Կարլ Յասպերս | Ազատության վտանգների եւ հնարավորությունների մասին

Առանձին անհատների ազատություն ասելով` մենք հասկանում ենք ինքնուրույն մտածելու եւ գործելու կարողությունը` հիմնված սեփական ընկալումների վրա եւ անձնական կյանքի շարունակականությունը, որը հավատարիմ է իր էությանը: Ազատ մարդն իրեն ի վերուստ տրված պատմական իրավիճակներում լուսավորում է իր ճակատագիրը, որն արտացոլվում է նրա կայացրած եւ կյանքի կոչած որոշումներում:
Քաղաքական ազատություն ասելով` մենք հասկանում ենք հասարակության ընդհանուր պատկերը, որտեղ բոլոր անհատներին ընձեռված է ամենամեծ ազատությունը:

Պատերազմ

Եթե ազատությունը ընկալում ենք որպես մարդկությանը ճշմարտությանը հաղորդակից դարձնող տարբերակ, ապա ազատության մահացու թշնամին պատերազմն է: Պատերազմն այն բռնությունն է, որի ժամանակ դադարում են միմյանց հետ խոսել, իսկ ճշմարտությունը, որպես միավորող տարր, վերջնականապես անհետանում է: Սպանելու կամ սպանվելու սահմանագծին` բոլոր անհատ մարտիկները գնալով ավելի ու ավելի են զրկվում իրենց անձնական ազատությունից` պատերազմում հաղթելու նպատակով, ինչը նրանց ստիպում է ավելի շատ բռնություն կիրառել, մինչեւ ողջ ազատությունը չեզոքացվում է` հօգուտ ամբողջական եւ ազդեցիկ ուժի կիրառման: Պատերազմի ժամանակ ժամանակավոր երեւույթները պատերազմի սպառնալիքի տակ դառնում են տեւական:

Ազատության հնարավորությունները

Փորձի վրա հիմնված ազատության հնարավոր ընդլայնման նկատմամբ հավատի կորուստը, խղճահարության եւ անհամբերության միջոցով ազատությունից հրաժարվելու գայթակղությունը, իբր սեփական ազատությունը առանց ուրիշների ազատության փրկելու մղումը, պատերազմական իրականության մշտական վերադարձն ավերիչ ազդեցությամբ աճում են, իսկ այդ բոլոր պատկերացումները կարող են անհույս ճշմարիտ լինել: Այդ պատկերները կարող են անխուսափելի դարձնել աղետը, ազատության նահանջը:
Այնուամենայնիվ, դրանք ճշգրիտ արտացոլվում են բազմաթիվ անհատական կապերի դեպքում եւ մշտական վտանգ են ներկայացնում: Այդ պատկերները կեղծ պատկերացում են ձեւավորում մարդկային հնարավորությունների մասին:
Դրանք ցույց են տալիս, այսպես կոչված, կյանքի նյութական կողմը, որից ծնվում է մարդը. դրա մեջ նա կարող է նորից խորասուզվել, եթե անտեսի մյուս կողմը` իր հնարավորություններն ու մարդկային խնդիրները: Թեեւ նա ունի այդ նյութի կարիքը, սակայն քանի դեռ նա ապրում է, մարդկությունը ո՛չ կարող է գլուխ հանել դրանից, ո՛չ էլ այն կարող է ընդմիշտ կորցնել: Մենք պատկերացնում ենք մեր հնարավորությունները:

Ապագայի հեռանկարը

Հնարավոր է, որ տեղի ունենան անհավանական բաներ: Նոր պատերազմի հետեւանքով հողատարածքների մեծ հատվածներ կարող են տեւական ժամանակ ամայանալ, մարդկությունը կարող է ոչնչանալ այնպես, որ նրանից մնա միայն մեկ երրորդը կամ ավելի պակասը, իսկ մնացածների կյանքը կարող է այնքան բարդանալ, որ ելնելով մեր քաղաքակրթությունից՝ դառնա անտանելի:
Մյուսները, սակայն, կապրեն, երկրագունդը կշարունակի ծաղկել արեւի լույսի շնորհիվ: Ինչ-որ ավանդույթներ, ստեղծագործություններ, գրքեր, գործիքներ եւ մեքենաներ կփրկվեն: Չնայած ավանդույթի մասին մոռացություններին եւ փլուզմանը` որոշ հետքեր կմնան: Ամեն ինչից առաջ, յուրաքանչյուր անհատ, նորովի ծնվելով, ամեն մի նոր սերունդ նորից փորձելով, նորից սկսելով յուրաքանչյուր անհատի սկզբնական մաքրությունից, կկարողանա անկանխատեսելի կերպով ձեռք բերել նոր հնարավորություններ:
Հաշվի առնելով ամեն մի առաջընթացի կործանարար հնարավորությունները` պետք է դիմակայել չափազանցությանը: Այն, ինչը հայտնի չէ եւ հնարավոր չէ ընդհանրապես ճանաչել, չպետք է ընկալել որպես գիտելիք: Մենք միշտ կարող ենք ամբողջովին քննադատել եւ ավերել համաշխարհային պատմություն կոչված ենթադրյալ գիտությունը: Որպես գիտություն` այն կարող է հաղթել մեզ, եթե չքննադատելով ժխտենք մեր անտեղյակությունը:
Մեզ համար ողջ պատմությունն անսահման բաց է: Ժամանակն անկշռելի է: Մինչ այժմ վեց հազար տարվա պատմությունն ընդամենը սկիզբ է, պահ` իրական ժամանակի չափման մեջ:
Մենք չպետք է համաշխարհային պատմությունն ամբողջությամբ դարձնենք մեր մտահոգության առարկան: Դա մեր գործը չէ: Ոչ ոք դրանից վեր չի կանգնած եւ սեփական ձեռքով չի կերտում այն: Մենք պետք է ապրենք այն մտահոգությամբ, թե ինչ ենք մենք ներկայացնում մեզնից իրականում եւ ինչ կարող ենք անել անսահման հնարավորությունների հորիզոնում` հստակ գիտակցելով, թե ինչն է մեր ուժերին հարիր, եւ ինչը` ոչ. դա տարածք է ստեղծում իրական ազատության համար: Եվ սա առաջինն ու վերջինն է այն ամենում, ինչն ամեն օր իրագործում ենք կյանքում: Ահա թե որտեղ է ընկած մարդ լինելու հնարավորությունը նաեւ ապագայում:
Եթե մենք հասնենք այն գիտակցությանը, որ միայն հետաձգում ենք այն ամենն, ինչն արժեքավոր է մեզ համար, դա մեզ չպետք է կաթվածահար անի: Դեռ որոշակի չի ուրվագծվում, թե ինչ է լինելու: Այն, ինչ թվում է հավանական, պարտադիր չէ, որ իրականանա, ինչպես մեզ հաճախ է թվում: Բայց այս դեպքում հենց աղետի հավանականությունն է, որ զգոնացնում է մեր գիտակցությունը եւ թույլ տալիս յուրաքանչյուր անհատի, որ նա հպարտանա իր ծագմամբ եւ նպատակներով: Հնարավոր բարձրագույն լարվածությունը կարող է նաեւ արթնացնել բանական մարդկության ողջ ներուժը մեր մեջ` անելու այն, ինչ կարող ենք, որպեսզի հասնենք էականին:

Պայքար` ընդդեմ պատերազմի

Նախկին պատմական փորձը վկայում է, որ ազատությունն ամենասաստիկ ձեւով սահմանափակողն ու ոչնչացնողը պատերազմն է: Ազատության ձգտող կամքն անվերջ համբերություն է փնտրում պատերազմն անհնարին դարձնելու համար: Բայց մեր վիճակը ցույց է տալիս, որ հեռանկարում չկա նման նպատակ: Եթե բռնությունը բոլորիս ներսում է, ապա դա մեր մարդկային ճակատագիրն է, ինչի արդյունքում էլ մենք ապրում ենք առանց պատերազմի սպառնալիքի: Նույնիսկ օրինական աշխարհակարգի դեպքում, որը կարող է մի օր հաղթող լինել, այդ սպառնալիքը երբեք ամբողջությամբ չի անհետանա: Նրանք, ովքեր ինչ-որ պահի կմտածեն անհետանալու մասին, աշխարհակարգի անվտանգության հանդեպ նրանց վստահությունը ավելի սարսափելի անակնկալներ կմատուցի:
Պատերազմը որպես անհաղթահարելի իրականություն ճանաչելը նույնքան անհնարին է թվում այն մարդկանց, որոնք ազատագրվում են, որոնք իրականությանը սատանայական պատահականությամբ փոքր դեր են վերապահում, եւ որը նրանք պացիֆիստական շրջադարձերով են բացատրում: Պատերազմը մարդկության կյանքում ունի իր ակնունքները եւ այն խորությունը, որը ո՛չ բնավորության առանձնահատկությամբ, ո՛չ էլ մարդկանց ու մարդկային խմբերի միջեւ օբյեկտիվորեն անլուծելի հակամարտությունների միջոցով է ընկալվում: Եվ, այնուամենայնիվ, հավերժական խաղաղությունն է մնում մարդկության երազանքը:
Պատերազմը հնարավոր չէ սանձազերծել առանց այն նախապատրաստող մարդկանց միջեւ ընդհանուր փոխհարաբերությունների: Ուստի պատերազմի դեմ հակազդեցությունը սկսվում է` համայնքի ամենափոքր բջիջից հասնելով ավելի բարձրին: Ամենօրյա վարքագիծը, ինչն օգնում է յուրաքանչյուրին ազատության հասնել համատեղ պատասխանատվության միջոցով, արգելում է կամայականությունը եւ փորձում է վերացնել այն միմյանց հետ հաղորդակցության միջոցով: Հետեւաբար, ամենօրյա էթիկան առաջնային պայքարն է ընդդեմ պատերազմի: Ինչ-որ պահի այդ ամենն ուղղորդողները պատասխանատվություն կկրեն հետեւանքների համար եւ թույլ կտան, որ պատերազմը, որն ամենուր եղել է փոքր մասշտաբով, բռնկվի մեծ մասշտաբով:
Պատերազմի դեմ պայքարը շարունակվում է համբերատար պետական այրերի միջոցով, որոնք, չնայած առկա պատերազմի մթնոլորտին եւ բռնություն տենչացող հոգիներին, այժմ ցանկանում են կանխել կամ փորձում են հետաձգել լայնածավալ պատերազմի բռնկումը: Իսկ մինչ օրս պատմությունը հենվում է կարճատեւ դադարի վրա:
Բայց արդյոք դա նշանակո՞ւմ է, որ պատերազմը գին չունի:
Յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է ազատություն, ցանկանում է նաեւ հասարակական կյանք, որտեղ առանձին անհատն ազատ լինելու ամենաշատ հնարավորություններն ունի: Նման իրավիճակում բոլորը հնարավորություն ունեն ինքնաբուխ կերպով ազդելու իրավական նորմերի վրա, նրանք մշտապես ձգտում են շտկել առկա իրավիճակը եւ այդ կերպ նպաստում են հանրային քննարկումներին, լուրերի ազատությանը, կրթության եւ ինքնուրույն մտածողության մակարդակի բարձրացմանը: Այնտեղ, որտեղ կա քաղաքական ազատ կյանքի հնարավորություն, որն անպայման տոգորված է խաղաղասիրությամբ, ձգտում են ոչնչացնել դրսից, քանի որ առկա է դիմադրություն. հնարավոր պատերազմի հետ հաշվի նստելը հենց ազատության պատասխանատվությունն է, որը չի ցանկանում պատերազմն ընդունել որպես այդպիսին:

Եթե խոսքը փաստացի մարդկության փրկությանն է վերաբերում, ինչը հնարավոր է դարձնում ազատությունը` ընդդեմ բռնի ուժային կազմավորումների տեսքով մեր գիշատիչ էության, ապա ազատության ոգին ինքն է պաշտպանելու մեր` զենք վերցնելու շարժառիթը:
Արեւմուտքի համար մշտապես հիշարժան պահ է, երբ, բախվելով Թեմիստոկլեսի կանխատեսմամբ` ուժերի ահռելի տարբերությանը, Աթենքը հանդիպեց պարսկական կայսրության հսկայի հետ, որը պատրաստվում էր ընդլանել իր շարունակական նվաճումները դեպի Հունաստան: Նա ինքը լքեց սեփական քաղաքը` թողնելով, որ թշնամին ավերի այն, որպեսզի փրկի Հունաստանի ազատությունը, հետեւաբար` Արեւմուտքի ազատությունը Սալամիում:
Անազատ եւ նվաճող կայսրությունների դեմ եղել են ավելի շատ նման մարտեր. շվեյցարացիների, հոլանդացիների, Վիլհելմ 3-րդի ճակատամարտը Լյուդովիկոս տասնչորսերորդի դեմ, եվրոպական ազգերի ճակատամարտը` Նապոլեոնի դեմ, ազատ Արեւմուտքի պայքարը Հիտլերի դեմ: Այս մարտերում նկատելի է առաջին փրկության փայլը:
Առաջին անգամ ի հայտ եկավ ազատամարտիկների ազատությանը սպառնացող պատերազմի վտանգը: Վիշապի դեմ պայքարելով կարող ես ինքդ էլ վիշապ դառնալ: Հաղթանակած Աթենքն ընտրեց իմպերիալիստական բռնության ուղին: Եթե նույնիսկ Ակրոպոլիսի եւ Աթենքի փառքի համար պարտական ենք նրա շահագործողական քաղաքականությանը, ապա դրա հիմքում ընկած էին այն իրադարձությունները, որոնք կարճ ժամանակ անց ոչնչացրեցին հունական ազատությունը: Այն Արեւմուտքում մնաց որպես հիշողություն` խրախուսելով ազատության վերամարմնավորումը:

Հույս եւ պայքար

Ոգեղենության խնդիրն է ճշմարտությունն ակնհայտ դարձնելը եւ ներդաշնակություն ստեղծելը: Ողջ հույսը պետք է կապել հոգեւոր աշխատանքի հետ: Ոգին, որն ամենաանիրականն է, ամենազգայունը, որը մեզ երեւում է ոչ այլ կերպ, քան սավառնելով, երկարաժամկետ հեռանկարում, անկանխատեսելի կերպով ազդեցություն է գործում եւ հասնում կայունության: Ճակատամարտում, սակայն, նա առերեսվում է ժամանակավոր իրականությանը:
Ոգին դավաճանում է իրեն, երբ հավատում է, որ հասել է միակ բացարձակ ճշմարտությանը վերջնական տիրապետելուն: Նա ընտրել է անսահման հաղորդակցության միջոցով նրա հետ մերձենալու ճանապարհը, որը սկզբունքորեն ոչ ոք չի բացառում: Նրա աշխատանքը բխում է մարդկանց հանդեպ հոգատարությունից, այն ամենից, ինչը մենք ինքներս ենք ստեղծում` դուրս քաշելով այն մեր էության խորքից եւ դրանով իսկ անձամբ դիպչելով նրան: Սրա ակունքներն ընկած են անհատների թաքնված, սիրառատ պայքարի մեջ, որին առերեսվող ամեն ինչ ունի իր հիմքերը:
Հրապարակային պայքարն անհրաժեշտ է հորիզոնում նշմարվող ճանապարհը գտնելու, շատ փորձառություններ մեկտեղելու, ստեղծագործ աշխատանքին մասնակցելու, եւ առաջին հերթին` ճշմարտությունը կյանքի կոչելու համար: Եվ այն, ինչ ճշմարիտ է, պարտադիր չէ, որ ինքնաբերաբար գերակայի:
Անհրաժեշտ է պայքարել կեղծիքի եւ կեղծ լեզվի դեմ: Չէ? որ ոգին կարող է դավաճանել իր ծագմանը, եւ, չնայած դրան, ծաղկել իր կենսական տաղանդի շնորհիվ: Նա կարող է հմայել եւ խաբել, եթե նրա ազատությունը զուրկ է հիմքից եւ ճշմարտության ուժից:
Ճշմարտությունն ի կատար ածելու համար պահանջվում է անսահմանափակ, ազատ հանրություն: Միայն այդ կերպ է ոգեղենը ձեռք բերում լիարժեք հնարավորություններ: Սակայն նրանք, ովքեր միմյանց հետ խոսում են այս սենյակում որպես մտավորականներ, ոչ մի պարագայում ազատության կողմնակիցներ չեն: Այդ հանրային դաշտը նաեւ ազատ հանրության հակառակորդների համար է: Իրենց տարածքում նրանք ծառայություն են մատուցում ամբողջատիրական ուժերին: Ինչպես բոլոր կեղծիքները, նրանց գործողությունները նույնպես կբացահայտեն իրենց: Ազատ հասարակության մեջ նրանք ենթարկվում են քննադատության եւ կարող են հիմնովին ուղղվել: Միայն ամբողջատիրական պետությունում կազմակերպված կեղծիքները չեն ուղղվում, բացառությամբ այն դեպքերի, երբ բռնակալներն իրենք անձամբ են միջամտում:
Քանի դեռ կա քաղաքական ազատություն, պայքարն ընթանում է ինտելեկտուալ միջոցներով: Նրանք, ովքեր այստեղ հանդիպում են սիրալիր վերաբերմունքի, աջակցում են այն ուժերին, որոնք օգնում են նվաճել խաղաղություն եւ ազատություն, բայց կան նաեւ նրանք, որոնք մղում են արյուն թափելու:
Այս պատերազմում քարոզչությունը մշակվում եւ գործում է բարձրակարգ խաբեությամբ: Քարոզչությունը, որն ի սկզբանե խաբեության միջոց էր ձեռնտու թվացող կեղծիքները տարածելու համար, այժմ դարձել է ճշմարտությունը հաստատելու անփոխարինելի միջոց: Ինչպես անարդարության դեպքում օրենքը պահանջում է փաստաբան, եթե նա չի ցանկանում պարտվել, այնպես էլ ճշմարտությունն է պահանջում քարոզչություն:
Էականը, սակայն, մնում է հենց բուն հոգեւոր աշխատանքը: Միտքը պետք է լինի հստակ, մաքուր եւ պարզ, որպեսզի հնարավորություն ընձեռի ավելի արագ պաշտպանվելու բոլոր խարդավանքներից, խաբուսիկ երեւակայություններից, գնոստիկական առեղծվածներից, խառնաշփոթից եւ մութ, անհասկանալի դոգմատիկներից: Այդ ինտելեկտուալ խառնակչությունները, որոնք այսօր էլ կարծես բազմանում են, անազատության նախերգանքն են. նրանք նվաճել են ազատության տարածքը եւ ավելի քիչ են բնորոշվում բովանդակությամբ, քան մտածելակերպով: Արտակարգ իրավիճակներում նրանք հակված են անմիջապես միանալու անհեթեթությանը եւ ահաբեկչությանը:
Դուք պետք է իմանաք, թե որտեղ եք կանգնած ազատության համար պայքարում եւ հասկանաք դրա իմաստը: Իսկ այդ դեպքում աշխատանքը սկսվում է գաղափարների, շարժառիթների պարզաբանումից, իրականության ճանաչումից, կեցության, իմացության պատկերների ձեւավորումից, եւ, առաջին հերթին` ոչ նյութական բանականության վրա հիմնված մտածելակերպից. դա ոգեւորիչ վստահություն է, որ մենք` բոլորս, առանց բացառության, կարող ենք մնալ որպես ազատ մարդիկ, որոնք սկզբունքորեն ընդունակ են եւ ձգտում են միմյանց հետ խոսել ըստ էության` ճշմարտության մեջ խորամուխ լինելու համար:

(«Ազատության ռիսկը», փիլիսոփայական ակնարկների ժողովածու)

Թարգմանությունը գերմաներենից` Թագուհի Հակոբյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *