Այս պատերազմը տարածքային դասական պատերազմ էր, որ ինքն իրեն կապ չունի քաղաքակրթութիւններու կամ կրօններու պատերազմի հետ
Մեր հարցերին պատասխանում է ֆրանսահայ փիլիսոփա Ժիրայր Մալխասյանը:
-Ֆրանսիացի փիլիսոփա, գրող, հրապարակախոս, Կաննի համալսարանի հիմնադիր Միշել Օնֆրեն արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ եղել էր Արցախում եւ իր վերադարձից հետո շարադրել հետեւյալ տպավորությունները. «Մենք տեսանք արժանապատիվ մարդկանց, շատ տղամարդկանց, քիչ կանանց, ոչ մի լքված երեխա: Լքված հեծանիվներ, լքված խաղալիքներ`ուրվական դարձած քաղաքներում: Եվ հատկապես տեսանք, որ այս ավարտն իրականում ավարտ չէ: Ասել է թե` մենք հստակ տեսանք, որ այնտեղ դեռ թնդանոթներ կան, կան ռազմական մեքենաներ, կան զենքեր, որոնք, կարծես, հայկական զենքեր են`Ադրբեջանի հետ սահմանին …Ես իսկապես կարծում եմ, որ սա կրոնների պատերազմ է, սա քաղաքակրթությունների պատերազմ է: Ավելին. արդյո՞ք խոսքը պատերազմի մասին է, երբ նույնիսկ թույլ չի տրվում, որ ժողովուրդը պաշտպանվի: Սա ավելի շուտ անպաշտպանի էքզեկուցիա է »: Դուք նույնպե՞ս կարծում եք, որ այդ պատերազմը քաղաքակրթությունների պատերազմ էր, որն էլ այսօր շարունակվում է:
-Նախ եւ առաջ նկատի առնենք, որ այս պատերազմը տարածքային դասական պատերազմ էր, որ ինքն իրեն կապ չունի քաղաքակրթութիւններու կամ կրօններու պատերազմի հետ։ Հին, Առաջին աշխարհամարտէն ու Խորհրդային Միութեան ստեղծմանէ բխող եւ չլուծուած կոնֆլիկտ մըն է, կայսերութիւններու փլուզման հետ կապուած։ Պատմականօրէն Հայերը եւ Ազերիները նույն աշխարհին կը պատկանին, կ՛ըսէի նույնիսկ, որ կոնֆլիկտը ընդհանուր պատմութեան մը ժառանգութիւնն է։ Իհարկէ կրօնի, մշակույթի, քաղաքական արժեքներու, աշխարհաքաղաքական դիրքորոշման մեծ տարբերութիւններ կան, որ կը սրեն, կը ծանրացնեն բախումը եւ կը դժուարացնեն հաշտութեան ճանապարհներու փտրտուքը։ Այնուամենայնիւ , քաղաքակրթութիւններու բախման գաղափարը անորոշ, կոպիտ յղացք մըն է, զգուշութեամբ պէտք է օգտագործուի եւ ինչ կը վերաբերի Հայերու, ոչ մի քաղաքական, բարոյական օգուտ ալ չի բերեր։
– Ըստ Ձեզ` այսօր ի՞նչ մարտահրավերների առջեւ է կանգնած Ֆրանսիան, Ֆրանսիային սպառնո՞ւմ է թուրքացման վտանգը:
-Երկրորդ հարցումին պատասխանը հեշտ է ՝ Ֆրանսայի թուրքացման վտանգ չկայ։ Հարցը Գերմանիոյ բնակիչներու պէտք է ուղուի։ Իսկ առաջին հարցումին հետ կապուած՝ Ֆրանսայի հիմնական մարտահրաւէրները աշխարհաքաղաքական են -որոշ ազդեցութիւն պահել գլոբալիզացուող եւ բազմաբեւեռայնացող աշխարհի մը մէջ, ուր որ Եւրոպան երկրորդ դեր մը կոչուծ է խաղալու– եւ բնապահպանական–ինչպէ՞ս պահպանել տնտեսական – սոցիալական բարենպաստ պայմանները ուժանիւթներու սպառումէն խուսափելով եւ առանց բնութիւնը ոչնչացնելու ։
-Ֆրանսիական մշակույթը, ֆրանսիական ինքնությունն արդյո՞ք վտանգված են այսօր, եւ ի՞նչ է արվում, որպեսզի քաղաքակրթությունների պատերազմում դուք չկորցնեք սեփական ինքնությունը:
-Ֆրանսա կայսերութիւն մը եղած է, շատոնց ընդունած է արտասահմանեան գաղթականներ` առանց իր ինքնութիւնը կորսցնելու։ Հարցը ինքն իրեն չստուգուած կանխենթադրույթի մը վրայ հիմնուած է, որ զուտ գաղափարախօսական է՝ այսինքն որ Ֆրանսայի ինքնութիւնը վտանգուած է եղեր արտեւրոպացի, նամանաւանդ մահմետական, գաղթականներու կողմէ ։ Ճիշդ է , որ ֆրանսական մշակութային, ընկերային ու բարոյական հանգամանքները պիտի փոխուին , բայց այս երեւոյթը նորմալ է, անհատական եւ համայնական ինքնութիւինները կը կերպարանափոխուին բազմազան զուգադիպուող պատճառներու հետեւանքով, ուր որ կ՛ազդեն արտաքին ինչքան ներքին լծակներ, ինչպէս կաթոլիկ դաւանանքի կիրառման սաստիկ նուազեցումը, աւելի անձնական ապրելաձեւերու ու օրինաչափութիւններու հնարումը ու որդեգրումը։ Իսկ ինչ կը վերաբերի մահմետական ծագումով կամ դաւանաքի բնակիչներու, մէկ միատարր ու միասնական խումբ մը չեն կազմեր, նամանաւանդ որ միակ հիերախիական կղերական կազմակերպութեան մը չեն պատկանիր, իսկապէս տեսակ մը տարբեր սփիուռքներ կը կազմէն, տարբեր երկիրներէ, մահմետական դաւանանքէ (սուննի, շիի, ալեւի, եւայլն), լեզու է, մշակույթ է։ Ընդհակառակը՝ եթէ խտրականութեան կամ յարձակողական քաղաքականութեան ենթարկուին, այն ատեն հնարաւոր է, որ միանան պաշտպանուելու համար, ինչը որ վտանգաւոր, կործանարար հետեւանքներ կ՛ունենայ։ Օտար ծագումով մարդկանց ջախջախիչ մեծամասնութիւնը հանրապետական արժեքները կը յարգէ եւ այդ իրողութիւնը կարեւոր է ապահովել առանց կրքերը ի զուր գրգռելու ։
– Ժամանակին ֆրանսիական մշակույթի, քաղաքակրթության ձեւավորման վրա խոր հետք են թողել Վիկտոր Հյուգոյի, Վոլտերի, Ալբեր Կամյուի, Ժան Պոլ Սարտրի, Միշել Ֆուկոյի նման մտածողներն ու գրողները: Ո՞ր հեղինակներն են այսօր պահանջված Ֆրանսիայում, ո՞ւմ են ամենից շատ ընթերցում եւ հետեւում ֆրանսիացի երիտասարդները:
-Կը դժուարանամ յստակ մը պատասխան մը տալու։ Մտաւորական ասպարէզի մէջ ստեղծագործիչ երկիրները անգլո-սաքսոնական երկիրներն են(Noam Chomsky, Judith Butler)։ Ֆրանսացիներու մօտ աւելի շատ տնտեսագէտներ կը կարդացուին ինչպէս Thomas Piketty, Esther Duflo։ Իսկ երիտասարդներն իրենց մտքերը աւելի շատ սոցիալական ցանցերէն կը քաղեն, influencerներ էն , քան թէ դասական գրաւոր մտաւորականներէ։
Հարցազրույցը` Թագուհի Հակոբյանի