Պրոֆեսիոնալ կոմպոզիտորական աշխարհում հայ կոմպոզիտոր Աշոտ Զոհրաբյանի անունը քաջ հայտնի է բոլորին: Բայց ես շատ կուզենայի, որ այս խոշոր, ինքնատիպ վարպետի երաժշտությանը ծանոթանան նաև մեր հանրակցության սահմաններից դուրս: Հասկանալի է, որ Զոհրաբյանի երաժշտությունը մոտակա ժամանակներս չի դառնա միլիոնների սեփականությունը, քանզի լուրջ ակադեմիական երաժշտությունը առայժմ սկզբունքորեն չի կարող դառնալ միլիոնների սեփականությունը: Կիրառական երաժշտությունը, այո, կարող է: Կոմերցիոն երաժշտությունը՝ այո՛: Նույնիսկ փորձերը, եթե բավականաչափ սկանդալային են, և ինչ-որ մեկը փող է ներդնում դրանց գովազդման գործում, նույնպես այո՛: Բայց մեր արվեստի հիմքերի հիմքը կամ սուրբ սրբոցը՝ բարոկկոյի, կլասիցիզմի և ռոմանտիզմի գիծը շարունակող ակադեմիական երաժշտությունը, որտեղ կա ներդաշնակություն, և որում չեն ժխտվում մեր նախորդների ստեղծած ու զարգացրած արվեստի հիմնարար օրենքներն ու խոր ավանդույթները, որտեղ բոլոր գաղափարները ինքնատիպ, նույնիսկ ամենայուրահատուկ ու համարձակ, թող որ հաճախ վիճելի, գեղարվեստական ձև են ստացել, ահա այս երաժշտությունը, իհարկե, ոչ շուտ կտիրի լայն մշակութային հասարակայնության մտքերին: Այսպես եղել է միշտ, և այսպես է հիմա, և իմաստ չունի օրինակներ բերել. դրանք չափազանց շատ են, և դրանք գիտեն բոլորը: Մեր օրերում առանձնապես դժվար է ակադեմիական երաժշտության քարոզչությամբ զբաղվելը, քանզի մենք ապրում ենք ապշեցուցիչ դարաշրջանում, երբ չեն գործում բարոյականությունն ու բարոյագիտությունը, երբ այլանդակորեն դեֆորմացվել են ընտել հասկացություններն ու նշաձողերը, երբ քաղաքականությամբ համեմված բիզնեսը կամ բիզնեսով ուղղորդվող քաղաքականությունն են որոշում արվեստի ստեղծագործությունների գեղարվեստական արժեքը… Ստեղծագործական Օլիմպոսում- և, իմ կարծիքով, ամենևին ոչ միայն երաժշտության բնագավառում- իսկական վարպետների կողքին վախեցնող քանակությամբ հայտնվում են ինչ-որ անհասկանալի մարդիկ՝ իրենց նվազ արհեստավարժ մանրիկ արտադրանքներով և ընկճող սահմանափակությամբ, պարզունակ մտքերով: Այդ մարդկանց արտադրանքն ագրեսիվորեն գովազդվում է և լկտիաբար ներկայացվում որպես օրինակ: Ներկա պահին անհնար է, առողջ բանականությանը դիմելով, փորձել վերականգնել արդարացի աստիճանակարգությունը: Եթե այսօր ինչ-որ մեկը բանական ու կշռադատված արտահայտվի, նրան չեն լսի: Իսկ եթե հանկարծ լսեն, ապա չեն հասկանա: Իսկ եթե հասկանան, չե՛ն հավատա: Եվ, ուրեմն, ես շատ բան չեմ ուզում, ուզում եմ, որ Աշոտ Զոհրաբյանի երաժշտությանը ծանոթանան թեկուզ միայն ուրիշ արվեստներին ծառայող ստեղծագործական մարդիկ: Համոզված եմ, որ նրանցից շատերի համար դա հետաքրքիր կլինի, հնարավոր է նաև՝ օգտակար:
Աշոտ Զոհրաբյանն ավագ սերնդի կոմպոզիտոր է: Նա ծնվել է 1945 թվականին: Նրա ողջ կյանքը կապված է հարազատ Երևանի հետ: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան և ներկայումս այդ նույն կոնսերվատորիայի պրոֆեսոր է՝ գրեթե 40-ամյա աշխատանքային գործունեությամբ: Ուսանողներին տարբեր առարկաներ է դասավանդել, մասնավորապես՝ երաժշտության տեսություն և գործիքավորում, բայց ներկայումս կենտրոնացել է կոմպոզիտորական արհեստի նրբությունները սովորեցնելու վրա:
Ուզում եմ բացատրել, թե ինչում է կայանում Աշոտ Զոհրաբյանի ինքնատիպությունը: Նրա բոլոր ստեղծագործությունների հիմքում ընկած են հայկական ժողովրդական հնչերանգները: Բանահյուսությունը (ցանկացա՛ծ) գուցե և ոչ հավերժական, բայց մինչ այս պահը հաստատ չսպառված շերտ է: Ուրիշ բան, որ մեր գործընկերները ճնշող մեծամասնությամբ այդ շերտի հետ աշխատում են ավելի շուտ որպես կոմպիլյատորներ, քան կոմպոզիտորներ: Նվազագույն իսկ երևակայություն չդրսևորելով և գերի մնալով ձանձրացրած ստերեոտիպներին՝ մեծամասնությունը, գնդացրորդի նման, մեջտեղ է բերում անճաշակ և անարվեստ հնչող պատկերներ, որոնցում լուռ մահանում է ժողովրդական երաժշտությունը: Իսկ հարազատ բանահյուսությանը զգայուն ու հոգատար վերաբերմունք ցույց տվող նորարարներն այնքան էլ շատ չեն: Այդպիսիք էին Ստրավինսկին, Կոդային, Բարտոկը, Լութոսլավսկին… Եվ Աշոտ Զոհրաբյանին ես այս շարքն եմ դասում:
Հարյուրամյակների խորքից նրա երաժշտական ստեղծագործությունների ժամանակակից կոնտեքստ տեղափոխված հայկական ժողովրդական հնչերանգները նախևառաջ ստանում են այլ ռիթմիկ մարմնավորում: Եվ այդ պատճառով դրանք ոչ միայն «կենդանի» են, այլև բացվում են անսպասելի, զարմանալի կողմերից՝ սկսելով փայլել նոր, մինչ այդ պահը թաքուն մնացած նիստերով: Նկատեմ, որ ժամանակակից երաժշտությունը բնորոշվում է ոչ թե գործիքներ նվագելու նոր, մինչ այժմ անհայտ վարժաձևերով և ոչ էլ քրոմատիկ ձայնաշարից հրաժարմամբ՝ հօգուտ տոտալ սոնորիստիկայի, այլ հենց երաժշտական ժամանակի հոսքով: Յուրաքանչյուր դարաշրջանին հատուկ է սեփական հոսքը, և այսօր շատերի կողմից այնքան նախընտրելի ռիթմաբանաձևերը, որոնք հարմարեցված են ժամանակի հավասարաչափ ու չընդհատվող վազքին, անհաշտ հակասության մեջ են մտնում երաժշտական գրության մնացած բաղադրիչների հետ: Այսօրվա երաժշտական ժամանակը ենթարկվում է շատ ավելի բարդ օրենքի, և այն հենց այդպիսի՛ն է Աշոտ Զոհրաբյանի ստեղծագործություններում:
Բազմաշերտ պոլիֆոնիկ նյութերում նորովի հնչող ժողովրդական հնչերանգների առանձնահատուկ միահյուսման շնորհիվ Զոհրաբյանն ստեղծում է զարմանալի հնչյունային մթնոլորտ, որը հանձն չեմ առնում բառերով նկարագրել: Նրա բոլոր ստեղծագործություններում ծնվում է առանձնահատուկ հնչող տարածություն, որտեղ անպայման «աշխատում է» ինչ-որ մի տրամաբանական գործառույթ, որը չափագրում- կառուցում է այդ տարածության տարրերի ողջ բազմազանությունը, և տալիս է նրան ինչ-որ մի կատարյալ ձև: Ես միշտ այն տպավորությունն եմ ունենում, որ Զոհրաբյանի երկերում երբեք ու ոչ մի տեղ չկա ոչ մի ավելորդ նոտա, և յուրաքանչյուր նոտա կարևոր տեղեկատվության նշանակալից քանակությամբ մի աշխարհ է, և նոտաների հաջորդականությունը նման է բառերի հերթագայությանը մեզ ինչ-որ մի կարևոր միտք փոխանցող նախադասության մեջ: Ասված ամենավառ օրինակներից են կոմպոզիտորի «Բումերանգների խաղերի» 1-ին և 2-րդ տետրերը. սրանք կան YouTube-ում, և գտնելը
դժվար չէ:
Ինչպես գիտությունը, այնպես էլ երաժշտությունն ունեն իրենց աքսիոմատիկ հասկացություններն ու բնորոշումները: Աքսիոմատիկ հասկացություններից մեկը երաժշտականությունն է: Կարելի է գրել ստեղծագործություն, որտեղ ամեն ինչ ճիշտ լինի, որտեղ պահպանված լինեն երաժշտության բոլոր հիմնարար օրենքները… Բայց եթե այն երաժշտական չէ, ապա մեծամասնության մեջ մերժողական վերաբերմունք կառաջացնի: Կան, չէ՞, գեղանկարչական կտավներ, որոնց հնարավոր չէ առարկություններ ներկայացնել, բայց նմանապես էլ հնարավոր չէ դրանցից գեղագիտական հաճույք ստանալ: Իսկ պատահում է նաև այնպես, որ նկարիչը պարզապես մի գիծ է քաշում- դա դեռ արվեստի ստեղծագործություն չէ, դա պարզապես գի՛ծ է- և այն արդեն հիացնում է՝ հուզմունքի դող պատճառելով: Նույն բանը նաև երաժշտության մեջ է: Աշոտ Զոհրաբյանի ստեղծագործության մեջ երաժշտականությունն առկա է առավելագո՛ւյն չափով:
Թարգմանությունը ռուսերենից՝ Հովհաննես Այվազյանի
Աշոտ Զոհրաբյանի ստեղծագործություններին կարելի է ծանոթանալ այստեղ:
Աշոտ Զոհրաբյանի ստեղծագործության մասին Յուրի Կասպարովի հոդվածը գրված է հատուկ specialradio.ru պորտալի համար