Աշխարհի վերջին օրը
Մեղուն բզզում է հնդկոտեմի շուրջ,
Ձկնորսը նորոգում է ցանցը,
Զվարթ դելֆինները ցատկոտում են ծովում,
Ջահել ճնճղուկները կառչում են ջրատարներից,
Եվ օձի կաշին, սովորականի պես, ոսկի է։
Աշխարհի վերջին օրը
Անձրևանոցով կանայք կտրում են դաշտը,
Հարբեցողը քնած է այգու խոտերին,
Փողոցում կանչում են մրգավաճառները,
Դեղին առագաստով նավը մոտենում է կզղուն,
Օդում ջութակն է հնչում,
Եվ բացվում է աստղազարդ գիշերը։
Հիասթափված են նրանք, որ
Կայծակի ու որոտի էին սպասում։
Նշանների ու հրեշտակների փողերին սպասողները
Չեն հավատում, որ հասել է ժամը։
Քանի դեռ վերում արև ու լուսին կա,
Քանի դեռ իշամեղուն փոշոտում է վարդը,
Քանի դեռ վարդագույն են նորածինները,
Ոչ ոք չի հավատում,
Որ եկել է ժամը։
Միայն ալեհեր ծերուկը, որ կարող էր մարգարե լինել,
Եթե այլ զբաղմունք չունենար,
Լոլիկի թփերը կապելով ասում է․
«Աշխարհի վերջն ուրիշ կերպ չի լինելու,
Աշխարհի վերջն ուրիշ կերպ չի լինելու»։
«Փրկություն» ժողովածուից, 1945
Թարգմանությունը լեհերենից՝ Տաթև Չախեանի
Անգլերեն թարգմանությունը հեղինակի ընթերցմամբ՝