Հարցազրույց Լևոն Խեչոյանի հետ | Աստված արվեստագետին ուղարեկել է հողագնդի վրա, որ նա ի զորու լինի աղոթել մարդկանց համար

Լուսանկարը՝ Գերման Ավագյանի

Հարցազրույցը՝  Նատալյա Իգրունովայի

Մենք ծանոթ էինք, ինչպես «Դրուժբա նարոդով»-ում բոլորը ծանոթ էին ամսագրում տպագրված ամենատաղանդավոր հեղինակներից մեկի հետ: Մոսկվա գալիս նա այցելում էր խմբագրություն՝ Պովարսկայա, երկար զրուցում Լեոնիդ Արտեմի Տերակոպյանի հետ (գլխավոր խմբագրի տեղակալ), հանգամանալից ու բարյացակամ պատասխանում մեր հարցերին Հայաստանում ապրող ընկերների ու կյանքի և այն մասին, թե ինչ է կատարվում իրենց գրականության մեջ, շատ ուշադիր լսում էր այն, ինչ ասվում էր իր պատմվածքների մասին, ակնհայտ էր հետաքրքրությունը մասնագիտական գնահատականների ու խորհուրդների հանդեպ, հատկապես թարգմանությունների: Երբեք ՑԴԼ[1]-ում հավաքույթներ չկազմակերպեց և խմբագրություններում սեղան չբացեց, ինչպես կովկասցի այլ գրողներ. միայն մեկ անգամ նրա հրապարակումը թրջեցինք մի շիշ տնական թթի օղիով, որ բերել էր Լեռնային Ղարաբաղից: Դրա համար էլ հիշվեց, որ Ղարաբաղից էր, որտեղ մի անգամ ինչ-որ ժամանակ նա՝ որպես կամավորական, կռվել էր: Կարևորության զգացողություն: Կյանքի ու մահվան գինն իմացող մարդու աչքերը, լուրջ  հայացքը, թվում էր, ինչ-որ տեղից՝ խորքից, ակնթարթորեն փայլում էին ուրախ կամ հեգնալից ժպիտով: Զսպվածություն և արժանապատվություն, որոնց հետևում զգացվում էին ամուր բնավորությունը, ուժեղ կրքերը և պահանջկոտությունն իր և ուրիշների նկատմամբ: Անսպասելի ամաչկոտություն: Դեմ չէր համակրանք շահելուն, բայց ոչ ամեն գնով: Ոչ մի սեթևեթանք, կեցվածք  ու կեղծիք: Ահա այսպիսի մարդ:

«Դրուժբա նարոդով»-ի համար հարցազրույց ձայնագրելու գաղափարը ծագեց Լևոնի՝ Մոսկվա կատարած այցերից մեկի ժամանակ Տերայի սենյակում: Զրուցում էինք շաբաթ օրը «Իզվեստիա»-ի  դատարկ խմբագրությունում, որտեղ այն տարիներին ես աշխատում էի «Դրուժբա նարոդով»-ին զուգահեռ: Զրույցը հեշտ չէր, ընդհատվում էր երկարատև լռությամբ, մենք մի քանի անգամ ընդմիջեցինք և նորից շարունակեցինք: Մինչ այդ ես կարդացել էի միայն նրա պատմվածքները. այդ ժամանակ Հայաստանում տպագրված նրա վեպերի մասին իրականում ոչինչ չգիտեի: Լևոնը պատասխանում էր հակիրճ՝ նորից հարցնելով և մեծ պատասխանատվությամբ ընտրելով ռուսերեն բառերը: Անհրաժեշտ էր լինում ինչ-որ բան ճշտել: Ես անգամ ափսոսացի. ինչքան դժվար է, երբ մարդուն չես ճանաչում, առավել ևս երբ փորձում ես հաղթահարել լեզուն… Դրան նա հանգիստ պատասխանեց (դա կա ժապավենի վրա)՝ կատարելապես ցնցելով ինձ. «Իսկ ինչո՞ւ է ինձ թվում, թե վաղուց ճանաչում եմ Ձեզ: Ես  շատ քիչ եմ վստահում որևէ մեկին, իսկ Ձեզ, չգիտես ինչու, վստահում եմ»: Եվ այդ վստահությունը, անկեղծությունը և իր համար շատ կարևոր բաներ ասելու և հասկանալի լինելու ցանկությունը, ինձ թվում է, պահպանվել են նաև թղթի վրա: Որպես այդ հարցազրույցի գլխավոր ջիղ: Հիմա ես այդպես եմ հասկանում: Իսկ այն ժամանակ ինձ թվում էր, թե հարցազրույցի հրապարակման համար նյութը չի բավարարում, և ձայներիզը մնաց չվերծանված: Լևոնը գալիս էր Մոսկվա, այցելում խմբագրություն, ես, ուրախ դեմք ընդունելով, ինչպես լինում է տանուլ տված խաղի ժամանակ, հերթական անգամ ներողություն էի խնդրում, նա հասկանալով ժպտում էր…  և ձայներիզը այդպես մնաց: Եվ ահա, վերջապես,  2010 թվականի մայիսի 10-ին (ձայներիզի վրա թիվը պահպանված է) մենք ձայնագրեցինք երկրորդ զրույցը: Առանց պատրաստվելու. նա ազատ ժամանակ ուներ, իսկ ձայնագրիչս, պարզվեց, ինձ հետ է:

Կարելի է ասել, որ այդ երկու հարցազրույցները՝ հինգ տարվա ընդմիջումով, եղան իմ իսկական ծանոթությունը Լևոն Խեչոյանի հետ: Եվ դա շատ ճշգրիտ  ժանրային տարբերակում է. ի վերջո, հարցազրույց-ծանոթությունը կայացավ:

Բայց այդ ծանոթությունը ընթերցողների համար նորից տարիներով մի կողմ դրվեց:

Իմ մեղքն է, և ես նորից ասում եմ՝ «Լևո՛ն, ներեցե՛ք…»

Հիմա, երբ արդեն կարդացել եմ նրա երկու՝ պատմական «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» և ղարաբաղյան «Սև գիրք, ծանր բզեզ» վեպերը (Լևոնն ինձ ուղարկել էր թարգմանությունները ոչ թե հրատարակելու, այլ խորհրդակցելու, թե ինչպես կարելի էր սկսած գործն ավարտել), խոսակցությունն այլ կլիներ: Ծայրահեղ դեպքում ես ավելի լավ կհասկանայի այդ գրողի մեծությունը (անհատականության մեծությունն առանց այն էլ զգացվում էր), կհասկանայի, որ շատ բաներ այն ամենից, ինչի մասին մենք արդեն խոսել էինք, անհանգստացրել և տանջել էին նրան տարիներով, շատ բաների մասին նա արդեն փորձել էր խոսել այդ իսկ վեպերով:

Ազատագրական երթի մեկնող կամավորների պարզունակ ռոմանտիկայի մասին. «գնդակը կվրիպի, արկը չի պայթի», դու կհաղթես և շքանշանները կրծքիդ  կվերադառնաս հայրենիք, գլխավոր հրապարակով «շքերթի ելած ժողովրդի միջով կանցնես, և աղջիկները կփսփսան ու կնայեն սիրահարված աչքերով», այն ռոմանտիկայի մասին, որ ջարդուփշուր կլինի պատերազմական առօրյայից և այդ օրերի դաժան ճշմարտությունից. հենց այդ նույն Ազատության հրապարակից՝ սգո միտինգներից  և հանդիսավոր խոսքերից հետո, զոհվածներին  պանթեոն թաղելու տանելիս: «Այրվող գյուղերի և ճանապարհների եզրերը բռնած գաղթականների քարավանների»: Վերջին փամփուշտների ու շրջափակման վախի մասին: Դիպուկահարների՝ թաքնված լեռներում: Ոջիլների, փորլուծության, հյուծող շոգի ու ծարավի, ցրտահարված ոտքերի, անքուն օր ու գիշերների և ուշաթափության նմանվող քնի, ընկերոջ զոհվելու, «կրակի մեջ թշշացող ու ջուր արձակող բոխու թաց փայտերի» մասին, որ չեն տաքացնում, կիրճում ռմբակոծության ուժեղ արձագանքի, «երկուսին բաժին հասած մեկ պաքսիմատի», գիշերվա ժամը 9-ին մայրաքաղաքից ժամանած վերանորոգող մասնագետների, որ առանց տանկը նորոգելու գնում են քնելու, գոռգոռոցների մասին վիրավորի, որին ոչնչով օգնել չեն կարող, դագաղից եկող հոտի, Ուիթմենի բանաստեղծությունները լսող զինվորների, «ծնկի իջած գերու, որի  ձեռքերը կապկպված էին, և վիզը երկար էր ու բարակ, ինչպես սագի վիզը», այն մասին, թե ինչպես էին ուզում բռնաբարել տասներկուամյա աղջնակին, անողոք պատերազմից դաժանացած զինվորների ու նաև այն մասին, որ չի կարելի թույլ տալ՝ պատերազմը «մտնի քո ներսը»: Ամոթի զգացումի մասին: Ժամանակի զգացողության կորստի մասին: Տան կարոտի: Այն մասին, թե ինչպես է խարխափում պատերազմից վերադարձած մարդը` իր տեղը չգտնելով խաղաղ քաղաքում, և մարդկային անտարբերությունից ինքն իրեն չգտնելով: Այն մասին, որ փառքի ու ճանաչման փոխարեն գրականությունն ավելի հաճախ գրողին արժանացնում է անեծքի ու մտրակող հուսահատության: Լեռան ծերպերում աճած կապույտ ծաղկին գամված մարդու հայացքի և «վնգոցով ժայռերին ծեփվող ու կայծեր հանող գնդակների սուլոցի», վառված քարի հոտով բուրող կապույտ ծաղկի մասին: «Հողի երեսին արյան կարմիր լճակի»  և մահվան՝ իր հավերժությամբ սև: Ձյան վրայով սահող սևաթև ինչ-որ թռչունների: Տաքի և լույսի մեջ եղած երկու կրակների՝ կյանքի և արվեստի տարբերության մասին. կյանքի, որտեղ միախառնվել էին մարդկային կրքերը, հավատը, ուրախություններն ու վախերը, և արվեստի, որտեղ իշխողը արվեստագետի զգացմունքներն են ու նրա՝ աշխարհը տեսնելու հայացքը: Այն մասին, թե ինչպես են լքված տան բակի գետնին ցրված լուսանկարներից քեզ  նայում խոշոր աչքերը: Այն մասին, որ մենք բոլորս մեկ համընդհանուր հոգու մասնիկներ ենք՝ ստեղծված համայն հողագնդի փոշուց, և Փառանձեմ թագուհու ու Արշակ արքայի սիրո պատմության մասին (բարձր լեռներում, արևից շիկացած քարերի,  բուրավետ ուրցի մեջ, կառքում, որի ծածկին խփում էր տեղատարափը, որտեղ արթնացումը նման էր նիրհի, և որտեղ կարմրամորուք հովիվը կաթ էր հյուրասիրում կավե  գավով), որ «իրականում» կատարվել էր նրա մյուս վեպի հերոսների հետ: Այն մասին, որ մարդը նորից ու նորից այս աշխարհ է վերադառնում իր տոհմի ճանապարհով, և ազատության ոգու մասին, որ տարածել է իր թևերն Արևելքի ու Արևմուտքի միջև: Այն մասին, որ չնայած ցրտին, սովին ու պատերազմին՝ նրա երկիրը պետք է գնար համայն մարդկության ճանապարհով և վերակերպավորված՝ մնար  Հայաստան …

Երևի զրույցն այլ հունով ընթանար, եթե իմանայի այս ամենը: Սակայն սա չէ կարևորը: Լևոն Խեչոյանի վեպերը Ռուսաստանում այդպես էլ  չեն հրատարակվել: Եվ ձեզ նրա մասին հայտնի է նույնքան, ինչքան ինձ այն ժամանակ: Գրեթե: Բայց տարբերությունը տիեզերական է. դուք գիտեք, որ նա այլևս չի ապրում…

                                        ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ  ԱՌԱՋԻՆ

Ն.Ի.-Իմ առաջին մեծ հոդվածը հայ գրականության մասին էր, Աղասի Այվազյանի:

Լ.Խ.-Նա մեծ վարպետ է:

Ն.Ի.- Երբ սկսեցի զբաղվել գրականությամբ, հայ ժամանակակից արձակագիրներից (ես չեմ խոսում Բակունցի և Մահարու՝ երկու ամենամեծ գրողների մասին) գիտեի նրան և Հրանտ Մաթևոսյանին: Թեև նրանք շատ տարբեր գրողներ են:

Լ.Խ.- Դուք չեք սխալվել: Շատ տարբեր են, բայց երկուսն էլ վարպետ են:

Ն.Ի.- Իսկ ի՞նչ է նշանակում «վարպետ» գրողի, գրականության առումով :

Լ.Խ.- Վարպե՞տ… Միանգամից բնորոշելը դժվար է: Ինձ թվում է՝ վարպետն այն մարդն է, որ կարող է պատ շարել ոչ թե խելքով, այլ սրտով և չսխալվել: Ահա Վարպետը:

Ն.Ի.- Այսինքն՝ շատ ճշգրիտ աչքաչափո՞վ և ճշգրիտ ձեռքո՞վ:

Լ.Խ.- Եվ դրա հետ մեկտեղ հոգի է դնում: Որովհետև տունը միայն քար չէ, միայն բետոն չէ, միայն մետաղ չէ: Տունն այն տեղն է, որտեղ ապրում են հոգին, նախնիների ոգիները: Վարպետը այն մարդն է, որ սրտով է տուն կառուցում և չի սխալվում:

Ն.Ի.- Իսկ ովքե՞ր են Ձեր սիրելի արձակագիրները :

Լ.Խ.- Հրանտ Մաթևոսյան: Ֆոլքներ: Պրուստ: Միանգամից դժվար է ասել:

Ն.Ի.- Որևէ մեկին վերընթերցո՞ւմ եք:

Լ.Խ.- Անկեղծ ասած՝ ո՛չ: Չգիտեմ՝ ինչու:

Ն.Ի.- Ընթերցածը շա՞տ լավ է հիշվում:

Լ.Խ.- Պատահում է, որ ամենալավ պատմվածքը կամ վեպը կիսատ եմ թողնում, փակում եմ ինձ շատ դուր եկած տեղում: Դրանից հետո ունենում եմ գեղեցիկի երկարատև զգացողություն, որ այդ տոնը երբեք չի ավարտվի: Այո՛, իմիջիայլոց, Հեմինգուեյ էլ եմ շատ սիրում: Մի քանի անգամ կարդացել եմ Աստվածաշունչը:

Ն.Ի.- Ովքե՞ր են  Ձեր սիրելի բանաստեղծները:

Լ.Խ.- Չարենց, Բլոկ, Ուիթմեն:

Ն.Ի.- Ի՜նչ տարբեր բանաստեղծներ են:

Լ.Խ.- Պոեզիան նման է երաժշտության, երգի: Տարբեր ժամանակ այլ կերպ ես լսում և զգում: Երբեմն ուզում ես լսել Մոցարտի 40-րդ սիմֆոնիան, երբեմն՝ 9-րդ: Նայած տրամադրության: Այդպես էլ պոեզիան: Երբեմն ամենամոտը Բլոկն է, երբեմն՝ Վահան Տերյանը կամ Չարենցը:

Ն.Ի.- Ունենո՞ւմ եք կարդալու ժամանակ:

Լ.Խ.- Այո՛, մի քիչ ունենում եմ:

Ն.Ի.- Դուք ինչ-որ տեղ աշխատում, ծառայո՞ւմ եք:

Լ.Խ.- Ո՛չ, չեմ աշխատում: Զբաղվում եմ միայն գրականությամբ:

Ն.Ի.-  Դրանով Հայաստանում  հիմա հնարավո՞ր է ապրել:

Լ.Խ.- Իհարկե ո՛չ: Մի կերպ: Ստիպված պարտքերի մեջ ես խրվում մինչև հաջորդ պատմվածքը կամ գիրքը: Կամ ինչ-որ մեկի գիրքը խմբագրելը, ինչ-որ ամսագրի համար պատվերով էսսե գրելը:

Ն.Ի.- Դուք մանկավարժական ինստիտուտ եք ավարտել: Իսկ աշխատե՞լ եք որպես ուսուցիչ:

Լ.Խ.- Աշխատել եմ ընդամենը մեկ տարի: Հայ գրականություն եմ դասավանդել: Դա յոթերորդ կամ էլ ութերորդ դասարան էր (ժպտում է): Երբ ես պատմում էի, նրանց աչքերն այնքան լավն էին: Երեսուն զույգ աչք նայում է, փայլում, իսկ դու գնում ես այդ աչքերի հետևից, գնում, գնում ես… Ինչպես գիշերը՝ աստղերի հետևից: Հետաքրքիր էր:

Ն.Ի.- Իսկ ինչո՞ւ այդքան  շուտ  թողեցիք  դպրոցը:

Լ.Խ.- Ինձ ուրիշ աշխատանք առաջարկեցին: Երբ մեզ մոտ վերակառուցումն սկսվեց, ինձ առաջարկեցին լինել Հրազդանի քաղաքապետարանում մշակույթի բաժնի վարիչ: Այնտեղ նույնպես կարճ աշխատեցի՝ մեկ տարի: Հավանաբար դա իմ բնույթով է պայմանավորված:

Ն.Ի.- Իսկ ինչպե՞ս հայտնվեցիք Ղարաբաղում: Ինչո՞ւ:

Լ.Խ.-Դա պե՞տք է:

Ն.Ի.- Ձեզ հասկանալու համար:

Լ.Խ.- Պատերազմ էր: Եղել էր Սումգայիթը, հետո՝ Բաքուն: Հիշո՞ւմ եք:

Ն.Ի.-Իհարկե, հիշում եմ:

Լ.Խ.- Հենց այդ ժամանակ էլ անհրաժեշտ էին կամավորական ջոկատները, ինքնապաշտպանական ջոկատները: Եվ ես մեկնեցի որպես կամավորական: Կարող եմ երկար պատմել այդ մասին, բայց չեմ ուզում: Երկու տարի առաջ մենք՝ իրար դեմ կռվող կովկասյան երկրների գրողներս, հավաքվեցինք Թբիլիսիում և հետո գիրք հրատարակեցինք: Հայերը, աբխազները, վրացիները, օսեթները, ադրբեջանցիները… Ահա  այդ ժամանակ ես առաջարկեցի. եկեք մեկս մյուսի մասին վատը չասենք: Իսկ երբ ավելի ուշ եղա Եվրոպայում՝ «գրական» գնացքում, բոլոր հանդիպումների ժամանակ կարդում էի դասախոսություն՝ «Գրականությունը և պատերազմը» թեմայով: Եվ այն պատմվածքները, որ գրում եմ, պատերազմի դեմ են, ոչ թե որևէ ժողովրդի: Ինձ թվում է՝ դուք դա հասկացել եք, այնպես չէ՞:

Ն.Ի.- Գիտե՞ք՝ ինչն է ինձ համար կարևոր:

Լ.Խ.- … խնդրեմ, կարող եք հարցնել:

Ն.Ի.- Այնտեղ հայտնված մարդը և այնտեղից վերադարձած մարդը  տարբե՞ր են:

Լ.Խ.- Այո՛: Երկու տարբեր մարդիկ են: Շատ:

Ն.Ի.- Ինչո՞վ:

Լ.Խ.- Այն ժամանակ ես դեռ ջահել էի: Ամեն ինչ այնքան հեշտ էր: Ինձ թվում էր, որ…

Ն.Ի.-Դուք դրա համար  հե՞շտ  որոշում կայացրիք:

Լ.Խ.- Ես ասում եմ «հեշտ», որովհետև մենք գիտեինք՝ ուր ենք գնում և ինչի համար: Բացի դրանից, մտածում էի, որ աղջիկներն ինձ կսիրեն: Դա շատ կարևոր է:

Ն.Ի.-  Քանի՞ տարեկան էիք:

ԼԽ.-  Այն ժամանա՞կ (ժպտում է): Չեմ հիշում:

Ն.Ի.- Իսկ ո՞ր թվականն էր:

Լ.Խ.- Պատերազմի սկիզբն էր՝ 91 թվականը:

Ն.Ի.- Լավ, ինքներս կհաշվենք:

Լ.Խ.- ( Ժպտում է): Ահա: Աղջիկները կսիրեն: Հետո երբեմն քո ներսում մտածում ես, որ կհերոսանաս: Իսկ երբ հայտնվում ես այնտեղ՝ պատերազմի մեջ, իսկույն տեսնում ես, որ ամենևին էլ այդպես չէ: Ի՜նչ հերոսություն, ի՜նչ աղջիկներ: Դու այնքան հեռու ես դրանցից: Եվ արդեն կանանց մասին այլ կերպ ես երազում: Արդեն ուրիշ ձևով ես զգում: Այնտեղից ես վերադարձա ինքնավստահ: Ինքնավստահ, քանի որ վերադարձել եմ: Շատերը չվերադարձան: Ինքնավստահ, ուժեղ. զգում էի, որ կանցնեմ բոլոր մեղքերի միջով և մաքուր կմնամ… Ես մի քանի անգամ գնացել եմ այնտեղ: Երբ վերադարձա, հավանաբար պատերազմն իմ ներսում դեռ շարունակվում էր: Պատերազմից հետո, երբ ժամանակ է անցնում, ուրիշ աչքեր են բացվում: Հոգու աչքեր: Եվ դու արդեն տեսնում ես ուրիշ կերպ: Դուք հարցնում էիք՝ սպանե՞լ  եմ, թե՞ ոչ: Հենց այդ ժամանակ ես դու ինքդ քեզ այդ հարցը տալիս: Գիշերն ես տալիս: Ցերեկն ես տալիս. «Սպանե՞լ եմ, թե՞ ոչ…» Այդ ժամանակից էլ մտածողությունդ փոխվում է, դառնում ես ուրիշ:

Ն.Ի.- Ուրի՞շ: Ինչպիսի՞ն:

Լ.Խ.- Ինչպիսի՞ն… Զգում ես, որ դու նույնպես մահկանացու ես, որ կարող էիր մնալ այնտեղ: Որ կանայք, որոնց մասին այդքան երազում էիր, միայն երազանքներ էին: Դու հոգևոր մարդ ես դառնում:

Ն.Ի.- Պարզվում է՝ այդ ամենի միջով, այնուամենայնիվ, անհրաժե՞շտ էր անցնել:

Լ.Խ. – Պատերազմն ընդհանրապես ոչ մեկին պե՜տք չէ: Բոլոր չարիքները դրանից են ծնվում: Դա անօգուտ է, պետք չէ ոչ մեկին: Եվ ոչ էլ տերություններին է պետք: Ոչ էլ փոքր երկրներին է պետք: Ես չունեմ որևէ պատմվածք ինչ-որ մեկի, ինչ-որ հակառակորդի դեմ: Դրանք բոլորը պատերազմի դեմ են:

Ն.Ի.- Հայրենական մեծ պատերազմի մասին չէ՞ որ Խորհրդային Միությունում հսկայական գրականություն կար: Այդ փորձը անհրաժեշտ չեղա՞վ:

Լ.Խ.-  Ո՛չ, համարյա ամենը, ինչ ես կարդացել եմ, սուտ է: Հերոսական գրականություն, հերոսական կերպարներ եղել են:

Ն.Ի.- Կարելի է վիճել, բայց կարևոր չէ:

Լ.Խ.- Դա բոլորովին նման չէ, միանգամայն այլ է: Այն ժամանակ կռվում էին կանոնավոր բանակները, որ փորձ ունեին, լեյտենանտները սովորել էին ուսումնարաններում: Իսկ այս պատերազմը բոլորովին այլ էր:

Ն.Ի.- Քաղաքացիական էր:

Լ.Խ.- Այո՛, քաղաքացիական էր: Եվ դու ինքդ պետք է մտածես երբ մեռնել: Ինչ-որ գեներալ քեզ հետևից հրաման չի տալիս, թե գնացեք և զոհվեք, դու պետք է որոշես երբ մեռնել, երբ քնել, երբ մարտի նետվել: Ինձ թվում է՝ սա ավելորդ խոսակցություն է: Ո՞չ: Ես ուզում եմ իմ խոստումը պահել, որպեսզի այն տպավորությունը չստեղծվի, թե ես ահա, նստած Մոսկվայում, պարծենում եմ:

Ն.Ի.- Դե ի՞նչ է նշանակում՝ պարծենում եմ: Դա էլ փորձ է, որի միջով Հայաստանում շատերն անցան: Եվ այստեղ ինչո՞վ պարծենաս: Չէ՞ որ եթե անգամ Դուք ցանկանայիք այդ փորձը դեն նետել, որոշեիք Ձեր կյանքի այդ հատվածը ջնջել, մոռանալ, միևնույնն է, դա գոյություն էր ունենալու Ձեր ենթագիտակցության մեջ և արտահայտվելու էր Ձեր՝ մարդկանց տեսնելու ձևի, կյանքը ճանաչելու, գրելու մեջ: Չէ՞ որ  դա չէր կարող Ձեզ չփոխել: Ամեն ինչ չափազանց լուրջ է, որ հետք չթողնի մարդու վրա:

Լ.Խ.- Այդպես էլ կա:

Ն.Ի.- Իսկ ահա այն մարդիկ, այն հայերը, որ այնտեղ չեն եղել, նրանք ա՞յլ կերպ են նայում կյանքին: Դա ցնցո՞ւմ էր հայ ժողովրդի համար:

Լ.Խ.- Իհարկե: Եվ յուրաքանչյուր փոքրաթիվ ժողովրդի համար է դա հսկայական ցնցում: Չէ՞ որ այնտեղ զոհվում են լավագույնները, երիտասարդները, գենոֆոնդը:

Ն.Ի.-Մեկ երկիր էր, կյանքի քիչ թե շատ միասնական փորձ, քիչ թե շատ, որովհետև իրականում կյանքի դրվածքը ծայրամասերում՝ Հայաստանում կամ Ռուսաստանում կամ էլ Էստոնիայում, տարբեր էր: Կար ինչ-որ ընդհանուր քաղաքակիրթ խավ, իսկ դրա տակ՝ ազգային պատմության, մշակույթի, ազգային սովորույթների ստվար շերտ: Բայց այնպես եղավ, որ առանձնացան, և յուրաքանչյուր երկրի կյանքի նոր փորձը միանգամայն այլ է: Եվ ինչ-որ երևույթներ նույնիսկ արդեն դժվար է հասկանալ: Թեև թվում էր, ազատություն էին ուզում. ահա նա՝ ազատությունը, կա, և ի՞նչ:

Լ.Խ.- Ամեն  ժողովուրդ՝ և՛ մե՛ծ տերություն, և՛ փոքրաթիվ բնակչությամբ երկիր, ինքնորոշման իրավունք ունի: Ունի ազատության իրավունք: Այդ ժամանակ նոր արվեստ է ի հայտ գալիս: Անցած տարիների արվեստի վրա Խորհրդային Միության կնիքն էր: Կայսրության կնիքը: Իսկ հիմա ամեն ժողովուրդ դնում է իր անձնական կնիքը, արտահայտում իր բնավորությունը: Դա գեղեցիկ է:

Ն.Ի.- Վճարած գինը արժե՞ դրան:

Լ.Խ.- Ինձ թվում է՝ այո՛, արժե: Միայն թե անհրաժեշտ է պահպանել այդ ամենը:

Ն.Ի.- Կային խորհրդային հանրապետություններ, որոնք  շահեցին անկախության ձեռքբերումով: Ասենք՝ Մերձբալթիկան: Այնտեղ կային դեռ մոտ  անցյալում պետականության փորձ, կազմավորված տնտեսություն, ուղիղ ելք Եվրոպա: Բայց Հայաստանի համար ամենևին էլ այդքան հեշտ չէր: Համարյա առանց բնական միջոցների, առանց էներգետիկայի, ոչ բարեկամական շրջապատումով… Բայց մյուս կողմից էլ Հայաստանի՝ իր պետականության մասին հավերժական երազանքը:

Լ.Խ.- Սիրելի՛ս, ե՛կ խոսենք մի երևույթի մասին ևս: Տնտեսությունը, էներգետիկ պաշարները… Ողջ աշխարհում այսպես է. մի երկրում դրանք կան, մյուսում՝ չկան: Բայց շատ ավելի  կարևոր է խոսել ուրիշ բանի՝ Ոգու մասին: Կան երկրներ, որոնց գետնի տակ նավթ կա, կան երկներ, որտեղ նարինջ է աճում, երկրներ էլ կան, որտեղ ոսկի կա: Կան երկրներ, որոնց ընդերքում Ոգի կա: Դա, օրինակ՝ Տիբեթն է, Եգիպտոսը: Դա նաև Հայաստանն է, նրա Արարատը: Դա նույնպես հարստություն է:

Ն.Ի.- Ինչպես կան  եկեղեցիներ, որ աղոթատեղիներ են, այդպես էլ կան երկրներ, հողեր, որտեղ Ոգի՞ն է թագավորում:

Լ.Խ.- Այո՛: Ահա հենց այդ մասին էլ ուզում էի ասել: Ի՞նչ է Արարատը: Նրա վրա  անգամ գայլը չի կարող ձագ հանել, որովհետև այնտեղ լերկ քարեր են, ու ցուրտ է: Բայց լերկ քարեր են թուրքերի համար: Իսկ հայերի համար այդ լեռը Ոգի է ծնում:

Ն.Ի.- Ե՛վ պատերազմը, և՛ այն ահավոր ձմեռները.  դա հնարավո՞ր գին էր:

Լ.Խ.- Ահա թե ինչպես է ազատությունը տրվում: Իսկ ի՞նչ է, ձեզ համար ահավոր ձմեռներ չեղա՞ն, երբ ռուս մեծ ժողովուրդը նվաճեց իր ազատությունը: Ե՞րբ ազատագրվեց մոնղոլական լծից: Ահա, տեսնո՜ւմ եք: Ինքնասպանություն է, երբ մարդը կամ էլ ժողովուրդը չի մտածում ազատության մասին: Բանական էակը միշտ պետք է մտածի ազատության մասին: Մեզ այդպես է տրված: Ինչի՞ց է ծնվում գրականությունը: Մենք շղթաներով գամված ենք հողին, բայց ուզում ենք պոկվել դրանից: Եվ երբ ուզում ենք ազատվել շղթաներից, ծնվում է գրականությունը:

Ն.Ի.- Իսկ այն դիլեման, որ ողջ աշխարհի համար սեպտեմբերի 11-ից հետո ձևակերպեցին ամերիկացիները՝ ազատությո՞ւն, թե՞ անվտանգություն:

Լ.Խ.- Ես ազատության կողմնակից եմ: Ես շղթաներ չեմ սիրում, ես ընտրում եմ ազատությունը:

Ն.Ի.-Հայաստանում ազատության այդ պոռթկումը  պահպանվե՞լ է, թե՞ մարդիկ հիմա հակված են ընտրելու ինչ-որ այլ բան: Բարեկեցություն…

Լ.Խ.- Մենք հիմա փորձում ենք երկիր կառուցել: Ինչ-որ բան շատ լավ է ստացվում, ինչ-որ բան՝ շատ վատ, բայց մենք  փորձում ենք: Շատ բան հաջողվել , և շատ բան չի հաջողվել: Եղել են սխալներ: Բայց պետք է կառուցել, պետք է ունենալ երկիր, որպեսզի սերունդներն ազատ մեծանան:

Ն.Ի.- Բայց մարդիկ լքում են:

Լ.Խ.- Սխալներից մեկը դա է: Վատ է: Պետությունը պետք է իր քաղաքացուն պաշտպանել կարողանա: Դա շատ կարևոր է: Եթե քաղաքացին պաշտպանված լինի, այլևս չի հեռանա: Ուրեմն նա իրեն պաշտպանված չի զգում:

Ն.Ի.- Ինչո՞ւ են հեռանում:

Լ.Խ.- Ապրել է պետք: Աշխատանք չկա… Մենք արդեն ավելի շատ խոսում ենք քաղաքականությունից, քան գրականությունից:

Ն.Ի.- Անձամբ Ձեզ մի՞թե քաղաքականությունը չի հետաքրքրում: Ինձ թվում է՝ պետք է հետաքրքրի: Թեև կան գրողներ, որ դրանից խուսափում են:

Լ.Խ.- Ո՛չ, ես դրա մեջ եմ ապրում:

Ն.Ի.- Եվ անդամակցո՞ւմ եք ինչ-որ կուսակցության:

Լ.Խ.- Ո՛չ: Երբեք: Եվ կուսակցություններ չեմ սիրում: Ինչպե՞ս կարող է գրողը պատկանել ինչ-որ կուսակցության: Չէ՞ որ նա գրում է ողջ ժողովրդի համար: Նա պետք է լինի ժողովրդի կուսակցությունից:

Ն.Ի.-Լևո՛ն, չէ՞ որ դուք նույնպես մեկնել եք Հայաստանից և աշխատել եք այստեղ՝ Մոսկվայում:

Լ.Խ.- Այո՛, աշխատել եմ Կուրսկի կայարանում, ասֆալտ եմ փռել: Հիմա այդ մասին խոսելիս ես  չեմ ամաչում, իսկ այն ժամանակ ամաչում էի: Ողջ ժամանակ դողում էի: Ինձ թվում էր՝ ցրտից է: Կամ էլ անձրևից. այն ժամանակ անձրևում էր: Բայց դա տևեց մեկ շաբաթ, և ես հասկացա, որ մրսելս անձրևից չէ. դա գալիս էր իմ ներսից՝ ինչ-որ տեղից. կա՛մ վախ էր, կա՛մ ամոթ, որ ասֆալտ եմ փռում… Ինչ-որ հեռուստատեսությունից եկել, նկարահանում էին, թե կովկասցի բանվորներն ինչպես են աշխատում, ինչպես են ապրում, քնում վագոն-տնակներում, կեղտոտ են… Այդ ամենը կուտակվել էր. գուցե դրանից էի դողում: (Ժպտալով) Բայց դրանից հետո ես մի շատ լավ պատմվածք գրեցի՝ «Կորեացին»: Ֆլեյտայի և կորեացի աղջկա մասին:

Ն.Ի.-Այն ժամանակ դուք այստեղ երկա ՞ր  մնացիք:

Լ.Խ.- Այո՛: Գարնան ավարտից հետո, երբ սկսվում են ասֆալտապատման աշխատանքները  մինչև հոկտեմբեր, թե նոյեմբեր:

Ն.Ի.- Դա ե՞րբ էր:

Լ.Խ.- Հիմա ասեմ…Այն ժամանակ, երբ փողն արժեզրկվեց: Հանկարծ «սև երեքշաբթի» եղավ, և այդքան դժվարությամբ աշխատած փողը դարձավ գրոշ՝  երկու հարյուր դոլար:

Ն.Ի.-   Մի՞թե  Հայաստանում հնարավոր չէր աշխատել:

Լ.Խ.- Այն ժամանակ՝ ո՛չ: Անհրաժեշտ էր կերակրել ընտանիքս: Երեխաները ուսանող էին:

Ն.Ի.- Ինչպե՞ս  էիք  ձեզ  զգում  Մոսկվայում:

Լ.Խ. – Լավ: Այստեղ ես ընկերներ ունեմ: Շատ էի հոգնում: Երբ օրը հինգ-վեց մեքենա ասֆալտ ես բեռնաթափում, դու արդեն չես ուզում անգամ լվացվել, ուտել չես ուզում: Բայց երբեմն հանդիպում էի ընկերներիս:

Ն.Ի.- Մենք վերջերս շատ ենք խոսում, թե Հայաստանից, Ադրբեջանից, Տաջիկստանից, Մոլդովայից եկած մարդկանց համար որքան դժվար է Մոսկվայում ապրելը: Ոչ միայն այն պատճառով, որ նրանց աշխատանքը դժվար է հենց ինքնին: Ինչ-որ բան է փոխվել մարդկային հարաբերություններում:

Լ.Խ.- Ռուսաստանը մեզ այլևս իր քաղաքացիները չի համարում: Եվ ոստիկանությունն էլ փողոցներում վիրավորում է: Նա, իհարկե, իր գործն է անում, բայց չէ՞ որ նախկինում նման բան չկար: Երբեմն մարդիկ անկեղծ խոսել չեն կարողանում: Ներսում վիրավորանք է մնում, որ կուտակվում, կուտակվում և հանկարծ սկսում է դիմակայությունը մեծ երկրի ու մեծ ժողովրդի հանդեպ:

Ն.Ի.- Իսկ Ձեր հայրենիքում տեղյա՞կ են լինում, երբ Մոսկվայում հայեր են սպանվում:

Լ.Խ.- Դա իսկույն իմանում է ողջ Հայաստանը մեկ մարդու պես:

Ն.Ի.- Օրերս՝ նախանցյալ օրը, թե երբ, նորից երկու հոգու են կրակել: Ուրիշ ոչինչ չհաղորդեցին, թե ով են, ինչի համար…Մեկը մահացել է, մյուսը հիվանդանոցում է:

Լ.Խ.- Երեկ չէ առաջի՞ն օրը: Ես չգիտեի:

     Տիրում է երկարատև լռություն:

Լ.Խ.- Այլևս խոսել չեմ կարող… Իսկ այդ աքաղաղը (իմ թիկունքում՝ պատին, օրացույց է– Ն.Ի.) ինչպես էր օգնում ինձ խոսել քեզ հետ…

         Լևոնը լռում և փորձում է ինքն իրեն գտնել: Ես անջատում եմ ձայնագրիչը: Իմ ցավակցությունը չի մխիթարում: Թեյ եմ պատրաստում և խոսակցությունն այլ հունով տանում: Լևոնը պատասխանում է, բայց միևնույնն է, երևում է, որ ցավը չի անցել:

Ն.Ի.- Դուք ծնվել եք Վրաստանո՞ւմ:

Լ.Խ.- Այո՛, Վրաստանում՝ Ախալքալաքում: Գյուղի անունը Բարալետ է:

Ն.Ի.- Լինո՞ւմ եք այնտեղ:

Լ.Խ.- Երբեմն, թեկուզ տարին մեկ անգամ:

Ն.Ի.- Այնտեղ հարազատներ մնացե՞լ են:

Լ.Խ.- Այո՛, իմ ազգականներն այնտեղ են:

Ն.Ի.- Իսկ ինչպե՞ս  տեղափոխվեցիք Հայաստան:

Լ.Խ.- Ավարտեցի դպրոցը, անհրաժեշտ էր սովորել, ախր այնտեղ հայկական ինստիտուտներ չկան: Գնացի Հայաստան ու ավարտելուց հետո մնացի այնտեղ: Հետո տեղափոխվեցին ծնողներս: Իսկ ընդհանրապես իմ նախնիներն Արևմտյան Հայաստանից են: Էրզրումից: Իմ նախապապը թաղված է Էրզրումում: Պապս՝ Ախալքալաքում: Հայրս՝ Հայաստանում: Ահա, ըստ սրա՝ կարող եք պատկերացնել, թե ինչ է ցեղասպանությունը: Դա այն է, երբ անգամ գերեզմաններ չկան, որ այցելես:

Ն.Ի.- Հիմա հնարավո՞ր է Հայաստանից Թուրքիա գնալ:
Լ.Խ.-  Շատերն են գնում: Բայց ես չեմ գնա: Ինքս ինձ խոստացել եմ, որ Թուրքիա կգնամ միայն մեր բանակի մուտքից հետո:

Ն.Ի.-  Բանակից հետո՞:

Լ.Խ.- Այո՛: Դա նշանակում է, որ գուցեև երբեք: Չէ՞ որ եթե ամեն մի ամրոցի, ամեն քաղաքի, ամեն եկեղեցու վրա թուրքական դրոշ կա, ես չեմ կարող ոտք դնել այնտեղ:

Ն.Ի.- Դուք լսե՞լ եք մի այսպիսի թուրք գրողի՝ Օրհան Փամուկի մասին: Նա Նոբելյան մրցանակի դափնեկիր է:

Լ.Խ.- Լսել եմ, բայց չեմ կարդացել:

Ն.Ի.- Հայաստանում գիտե՞ն, որ նրա դեմ դատական գործ է հարուցված այն պատճառով, որ նա ճանաչել է ցեղասպանությունը:

Լ.Խ.- Այո՛, այդ մասին շատ է գրվել: Նա ամեն ինչ շատ ճիշտ է անում: Դա անհրաժեշտ է նաև հենց իր համար:

Ն.Ի.- Այնուամենայնիվ, ողջ ժամանակ գրականությունը և քաղաքականությունը խաչվում են… Լևո՛ն, Ռուսաստանում տպագրվել են միայն ձեր պատմվածքները: Իսկ ինչի՞ մասին են վեպերը:

Լ.Խ.- Մեկը ղարաբաղյան պատերազմի մասին է, կոչվում է «Սև գիրք, ծանր բզեզ»: Երկրորդը պատմական վեպ է՝ «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի»: Երկուսն էլ թարգմանված են: Բայց ես չգիտեմ՝  արժե՞ արդյոք թարգմանությունը տպագրել: Հարց, որ միշտ տալիս եմ ինքս ինձ՝ ինչո՞ւ:

Ն.Ի.-Դա Ձեզ համար՝ ինչո՞ւ: Դուք գրում եք Ձե՞զ համար:

Լ.Խ.-Երբ երիտասարդ էի, մտածում էի, որ գրում եմ ինչ-որ մեկի, ավելի ճիշտ՝ ժողովրդի համար: Նույնիսկ ծիծաղելի է: Հետո հանկարծ հասկացա, որ գրում եմ միայն ինձ համար:

Ն.Ի.- Որպեսզի ինչ-որ բա՞ն ասեք, ներսում եղա՞ծն արտահայտեք :

Լ.Խ.- Պատմվածքներում, նույնիսկ վեպերում կան այնպիսի հատվածներ, որ ինձնից բացի ոչ ոք չգիտի՝ ինչ է դա: Եվ ես հենց այդպես էլ թողնում եմ:

Ն.Ի. –Պետք է հանելո՞ւկ մնա:

Լ.Խ.- Ով ուզում է, թող հասկանա, իսկ եթե՝ ոչ, նշանակում է ՝ ես չեմ ասի, դա իմ… Այդ պատճառով էլ հարց է առաջանում՝ ինչո՞ւ տպագրել: Եվ հետո դրանից դեպրեսիա է սկսվում:

Ն.Ի.- Երևի հնարավոր չէ առանց զգացողության, որ դա քեզ պետք է, գրող դառնալ: Առանց գրելու պահանջ ունենալու: Բայց, այնուամենայնիվ, եթե չլինեն հենց այդ նույն Չարենցը, հենց այդ նույն Մահարին, հենց այդ նույն Մաթևոսյանը, նաև հայերն էլ այլ կլինեին…

Լ.Խ.- Իհարկե: Դա այդպես է: Ինչպես ուրիշ են լինում այն մարդիկ, որոնք ապրում  են հովիտներում, ապրում են անտառներում, տայգայում, նրանք, ովքեր ապրում են ծովին մոտ կամ լեռան կողքին… Մեծ մարդիկ ճիշտ այնպիսին են, ինչպիսին ծովն է, ինչպիսին լեռը: Եվ նրանց կողքին, նրանց հետ ապրում է ժողովուրդը:

Ն.Ի.-  Իսկ Մաթևոսյանը . նա լե՞ռ է, թե՞ ծով:

Լ.Խ.- Լեռ: Նա լեռ է: Լեռ, որ նայում է Հայաստանին: Բարձրից: Այո՛: Այդպես էլ պետք է լինի: Ինձ թվում է՝ այդպես է նաև ռուս ժողովրդի համար: Եթե չլիներ Շոլոխովը, Դոստոևսկին, դուք այլ կլինեիք: Արվեստը ժողովուրդներին օժտում է տարբեր նրբերանգներով, տարբեր գույներով, տարբեր մտածողությամբ:

Ն.Ի.- Իսկ Ձեզ համար ամենևին կարևոր չէ՞, որ կյանքի մասին ձեր զգացածը ինչ-որ մեկն էլ զգա, հասկանա և ճանաչի:

Լ. Խ.- Կարևոր է… Ես փորձում եմ գրել: Ես գրում եմ: Եթե ինչ-որ մեկին պետք է, կվերցնի: Իսկ գուցե ինչ-որ մեկին էլ դա անհեթեթություն թվա… Կարծում եմ՝ արվեստում այդպես էլ պետք է լինի: Չպետք է պարտադրել:

Ն.Ի.- Դուք ի՞նչ էիք ցանկանում ասել  Ձեր արցախյան վեպով:

Լ.Խ.- Ողջ վեպն այն մասին է, ինչի մասին խոսել ենք սկզբում. պատերազմի դեմ է: Թե ինչ գարշելի է պատերազմը:

Ն.Ի.- Գործողությունները որտե՞ղ են կատարվում:

Լ.Խ.- Ե՛վ այնտեղ, և՛ Հայաստանում: Այդ վեպը արվեստագետի, գրողի մասին է, որ երեք, չորս ամսով մեկնում է պատերազմ, հետո վերադառնում Հայաստան, բայց կես ամսից նորից է մեկնում պատերազմ: Ե՛վ այն կյանքը, և՛ այս կյանքը: Վեպն այդ ամենօրյա կյանքի մասին է: Դժվար է կարճ պատմել… Հինգ տարի ես գրել եմ այդ գիրքը, իսկ դուք ուզում եք, որ տասը րոպեում պատմեմ, թե այն ինչի մասին է:

Ն.Ի. – Թարգմանությունը տվեք, կարդամ:

Լ.Խ.- Կուզենայի, բայց այն ինձ մոտ չէ:

Ն.Ի.- Իսկ ի՞նչ է գրել քննադատությունը:

Լ.Խ.- Գրել են տարբեր բաներ՝ և՛ լավ, և՛ վատ:

Ն.Ի. –Դրանից ինչ-որ բան, որը Ձեզ համար կարևոր էր, որ ասվեր, հասկանալի՞ էր եղել:

Լ.Խ.- Ինձ թվում է՝ ոչ: Բայց մի՞թե դա է էականը: Երբևէ հասկանալի կլինի: Պետք չէ նպատակ դնել, որպեսզի վաղը բոլորը հասկանան: Ամեն ինչ՝ իր ժամանակին: Խնձորն ինչպե՞ս է հասնում ծառին: Ժամանակը գալիս է…

Ն.Ի.- …հասնում և ընկնում  է:

Լ.Խ.- Հասնում և ընկնում է: Այդպես էլ հասկանալը:

Ն.Ի.- Իսկ հիմա ընդհանրապես գրականություն պե՞տք է:

Լ.Խ.- Ըստ իս՝ այո՛, անպայման պետք է: Մարդն այնպես է կառուցված, որ նրան ինչ-որ պատմություն է պետք, հոգու հետ խոսող պատմություն: Մարդիկ իրար միշտ ինչ-որ բան են պատմել: Երբեմն քարանձավներում որսորդ են նկարել: Կամ եղնիկ: Դա նույնպես պատմվածք է. մեկը մյուսին պատմել է, որ եղնիկն ահա այսպիսին է: Կամ էլ խարույկի մոտ մի ցեղ է նստել, և ինչ-որ մեկը շատ գեղեցիկ պատմել, պարծեցել է, որ ինքն այծեղջերու է սպանել, հետո վագր, հետո փիղ…Մարդը գեղարվեստի պահանջ ունի: Երբ նա լսում է դա, հոգին փառավորվում է…

Ն.Ի.-Իսկ պատմվածքն ավելի շուտ ինչի՞ց է ծնվում՝ բառի՞ց, բնավորությունի՞ց…

Լ.Խ.- Ես ունեմ պատմվածք, որ ծնվել է հոտից. քայլում էի փողոցով ու հանկարծ վառված կտորի հոտ առա: Հետո գրեցի մի շատ գեղեցիկ պատմվածք: Կոչվում է «Սպասում»: Այն թարգմանված է ռուսերեն: Այնտեղ դատում են պապին, և երեխան սպասում է, թե երբ է հայրը դատարան գալու, որ նրանք այնտեղ երեքով կողք կողքի լինեն: Եվ պապն էլ է սպասում որդուն: Իսկ նա չի գալիս, որովհետև ամաչում է հոր համար: Ահա սա է պատմվածքը: Իսկ ընդհանրապես տարբեր են լինում:

Ն.Ի.- Իսկ այն պատմվածքը, որտեղ վերջին պահին, մեկը մյուսին չվստահելով, գնդակահարում են գերիներին  և փոխանակում դագաղները («Փոխանակություն»), արդյոք ինչ-որ իրական հենք ունի՞, թե՞  հորինվածք է:

Լ.Խ. – Նման իրավիճակ եղել է:

Ն.Ի.-Ինձ համար դա ցնցում էր: Ես այդ պատմվածքից հետո սկսեցի հետևել ձեր հրապարակումներին:

Լ.Խ.- Իսկ դուք կարդացե՞լ եք «Հողի դողը»: Դա նույնպես լավ գործ է: Այո՛: Գրված է այնպես, որ բոլորը վախենան, և այլևս պատերազմ չլինի:

Ն.Ի.- Բայց տեսեք՝ ինչ է կատարվում: Մաթևոսյանի, Ֆոլկների կամ Տոլստոյի գրականությունը, գրականությունը, որտեղ, ինչպես ես եմ հասկանում, նաև Դուք էլ եք Ձեր տեղը տեսնում, մարդկանց մի հսկայական խմբի հանկարծ սկսել է պետք չգալ: Ճիշտ այնպես, ինչպես պետք չեն Ֆելինիի ու Տարկովսկու ֆիլմերը, բարդ երաժշտությունը: Հիմա մի այնպիսի ժամանակ է, երբ արվեստը ևս  չի ուզում թափանցել ու հասկանալ, թե ինչ է կատարվում մարդու հոգում. թե՛ հանդիսատեսին, թե՛ ընթերցողին (պարզապես մարդուն) դա պետք չէ: Նա չի ընկալում խորքը, նրան հարկավոր չէ, որ իր ներսը թափանցեն, և հետաքրքիր էլ չէ, թե ինչ է կատարվում ուրիշի հոգում, նա չի ուզում այդ մանրամասների մեջ մտնել: Հետաքրքրություն է համացանցի և հեռուստատեսության, թեթև գործերի, թեթև ընթերցման հանդեպ: Եվ դրանից աշխարհը դառնում է ավելի ուղիղ, ավելի ահավոր…

Լ.Խ.- …ավելի աղքատ…

Ն.Ի.- Եվ այդտեղ ավելի հեշտ է սպանելը …

Լ.Խ. – Եվ սպանում ենք: Ինձ թվում է՝ կան դարաշրջաններ, որոնց մակերևույթն ամբողջովին ծածկված է փրփուրով: Այն ամենով, ինչը թեթև է: Օրինակ՝ մի ժամանակ շատ էին սիրում խոհարարական գրքերը:

Ն.Ի.- Եվ այսօր էլ են շատ սիրում. հրատարակում են  ամբողջական շարքերով և՛ էժանագին փոքր ամսագրեր, և՛ շքեղ ձևավորումներով հսկայական հատորներ, ինչպես սեփական, այնպես էլ թարգմանական:

Լ.Խ.- Բայց դա չի նշանակում, թե Տոլստոյ պետք չէ, Ֆելինի պետք չէ: Կգա ժամանակ, երբ մարդը կվերադառնա դեպի իր ակունքները, մաքուր ակունքները: Որովհետև մարդը հո հավերժ սպանել չի՞ կարող: Սպանել նշանակում է ինքնասպանություն գործել:

Ն.Ի.- Դուք է՞լ եք այդպես մտածում: Ես դրա մասին գրել եմ Այվազյանին նվիրված հոդվածում: Նրա գլխավոր թեմաներից մեկը դա է՝ սպանելով ուրիշին՝ մարդ սպանում է իրեն:

Լ.Խ.- Այո՛: Թեև դու սպանում ես ուրիշին, միևնույնն է, դա ինքնասպանություն է: Գուցե ուրիշ դարաշրջանում, բայց մարդը նորից վերադառնալու է Դոստոևսկուն, Մաթևոսյանին, Ֆոլկներին: Մարդու ներքին կառուցվածքն է այդպիսին:

Ն.Ի.- Իսկ ինչո՞ւ հիմա դա կարևոր չէ:

Լ.Խ.- Որովհետև երկար ժամանակ մենք փակ ենք եղել, հանկարծ բացեցին սահմանները, և ինչ պատահեց, լցվեց ներս: Եվ ժողովուրդն էլ պատրաստ չէր, նա պատրաստ էր հավատալու, որ դա լավ է, և լավն էլ հենց դա է:

Ն.Ի.- Ինձ թվում է՝ այս առումով դեռ մի քիչ այլ է: Մարդիկ չեն ուզում լսել իրար, չեն ուզում տեսնել՝ ինչ է կատարվում իրենց կողքինի հետ: Երբ անցնում ես անապաստանի կողքով, մտածում ես՝ հանկարծ ոջիլ չքաշվի վրադ, կամ էլ ինչ-որ բանով չվարակվես: Խղճահարությամբ մուրացող տատիկին թղթադրամ ես տալիս, և կարծես մեղքերդ քավեցիր: Դա վերջն է, բայց նաև հենց այդպիսին են հարաբերություններն ամենամտերիմների հետ…

Լ.Խ.- Դա նույնպես պատճառ է: Որովհետև մենք կորցրինք Աստծուն: Մի՞թե կարելի էր երեսունյոթին այդքան մարդ  սպանել, եթե դու Աստված ունեիր: Դու այդքան մարդ կսպանեի՞ր: Բանտ կնետեի՞ր: Դրանից հետո համաշխարհային պատերազմ. մի՞թե տասնյակ միլիոններով մարդիկ կսպանվեին: Կորցրինք Աստծուն:

Ն.Ի.- Ինձ թվում է՝ Ձեր պատմվածքների ամենակարևոր գծերից մեկը դա է՝ հասկանալ մարդուն, որ քո կողքին է, մյուսին: Անուշադրությունը, չհասկացված լինելը կարող են ողբերգական դեր խաղալ նրա ճակատագրում:

Լ.Խ.- Այո՛, ճիշտ է, մեկս մյուսին շատ քիչ ենք սիրում:

Ն.Ի.- Բայց այդ ժամանակ գուցե հանուն դրա՞ պետք է գրել:

Լ.Խ.- Գիտեք ինչ… չգիտեմ, թե հանուն ինչի, բայց երբեմն այսպես եմ մտածում: Գրողը կատու-առեղծված է: Դուք գյուղում ապրե՞լ եք, չէ՞: Տեսե՞լ եք՝ ինչպես է կատուն նստում մկան բնի մոտ: Նա կարող է, թաթը բարձրացրած, նստել մեկ ժամ… երկու… երեք… Իսկ գուցե և՛ ցերեկ, և՛ գիշեր: Նա սպասում է, թե երբ է մուկը հայտնվելու: Այդպես էլ գրողն է նստում սպիտակ թղթի առջև և սպասում, որ ահա կհայտնվի  այդ միտքը, այդ բառը…կհայտնվի…կհայտնվի: Ահա դա է գրողը… Իսկ ես ինչո՞ւ եմ ասում, որ նա կատու-առեղծված է… Պատերազմի ժամանակ ուրիշի տանը մեռնում էր իմ ընկերը: Դա մի  հին տուն էր, խրճիթ: Եվ սենյակում շատ մեծ  կատու կար. երևի տանտիրոջ կատուն էր: Երբ ընկերս մահացավ, կատուն մագլցելով վարագույրի վրայով հասավ քիվին, կանգնեց դրա վրա, և նրա մեջքն ահա այսպիսին էր…ինչպե՞ս են դա ասում ռուսերեն…

Ն.Ի.-Աղեղնաձև:

Լ.Խ.- Աղեղնաձև: Եվ նրա լուռ ճիչն էր: Ո՛չ ճիչը…մռռոցը: Նա տեսնում է մի բան, որը մենք չենք տեսնում: Ահա այդ իսկ պատճառով գրողը կատու-առեղծված է: Նա տեսնում է մի բան, որը մենք չենք տեսնում: Դուք  համաձա՞յն եք ինձ հետ:

Ն.Ի.-Այո՛, եթե դա իսկական գրող է… Լևո՛ն, ուզում եմ ևս մի բան հարցնել: Վեպերի համար դուք ընտրել եք երկու սյուժետային գիծ, որ որոշակի է դարձնում շատ  բան՝ պատմություն և  պատերազմ: Անցյալ ու ներկա: Իսկ ո՞րն է հայերի ամենամեծ երազանքը:

Լ.Խ.- Որ մենք ազատ, ուժեղ երկիր ունենանք: Ուժեղ՝ ազգային նկարագրով, հոգևոր առումով ուժեղ: Եվ որպեսզի բոլորը սիրեն մեկը մյուսին, որպեսզի այլևս պատերազմ չլինի: Որպեսզի վերադառնան օտարության մեջ գտնվողները: Բոլորը վերադառնան:

Ն.Ի.- Դուք կարծում եք, որ դա կենսական անհրաժեշտությո՞ւն է այն մարդկանց համար, որոնք գնացել են Հայաստանից, կամ էլ նրանց նախնիներն են գնացել: Գուցե պարզապես  պետք է, որ նրանք իրենց հա՞յ զգան:

Լ.Խ.- Գուցե անգամ նրանք իրենք էլ չգիտեն, բայց ես ախր հաճախ եմ լինում տարբեր տեղերում չէ՞: Ես ճանաչում եմ հայի աչքերը: Նրանց աչքերում կարոտ կա: Մարդն ապրում է լավ, ապահովված է, ամեն ինչ  ունի, բայց միևնույնն է, նրա աչքերում կարոտ կա:

Ն.Ի.- Անգամ եթե  չի՞ մեկնել,  եթե նա ծնվե՞լ է  այնտեղ:

Լ.Խ.- Այո՛, ես դա տեսել եմ Ամերիկայում: Մեկնել է նրա պապը, նա հայերեն չի խոսում, բայց միևնույնն է, նա կարոտում է Հայաստանը: Մենք այդպիսին ենք: Ի ծնե ենք այդպիսին:

Ն.Ի.- Դա ցավալի է հենց իր՝ մարդու համար: Բայց ազգի համար ապրեցնող է:

Լ.Խ.- Մեծ ազգերը դա չեն զգում: Փոքրաքանակ ազգերի ինքնապահպանման բնազդը շատ ուժեղ է գործում:

Ն.Ի.- Խորհրդային Միության փլուզումից շատ չանցած՝ Հրանտ Մաթևոսյանը կա՛մ հարցազրույցում, կա՛մ էլ էսսեում ինչ-որ մեկին գրել է, որ ինքն իրեն այնքան էլ լավ չի զգում նոր Հայաստանում, չնայած այն ազատ է ու ինքնիշխան. նա սովոր էր իրեն զգալ մեծ երկրի պաշտպանության տակ ապրող այդ երկրի քաղաքացի: Ու հանկարծ այդ ամենը փոխվեց, և ինքը հայտնվեց միանգամայն այլ իրավիճակներում: Չէ՞ որ Դուք նույնպես, երբ պատմում էիք, թե ինչպես էիք աշխատում Մոսկվայում, ափսոսում էիք, որ փոխվել է վերաբերմունքը Ձեր նկատմամբ. Ռուսաստանն այլևս ձեզ իր քաղաքացիները չի համարում: Չէ՞ որ դա հենց այդպես է. դուք հիմա այլ երկրի քաղաքացիներ եք, արտասահմանցիներ: Սակայն, նշանակում է, որ դա միայն Հրանտի անձնակա՞ն զգացողությունը  չէ:

Լ.Խ.- Հրանտը դա ճիշտ ու դիպուկ է ասել: Ի՛ր սերնդի համար: Եկել է նոր սերունդ: Այո՛, երկիրը փոքր է: Այո՛, առաջնակարգ «մերսեդես»-ով հնարավոր է մեկ օրվա ընթացքում շրջել Հայաստանով մեկ:  Տարածություն է պետք: Բայց Հայրենիքը  միայն տեղ չէ հողագնդի վրա: Մեծերը՝ Չարենցը, Թումանյանը, և ինքը՝ Հրանտը, չէ՞ որ նրանք գիտեին Աստծո տեղը այնտեղ: Ավելի ճիշտ, նրանք չէ՞ որ  Տիեզերքում էին: Դա նույնպես մեր հայրենիքն է: Ինչո՞ւ ենք մենք միշտ համարում, որ  ահա այսքանն է ու վե՞րջ: Եթե դու Տիեզերքի հետ խոսել կարողանաս, այդ ժամանակ քո Հայրենիքը քեզ համար շատ մեծ կլինի…

Ն.Ի.- Լևո՛ն, իսկ երբևէ Ձեր գրքերի հիման վրա ֆիլմ չե՞ն նկարել:

Լ.Խ. – Ուզում են սցենար գրել: Բայց ես այնքան էլ չեմ հավատում, թե կստացվի:

Ն.Ի.- Փարաջանո՞վ է պետք:

Լ.Խ.- Այո՛, գրված է այդ սկզբունքով, դրա համար էլ երևի շատ դժվար կլինի նկարահանելը: Եվ շատ փող է պետք:

Ն.Ի.- Իսկ Դուք կուզեի՞ք, որ ֆիլմ նկարվի:

Լ.Խ.- Այո՛, երբեմն մտածում եմ այդ մասին: Կգնայի նայելու: Այնտեղ շատ լույս կլիներ: Տարբեր կանայք. կնայեի նրանց:

Ն.Ի.- Աշխարհիկ մարդ:

Լ.Խ.- Ե՞ս: Հավանաբար: Բայց չէ՞ որ հետաքրքիր է, թե նրանք այնտեղ ի՞նչ են անում: Ինչպե՞ս են ներկայացնում քո հերոսին, մարդուն, որին դու ես ստեղծել: Ինչպե՞ս է նա քայլում փողոցով, ո՞ւմ է հանդիպում, ինչպե՞ս է կռվում…

Ն.Ի. – Հետաքրքի՞ր է, թե նրան ինչպես է պատկերացնում ուրիշը, նա ի՞նչ է տեսնում Ձեր տեքստում:

Լ.Խ.- Ինձ հետաքրքիր է: Այո՛:

Ն.Ի.- Կան մարդիկ, որոնց ոչինչ հետաքրքիր չէ: Դե,ասենք, այնտեղ հող են փորում, ծառ տնկում, դե տնկում են էլի, դե խնձորենի է աճում կամ լորենի, ինչ իմանաս,  բժիշկը բուժում է, դե սովորեցրել են, բուժում է: Իսկ Ձեզ հետաքրքի՞ր է ուրիշի փորձը:

Լ.Խ.- Այո՛, շատ:

Ն.Ի.- Իսկ ուրիշ էլ ի՞նչ կուզենայիք փորձել այս կյանքում:

Լ.Խ.- Չգիտեմ…

Ն.Ի. –Ասֆալտ անելը եղել է հուսահատությունից: Իսկ եթե հնարավորություն լիներ ինչ-որ բան սովորել և էլի ինչ-որ բան անել:

Լ.Խ.- Ես միշտ ցանկացել եմ թռչել:

Ն.Ի.- Թռչունների նմա՞ն, թե՞ ինքնաթիռով:

Լ.Խ.- Միշտ հետաքրքրել է օդապարիկը: Ընդհանրապես, թռչող մարդու այդ կերպարը… Հայացքը երկրին վերևից: Երբ փոքր էի, հետաքրքրում էին ինքնաթիռը, օդաչուները…

Ն.Ի.- Սիրո՞ւմ եք արագություն:

Լ.Խ.- Այո՛: Երբեմն փակ աչքերով եմ մեքենա վարում: Երևի այդ ժամանակ նաև Սատանան է ինչ-որ տեղ կողքիս: Երբ հոգնած եմ լինում, ինձ հետաքրքիր է, թե փակ աչքերով ինչքան կարող եմ մեծ արագությամբ սլանալ մայրուղով:

Ն.Ի.- Այդպես վտանգել… Իսկ եթե հանդիպակաց եկող մեքենա՞ն…

Լ.Խ.- Ո՛չ, դա Երևան-Հրազդան միակողմանի ճանապարհ է: Ահա այդտեղ եմ այդ փորձերն անում: Ինձ համար շատ հետաքրքիր է: Դա անհայտություն է: Փակում ես աչքերդ և մեկ րոպե անց կլինե՞ս, թե՞ չես լինի… Անհայտություն. դա ի՞նչ է: Մենք չգիտենք ՝ ի՞նչ է այդ րոպեն, այդ վայրկյանը, երբ փակում ենք մեր աչքերը:

Ն.Ի.- Դուք, ընդհանրապես, ձեր կյանքը վտանգո՞ղ եք:

Լ.Խ.- Այո՛: Ինձ թվում է՝ այո՛: Դա շատ է խանգարում:

Ն.Ի.-Ինչո՞ւ է խանգարում:

Լ.Խ.- (Ծիծաղով)  Որովհետև դրա պատճառով գործերս միշտ վատ են գնում (լրջորեն): Բայց ինձ դուր է գալիս վտանգելը:

Ն.Ի.- Երբևէ  կտրուկ փոխե՞լ եք ձեր կյանքը:

Լ.Խ.- Ո՛չ: Ո՛չ: Ես միշտ ինձ թույլ եմ տվել անել այն, ինչ ցանկացել եմ: Երբեմն ուղևորվել եմ (Լևոնն ասում է՝ ինձ ուղարկել եմ – Ն.Ի.) շրջագայության. շաբաթներով մեքենայով գնացել եմ, ուր ցանկացել եմ: Եղել են տաք ժամանակներ, գիշերել եմ մեքենայում: Գնացել-գնացել եմ, ուր աչքս կտրել է…Այնքան լավ է…

Ն.Ի.- Ոտքի տակ եք տվել ողջ Հայաստա՞նը:

Լ.Խ. – Դե իհարկե: Շատ անգամ: Ամեն ամառ ես այդպես եմ անում: Ինձ ուղարկում եմ շրջագայության:

Ն.Ի.- Իսկ քաղաք սիրո՞ւմ եք:

Լ.Խ.- Սիրում եմ, բայց ոչ շատ: Օրինակ՝ սիրում եմ շաբաթը մեկ անգամ լինել Երևանում:

Ն.Ի.- Հեռո՞ւ է Հրազդանից:

Լ.Խ. -Հիսուն կիլոմետր: Այնտեղ գույները պայծառ են, փողոցները՝ գեղեցիկ, սրճարան, ռեստորաններ, այդ ամենն ինձ շատ է դուր գալիս: Բայց անցնում է երկու օր, ես հոգնում եմ: Արդեն ուզում եմ վերադառնալ: Առանց Երևանի չեմ կարող, բայց և այնտեղ էլ ապրել չեմ կարող:

Ն.Ի.- Կարիերան կարևո՞ր է:

Լ.Խ.- Ո՛չ, կարևոր չէ: Եթե ցանկանայի, ամեն ինչ կունենայի՝ փող, լավ աշխատանք:

Ն.Ի.- Իսկ գրողական կարիերա՞ն: Ասենք՝ գրողների միություն:

Լ.Խ.- Ո՛չ: Ինձ առաջարկեցին լինել գրողների միության նախագահ, խումբ հավաքվեց: Բայց հրաժարվեցի (բացահայտ մտածում էր ինչ-որ բան ասել, բայց, ինչպես ասում են, ժամանակին կանգ առավ): Հրաժարվեցի (ժպտալով): Էլի ինչ-որ բան էի ուզում ասել, բայց չեմ ասի:

Ն.Ի.- Հրաժարվելը դժվա՞ր էր:

Լ.Խ.- Ո՛չ:                               

Ն.Ի.-  Այսինքն՝ իշխանությունը գայթակղությո՞ւն չէ:

Լ.Խ.- Ինչ-որ ժամանակ կարող էր լինել, բայց արդեն վաղուց գայթակղություն չէ: Ես գիտեմ՝ ինչ է դա: Ո՛չ, ես հեշտ եմ հրաժարվում դրանից: Եվ, իհարկե, ուրիշները հազվադեպ են հասկանում՝ ինչու: Բայց չէ՞ որ ես գիտեմ՝ ինչու: Ես սիրում եմ գրել: Դրա պատճառով: Գրել շատ եմ սիրում:

Ն.Ի.- Դա տանջանք չէ, դա հաճո՞ւյք է:

Լ.Ի.- Հավանաբար տանջանք է: Տասը էջ գրելու համար ամիս է պետք: Երբեմն՝ նաև ավելի շատ: Եվ երբ նստում եմ գրելու, խնդրում եմ Աստծուն. «Այս արտահայտությունը գրելու ուժ տուր ինձ, այլևս չեմ գրի, սա վերջին անգամն է»: Եվ Աստված ինձ ուժ է տալիս, և ես պատմվածք եմ գրում: Հետո հանգստանում եմ, երկու ամիս անց ասում եմ. «Խնդրում եմ Քեզ, ինձ էլի ուժ տուր, որ այդ պատմվածքը գրեմ, հետո ես այլևս չեմ գրի»: (Ժպտալով): Իսկ Նա ամեն ինչ հասկանում է, Նա սիրում է, երբ այդպես խորամանկում եմ: Եվ Նա ինձ ուժ է տալիս:

 

                                             ԶՐՈՒՅՑ ԵՐԿՐՈՐԴ  

 

         Իմ հարցին՝ «ցրելու համար», թե՝ «Հիմա Հայաստանում ապրելն արդյոք ավելի լավացե՞լ է», Լևոնն անսպասելիորեն պատասխանում է լուրջ ու զգացմունքային:

Լ.Խ.- Պետք չէ հարցն այդպես դնել, թե հիմա Հայաստանում ավելի լա՞վ է: Անհրաժեշտ է հարցնել՝ ավելի լա՞վ է դարձել Հողագնդի վրա ապրելը: Ինձ թվում է՝ հիմա Հողը քիչ է խոսում մարդու հետ: Իսկ երբ Հողը քիչ է խոսում մարդու հետ, մարդու համար ապրելը դժվարանում է:

Ն.Ի.- Իսկ ինչո՞ւ է Հողը դադարել մարդու հետ խոսելուց:

Լ.Խ.- Մենք բարբարոսաբար ենք վարվում նրա հետ: Եվ նա լռում է:  Հողը լռում է, իսկ  մեր մեջ սպառվում է իմաստնությունը, որ ստանում էինք նրանից:

Ն.Ի.- Մենք ընդհանրապես հասկանո՞ւմ ենք՝ ինչ է նա ասում:

Լ.Խ.-  Ինձ թվում է՝ այո՛: Մենք հասկանում ենք, երբ մեկս մյուսին չենք սպանում: Երբ չկա պատերազմ: Եթե սկսենք իրար սպանել, թռչուններ ոչնչացնել, անգամ նույնիսկ որդեր ոչնչացնենք, Հողը չի խոսի մեզ հետ:

Ն.Ի.- Իսկ ի՞նչ լեզվով է նա խոսում:

Լ.Խ.- Չգիտեմ՝ ինչ լեզվով, բայց ինձ թվում է՝ նրան հասկանալու համար բնածին խելք կա:

Ն.Ի.- Մենք նրան ինչպե՞ս ենք հասկանում՝ աչքերո՞վ, լսողությա՞մբ, սրտո՞վ:

Լ.Խ.- Իսկ նրան ինչպե՞ս էին հասկանում վանականները: Մի հրաշալի օր վեր էին կենում ու գնում լեռները, կիրճերը՝ աղոթելու: Աղոթելու և լսելու Հողին: Եվ այնտեղից վերադառնում էին  որպես իմաստուններ: Կամ որպես սրբեր: Եվ մեզ բացատրում էին՝ ինչպես ապրել և ինչ է անհրաժեշտ անել… Քրիստոսը, Նիցշեն, Տոլստոյը, Հրանտ Մաթևոսյանը. նրանք բոլորը եկվորներ էին՝ եկած հենց այդ նույն՝ միևնույն տեղից: Գրողը, արվեստագետը ինչ-որ բան զգում է, ինչ-որ բան գուշակում և իր մտքի պայծառացումներով ու կռահումներով պաշտպանում է մարդուն:

Ն.Ի.- Անսպասելի թվարկում: Դուք ի՞նչ եք կարծում՝ ի՞նչն էր Մաթևոսյանի ամենագլխավոր ասելիքը:

Լ.Խ.- Իհարկե, մարդը: Մարդու ցավը: Նա իմաստուն էր:

Ն.Ի.- Իմաստո՞ւն. ո՞վ է նա:

Լ.Խ.- Իմաստունը նա է, ով կյանքը գրքերով չի ճանաչում, չի փիլիսոփայում, բայց տիրապետում է գիտելիքների: Այդ գիտելիքները բնության շնորհն են:

Ն.Ի.- Իսկ նա իր այդ գիտելիքներով ճանապա՞րհ  հարթեց, նրան հասկացա՞ն:

Լ.Խ.- Ինձ թվում է՝ ո՛չ: Մի՞թե հնարավոր է հասկանալ արվեստագետին, երբ նա քեզնից կես դարով առաջ է անցել: Մի՞թե Տոլստոյի կինը հասկանում էր նրան, թեև ամեն օր քնում էր կողքին: Մենք ամենքս ունենք երկու աչք և մեկ քիթ, արտաքուստ նման ենք իրար: Բայց խելքով, զգացմունքներով, լսողությամբ մենք նման չենք: Մեկը լսում է պոեզիա, աստղերի սիմֆոնիա, մյուսը՝ անտառի կամ լճի սիմֆոնիա:

Ն.Ի.- Գրողի համար ի՞նչն է ավելի կարևոր՝ ասե՞լը, թե՞ հասկացված լինելը:

Լ.Խ.- Ինձ թվում է՝ յուրաքանչյուր արվեստագետի համար գլխավորն ասելիքն է: Երբ  նստում ես գրելու կամ նկարելու, երբեք չես մտածում՝ կհասկանա՞ն քեզ, թե՞ ոչ: Դրա մասին մտածելու ժամանակ չկա:  Հիշո՞ւմ ես հեքիաթը, երբ Իվանուշկան (կամ էլ ընդհանրապես փոքր տղան) գնում է յոթ սարից, յոթ ծովից այն կողմ, որ Հազարան Հավքը բերի: Մենք չգիտենք՝ արդյոք նա կվերադառնա՞ այնտեղից, բայց նա գնում է: Առեղծվածը դրա  մեջ է: Եվ դա գեղեցիկ է:

Ն.Ի.- Իսկ ուզո՞ւմ է գնալ:

Լ.Խ.- Այո՛: Թեև դա և՛ ցավալի է, և՛ դժվար:

Ն.Ի.- Բայց հանուն ինչի՞:

Լ.Խ.- Դու այդպես ես ստեղծված: Չի կարելի ասել՝ ես հերոս եմ, և ես գնում եմ: Պարզապես այլ կերպ ապրել չես կարող: Չէ՞ որ մենք ավազահատիկներ ենք այս մոլորակի վրա:

Ն.Ի.- Եվ մարդուն տրվա՞ծ չէ ընտրություն կատարել:

Լ.Խ.- Ինչ-որ բան տրված է: Բայց ոչ գլխավորը: Մի՞թե Միքելանջելոն կարող էր չնկարել:

Ն.Ի. –Կա՞ն բաներ, ինչի մասին խոսել չեն ուզում, չեն ուզում երբևէ գրել:

Լ.Խ.-Իհարկե, կան: Բայց գրողի, արվեստագետի  խիզախությունը հենց այն է, որ նրա համար չկան այնպիսի թեմաներ, որոնց մասին նա չկարողանա խոսել: Դա պայմանավորված է նաև մարդու բնածին տաղանդով. Տոլստոյը և Դոստոևսկին  խոսել են տարբեր բաներից: Թեմայի արգելք չկա: Ամեն ինչ պայմանավորված է տաղանդով, թե ում ինչքան է տրված: Տաղանդը խիզախություն է, օվկիանոսը լողալով կտրելու ձգտում:

Ն.Ի.- Իսկ ինչպե՞ս  որոշեցիք գրող դառնալ:

Լ.Խ.- Ուզում էի նմանվել Ժյուլ Վեռնին: Ես փոքր էի, իսկ նա այնքան լավ էր գրում օդապարիկների մասին. այնտեղից՝ բարձրից, այնքան գեղեցիկ էր Երկիրը… Եվ ես մտածեցի՝ իսկ ինչո՞ւ ես էլ երկնքից չնայեմ Երկրին: Եվ փորձեցի: Այն ամենը, ինչ գրեցի այն ժամանակ, նման էր Ժյուլ Վեռնին: Ես հինգերորդ, թե վեցերորդ դասարանում էի:

Ն.Ի.- Իսկ ինչպիսի՞ն էր Երկիրն այնտեղից:

Լ.Խ.- Շատ գեղեցիկ էր: Այն ժամանակ շատ ռոմանտիկ աշխարհ էր: Հետո պատերազմ եղավ, եղան սպանություններ: Եվ հողը փոխվեց, դարձավ ուրիշ:

Ն.Ի.- Ի՞նչ էր  առաջին գրած տեքստը:

Լ.Խ.- Փոքրիկ պատմվածք թռչնակի մասին, որ թռչում էր երկնքում: Ժյուլ Վեռնինը օդապարիկ էր, իմը՝ թռչնակ:

Ն.Ի.- Պահպանվե՞լ է:

Լ.Խ.- Հետո այն այրեցի: Ոչ միայն այն, ես շատ պատմվածքներ եմ  այրել:

Ն.Ի.- Ինչո՞ւ:

Լ.Խ.- Չգիտեմ: Երբեմն ինձ հետ նման բաներ կատարվում են: Եվ հիմա նույնպես:

Ն.Ի.- Եվ նույնպե՞ս այրում եք: Թե՞ պարզապես համակարգչի մի կոճակով ոչնչացնում եք:

Լ.Խ.- Ո՛չ, ես համակարգչով չեմ աշխատում: Գրում եմ ձեռքով: Թանաքով: Երբ սկսում ես ինքդ քեզնով չափազանց հպարտանալ, չարը գլուխ է բարձրացնում և սկսում ես ամեն ինչ պատռել ու այրել:

Ն.Ի.- Ներեցե՛ք հետաքրքրությանս  համար, իսկ որտե՞ղ եք այրում:

Լ.Խ.- Գազօջախի վրա:

Ն.Ի.- Դուք  ասում եք՝ երբ սկսում ես քեզնով  հպարտանալ, այսինքն՝ երբ  չափազանց դո՞ւր  է գալիս այն, ինչ անում ես: Բախվում են ներքին զգացողությունն ու կողքից  նայե՞լը:

Լ.Խ.- Ես ինձ լավ գիտեմ: Գիտեմ՝ որտեղից է այդ հպարտությունը. ես գրել եմ իմ ամենալավ պատմվածքը,  այնպիսին, ինչպիսին երբեք ոչ ոք չի գրել…

Ն.Ի.-Ինչպիսի ինքնահիացում:

Լ.Խ.- Դու հիսուն տարեկան ես, բայց նորից մտածում ես, որ նման բան ոչ ոք չի գրել: Իսկ այդ տարիքում արդեն չի կարելի այդպես մտածել:

Ն. Ի.- Հետո ափսոս չէ՞ր:

Լ.Խ.- Ափսոս էր: Բայց նաև հենց այդ ցավը պետք է զգաս:

Ն.Ի.- Իսկ հետո անդրադառնո՞ւմ եք Ձեր  ոչնչացրածին:

Լ.Խ.- Հնարավոր չէ նույն բանը գրել, բայց ինչ-որ կերպար, ինչ-որ միտք անցնում են մյուս պատմվածք կամ վեպ:

Ն.Ի.- Իսկ ամենաառաջինը, որ տպագրվել էր, պատերազմի՞ թեմայով էր:

Լ.Խ.- Ո՛չ, «Դատախազի թաղումը» պատմվածքն էր, հետո դա ռուսերեն էլ է տպագրվել, կարծեմ՝ «Դրուժբա նարոդով»-ում: Ես ուշ եմ տպագրվել, 33 տարեկան էի:

Ն.Ի.- Ինչո՞ւ:

Լ.Խ.- Գիտե՞ս, Նատա՛շ, ամեն անգամ կասկածում էի: Կարող էի և ավելի վաղ, բայց վստահ չէի, թե պետք են:

Ն.Ի.- Իսկ հիմա կա՞ զգացողություն՝ ես գրող եմ:

Լ.Խ.- Երբեք չի կարելի այդպես մտածել: Սակայն երբեմն ուզում ես այդպես ասել: Ահա թե ինչու եմ այրում այդ ձեռագրերը: Չեմ հիշում՝ ավելի վաղ խոսե՞լ ենք այդ մասին, թե՞ ոչ, բայց միշտ մտածել եմ այսպես. երբ օվկիանոսի մեջտեղում նավը խորտակվի, պարզ է՝ ոչ մի լողորդ ափ հասնել չի կարող: Աշխարհում ոչ ոք, անգամ ամենալավ գրողը, արվեստագետը, թող որ ամենատաղանդավոր, անգամ Մոցարտը, չեն կարող ափ հասնել: Որովհետև արվեստն այդ նույն օվկիանոսն է: Այդ իսկ պատճառով չի կարելի ասել, թե «ես գրող եմ»:

Ն.Ի.-Բայց դա՞ է կյանքի գլխավոր գործը:

Ն.Ի.- Ինձ համա՞ր: Ինձ թվում է՝ այո՛: Ես գրել սիրում եմ: Չգրել չեմ կարող: Երբեմն գրամոլությունը վախեցնում է ինձ:

Ն.Ի.- Սիրո՞ւմ եք պատմություններ պատմել, բառը բառին համապատասխանեցնել:

Լ.Խ.- Ոչ ոք չգիտի՝ ինչպես է դա արվում: Երբեմն զգում ես, որ քո  ներսում մի  բառ է թպրտում, ինչպես թռչնակը վանդակում: Թպրտում է, թպրտում, թպրտում և հանկարծ սկսում ես գրել:

Ն.Ի.- Ձեր ամեն մի պատմվածքում մարդկային պատմություն կա: Այդ պատմությունները հե՞շտ են հորինվում:

Լ.Խ.- Մի ակնթարթ, և գիտես. պետք է գրես հենց այդ մասին: Դու չես  նստում և չես մտածում մեկ ժամ, երկու, երեք…Մի  վայրկյան, և  ամեն ինչ գիտես:

Ն.Ի.- Պատմվածքները, իսկ վեպե՞րը:

Լ.Խ.-Վեպերն այլ են: Պատմավեպ գրելու համար անհրաժեշտ է շատ բան կարդալ:

Ն.Ի.- Իսկ պատմավեպն ինչի՞ մասին է:

Լ.Խ.-Հինգերորդ դարի: Այն մասին, թե ինչպես ստեղծվեց Հայաստանի պետականությունը: Ինչպես Հայրենիքի շահը բարձր դասեցին մարդկային շահերից:

Ն.Ի.- Հիմա մեզանում ասում են, որ դա խորհրդային հոգեբանություն է՝ սկզբում մտածել հայրենիքի, հետո՝ քո մասին:

Լ.Խ.-Երբ երկիրը փոքր է, ամեն ինչ այլ է: Հայաստանն ունի ինքնապահպանման բնազդ: Երբ ինչ-որ վտանգ է լինում, այն իսկույն միավորվում է, բնազդն է թելադրում: Փոքր ժողովրդի բնազդը ապրելու,  ինքնապահպանման բնազդ է:

Ն.Ի.- Մեզանում էլ է այդպես, երբ մեծ պատերազմ է, ժողովուրդը համախմբվում է:

Լ.Խ.- Տե՛ս: Եթե մենք հիմա թեկուզ մի գյուղ կորցնենք, ինձ թվում է՝ ողջ Հայաստանը կցնցվի: Մենք այլևս կորցնել չենք կարող: Իսկ Մոսկվայում, եթե անգամ Ռուսաստանը կորցնի Սիբիրը, չեն զգա, որ այդքան մեծ տարածք է կորել:

Ն.Ի.- Դատելով, թե մեզ մոտ ինչ ազդեցություն ունեցավ Խորհրդային Միության փլուզումը, ես այդպես չէի ասի: Բայց եթե խոսենք մարդու առումով, ապա ժամանակակից մարդն ի վիճակի՞ է զոհաբերել իրեն հանուն հայրենիքի:

Լ.Խ.- Այո՛: Բոլոր փոքր ժողովուրդներն ունեն այդ ինքնապահպանման բնազդը՝ սկզբում հայրենիքը, հետո՝ ես: Այդ պատերազմում (Լեռնային Ղարաբաղում՝ Ն.Ի.) հենց այդ պատճառով էլ աշխարհազորայիններն էին կռվում:

Ն.Ի.- Մարդիկ չե՞ն դարձել պրագմատիկ:

Լ.Խ.- Իհարկե  դարձել են: Եվ դրա մասին նույնպես պետք է ասել:

Ն.Ի.- Իսկ ձեզ մոտ հիմա երիտասարդները գնո՞ւմ են բանակ, թե՞ նրանց ստիպում են:

Լ.Խ. – Դու շուրջդ նայիր, այստեղ՝ Ռուսաստանում, մեր տղաներն են, բոլորը փախել են այնտեղից: Պատճառն այն չէ, որ նրանք քիչ են սիրում հայրենիքը, այլ այն, որ այնպիսի քաղաքականություն չի տարվում, որ նրանք մնան, աշխատեն և պաշտպանեն հայրենիքը:

Ն.Ի.- Հետաքրքիր է. երբեմն գրողի լեզվին այնպիսի բաներ են լինում: Տարբերություն կա Ձեր վաղ և նոր շրջանում ռուսերեն տպագրված պատմվածքներում. վաղ գործերում ավելի շատ «մենք» բառն էր՝ մենք եկանք, մենք զգացինք, մենք մտածեցինք: Իսկ նորերը պատմվում են «ես»-ով կամ «նա»-ով: Դուք դա նկատե՞լ եք Ձեր գործերում: Ու նաև դա ա՞յն «մենք»-ն է, որ Մաթևոսյանինն է:

Լ.Խ.- Ես այդ մասին չեմ մտածել…Բայց…Կա տարիք, երբ գրողը չի կարող խոսել իր անունից, ասում է «մենք», որովհետև դա հարմար է, որովհետև այդպես դու ավելի պաշտպանված ես: Տարիների և փորձառության հետ դու աստիճանաբար արդեն պատրաստ ես ասել «ես», «նա», դու հասնում ես ինչ-որ իմաստնության, որ քեզ թույլ է տալիս այդպես ասել: Բայց դրա մեջ էլ վտանգ կա: Անձրևը չի կարող գիշեր ու ցերեկ անդադար գալ, բարձրացող քամին օրվա մեջ փոխում է ուժն ու ուղղությունը: Եվ մարդն էլ է փոխվում:

Ն.Ի. –Լևո՛ն, իսկ գրողի հետաքրքրությունը մարդու  նկատմամբ. ժամանակի ընթացքում դա՞ էլ է փոխվում: Թե՞ Դուք կենտրոնացած եք մարդկային ինչ-որ որոշակի գծերի, արարքների, հոգու տարուբերումների վրա:

Լ.Խ.- Գիտե՞ս, ինձ թվում է՝ ես գիտեմ ինչու է արվեստագետը հայտնվել Հողագնդի վրա: Նրան Աստված է ուղարկել, որ  նա ի զորու լինի աղոթել մարդկանց համար: Դու վեպ ես գրում, դա աղոթք է: Մալևիչը գծում է իր սև քառակուսին, դա նույնպես աղոթք է:

Ն. Ի.-Բայց կան գրողներ, որոնք իրենց հերոսների հանդեպ շատ խիստ են, չասենք դաժան: Նրանց հետաքրքիր է մարդուն «նետել» ինչ-որ ծայրահեղ իրավիճակի  մեջ, կանգնեցնել  ընտրության առջև՝ կամ-կամ: Ասենք Վասիլ Բիկովը:

Լ.Խ.- Այո՛, ինձ շատ է դուր գալիս նրա վերջին գիրքը՝ «Շնագայլերի ժամանակը»… Բիկովը կարևորում է մարդուն ընտրության առջև կանգնեցնելը: Տոլստոյն այլ կերպ է վարվում: Ամեն արվեստագետ իր ձևերն ունի, իր տեսանկյունը:

Ն.Ի.- Դուք մի կողմ եք թողնում իրավիճակը, իրականությունից ֆոկուսը մի փոքր շեղում և երբեմն երևակայության, տարօրինակության, երբեմն էլ խելագարության սահմանին եք հասցնում…

Լ.Խ. – Ավելի ճիշտ՝ առեղծվածի: Ես երբեմն մտածում եմ, թե ինչու եմ  այդպես վարվում: Հավանաբար ինձ այդպես է տրված, ես պետք է այդպես տեսնեմ: Մեզնից յուրաքանչյուրը դեպի նպատակ  գնում է իր ճանապարհով: Բայց մենք գնում ենք դեպի նպատակ. մեր նպատակը մարդուն փրկելն է: Ես դա շատ լավ եմ հասկանում: Եվ ամեն արվեստագետ պետք է դա հասկանա: Եթե արվեստագետը կարող է մարդուն պաշտպանել պատերազմից, նա պետք է դա անի:

Ն.Ի.- Պաշտպանել:

Լ.Խ.-Այո՛, նա պետք է պաշտպանի պատերազմից: Եթե դու նկարագրում ես սպանություն, թշնամուդ կերպարը մտնում է քո մեջ: Երբեք չի կարելի դա թույլ տալ: Այլապես հետո դու էլ կդառնաս այնպիսին, ինչպիսին նա է:

Ն.Ի.- Եվ այդ ընտրությունը, այդ շարժումը  մարդո՞ւց է կախված, դա արվեստագետի՞  ընտրությունն է, թե՞ դա Աստծուց է կախված:

Լ.Խ.-Կան այնպիսիները, որ մտածում են, թե արվեստագետն ինքն է որոշում: Ինձ թվում է՝ կա մեկը, որն ուղղորդում է արվեստագետին:

Ն.Ի.- Լևո՛ն, իսկ ահա, տեսեք. 90-ական թվականներ, Հայաստանի անկախության սկիզբ, ըստ երևույթին, այն ժամանակ գերակշռողը ազատության և ուրախության զգացումներն էին: Ավելի ուշ ատելություն, զայրույթ, երկիրը պաշտպանելու ցանկություն: Իսկ հիմա հզոր միասնության ինչ-որ զգացում կա՞: Ի՞նչ կա օդում: Հանգստություն, տագնապ, մտահոգություն…

Լ.Խ.-Ես հիմա թիվ մեկ տագնապը կապում եմ Ռուսաստանի հետ: Ռուսաստանի և Թուրքիայի միջև բանակցություններ են ընթանում: Ինձ թվում է՝ սկզբում Թուրքիան պետք է ընդուներ ցեղասպանությունը, և միայն հետո նրա հետ կարելի կլիներ բանակցություններ վարել: Դա ճիշտ կլիներ: Նրանք ներողություն չեն խնդրել: Մեկուկես միլիոն հայ են սպանել, և դրանից հետո մենք՝ Հայաստանը, և Ռուսաստանը, նրանց հետ նստում և բանակցություններ ենք վարում: Ես չեմ հավատում այդ բանակցություններին: Ես մի քանի անգամ  դա ասել եմ մամուլով և հեռուստատեսությամբ: Իմ կոշտությունը դուր չի գալիս մեր քաղաքագետներին: Դե, ի սե՛ր Աստծո: Ես կողմ եմ բանակցությունների: Բայց ամեն հարց իր հերթին: Ռուսատանը պետք է իմանա, որ Կովկասում իր ամենաառաջին և ամենահավատարիմ գործընկերը Հայաստանն է: Ռուսաստանը պետք է օգնի Հայաստանին, որ նա ուժեղ լինի բոլոր ասպարեզներում: Այդ ժամանակ Հայաստանը կկարողանա օգնել Ռուսաստանին Կովկասում:

Ն.Ի.- Այսինքն՝ Ռուսաստանն ավելի շա՞տ  ջանքեր պետք է ներդնի Հայաստանում:

Լ.Խ.- Այո՛: Բայց կարևոր է, որ Ռուսաստանն իր խոսքը կատարի: Ահա թե ինչու են  ինձ անհանգստացնում Ռուսաստանի ու Թուրքիայի բանակցությունները՝ այդ «Նաբուկոն» և մնացածները: Հայաստանը մի կողմ է մնում: Փողը, շահերը այստեղ չպետք է դառնան գլխավորը: Դա նույնպես անհանգստություն է: Աշխարհում պետությունների քաղաքական հայացքները կտրուկ են փոխվում: Այո՛, մենք Ռուսաստանի ամենահավատարիմ դաշնակիցն ենք, ողջ ժողովուրդը շատ լավ վերաբերմունք ունի Ռուսաստանի հանդեպ: Ռուսական զորքերը կանգնած են Հայաստանում: Բայց երբ մեր տղաները գալիս են Ռուսաստանում աշխատելու, նրանց սպանում են: Սպանում են դեռահասները, սափրագլուխները: Հետո այդ սափրագլուխների  տասնութը լրանում է, և նա գալիս է Հայաստան՝ ծառայելու: Ռուսական զորքերը կանգնած են սահմանին, որ մեզ պաշտպանեն: Բայց ինչպե՞ս կարող են հայերը վստահել այդ զորքերին: Դա շատ կարևոր քաղաքական հարց է, որ պետք է լուծվի: Չհայտարարել՝ մենք եղբայրներ ենք, այլ իսկապես եղբայրներ լինել: Դա ցավ է ինձ համար:

Ն.Ի.- Իսկ եթե հիմա խոսենք Հայաստանի մասին. ամենակարևորը ինչի՞ մասին խոսելն է:

Լ.Խ.- Քաղաքականության: Հիմա Հայաստանի համար շատ վտանգավոր շրջան է: Մի կողմից պահանջում են ստանալ այն, ինչ մենք Ղարաբաղում ազատագրել ենք, որն Ադրբեջանի իրավասության տակ էր: Մյուս կողմից Թուրքիան պահանջում է բացել սահմանները, որին մենք, ըստ իս, պատրաստ չենք:

Ն.Ի.-Դուք վախենում եք, որ նրանք տնտեսապես ձեզ կո՞ւլ կտան:

Լ.Խ.- Ե՛վ տնտեսապես, և՛ մշակութապես: Պաշտպանվելու համար օրենքներ են պետք: Չարժե շտապել:

Ն.Ի.- Որտե՞ղ եք տեսնում նրանց մշակույթից եկող վտանգը: Չէ՞ որ դա ուրիշ լեզու է, ուրիշ կրոն:

Լ.Խ.-Այո՛, ճիշտ է: Բայց չէ՞ որ կա մասսայական մշակույթ: Բացի դրանից պատմությունից հայտնի է, որ մեծ երկիրը երբ մտնում է ուրիշ երկիր, իր մշակույթի հետքը թողնում է այնտեղ: Մոնղոլներն իրենց հետքը թողեցին չէ՞ ձեզ վրա՝ Ռուսաստանում:

Ն.Ի.- Դե, այո՛, թեկուզ և լեզվում:

Լ.Խ.- Իսկ արաբներն Իսպանիայում՝ ճարտարապետության մեջ:

Ն.Ի.-Իսկ ինչի՞ց է գալիս կուլ գնալու այդ վախը: Դուք Թուրքիայի առջև զգում եք ձեր թույլ լինե՞լը:

Լ.Խ.- Թուրքիան ունի վաթսուն միլիոն բնակչություն, իսկ Հայաստանում հիմա մնացել է հավանաբար երկու միլիոն: Վտանգն ակնհայտ է:

Այս աշխարհում մենք կորցրել ենք կապը ռուսական մշակույթի հետ: Շատ ափսոս է, որովհետև հայ ժողովուրդը միշտ կապված է եղել  ռուսական մշակույթին: Մենք բոլորս մեծացել ենք Տոլստոյով, Պուշկինով, Եսենինով, Մայակովսկիով… Բոլորին չես թվարկի… Ինչքան մեզ մոտ հրատարակված են հայ բանաստեղծները, նույնքան էլ ռուսները՝ թե՛ բանաստեղծներ և թե՛ արձակագիրներ:

Ն.Ի.- Հիմիկվա երեխաները ինչո՞վ են մեծանում:

Լ.Խ.- «Հարրի Փոթեր»-ով: Ինձ դա դուր չի գալիս: Թեև ես այն չեմ կարդացել: Հին գրքերով՝ մեր հեքիաթներով, ռուսական հեքիաթներով, որոնք թարգմանված  են, և հիմա էլ վաճառվում են:

Ն.Ի.- Իսկ դուք թոռներ ունե՞ք, Լևո՛ն:

Լ.Խ.- Թոռնիկս հինգ տարեկան է:

Ն.Ի.- Նա գրքեր սիրո՞ւմ է: Նրա համար կարդո՞ւմ են:

Լ.Խ.- Կարդում են: Թումանյանին… Պուշկինի հեքիաթները:

Ն.Ի.- Ռուսերե՞ն:

Լ.Խ.- Ո՛չ, իհարկե, հայերեն:

Ն.Ի.- Դուք ինքներդ կարդո՞ւմ եք ժամանակակից ռուս գրականություն:

Լ.Խ.- Այո՛, կարդում եմ: Համացանցով: Այսօր ուզում եմ գնել Բախտին: Կա՞ գրախանութներում: Ես մեզ մոտ փնտրել ու չեմ գտել: Որտե՞ղ կարելի է նայել:

Ն.Ի.- Ավելի շուտ Գրքերի տանը՝ Նոր Արբատում կամ «Ֆալանստեր»-ում: Իսկ ինչո՞ւ Բախտին: Հատկապես ի՞նչը: Ռաբլեի մասի՞ն, թե՞ Դոստոևսկու:

Լ.Խ.- Իհարկե, ինձ հետաքրքիր է Դոստոևսկու մասին: Բայց ես հիմա ինչու եմ որոշել Բախտի՞ն: Նա զրույցների գիրք ուներ… չեմ կարողանում հիշել… ո՞ւմ հետ… Մի ամբողջական գիրք…

Ն.Ի.- Կոժինովի՞ հետ:

Լ.Խ.- Այո՛, ես այն գնեցի Մոսկվայում եղած նախորդ այցիս ժամանակ, երբ մենք զրուցում էինք: Նա շատ ուժեղ խոսքեր ունի Դոստոևսկու և ընդհանրապես գրականության մասին:

Ն.Ի.- Ձեզ հետաքրքրում է փիլիսոփայությո՞ւնը, մշակութաբանությո՞ւնը: Թե՞ միայն գրականությունը:

Լ.Խ.- Ինչ-որ ժամանակ այդ ամենը կարդում էի, հիմա չեմ կարդում: Հավանաբար այն պատճառով, որ հիմա ի մի ես բերում քո հայացքները, քո փիլիսոփայությունը: Հիմա քեզ այլևս ոչ ոք պետք չէ: Ոչ այն պատճառով, որ դու այդքան մեծ ես, այլ այն պատճառով, որ հասել ես մի տարիքի, երբ ուզում ես հասկանալ, որ այդ մասին Նիցշեն ահա այսպես է գրել, Ֆլորենսկին էլ ահա այսպես, իսկ դու էլ մտածում ես այսպես. ինչո՞ւ:

Ն.Ի.- Դուք երբևէ չե՞ք փորձել գրել ոչ գեղարվեստական գործեր, այլ այդպիսի խորհրդածություններ:

Լ.Խ.- Ինձ համար գրում եմ: Բայց չեմ տպագրել և չեմ էլ պատրաստվում:

Ն.Ի.- Ինչի՞ մասին է:

Լ.Խ.- (Ծոր տալով): Տարբեր բաների (ժպտալով): Ամենից շատ ինձ հետաքրքրում են կանայք:

Ն.Ի.- Հասկանալի է, թե ինչ է մտածել Նիցշեն կանանց մասին, ինչ է մտածել Ֆլորենսկին կանանց մասին, արդյոք Բախտինը ճի՞շտ է հասկացել նրանց:

Լ.Խ.- (Ծիծաղելն ավարտելով) Ո՛չ, չեմ տպագրի: Դա հետաքրքիր է միայն ինձ համար: Դուք հարցնում էիք, թե վերջերս ժամանակակից ռուս ո՞ր գրողին եմ կարդացել: Ալեքսեյ Վառլամովին:

Ն.Ի.- Արձա՞կը, թե՞ Բուլգակովի, Պրիշվինի, Ալեքսեյ Տոլստոյի մասին «ժուռնալնի զալ»- ում:

Լ.Խ.- Բուլգակովի մասին առայժմ չեմ կարդացել, իսկ Ալեքսեյ Տոլստոյի մասին գիրքը շատ լավն է: Եվ նրա պատմվածքներն են ինձ դուր գալիս: Մենք ծանոթներ ենք, նրա հետ ճամփորդել եմ Եվրոպայում: Հետաքրքիր արձակագիր է ռուսական ուղղվածությամբ, եթե կարելի է այդպես ասել:

Ն.Ի.- Ձեր կարծիքով՝ կարևո՞ր է՝ գրողի  ազգային ուղղվածությունը երևա:

Լ.Խ.- Շատ դժվար հարց է… Լավ, խաղաղ ժամանակներում դա պետք չէ:  Իսկ եթե երկրի համար վտանգ կա, անհրաժեշտ է: Որպեսզի ժողովրդին զգոն պահի: Որպեսզի պատրաստ պահի:

Ն.Ի.- Դուք երբևէ ունեցե՞լ եք աշխարհաքաղաքացի գրողներ:

Լ.Խ.- Իսկ Լև Տոլստոյը աշխարհաքաղաքացի՞ էր: Ես պատահական չտվեցի այդ հարցը, եթե հիշենք, թե նա ինչպես է գրել Շամիլի մասին: Բայց ես գիտեմ, որ նա շատ էր սիրում Ռուսաստանը: Հայաստանում էլ են այդպես գրում և սիրում են իրենց երկիրը:

Ն.Ի.- Հայաստանում միշտ բանաստեղծի, գրողի հարգը բարձր է եղել: Իսկ հիմա՞:

Լ.Խ.- Նախկինում շատ ավելի բարձր էր: Շատ բան է փոխվել, ինչպես և Ռուսաստանում:

Ն.Ի.- Ամենահարգված, ամենաբարձր կարգավիճակ ունեցող մասնագիտությունը ո՞րն է:

Լ.Խ.- Պատգամավոր լինելը, որպեսզի գողանալու հնարավորություն ունենա (հեգնանքով): Ինչպես և ձեզ մոտ, թանկագի՛նս:

Ն.Ի. – Դե  մեզ մոտ նույնիսկ երեխաներն են ուզում չինովնիկ դառնալ: Իսկ ի՞նչ վիճակում է ձեր երիտասարդությունը:

Լ.Խ .- Կեսը՝ Ռուսաստանում, կեսը՝ Եվրոպայում և Ամերիկայում:

Ն.Ի .- Ինչպե՞ս է դա անդրադառնում Հայաստանի վրա:

Լ.Խ.- Վատ: Գնում ես գյուղ, այնտեղ մնացել են միայն կանայք ու երեխաները, իսկ բոլոր տղամարդիկ մեկնել են՝ աշխատանք փնտրելու: Իսկ ո՞վ է անում տղամարդու գործը: Կանա՛յք: Անում են տղամարդկային ամենածանր աշխատանքը և ծնում են: Իսկ այդպես չի կարելի, չէ՞ որ գենոֆոնդի խնդիր է:

Ն.Ի.- Դե տղաներն էլ մեծանում են առանց օրինակի, առանց տղամարդու դաստիարակության:

Լ.Խ. – Դա շատ կարևոր է Հայաստանում… Պատահում է՝ տղամարդը գնում է աշխատելու և չի վերադառնում մեկ, երկու, երեք տարի… Ինչո՞ւ: Չեն վճարում, ասում են՝ սպասիր, երբ փող կլինի, կտանք: Իսկ գուցե նա էլ հետաձգում է վերադարձը, թեև լավ գիտի, թե ինչ կլինի տանը, եթե վերադառնա առանց փողի: Եվ հույսով է լցվում՝ կսպասեմ ևս մեկ ամիս, երկու…Այդպես էլ տարիներ են անցնում: Վերադառնում է տուն. տղան արդեն մեծացել է: Անգամ չգիտի՝ իրե՞նն է, թե՞՝ ոչ:  Ահա թե ինչն է ցավալի:

Ն.Ի.- Ի՞նչ կա առջևում:

Լ.Խ.- Հույս: Առջևում հույս կա: Յուրաքանչյուր ժողովուրդ պետք է հավատա իր ճակատագրին: Այդ ամենը նրան պատահական չի տրվել: Եթե նա ողջ հասել է քսանմեկերորդ դար, ուրեմն նրանում ինչ-որ բա՞ն կա… Ուրեմն կա Աստծո օրենքը: Ուրեմն պետք է հուսալ:

Ն.Ի. –Իսկ ի՞նչ է տալիս Հայաստանն աշխարհին:

Լ.Խ.- Դժվար է միանգամից ասել… Երևի պետք է հարցին հարցով պատասխանել. իսկ ի՞նչ է արել աշխարհը Հայաստանի համար: Երբ Կայենը սպանեց Աբելին, և Աստված հարցրեց՝ ո՞ւր է քո եղբայրը, նա ասաց՝ ի՞նչ է, ես եղբորս պահա՞կն եմ: Իսկ ես հարցնում եմ եվրոպացիներին և մնացածներին. երբ մեկուկես միլիոն հայերի սպանում էին, որևէ մեկը հարցրե՞ց՝ ո՞ւր է քո եղբայրը: Մեկուկես միլիոն՝ բոլորի աչքի առջև, և ոչ ոք չհարցրեց: Դե ահա ես էլ հարցնում եմ՝ իսկ աշխարհն ի՞նչ է արել Հայաստանի համար…

Իսկ թե մենք ի՞նչ ենք տալիս աշխարհին… Միջնադարյան մանրանկարիչներին: Նարեկացուն: Մեր մշակույթը:

«Դրուժբա նարոդով», 2016, թիվ  8:

Թարգմանությունը ռուսերենից` Կարինե Մեսրոպյանի 

[1] Գրողների կենտրոնական տուն /центральный дом литераторов/:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *