ԼՈԻՅՍ-ՓՈխԱԿԵՐՊՈԻԿ
Մի ճանապարհ,
ընդամենը մի ճանապարհ է ինձ տրվել, –
Այսքան բազմագո, այսպես բազմադեմ
Իմ աստծուն հանդիման,
Նրա ձեւերը բոլոր –
Հին համեմատության պես –
Նետերի նման իմ սիրտն են խրվել,
Ճոճվում են նետերը իմ սրտում,
Օրորվում են, ինչպես դաշտում ծաղիկները,
Ցավոտ աճում են, աճում են, աճում են
Իմ սրտում
Հիմա։
Դաշտ է իմ սիրտը՝
Աչքից հեռու, սրտից Հեռու,
Հեռու բոլոր հայացքներից ու ոտքերից
Հարազատի-խորթի.
Եւ ո՞ւր եք դուք, մարդիկ,
Եւ ո՞ւր ես դու,
Եւ ինչո՞ւ եք ընթանում այդպես փութով,
Եւ Լույսին այդքան հակառակ,
Մի՞թե այստեղ չէ Դա. –
Արյունոտ նետն է մտերմանում
Դաշտի հետ ու սրտի,
Բայց նրանք չեն գալու այլեւս.
Նրանք խաբել են ինձ, նրանք խաբել են ինձ,
Նրանք խաբել են ինձ…
(Ինձ… երկնառաք)։
Նրանք չեն գալու այլեւս դեպի հետ,
Դեպի տառապանքը, դեպի տուն, սեր
Ու սրբազան հանցանք,
Արյունոտ նետերը միայնակ ծաղկում են
Իմ սրտում`
Ծաղիկներով կարմիր, –
Այս է զարմանալի սիրո
Պատվանդանը անզառանցանք,
Այս եմ –
Ճամփորդ ոգի
Եւ բզկտված, արնոտ ու ճշմարիտ մարմին։
Մի պառավ է միայն շրջում հսկա դաշտում…
Ախ, սիրելիս,
Չորացած իմ ջադու…
Բայց նաեւ աղջիկ է նա իբր…
Հավատավոր,
Ճչում-ծղրտում է,
Քրքջում ու ոռնում,
Աղիողորմ լալիս
Եւ կրկնում է համառ՝ բախտավո՜ր իմ,
Իմ բախտավո՜ր։
Քեզ –
Մարմինս, ոգիս եւ վերքերս –
Խելակորույս ուրվական, օգնական դեւ,
Քեզ –
Զառանցանքս, կամքս եւ խնջույքս,
Եւ ճանապարհս – այսպես անտեղյակ Լույսին,
Ահա –
Ես մերկ եւ մոռացված, ոտնահարվող
Կանգնած եմ քո դեմ,
Եկ մի քիչ էլ, մի քիչ էլ…
Քիչ էլ հավատա ինձ եւ ուսիր։
***
Այս սենյակը, ցավը, անկողինը,
մահվան գաղափարը, գիրքը, ափսեն,
կյանքը – միշտ էլ զորեղ – նորը, հինը,
քամին ինչպես սաղմում մոլեգնող սեր…
Սրանք հասկանալու տենդը, անցեղ
սլացումը խորքում քամահրված
գենով։ Բայց մենակ ես ճամփան անցել,
եւ բոլորի համար մի անուն է դրված
այնտեղ, ուր ալիքը հավերժ ջրի
(թե՞ դա ձեոք էր) շռայլ իր հմայքում –
քեզ, խորհուրդդ պիտի սրբագրի…
Եվ դու էլ կաս արդեն այս սենյակում.
որպես թե պահարան, ներում, նկար,
եղծող եռանդ, աթոռ, կիսաբաց գիրք
կամ թե ինչ-որ տաղից ափսեդ ընկած,
անհույզ մի ջերմ պահած խնձորի գինդ։
***
Երկնքի թասը – (ո՞ւմ ձեռքն է դա) – լեցուն
ադամանդներով մեր բախտի։ Չի ցնցում
պատկերը։ Սակայն ամեն օտարացում
ընդդիմադիր սեր ու շնչառություն է՝
իրենով լցված։ Նման հարությունը –
անառակի դարձ։ Այլ են արդեն գույնը,
ձայնը, կանչերը մահվան։ 0, վտարում,
դու եւ քաղաքդ եղել եք «Ղ» տառում,
մնացածները ձկներ են վտառում,
վտառ են ջրի, տարվա, վարակի
հետ հոսող, ոչինչ հույզերը հարակից
չեն նշանակում, փոշոտ մի դարակջց
հանած գիրք ինչպես։ Այլ գիրք է գրվում արդ,
ուր տարաբախտ սեր, վշտոտ ու ծաղկազարդ,
չի լինելու էլ։ Կարոտդ, որպես սարդ,
ծծել է ոգին քո մանկության – բզեզ,
միալար բզզոց մի արցունքաբեր։ Քեզ…
չկա փրկում, սարդդ պիտի փրկես։
Կրկնակի անկում՝ ճանապարհի կեսին –
գայթակղություն, բախտացրման ծեսի
մասնակիցը լինել։ – Դու-ի, ապա ես-ի
հին ուլունքները մատով խառնել թասում
երկնքի։ Վարակ, տարի ու ջուր, հասու
սրանց ընթացքին դու կդառնաս մասունք,
այսինքն աստղ – օտար ու փակ ցնծում։
***
Տեսա անհուն ու դատարկ են քաղաքիս բոլոր փողոցները,
տեսա փլված է մանկությանս ստնտու տաճարը միակը,
երազած – որոնած բառերս հանկարծ անավյուն ու ծեր են,
եւ ցնծումնավոր է միմիայն օրերի շքերթադիակը…
Դռանս, որպես թե մեկը անփույթ-անտագնապ թափթփի,
դարերն են, դարերի բարքը, փառքը խառնագնաց ու շիլ,
ապա – սպասումի մեջ միլիոն փարիսեցի, մաքսավոր ու դպիր
զարհուր-տարակուսած՝ պահի վերջնա-ողբերգական ուժից։
***
Ահա երկինքը.
ձյան ու ագռավի, ագռավի ու ձյան
աղմուկով լեցուն։ Ես եմ ու ինքը։
Ինքն ու ես։ Նա իր այդպես մատուցյալ
պատկերով, ես իմ տիրությունները
բառավորելով։ Փառավոր մի ձայն
որպեսզի հնչի, լռություններ են
հարկավոր ահա – ագռավի ու ձյան։
***
Եվ եղավ այնպես, որ հացի հետ խելքն էլ
կերան, որովհետեւ հացը չափազանց քիչ էր
(կամ շատ), անմիտ խմբերգերով կալնվեց ելքն էլ,
մուտքն էլ. չես լսի տնքոցը մեռնողի, ծնվողի ճիչը։
Իսկ այնպես՝ կարգին է. կորստյան սերերը փեշերիդ
քսվում են – քամի փողոցում կամ խոսքեր՝ ասված,
անձկության անգղները նայում են գժտության լեշերին
եւ կտցում փտումը – մի աստված, չորս աստված, շատ աստված։
Նրանցից խույս տալու համար բառերը տողից
ցատկում են, խցկվում հաջորդ տող (ուրիշ տեղ չկա էլ),
եւ նրանց միայն հետագիծ շողից
կարող ես ճանաչել, վկայել։
Իսկ լավագույնները կփախչեն, կթռնեն
անվերջ, որ երբեւէ՜ չդառնան անձկության անգղներին՝ հաց-
իրենց գուրգուրանք-կտուցով տանելով վիրավոր թիթեռներ՝
խոր տնքոցները մեռնողների եւ զիլ ճիչերը ծնվող մանկանց։
VACUUM – 1
Գիշերն
ինչքան ուժ ունի
վրա է տալիս
երբ գիշերն ուժեղ է
չես կարող
քնել
VACUUM – 2
ինչքան
մարդիկ
շատ
էնքան
մարդը
մենակ
VACUUM – 3
մի՛
սփոփեք
չի
դարմանում
խաբե՛ք
ինձ
VACUUM-4
ազատություն
եմ
ուզում
մեծացրեք
իմ
վանդակը
VACUUM-5
իմ կողքով
անցան
եւ ցերեկները
եւ գիշերները
որտեղի՞ց են
սրբելու
ինձնից
մնացած
փոշին
VACUUM-6
Աստված իմ
գոնե ասա
որ
ուզում ես
լռել
բայց
ասա
VACUUM-7
Երեք
չափով ես
ինձ չափում
Տեր իմ
տարածությամբ
ժամանակով
եւ լռությամբ