Կար-չկար մի Առյուծ: Նա ոչ շատ ուժեղ էր, ոչ շատ գեղեցիկ, ոչ էլ իմաստուն, բայց Աստծո կամքով առյուծ էր և արքա էր կարգված: Անտառի մյուս կենդանիները սովոր էին հլու-հպատակ լինել. ժամանակին տալիս էին Առյուծի հասանելիքը և աշխատում էին աչքին չերևալ: Հասանելիքն էլ պարզ է ինչ էր, ժողովուրդը հո իզուր չի՞ ասում «առյուծի բաժին». Աղվեսը տալիս էր կյանքի գնով ձեռք գցած հավի մեծ մասը, Գայլը՝ ոչխարի լավագույն կտորները և այլն, և այլն․․․ հասկանալի է՝ արքայական գործեր են։ Այդպես հաշտ ու խաղաղ ապրում էին՝ ամենքը զբաղված իրենց որսով, արոտով ու ձագերով: Առյուծը երբեմն մի քանի երևելի գազանների հավաքում, հարցուփորձ էր անում անտառային գործերից ու գոհ մնում, քանզի բոլորը միաբերան փառաբանում էին իրենց արքային և արևշատություն մաղթում:
Սակայն Առյուծին քիչ էր թվում միայն անտառի արքա լինելը: Նա միշտ թաքուն նախանձով էր նայում կապույտ հեռուներում սավառնող Արծվին և երազում էր տիրանալ նրա գահին, դառնալ ոչ միայն բոլոր կենդանիների, այլև թռչունների արքա: Եվ Առյուծը որոշեց Արծվի հետ նախ բարեկամանալ ու մի օր մենակ բարձրացավ Մեծ սարի գագաթը, որտեղ սովորաբար հանգստանում էր Արծիվը:
-Ողջո՜ւյն, Թռչունների՛ արքա,- ասաց Առյուծը՝ մոտենալով և թիկնելով մի մեծ քարի:
-Ես ողջունում եմ Անտառի արքային,- պատասխանեց Արծիվն արժանապատվորեն:
Արքաները, մանավանդ առանց վկաների, ավելորդ խոսքերի վրա ժամանակ չեն ծախսում: Առյուծն անմիջապես անցավ գործի.
-Երկու արքա պատշաճ է, որ բարեկամ լինեն:
-Այո՛, բայց մենք հավասար չենք․ ես երկնքում եմ, դու՝ երկրի վրա:
-Եվ ի՞նչ… Երկուսս էլ արքա չե՞նք:
-Իմ թագավորության օրենքներն այլ են, քո թագավորությանը՝ այլ: Մենք հարգում ենք յուրաքանչյուրի ազատ թռիչքի իրավունքը, իսկ անտառում ուժեղն է ճիշտ: Ես չեմ խլում իմ հպատակների որսը․ ինձ հարգում են, իսկ քեզանից վախենում են, երեսիդ քծնում են, հետևիցդ անիծում: Նրանք սովոր են քեզ համար զոհելու իրենց լավագույն պատառները, բայց չտեսնելու քեզանից ոչ մի արդար վճիռ: Գնա՛, մենք չենք կարող բարեկամ լինել:
Առյուծը տրտմած վերադարձավ, փակվեց իր քարայրում ու միտք արեց. «Մի՞թե ճիշտ է այն, ինչ ասաց ինձ Արծիվը: Գիտեմ, որ խորամանկ ու քսու Աղվեսը միշտ քծնում է ինձ, բայց ինչու է ինձ քծնում Արջը, չէ՞ որ նա ինձանից պակաս ուժեղ չէ: Իսկ Օ՞ձը… Նա ինձանից իմաստուն է: Բորենին ավելի արյունարբու է… Մի՞թե ես այդքա՜ն դաժան եմ: Պետք է գնալ և անկեղծ խոսել գազանների հետ»,- որոշեց նա ու դուրս եկավ քարայրից: Շրջեց անտառում, անցավ հայտնի ու անհայտ կածաններով, եղավ տարբեր բացատներում, բայց ոչ մի կենդանու չհանդիպեց: Վերադարձավ արքայական քարայր ու հրամայեց կանչել խորհրդական Օձին:
-Քիչ առաջ ես զբոսնում էի անտառում և հասկացա, որ իմ հպատակները խույս են տալիս ինձանից, թաքնվում են, ինչո՞ւ:
-Նրանք պաշտում են Ձեզ և չեն ուզում խանգարել Ձեր զբոսանքը, Տե՜ր:
-Ստո՛ւմ ես, նրանք վախենում են ինձանից,- զայրացած մռնչաց Առյուծը, հետո հանդարտվելով՝ ավելացրեց,- մի՛ վախեցիր, ասա՛ ինձ ճշմարտությունը:
Օձը վախեցած այսուայնկողմ նայեց, բայց հասկացավ, որ արքան վճռական է տրամադրված:
-Դուք ողջ լինեք, Արքա՛,- ցածր ձայնով սկսեց Օձը,- դարերով ընդունված կարգ է արքային բաժին տալը, և հպատակները Ձեզ են բերում իրենց որսի լավագույն կտորը: Բայց… ըհը, ըհը… բայց եթե միայն արքայի՜ բաժինը լիներ…
-Հետո՞, շարունակի՛ր, մի՛ կմկմա:
-Դուք գայլերին, բորենիներին ու աղվեսներին վերակացու եք կարգել մյուսների վրա, և նրանք Ձեր անունից այնպիսի գործեր են անում, որ Ձեր արքայական անունը դարձել է անարդարության ու դաժանության հոմանիշ: Ձեր անունով թալանում են, հալածում ու կողոպտում, նույնիսկ սպանում:
-Չի՛ կարող պատահել, ստո՛ւմ ես,- բարկացած ընդհատեց Առյուծը:
-Ավա՜ղ, Տե՛ր իմ, այդպես է,- հոգոց հանեց Օձը,- Ձեզ միշտ և ամեն ինչ չէ, որ զեկուցում են, առանց Ձեզ տեղյակ պահելու՝ վերակացուներն ինքնակամ որոշումներ են ընդունում և Ձեր անունից իրագործում դրանք:
-Փաստե՜ր, ինձ փաստե՛ր են պետք,- մռնչաց Արքան:
-Ձեր թույլտվությամբ ես մեկ րոպեից կվերադառնամ,- ֆշշացրեց Օձն ու արագ դուրս սողաց: Քիչ անց վերադարձավ՝ ինչ-որ տետրակ բերանին:
-Ահա, Տե՛ր իմ, կարող եք ծանոթանալ, ես որոշ բաներ գրի եմ առել, մտածեցի՝ մի օր պետք կգա:
Կարդալիս Առյուծն ակամա մռնչում ու թափահարում էր գլուխը. կողոպուտ, անարդար դատավարություններ, ունեցվածքի հափշտակություն, սպանության ու գերևարման դեպքեր… Իսկ ամենազավեշտալին, թե՞ ամենասարսափելին այն էր, որ դրանց մեծ մասն արվել է՝ «հանուն թագավորության շահի»… Էլ ի՜նչ սիրո մասին կարող էր խոսք լինել… Արքան փակվեց իր քարայրում և երեք օր անդադար, առանց ուտելու և խմելու մտածեց: Չորրորդ օրն առավոտյան նա հրամայեց անտառի Մեծ բացատում հավաքել բոլոր կենդանիներին:
Արքայական խոսքը հակիրճ էր, տոնը՝ հատու.
-Այսօրվանից գայլերը, բորենիներն ու աղվեսներն այլևս վերակացու չեն լինի, ես ինքս կհետևեմ թագավորության ներքին կյանքին, կլուծեմ բոլոր վեճերը, պատասխան կտամ բոլոր հարցերին: Այլևս ոչ ոք իմ անունից չի հարստահարի ձեզ, չեն լինի անազնիվ դատեր, անարդար վճիռներ, այսօրվանից մեր անտառում կլինի հավասարություն, եղբայրություն, կբացառվի թալանը, դուք ինձ չեք տա ավելին, քան օրենքով հասնում է… Հասկացա՞ք:
Գազանները լուռ գլխով արեցին:
Հաջորդ արևածագին Արքան դուրս եկավ զբոսնելու. բոլորն աշխատում էին երևալ նրա աչքին, հավաստել իրենց սերն ու հարգանքը և արժանանալ Առյուծի աչքերի՝ արքայական ողջույն նշանակող թարթումին: Մինչև երեկո ոչ մի արտակարգ բան տեղի չունեցավ, եթե հաշվի չառնենք, որ Բորենին գողացել էր Աղվեսի որսը, հետո ինքնակամ վերադարձրել՝ վախենալով Արքայի ցասումից:
Շուտով անտառում մի տեսակ տոնական տրամադրություն տիրեց․ բոլորն ըմբոշխնում էին արդարությունն ու հավասարությունը՝ դրանցից բխող հաճելի հետևանքներով: Եվ Առյուծը որոշեց նորից Արծվի հետ բարեկամանալու փորձ անել ու բարձրացավ Մեծ սարի գագաթը:
-Ողջո՜ւյն, Թռչունների արքա,- ասաց Առյուծը՝ թիկնելով իր սիրած քարին:
-Ողջո՜ւյն Անտառի արքային,- պատասխանեց Արծիվը:
-Դե ինչ, պետք է նկատած լինես, որ հիմա անտառում կարգ ու կանոն կա: Ժամանակը չէ՞, որ երկու արքա բարեկամ լինեն:
-Դեմ չեմ, Արքա՛, ավելին՝ ես սպասում էի քեզ: Անտառը մեր բոլորի տունն է․ ճիշտ է, իմ հպատակները սավառնում են երկնքում, բայց բազմանում են ցամաքում, նրանցից շատերն անտառում են բույն հյուսում, էլ չեմ ասում, որ քո կենդանիների և իմ թռչունների որոշ տեսակներ իրարով են սնվում: Այնպես որ, մեր բարեկամությունը շատ բնական կլիներ: Բայց ես ուզում եմ մի պայման կապել:
Արծվի պայմանն Առյուծին առաջին հայացքից շատ հեշտ թվաց՝ չխաբել միմյանց, հավասար աչքով նայել բոլոր կենդանիներին ու թռչուններին, միջատներին ու սողուններին, կաթնասուններին ու գիշատիչներին, հանցանքի համար պատիժը սահմանել միասին, որ անաչառ լինի, և, ամենակարևորը, հարգել միմյանց անկախությունը: Որոշեցին, որ ամեն թռչուն կամ կենդանի սովորականի պես որս կանի, բայց որսը միասին կբաժանեն, որ սովածներ չլինեն:
Սկզբում ամեն բան հարթ էր ընթանում. նոր կարգը բոլորին լցրել էր հավասարության ու արդարության նկատմամբ անպարագի՜ծ հավատով ու մե՜ծ ուրախությամբ: Գազաններն ու թռչունները լավագույն ապագայի հույսեր էին փայփայում, ամենուր՝ ծառերի վրա, թփերի մեջ ու գետնի տակ ընթանում էր նոր բների շինարարություն և շատ նոր ձագեր էին ծնվում․․․
Աշունն էր՝ բոլորի սիրած եղանակը, որն այդ կողմերում միշտ մեղմ էր ու բերքառատ։ Գժտության սերմերն այնքան արագ ծլեցին, որ թվաց, թե օդից ընկան՝ հանկարծահաս ձյան նման. «Թռչունները մեզ խաբում են, Տե՛ր Արքա»,- հայտարարեցին Գերագույն ժողովի մասնակից որմզդեղները: Պարզվեց՝ արջերի հետ ընդհանուր որսը բաժանող գիշանգղերը, որոնց կերը հաստատված կարգուկանոնի հետևանքով պակասել էր (դե հիմա գրեթե չէին պատահում սովից սատկած կենդանիներ), խաբեությամբ որսի մի մաս թաքցրել էին, որ հոտի, հետո ուտեն:
-Առանց արջերի գիտության դա անհնար կլիներ անել,- առարկեց Արծիվ Արքան:
-Արջերի ազնվությանը կասկածելը նույնն է, ինչ կասկածեմ, որ Արևն արևելքից է դուրս գալիս,- մռնչաց Առյուծ Արքան:
-Չգիտեմ, որտեղից է դուրս գալիս, բայց խոստանում եմ, որ դուք այլևս Արև չեք տեսնի,- բարկացած կռնչաց Արծիվն ու վեր թևեց:
Առյուծը չհասցրեց որևէ բան ասել: Գերագույն ժողովը կարգին չսկսած՝ ավարտվեց: Օրը երեկոյացել էր, շուտով մթնեցին ոչ միայն անտառի բոլոր արահետներն ու բացատները, այլև այն շրջապատող լեռների կապտականաչ գագաթները: Բոլորը քուն մտան՝ հույսով, որ նոր բացվող օրն ավելի լավը կլինի․ արդարությունը կվերահաստատվի, ու երկու թագավորությունների բնակիչները կշարունակեն իրենց անխարդախ ընթացքը միասին:
Գիշերն այդ երկար էր: Առաջինը նապաստակներն զգացին, որ մի բան այն չէ. արդեն քաղցած են, բայց արևը չի լուսավորում, որ իրենց սիրելի հատապտուղները գտնեն ու մի լավ նախաճաշ անեն: Հետո արթնացան փորսուղներն ու սկսեցին երկար տրորել աչքները, բայց մութը դրանից չէր պակասում… Գայլերն ու աղվեսները, սկյուռիկներն ու արջերը, բոլորը-բոլորն արթնացել և սպասում էին Արևին… Ոչ մեկը չէր համարձակվում որս անել, չնայած որոշ կենդանիներ հրաշալի են տեսնում մթի մեջ… Անտառը մի հսկայական մեղվի փեթակ էր հիշեցնում․ բոլորը շշնջալով էին խոսում, որ չարթնացնեն Արքային:
Շուտով լսվեց նրա տիրական մռնչյունը.
-Լռեեեեեք, թողեք հասկանամ՝ ինչ է կատարվում:
Երբ անտառը լռեց, վերևից լսվող չարագուշակ խշխշոցը որոշակի դարձավ. կարծես ինչ-որ բան էր անընդհատ քսվում ծառերի կատարներին: Արքան կարգադրեց սկյուռիկներին ուղարկել հետախուզության. նրանք պետք է մագլցեին ամենաբարձր ծառերի գագաթները՝ հասկանալու, թե այդ ինչ դավադիր խշխշոց է, և ուր է կորել Արևը:
Լուրը, որ ստվերապոչերը միմյանց ականջի շշնջալով՝ հասցրին Արքային, աներևակայելի էր, մի չտեսած-չլսված բան. թռչուններն իրենց թևերով փակել են երկինքը և թույլ չեն տալիս, որ Արևի շողերն ընկնեն անտառի վրա:
Չմոռանամ ասել, որ հետախուզությունը շատ թանկ նստեց որոշ սկյուռիկների վրա, որոնք հանդիպել էին բվերի… Բայց ոչ միայն նրանց վրա… Անտառում իսկական խուճապ սկսվեց. կենդանիները, զրկված լինելով լույսից ու ջերմությունից, ընկան ընկճախտի մեջ ու սկսեցին կա՛մ միաձայն ոռնալ, մռնչալ ու կաղկանձել, կա՛մ, ընդհակառակը, վախից լռեցին ու պատրաստվեցին մեռնելու… Առյուծը չգիտեր ինչ անել․ անթափանց խավարը կուլ էր տվել անտառն ամբողջությամբ, իսկ Արծվի հետ հանդիպման ոչ մի հնար չկար: Ինչպես միշտ, փրկությունը եկավ ամենաանսպասելի տեղից՝ հենց թռչուններից: Չնայած Արծիվը կարգադրել էր, որ Արևի լույսը պահող թռչունները պարբերաբար փոխարինեն միմյանց, շուտով բոլորը հոգնեցին, իսկ նրանց թևերն անշարժ դիրքից սկսեցին ընդդարմանալ ու փայտանալ… Փոքրամարմին թռչուններն ավելի երկար դիմացան, բայց նրանք էլ շուտով սկսեցին գահավիժել ցած՝ լայն բացված թևերով…
Լույսը հետզհետե սկսեց անտառ թափանցել ու երևան հանեց մի սոսկալի տեսարան․ ներքում մթից կիսախելագար կենդանիներն էին, վերևում՝ փայտացած թևերով թռչունները, որոնք ցած էին ընկնում՝ ճղճղելով իրենց մարմինները հենց այն ծառերի ճյուղերից, որոնց գագաթներին փռած իրենց թևերով փակել էին Արևը…
Առյուծը մի սարսափելի մռնչյուն արձակեց, որպեսզի սթափեցնի կենդանիներին:
Արծիվը դեռևս թռչել կարողացող թռչուններին կարգադրեց օդի մեջ որսալ փայտացած թևերով իրենց ընկերներին և Մեծ սարի գագաթը հասցնել…
Չերկարացնեմ… Քչերը փրկվեցին…
Առյուծն այլևս չբարձրացավ Մեծ սարի գագաթը:
Արծիվն այլևս մոտ չգնաց անտառին:
Եվ միայն գիշանգղերն էին գոհ՝ լեշերը մի երկու ձմեռ կհերիքեին…
ք.Երևան, նոյեմբեր 2023թ.