Ռազմիկ Գրիգորյան | Այն լռությամբ

***
ԵՎ ահա,
ինձանից օտարացած օրերի կենտրոնում՝
առավոտի կապտած կոկորդում խրված
վաղամեռիկ գիշերը, մահ է հայցում
իմ նմանակից, որը ես չեմ վաղուց․․․

Ես եղել եմ այն երկրի սահմաններում,
որը եղել, և չկա այժմ,
ուր հիմա հառնում է,
գոյություն չունեցող աստվածների,
գոյություն ունեցող ժամանակը,
և կյանք է մուրում ինձանից․․․

 

***
Երբ թվում է,
որ վերջին հրեշտակը լքել,
կամ մոռացել է մեզ վաղուց,
ես՝ ում համար այլևս
աղոթողներ չկան,
կանգնում եմ իմ կենտրոնում,
և մենակի հպարտությամբ՝
պարզում եմ ձեռքս՝
հուդայական համբույրներից
կռացած մեջքդ ուղղելու համար,
ԵՐԿԻՐ․․․

 

***
Այս հողը,
որն այլևս հող չունի,
ինձ ձայն է տալիս
նախորդ կյանքերի միջից
երազկոտ մի օրորոցայինով,
որը լսել եմ բոլորովին այլ աշխարհում,
երբ դեռ չկայի,
բայց ավելի մեծ էի քան հիմա․․․

Այս հողը,
որն այլևս հող չունի արդեն,
նոսրացե՜լ, փափկացե՜լ, մաշվե՜լ,
ծնողական կնճռոտ ձեռքի պես
սուրբ է դարձել վաղուց,
ուր ոտքիս փոխարեն
ես գլուխս եմ դնում հիմա,
սեփական հոգուս քոչվորը
չդառնալու համար․․․

 

***
Մինչ քեզ հանդիպելը,
այստեղ գալս,
ոչ ոքի համար էր կարծես…

Քեզ հանդիպելուց հետո,
հանուն ոչնչի կլինի գնալս,
եթե նորից չհանդիպենք այնտեղ…

 

***
Նա հազար անգամ ծերացել է,
մի քանի անգամ մեռել,
և ամեն օր ստում է,
ասելով` թե ապրում է…

 

***
Բաց սիրտ,
և սրտի մեջ բարձրակրունկ կոշիկներ,
որ անփութորեն ճոճվում են`
հոգու առաստաղից ինչ-որ բան պոկելով…

Նիրհող երազ,
երկու տարբեր մարդկանց մեջ,
և երկու տարբեր մարդիկ մեռած
նույն երազի մեջ`
ուր մանեկեններ են լալիս
մարդկանց նմանակելով…

 

ՇՈՒՇԻ

Խավարը օրորոցային է երգում
արևի սև սնդուկի մեջ,
սառչող շարականներ են
մորթված խաչքարերին,
որ ցիրուցան եղած գառների պես
երկինք են վազում`
ոտաբոբիկ հողի արյունոտ ոտքերին
աղոթքով վիրակապ դնելու համար…

Մայրամուտը կարմիր գերանդիով
կտրում է հացի սպիտակ կոկորդը,
քարերի մեջ հրեշտակներ են թպրտում,
սրտերի մեջ քարեր են բաբախում,
քեզ մեկնած ձեռքս բարձրանում
արևի այտին է հասնում…

Իրարից հեռու, վառվում ենք
թոնիրն ընկած ծիծեռնակի ձագերի պես…

 

***

Վերջին անգամ,
կոպերիս մեջ խրված դաշույնի պես
մրմռում է իմ ժամանակը,
մեռնող աստվածների
և երկինք բարձրացող սերերի
քարակերտ վկան…

Մի դև աղոթում է
լեզվի տաճարի սրտի մեջ,
նիրհող ջրերից երազ է պոկվում
և թաղման թափորի պես դանդաղ
թափվում է երկինք…

Ոչ մի մարմին
չի հասցնում ծածկել նրան,
վերևում միշտ ցուրտ է…

 

***
Այն լռությամբ, որն աղոթքի կեցությունն է
ես մոտենում եմ նրան,
ով մոռացված հիշողությամբ
իր կյանքն է լացում որպես մահ՝
ճակատագրի խարխուլ պատերի տակ․․․

Այն աղոթքով, որը կեցությունն է լռության,
ես հանդիպում եմ նրան,
ով հարություն առավ Տիրամոր աչքերի միջից,
և տեսավ մահացած մարդուն,
որպես անցողիկ շարժանկար
երազի բաց կոպերի տակ․․․

Այն երազով, որը կեցությունն է հավերժության,
ես վերադառնում եմ ինձ մոտ,
և մառախլապատ ժամանակների միջից
հնչում եմ որպես զանգ,
երկու աշխարհների միացման վայրում՝
իբրև արթնությունը նրա՝
ով լսում է այն, ինչ չեմ ասում երբեք․․․

 

***
Դու ժամանակի պես նայում,
բայց չես տեսնում ինձ,
ես հայելու պես արտացոլում եմ
քո հոգին,
որ ծածկեմ այն բառերի մյուռոնով․․․

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *