Աշոտ Գաբրիելյան | Գրապահոց

(հատված վեպից)

ՄԱԼԱԶՅԱՆ ԱՐՇԱԿԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԸ «ՄԱՏԵՆԱԳԵՏԸ» ՎԵՊԻ ՀԱՄԱՐ
(Չթվագրած. հավանաբար` 2015 թիվ)

Արդյո՞ք մարդն զգում է իր մոտալուտ մահը: Հակասական կարծիքներ եմ լսել: Շատ հայտնի մարդկանց վերջին գործողություններն ու արարքները մարգարեություններ են թվացել: Շատ մեծ գրողների մասին ասում եմ, որ նա կանխազգում էր իր մահը, բայց մյուս կողմից շատ եմ հանդիպել նման արտահայտությունների. «Դեռ երեկ եմ հանդիպել նրան, ասես ոչինչ չկար, ով կպատկերացնե՜ր»: Այո՛, մարդը և՛ կարող է զգալ իր մոտալուտ մահը, և՛ կարող է չզգալ, ինչպես կարող է զգալ կամ չզգալ հարազատի գալուստը: Եթե հարազատը երկար ժամանակ չի եկել, և մենք սովոր ենք նրան հաճախակի տեսնել, ապա կարող ենք կանխազգալ, որ նա ուր որ է կթակի մեր դուռը, այդպես էլ մահը, մենք ուրիշների օրինակով գիտենք մահվան գալուստի պատճառները և եթե այդ պատճառները խաչաձևում են մերինի հետ, մենք սկսում ենք ներքին մի զգացողությամբ մահվան մոտիկությունն զգալ: Ռուս մի հոգեբանի մոտ կարդացել եմ, բառացի չեմ հիշում, բայց մոտավորապես իմաստը սա էր, որ մարդը, եթե կառչած չլինի կյանքի ու կյանքի տևողությանը, դրան նպաստող ու խոչընոտող պատկերացումներին, ապա նա շատ ավելի երկար կապրի: Այսինքն` մեզ ժամանակից շուտ սպանում է կյանքի մասին ստացած մեր տեղեկատվությունը, որը ծննդյան օրից սկսած շրջապատում է մեզ: Այսինքն, եթե մենք շատ հաճախ չանսանք այդ տպավորություններին ու այդ տպավորություններով ձևավորված զգացողություններին ու ներքին ձայնին, ապա մենք շատ ավելի երկար կապրենք ու կարիք չի լինի մահը կանխազգալու:
Մատենագետը պետք է երկար ապրի, որովհետև նրա գործը անավարտ է: Անավարտությունը չվերագրեմ միայն մատենագետներին, պարզապես սա իմ մասնագիտությունն է ու սա եմ կարողանում օրինակ բերել, սակայն, այնուամենայնիվ, մատենագետը պետք է մյուսներից երկար ապրի: Ցանկացած գործ է կյանքում անավարտ: Նույնիսկ, երբ գրողն ավարտում է իր վեպը և հանձնում տպագրման, այդ ժամանակ նրա վեպը դառնում է անավարտ: Հարցրեք բոլոր վիպասաններին և նրանք սա կհաստատեն, սակայն շատ քչերն են համարձակվում նույն գետը երկրորդ անգամ մտնել և իրենց վեպի անավարտությունը փորձում են լրացնել այլ վեպ գրելով և այդպես մեզ համար ավարտունության պատրանք ստեղծում: Իրականում աշխարհում բոլոր վեպերն անավարտ են, այլապես գրքերից իմ ազդվելը իմաստ չէր ունենա: Ուսանողական տարիներին բանաստեղծություններ էի գրում: Նույնիսկ գրքեր հրատարակեցի: Փոքր տարածքները ավելի հետաքրքիր էին, շուտ էին սկսում ու շուտ ավարտվում: Իսկ չավարտածը արագ տեղավորում էի ուրիշ բանաստեղծությամբ: Այսպես անընդհատ ավարտելու ու չավարտելու ռիթմի մեջ էիր: Խաղում էի կյանքի հետ: Մատենագետի աշխատանքը հետաքրքիր է նրանով, որ կարող ես կոնկրետ ժամանակահատված վերցնել ու այդտեղ ամփոփել բոլորը. ասենք 20-րդ դարի այսինչ թվականների հրատարակված հայերեն գրքերը: Գործը ավարտվելու ենթակա է, բայց այդ գործի ընթացքում, եթե երազող ես, ապա սավառնում ես նաև մյուս թվականները, որտեղ քեզ համար նախապես արդեն հետաքրքիր բացահայտումներ ես արել:
Եթե ամեն ինչ անավարտ է ու ավարտունությունը ընդամենը պատրանք է ու արհեստական սահմանազատում, ապա ինչու ասացի, որ մատենագետը պետք է երկար ապրի: Երևի այն պատճառով, որ նա գործի ունի բոլորի անավարտ գործերի հետ ու կյանքը շատ կարճ է այս ամենը անգամ փորձել ամփոփելու համար:
Աշխատանքիս ընթացքում հաճախ եմ հանդիպել մարդկանց, որոնց մահվան թվականը նշված չէ` անհայտ է, կամ այն մատենագետը, որը զբաղվել է նրանով, այն աղբյուրներին չի հանդիպել, որտեղ կարող է տվյալ անձի մահվան թվականը լինել, կամ նույնիսկ անցել է այնքան ժամանակ, որ գործնականում այդ մարդուն այլև տեսնող չի կարող լինել: Չչարախոսեք, բայց ես ամենամեծ բերկրանքն եմ ապրել, երբ նրանց մահվան թվականը հայտնաբերել եմ, ես գոնե նրանց կյանքը օգնել եմ ամփոփել ժամանակի հոլովույթում: Ծննդյան թվականների ճշգրտելու անհրաժեշտությունը անհամեմատ քիչ է, քան մահվան թվականները ճշտելու անհրաժեշտությունը: Մարդիկ հաճախ փոխում են նաև իրենց գործունեության ոլորտը և անհետանում նախկին ոլորտի միջավայրից և արի գտիր, թե նա ինչով է այնուհետև զբաղվել: Մի խոստումնալից բանաստեղծ աղջիկ կար: Կորով ու կորով: Տասը տարի անց պատահաբար իմացա, որ նա ապրում է հենց մեր փոքրիկ համայնքի կողքին գտնվող մեկ այլ փոքրիկ համայնքում: Ամուսնացել է ու տասը տարի ոչ մի տող չի գրել, չի էլ մտածում այդ մասին, բանաստեղծություններ գրելը համարել է ուսանողական տարիների խանդավառության հետևանք: Մատենագետի համար չպետք է լինեն կարևորներ ու անկարևորներ, օրինակ` այդ աղջիկը լավ բանաստեղծուհի էր թե վատ: Մատենագետը դա պարտավոր չէ անել և ոչ թե այն պատճառով, որ մատենագետը չի կարող դրանք զանազանել, այլ այն պատճառով, որ մատենագետը մի գլուխ բարձր է դրանք որոշողներից: Փառքն ու հեղինակությունը տարբեր ժամանակաշրջաններ տարբեր կերպ է ներկայանում տարբեր անհատների: Մարդիկ կյանքից գլուխը կորցնում են և հավերժական փառքեր որոնում, ավելի շուտ` փորձում են հավերժությունը տեղավորել իրենց կյանքի մեջ: Սրանք կյանքից բան չեն հասկանում: Այսօր պատմության երեսից ջնջվել են անգամ գերհզոր պետություններ, որոնք ունեին իրենց գաղափարախոսությունները: Գալիս է ժամանակ, երբ այդ գաղափարները ծիծաղելի են թվում: Մատենագետը ամեն ինչ հավաքում է` հանուն որևէ գաղափարի, սակայն նա չի նշում գաղափարը, նա լավ է հասկանում, որ աշխարհը առաջ տանող գաղափարները փոփոխվում են, տեսանկյունները փոխվում են, և նա մարդկության համար պահպանում է իր տարբեր տեսողությունների հնարավորությունը: Մատենագետը համերաշխ է կյանքի հետ, ուստի նա երկար պիտի ապրի, որքան հնարավոր է:
Ես հիմա վախ ունեմ, որովհետև իմ այս նախաձեռնած հսկայածավալ գործը, ճիշտ է, լայն առումով մատենագիտության համար է, սակայն մատենագիտական չէ: Ես հիմա պիտի զբաղվեմ նաև կազմակերպչական հսկայածավալ գործով իմ մասնագիտության համար, բայց ժամանակ թերևս չեմ ունենա մասնագիտությամբ զբաղվելու համար:
Ինձ հաջողվեց աշխարհի շատ խոշոր կազմակերպությունների համոզել այստեղ աշխարհի թերևս ամենամեծ մատենագիտական կենտրոնը ստեղծելու համար: Թերևս սա կհզորացնի իմ երկիրը:
Մեկ-մեկ ինձ թվում է, որ ես իսկական մատենագետ չեմ, քանի որ աշխատանքիս ընթացքում շատ եմ շեղվում հիմնական անելիքից: Մատենագիտական մի փաստը ինձ կարող է մղել այլ որոնումների: Մեկ-մեկ ուզում եմ անգամ վեպ գրել, թեպետ վերևում ասվածը դրան չի համապատասխանում: Հիմա էլ վեպ եմ եմ ուզում գրել: Մտերիմներս իրավացիորեն ասում են, որ ես վեպ գրելու անընդունակ եմ, քանի որ ավելի շատ նյութեր եմ հավաքում, քան խորանում նյութի բուն էության մեջ: Ասում են, որ ինձ կսազի միայն պերճաշուք ոճով գրված, փաստերին խիստ հետամուտ դասական տիպի պատմավեպ գրելը, որն այսօր ոչ ոք չի կարդա: Երևի ճիշտ են, բայց մի բանում սխալվում են, ես չեմ սիրում երրորդ դեմքով պատմել, իսկ իրենց ասած պատմավեպը երրորդ դեմքով պատում է ուզում: Եթե պատմավեպ էլ գրեմ, ապա անպայման առաջին դեմքով, ես պետք է իրադարձություններին մասնակցեմ: Հաստատ: Չեմ սիրում երրորդ դեմքով պատումները:

ԵՐՐՈՐԴ ԴԵՄՔՈՎ ՎԵՊ

Ա
2016 թվականի ամառն էր:
Ւ գյուղից մոտ քսան կիլոմետր հեռու՝ անտառների մեջ, սփյուռքահայ մեծահարուստի ներդրումով հանգստյան շքեղ գոտու կառուցումը մի տեսակ տարօրինակ էր: Այդպիսի մեծ շինարարություն հանրապետությունում երկար ժամանակ չէր եղել:
Առաջինն արձագանքեցին բնապահպանները. երկրի սակավ անտառապատ տարածքներից տասը հեկտար տրամադրել այդ մեծահարուստի քմահաճույքին՝ հանցագործություն էին համարում: Ուրախ էին Ւ գյուղի բնակիչները, քանի որ շինարարության ընթացքում նրանց համար աշխատատեղեր էին ստեղծվել. նախ նրանք ասֆալտապատեցին իրենց գյուղից մինչև, չգիտես ինչու «Սալվատորե» անվանված, հանգստյան գոտի տանող ճանապարհը, ապա մեծ հաճույքով լծվեցին հանգստյան գոտու շինարարությանը: Համալիրն այնքան մեծ էր, որ Ւ գյուղի բնակիչներն համոզված էին, որ իրենց ամբողջ գյուղը հնարավորություն կունենա այդ հանգստյան գոտում աշխատելու:
Ամբողջ երկրի ուշադրության կենտրոնում «Սալվատորեն» էր: Թեր և դեմ կարծիքներ էին հնչում մամուլում, հասարակության տարբեր շերտերում: Հուզումը շինարարության ահռելիությունն էր այն երկրում, որտեղ բնակչության մեծ մասը աղքատ էր:
Ամեն դեպքում դեմ կարծիքները չկարողացան հակազդել, որպեսզի շինարարությունը չավարտվի, սակայն երբ շատ քիչ էր մնացել, որ «Սալվատորեն» ավարտին հասցվի, շշուկներ տարածվեցին, որ շինարարությունը կանգ է առել, իսկ մեծահարուստին հորդորել են, որ փասա-փուսեն հավաքի և լքի երկիրը: Ասում էին, որ սփյուռքահայ մեծահարուստ Աբդալյանին ընդամենը մեկ օր ժամանակ են տվել երկիրը լքելու համար: Տարբեր լեգենդներ ու առասպելներ հյուսվեցին, որոնցից բոլորին էլ կարելի էր հավատալ, քանի որ տվյալ սփյուռքահայը իրոք լքել էր երկիրը և այլևս միտք չուներ վերադառնալու, անգամ արտասահմանում գտնվելու ժամանակ չէր ցանկացել մեկնաբանել «Սալվատորեն» լքելու հանգամանքների մասին:
Թե ինչ մութ գործարքներ էին եղել և թե ինչ խարդախություն էր ստիպել այս ահռելի ներդրումն ուրանալ ու հեռանալ, այդպես էլ անհայտ էր մնում:
Որոշ ժամանակ անց, երբ գրեթե բոլորը մոռացել էին «Սալվատորեի» մասին, կառավարությունն աղմկացունց որոշում կայացրեց. «Սալվատորեն» պիտի գրապահոց հանդիսանա, այստեղ պետք է պահպանվեն նոր ժամանակներում տպագրած գրքերը` երկրից թե աշխարհից, որ այս մեծ ծրագիրը իրագործելու համար շատ ու շատ հարուստ հիմնադրամներ պատրաստ են հովանավորել: Գրապահոց՝ վայրի անտառի մեջ. մի փոքր զավեշտալի էր հնչում, բայց դե ինչ կարելի էր անել, վստահությունը կորցրած կառավարությունը փորձում էր ցույց տալ, որ ազգային շահերին է հետամտում, որ «Սալվատորեն» չի ծառայելու ցոփ ու շվայտ մեծահարուստներին:
Բամբասանքները նորից թափ առան: Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման բուռն դարում, երբ թվայնացվում են բոլոր գրքերը, կառավարությունը նոր գրապահոց է հիմնում: Ի՞նչ յուրահատուկ գրքեր է հավաքելու, որը կարող է համաչափվել այդ հսկայական ներդրումների հետ: Ամեն դեպքում կառավարությունն այդ բամբասանքներին զոհ չգնաց և կարճ ժամանակում ազգաբնակչությունն հասկացավ, որ մտադրությունը իրագործվելու է:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *