Առավոտյան չորացած կոկորդով, գզգզված մազերով վեր կացավ անտանելիորեն տաքացած սենյակում, մոտեցավ տաքացուցիչին, մի հինգ անգամ աջ պտտեց, մի էդքան էլ ձախ, բայց չկարողացավ անջատել: Ջղայնացած բացեց պատուհանը, որ գոնե մի քիչ օդ խաղա ու տեսնելով դիմացի պատուհանից նայող հարևանի կնգան (հավեսով փոշու շորն էր թափ տալիս)` վարագույրը քաշեց: Կամ խումհարի մեջ էր իրեն զգում, կամ էլ «քաշած», բայց ո՛չ նրանից էր արել, ո՛չ էլ էն մյուսից: Գոնե արած լիներ, ասեր՝ հա: Նայեց հայելու մեջ ու տեսավ կախված կրծքերը, ծալքերը դեկոլտե կոչվող լայնատարած հատվածում ու հասկացավ՝ ձգողականության ուժը գործում է:
Պատուհանին նստեց մի ծիտ, վախեցած աչքերից երևում էր՝ հաստատ թռնող ա: Բաժակի մեջ հինգ օրվա չորացած բախտ՝ լվանաս էլ բան դուրս չի գա, շուռ տաս էլ:
Քանի մտածում էր՝ ինչի՞ց է, որ գյուղի երեխեքը հին նկարներում երբեք չեն ժպտում ու տխուր մեծի հայացքով են նայում տարաշխարհիկ օբյեկտիվներին, ու զուգահեռ ընդարձակված կոնքերին քշտում նիհարած ջինսի շալվարը, հասկացավ՝ ուշանում է, նորից, գրողը տանի:
Կիսակապ կոշիկներով, կիսով չափ գցած շարֆով, կիսահագած վերարկուով, կիսաթաց մազերով վազելով շտապում էր հանդիպման, որովհետև Նա ասել էր, որ այնտեղ, ուր սպասում է, փողոցները չեն տանում դեպի Ծով: Հիմա ի՞նչ ա ա անելու, եթե կորի, ի՞նչ ա, լինելու, չէ՞ որ բոլոր զառիթափերը դեպի Ծով են տանում, իսկ եթե չկա զառիթափ, ուրեմն չկա Ծով, նշանակում է՝ կորած ես, բանդ բուրդ է: Չէ, ինչ էլ լիներ, պիտի հասներ, այստեղ բոլոր ճանապարհներն ուղիղ են, հարթ, ինչպես Արարատյան դաշտում, չի երևում՝ որտեղից է ծագում ու մայր մտնում արևն, ու չի հասկացվում՝ որտեղից է փչում քամին:
Ու գնում է հանդիպման, դիմացի փողոցից արդեն տեսնում է Նրան: Առաջին կուրսի շփոթված, անփորձ ուսանողի նման կանգնած ձեռքով է անում, իբր՝ վայ, եկար: Հետո ձեռքով նշան է անում, թե՝ փողոցը մի՛ անցիր, ես կգամ քո մոտ: Բայց հո մեջը ենթաշերտերով ալեկոծվում էր ծովը, որը դժվարանում էր գտնել էդ անտեր քաղաքում, կրում էր, սակայն, իր մեջ: Ձև էր անում, թե մեկ ա իրան, թե չի հուզվում, բայց ծխում էր ուղիղ յոթ ու կես սիգարետ: Կես, որովհետև էն մեկը վատ էր փաթաթել, ու Նա չկարողացավ մինչև վերջ ծխել: Սիրում էր Նրան կծմծել, սեքսիստ կատակներ անել ու ջղայնացնել, որ ծիծաղեն, որովհետև էդ ծիծաղը երաշխիք էր, որ չէր սիրահարվի, չէր գժվի, արմատախիլ չէր լինի, կյանքը գլխիվայր շուռ չէր տա: Ցույց չէր տալիս, բայց վախենում էր ճակատագրից, որը, գրողը տանի, կպել էր Նրանց ու հա առիթ էր ստեղծում, որ հանդիպեն:
Մի զառիթափ գտան, Օ՛հ, վերջապես, ասաց Նա, իսկ Նա՝ Օհ, ո՛չ, Վերջապես, ասաց Նա, իսկ Նա՝ ահա և սկիզբը վերջի:
-Ես քեզ հետ կգամ մինչև զառիթափը վերջանա, – ասաց Նա, որովհետև դրանից հետո արդեն գիտեր ճանապարհը, հասնելու էր բաց ծով ու արդեն Իրեն զգալու էր ինչպես տանը, ծանոթ միջավայրում: Վերջին զրույցներն էին անում, վերջին անգամ հումորներ անում: Նա մոտենում էր Նրան, աջ կողմում ինչ-որ պատմական շենք ցույց տալու համար, Նա էլ ձևացնում էր՝ իբր չի հասկանում, թե շատ է մոտեցել: Նա մտել էր Նրա անձնական տարածք, գրողի տանի, բայց ինչի՞ չէր ուզում նայել ուղիղ Նրա աչքերի մեջ, ասել մի բան, գոռալ,՝ դու իրավունք չունե՛ս, ինչպես անում ու ասում էր բազմաթիվ տղամարդկանց, որովհետև չունեն …
Հանկարծ Ծովն երևաց փառահեղ ոսկեգույն գլխից անդին: Հասել էին, Նա գտել էր Ծովն ու խաղաղվել: Ասաց՝ արի՛ նստենք մի քիչ, մինչև նորից տրվեմ Ծովակին: Նստում են, խոսում էլի ինչ-որ բաներից, որի մեջ մտնում էին ազգայնականության, ընտրության ու էլի մի քանի թեմաներ: Կոկորդն արդեն չորացել էր, աչքերը փակվում էին ուժեղ արևից, որից ակնոցն էլ չէր պաշտպանում, իսկ նա հանգիստ փաթաթում էր ծխախոտը հանապազօրյա, մեկն Իրեն, մեկը Նրան, երրորդն էլ՝ Ծովին:
***
Մի տուն վարձեցին: Իրար հետ պանիր ու հաց կտրտեցին: Իրարից թաքուն, իրարից գաղտնի համբուրվեցին, իրարից գաղտնի վարձեցին ու հանձնեցին հին փայտե, ճռռացող հատակով, անսարք սառնարանով, փոշոտ վարագույրներով տունը. մի պահ մոռացան, որ Ամեն ինչ թաքուն է… Նորից հիշեցին, գրկեցին Իրար: Ու գնացին՝ մեկն Արևելք, մեկն՝ Արևմուտք. մինչև հիմա հարցնում են Իրենք Իրենց՝ տեսնես գիտի՞, որ պանիր ենք կտրտել իրար հետ, ես հետևից փաթաթվել եմ, արդեն երկարած մորուքով ծակծկել եմ վիզը, քիթս սահեցրել ողնաշարի գծով ներքև, աջ ձեռքով բռնել դանակն ու ցույց տվել միասին պանիր կտրելու արվեստը: Իսկ մյուսն Ինքն Իրեն հարցնում էր՝ տեսնես գիտի, որ քնած ժամանակ նայել եմ ականջի մանր, հուլունքի նման բաց դարչնագույն խալերին, բարակ ու երկար մատներին, ճակատի ու հոնքերի միջև խրված մտածողի կնճիռին: Չգիտի երևի, թող չիմանա, թող գաղտնիք մնա …
Բազմոցին նստած, որը ներծծվել էր տարիների ծխախոտի հոտով, կիթառով նվագեց ուղիղ երկուս ու կես գործ Նրա համար, ինքն էլ չիմացավ՝ ինչ էր նվագում ու ինչի:
***
Լույսն անջատվել էր, ու սառնարանը սոված գռմռում էր՝ սպառնալով, որ կհալեցնի կարագը ու էլի ինչ-որ բաներ: Դիմացի անտանելի մոտիկ տներում դեղին ու սառը կապույտ լույսեր էին երևում. ինչ-որ մեկն Ինչ-որ բան էր փնտրում մութ սենյակներում, կեսգիշերին:
Անկողնուց վեր թռավ, նայեց շուրջն ու հասկացավ՝ գնացել է: Բայց չիմացավ՝ ինչ անել. մտածեց՝ դուրս գալ տնից, ընկնել փողոցներ ու գուցե այդպես գտներ պատասխանը: Հողաթափերը հագին, մինչև սրունքներ հասնող պիժամայով, այսինքն՝ որոշ ստանդարտների համաձայն՝ կիսամերկ, վազում էր դեպի Ծովը: Շունչը կտրվում էր, մեկումեջ ոտքը կպնում էր աղբի կտորների, թիթեղյա տարաների, որ անխնա տշում էր այն փողոցի ուղղությամբ, որի մասին մի ժամանակ գրել էր Նա, այն ուղղությամբ, որով շուտով գլորվելու էր Ինքը: Մի տեղից կռվի ձայներ լսվեցին. մի կնոջ ձայնը հարազատ լեզվով գոռաց՝ Աաաաաաաա… Հասկանում է՝ կորել է, մենակ է, հերիք չի, պիժամայով է, որը սրունքներին էլ չի հասնում, կանգնեց, գոռաց Նրա անունը, բայց անվան փոխարեն կարողացավ միայն ձեռքի ափերի մեջ սեղմել լամպերը, որ հետն էր բերել մութ փողոցը լուսավորելու համար: Ու մինչ արյունը կաթկթում էր ճակատագրի գծերից վար, կանգնեց կեղտոտ փողոցի մեջտեղում ու թոքերում կուտակած ողջ ձայնով բղավեց դեպի Ծովը, Ծովի վրա. «Հե՛տ բեր ինձ Նրան, ես օտար եմ ու մենավոր ափին այս արևմտյան»: