Հորինված է իրական փաստերի վրա
Գործող անձիք՝
Ա- տղամարդ, սկսնակ դրամատուրգ՝ մեծ ապագայի մասին հույսերով տարված, «զարգացած աշխատատունակությամբ» ակտիվ «երազորդ», վաստակավոր սիրեկան, նաիվ մանիպուլյատոր
Բ – կին, անհասկանալի ու լղոզված մասնագիտության տեր անձնավորություն, պասիվ հիստերիկ, ակտիվ գինեմոլ
Ա-ն նստած է ու փորձում է բան գրել՝ մեկումեջ համակարգչից անցումներ կատարելով նոթատետրին ու հակառակը: Գործն ընդհատում է միայն սուրճը թարմացնելու ու ծխելու նպատակով՝ չնայած ո՛չ մեկն է սիրում, ո՛չ էլ մյուսը: Երբեմն նաև գործի ու կոֆե-սիգարետի արանքում բարձրաձայն սկսում է խոսել:
Անկյունից նրան պատասխանում են՝ վառարանում երկար թողած հնդուհավի ու Սքարլետ Յոհանսոնի ձայնի խառնուրդով մեկն է պատասխանում: Դա Բ-ն է:
Ա: Ես ուզում եմ մի հատ նոր բան գրեմ. էն նախորդ մտածածս դուրս չէկավ՝ կիսատ թողեցի: Հիմա մի հատ բան եմ մտածել՝ նովել է: Ուրեմն էսպես՝ հերոսը գիշերվա կեսին դատարկ փողոցով քայլում է, ձեռքին փուչիկների շարան: Էնքան երկար շարան է, որ քսվում է գետնին ու օձի պես հետևից գնում…երկար օձի պես…էն Դոռզի երգի պես՝ օձը երկար է 7 մետր երկար (ցիտում է «The End» երգի բառերը)…այ էդպիսի փուչիկներով քայլում է փողոցով, մինչև հասնում է իր շենքի մոտ, դուռը բացում ու ներս մտնում…հետևից էլ փուչիկները…Ու դուռը բաց է մնում այնքան երկար, մինչև փուչիկների երկար ոլորվող շղթան ավարտվում է ու շենքի դուռը էլի մնում է անմարդաբնակ մթության մեջ:
Մարդը շարունակում է իր փուչիկներով բարձրանալ ու մտնում է լիֆտ: Լիֆտում նա գրեթե չի երևում՝ փուչիկների մեջ թաղված նա բարձրանում է վերև: Հենց հասնում է իր տուն, փուչիկներով մի կերպ ներս է մտնում դռնից: Տունը, ինչպես պարզվում է, ծայրից ծայր փուչիկ է ու արդեն էնքան շատ փուչիկ կա այդտեղ, որ տանը շարժվելու տեղ չկա:
Էդպես էլ ինքն ապրում է՝ հազիվ շարժվելով: Մի փոքր տարածք ունի մենակ. զուտ, որ կարողանա պառկել քնել, վեր կենալ, հաց ուտել ու գործ անել: Մնացածը փուչիկներն են զբաղեցրել: Ու էդպես էլ անցնում է իր ամեն օրը ՝ փուչիկների հետ, մինչև որ մի օր դռան զանգն է լսում: Նա անմիջապես մոտենում է, դուռը բացում ու տեսնում իր կնոջը, ով մի ժամանակ իրեն թողել-գնացել էր, բայց հիմա հետ է եկել…բայց գիտես…հերոսս կնոջը ներս թողնելու փոխարեն, դուռը վրան է փակում, ասելով, որ նրա համար այլևս տեղ չկա իր տանը:
Հասկանում ես, հերոսս դատարկ բաներով է կյանքը լցրել ու էնքան արդեն դրանց սովորել է, որ կնոջ համար էլ տեղ չունի:
Բ: Քո պատմածը պատկերային ա… ֆիլմի ա ավելի շատ հիշացնում: Ի նկատի ունեմ էդ ո՞նց պետք ա գրես, որ գրածդ հետաքրքիր լինի կարդալ, ոչ թե նայել: Բայց էդ մի կողմ… ինչի՞դ ա պետք էդ մետաֆորիկ զիբիլը, եթե կարող ես գրել իսկական բաներ՝ իսկական պատմություններ: Ու խի, խի՞ ես մեր մասին պատմելու համար փուչիկ օգտագործում: Փուչիկն ինչի՞ ես ավելացնում մեր պատմությանը: Մենք քի՞չ ենք:
Ա: Մենք այնքան էլ հետաքրքիր չենք, որ դրա մասին գրեմ:
Բ: Բայց մեր մասին ես չէ՞ գրել:
Ա: Հա, բայց մենք մեզնով հետաքրքիր չենք, բաներ է պետք ավելացնել իսկական պատմությանը, որ այն դառնա տպավորիչ, օրիգինալ: Հասկանում ես, մենք արվեստ չենք:
Բ: Բա ի՞նչ ենք:
Ա: Մարդ՝ սովորական ու տրիվիալ խնդիրներով.
Բ: Մարդը ո՞ր օրվանից արվեստ չի՝ իրա սովորական ու տրիվիալ խնդիրներով:
Ա: Արի հարցիդ պատասխանելու փոխարեն մի հատ ուրիշ բան ասեմ, ավելի շուտ կարդամ…մի քանի օր առաջ եմ վերջացրել.
Խուլ դմփոցը նրան քնից հանեց: Էլի: Էլի ինքը կմնա քնատ: Արդեն էլ չի դիմանում էս վիճակին: 10 օրից ավել նա չէր կարողանում նորմալ քնել: Քիչ չի ամեն առավոտ պետք է զարթներ ու վազեր գործի, դեռ ժամը 7-ը չբոլորած, մի հատ էլ վատ էր քնում: Բայց խնդիր չկար: Նա խնդիր չուներ: Ամեն ինչ տեղում էր: Իր անկողինը հարմար: Ննջասենյակի պատուհանի տեսարանը՝ լավը: Քնելու ցանկությունը բավարար: Մենակ մի բան այն չէր: Իր երազանքների աղջիկը…
Բ: …Չէ, ստոպ, ստոպ…թարգի կարդալ…չեմ ուզում սա լսեմ. քո հերթական պատմվածքն ա, որտեղ կին չկա:
Ա: Այսի՞նքն, իմ բոլոր պատմվածքներում ամենակարևորը հենց կինն է…ես միշտ կնոջ մասին եմ գրում:
Բ: Չէ, դու կնոջ մասին խոսում ես, նկարագրում ես, բայց հենց իրան տեղ չես տալիս, որ ինքն իր բերանով խոսի: Տպավորություն ա, որ կինը կա, քանի դեռ կա տղամարդու գլխում…կամ հիշողություններում, եթե էդտեղից կորի, ուրեմն առհասարակ կկորի, կթարգի գոյություն ունենալ:
Ա: Դրա համար չթողեցի՞ր կարդամ գրածս:
Բ: Համ դա, համ էլ համոզված եմ, որ էլի իմ ու քո հետ կապված բաներ ես գրում: Զզվելի ա, որ ինձ էդքան օգտագործում ես…կամ չէ, չէ… «շահագործում» ես, այ էդ ես անում:
Ա: Չեմ «շահագործում», ես քեզ մեծարում եմ:
Բ: Սա՞ ա քո մեծարելու ձևը: Բա որ մեռնեմ ինչ ես անելու:
Ա: Մեռնես՝ էլ անելու բան չի լինի… ոչ գրելու ոչ էլ ապրելու թեմա կունենամ:
Բ: Թարգի էլի…Դու միշտ թեմա կգտնես, որովհետև գրելուդ արանքներում ես ապրում:
Ա: Իմ գործն էլ դա է…իմ հիմնական գործը:
Բ: Խնդալու ա, բայց ինձ թվում էր, որ մարդկանց հիմնական գործը ապրելն ա՝ մնացածը կողքից անում են, որ զբաղվեն, ժամանակ լրացնեն ու մեկ-մեկ էլ փող աշխատեն:
Ա: Դե…ուրեմն ես մարդ չեմ:
Բ: Բա ինչ ես:
Ա: Աղվես:
Բ: Ինչ խեռիս աղվես…
Ա: Ջղայնացա՞ր … «խեռիս»…դու նման բառեր չես գործածում:
Բ: Դե, ստացվում ա օգտագործում եմ, եթե նոր ասեցի:
Ա: Ուրեմն դու էլ ես քեզ հակասում:
Բ: Էդ լավ նշան ա, նշանակում ա ես դեռ ապրում եմ:
Ա: Ես չեմ էլ կասկածում, որ մեզ երկուսից հենց դու ես ապրում՝ իսկականից ու անզուսպ:
Բ: Իսկ ես վերջերս սկսել էի կասկածել, որ ապրում եմ…ոնց ասիր՝ որ «անզուսպ ապրում եմ»:
Ա: Ինչի՞, ինչ էր եղել վերջերս: Կամ, ավելի շուտ, ի՞նչ չէր եղել:
Բ: Ոչ մի արժեքավոր բան…ոչ մի բան չէր լինում, սաղ սովորական էր:
Ա: Ահահա, ինչի մինչև էդ միշտ ու ամեն օր արժեքավոր բաներ էին լինում հետդ ու դու ամեն օր անսովոր ու կարևոր բաներ էիր անո՞ւմ, հա:
Բ: Մինչև էդ էլ չէի անում…
Ա: Բա ինչ էիր անում, որ հիմա էլ չես անում:
Բ: Ինքս իմ մասին էի հիշացնում՝ էն քո փախած կիսասոված արտիստներին, էն էքսպերիմենտալ դեղերի տակ լռված քաղաքի բարի, բայց բիսեդկից ոչ շատ հեռու գնացած տղեքին, էն ազատ հագնվող ու մտքի ազատությունը մարմնի մյուս մասերի ազատությունից նոր-նոր տարբերող շատ սիրուն ու ինքնավստահ աղջիկներին, քաղաքի ամենաառաջին փաբերը հիշող տպերին, ովքեր դեռ մնացել են քաղաքում, որովհետև փախնելու տեղ էդպես էլ չեն գտել…էն քո բոլոր սիրած թայֆեքին…մի պահ դառա ամենաքննարկվողն իրանցից, էդ բոլորը ինձ հիշում էին, որովհետև ես հա հիշեցնում էի իմ մասին, բայց հետո ինձ էլի մոռացան, որովհետև ամենասկզբից էլ չէին հիշում, որ պետք ա հիշեն իմ մասին:
Ու հիմա ես կասկածում եմ, որ կամ, որովհետև ուղղակի կամ՝ առանց մեկին պատմելու դրա մասին: Ո՛չ ես իմ իմ մասին խոսում, ո՛չ ուրիշներն են խոսում: Ուրեմն կարող ա ես չկամ:
Ա: Չէ, ուրեմն դու հաստատ կաս: Լինելն աննկատ ա լինում:
Բ: Հա՞ որ, դու էնքան վաղուց ինձ չես տեսել, որ կարաս հեշտ ու հանգիստ մտածես, որ ես չկամ…
Ա: Երևանի գիշերներն էլ վաղուց չեմ տեսել, բայց հաստատ գիտեմ, որ նման քաղաք դեռ կա ու հաստատ գիշերներ էլ են լինում այդ քաղաքում…
Բ: Հա, լինում են, բայց ես տենց էլ չհասկացա Երևանի գիշերները քնելու համար են, թե քայլելու:
Ա: Ո՛չ նրա, ո՛չ էլ նրա…կարող է լրիվ ուրիշ բանի համար են…
Բ: Դե, լրիվ ուրիշ բան ես չեմ կարող անել…
Ա: Ինչի՞:
Բ: Որովհետև դու ստեղ չես:
Ա: Փաստորեն իմ գրածներում կին չկա, իսկ քո կյանքում՝ տղամա՞րդ:
Բ: Մմհմ, մի քիչ էլ աշխատի նախադասություններիդ վրա, որ ավելի սերիալային հնչես…իմ տղամարդ…օ իմ աստված:
Ա: Ի՞նչը դուրդ չի գալիս ասածիս մեջ:
Բ: Մոռացի. բան չէ:
Ա: Լավ: Մոռացա: Ի դեպ…մի հատ էլ միտք ունեի՝ երկու հերոսանոց պիեսի: Երկու հերոս են՝ մեկը տղամարդ, մյուսը՝ կին: Տղամարդը հեռու է՝ եսիմուր, դեռ չեմ մտածել որտեղ ու պատճառն էլ չեմ հորինել, թե ինչու է հեռու…կինն էլ իրեն սպասում է: Ոնց որ ինտելեկտուալ զույգ լինեն՝ մեկը հաստատ գրող է…երևի տղամարդը…Տղամարդը գրող է, իսկ կինը…կինն էլ է տեղյակ գրականությունից, բայց չի զգացվում կոնկրետ ինչով է զբաղվում…լղոզված ու անհասկանալի է կնոջ հստակ գործը կամ պաշտոնը, մենակ պարզ է, որ ինքը սպասում է…տղամարդուն կամ ինչ-որ դեպքի, իրադարձության: Կարող է նրանք իրարից հեռու են, կամ կարող է ինչ-որ այլ բան կա, բայց իրականում նրանց լուրջ բաժանող բան չկա…ուղղակի իրենք դրա մասին դեռ չգիտեն, որովհետև ամաչում են խոսել: Հմ, ի՞նչ կասես:
Բ: Դու միշտ ինչ-որ ներքին պահանջ ունես հա կամ կանանց վերացնելու, կամ լղոզելու նրանց ով լինելը…քո մոտ կինը միշտ ոնց որ շողք լինի, որ տղամարդն ավելի լավ ընդգծվի ու ցույց տրվի նրա ծանր ներքին վիճակը, որը իհարկե կնոջ պատճառով ա ստեղծվել: Ահա, կինը չկա, խնդիր էլ չկա, պահանջ էլ չկա…ինչ կարիերա, ինչ երեխա, ինչ արվեստ ա բանա: Ինչ պետք ա, հենա ունես՝ ջուր ու մանդարին: Հա, մեկ էլ մեկ-մեկ ընկերներով ուռել ու նոր ամերիկական մուլտ նայել: Իսկ կինը գալիս ա, ու բացահայտվում ա կյանքի ու տղամարդ լինելու ողջ դրաման…ախխխ:
Ա: Դրամա՞ն: Հա, էս պիեսն ուզում եմ էդպես անել՝ պիեսի մեջ պիես լինի…օրինակ կոմեդիայի մեջ դրամա դնեմ, բայց դրաման էլ շատ թեթև լինի…կամ…ոնց ասեմ որ հասկանաս… Տրագիկոմեդիա լինի, որի վերջում հերոսը ոչ թե մեռնում է, այլ թեթև վախենում…լարում ստեղծեմ առանց լաման, իսկական առիթի էլի…հասկացա՞ր:
Բ: Կամ դրամա, որտեղ դրամայի հերոսի դրաման նրանում ա, որ ինքը տրագեդիայում չի:
Ա: Այսի՞նքն:
Բ: Դե տրագեդիայում դու միշտ ունես մեկին, ով կառավարում ա ճակատագիրդ ու մեղավոր ա քո հետ կատատարվող ամեն ինչում: Դու զոհ ես…աստված ա, կամ եսիմով ամեն ինչ որոշում, դու մենակ սպասում ես…իսկ դրամայում դու ու քո ընտրություններն են մեղավոր, քո հետ կատարվածում…Դու ես տերը քո կյանքի:
Ա: Նոր տակից թաքուն ինձ էիր կծո՞ւմ:
Բ: Տակի՞ց: Չէէէ, Միշտ ու բացահայտ:
Ա: Լավ. մոռանանք կծելդ: Մի հարց՝ հնարավոր է ուղղակի էս պիեսում մեր նամակագրությունները բռնեմ ու խառնեմ իրար: Օրինակ թվագրությունը, հերթականությունը տեղաշարժեմ ու տամ մի դերասան ներկայացնի ամբողջն ու դիտողն էլ փորձի հասկանալ՝ ով է կինը, ով տղամարդը ու կեսից խճճվի: Համ էլ իրական դոկումենտների հետ աշխատելն ավելի հետաքրքիր է:
Բ: Ամեն ինչ էլ հնարավոր ա, բայց էդ ամբողջ ասածիդ նպատակը ո՞րն ա:
Ա: Որ բարդ լինի դերասանական գործը, իսկ խաղն՝ ուժեղ…համ էլ սիմվոլիկ է էլի՝ հարաբերություններում կեսից մարդիկ խառնվում են իրար ու արդեն չեն կարողանում տարանջատել, թե ով ով է:
Բ: Ինչի՞ ես ուզում բարդ լինի: Ոչ թե օրինակ անկեղծ:
Ա: Անկեղծությունն էլ կարող է բարդ լինել:
Բ: Կարող ա …կարող ա: Կամ կարող ա էդ քո անկեղծությունն ա բարդ: Բայց, գիտես ինչ, իմ ոչ մի բառն էլ չօգտագործես: Չնայած չէ է, չէէէ: Գրածներիցս որն ուզում ես օգտագործի, բայց էն բաները, որը հենց հատուկ քեզ եմ գրել՝ պահի, լա՛վ:
Ա: Բոլորն էլ հատուկ ինձ ես գրել, իբր համաձայնեցիր էլի:
Բ: Դե ուրեմն բոլորն էլ պահի քեզ, ու կլինի՞, խնդրում եմ, կլինի քո անձնական կյանքը վերջապես դնես մի կողմ ու գործ անես, ուղղակի գործ: Մեր էմոցիոնալ պոռնոն էլ թող մեր պոռնոն մնա, անպայման չի բոլորին պատմես:
Ա: Մեր մանկության պոռնոն…Էդպես չի լինում. Գնա քո սիրած Վուդի Ալենին դա ասա. Իրա ամեն կինոն էլ շատ անձնական է…անձնական էմոցիոնալ պոռնո, եթե կուզես, սիրունս:
Բ: Հա, բայց իրանը անձնական օրագրի պես չի կարդացվում, տհաճ չի դա նայելը ու չես զգում, որ մեկի պատի ծակից ծիկրակում ես:
Իսկ քո գործերը ու դու: Զվելի ես՝ սենտիմենտալ, սերիալից հինգ պակաս զիբիլ ես անում: Բան չունեմ ասելու՝ տեղ տեղ հետաքրքիր մտքեր ունես գրած: Բայց մեկ-մեկ թվում ա, թե դրանց միջոցով ինչ-որ շրջան ես ուզում փակես կյանքումդ ու էդտեղից դուրս գաս: Էլի դուրս արի, բայց դա մի սարքի գործ, դա գործ չի. գործ կդառնա էն ժամանակ, երբ բռնես ու խմբագրես գրածներդ, բան ավելացնես կամ պակասացնես…:
Ոնց ասեմ … գրականության կանոնները ուրիշ են, կյանքինը՝ ուրիշ:
Ինչի՞ ես դու քո չստացված կյանքի կանոններով մտնում գրականության մեջ ու նայողին էլ ստիպում, որ համ չստացված կյանքիդ մասին իմանա համ էլ չստացված գրականություն կարդա:
Չէ էդ չեմ ասում որ պատասխանես: Պետք չի: Ես կասեմ ինչի. անընդհատ ուզում ես մի բան անես, անես, անես անես անես…հետո մի հատ էլ անես. անընդհատ ուզում ես անես….
Չի կարելի միշտ անել… չանելը մեկ-մեկ ավելի կարևոր ա:
Ա: Դու ո՞ր օրվանից դարձար գրականության մասնագետ, սիրունս:
Բ: Էն օրվանից, երբ դու որոշեցիր գրականությամբ զբաղվել, ու ինձ ամեն հաջորդ ռեպլիկումդ ասել «սիրունս», «սիրունս»:
Ա: Լավ…մի դժգոհիր…առանց այն էլ ինձ դժվար է…ես իրոք ուզում եմ սա շուտ վերջացնեմ ու մոռանամ, մենակ մեր մասին մտածեմ…բայց դե դու…իհարկե դու ավելի լավ կանեիր ամեն ինչ: Եթե դու պիես գրեիր մեր մասին….իհարկե այն կգրվեր արագ, չէր վնասի մեր անձնական կյանքը, կլիներ անկեղծ, սահուն, նուրբ հումորներով ու ամենալավ ֆրազները կինը կասեր, չէ՞…իսկ տղամարդը…Տղամարդը կլիներ զուտ ներկա, որ կինը կարողանար իր պարանոիդալ մենախոսությունը զարգացնել ու տանել դեպի ինքնաոչնչացում:
Բ: Ինչի՞ էդպես չի: Չես տեսել, որ կնիկները կռիվ են անում, վիճում են տղամարդկանց հետ ոնց են իրանք իրանց մտքի հետ բազար անում: Բազարի արդյունքում էնքան տեղեր են գնում…ոնց որ երկու հոգու տեղ միաժամանակ պրոֆեսիոնալ թենիս խաղան, որտեղ հողթող չի կարա լինի, որովհետև դու ինքդ քո հետ ես խաղում ու ուրեմն չես հաղթի քեզ:
Ա: Կանայք, ուրեմն, պատասխաններ ման գալուց սկզբնական հարցերից հեռվանում են…էդպե՞ս:
Բ: Երևի:
Ա: Ի՞նչ երևի…դու կին չես:
Բ: Ե՞ս, ես տերև եմ, տղամարդ եմ, գյադա եմ, լակոտ, աղջիկ, կնիկ ու կին: Մեկ-մեկ դրա համար եմ զզվում քեզնից ու ջղայնանում վրեդ, որ քո պահվածքով սկսում ես ինձ ստիպել՝ կնոջ պես արձագանքել քեզ: Ոնց ասեմ՝ ինձ իմ ներքին հանգիստ կետից իջացնում ես ներքև ու ստիպում կնգա նման հետևիցդ վազել, տառապել, խանդել քեզ, պառանոյայի մեջ ընկնել ու հա սպասել, ե՞րբ ես խելքի գալու, երբ ես սովորելու հետևիցդ հավաքել, երբ ես սովորելու կարևորը երկրորդականից տարբերել:
Ա: Ի՞նչ եմ անում որ:
Բ: Արքայադստրիկի պես չկողմնորոշված ես: Էմոցիաներս քաշում ես ու կոնկրետ չես պատասխանում: Հստակություններից փախչում ես: Էդքան դժվար ա հասկանալ՝ ինչ ես ուզում: Հիշի, քեզ էսքան զուսպ ոչ մեկը չէր սպասի: Ոչ մեկը չէր տա քեզ էդ ժամանակը, որ դու քեզ գտնես: Ոնց ես քեզ վաբշե էդքան խորը կորցրել, որ արդեն քանի տարի ա չես գտնում, կսովորացնե՞ս: Ես էլ եմ ուզում:
Ա: Ինչ դրամատիկ էր…սպասել սպասել. դու քանի՞ հոգու ես սիրահարվել ինձ սպասելու ընթացքում, սպասուհի ջան: Ինչից ես բողոքում, քեզ ստիպե՞լ եմ ինձ սպասես, բանտարկե՞լ եմ:
Բ: Սիրահարություն էր, պահի տակ գալիս գնում էր հիմա. թե չէ դու…
Ա: Իմ մոտ ընդամենը մեկ հարաբերություն էր էղել էդ ընթացքում, ասել եմ քեզ….անլուրջ էր:
Բ: Հա բայց էղել ա, իսկ իմ սիրահարությունները սաղ գլխումս էլ մնացին: Ես էնքան ուժեղ բաներ էի զգում քո հանդեպ, որ չէի կարա ներսումս պահել: Դու էլ կողքս չէիր, էլի քո գործերի մեջ ու ես ստիպված ես դրանք բաժանեցի: Բոլորին: Իմ ներսի սաղ ջերմությունը գնաց անծանոթներին, հին ծանոթներին, նորերին, դրսի մոլորված շներին, խառը մարդկանց, իմ գործին, բոլոր մենակ ապրած օրերիս: Քաղաքի կեսը հիմա ման ա գալիս էն բաներով, որը քոնը պետք ա լինեին: Քաղաքը վերցրեց էն, ինչ պետք ա մենակ քոնը լիներ
Ա: . …կներես
Բ: Չգիտեմ կներեմ թե չէ, բայց ամեն դեպքում ես քայլ չեմ արել ինչ-որ մեկի հետ երկար շփվելու կամ բան ստեղծելու: Իսկ դու լավ էլ արել ես քո քայլը, ու էլ մենակ չես, մենակ չես մենակ չես: Ահահ բայց, իհարկե, կարճ ժամանակով ա էդ սաղ, իմ սրտի վարչապետ:
Ա: Ինչի՞ կարճ ժամանակով, իմ հուսախաբ հանրություն:
Բ: Քեզ մենակ ես կարամ դիմանամ՝ էն էլ հեռվից: Քո ինքնասիրահարվածությունը իմ ինքնասիրահարվածության հետ չի յոլա չի գնա:
Ա: Սիրուն էր, նո՞ր հորինեցիր:
Բ: Անկեղծ էր. դրանից էլ սիրուն ա:
Ա: Էլ ինչ անկեղծ բան կասե՞ս:
Բ: Քո երկխոսություններից ես զզվում եմ, որ կարդում եմ նենց տպավորություն ա, ոնց որ մի հոգի ա խոսում: Մի հոգուց մյուսի անցման տարբերությունը չեմ զգում: Խոսալու ձևի կամ բառապաշարի տարբերություն չես դնում: Ոնց որ ալարես մի քիչ տեքստիդ վրա աշխատես:
Ա: Իսկ չե՞ս մտածում, որ ես դա հատուկ եմ անում, որ ընդգծեմ մարդկանց միանմանությունը, ովքեր զույգի ներսում դառնում են անդեմ ու սկսում իրար նման խոսել, իրար պես մտածել…վերցնում են իրարից տիպիկ բառեր ու խոսելաձև…
Բ: Անկե՞ղծ: Չէ, մտածում եմ ուրիշ ձև չես կարում ուղղակի գրես, ուղղակի սիրուն բացատրություն ես հորինել դրա համար: Ինչպես միշտ…դու արվեստի դաշտը սարքել ես մանիպուլացիայի տեղ:
Ա: Մանիպուլացիայի տեղ էր միշտ էլ…ամեն բացատրություն դա հենց մանիպուլացիա է:
Բ: Մանիպուլացիա անողը գոնե իրա արածին պետք ա հավատա:
Ա: Ես հավատում եմ գրականությանը:
Բ: Քո արածը գրականություն չի, դու անձնական խնդիրներ ես լուծում, իսկ գրականությունը անձնական հաշվեհարդարի դաշտ չի:
Ա: Քո սիրած Վուդի՞ն չէր ասում, որ արվեստն է էն տեղը, որտեղ կարող ես ամեն ինչ կառավարել:
Բ: Լսի ինքը չէր ասում, որ էն, ինչը կյանքում չես կարողացել կառավարել սարքես արվեստ ու էդ ձևով հարցերդ լուծես:
Ա: Բա ի՞նչ էր ասում:
Բ: Ասում էր, որ եթե նեղվում ես կյանքից, ու նրանից, որ կյանքն էդքան անկառավարելի ա ու անհասկանալի, ուրեմն կյանքի մեջ մի ապրի, ապրի գրականության մեջ: Էդտեղ սաղ պարզ ա, սաղ դու ես կառավարում ու ամեն ինչ կարաս բացատրես:
Ա: Հմմ, իսկ ինձ թվում է, որ գրականությունը աղմուկ է: Մեկ մեկ կարևոր բաների մասին է խոսում, մեկ մեկ էլ՝ ինքնանպատակ իր ներկայության մասին հիշեցնում: Կինն էլ էդպես մի բան է…
Բ: Ուրեմն գրականությունը կին ա….