Հերման Հեսսե | Արվեստագետը եւ հոգեվերլուծությունը

Քանի որ Ֆրեյդի «հոգեվերլուծությունը» հետաքրքրում է ոչ միայն նյարդաբանների նեղ շրջանակին, իսկ Ֆրեյդի աշակերտ Յունգը ընդլայնել եւ մասամբ հրապարակել է անգիտակցականի մասին իր հոգեբանությունը եւ տեսակների մասին տեսությունը, քանի որ վերլուծական հոգեբանությունն ամբողջությամբ իր ուշադրությունն ուղղել է ժողովրդական առասպելին, լեգենդին եւ պոեզիային, արվեստի եւ հոգեվերլուծության միջեւ սերտ եւ բեղմնավոր կապ է ստեղծվել: Անկախ այն բանից` որեւէ մեկն ընդունում էր Ֆրեյդի ուսմունքը, թե ոչ` նրա անհերքելի ձեռքբերումներն ակնհայտ էին եւ իրենց ազդեցությունն ունեցան:
Սպասելի էր, որ հատկապես արվեստագետներն արագ կծանոթանան այս նոր եւ շատ առումներով արգասաբեր դիտարկումների հնարավորություններին: Շատերն արդեն որպես նեւրոտիկներ են հետաքրքրվել հոգեվերլուծությամբ: Բայց դրանից դուրս արվեստագետն ավելի շատ հակում եւ պատրաստակամություն է ցուցաբերում` զբաղվելու նոր, հիմնարար հոգեբանությամբ, քան պաշտոնական գիտությամբ: Հանճարեղ արմատականությամբ արվեստագետն ավելի դյուրությամբ է շահում, քան` պրոֆեսորը: Այդ տեսանկյունից Ֆրեյդի գաղափարներն այսօր ավելի շատ են քննարկվում եւ ընդունվում երիտասարդ սերնդի արվեստագետների, քան բժիշկների եւ հոգեբանների մասնագիտական շրջանակներում:
Առանձին արվեստագետի համար, քանի դեռ նա չէր գոհանում այդ հարցը սրճարանում քննարկման նոր թեմա դարձնելով, նոր հոգեբանությունից դասեր քաղելը տառապանքի էր վերածվում, եւ հարց էր ծագում` որքանո՞վ են նոր հոգեբանական հայացքներն օգտակար տվյալ ստեղծագործության համար:
Հիշում եմ, որ մոտ երկու տարի առաջ մի ծանոթ ինձ խորհուրդ տվեց կարդալ Լեոնարդ Ֆրանկի երկու վեպերը` դրանք անվանելով ոչ միայն արժեքավոր ստեղծագործություններ, այլեւ` «մի տեսակ հոգեվերլուծության ներածություն»: Այն ժամանակվանից ես կարդացել եմ որոշ բանաստեղծություններ, որոնցում հստակ նկատելի էին ֆրեյդյան տեսության հետ կապված հետքերը: Ես երբեք չեմ հետաքրքրվել ժամանակակից գիտական հոգեբանությամբ, կարծում էի, որ Ֆրեյդի, Յունգի, Ստեկելի եւ այլոց որոշ աշխատություններում ինչ-որ նոր եւ կարեւոր բան արդեն ասվել էր. այնպես որ` ես դրանք կարդացի մեծ հետաքրքրությամբ եւ հայտնաբերեցի, որ հոգեւոր շարժերի մեջ նա հաստատել է իմ գրեթե բոլոր նախազգուշացումները, որոնք նա ստացել էր բանաստեղծներից եւ իմ դիտարկումներից: Ես արտահայտված ու ձեւակերպված տեսա այն ամենն, ինչն արդեն ինձ էր պատկանում մասամբ որպես գաղափար, մասամբ որպես չյուրացված գիտելիք:
Երբ այդ ամենն արտացոլվում էր բանաստեղծների ստեղծագործություններում, ինչպես նաեւ` առօրյա կյանքում, անմիջապես նկատվում էր նոր վարդապետության արգասաբերությունը: Մեկն ուներ մեկ բանալի ավել (ոչ թե բացարձակ կախարդական բանալի), այլ` արժեքավոր նոր կարգավիճակ, նոր հիանալի գործիք, որի օգտակարությունն ու հուսալիությունն արագ ի հայտ եկավ: Ես այստեղ չեմ խորհում անհատական գրական-պատմական ջանքերի մասին, որոնք բանաստեղծի կյանքը դարձնում են հնարավորինս մանրամասն բժշկական պատմություն: Մեզ համար չափազանց արժեքավոր էին այն ապացույցներն ու սրբագրումները, որոնք ուղեկցվում էին Նիցշեի հոգեբանական ճանաչողությամբ եւ նուրբ ընկալումներով:
Անգիտակցականը ճանաչելու եւ դիտարկելու սկիզբը, հոգեւոր խթանիչները, որոնք մեկնաբանվում են որպես բռնաճնշում, սուբլիմացիա, ռեգրեսիա եւ այլն, սխեմայի մեջ պարզություն մտցրեցին, որն ի հայտ եկավ անմիջապես:
Թեեւ բոլորի համար հեշտ ու խելամիտ էր հոգեբանությամբ զբաղվելը, սակայն նկարչի համար այն կիրառելը մնում էր կասկածելի: Ինչպես պատմության իմացությունը չի կարող օգնել մեզ պատմական թեմաներով բանաստեղծություններ գրելիս, բուսաբանությունը կամ երկրաբանությունը` բնապատկերները նկարագրելու համար, նույնկերպ լավագույն գիտական հոգեբանությունը չի կարող օգնել մեզ` պատկերելու մարդկանց: Տեսանելի էր, թե հոգեվերլուծաբաններն իրենք ինչպես էին օգտագործում ավելի վաղ, նախավերլուծական շրջանի պոեզիան` որպես ապացույց, որպես աղբյուր եւ հաստատում: Այն, ինչ ճանաչվել եւ գիտականորեն ձեւակերպվել էր պոետների կողմից որպես վերլուծություն, բանաստեղծն ապացուցեց, որ մտածողության մի տեսակ է, որն իրականում հակասում է վերլուծական-հոգեբանական մտածողությանը: Նա երազողն էր, վերլուծաբանը նրա երազների մեկնաբանն էր: Այդ դեպքում, չնայած հոգեւոր գիտության մեջ իր ներդրմանը, բանաստեղծը կարո՞ղ էր ունենալ այլ ընտրություն, քան շարունակել երազել եւ հետեւել անգիտակցականի կոչերին:
Ոչ, նրան այլ ելք չէր մնում: Ցանկացած ոք, ով նախկինում բանաստեղծ չէր, նրա ներքին կյանքը լցված չէր հոգեւորով եւ սրտի բաբախյունով, ոչ մի վերլուծությամբ նա չէր կարող դառնալ հոգու մեկնաբան: Նա կարող էր միայն մի նոր սխեմա կիրառել, որը գուցե մի պահ ապշեցներ մարդկանց, բայց էականորեն չէր ավելացնի նրանց ուժերը: Հոգեւոր անցումների բանաստեղծական արտացոլումը մնաց ինտուիտիվ մակարդակի վրա, չվերածվեց վերլուծական տաղանդի:
Այդ հարցը, սակայն, հստակեցված չէ: Փաստորեն հոգեվերլուծության ուղին նույնպես կարող է զգալի օգնել արվեստագետին: Որքան էլ սխալ է վերլուծության տեխնիկան գեղարվեստականի փոխակերպելը, այնուամենայնիվ, հոգեվերլուծությանը պետք է լուրջ վերաբերել եւ հետամուտ լինել: Ես տեսնում եմ երեք հաստատում եւ վերագրում, որոնք կլանում է արվեստագետը վերլուծությունից:
Նախ խորությամբ հաստատվում են երեւակայությունը, ֆիկցիան: Եթե արվեստագետը քննադատաբար է նայում իրեն, ապա չի թաքցնում իր թուլությունները, որոնց պատճառով նա տառապում է, անվստահությունն իր մասնագիտության նկատմամբ, կասկածն իր երեւակայության նկատմամբ, իր ներսի օտար ձայնը, որն արդարացնում է բուրժուական հայացքներն ու կրթությունը, իր բոլոր գործողությունները որպես «լոկ» գեղեցիկ ֆիկցիա: Բայց հենց այդ վերլուծությունն է յուրաքանչյուր արվեստագետի սովորեցնում, որ այն, ինչ նա ժամանակին կարողացել է գնահատել որպես ֆիկցիա, իրականում գերագույն արժեք է, նաեւ բարձրաձայն հիշեցնում է նրա հիմնական հոգեբանական պահանջների առկայության, ինչպես նաեւ` բոլոր ավտորիտար չափանիշների եւ ակնարկների հարաբերականության մասին: Վերլուծությունն ինքնին հաստատում է արտիստին: Միաժամանակ այն վերլուծական հոգեբանության մեջ զուտ ինտելեկտուալ գործունեության դաշտ է բացում:
Այս մեթոդի առավելությունը կարող են զգալ նույնիսկ նրանք, ովքեր միայն արտաքուստ են ծանոթ դրան: Մյուս երկու արժանիքները, սակայն, ակնհայտ են դառնում միայն նրանց համար, ովքեր հիմնովին եւ լրջորեն փորձարկում են հոգեվերլուծությունը սեփական մաշկի վրա, որոնց համար վերլուծությունը դառնում է ոչ թե ինտելեկտուալ խնդիր, այլ` փորձ: Յուրաքանչյուր ոք, ով բավարարվում է իր «բարդույթների» մասին որոշ բացատրություններով, բաց է թողնում ամենակարեւոր արժեքները:
Յուրաքանչյուր մեկի համար, ով քայլ առ քայլ անցել է վերլուծության, հիշողությունների, երազների եւ ասոցիացիաների հոգեւոր սկզբնաղբյուրների որոնումների տարածությունը, որպես հաստատուն շահ, կմնա այն, ինչը կարելի է անվանել «ներքին հարաբերություն սեփական անգիտակցականի հետ» : Նա ապրում է այստեղ ու այնտեղ, ավելի ջերմ, ավելի բեղմնավոր, կրքոտ հետ ու առաջ է գնում գիտակցականի եւ անգիտակցականի միջով, վերցնում է այն ամենն, ինչը մնում է ենթատեքստում եւ աննկատ խաղարկվում է միայն երազների մեջ:
Դա իր հերթին սերտորեն կախված է էթիկայից, անհատական խղճից բխող հոգեվերլուծության արդյունքներից: Վերլուծությունն, ամենից առաջ, հիմնարար պահանջ է, որի անտեսումը անմիջապես վնասում է, քանի որ նրա խայթոցը շատ խորն է եւ կարող է մնայուն հետքեր թողնել: Դա պահանջում է իր նկատմամբ այնպիսի արդարամտություն, որին մենք սովոր չենք:
Այն մեզ սովորեցնում է տեսնել, ընդունել, քննել եւ լրջորեն վերաբերել այն ամենին, ինչը մենք հաջողությամբ ճնշել ենք մեր ներսում, ինչի պատճառով սերունդները եղել են մշտական ճնշման ներքո: Վերլուծության առաջին քայլերը նույնիսկ ահռելի փորձ են պարունակում, հենց արմատներն են ցնցում: Ամեն ոք, ով ամուր է կանգնած եւ առաջ է շարժվում, ամեն քայլափոխի դառնում է ավելի ու ավելի մեկուսացած, ավելի ու ավելի կտրված պայմանականությունից ու ավանդական հայացքներից. նա ստիպված է հարցեր տալ ու կասկածել: Փոխարենը նա ավելի ու ավելի է տեսնում կամ զգում, որ ավանդույթի փլուզվող տեսարանների հետեւում բարձրանում է ճշմարտության, բնության անողոք պատկերը: Միայն վերլուծության ինտենսիվ ինքնաքննության դեպքում է ակնհայտ դառնում, որ ընթացիկ պատմության մի հատված իսկապես ապրված եւ ներծծված է արյունահեղության զգացումով: Հոր եւ մոր, հողագործի եւ քոչվորի, կապիկի եւ ձկների միջոցով ոչ մի տեղ մարդու ծագումը, կապերն ու հույսն այնքան լուրջ, այնքան ցնցող չեն արտահայտված, որքան` լուրջ հոգեվերլուծության մեջ: Ուսանածը դառնում է ակնհայտ, իմացությունը վեր է ածվում սրտի բաբախյունի, վախերը, ամոթանքներն ու ճնշումները մարում են, կյանքի եւ անհատականության իմաստը հառնում է ավելի մաքուր եւ պահանջկոտ տեսքով:
Վերլուծության այս ուսուցողական, խրախուսող, խթանող ուժը ոչ ոք ավելի լավ չի կարող զգալ, քան` արվեստագետը: Նրա խոսքը ոչ թե աշխարհին եւ նրա սովորույթներին հարմարվելու մասին է, այլ այն մասին, թե ինչ նկատի ունի ինքը:
Անցյալի գրողներից ոմանք խորապես տիրապետում էին վերլուծական հոգեբանության էական սկզբունքներին. նրանցից ամենամոտը Դոստոեւսկին էր, որը ոչ միայն ինտուիտիվ կերպով հետեւեց այդ ճանապարհին Ֆրեյդից եւ նրա ուսանողներից շատ առաջ, այլեւ այդ տիպի հոգեբանության մասին ուներ որոշակի փորձառություն: Գերմանացի մեծ բանաստեղծներից միայն Ժան Պոլի` հոգեբանական հասկացությունների մասին պատկերացումներն են առավել մոտ այսօրվա պատկերացումներին: Սրանից զատ, Ժան Պոլը արվեստագետի ամենավառ օրինակն է, որի համար մշտական, գաղտնի շփումը սեփական անգիտակցականի հետ դառնում է խորը, աշխույժ ինտուիցիայից ներշնչման հավերժ ցանկալի աղբյուր:
Եզրափակելով` մեջբերեմ մի բանաստեղծի, որին մենք սովոր ենք դասել մաքուր իդեալիստների շարքում, ոչ թե երազողների եւ ինքնահմայված էությունների, այլ` ընդհանուր առմամբ խիստ ինտելեկտուալ արվեստագետների շարքում: Օտտո Ռանկն առաջինն էր, որը հայտնաբերեց հետեւյալ հատվածը` որպես անգիտակցականի մասին հոգեբանության ամենազարմանալի նախաարդիական հաստատումներից մեկը: Շիլլերը գրում է Քյորներին, որը դժգոհ է ստեղծագործական ընդհատումներից. «Ինձ թվում է, որ Ձեր բողոքների պատճառը Ձեր ինտելեկտը սահմանափակող երեւակայությունն է: Թվում է, թե հոգեւոր ստեղծագործական աշխատանքի համար նպաստավոր է, երբ ինտելեկտն արդեն դարպասների մոտից չափազանց ուշադիր զննում է ներհուն գաղափարները: Գաղափարը, որը դիտարկվում է առանձին, կարող է լինել շատ աննշան եւ շատ արկածային, բայց այն կարեւորվում է նրա շնորհիվ, որը գալիս է իրենից հետո, հավանաբար մյուսների հետ կապվածության միջոցով, ինչը կարող է եւ’ անհեթեթ թվալ, եւ’ շատ օգտակար կապ ստեղծել. այդ ամենի մասին հնարավոր չէ դատել մտքով, քանի դեռ տեւական ժամանակ ընկալելի չէ, որ ամեն ինչ պետք է դիտարկել այլոց հետ նույն համատեքստում: Մյուս կողմից, ինձ թվում է, որ ինտելեկտը հետ է քաշել իր պահակախմբին դարպասների մոտից, գաղափարները հոսում են pele-mele-ի մեջ, եւ միայն դրանից հետո է նա ուսումնասիրում եւ զննում այդ մեծ կույտը»:
Այստեղ դասական ձեւով արտահայտված է ինտելեկտուալ քննադատության իդեալական հարաբերակցությունն անգիտակցականի հետ: Ո’չ ենթագիտակցության ճնշումը, ո’չ անվերահսկելի գաղափարներից, երազներից, խաղային հոգեբանությունից բխող բարիքը, ո’չ էլ անգիտակցական նվիրվածությունը անսահմանությանը, այլ թաքնված աղբյուրներին լսելու ունակությունը եւ միայն դրանից բխող քննադատությունն ու քաոսից ընտրությունն են ելք ցույց տվել. ահա այսպես են աշխատել մեծ արվեստագետները: Եթե որեւէ տեխնիկա կարող է օգնել կատարելու այդ պահանջը, ապա դա հոգեվերլուծությունն է:

Լեոնարդ Ֆրանկ (1882-1961)- գերմանացի էքսպրեսիոնիստ գրող:
Վիլհելմ Ստեկել (1868-1940)- ավստրիացի բժիշկ եւ հոգեբան, որը դարձել է Զիգմունդ Ֆրեյդի ամենավաղ հետեւորդն երից մեկը եւ ժամանակին համարվել է «Ֆրեյդի ամենանշանավոր աշակերտը»:
(1918)

Թարգմանությունը գերմաներենից` Թագուհի Հակոբյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *