Ուիսթեն Հյու Օդեն | Ավելի շատ սեր

Ավելի շատ սեր

Աստղերին եմ նայում: Գիտեմ հաստատ՝
Միմյանցով չենք մենք այստեղ: Եվ անդ:
Եվ թեպետ վախին կարող են անսալ՝
Անկիրք են արդեն՝ մարդ ու գազան:

Հրաշքով գոնե աստղերից գար մի հույզ,
Մի կիրք գտներ մեզ, թեք հայացքով թեկուզ:
Քանզի թե սիրո մեջ չկա հավասար կողմ,
Թող ես լինեմ ավելի սիրողը, թող:

Ես, ըստ իս, աստղացավ ահա կամ,
Բայց նրանց դա՝ ի՞նչ, ես անգամ
Չեմ ասի նրանց նայելով անքուն
Թե ցավոտ մի կարոտ կա մեր արանքում:

Եվ եթե մթնով աստղերը հանգեին
հայացքս դատարկ երկինք կհագներ,
Կլինեի նրա մութը վերամբարձ՝
Կկոցող սրտով՝ կամաց-կամաց բաց:

 

Թաղման բլյուզ

Ժամերը կանգնեցրեք, կտրեք խոսքի գծերը,
Շան ձայնը. նրա գործն այսու ոսկոր կրծելն է,
Դաշնամուրները թող լռեն, համր թմբուկի ներքո
Ահա հանում են դագաղը, հետից սգվորները՝ հերթով:

Եվ թող ինքնաթիռները հառաչով ստույգ
Երկնքում գրեն՝ Մեռավ Նա, մի քանի պտույտ.
Սպիտակի մեջ աղավնիները սեւ հագած
Թող կարգավորեն շարժումը, չլինի արկած:

Նա՝ Հյուսիս-Հարավը, նա Արեւի մուտքն ու ելքը,
Իմ օրերի անելիքն ու օրվա հաճույքը, երգը,
Կեսօրն իմ, կեսգիշերը, իմ խոսքը պերճ,
Անվերջ կարծեցի սերը. ողջը՝ հեչ:

Աստղերի կարիք չկա, դուրսն են նրանք
Արեւը՝ բացակա, իսկ լուսինը՝ պռատ,
Մաքրեք օվկիանոսը, անտառն ավլեք էս,
Ավելի լավ չի լինելու այլեւս:

Անգլերենից թարգմանեց Մհեր Արշակյանը

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *