Ոտքդ զգույշ դիր հողին,
Այստեղ ամեն քայլափոխոն
Աղոթքից վանքի գմբեթներ են ծլում.
Շշուկով խոսիր կանաչի հետ,
Հպիր ձեռքդ եղեգներին օրորվող.
Դու կարող ես լսել
Սրտի զարկը Աստծո,
Որ կարող է ամեն վայրկյան ծնվել…
Հայրենիք
Դեռ այն ժամանակներից,
Երբ վիշապն ու այծը կռվում էին
Քարերի վրա, կամ՝ տիեզերքում,
Մենք այստեղ էինք,
Մենք այստեղ ենք։
Հայրենիք
Երբեք չես կարող իմանալ
Խոտերի արանքում ծպտված
մանուշակագույն, փոքրիկ
Քարը
Երկար նայեց քեզ
Ու …արդ ինչի՞ մասին լռեց։
Հայրենիք
Երբ լճերը մեր մեզնից գողացան,
Մեր արտացոլանքը տեսնելու
Ջրերը պակասեցին։
Այսպես մենք փոքրանում ենք։
Այսպես ենք մենք փոքրանում։
Հայրենիք
90-ականներին,
Լուսադեմին
Լսվում էր դռան բռնակի չըխկոցը։
Պապս գնում էր կանգնելու
Հացի հերթի մեջ։
Լուսադեմին լսվում էր մորս
Կարի մեքենայի ձայնը։
Նա անսովոր զգեատներ էր կարում
Իր և բոլորիս համար։
Եվ դու՝ հայրենիք,
Որ տեղավորվում էիր
Պապիս բերած տաք հացի
Ու մութ տարիների
Մորս կարած սաղարթե
Զգեստների մեջ։
Հայրենիք
Տատս կարմիր կազմով,
Մաշված երազահան ուներ՝
Տպագրված դեռ Արևմտյան Հայաստանում։
Ամեն առավոտ, կիսամթին,
սուրճի բույրի մեջ,
Նա իր երազի մեկնությունն էր կարդում,
Գիշերը՝ «Հայր մեր»-ով քնում էր։
Չգիտեմ տատիս երազներից
Պոկված արևմտահայերեն բառերից
Հատկապես որն էր կենդանացել,
Կամ՝ մարգարեացել կյանքի ընթացքում։
Բայց օրվա այս ժամանակացույցը անխախտ մնաց մինչև կյանքի վերջ։
Մահանալու օրն ինձ ասաց.
«Աս տանը կարգ ու կանոն պիտի ըլլա»։
Հայրենիք
Փոքր էի ու գիտեի,
Որ հայրս շիկացած երկաթը
երկաթին էր զոդում
Ու դարբասներ և երկաթե այլ
Կարևոր բաներ էր սարքում։
Ես գիտեո դրա կարևորությունը, որովհետև
Հորս տեսողությունը
Ամեն տարի վատանում էր։
Մինչ նա տուն կգար՝
Երկաթի ու քրտինքի հոտով,
Մենք՝ երեխաներով
Ծիրանի կորիզը համառորեն
Քսում էինք հուլիսյան եռացող
Ու ջրից թաց ասֆալտին,
Որ սուլիչ սարքենք։

