Լուսինե Եղյան | Ասում ա

ասում ա
մարդիկ ասֆալտին մեռնող խեցգետիններ են պատմիր նրանց ջրի մասին
դու տեսնում ես ինչպես են ջրափոսերում անտառներ աճում
կամ հին եգիպտացին ինչպես է պառկել տաք ասֆալտի վրա
ձեռքերը մտցրել կապույտի մեջ
ասես ինքը աստծո մարմինն է
իսկ դու սերն ես կամ թմրություն՝ ասեղի ծայրին սառած
իսկ ես երևի քո մարմին իջած արթնությունն եմ

 

*

ասում ա
իմ մեջ քարացած բառեր կան
ինձ անհրաժեշտ է քայլել սառած լավայի վրայով
անջատել ականջակալը
նայել ինչպես են հին հնդիկները կառուցում քաղաքը որի մասին ոչ ոք ոչինչ չի լսել
մոռանալ կնոջ սպիտակ
լույսի չափ սպիտակ ձեռքերի սառնությունը
ակնարկել որ արևածագը ակնթարթորեն կսպանի քեզ իմ միջից
լսել քամուց շարժվող խոտի ձայնը
ու սպասել մահվան

 

*

դու միակ արահետն ես
որով անցնելիս չմտածեցի շումերական ցեղերից պաշտպանվելու մասին
ու չվախեցա հրկիզվելուց երբ գոռում էի գալակտիկաները փոշիանում են
ու չնկատեցի որ էս երկրագունդը գնալով սառչում է
ու զգացի թե ինչպես են գիշատիչ գազաները ուտում միմյանց մարմիները,
ու սարսափեցի սենյակումս չորացող ծաղիկներից
ու սարսափեցի քեզանից

 

*

հետո
ինձ դուր չի գալիս
որ քնելուց առաջ առաստաղիդ փնտրում ես բոլոր համաստեղությունները
որ քայլելիս դիմացդ երբեք չես նայում ասես կորցրել ես ստվերդ
ակնոցիդ մուգ գույնը որ ոչնչով չի զիջում գնալով սևացող աչքերիդ
որ հորդ հետ խոսելիս ապուշի պես ժպտում ես իբր նոր կղզի ես հայտնաբերել
ինչպես ես բռնում սիգարետը
ինչ անիմաստ էնտուզիազմով ես պատմում թվերի մասին,
ողբերգությունը որտեղ խցկել ես քեզ
տես է հաջորդ կանգառին զոհվելու ենք
մի խոսքով՝ փախար

 

*

ասում ա
դու կարճ երկխոսություն ես
մի քանի վայրկյան մեռածների մասին
սկզբում երբ վրադ փամփուշտների հետքեր կային սպանեցիր հորդ
առաջին նյարդային ցնցումը սպանեց մորդ
եղբայրներիդ անհաղորդ աչքերը վախեցնող թվացին
իսկ հիմա ես փափագում եմ քո ներսի ամենահին մեռելը դառնալ

 

*

ասում ա
այստեղ վխտացող սեր կա որը ծամում է մեզ
քաղաքից մի տեսակ մեռած ագռավների հոտ է գալիս
չեմ կարողանում բարձրացնել գլուխս
ես կարծես ջարդված աթոռ լինեմ
ու ամենազզվելին՝ զգում եմ որ դու իմ մեջ մնացած միակ ողջն ես
իսկ ես երևի սիրում եմ քեզ ինչպես հյուսն է սիրում փայտը
այսքանից հետո կարելի է լափել մահվան մնացորդներն ու սիրել իրար

 

*

ասում ա
այն հողաթափերը
որով կարելի էր բաց ծով դուրս գալ
դու էիր
սեր իմ կարոտը անդունդ գլորող ամենակարճ ճանապարհն է
իսկ ես մեռած հող եմ՝ փակ կամարի տակ
ու իմ մեջ ոչինչ չկա
բացի ջրից
որն անհրաժեշտ է փնտրել
Մարսում

 

*

ջուր լինեի
գոլորշանայի
մնար մի քանի չորացած արցունք
օվկիանոսի հատակում մեռնող երկնաքարի վրա

 

*

դու պատճառն ես
որի համար ես հիմա գրում եմ
ու թքած
որքան ռիթմիկ են այս մի քանի տողը
որտեղ են լցվում աստղերը
մերկ գիշերվանից հետո
ինչպես է արնահոսում բառը
թիկունքում թողնելով ոտնաձայներ
և որտեղ է տրամագծվում անհաջողության դիմագիծը
որովհետև շատ ավելի ուշ երբ կվառվեն բոլոր լապտերները
ու լայն փողոցով քայլող թղթերը կլցվեն նոր վարակի մասին լուրերով
ես անձայն կտեղավորվեմ քո ձեռքերի մեջ
ու մենք բաց կլինենք բոլոր երկինքների համար

 

Կոորդինատային առանցք

Երբ ես միայնակ էի, մտածում էի մահվան մասին:
Հիմա, երբ ինձ հետ ես, ես մտածում եմ մահվան մասին:
Երբ գնաս, ես շարունակելու եմ մտածել մահվան մասին:

 

*

ասում ա
դու այն ձայների ամբողջությունն ես
որոնք կարելի է ասել ծիածանին հենված տատրակին
եգիպտացիները երազում էին անձրևի մասին նայելով ինչպես է վարարում Նեղոսը
Թալեսը մեռնելուց առաջ հետևում էր աստղերին
մինչ փարավոնները արժանանում էին հավերժական կյանքի
իսկ ես անհաշտ նայում եմ քեզ գլուխս դնում ծնկներիդ
հիշելով սպիտակ պարիսպը որը միասին էինք կառուցում

 

*

լինել քաղաքում տարածվող վարակի միակ պատճառը
լինել բոլոր դատարկ երթուղայինների վարորդը
լինել բացատրությունը Նյուտոնի երրորդ օրենքի
լինել ցավի ներքնաշորը՝ բառի բոլոր դրսևորումներում
լինել այն տուփը որտեղ պահվում են պատերազմից տուն չվերադարձածների նամակները
լինել չհրապարակված բանաստեղծություն պես մաքուր ու անձեռնմխելի
լինել հողն ամենափխրուն որտեղ ցանկանում են աճել բոլոր ծաղիկները
լինել Գինսբերգի ակնոցը
լինել ծեր կնոջ ամենանվիրական երազանքը մեռնելու
լինել զուգահեռ շարված աթոռներից հենց զրոերորդի տերը
լինել բաժակը որով ամեն առավոտ սուրճ ես խմում
լինել չգտնված սև արկղերի քանակը
լինել Հիսուսի տասներեքերորդ աշակերտը
լինել թմրությունը՝ փոքրիկ ներարկիչի մեջ տեղավորվող
լինել բոլոր հեղափոխություն սկսողների խոսափողը
լինել Էյնշտեյնի ու Թագորի զրույցը
լինել հին եգիպտական պոեզիա
լինել ոչինչ

 

*

դու իմ շնչառության հոմանիշն ես
դու այն բառերի կույտն ես որոնք կարելի է ասել մեռնելուց առաջ
դու առավելապես ջուր ես ինչպես էս նողկալի մոլորակը
դու ինքնասպանությունն ես որը երբեք չեմ գործի
դու փախուստն ես. մայրիկին գրված նամակ
դու միակ նախամարդն ես որին կարելի է սիրել
դու ինձ հանդիպած ամենահին կողմնացույցն ես
դու թանկարժեք օծանելիք ես գրադարակի վրա դրված
և երբ ես մեռնեմ կվերջանա քո մասին բանաստեղծությունը

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *