Գայանե Մկրտչյան | Ավելին, քան անընդունելի անտարբերություն

Յաիր Աուրոն

Յաիր Աուրոն «Սիոնիզմը և Հայոց ցեղասպանոթւյունը. Անընդունելի անտարբերություն»

Փլվածք… Սա մի հոգեվիճակ է, որի մեջ գտնվում է այսօր հայ մարդը, և ավելին է, քան արտաքին աղետը, սա փլուզում է դրսից ու ներքուստ՝ միաժամանակ:
Ու հիմա, յուրաքանչյուրս իր մտքում, առանց շպարի, կեղծիքի ու պաթոսի, ուզում ենք հասկանալ, թե ո՞րտեղ սխալվեցինք հարյուրամյակներ անց մեր նոր պատմության հրաշափառ նվաճումից՝ Արցախ աշխարհը ազատագրելուց հետո: Երեք տասնամյակ որտեղ և ինչով վրիպեցինք:
Պատերազմի մեկ տասնյակի հասնող շահառուների ու կազմակերպիչների ցանկում յուրահատուկ դիրքում է Իսրայել պետությունը, ինչն էլ թույլ տվեց հասկանալ, որ պատերազմը ընդհանրություն չունի բարոյական հարցադրումների հետ:
Հոկտեմբերի 11-ին իսրայելցի տասնյակ գիտնականներ բաց նամակով կառավարությանը կոչ արեցին անհապաղ դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին, առանձնահատուկ շեշտելով, որ դրանք իրենց անձնական տեսակետներն են, և որ «զենքի վաճառքից ապագա շահը չի կարող լինել արտաքին քաղաքականության միակ գործոնը»:
Նամակը ստորագրողներից Յաիր Աուրոնը 2015 թվականի Ցեղասպանության 100-ամյակի տարում ժամանել էր Հայաստան: Շանթ հեռուտաընկերության եթերում պատմաբանի արտահայտած մտքերն այսօր, մեր պարտության պատճառները քննելիս այլ՝ երկակի իմաստ են ձեռք բերում: Երբ հաղորդավարն ասաց, թե այո, դուք ևս չեք ընդունում Ցեղասպանությունը, իսրայելցի գիտնականը զարմացած- հանդիմանական առարկեց. «Չե՞նք ընդունում, մենք ոչ թե և ոչ միայն չենք ընդունում, մենք ժխտո՛ւմ ենք, ինչը մի մակարդակ ավելին է»: Իսրայելի պաշտոնական տեսակետով մենք «համաշխարհային պատերազմով պայմանավորված ցավալի դեպքերը վերապրածների շառավիղներ ենք»:
Այս օրերին արդեն ակներև է, թե որքան վտանգավոր էր ժխտումը, և կարևոր՝ հիշյալ, մեր կողմից չկարևորվող նյուանսը: Հետագայում հայերեն թարգմանվեց Յաիր Աուրոնի «Սիոնիզմը և Հայոց ցեղասպանոթւյունը. Անընդունելի անտարբերություն» գիրքը: Հեղինակը հույս է ունեցել ուսումնասիրությունների արդյունքում գտնել ավելի մեծ կարեկցանք, ելնելով մեր ճակատագրերի նմանությունից, բայց դրա փոխարեն հայտնաբերել է անընդունելի անտարբերություն և մի վերաբերմունք, որտեղ մասնավորը գերխշխում է համընդհանրականի վրա, և սեփականի հետևում համամարդկայինը չտեսնելու փորձեր:
Գիտնականը եզրահանգում է արել, որ «ժխտելով այլ ժողովուրդների նկատմամբ իրականացրած ցեղասպանությունը, մենք պղծում ենք մեր սեփական Հոլոքսոըի ժառանգությունը»: Գրքում Աուրոնը հիշատակում է 1998 թվականն «Հաարեց» թերթի մի հրապարակում, որում հեղինակ Ակիվա Էդլարը գրել էր. «Այս զենքի վաճառականների /Իսրայել/ քաղաքականությունը վաղուց մի կողմ է նետել ամենայն բարոյական նկատառում»:

Էլի Յոսեֆ

 

Նատալի Պորտման

Պատերազմի օրերին հրեա Էլի Յոսեֆը զենքի արգելափակման հայցով դիմեց Իսրայելի դատարան ու մերժվեց, և իբրև բողոքի նշան՝ հացադուլի նստեց: Սա եզակի բարոյական ու մարդկային արարք էր:
Բարոյական նկատառումով 2018 թվականին ծագումով հրեա ամերիկացի դերասանուհի Նատալի Պորտմանը հրաժարվել էր մասնակցել Իսրայելում անցկացվող Genesis մրցանակաբաշխությանը. «Չեմ ուզում տպավորություն ստեղծվի, որ աջակցում եմ Բենիամին Նաթանյահուին, այսօրվա դաժանություններից տուժածների ճնշումը չի համապատասխանում իմ հրեսկան արժեքներին: Քանի որ ես մտահոգվում եմ Իսրայելի մասին, ես պետք է դիմադրեմ բռնությանը, կոռուպցիային, անհավասարությանն ու իշխանության չարաշահմանը»:
Երկու տարի անց, 2020 թվականի հոկտեմբերին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայավարի ընդվզեց «Իսրայելի իշխանությունը, որն ապրել է ցեղասպանություն, փողի համար ոտնահարում է ոչ միայն մարդկային արժեքները, այլ նաև Աստծո կողմից պարտադրված արժեքները»։
Ինչո՞ւ մենակ մնացինք թշնամիների, դրկիցների, հավատակիցների ու բախտակիցների մեջ… Եթե պարտությունն է որբ է, ապա ինչպ՞ես մենակ մնացնք նաև հարյուրամյակներ անց հրաշքով ազատագրված հայրենիքի, Արցախյան հաղթանակից հետո: Սովետական-ստալինյան բռունցքից Արցախը պոկելուց հետո: Ինչպես ինքնորոշումն ու միացումը վերափոխվեցին վտանգավոր ու մահացու ականի՝ տարածքային ամբողջականության ՄԱԿ-ի չորս բանաձևի, որն էլ, նաև Իսրայելի աջակցությամբ, սեպտեմբերի 27-ին պայթեց:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *