2020թ․ գերմանական «Դոնաթ» հրատարակչությունը լույս է ընծայել Թեսսա Հոֆմանի եւ Ժիրայր Քոչարյանի «Մահուան տեսիլ․ հարգանքի տուրք Հայաստանի սպանված բանաստեղծներին (1915 – 1945թթ․)» ժողովածուն[1]։ Ստորեւ՝ գերմանական «Մատրիքս» գրական-մշակութային հանդեսում[2] Սեւակ Արամազդի այդ առթիվ հրապարակված հոդվածը՝ հեղինակի թարգմանությամբ։
Պատերազմները, աւէրումները, նուաճումներն ու կողոպուտները վաղնջական ժամանակներից բնորոշել են աշխարհը եւ, ըստ երեւոյթին, դեռ երկար ժամանակ ուղեկցելու են մարդկութեանը։ Դրա պատճառը թաքնուած է իրերի բնութեան մէջ, որտեղ մշտապէս գործում է մի խորհրդաւոր աւէրիչ ուժ՝ էնթրոպիա անունով, որը, սակայն, անհրաժեշտաբար յարուցում է իր հակոտնեան՝ հաւասարակշռութեան, խաղաղութեան եւ ներդաշնութեան օրէնքը։ Լարման այդ երկու բեւեռների միջեւ ճօճւում է մարդկութեան պատմութիւնը՝ այս ու այն կողմ, այս ու այն կողմ․․․
Սակայն կայ մարդու կողմից ստեղծուած մի երեւոյթ, որը բնութեան մէջ այդ ձեւով չի հանդիպում․ ցեղասպանութիւնը։ Դա տեղի ունի այն ժամանակ, երբ մի ժողովուրդ ամբողջովին կամ մասամբ նպատակադրուած կերպով ենթարկւում է բնաջնջման։ Բնաշրջութեան տեսակէտից դրա համար գոյութիւն չունի բնական անհրաժեշտութիւն, ուստի, ցեղասպանութեան երեւոյթն
անհեթեթութիւն է, որի պարագային աւէրման ուժը հանդէս է գալիս իբրեւ բացարձակ։ Դա է պատճառը, որ, գոյաբանօրէն դիտած, ցեղասպանութիւնը կարող է տեղի ունենալ միայն մարդ կենդանատեսակի դէպքում, որն ազատութիւն ունի չարաշահելու իր բանական օժտուածութիւնը, երբ նա, կամայականօրէն միջամտելով բնութեան օրէնքներին, փորձում է իշխանութեան իր ենթակայական կամքով բռնութեամբ հիմնորոշել իրերի ընթացքը։ Ահա թէ ինչու, ցեղասպանութիւնը մի անբնական եւ ապօրինի երեւոյթ է, որը խորապէս վիրաւորում է բնութեան արժանապատւութիւնը։ Դրա յարուցած ցաւը հէնց այդ պատճառով էլ հրէշաւոր է, բուն կենսական իմաստով՝ անըմբռնելի եւ չի կարող բացատրուել, էլ չասած՝ ամոքուել կամ փարատուել գիտական հետազօտման, քաղաքական հիմնաւորման կամ պատմական ապացուցման միջոցով։
Երբ ես մի տարի առաջ Թէսսա Հօֆմանի եւ Ժիրայր Քոչարեանի «Մահուան տեսիլ․ յարգանքի տուրք Հայաստանի սպանուած բանաստեղծներին (1915-1945թթ․)» գիրքն առայ ձեռքս, հաստատ որոշեցի դրանում տեղ գտած բանաստեղծներին, որոնք զոհ էին դարձել Հայոց ցեղասպանութեանը, մօտենալ զուտ գրական տեսանկիւնից՝ առանց նրանց ինձ քաջածանօթ ողբերգական ճակատագիրն առնչելու ընթերցանութեանը։ Քանի որ իմ պատանութեան տարիներին ես այդ առթիւ արդէն սպառել էի իմ բոլոր արցունքները, մտածեցի, թէ այժմ կարող եմ այդ թեմայից որոշակի հեռաւորութիւն պահպանել եւ սթափ որոշել, թէ ինչպէս են այդ տեքստերն իրենց բանաստեղծական հնչերանգը վերագտնում գերմաներէնում։
Որ դա ինձ չյաջողուեց՝ պայմանաւորուած էր գրքի հրատարակիչների՝ յայտնի հայագէտ եւ իրաւապաշտպան Թէսսա Հoֆմանի (գեղարուեսական թարգմանութիւն) եւ Ժիրայր Քոչարեանի (բառացի թարգմանութիւն), մասնագիտական մեծ նուիրումով կատարուած ճշգրիտ, նախանձախնդիր աշխատանքով։ Նրանք կարողացել են ներկայացնել ոչ միայն ժամանակի խիստ բազմազան արեւմտահայ գրականութեան գեղարուեստական ընդգրկումների, այլեւ Էլիթիցիդի (Ընտրասպանդի) համապատկերը։ Գիրքն սկսւում է ներածութեամբ, որն իրականում չի աւարտւում, այլ սահունօրէն անցում է կատարում հեղինակների անհատական ճակատագրերի ներկայացմանը։ Ընթերցողի առջեւ գծագրւում է առանձին հեղինակների կենսագրութեան, ստեղծագործական ճանապարհի եւ մահուան դաժան հանգամանքների ամբողջ իրականութիւնը՝ յաճախ ամրապնդուած ականատեսների վկայութիւններով, մեկնաբանութիւններով ու աղբիւրագիտական ապացոյցներով, որոնք նրան հնարաւորութիւն են տալիս ըմբռնելու Հայոց ցեղասպանութեան մէջ Ընտրասպանդի քաղաքական-պատմական վճռորոշ նշանակութիւնը։
Այս առումով, յատկապէս յաջողուած է հեղինակների ընտրութիւնը՝ արժանի առանձին յիշատակման՝ նաեւ այն պատճառով, որ 1915թ․ ապրիլի 24-ի ճակատագրական գիշերը – որը նշում է Կոստանդնուպոլսի հայութեան առաջնորդող խաւի ձերբակալութեան եւ սպանութեան սկիզբը – ինչպէս նաեւ դրանից շաբաթներ ու ամիսներ անց զոհուեցին մի քանի հարիւր մտաւորականներ, որոնց մէջ նաեւ՝ բազմաթիւ բանաստեղծներ ու գրողներ։ Նրանցից տասնմէկը ներկայացուած են գրքում, կարելի է ասել, նաեւ միւսների փոխարէն։ Դրանք անուններ են, որոնք մինչեւ այժմ էլ համարւում են հայ գրականութեան դասականներ՝ Ցեղասպանութեան երկրաշարժից Հայկական Բարձրավանդակի փլուզուած գագաթները․ Կոմիտաս, Արտաշէս Յարութիւնեան, Սիամանթօ, Վահան Թեքեյեան, Դանիէլ Վարուժան, Ռուբէն Սեւակ, Երուխան, Գրիգոր Զոհրապ, Ռուբէն Զարդարեան, Զապէլ Եսայեան, Ինտրա։
Իւրաքանչիւր հեղինակից ժողովածուում ընդգրկուած են մի քանի գործեր, որոնք մասամբ վերաբերում են 1894 – 1896թթ․, ինչպէս նաեւ 1908 – 1909թթ․ հայոց հալածանքներին ու կոտորածներին, որոնք օսմանեան կառավարութեան համար ծառայում էին իբրեւ հայերի համակարգուած տեղահանութեան ու ոչնչացման մեթոդաբանութիւնը փորձարկելու ու կատարելագործելու «նախավարժանք»՝ 1915թ․ մեծ Ցեղասպանութեանն ընդառաջ։ Դա է պատճառը, թէ ինչու այն պատկերները, որ գրքում ընդգրկուած հեղինակները գծում են այդ իրադարձութիւնների վերաբերեալ, ոչնչով չեն տարբերւում նրանցից, որոնք յետագայում եւ մինչեւ այսօր էլ հանդիպում են 1915թ․ Հայոց ցեղասպանութեանը նուիրուած հայ եւ համաշխարհային գրականութեան մէջ։ Այդպիսի մի տիպական օրինակ է Սիամանթօյի «Մահուան տեսիլ» բանաստեղծութիւնը, որից եւ վերցուած է գրքի վերնագիրը․ «Կոտորա՜ծ, կոտորա՜ծ, կոտորա՜ծ…/ Հայրենի քաղաքներուն մէջ և քաղաքներէն դո՜ւրս./ Եվ բարբարոսները աւարով եւ արիւնով կը դառնան/ Մեռելներուն ու ոգեվարներուն վրայէն․․․»[3]։ Այն հեղինակները, որ ինչ-որ կերպ փրկուեցին Ցեղասպանութիւնից, ամբողջ կեանքում տառապեցին դրա հետեւանքներից եւ փորձեցին ստեղծագործաբար լրացնել այն, ինչ գրչի իրենց զոհուած ընկերներն այլեւս չէին կարող անել։ Նրանցից ոմանք, ինչպէս Զապէլ Եսայեանը – մի խիզախ կին գրող եւ կանանց իրաւունքների պաշտպան, որը բոլոր առումներով շատ առաջ էր իր ժամանակից – կամ Վահան Թոթովենցը զոհ դարձան երկրորդ Ընտրասպանդին՝ 1937թ․ ստալինեան ահաբեկչութեանը։ Կոմիտասը՝ արդի հայ դասական երաժշտութեան հիմնադիրը, թաղուեց խոր յամրութեան մէջ, այնքան խոր, որքան իր երգերի անքննելի գեղեցկութիւնը։ Վահան Թեքեյեանն ամբողջ կեանքում փնտրում էր «ինչու» հարցի պատասխանը՝ ամաչելով իր վերապրելու համար․․․
Թէսսա Հօֆմանի եւ Ժիրայր Քոչարեանի թարգմանութիւններն ընթերցողին ոչ միայն ընդհանուր պատկերացում են տալիս արեւմտահայ բանաստեղծութեան եւ արձակի մոտիւների, ժանրերի ու թեմաների մասին, այլեւ հնարաւորութիւն են ընձեռում համզգալու ընտրուած ստեղծագործութիւնների ոճական բազմազանութիւնը, տաղաչափութիւնը, ձեւերն ու ռիթմական կառուցվածքը։ Այսինքն՝ այստեղ գործ ունենք մարդկային ոգու մի բոլորովին ինքնուրոյն եւ իւրայատուկ արարման հետ եւ ոչ թէ այնպիսի տեքստերի, որոնց միակ խնդիրը իրադարձութիւնների պատմական յետնախորքը նկարագրելն է ու գեղարուեստօրէն հաւաստելը։ Տեքստերն ուղեկցւում են Խորէն Յակոբեանի նկարազարդումներով, որոնք մեղմ-խամրած գոյներով պատկերում են զոհերի դէմքերը, որ ասէս լինեն լուռ վկաները սեփական ճակատագրի։ Գրքի կազմին արտապատկերուած է գերմանացի նկարիչ Թիլման Ռօթերմէլի «Անի» նկարը, որը տպաւորիչ կերպով արտացոլում է Ցեղասպանութեան անըմբռնելիութիւնն ու կենդանի սարսափը՝ կուչ եկած ու դէպի երկինք աղաղակող մարդու կերպարով՝ սեւ ամպերով պատուած Արարատի հակառակ կողմի խորապատկերին։ Այստեղ տեղին է նաեւ ընդգծել «Դօնաթ» հրատարակչութեան նշանակալի ներդրումը տարիներ շարունակ իր բազմաթիւ հրատարակութիւններով գերմանացի ընթերցողին Հայոց ցեղասպանութեան թեմատիկային հաղորդակից դարձնելու գործում։
Գրքի ընթերցանութեան ժամանակ այն զուտ գեղագիտական հաճոյքը, որ պարգեւում է իսկական գրականութիւնը, անընդհատ հետապնդւում է ինքնաբերաբար ծագած այն մտքից, թէ ի՜նչ լաւ կլինէր, եթէ այս բանաստեղծութիւնն ու արձակը աղերսուած չլինէին Ցեղասպանութեանն ու հալածանքներին, եւ մարդ կարողանար դրանք պարզապէս վայելել իբրեւ գեղարուեստ։ Սակայն առնչութիւնն աւելի քան ուղղակի է ու աչք ծակելու չափ անշփոթելի, այնպէս, որ մի քանի ստեղծագործութիւնների պարագային (ինչպէս՝ Սիամանթօյի «Մահուան տեսիլ», Ռուբէն Սեւակի «Հայաստան», Զապէլ Եսայեանի «Աւէրակներու մէջ») ակամայ տպաւորութիւն է առաջանում, թէ դրանք գրուել են յետադարձօրէն՝ հեղինակների սպանութիւնից յետոյ։ Այդպէս էլ կատարուածի հրէշաւոր իրողութիւնը կրկին վրայ հասաւ ինձ, եւ նորից բացուեց չսպիացող վէրքը։ Հաշուի նստել այդ բոլոր սրտակտուր ու դժնդակ ճակատագրերի ու իրադարձութիւնների հետ եւ, այդուհանդերձ, մնալ գործնական՝ պահանջում է խիզախութիւն եւ բարոյական մեծ ուժ։ Գիրքն առանձնայատուկ է նաեւ այդ առումով։
Եւ եթէ նոյնիսկ հայ հեղինակների գործերը եւ խնամքով կազմուած կենսագրութիւններն ու մեկնաբանութիւնները ընթերցողին առերեսում են Ցեղասպանութեան մահուան տեսիլին՝ երբեմն զգացողութիւն առաջացնելով, թէ անընդհատ ընկնում ես անտակ դատարկութեան մէջ, որտեղ կորուստ, վիշտ, հանցագործ ու զոհ, աստուած ու մարդ ակնթարթօրէն կորցնում են իրենց իմաստը, ապա, միաժամանակ, համոզւում ես, որ այդ գրականութեան տարածումն ու դրա հեղինակների յիշատակի պահպանումը մարդկային գոյութեան այդ սեւ անդնդից ինչ-որ կերպ փրկուելու միակ հնարաւորութիւնն է։ Դառը, բայց, իմ կարծիքով, կարեւոր փորձառութիւն։
[1] Tessa Hofmann und Gerayer Koutcharian, „Todesvision: Eine Hommage an die ermordeten Dichter Armeniens (1915-1945)“, Donat Verlag, 2020.
[2] „Matrix“, Zeitschrift für Literatur und Kunst, 2/2022.
[3] Տրւում է բնագիրը։