Ավագ Եփրեմյան|Մարդու մեջ

Ավագ Եփրեմյան

Մարդու մեջ տրտմություն կա վառ.
եւ մարդու մեջ դրված վառ տրտմությունը
խորշակի պես մտնում է կենտրոններ ու գավառ,
չորացնում սրանց հողերը, փոխում երկնքի գույնը,
ջրերի հունը, համը հացի, նենգում՝ աստեղց
ժպիտը, կերպափոխում է ապա տեսիլքը,
այն ամենն, ինչ իր հետ Այստեղ
հավասար են, ինչ-որ հոգի են, ինչ-որ սիրտ են։
Այդպես է անում։ Բայց հասկանում է հանկարծ,
որ միայն մարդուն, ում մեջ ինքը կա վառ,
նրան է միայն խնայել եւ կրկին կարմրատակած,
խորշակի պես մտնում է փութով կենտրոններ ու գավառ,
փնտրում է նրան ամեն տեղ – տրտմության մեջ անփարատ,
եւ վար է թափում աստղերը, մուր քսում լուսնի երեսին,
բայց մարդը վաղուց էլ չկա։ Անթագավոր մի ապարանք –
ինքն է միայն մնացել – վառ ու մեկուսի։

 

***
Օրը մեկ անգամ, կամ – երկու, կամ հազար
անգամ Տիեզերական անդուլ ցրտերը,
կործանումների Ջրհոսին հնազանդ,
ներս են սողոսկում Այստեղի սրտերը –
կտրելով այլեւս ոչ երկար մի ճանապարհ,
որովհետեւ գրկաբաց է ընդառաջ ելած
բանակը՝ «նոր նվաճումների» վարձու ճառագմամբ
զգեստավոր։ Եւ սրտով մեոած։ –
Այստեղից էլ՝ ահա կեղծ ակներով Գավը –
ժանտախտի ժամի խնջույքներով լեցուն
բերնեբերան, Այստեղի գործերը, խոսքերը, Նավը
անկառավար եւ Բնազդը՝ նրա տարփածուն։ –
Բնազդը – ոսկրահյութ, եղծ արյուն ու կաշի,
Բնազդը – ոհմակներ կազմող ու կեզ-միակամ,
որպես անզույգ փարոս, որպես միակ արշին,
որպես «կարիք-բավում» անեզրական։

 

***
Եւ եղավ այնպես, որ հացի հետ խելքն էլ
կերան, ոոովհետեւ հացը չափազանց քիչ էր
(կամ շատ), անմիտ խմբերգերով կալնվեց ելքն էլ,
մուտքն էլ. չես լսի տնքոցը մեռնողի, ծնվողի ճիչը։
Իսկ այնպես՝ կարգին է. կորստյան սերերը փեշերիդ
քսվում են – քամի փողոցում կամ խոսքեր՝ ասված,
անձկության անգղները նայում են գժտության լեշերին
եւ կտցում փտումը – մեկ աստված, չորս աստված, շատ աստված։
Նրանցից խույս տալու համար բառերը տողից
ցատկում են, խցկվում հաջորդ տող (ուրիշ տեղ չկա էլ),
եւ նրանց՝ միայն հետագիծ շողից
կարող ես ճանաչել, վկայել։
Իսկ լավագույնները կփախչեն, կթռնեն
անվերջ, որ երբեւէ՜ չդառնան անձկության անգղներին՝ հաց
իրենց գուրգուրանք-կտուցով տանելով վիրավոր թիթեռներ՝
խոր տնքոցները մեռնողների եւ զիլ ճիչերը ծնվող մանկանց։

 

***
Այս երկիրն հասկանալու մեր բառաբանվող ջանքերը
քամին է տանում, քշում է ջուրը, Լեռն է պարտակում
հայացքի անհունում կամ կոխկրտվում են դրանք ամբոխաշարքերը
իրար դեմ հանող Գերագույն Հարթակում։ –
Եւ ես ո՞ւմ պիտի (եւ ի՛նչ) համոզեմ նախորդ պատկերով,
եւ ո՛ւմ է հարկավոր այսօր ինչ-որ Միտք մեկնել…
Երկիր իմ, հարուստ – չմեկնած մտքերի պարտքերով,
ահա եւս մի հաջորդ օր եւ ահա միտք – Մեկն էլ.
մեր ժամանակը մեր Տարածության կողն է խրված,
ինչպես հսկա գեղարդը՝ լայնալանջ հերոսի։ –
Ա՜խ, կատարյալ է եւ, ա՜խ, ինչպե՜ս է հմտորեն լրված.
եւ Սկիզբը կա, եւ Վերջը, եւ Ընթացքը Արնահոսի։
Կամ անշարժ սալքար կամ թռչող, աչքերդ մշուշող հովատակ –
ճակատագիրը վաղուց է ճանապարհի դյութանքներին հաղթել.
սա մի Երկիր է, ուր չես կարող ապրել, թե չՀավատաս,
բայց հենց Հավատացիր – Պոեզիան կավարտվի Այդտեղ։

***
Արեւը՝ ճառագայթի վերջում՝ աշխարհին անառիթ
հանդիպելիս։ Մագաղաթը՝ ժամանակի խորքում (գունեղ ու
անհետեւանք պատմությունդ ամփոփած բարբառիդ
միս ու արյամբ, ցնծության, հաճախակի՝ լեղու
հորդումով)։ Գողգոթան – գուցե հմայության տեղակ
(միայնակ մնացած ծնունդով ու մահով։ Ու մահով։
Այսու – մեր հույսն ապօրինի, մեր հավատը շեղաչ…) –
որպիսի՞ մի հանդիպումի ճանապարհը պահող։
Բանաստեղծությունը, որի ինքնաբավ թեւերից
ագռավաքարեր են կախված – անմահ ու անժառանգ
(որպես հակազդում մետամորֆոզի բոլոր ձեւերին
կամ բազմադրվագ պտույտ ու տարափի քարե առանցք),
Սերն՝ ավարտված ու դեռեւս չփոխված ատելության
որջի, ղատ-ը, իբրեւ ավերակվող քաղաք,
սեփական մահդ (եթե նման է արդեն այլ տերության),
եւ կիրակին այս, Կիրակին՝ Ինքը – Կործանումը Խաղաղ։

 

***
Ոչ մի կերպարանք էլ չեն գծում կրակի
լեզուները։ Անցյալն ապրում է կոկորդում
կամ աչքերի մեջ։ Մարմնիս ու «հոգվույս կիրակին»
այս վառարանի մոտ էլ պիտի անցնի։ Հորդում,
փրփրում է ուղեղս։ Ես կշարունակե՞մ
խոշտանգել ինքս ինձ – մոռանա՞լ, հիշե՞լ թե…
այս մի հատիկ կյանքում ի՞նչը պարունակել.
հազիվ տեսանելի պիտի թրթռա Ոսկյա Կշեռքը
սերունդների միջեւ։ Այս մի սերունդը
արարողներ չունեցավ։ Շքերթը եղծել է
կերպարանք ու շուրթ։ Իսկ մոտակա հեռուն դեռ
չի հասկանա «կործանողի ստեղծելը»։ –
Որտե՞ղ է դավադիր հինը, եւ որտեղի՞ց է շողոմ
նորն սկսվում։ Փոխվում են տարեթվերը, սակայն
գծիկը նրանց միջել նույնն է՝ անդեմ ու ողորկ,
եւ այդ պատճառով էլ, գուցե՝ չընկնող-հերոսական։

 

***
Կարծես թե մենք մեզ տեսնում ենք մի հայելում,
որ գործում է աստղի նման՝ լույսը՝ դարեր անց.
բայց այս ո՞ւմ արտացոլանքն ենք, ուրեմն, վայելում,
իթրեւ թե մեր պատկերը՝ ժողովուրդ թե անձ։
Բան չմնաց բացատրելու, սակայն
ինչո՞ւ է նա մեր շարժումները կրկնում –
մեր կանչը, մեր երթը օրհասական –
եւ ճիշտ ինչպես մենք՝ ինչ-որ խոսքեր երկնում։
Եւ իմ ասածը, որ հիմա պիտի ասեմ,
ո՞ւմ ասածն է լինելու, ո՞ր առիթով.
ու սկսում եմ հասկանալ – մի տեղ եմ հասել,
ուր հետո էջք է, զառիկող…
Ջարդե՞լ հայելին, որպես այն հուսահատ խելագարը,
թե – ազնիվ ճակատագիրը փնտրող տարօրինակ ալքիմիկոս
հայրերից մասունք մնացած իմաստության քարը
քարշ տալ այս եւ անցած վիհերի վարքերի միգով։

 

ԵՐԿԻՐ ԵՒ ՋՐԵՐ

Այն Երկիրը, որը նման է
ուրիշ երկրների, Հայաստանը չէ։
եւ Հայաստան չէ առհասարակ.

բանաստեղծություն է, որը, գուցե,
գրել են ներշնչանքից առաջ կամ հետո,
ստվեր, որը չի ճանաչում իր լույսը,
խաղաղություն չընդգրկող պատերազմ,
ցերեկվա խավար, գիշերվա բնազդ,
մարգարե, որ ժամանակների մեջ պարապ
թափառելով՝ անհուսորեն հետ է ընկել
Ժամանակից, պարտություն է կամ
հաղթանակ, երբ ճակատամարտ չկա էլ,
մահ է, որ հասու է յուրաքանչյուրին,
ու փորձություն՝ որը չի կրելու ոչ ոք…

Իսկ բառերը – եթե նույնիսկ գրված են
քարերի վրա – ծփում են ալիքների պես
(քանզի ծնվել են առաջին ջրերից),

ուրեմն վաղուց վերեւում բերված
հերթականությունն այլեւս չունեն։

 

ՆԵՐՍ ՈՒ ԴՐՍԻՑ

Զգայարաններին ընդդեմ օգոստոսի
արեւ, տարածության հոտ է «բուրում»,
եւ դրդում է խոսել ինչպես Իոսիֆ
Բրոդսկին, մի ժամանակ, Իստամբուլում։

Բայց ես ուրիշ մեկն եմ, թեպետ երերում են
Ցավերն իմ ցավի մեջ։ Նաեւ՝ եթե
Անդունդը կա, ապա պիտի վերեւում էլ
Երկինք լինի, «…քանզի անհեթեթ է»։

Հավատում եմ։ Ներսեր ու դրսերից
Մարդ ու աղբ է հորդում. միմյանցով են դալար։
Ուրիշ՝ Ոչինչ։ Ոչինչն իր դարսերից
հանած իր կամքերն է ցփնում։ Օձագալար

ազատությունները. հենց «բյուրվիշապ»՝
այստեղերում մի օր գրված՝ ցնծուն տառով։
Գալիքիդ հուշերը – Աղոտ Վերը հիշած –
ընկրկում են եւս հազար ազատ տարով։

 

ԿՌԱՎԱԾ ԿՌԱՀՈՒՄ

Նոր Նորք, 6-րդ զանգված. ջնջված հորիզոն,
պղտոր համայնապատկեր. դարձյալ այստեղ եմ։
…մեզ ոչ թե պատմել են, կարծես, այլ զրպարտել…
Դիտարժան են միայն թռչունները,
ասենք, քաղաքայինները՝ ագռավն ու աղավնին,
ճնճղուկներն էլ, եթե նկատում եք նրանց,
չէ՞ որ, թռչունները ենթակա չեն
ճակատագրին, իրենց էլ ճակատագիրը
ենթակա չէ, ուստի՝ դուրս են գրքից
զրպարտության… բայց նրանք էլ ահա
կռավում-ղունղունում-ճռվողում են
վատթարը՝ պոեզիայի ավարտը,
մարդկային հոգին՝ առօրյա-
պատմական-ձուլածո սաղավարտը,
ճեղքելու փոխարեն… Բայց ես
դարձյալ այստեղ եմ… «Ինքնին աշխարհ»
չկա, ու ես մեկ առ մեկ տեսնում եմ
տեսածներս, որոնք ավելին են,
քան եղածը. տես՝
ագռավների կռավածը,
չկռահածը աղավնիների,
եւ ճնճղուկներն՝ իրենք…

 

ԵՌԱՏՈՂԵՐ

Գիշերը խժռում է քաղաքն,
ինչպես բորխեսը՝
ամենակուլ, քանզի՝ կույր։

Գիշերով պարզ ես տեսնում.
վերի անդունդն ավելի
մեծ է, քան վարինը։

Վեր ու վարում անտարբեր է
անգամ բերքն, այլեւս
ամենուր մարդիկ են։

Խոսքը մեծ է մարդուց, բայց
ուղղված է մարդուն. գիշերը նաեւ
դաժան է, որպես խորխե լուիս։

Նախորդ գրվածքից այստեղ ընկած
«հոգու սաղավարտը»՝ դաշտի միջի
կարմիր վարդն ու փոքրիկ տղան միջում։

Միստիկան ընտրել է մոդեռնը, սա՝
շրջազգեստը… փռփռում-վխտում է
խռով՝ պատճառի տեղը չգտած։

Գիշերը դարձյալ գրկում է քաղաքը,
որին շրջանցած՝ վերի անդունդից
վարի անդունդն են հոսում բառերը։

 

ՎՏԱՐՈՒՄ

Հետաստվածաշնչյան տասնամյակներ են
բակում, կամուրջները քանդված են, գետերը՝
վարարած ու մարգարե չհարգող, մարդը՝
դիմագիծ առ դիմագիծ
դատարկվող, նրա ճակատին գրելուց
հրաժարվում են աստվածները՝ գործարքը
համարելով անհրապուրիչ, գիշերվա,
փողոցի ու լապտերի համադրությունն
այլեւս անդին տանող ամենակարճ
ճանապարհը չէ, այլ՝ պարզ, կենցաղային
անելանելիություն, երեկ-մեկել օրվա
տեղական ընդգրկման վարդերը՝ թեր առ թեր,
հարակից բլբուլները (տես՝ սոխակ)՝
բմբուլ առ բմբուլ՝ տրված են քամուն…
քամին փչում է…

 

Ուրբաթ օր

Մահամոտ ուրբաթ մի օր էր,
Զիգզագը կյանքի կամ կորը
այնքան շեշտակի ու խոր էր
ծվատում սրտի անդորրը…

Միտք ու ըմբռնում բաց առել,
ցնծում էր նախորդ պատկերով,
օրը, որ գիտեր բաց անել
մատյանը՝ մարդու պարտքերով,

իսկ շուրջս, Երկի՛նք, ի՜նչ իզուր
քաղաք էր՝ զրաջան, վրդով,
ու խորտակ ժխորում՝ լեզուն
ժպտում էր կոտրված սրտով։

Ինչ շնչեղ, ինչ քաղցած, ինչ խրթին,
զիգզագ առ զիգզագ, կոր առ կոր
կյանքն անցավ սրտերից անդին…
այդ ուրբաթ՝ մահամոտ մի օր։

 

ԱՆՔԱՐՈՎ

Ընտել շնչառմամբ (չորս քառատող,
նույնը չորիցս քառատողը,
նույնիսկ՝ եթե էլ բառաթող ես,
ու չորս անգամ չորսն անգամ ատող)

այստեղ վերջին քայլքն անող կիրքը
ետ քե՞զ է փարվում, ամայն աշխարհ,
որտեղ քարերը (սե՞ր էր, վաշխա՞ռք)
աղաղակել են ամբողջ գիրքը…

նույն կերպ են փլվել (…վես-չփարվես)
քարե տաճար ու բառապարանք
(մահը թեման էր, սյուժեն էր կյանք),
եւ կա՛նք – քանի՜ կանգ կաս, կույտարվե՛ստ։

Մենակ մնացիր, Երկինք, անե՛լ,
առ իս՝ միշտ անդուլ-խուլուհամր…
քար եմ, ըմբոշխնի՜ր դառնահամը,
ընկած քար, որ կեզ քառաբանեց։

 

ՎԱՍՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ

Ահա մեծ-մեծ մտքերը, որ չարժեն կյանքի մեկ վայրկյանը,
ահա եւ ամբողջ կյանքը, որ կես միտք անգամ չարժե,
բոլոր վեց պատերը, որոնց ճնշումն հավասար է այն անկյանը,
որտեղ ահա կծկվել են մարդն ու հրեշտակը՝ անկյալը,
ու չեն զորում ոչ տրված մի միտք, ոչ ինքնակա վայրկյան
անգամ տեղաշարժել…

Ահա ճակատագրված պատճառը,
որ փնտրում է ոտնահետքերն անժառանգ հետեւանքի,
հար ազատ հետեւանքը` անկեզ պատճառի կրունկը տրորող,
ու դարձյալ հայտնվում է մարդը,
ու դարձյալ՝ ոչ առանց հիշյալ հրեշտակի,
հիմա էլ նա հույն է, որ ավերում է –
միգում իր – ուրվական-հեշտանքի`
ճնշող անկյունների Տրոյան, աստվածամարտ գրոհով։

Վայրկյա՞ն, թե՞ միտք էր միգոտ-մոլեգին ու երբեք
պարտադիր չեղած, այլեւս անհետեւանք Տրոյան,
միշտ Ուրիշի Կամքով բազում պատճառ հյուսած
ղպտի-հուրի-հույնը,
ինքնին հետեւանքը` հետեւանքը մսխող`
նրա մյուս բոլոր անդուլ երեսները՝ հռովմայեցին,
հետեւանքին` պատճա՞ռ… պատճառներին`
նրանցով կազմված մեր անկյու՞նը՝ սույնը,
սույն` կամ ճնշող քրքիջ կամ վեհ վայնասունը…
տարատեսակ` պատմաշառագունած երկինքների,
որով մեզ բոլորիս հմայեցին։

Երկար պատմություն է… Պատճառն այլեւս հազիվ թե,
բայց հետեւանքներից մեկը, անկասկած,
հատնելու է քո արարք-կյանք կարծած համբերությունը,
ու նույն ժամանակ հավերժական է
այս հույժ դիցերի ճակատամարտը.
նրանք կարող են եւ երբեք կանգ չառնել…
բայց դու… կփակես, դու պիտի փակես պարբերությունդ.
ահա նրանց ու քո միջեւ եղած տարբերությունը,
իսկ եկողն ահա` վեցապատ աստծո
նույն լուսնի վրա հաչող հաջորդ միտք
¥թե՞ վայրկյան, թե՞ կյանք¤` մեկ ուրիշ մարդ է։

***

Քաղաքն ինքնուրույն է դարձել,
Երկինքը մեզանից դուրս է,
Մեզնից դուրս ինչ կա՝ Երկինք է,
Ես դուրս եմ գալու քաղաքից։

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *