Ինչ պիտի անի գրողը, ով հայտնվել է օտար երկրում ու լեզվին չի տիրապետում։ Ի՞նչ։ Պիտի պայքարի։ Պիտի փոխվի։ Պիտի կերպարանափոխվի։ Պիտի մկաններն աշխատեցնի։ Պիտի լեզուն սովորի մինչև կյանքի վերջ։ Նոր ընտանիք։ Նոր երկիր։ Նոր մարդիկ։ Տհաճ, անհասկանալի, անկառավարելի զգացողությունների հոսք: Դեպի տուն քայլելու ճանապարհին բենզալցակայաները պայթեցնելու անդիմադրելի ձգտում։ Տուն վերադառնալու ճանապարհին ամեն ինչ ավերելու անդիմադրելի ձգտում։
Քանի տարի է մշտական աշխատանք չեմ գտնում, բայց կնոջս, երեխայիս պահել է պետք։ Կինս արդեն վաղուց ապրում է Շվեյցարիայում և ունի իր մասնագիտականով աշխատանք։ Ամսվա մեջ մի քանի օր ֆիզիկական աշխատանքներ եմ ճարում ու ֆինանսական խնդիրների մի մասը կարողանում եմ լուծել։ Բայց արդեն 3 ամիս էր՝ ոչ մի աշխատանք չէի գտնում։ Իմ բոլոր ճանապարհները փակվել էին։ Իմ միակ ճանապարհը տանում էր ընտանի կենդանիների գերեզմանոց, որտեղ երեխաները թաղում էին իրենց կենդանիներին: Միակ տեղը, որ կարողանում եմ հասնել, տունն է։ Ես հասնում եմ տուն ու քնում։ Քնած ժամանակ մահացած մոլագարի ոգին մտնում է ներսս, վերցնում է հերձադանակը և գնում տերտերի մոտ: Ծիծաղելով ծերունու վրա՝ սպանում է նրան, իսկ հետո նաև նոր ժամանած մորը: Արթնանալով՝ տեսնում եմ դեպի ուղեպայուսակ տանող հետքերը և հասկանում, թե ինչ է կատարվել: Մոլագարը ձեռքը դնում է ուսիս և տարօրինակ խուլ ձայնով կրկնում՝ «սիրելիս, սիրելիս, սիրելիս, սիրելիս»։
Քնում եմ ու շուտով արթնանում և տեսնում սփրթնած դեմքով մի բարձրահասակ տղամարդու, ով հագել էր սև կոստյում։ Միանգամից հասկանում եմ, որ այդ մարդը Սատանան է։ Սատանան ասում է՝ սիրելիս։ Նա ասում է սիրելիս ու ես նայում եմ նրա արտաքինին ու տեսնում, որ այդ բառը չի համապատասխանում նրա նարնջակարմրագույն աչքերին և նրա վրայից եկող վառված լուցկիների հոտին։ Սև կոստյումով տղամարդը բարևում և մոտենում ինձ՝ առանց գետնին հետք թողնելու։ Սկզբում անծանոթը ծիծաղում է ինձ վրա, քանի որ տեսնում է, որ վախից տակս թրջել եմ։ Սատանան անսպասելիորեն ասում է, որ սոված է և պատրաստվում է ուտել ինձ։ Ես պատահականորեն նրան եմ մոտեցնում նոր բռնած ձկներից մեկը, որն անծանոթն սկսում է ագահորեն խժռել։ Երբ այդ սարսափելի մարդն ավարտում է ուտելը, լացում է արյունոտ արցունքներով։ Ես նկարչի ձեռքից վրձինը խլում եմ ու արթնանում։
Կինս ինձ միշտ ասում է, որ պիտի առանձնանանք, որ ես խելքս գլուխս հավաքեմ ու վերջապես աշխատանք գտնեմ։ Հայրենիք թռչելու համար տոմսի գումար չունեմ։ Համացանցում տարբեր էժան տոմսեր եմ փնտրում։ Աչքս է ընկնում մի հայտարարություն, ուր նշված է, թե անվճար Ցյուրիխից Երևան թռչող ինքնաթիռ կա։ Ինքնաթիռն առաջին անգամ է փորձարկվում։ Հայտարության տակի նշված հեռախոսահամարով զանգում եմ այդ ծառայություն։ Զանգին պատասխանում եմ մի կին.
-«Die Vögel» կազմակերպությունը լսում է ձեզ։
-Բարև ձեզ, ես կցանկանայի մանրամասներ իմանալ անվճար փոխադրող ավիաընկերության մասին։
-Հայտարարությունը կարդացե՞լ եք։
-Այո։
-Դրանից բացի ոչինչ իրավունք չունենք ձեզ հայտնելու։
-Բայց ո՞նց, մենք Շվեյցարիայում ենք, չէ՞։
-Այո, բայց դուք չեք վճարում չէ՞, իսկ Շվեյցարիայում միշտ վճարում են։
-Բա կյանքի անվտանգությու՞նը:
-Բա ձեր վճարումը։
-Բա մարդասիրությունը։
-Բա գումարը։
Հեռախոսավարուհին ցած է դնում լսափողը։ Արագ ստուգում եմ դրամապանակս։ Ընդամենը 41 ֆրանկ, 50 ռապի ունեմ։ Դա բավական է, որ Ցյուրիխ հասնեմ։ Թռիչքն այսօր ժամը 20-ին է։ Նայում եմ ժամացույցին. ժամը 16.17-ն է։ Վերցնում եմ ուսապարկս, կատվիս, շանս չլպոցով համբուրում եմ ու դուրս գալիս տնից։ Կնոջս, երեխայիս հաջող չեմ անում։ Դժվար էլ զգան իմ բացակայությունը։ Մերն էլ քունեմ, ինչ լինում է՝ լինի։ Գնացի։ Ասում եմ ու դուրս եմ թռնում տնից։ Լաուֆենի կայարանից գնացք եմ նստում դեպի Ցյուրիխ։ Ճանապարհին գնացքի անիվների չխչխկոցը նմանեցնում եմ սիրելիիս բառին՝ մոլագարի ու սատանայի ձայնով։ Սի-րե-լիս, սի-րե-լիս, սի-րե-լիս, սի-րե-լիս…
Տոմսեր ստուգող հսկիչն ստուգում է տոմսս ու ասում.
«Սա ձեզ ոչխարի մսից պատրաստված քաղցր կարկանդակ»:
Չհասցրեցի շնորհակալություն ասել, արդեն հեռացել էր։ Սկսեցի ուտել։ Սրտխառնոց զգացի։ Սրտխառնոցը նման էր բութ հավատացյալի շփոթմունքին, ով մի պահ պատկերացնում է Հիսուսին՝ սափրված, մազերը կտրած, կոստյում-շալվարով, ֆրանսիական թանկարժեք օծանելիք վրան ցանած։
Գնացի զուգարանի ուղղությամբ։ Քայլելիս, տարօրինակորեն արագ փսխեցի ու սայթաքելով ընկա՝ փսխուքիս մեջ։ Փորձեցի կանգնել։ Ձեռքերս, ոտքերս պլստում էր ու լսվում էր սիրելիս ձայնը՝ սի-րե-լիս, սի-րե-լիս, սի-րե-լիս…
Լիս, լիս, լիս, լիս, միս։ Մի կերպ ոտքի ելա։ Զուգարանի թուղթ բերեցի, մաքրեցի փսխուքս ու ինձ։ Ոչխարի բառաչ լսեցի։ Բառաչը կպավ թաց ծառերից ու երկինքը գորշացավ։ Գնացքը տեղ հասավ։ Էս երբ 2 ժամն անցավ։ Ժամանակն արագացել է։ Երկրագնդի պտույտն արագացել է։ Երկրագունդը թեթևանում է։ Մարդիկ շատանում են։ Պիտի շտապեմ։ Օդանավակայան տանող ավտոբուսն եմ նստում։ Ուսապարկս մեջքիցս տհաճորեն կպել էր։ Ես արդեն վաղուց ապրում եմ, իսկ երկրագունդը դեռ ինձ հարցեր չի տվել։ Հասնում եմ ինքնաթիռների կայանատեղի։ Սպասում եմ ինքնաթիռի ժամանմանը։ Մոտ 40 հոգի ենք։ Գալիք ինքնաթիռի ուրվականը քայլում էր հոգուս մեջ ու գոռում անձրևային տրամադրությամբ։ Ոչխարի բառաչը, թաց ծառերից սահելով՝ ընկնում է խոտերին։ Երկինքը վատ եղանակների քնից արթնանում է։ Քամի եմ լսում, ճռինչ։ Դեպի մեզ է թռչում հսկա բազենման թռչունը՝ բերանին խոզի մարմին։ Ես վախից երազում եմ տեղափոխվել Սատանայի մոտ։ Երազում եմ ձուկ լինել։ Երազում եմ, որ նա սոված լինի։ Երազում եմ բազմոցի տակ բանուգործ չունեցող, թաքնված երեխա լինել։
Բազեն, թևերի ընթացքը դանդաղեցնելով, կանգնում է մեր դիմաց։ Բերանից ընկնում է խոզն ու ճղղալով փախչում։ Խոզը, կողքովս անցնելով, արագ մի բառ է ասում.
-Նիհարել ես:
-Ի՞նչ։
-Սիրելիս, -պատասխանում է բազեն։
Բազեի պարանոցից դուռը բացվում է ու այնտեղից դուրս են գալիս ուղեկցորդուհիները, օդաչուները, անվտանգության պատասխանատու անձիք։ Նրանք լիաթոք օդն են ներշնչում- արտաշնչում, մարզանք ենք անում ու բարձրանում նորից օդանավ։ Աշխատողներից մեկի նշանով բոլորն սկսում են բարձրանալ։ Թռչունը ոտքերը ծալում է ու նստում։ Նա համաչափ շնչում է ու աչքերը թարթելով՝ բացում-փակում։ Մեզ դիմավորում են՝Guten Abend, Herzlich Wilkommen:
Բարձրանալիս ուշադիր նայում եմ թռչնի գլխի մեջ. թռչնի գլխում oդաչուներն են, ովքեր նրա աչքերով նայում են իրենց տեսադաշտը։ Բացի դրանից ուրիշ ոչ մի պատուհան չկա։ Ներսում երկու շարքով երկտեղանի նստատեղեր են։ Յուրաքանչյուրը տեղավորվեց, որտեղ պատահի։ Արհեստական լույսերն անհասկանալի ոգևորություն էին առաջացնում։ Ամեն նստատեղի դիմաց, սեղմման կոճակներ էին փակցված։
Ինքնաթիռի աշխատողների կողմից ոչ մի հրանգավորում չստացանք։ Անորոշությունը հանդարտ շնչառությամբ օղակել էր ինձ։ Չնայած բազեն չէր թռել, բայց բոլորն արդեն քնած էին։ Նայեցի կոճակներին, սեղմեցի «Einschlafen» կոճակն ու քուն մտա։
Երազ տեսա, որ ես կարմիր ճտքակոշիկներով անտառում վազում եմ Մերիլին Մենսոնի ետևից։ Նա շպարված էր, սև կանացի-տղամարդու խառը զգեստով։ Ես վազում էի ու չհասկացա, ոնց կանգ առա։ Մենսոնը կանգնել էր դեմ-դիմաց ու անթարթ հայացքով նայում էր ինձ։ Նա բերանը բացեց՝ կարծես բացելով դժոխքի դարպասներն ինձ համար ու ձեռքերս բռնելով՝ շշնջաց.
«Զգուշացիր քո ցանկություններից. դրանք կարող են իրականանալ»:
Ես արագորեն արթնացա՝ փախչող Մենսոնի թողնելով երազիս անտառում։
Բերանս չորացել էր։ Սեղմեցի «Wasser» կոճակին։ Կոճակի տակից պլաստմասե բաժակով ջուր դուրս եկավ, որը ես խմեցի մի շնչով։
Առաջվա նման բոլորը քնած էին։ Ինքնաթիռը տարուբերվում էր։ Հասկացա, որ արդեն օդում ենք։Մենսոնի հայացքն այնպես էր տպավորվել, որ զգում էի նրա աչքերից հորդող հիացինտի սուր հոտը։ Նրա շնչառությունն այնպես էր քթիցս կպել ու այնքան շատ էր շնչառությունը, որ հաստատ հերիք էր՝ ցունամի առաջացնելու համար։ Այնքան շատ էր, որ հաստատ դրանով կհովացնեի Աֆրիկայի, Ավստրիալիայի, Հարավային Ամերիկայի ողջ բնակչությանը։ Նրա շպարված դեմքն այնքան էր ճաշակով, որ ես այն կթողնեի ընդմիշտ, անկախ նրանից մարդկությունը երբ կվերանար։ Մենսոն, Մենսոն, Մենսոն։ Դու ինձ տաքացնում ես բազմաթիվ տարիների տառապանքներով։ Ես սիրում եմ քո մանիպուլյացիան։ Դու աննման ես։ Ո՞ւր է կոճակը։ Սեղմում եմ «Leidenschaft» կոճակին։
Կրքի գազանը բաժակս շարժում է։ Բաժակը դատարկվում է։ Աչքերս լցվում է բաժակի դատարկությամբ։ Սեռական oրգաններիցս տաք օդ է փչում։ Կարծես այնտեղ ոչխարները որոճալիս լինեն գնացքում մնացած կարկանդակս։ Մարմինս շարժվում է ծածանվող մազերին համընթաց։ Մեկը շոյում է ձախ ուսս։ Նայում եմ շոյողին։ Մերիլինն է։ Նա նայում է ինձ ու մատները խրում մազերիս մեջ և կոկորդային ձայնով ականջիս շշնջում.
«Դու ընտրում ես այն սուտը, որը բոլորից շատ ես սիրում։ Երբ ցանկություններդ իրականան, քո երազանքները կոչնչանան։ Ընտրի՛ր երաժշտությունը։ Երաժշտությունը կախարդանքի ամենաուժեղ դասարանն է»։
Նրա մատները զոհաբերվող գառների նման այս ու այն կողմ էին վազում, թպրտում մազերիս մեջ։ Ես չէի ուզում, որ նա ինձ լքի։ Վախենում էի, որ նրան կփոխարինի քաոսը, որը չունի շպարանք, չունի ճաշակով հագուստ, չունի քնի թմբիրում ինձ փակող ձայն։
Ես նայեցի հեռախոսի ժամացույցին։ Նա նույնպես նայեց հեռախոսիս ժամացույցին ու նորից շշնջաց.
«Իմ անդամը ժամացույցներ չի կրում։ Ես պիտի հեռանամ»,-ասաց նա՝ բարձրաձայն ծիծաղելով։ Ծիծաղը շատ ցածր տոնից բարձրացավ։ Ծիծաղի բարձրանալու հետ աղավաղվեց, աղճատվեց նրա կերպարն ու անհետացավ։
Նրա կերպարի բացակայությունն ինչ չքրտնեցրեց, չնայած բաց պատշգամբի փոխարեն մի փոքր բաց լուսամուտ էլ չկար։
Ես սպասեցի, հանդարտվեցին ու սեղմեցի «Abenteuer» կոճակը։ Մռայլ, բարդ տրամադրությունս նման էր խղճիս խայթին, որը հաճույքով կխրեի լողազգեստով զբոսնող կնոջ ազդրի մեջ։ «Abenteuer» կոճակից եկող թունավոր ժպիտը պոկեց ինձ նստատեղից։ Ես գնացի օդաչուների խցիկ։ Ուղեկցորդուհիները, տեսնելով ինձ՝ վազեցին իմ ուղղությամբ։
-Շտապ զբաղեցրեք ձեր տեղը։
-Ուղղակի նայում եմ:
-Ավելի լավ է՝ մեզ նայեք։
Չորս գեղեցկուհիները մի վարկյանում մերկացան։ Նրանք սկսեցին ինձ շոյել՝ միաձայն կրկնելով նույն բառերը.
«Սիրելի՛ս, սիրելի՛ս, սիրելի՛ս, սիրելի՛ս…»։
Հասկացան, որ ծարավ եմ զվարճանքների։ Հիմա հաստատ մի օրգիա կկազմակերպեն։ Շոգից մեռնում եմ։ Սկսում եմ հանվել։
«Կարելի՞ է իմանալ՝ ինչ պատահեց»-հարցնում եմ նրանք։
«Հանվում եմ, որ ձեզ փչացնեմ»։
Մինչ խոսում էին, մի վարկյանում նրանք շորերը հագան։ Նրանք զգուշորեն բռնեցին թևատակերիցս ու տարան, նստեցրին իմ տեղը։ Ես մեղք եմ, որ չեմ կարող մերկ լինել։ Նորից վազեցի օդաչուների խցիկ։ Այնտեղ օդաչուներ չկային։ Օդաչուների փոխարեն Մենսոնն էր նստած։ Նա օրորվում էր աթոռով ու գլուխը վերև բարձրացած ծիծաղում։ Ես ցատկեցի նրա վրա ու նա ապտակ հասցրեց ինձ։
«Ուրախ ծիծաղս թող քո ձայնալարերին գազազություն բերի։ Քեզ ոչինչ չեմ տա, որ մաշկդ շարժես առջևից ու ետևից»։
Ես ամոթ զգացի նրա խոսքերից։ Ինչ որ մեկը կարծես լպստում էր փորս։ Վազեցի զուգարան։ Ցանկացա միզել։ Զուգարանի անցքից մենսոնանման դեմքը ժպտաց ու ես միզեցի։
-Առանձ ինձ նույնիսկ չես կարող միզել։
-Հեռացի՛ր։
-Իմ անդամը ժամացույց չի կրում, ես չգիտեմ իմ հեռանալու ժամը:
-Հեռացիր էս պահին։
-Չէ:
-Մեկ րոպեից հեռացիր։
-Չէ։
-Հինգ րոպեից:
-Էլի չէ։
-Ութ րոպեից:
-Փսսսս։ Ես չգիտեմ ինչ է րոպեն, պահը, ժամը։ Ես չունեմ ժամանակի զգացողություն։ Ես խելագար եմ, ով երաշխավորում է քաոսը։
Նա հայտնվեց զուգարանակոնքին նստած՝ օղու շիշը ձեռքին։ Այս ամենին չհավատալն ավելորդ զգուշավորություն էր։
-Օղին ես կխմեմ՝ դու խմի էս Տեկիլան։ Դու հայ ես չէ՞»,-ինձ տվեց շիշը՝ծիծաղելով վրաս։ Ես լուռ խմում էին նրա հետ։ Մեր հայացքները զարմանալիորեն իրար չէին հանդիպում։ Ոչինչ չէր կատարվում։ Մենսոնը նայեց աչքերիս.
-Եգիպտացորենով հրաշքը տեսե՞լ ես։
-Չէ:
-Նայի՛ր շշիդ։
-Ես խմել եմ 3 լիտրանոց Տեկիլան։
-Նայիր թնդությանը։
-73 աստիճան:
-Դու խելքի եկար։
-Գնա տեղդ նստիր:
Ես զուգարանից օրորվելով դուրս եկա և գնացի նստատեղիս ուղղությամբ։ Նստեցի ու ննջելով առաջ գնացի՝ գլխով սեղմելով «Alptraum» կոճակին։ Քնեցի։
Շատ կարճ, աներազ քնից հետո զարթնեցի քամու ֆսսոցից։ Սառը քամին մտել էր ոսկորներս ու նստել զգայուն մտքիս ամենատպավորիչ տեսարանում։ Շուրջս երկինքն էր։ Ես օդում թռչում էի։ Նայեցի մարմնիս։ Մարմնիս կոշտ, խիտ փետուրներով էր ծածկված։ Ես բազե էի։ Բրդյա տեսքս վախեցնում էր ինձ։ Բայց ես ինքնաթիռ չեմ։ Էս ի՞նչ եղավ։ Ու՞ր է Արթուրը։ Ես նայում եմ մարմնիս ու չեմ զգում այն։ Միայն աչքերս են իմը։ Մնացածը կարծես հագցրած լինեն մարդկային մարմնիս վրա։ Ներսիցս լսում էի ուղևորների հորանջոցներն ու տնքոցները։ Նրանք զարթնել էին։ Լսում էի զուգարանում փսխող Արթուրին։ Տեսնում էի ծովի մեջ պատկերված շրթներկով, արծաթե ատամներով շարժվող բերանը, որն ինձ ասում էր.
«Զգույշ եղիր քո ցանկություններից. դրանք կարող են իրականալ»։
Չէի հիշում, որ ցանկացել եմ թռչուն դառնալ, բայց ներքուստ ուրախ էի։ Տնեցիներիս անվճար Շվեյցարիա կբերեմ։ Ամբողջ Շվեյցարիան, Եվրոպան ման կածեմ։ Նրանք կտեսնեն իմ կենդանիներին։ Կենդանիներս կտեսնեն Հայաստանը։ Տնեցիներս կհպարտանան ինձնով։ Ծնողներս, եղբայրներս իմ անունով կերդվեն։ Կինս իմ մասին սիմֆոնիա կգրի։ Երեխաս իր տիկնիկի անունը Արթուր ինքնաթիռ-բազե կդնի։ Սպասիր։ Բա որ ինձ չճանաչե՞ն։ Բա որ չհասկանան՝ ես ով եմ։ Չէ, աչքերիցս հաստատ կճանաչեն։ Մտածում եմ ու շարունակում թռիչքս։
Ես թռչում եմ ու լսում թևերիս սլացիկ թափարումը.
«Սի-րե-լիս, սի-րե-լիս, սի-րե-լիս, սի-րե-լիս…»։
Երկիրը պտտվում է իմ մտքի առանցքի շուրջն ու կանգ է առնում՝օդում ասեղնագործած այն հայացքի ներքո, որ պարսատիկով սպանված թռչնի վերջին տեսիլք է կոչվում:
Կարծես «Օտար լույսի» շարունակությունը լինի, բայց շատ ավելի տխուր, ավելի հուսահատ: Երանի ուրախ բան գրես: