությունները:
Գրողն առաջ է քաշում տեսակի խորհուրդը: Հայն այն բնավորության կրողն է, որ կարող է 150 ոսկի ծախսել իր 1 ոսկին ետ բերելու համար, այն նվիրումն ունի, որ պատրաստ է 5 երիտասարդի զոհել 1 հայ աղջկա գերությունից ազատելու համար, ով էլ որպես «երախտիք» հետո ամուսնանալու է թուրքի հետ:
Ապա գրողը թիրախը շրջում է դեպի ներս, որ հայը տեսնի ու ճանաչի իր միջի թուրք տեսակին, իսկ «Հայի թուրք տեսակից սարսափելի բան չկա»: Հայի թուրք տեսակը Ազգային ժողովում մեկ վայրկյանում խլելու է քաջարի հայորդիների կյանքը, հայի թուրք տեսակը մի ապտակի հիշողությամբ «Արծիվներ» ջոկատի ցուցակը գրքում հրատարակելիս չի հիշելու իր մահամերձ մարտական ընկերոջը, պատերազմի օրհասական պահերին իր խիզախությամբ աչքի ընկած, սակայն խաղաղ օրերին չքավոր դարձած Հակոն հայի թուրք տեսակի համար լինելու է ավելորդ:
Գրողը կերտում է նաև պատերազմողի կերպարը: Պատերազմող է հայ տանտիկինը, ով Սումգայիթյան ջարդերից մի քանի օր անց ամուսնու թուրք ընկերոջ առջև մոռանում է տոհմիկ հյուրընկալությունը և վերջինիս բերած խոստացված տասը տուփ սև խավիարները թողնում է հարևան Ժենիկի դռան դիմաց: Պատերազմող է 80-ամյա պառավը, ով ամեն գնով փորձում է փրկել դասալիք թոռան կյանքը: Պատերազմող է Սոնան, ով ջոկատի 11 տղաներին ոգևորում է ամեն գնով` նրանց մղելով հաղթանակի: Պատերազմող է համր տղան, ով դեռևս 100 տարի առաջ թաքնվելով անապատի ավազների տակ, եղեռնից մազապուրծ հայ գաղթական քարավաններին ուղղորդում է դեպի անվտանգ ճանապարհ:
Միևնույն ժամանակ պատերազմը դառնում է իրականության չարիքը: Պատահական չէ, որ Իսրայելյանի ազատամարտիկ հերոսներից մեկի անեկդոտը իրականության մեջ ավելի ողբերգական երանգներ է ստանում. «-Ուրեմն, մի կորած-մոլորած գյուղից 11 հոգի պատերազմ են գնում: 10-ը զոհվում են, մեկը հենակներով վերադառնում է գյուղ: Ուրեմն գյուղացիք շրջապատում են էս խեղճ հաշմանդամին ու հարցախեղդ անում. «Հլա պատմի տեսնենք էդ ի՞նչ բան է պատերազմը»: Էս հաշմանդամը իմաստուն զարմանքով ասում է. «Այ ժողովուրդ, ի՜նչ պատերազմ, ի՜նչ բան… մարդասպանություն էր»« (էջ 326):
Մարդ մարդու սպանելու անհեթեթությունը բազմիցս արտահայտվում է տարբեր պատմվածքներում, սակայն միևնույն է՝ սպանությունը տեղի է ունենում: «Հայ-թուրքական հինավուրց խաղ» պատմվածքում գրողը շնչավորում է քամուն, որն ականատես է պատերազմին. քամին մարդուց ճշմարիտ է դառնում, քանզի «Քամին ազգային պատկանելություն չուներ. հայ երկրապահների դիրքերը հոտոտելով, Աշոտի աչքերին թոզ փչելով, անարգել խախտեց հայ-ադրբեջանական ռազմաճակատային գիծը և հայտնվեց ազերի կամավորականի մորուքի մեջ: Իր զորությունը գիտակցելով` քամին հանդգնեց ծաղրել հակառակորդների մարտավարական ծրագրերը, նրանց հայրենանվեր նկրտումներն ու հայեցակարգերը, սողոսկեց թշնամիների ինքնաձիգների փողերի մեջ, սվսվացնելով մերթ հայկական, մերթ թուրքական մեղեդիներ, որոնք մերթընդմերթ միաձուլվելով հավասարակշռում էին ազգերի ինքնորոշման իրավունքի և պետությունների տարածքային ամբողջականության ճանաչման միջազգային դրույթները» (էջ 356-357):
Ի վերջո, պատերազմը երկու հարևան ժողովուրդների միջև նույնական է Աբել-Կայենյան առաջին մեղքի հետ: «Ֆեսկուկ» պատմվածքում հերոսը օգտվելով համացանցային անսպառ հնարավորություններից, փնտրում է իրեն տանջող մեկ հարցի պատասխան. ի՞նչ է տեղի ունեցել իր ուսանողական տարիներին մթագնումի 8 ժամերի ընթացքում: Պարզվում է, ազերի ուսանողուհու հետ է եղել, ով որդի է ծնել (Մեծ Մհեր-Իսմիլ Խաթուն առասպելական դրվագը), որը մեծագույն հայատյաց է և թշնամու զինվորական բարձրաստիճան սպա: Հղումը էպոսյան Սասունցի Դավիթ-Մսրա Մելիք պայքարին ուշագրավ է, և միֆը նորովի է կիրառված:
Պատերազմը մարդու ներաշխարհում ևս ավերածություններ է թողնում: Պատմության ուսուցիչ Գասպար Մարիկյանը պատերազմի ընթացքում ավտոմատի խզակոթով սառնասրտորեն հարվածում է թուրք Չինգիզ Հասանովի գլխին ու գերեվարում, ով ճակատագրի հեգնանքով ևս պատմության ուսուցիչ էր: Խաթարվում են արժեկարգերը, մարդը դառնում է իր նմանի թշնամին և քանի դեռ սովոր չէ անթշնամի լինել, ամենուր փնտրելու է իրեն թշնամի. «Պատերազմը գեներալ հորինեց և ընծայեց այս հին ու նոր աշխարհի ամենաիմաստուն ժողովրդին. փա՛ռք պատերազմին: Հաղթանակը խաղաղություն հորինեց և որպես դափնեպսակ դրեց պատմության գլխին: Կեցցե՛ խաղաղությունը: Խաղաղությունը պես-պես շքանշաններ հորինեց ու զարդարեց գեներալի կուրծքը. փա՜ռք ու պատի՜վ գեներալին: Գեներալը փող հորինեց ու լցրեց գրպանները: Փողը իշխանություն հորինեց, իշխանությունը` մահակ» (էջ 334): Կենսական ռիթմերը խաթարվում են և մարդու գոյությունը դառնում է անիմաստ: Եվ «Արծիվներ» ջոկատի խիզախ երկրապահ Գասպարի որդին տեսնելով հոր ստորացումը ընդվզում է բնության դեմ` չի ջրում նոր կարմրին տվող պոմիդորները, մորթում է գառներին, չթողնելով, որ ոչխար դառնան, ի վերջո, հուսահատական հայհոյում. «Ես ձեր մերը… միայն թուրքը հիշեց հայրիկիս»:
«Արծվի ճուտի» նման պատերազմի արհավիրքն իր մաշկին կրում է թուրքի ձին, որին երեխաները ճիպոտներով ծեծում են միայն այն պատճառով, որ այն թուրքի է պատկանում… Բնության մեջ խաթարվում է բնականոնությունն ու ներդաշնակությունը: Պատերազմն իր հետքն է թողնում ամենուր՝ մարդկանց կենսագրություններում, բնության երևույթների վրա, խաթարվում է կյանքն ու տիրում է մահը, որը ոչ միայն մարմնական է, այլև առաջին հերթին` հոգևոր: