Հուսով է, որ մահով ամեն ինչ կավարտվի
Կրկնություն կամ շարունակություն չի լինի
Չի ուզում
Վախենում է
Կրկնություն: Օրը մոխրագույն էր:
Առավոտյան սկսվում է մղձավանջը: Նորից իրականությունը սկսում է խեղդել: Աչքերը զոռով փակում է, բարձը դնում է գլխին: Ատում է արևը, ձայները: Իր անկյունում է ուզում մնալ: Հոսանքին հակառակ գնալը ավելի է մեծացնում լարվածությունը ու սկսում է ներսից իրեն ուտել: Մեկ ժամ թավալ է գալիս ու չի ուզում ենթարկվել իրականությանը: Նասկին, շալվարը, հեռախոսը, զանգերը, sms-ները իրականություննեն: Չի ուզում: Պատուհանը, քամին, ձվածեղի հոտը, կատուների մլավոցը, շան հաչոցը հուսահատեցնում են: Իրականության մեջ է: Ամեն ինչ վերջացավ էն ժամանակ, երբ սկսեց բարձով խեղդել ինքն իրեն: Արդեն ուշ է: Պարտվել է ինքը, ելք չկա: Պետք է ենթարկվել:
[Կրկնություն ]
Կանգնեց ու ուզեց կանգնած մնալ ժամերով: Թեկուզ կիսամերկ կկանգնի ու կմնա: Կփակի աչքերը ու չի զգա իրականությունը: Թխկոց լսեց հյուրասենյակից: Հոր ձայնն էր: Հիմա կարող է մտնել իր սենյակ: Արագ վերմակը քաշեց վրան ու սպասեց: Ոչ ոք էլ չմտավ իր սենյակ: Ուղղակի ինքը փչացրեց ամեն ինչ:
Զզվելի է ասաց այսօրվա իր առաջին բառը: Շալվարը քաշեց վրան, բլուզը հագավ ու դուրս եկավ սենյակից: Սենյակից դուրս գալով վերջին հույսն էլ մեռավ: Նա հստակ գիտեր. օրն անցնելու է տխրության մեջ: Նման մնացած օրերին:
[Կրկնություն ]
Դրսում արևը վառում է, իսկ ինքը չի ուզում ներս գալ ու լվացվել: Չի ուզում ոչինչ ուտել: Սիրտը խառնում է: Սրտխառնոցները համարյա ամեն օր կան: Դրանք անհանգստության ազդակներն են: Ներսում անհանգիստ վիճակից սկսում է սիրտը խառնել:
Զզվելի է ասաց երկրորդ բառը: Տանը ոչ մեկի չբարևեց: Բարևելու նպատակը անհսականալի ու հիմար է թվում իրեն: Կամ ինքն է հիմար պարզապես:
Մոտենում է այն պահը, երբ ինքը արդեն բոլորովին իրականության մեջ խեղդված կլինի: Այդ պահը կսկսվի, երբ լվացվի, հաց ուտի, փոշիները վերցնի, նամակներին պատասխանի, հիմար սմայլիկներ դնի, հիմար պատմություններ պատմի ու լսի:
[Կրկնություն]:
Սկսում է ստեղներին ինչ-որ բառեր հավաքել: Շատ արագ ու ուժեղ: Կտկտոցի ձայներն անգամ իրեն են շեղում ու երևի պատուհանից դուրս են լսվում: Սուրճի հոտն էլ հիշեցնում է կնկնությունը ու իրականությունը: Սիգարետ է ուզում: Երեկ քայլում էր Մաշտոցով՝ մտքում մեկին հանդիպելն ու խոսելն էր: Բայց ոչ մի ծանոթի չտեսավ, իսկ անծանոթներն էլ չմոտեցան: Ինքն էլ չհասկացավ՝ ոնց մոտեցավ կրպակին ու Bond վերցրեց: Իրականում ինքը չի ծխում, ոչ էլ առանձնապես ձգտում ունի ծխող աղջիկ դառնալու: Չի ուզում ծխի այգում կամ փաբում, որ տղաները մոտենան: Բայց երեկ ծխեց, որ կրկնություն չլինի: Երևի: Լուցկիով վառեց սիգարետը: Լուցկի վառել շատ է սիրում: Իրար հետևից մի երեք հատ ծխեց, երբ արդեն այգում էր նստած՝ խոտերի վրա: Անծանոթ տղան մոտեցավ ու ինչ-որ բառեր ասաց, որն ինքը չլսեց. ականջակալները ականջին էին: Անջատեց երգը: Indian Summer էր լսում: Սկսեց լսել տղային, որ բանակից նոր էր զորացրվել, Մարտունի 2 զորամասում էր ծառայել ու ինչ-որ ռեստորանում էր աշխատում: Տղան ասում էր, որ ինքը լավն է ու չպետք է այստեղ նստի մենակ: Հետո էլ չէր լսում տղային: Արդեն հայացքն էլ չէր տեսնում ու կողքի վազող շներին ու մարդկանց էր նայում: Այդ տղան իր տեսակից չէր:
Ես ուղղակի ուզում եմ մենակ մնալ: Խնդրումեմ , ինձ մենակ թող: Ես ուզում եմ իրականությունը չզգամ: Ես ուզում եմ սպասեմ, չգիտեմ էլ ում: Ուզում եմ հիշողություններով մնամ: Ես սիրում եմ էս այգում նստել:
Գնա՞մ:
Ահա ու ժպտաց
Իմ համարը ասեմ կգրանցե՞ս մոտդ:
Չէ, հաջողություն:
Սիգարետից կոկորդը սկսեց քերել: Մութն ընկավ: Հիշեց, որ հոկտեմբերին այդտեղ նրան գրկած նստած է եղել: Ժամերը չէր զգում: Ձեռքերի ու ոտքերի դիրքն էր փոխում, էլի չզգալով, թե ոնց է անում:
Չհիշեց քանի ժամ էր նստած մնացել: Փողոցով քայլելիս մտածեց, որ ամեն ինչ իր գիտակցության վրա հետք է թողել: Ինքն էլ չէր ուզում նրան հանդպել: Ոչ ոքի չէր ուզում հանդիպել, որ ստիպված չբարևի: Ուզում էր գրել: Համարյա վազում էր կանգառից դեպի տուն: Վազում էր, որ իրեն գցի համակարգչի առաջ ու էլի կտկտացնի ստեղներին: Հուսով էր, իրեն կկարդան ու կսիրեն: Եթե չկարդան ու չսիրեն, ինքը ստիպված իրենկ կարդա ու կսիրի:
Կրկնություն չէր:
Երբ հասավ տուն ու ենթագիտակցաբար քայլերը տարան դեպի բաղնիք, հասկացավ, որ իրականությունն էր նորից: Սրտխառնոցը սկսվեց: Նա հասկացավ, որ ոչինչ այլևս չէր կարող գրել: Պառկած նամակներին պատասխանելն ու չատվելը վերջին կաթիլն էր իրականության մեջ խեղդվելու: Իրականության զգացումը արդեն փաթաթվեց ամբողջ մարմնին ու կառչեց իրենից:
Զզվելի է ինքն իրեն ասաց երրորդ բառը:
Սա էլ արդեն կրկնություն դարձավ:
Կիրք: Օրը կապույտ էր:
Հաջորդ օրը մկրատը վերցրեց ու մազերը կտրտեց բիզ-բիզ սարքեց: Արանքներից մի քանի մանր հյուս արեց ու գունավոր թելեր ավելացրեց արանքներում:
Ինչո՞ւ:
Ինչո՞ւ են աչքերը միշտ ուռած առավոտները:
Ինչո՞ւ է մայրը խոհանոցում շխկշխկոցով ամանները լվանում:
Ինչո՞ւ է սենյակի օդը սառը:
Ինչո՞ւ են մազերը չորացել ու գանգուրները քանդվել:
Ինչո՞ւ է ինքը դանդաղ շարժվում:
Ինչո՞ւ է ինքը դանդաղ մտածում:
Երբեմն լինում է, որ ինչ-որ բաներ պարզապես ստացվում են: Հենց այնպես, առանց ջանք թափելու իր մոտ ստացվում են: Բայց հիմա հասկանում է ,որ դրա վերջն էլ է եկել: Կիրք է պետք ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի նկատմամբ: Թոյֆլ հանձնելու համար պիտի կրքով պարապի, Լեյդենում սովորելու համար պիտի կիրք ունենա ու գրի մոտիվացնող նամակը, նորից սիրելու համար պիտի կիրք զգա: Կիրք է փնտրում:
Կարոտում է իր տեսակին: Նմանին: Փնտրում է իր տեսակին:
Հիմա կիրք ունի կարծես. ուզում է կիթառ նվագել սովորել:
Իրականում արդեն հասկանում է, որ իր ամենահարազատ ու ամենաանկեղծ, ամենաազնիվ ու ամենասիրուն մտքերն ու ցանկությունները միշտ խեղդված են մնում գլխում: Երբ սկսում է բարձրաձայնել, հիմարություն են դառնում, կորցնում են իրենց արժեքն ու դատարկվում են: Երբ փորձում է արտահայտել, զգում է, որ չի ստացվում: Տպավորություն է, թե համապատասխան բառերը չկան: Էդ մտքերն ու ցանկությունները, որ իրենն են, իր ամենաիսկական եսը, բացի իրենից երևի ոչ մեկ չգիտի:
Մեկ-մեկ գրելով է փորձում խոսել, բայց սա էլ միանշանակ չի ստացվում:
[անվերնագիր]: Օրը դարչնագույն էր:
Շունչ քաշեց ու ձեռքը տարավ դեպի դուռը: Որոշեց թակել, բայց չստացվեց նորից: Մազերը ուղղեց, պայուսակից հանեց ջրի շիշն ու մի կում արեց: Շոգից ոտքերն էլ քրտնել էին կոշիկների մեջ:
Զզվելի է մտածեց ու նորից փորձեց թակել դուռը: Այս անգամ ստացվեց: Չէր ուզում բացեն դուռը: Միայն թե տանը մարդ չլինի: Միայն թե տանը մարդ չլինի: Ոչ ոք դուռը չբացի: Չստացվեց: Բացեցին:
-Բարև Ձեզ: Ես սոցիոլոգիական ընկերությունից եմ: Մենք հետաազոտություն ենք անցկացնում մադկանց կենսամակարդակի ու սոցիալ-տնտեսական տարբեր թեմաների շուրջ: Քա՞նի տարեկան եք ու կասե՞ք Ձեր կրթությունը :(Բռնեց): Ժամանակ կտրամադրե՞ք Ձեզ հետ հարցում անցկացնեմ:
Անտրամաբանական հարցերի շարքը նորից է կարդալու: Օրինակ՝ ի՞նչ խնդիրներ ունեք ձեր համայնքում կամ ո՞նց կգնահատեք Գալուստ Սահակյանի աշխատանքը, կասե՞ք երեք առկա հիմնահարց Հայաստանում: Հիմարության գագաթնակետն է: Երբեմն մտածում է, ավելի լավ է մարմնավաճառությամբ զբաղվել, քան էս հարցումներով: Համենայն դեպս մարմնավաճառը ինքնախաբեությամբ չի զբաղվում ու դիմացինի նյարդերի վրա չի ազդում ու հիմար հարցեր չի տալիս: Ինքն իրեն զզվելի է հիմա: Հարցերի մեջ կան էնպիսի մասեր, որ չի իմանում՝ ոնց կարդա տարբեր տիպի մարդկանց շրջանում: Անցած անգամ մի պապիկի հարցրեց՝ո՞նց եք վերաբերվում հակաբեղմնավորիչների կամ պահպանակների օգտագործմանը, պապին պատասխանեց, որ սկզբում լավ աղջկա տպավորություն էր թողել: Դե դու էլ գնա գրողի ծոցը, այ պապի: Դու էլ ժամանակ չունես քառակուսու մեջից դուրս գալու:
Հարցումների ժամանակ տարբեր մարդիկ են հանդիպում, այնքան տարբեր տեսակներ մարդու, որ ինքը երբեք չէր կարողանա պատկերացնել: Մեկ-մեկ դուռը շխկացնում են վրան, մեկ-մեկ ինքն է մունաթ գալիս: Երբեմն կանչում են տուն ժամերով գերդաստանի պատմություն պատմում ու գլուխը տանում: Հիմնականում մեծ տհաճությամբ է դուռ թակում, բարևում մարդկանց ու զզվելի կեղծ ժպիտով խոսում:
Վախենալու աստիճանան անկարևոր ու երկրորդական է համարում իր աշխատանքը: Անտարբերությունը իր արած գործի նկատմամբ չափ չունի:
Կատուն սատկեց : Օրը անգույն էր:
Երբ Երևանից եկավ, մայրն ասաց, որ կատուն սատկել է:
Հիմա 2015 թվականն է, օգոստոսի 19-ը:
Քամին դեմքին ինչ-որ բառեր (բաներ) է շպրտում: Նա կպայքարի քամու դեմ: Տերևները չեն թափվի աշնանը: Էս աշունն ավելի սիրուն կլինի քան նախորդը:
Տատը: Օրը գույն չուներ:
Տատը կանգնում էր սենյակի պատուհանի մոտ ու դուրս էր նայում: Սենյակից դուրս էր գալիս կես ժամը մեկ ու ասում էր, որ սոված է: Այդ շրջանում արդեն մոռացել էր դեղ խմելու մասին: Հիվանդությունն ավելի էր խորացել: Շաքարից ոտքերը վերքեր էին եղել, որ չէին լավանում ու ավելի էին խորանում դեպի ոսկորը: Տատը չէր հասցնում գնալ զուգարան ու տակն էր անում: Վրայից հոտ էր գալիս: Նա տատի սենյակ համարյա չէր մտնում: Առասարակ տուն չէր ուզում գալ: Երևանում էր մնում ու խուսափում էր տուն գալուց: Տատին չէր կարողանում տեսնել:
Մի գիշեր տատը վեր էր կացել անկողնուց ու լացում էր բարձր ձայնով: Օգնություն էր կանչում: Ասում էր, որ կորել է, չգիտի՝ որտեղ է: Կանգնել էր անկողնու կողքի աթոռի հետևում ու մնացել այդ անկյունում: Դռան տեղը չէր գտնում:
Նա այդ գիշեր չքնեց: Լացեց: Առավոտը ասաց, որ Երևանում շտապ գործ կա, պիտի գնա: Գնաց:
Տատի մահանալուց հետո նա չկարողացավ լացել:
Օրը գույն չուներ կամ անգույն էր: