Գայանե Մկրտչյան | Այդ անունը, որն իմը չէր

Աննա Ազբեկյան. «Կորիր ինձ հետ» գրքի մասին

«Դարակ» հրատարակչության գողտրիկ՝ ութ պատմվածք ներառող գիրքը կարդացվում է հետաքրքրությամբ, հաճույքով, մեկ շնչով: Նոր ու անհայտ հեղինակի գրքի մասին հրատարակչի՝ «Հայացք դրսից» նախաբանում կարդում ենք. «Այս փոքրիկ ժողովածուն լիովին ապացուցում է, որ թեկուզև իր քչագրությամբ,  գրականություն  է ստեղծել` իր ուրույն աշխարհով, այդ աշխարհի յուրահատուկ ընկալմամբ, անկեղծությամբ ու ճշմարտացիությամբ»:
Կարևոր է կամ չէ, որ հեղինակն ապրում է դրսում, եթե առկա է լավ հայերենով հազար զգացում միաժամանակ այսքան նրբերանգներով արտահայտելու կարողություն ու ձիրք, այսպիսի խորքային մտածում: Սա հայացք է գուցեև կողքից, հեռվից, ոչ դրսից, թեև հեղինակն է ասում՝ իրավունք չունեմ խոսելու: Կարելի է կորչել այս պատմության բավիղներում, գտնել ծանոթ դեմքեր ու սիտուացիաներ, խոհուն, նոր ու անկաշկանդ հայացք, զգայուն, արտիստիկ մտորումներ:
Ութ պատմվածքի խիտ ու գեղարվեստական տարածությունը մեզ ծանոթ, մեր հայրենիքի վերջին տասնամյակների դրամատիկ փուլերով է ընթանում: «Կորիր ինձ հետ» ժողովածուն կառուցվածքով ու էության մեջ պիեսի տարրեր ունի: Առանց արտաքին ներգործության, ամեն ինչ՝ ընդվզում, բողոք, անորսալի երազային ձգտում, դանդաղորեն ու հիմնավորապես, իրականանում է հերոսի ներաշխարհում այն պարագայում, երբ երևութապես ամեն ինչ հարթ ու բնական է: Հակաչեխովյան պիես՝ հերոսուհիների երազկոտ անգործությանը հակադրելով քնարական հերոսուհու կտրուկ, արմատական գործողությունը, խրոխտ ու համարձակ կեցվածքy՝ «չեմ զղջում դեպի անհայտը գնալու իմ հանդգնության համար»:
Անզղջում երկու տարբեր իրականություններում ապրելու, դրանք ճանաչելու-համադրելու մասին ի՞նչ է պատմում մեզ այս դրաման՝ պատմվածքներով:

Նախերգ. «Գիշերը»

Հին պիեսներում պրոլոգ- նախերգի պարտավորությունն իրացնում էին երգչախումբը, փերիները, հետագայում՝ սպասավորներն, իրենց խոսքերով փոխանցելով այն անցքերը, որոնք նախորդել էին կատարվող դեպքերին: Ժամանակակից պիեսներում այս կերպարների փոխարեն կարող է լինել հերոսի հեռախոսային խոսակցություն, բովանդակությամբ՝ մոնոլոգ:
Այսպիսի մի մենախոսություն է «Կորիր ինձ հետ» ժողովածուի առաջին՝ «Գիշերը» պատմվածքն, իր հստակ հուշումով` «մնաց մի քանի ժամ»: Հնչում է իբրև նախերգ՝ դարաշրջանի ճշգրտումով, իր բացահայտումներով: Հրաշալի այդ գիշեր հեռանում են` հետ չնայելով, ճամպրուկի գոտիները բավարար ձգելով, փախչում «շինության պատերից բարձրացող, աննկատ, մամռային քնքշությամբ իրեն պարուրող» շերտը թոթափելու համար նաև: Վերջին գիշերվա մեջ քնարական հերոսի ներքին մենախոսությունը նաև ինքնարդարացում, ինքնահամոզում է, ճակատագրին ընդառաջ՝ ոգի առնելու կամք, ինչպեսև տագնապը հաղթահարելուն միտված իրոնիկ հայացք՝ «ո՞րտեղ է այն ցնծությունը, որն ինձ համակելու էր, իմ հոգում ծնծղաներ չեն հնչում, նույնիսկ տագնապ չկա»:
Երիտասարդ կինը հեռանում է անհույզ, առանց հրաժեշտի, հնարավորինս աննկատ, ճանապարհողը մայրն է, որը նրան դաստիարակալել է երկրին համահունչ՝ ազնիվ, առաքինի-զուսպ, կենցաղային մանրուքները կարևորող:
Հեռացում-ձերբազատում տանից, որի բակում «տերևաթափի վետվետուն գեղեցկությունից սիրտդ թրթռացնող» ծառեր չկան, շատ տեղ զբաղեցնող ու մեկ անգամ բերք տվող ծառեր: Շտապում է տարբերակվել հողից երեք բերք վերցնող մարդկանցից, քանզի կյանքից եռակի չի ուզում, միայն ի՛ր չափաբաժինը: Հաշվեգրում է հետևում թողնելիք կյանքը, նաև արդարացումի համար շեշտում «մգլոտելը ձմռանը հազիվ ջեռուցվող տանը, ուր խնամքով սրբվել էր իրական կյանքի համն ու բույրը»: Ընդդիմացողների, իր հետևից ընդմիշտ հնչող ձայներն էլ են լսվում, դատապարտումը դաժան է ու ընդմիշտ-վերջնական կնիքով՝ «Քո անունով աղջիկ չունենք, գերեզման ունենք»:
Նախաբան- պատմվածքը թվական ու տեղավայր ունի՝ 2001 թ, Անգուլեմ:

Առաջին արար. կյանքին պարտվելը թուրքի մակարդակով

«Թուրք Օմարը» «Տունը» պատմվածքներում տեսնում ենք հիսաթափվելու, կյանքի տարբեր մակարդակներում պարտվելու, պարտությունը գիտակցելով՝ հեռանալու, նախորդ կյանքում ունեցածի ամեն ինչը ծխի պես անէանալու փուլերը: Իր տան հիմքերը գցելուց մինչև ամենասովորական իրը դժվարությամբ, տարիների ջանք ու տանջանքով ձեռք բերածը մի վայրկյանում, փեշերը թափ տալու պես, ձգելու, մեն-մի ճամպրուկով հեռանալու հանդգնությունը վճարելու իր նյութական գինը ևս ունի։
Իննսունականների ազատամարտին հաղթող, կյանքի կռվում պարտված եղբայրը հեռանում է՝«ես կռիվ անող չեմ, իմ կռիվը պրծավ… էստեղ ամեն ինչ վերջացավ»: Միակ քննարկվող հարցն այս է՝ կկարողանա՞ ասել, որ թուրք է: Ընտանեկան հավաստի ավանդազրույցով՝ երկու սերունդ առաջ հեռու Հայաստանում չէին ցանկացել անգամ սրից փրկվել այդ պիտակով («Թուրք Օմարը»): Գնալ ու հեռանալ ամայի եղեգնուտում ամուր ու հիմնավոր կառուցած տանից, և տասնամյակներ անց «ցանկապատի տխրատեսք մնացորդներով» շրջապատված տան տեսքն ընդամենը փիլիսոփայելու է մղում՝ ամեն ինչի տերը ժամանակն է(«Տունը»):
Աշխարհակարգի, երազանքի փլուզում, հայրենի երկրի բռնազավթում, թշնամու ու հողի հետ կռվում պարտվող հարազատ եղբայր, քայլ առ քայլ կուտակվող պարտություն, որին հաջորդելու է հեռացումն ու պանդխտությունը. «Ամոթ, այդպես հեշտ խաբվելու համար»: Ազնիվ ու ապրված զայրույթ մի իրավիճակի հանդեպ, որն ավելի ցայտուն է երևում հեռվից ու կողքից՝ «հրեշների պես սնվում էին իրենց նորակառույց պալատներն ու հանքերը, նորահարուստի իրենց կենցաղը պաշտպանող, ջահել ու անմեղ զինվորների արյամբ»:
Գործող անձինք ծանոթ են ու կոնկրետ, ինչպես պալատների ու հանքերի տերերը, ճարպակալած ու կաշառակեր դատավորը, սակայն գրքում գեղարվեստականորեն վերացարկված են:
Արդարության համար կրթություն ստացած նախկին մտերիմն էկրանից տարիներով աչքի առաջ է՝ իբրև դարի հանցագործությունը քննող անարդարադատության քուրմ ու խորհրդանիշ. «Իրավաբանության, իր ուժերով ընդունված, ուսանող էր։ Հմայվել էի աշխարհի անարդարության դեմ ունեցած նրա ըմբոստությամբ: …« Դատավորի կարիերայում կան պահեր, երբ պետք է հզոր շրջապատ ունենալ, կարևոր մարդիկ, որ կարող են մեջքիդ կանգնել։ Քո հայրը, գիտեմ, որ կուզենա ինձ նեղության մեջ հասնել, բայց ինչպե՞ս, բանվոր է, հասկանո՞մ ես»…
Չհասկացավ միայն, որ պետք էր մնաս բարովի տեղ ընդունել, և հղիությունն աննկատ անցավ «անլույս, անջեռուցում, պատերազմական այդ անապագա ձմռանը իրար վրա հագած բրդյա շորերի տակ»։
Դեռևս անհաս էր այլ կյանք ապրելու տենչն անգամ:

Ռեմարկներ

Ռեմարկ- ընդմիջարկությունը տեղի ու գործողության հեղինակային հուշում է, ծավալուն այս ռեմարկը վերհիշություն տարր ունի:
Ֆրանսերենի երիտասարդ ուսուցչուհի Աշխենի հետ մեր առաջին հանդիպումը դպրոցի ուսուցչանոցում էր, Հայաստան, իննսունականների սկիզբ Բարևից հետո ուսուցիչներին ի ցույց նորեկին հարցրեց. «Ծանոթանանք, մի բան հարցնեմ, Սևա՞կն է մեծ, թե Չարենցը, մի տարի է գրականության դաստաուին ու դիրեկտորին չեմ կարողանում համոզել, որ Չարենցն անհամեմատելի է»:
Համեմատությունն օդի մեջ էր, շատ էր քննարկվում, հատուկ կարծիքս էլ թատերականի նորավարտի կտրուկ բանաձևում ուներ: Կուրսի ղեկավար Լևոն Հախվերդյանի պարտադիր հանձնարարված գրականության ցանկից Էքերմանի «Զրույցներ Գյոթեի հետ» գրքում Բայրոնի պոեզիայի մասին հարցին Գյոթեն ասել էր, որ «եթե Բայրոնին թույլ տային պառլամենտում ճառեր արտասանել, նրա պոեզիայի մեծ մասը չէր լինի»: Մեր Պարույր Սևակի մասին համանման համեմատություն ունեի մտքումս՝ եթե Սևակին 1965 թվականին հնարավորություն տրվեր եղեռնի մասին հոդված գրելու, «Ղողանջ նախճիրի» գլուխը գուցեև չլիներ: Այսպես, մտովի իրար հետ, մութ ու ցուրտ տարիների ընկերություն սկսվեց:
Հակիրճ ռեմարկ՝ «Պատվիրանները խախտած ապրում ենք, ո՞նց էր Հովիկի/ Հովհաննես Երանյան/ պատմվածքի վերնագիրը՝ «Ուժ տուր ետ դառնալո՞ւ» / Տողեր՝ հայրենիք ուղարկված նամակից/:
Իրապատում ռեմարկ՝ երբ նորաստեղծ բանակում խոշտանգելով սպանվեց դպրոցի աշակերտ իրավաբանականի ուսանողը, ուսուցչուհին հոդված հրապարակեց, դաժան եզրահանգումով՝ թշնամիները կարող են մեզ նվաճելու համար շատ չանհանգստանալ, այն, ինչը չի կարելի Հայաստանում գնել մեկ ճամպրուկ փողով, կգնեն երկու ճամպրուկով: Ողբերգությունը մտել է Աննա Ազբեկյանի գրականություն. «Երբ գումարտակի աչքի առաջ՝ կաշառք չբերող թաղեցի զինվորին դանակահարում էին, գալիս էի անցած դարի՞ց։ Գուցե ես ու իմ հայրենակիցները ու մեր նախնիները ծույլ էինք, հիմար, ու անաշխատասեր։ Վախկո՞տ ու անպատի՞վ։ Մի՞թե մենք չէինք արել մեր հնարավորը»։

Երկրորդ արար. «Թարգմանության մեջ կորսվածը»

Տեսարանը՝ Ֆրանսիա, բարդիների պուրակ, որը հիշեցնում է վերջին գիշերվա եղեգնուտի խշշոցը, երբ «ամենուրեք խոսվող օտար լեզվից շնչահեղձ բարդիների պուրակում պատսպարված հերսուհու ականջին մոր խոսքերն են, միակ փաղաքուշը, առանց ավելորդ զարդարանքի. «Բալես, իմ աղջիկ»:
Արդեն ապրում է մի անունով, որը իրենը չէր, այլ՝ իր ուրիշ կյանքի անունը, «պատահական անունների շարքից միտքն եկած առաջինը, մի երկրից մյուսը սահմաններ անցկացնող մի ավազակի առաջ »։
Բարդիների պուրակի նույն տեսարանն է, բայց «թուղթ ստանալուց հետո հպարտ է դարձել», որ կնշանակի գտել է իրեն, ուղղել է մեջքն, ավելի խոհուն-աշխարհաքաղաքացի է՝ «մարդիկ ամենուրեք նույնն են՝ մարդիկ են»: Բանավոր թարգմանելով, ներկայացնում է մեր մշակույթը, որը չի մնացել, չի մեռել միջնադարում: Այո, Սայաթ Նովա, այո, անմահ ու դասական, բայց նաև ժամանակակից սիրերգ («Թարգմանության մեջ կորսվածը»):
« Քանի դեռ ողջ եմ, յար քեզ մատաղ եմ, հապա ինչ անեմ:
-Այդ աղջիկը և աշունը բախտն էր իմ որ կորցրի,
– Եկ այգին նազով, քեզ գովեմ սազով…
– Դա ջահել իմ խենթությունն էր, որ երբեք ինձ չեմ ների:
– Ձեռիդ ունիս թաս, լցնես ու ինձ տաս…
– Երջանկությունը երբ հեռանում է, այցեքարտն է իր թողնում
– Սուսան-սմբուլ ով, թշվառ բլբուլով բաղը լցվել է…
– Ու հետո ամբողջ կյանքում մեր՝ մենք նրան ենք որոնում…

Վերջերգ. «Երևան- Փարիզ չվերթ»

Էպիլոգ- վերջին արարում հայրն արդեն որերորդ անգամ օդակայանում Փարիզ է ճանապարհում մինուճար դստերը, ում մտքում, սակայն, անջինջ է տասնամյակներ առաջ հայրենիքից տարած պատկերը. «Իր հավերժական կենսախինդ ժպիտը դեմքին՝ տոնական վերնաշապիկով և երբեմնի տոնական կոշիկներով հայրս ինձ մնաս բարովի նշաններ էր անում, մեն- մենակ, փողոցի փոշու մեջ, այնտեղ, ու նրան իջեցրել էինք, օդանավ գնալու ճանապարհին»:
Սիրելու ու չխորտակվելու, երկու աշխարհում ապրելու, հայրենիքը հեռվից սիրելու անհարմարավետությունը կամ դյուրությունը, իրեն իրավունք չվերապահելու երկչոտության ճիշտ չափաբաժինը գտնելու մտորումներին հայրը հակադրում է ռեալ իրողություն. «Քո վճարելն ինձ պետք չի… արի մի քիչ կողքներիս մնա, մերդ արդեն …» («Երևան- Փարիզ չվերթ»):
Ինքնաթիռը վայրէջք է կատարում ուրիշ մի աշխարհում, ուր ակնառու է «կյանքի ահռելիությունն ու արտասովորությունը»/ Ջ Ջոյս/, բայցև մարդիկ ամենուրեք նույնն են. «Ես առաջին գիծ մեկնողը չեմ, մեռնել չեմ ուզում, հանուն ոչ մի բանի չեմ ուզում մեռնել, ոչ հանուն մարդկության, ոչ հանուն հայրենիքի, ոչ հանուն քեզ… մեռնել չեմ ուզում» («Թափառական բժիշկ Աքիերը»):
Առայժմ ապրել է պետք, մայրիկի՝ իրեն պարուրած անձնուրաց սիրուց. «բալես, իմ աղջիկ» հեռավորության վրա, իրերի հետ, որոնք չես գնել, որևէ բան քեզ չեն պատմում, ապրել «անբարեկամ, անհարևան, անընկեր, անքեռի, անմորաքույր»:
Այսպես չեն հեռանում, վերագնահատելով վերադառնում են գրականությամբ, քանզի «այն երկիրը, որը պատրաստ էր իմը դառնալու, իմ հայրենիքը չէր»:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *