Կիկի Դիմուլա | Աշխատանք և ուրախություն

Նրանց, ովքեր անում են այն, ինչ ես եմ անում հիմա, գաղտնալսող են ասում:
Եվ սա նախատինք է: Արդարաբար:
Որպես ի՞նչ ես դու ուզում լսել բաներ, որ մի ուրիշը չի կամենում լսես:
Ես չէի ուզում լսել:
Լավ եղանակն էր մեղավորը: Որ պատճառ դարձավ` պատուհանս բացեմ:
Եվ իմ կարիքը` մի քիչ օդ շնչել:
Դա էր ինձ դրդողը, որ պատուհանին հենվեմ ու լսեմ մի կնոջ ասածները ինչ-որ մեկին: Նրա պատուհանն էլ էր բաց թողնված, գուցե նույն պատճառով` լավ եղանակի կարիք:
«…հեռանալու եմ:
Որոշել եմ:
Համբերեմ որ ի՞նչ: Ինչի՞ համար: Իբր փոխվելո՞ւ ես հիմա այսքան տարի հետո, կամ ես փոխվելո՞ւ եմ: Ինչի՞ համար, ասա՛:
Սկզբից էլ ասում էի: Լավ մտածիր: Ինձ ճամփից մի շեղիր, որ դու փորձեր անես:
Մտածել եմ, ասում էիր: Ում ուզում ես հարցնենք` հնարավո՞ր է ապրել անվերջ «ինչո՞ւ» հարցնող տղամարդու հետ:
Քեզ ասում եմ, Յաննի, չեմ դիմանում, դժվար է, խեղդվում եմ: Իսկ դու հարցնում ես` ինչո՞ւ:
Ասում եմ, Յաննի, կյանք չի սա, ճիշտ չենք ապրում, փոխել է պետք մի բան: Իսկ դու ինձ ասում ես` ախար ինչո՞ւ:
Ասում եմ, Յաննի, զգույշ մնա, ինչպես առանց ինձ հարցնելու զգացմունքներ առաջացան, այնպես էլ չեն հարցնի, երբ վերջանան, հանգչեն:
Ես զգում եմ, որ մի բան վերջանում է:
Իսկ դու ինձ հարցնում ես` ինչո՞ւ:
Քեզ հազար անգամ խնդրել եմ, աղաչել, հենց երեկ թեկուզ` Յաննի, եթե ուրիշ բան չես կարող ասել, գոնե էդ անդուր ինչուն մի ասա:
Նյարդերիս վրա ազդում է: Հուսահատության է հասցնում ինձ: Նախընտրում եմ հայհոյես ինձ, չպատասխանես, դուռը բացես ու հեռանաս, բայց ոչ դա:
Իսկ քո պատասխանն էր` ախար ինչո՞ւ»:
Չգիտեմ ինչու, բայց ես կնոջ կողմից եմ: Ճիշտ ես ասում, մենախոսում եմ, ճիշտ ես ասում, ու տեսա՞ր դու դրան` ծպտուն չի հանում:
«Չեմ դիմանում, – շարունակում է կինը,- ամբողջ օրը տանը փակված, չեմ դիմանում:
Կարծում ես, թե կյանքում մենակ պարտականություննե՞ր կան:
Ոչ, սխալվում ես: Կյանքն ուրախություններ էլ ունի:
Գնալու եմ: Վերջ: Հաշտվիր էդ մտքի հետ:
Դու կերպարանափոխված մահն ես:
Իսկ ես ապրել եմ ուզում:
Լսեցի՞ր»:

Գլուխս դուրս եմ հանում պատուհանից ու նայում անծանոթ սենյակի ներսը:
Կինն ինքն իրեն է խոսում:
Արդուկ է անում ու խոսում:

Թարգմանությունը հունարենից՝ Շամրիկ Խաչատրյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *