Հատված «Ազգային պատկերասարհ» վիպակից
Առավոտյան գլուխս ծանրացած էր: Փորձեցի հիշել, թե ինչ էր տեղի ունեցել անցած գիշեր, բայց ոչինչ միտքս չէր գալիս, միայն անորոշ հրճվանքը խտղտացնում էր կուրծքս: Դժկամությամբ վեր կացա և կրկին փորձեցի հիշել նախորդ գիշերը: Ես սիրահարվե՞լ էի: Կոտրված ափսեի փշուրների պես` խառը մտքերի բեկորները թափանցեցին գլուխս: Ոչ, ինձ դուր չի գալիս սիրահարված լինելու միտքը: Ինձ դեռ պետք է Աիդան: Բայց նա, կարծես, այն կինը չէ, այն բանից հետո, երբ հանդիպեցի այս աղջկան: Մտքումս առկայծեց սպիտակ սևահատիկ կարճափեշով քաղցրաթթվաշ այդ աղջկա կերպարը: Չնայած բերանիս թթվահամին՝ զգացի, որ տաք քնքշանքը պարուրել է կուրծքս:
Կեսօրից հետո թարմ էի, անընդհատ մտածում էի խմելու իմ արատավոր սովորության մասին: Խմում էի, որովհետև կանխազգում էի հոգևոր անկում և այն կանխել չէի կարող, հենց այնպես ինչպես չկարողացա համախոհներ գտնել արվեստում: Կառավարությունը միջոցներ չուներ երկրում արվեստը խթանելու համար: Լավ նկարիչները կշարունակեին արտահանել իրենց գլուխգործոցները, որպեսզի ապրուստի միջոց ունենան, իսկ վատ նկարիչները այդպես էլ չէին փոխվելու, եթե այդպես էլ նրանց ոչ ոք հրապարակայնորեն չխարազաներ իրենց այլասերված գեղագիտական սկզբունքների և թերզարգացած գեղարվեստի մասին պատկերացումների համար։ Շարունակ հարբելով` ի վերջո կդառնայի հարբեցող, իսկ դրանից հետո բացարձակապես ոչ ոք չէր գտնվի ամբողջ երկրում, որ հոգ տաներ «Կերպարվեստի բարեկեցության» համար: Ես բոլորովին կորած էի ու հուսահատ: Խոսեցի մտահոգություններիս մասին, բայց ոչ ոք ուշադրություն չդարձրեց: Առողջ քննադատության բացակայությունը նշանակում էր խելացի հասարակության ոչնչացում. եթե հանրությունը գռեհկությունների ազդեցության տակ լիներ, որոնք չմերժվեին, ապա մարդիկ դրանք կընդունեին մերօրյա նորմ: Տեսնելով իմ արժեքավոր ներդրումների ցիրուցան բեկորները` խմում էի, որովհետև բթացնում էր ցավը:
Այս ամբողջ ձախողման մեջ ամենասարսափելին Հրաչի դիրքորոշումն էր: Մեկ ամիս առաջ դեռ հույս էի փայփայում, որ նա կաջակցի ինձ իմ անձնուրաց ձեռնարկման մեջ, քանի որ փայլուն գաղափար ունեի` վեր հանել կերպարվեստի մասին Երևանում եղած ամեն բացասական երևույթ: Նրա մերժումը իմ պարտությունն էր:
Միակ մասնագետն էր, որը հասկանում էր ինձ և կարող էր օգնել ճշմարիտ արվեստը հասարակությանը մեկնելու, այն էլ հետ կանգնեց: Տարիներիս նվիրվածությունն ու ջանքերը փոշիացան: Մի ամբողջ ամիս, շաբաթը չորս օր արթնանում էի սարսափելի խումհարով: Խմելը, սակայն, ժամանակավոր շեղում էր ՝ զայրույթը և հիասթափությունը թեթևացնելու համար:
Հեռախոսի զանգը կտրեց մտքիս թելը: Դժկամությամբ պատասխանեցի հեռախոսազանգին ՝ խումհար էի: Մեղմ ձայնը հրավիրում էր ինչ-որ տեղ կամ էլ դրա նման ինչ-որ բան: Ժամանակակից փորձարարական արվեստի երիտասարդ նկարիչները ներկայացնելու էին «Զարմանահրաշ շարք. Արվեստի վերջին ճիչը» ցուցահանդեսը: Ժամանցը երաշխավորված էր: Արվեստասեր հանրությունը ներկա էր լինելու ցուցահանդեսին:
-Ի՞նչ իմաստ ունի իմ այնտեղ լինելը,-դժվարությամբ արտաբերեցի՝ ի պատասխան գովեստների տարափի, որ փոթորկեց հոգիս:
-Ջերալդ, նկարիչների հետ խոսելու համար ավելի հարմար տեղ չկա: Շատ հայտնիների տեսնելու և հանդիպելու հնարավորությունը հենց սա է: Բացի այդ, Երևանում արվեստի նոր ձև է ներկայացվելու, չե՞ս ցանկանում տեսնել մեր ժամանակակից նկարիչներին, ծանոթանալ հետները:
-Լավ էլ տեղյակ եմ այդ տհաս խաբեբաների մասին: Նրանք ինչ-որ բան խզմզում են կտավի վրա և ներկայացնում որպես աբսուրդիստական արվեստի խոշոր գործ: Երբ նրանց խնդրում ես բացատրել իրենց անհասկանալի գլուխգործոցը, միայն մեկ բան ունեն ասելու. «Ամեն ինչ կտավի վրա է, պետք է ուղղակի զգալ»:
-Ջերալդ, պարտադիր չէ, որ ցուցադրության մասին ակնարկներ գրես: Մի անգամ պարզապես եղիր այցելուի դերում:
-Ես հիվանդ եմ:
Խոսակցիս տոնը խստացավ:
-Ո՞ւր էիր նախորդ գիշեր:
Ընկերներիս հետ բարում խմելու առիթ մոգոնեցի:
-Գրավիչ չէ դեբոշներ անելը, – ասաց ձայնը:
Հոգնեցի: Ականջներիս մեջ անվերջ հնչում էր թութակի միապաղաղ ծակող ձայնը:
-Աիդա, գլխացավս սպանում է, իսկ դու նախատում ես ինձ … Ես թքած ունեմ էդ բոլոր հայտնիների վրա: Չեմ էլ մտածում այդ հիմար, ջահել նկարիչների մասին:
-Խնդրում եմ: Վստահ եմ, որ քեզ դուր կգա նրանց արվեստը: Միշտ ասում ես, որ ուզում ես տեսնել` Երևանում ծաղկում է նոր արվեստ, նոր ձևեր, նոր ոճեր: Միգուցե մենք դա այսօր տեսնենք:
Նա խոսում էր իր մեղմ, մաքրամաքուր ձայնով՝ խնդրելով ինձ վերջին անգամ, հանուն մեր ընկերության, մի փոքր ներողամտություն ցուցաբերել և խոստացավ փոխհատուցել, եթե ցուցասրահում ամեն ինչ ավարտվեր աղետով: Միևնույն է, վճռական էի տրամադրված. պատճառը գլխացավս էր: Ասացի, որ կզանգահարեմ նրան, եթե ուշքի գամ և Ժամանակակի փորձարարական արվեստի կենտրոն գնացողի տրամադրություն ունենամ: Աիդան հիասթափված հառաչեց:
Անջատեցինք հեռախոսը: Հանկարծ ցավագին ափսոսանք զգացի, որ անցած գիշեր գերվել էի քաղցրաթթվաշ այն կնոջ հմայքներին: Այնպիսի զգացողություն ունեի, կարծես իմ ու Աիդայի հարաբերություններին վերջակետ էի դրել: Միայն չգիտեի, թե ինչպես նրան այդ մասին հայտնեմ՝ առանց վիրավորելու: Դժվար էր Աիդային ասել, որ այս անգամ մենք ավելի լավ է բաժանվեինք, որովհետև արվեստի վերաբերյալ մեր տեսակետները դարձել էին այնքան տարբեր:
Անկողնում պառկած, հիվանդ և լքված, անգամ ցանկություն չունեի նայել դիմացի պատի Ռաֆայելի «Պառնասուսի» ռեպրոդուկցիային, որը ռուս պրոֆեսորի վրձնին էր պատկանում. նա ինձ դասավանդել էր Լենինգրադում: Պատկերացրեցի մի նկար. քաղաքի վրա ահագնացող թանձր անձրևի ամպեր էին կուտակվել՝ իմ ձախողումների վկաներն են կարծես: Ինձ ինչ հիշում եմ՝ սովորեցրել էին, որ արվեստը ծառայում է լուսավորելու մարդկային կյանքը, և ես վերջին երեք տարիներս նվիրել էի հաղթահարելու լոսավորության ճանապարհի խոչընդոտները, որպեսզի արվեստի արևը բոցավառեր մարդկանց հոգիները: Եթե ես ստիպված լինեի թողնել իմ գործը, Ժամանակակից փորձարարական արվեստի կենտրոնի մարդիկ մի օր խաչ կքաշեին գիտելիքի վրա: Մեր մշակույթում այդ նեղմիտ մարդկանց գերակայություն ձեռք բերող սարսափելի տեսարանն ինձ սարսռեցրեց: Հեռախոսը կրկին զանգեց:
Գործընկերս էր: Ասաց, որ պետք է ինքս ինձ մի բաժակ օղիով շտկեմ` խումհարաթող լինելու համար: Ասացի` կզանգեմ, և ուղղվեցի սառնարանի կողմը, միայն թե օղի չկար: Անգամ բարն էր դատարկ: Արևը դուրս էր կանչում. հագա կոշիկներս ու վերնաշապիկս և դուրս եկա:
-Օղի՞ գնել, թե՞ զբոսնել,- մտածում էի:
Արագ մոռացա թուլությունս, թեև քայլելիս թեթև ճոճվում էի, զբոսնեցի այգում, հետո նստեցի նստարանին: Ուշ գարունը վայելող մի քանի մարդ կար: Խոհերի մեջ էի. պայծառ արևը փայլփլում էր տերևների վրա. անպատմելի թարմությամբ և կենսախնդությամբ էր լազուրե երկինքը պարուրել ինձ: Հանկարծակի ցանկություն ունեցա նկարելու այդ բարեպատեհ ակնթարթը. արևը, երկինքը և ծառերը կարող էին ապաքինող պատկերն ամբողջացնել, եթե լիներ որևէ նկարիչ, որ կարողանար բնորոշել և ապա վերարտադրեր բնության ապաքինող հմայքը: Մտածեցի Սեզանի կտավների մասին, որոնցում կարողացել է բնութագրել մարդու արձագանքը առ բնություն: Սեզանի համար ձևը ճկուն էր, քանի որ նրան հետաքրքրում էր էությունը: Իսկապես, Պրովանսի էությունը մշտենջենական է, քանի որ հնարավոր չէ փոխել Պրովանսի կապույտ լեռներն ու կարմիր երկիրը: Այնպես, ինչպես հնարավոր չէ փոխել բնության հիմնական շարժիչ ուժերը: Ես վստահ եմ, որ նկարչի հիմնական նպատակն է՝ անդրադառնալ այդ շարժիչ ուժերին: Ինչպես Սեզանն էր ասում. «Արվեստը բնությանը զուգահեռ ներդաշնակություն է»:
Հոգնություն զգացի և վեր կացա: Տան ճանապարհին կանգ առա մթերային խանութի մոտ: Երբ ներս մտա, համարյա բախվեցի մի պարոնի ՝ գեղեցիկ սպիտակ ժիլետով և ֆետրե գլխարկով էր: Ներողություն խնդրելիս մի ակնթարթ փորձեցինք հիշել միմյանց: Հետո զարմացած սուլեցի:
-Վայ, Ռոբերտ:
Նա գլխով արեց ու զարմացած ինձ նայեց:
-Համոզված եմ, որ տեսել եմ ձեզ, բայց չեմ կարողանում …:
-Ձեր արվեստանոցում ենք հանդիպել, երբ գրում էի ձեր մասին: Մեր լավագույն արվեստագետներից մեկը, որին հետո քամին քշեց Աստված գիտի ուր, – ծիծաղեցի ես:
– Աաաա, հիշում եմ:
Նա հուշանվերների խանութի ցուցանմուշի նման կոկլած-սոկլած էր: Նոր էր սափրվել, բեղերը անթերի կտրված էին, իսկ դեմքն ավելի աշխույժ էր, քան երկու տարի առաջ, երբ ես և Աիդան այցելեցինք նրա արվեստանոց: Գիտեի, որ Ռոբերտը խորհրդային տարիներին հարգարժան նկարիչ էր, ողողված մրցանակներով։ Հայաստանից դուրս ևս հայտնի էր իր ցուցահանդեսներով, և ես որոշել էի հոդված գրել նրա մասին: Տեսնելով նրա թշվառ վիճակը ՝ ես փորձեցի հասարակությանը ցույց տալ, որ նա այն լավ ստեղծագործողի տեսակն է, որին պետք էր աջակցել։ Աղքատության և զայրույթի մեջ էր ապրում: Բայց հիմա նայելով իմ դիմաց կանգնած պարոնին ՝ մտածեցի, որ նա հրեշտակ է ՝ սպիտակաթույր ամպերով պարուրված:
-Ի՞նչ ես անում հիմա,- հարցրեցի ՝ փորձելով հեռավորություն պահպանել, որպեսզի տհաճություն չպատճառեմ. ալկոհոլ էի բուրում:
-Աշխատում եմ ոսկերչական արտադրամասում: Փորագրությունն եմ անում:
-Դե, այս գործը շատ ավելի լավ է, քան Ռուսաստանում հացփորի աշխատելը:
Ինչ-որ քամահրական ժպիտ կար դեմքին:
-Ավելի լավ: Ես կասեի այնքան ավելի լավ, որ մտադիր չեմ նորից քանդակագործությամբ զբաղվել: Ժամանակի անիմաստ կորուստ է: Քանդակում ես, քանդակում՝ սոված նստում: Մարդիկ գնահատում են ոսկին: Գնում են: Հմտացել եմ այդ գործում, ավելի բարեկեցիկ եմ ապրում:
Ցանկություն առաջացավ ապտակել նրան: Փողապաշտ էր դարձել: Բարեբախտաբար ընդհատեց իմ չարագույժ մտքերը:
-Վաղը ցուցադրության գնալո՞ւ ես:
-Պոստմոդեռնիստականը,-հեգնեցի,-ոչ, ես երևի ավելի օգտակար բանով կզբաղվեմ:
Ընդհանրապես չզգաց հեգնանքս:
-Երեկ հանդիպեցի Անանյանին: Նրան ճանաչում ես, չէ՞:
Հրաչի ազգանունն էր:
-Հայտնի մարդ է դարձել, 70-ականներին իմ ուսուցիչն էր: Հարյուր տարի է նրան չէի հանդիպել: Խոսեցինք արվեստի մասին, ասաց, որ գնալու է ցուցադրության, և առաջարկեց միասին գնալ:
-Ի՞նչ,-բացականչեցի ես, հետո հասկանալով, որ կարող եմ տհաճ հարցուփորձի առիթ տալ՝ փորձեցի սքողել անհամաժեք արձագանքս:
-Յա աա, վերջերս նրան ոչ մի ցուցադրության չէի տեսել, և հիմա գնում է ժամանակակից փորձարարական արվետսի կենտրոնի ցուցադրությանը: Բարի, հուսով եմ լավ ժամանակ կանցկացնեք և հարգանքներիս հավաստիքը փոխանցիր Հրաչին,- փորձեցի կարճ կապել Ռոբերտի հետ, քանի որ ապշահար էի, երբ իմացա, որ Հրաչը պատրաստվում է Ժամանակակից փորձարարական արվեստի կենտրոնի ցուցահանդեսին գնալ:
Շտապեցի տուն: Ճանապարհին ծրագրեր էի կազմում: Հենց հասա տուն, զանգեցի Աիդային, չէի կարողանում գեթ մեկ վայրկյան սպասել: Աիդան տանն էր: Ասացի, որ միտքս փոխել եմ և կցանկանայի գնալ ցուցադրությանը:
-Ոնց որ գերագնահատել էի գլխացավս, համոզված եմ ՝ լավ կլինեմ:
-Ուրախ եմ, որ որոշեցիր գալ: Գիտեմ`հնարավոր է ցուցադրությունը բոլորվին չարդարացնի մեր սպասելիքները, – ուրախ-ուրախ ասաց Աիդան:
-Օյ, օյ, օյ: Պետք է կարծիքս արտահայտեմ, ուրեմն, ես չեմ կարող անտարբեր անցնել ցուցահանդեսի կողքով:
Լուռ էր:
-Գիտե՞ս, չէ՞, որ այդպես է:
Կրկին լռություն:
-Որոշել եմ նրանց կտավները բառառումբերով կտոր-կտոր անել:
Ծիծաղեց: Նրա ծիծաղը կարծես մի փոքր ցրեց իմ դժկամության ամպերը:
-Դու անտանելի ես, Ջերալդ: Դու կյանքին նայում ես միայն քննադատի տեսանկյունից:
– Հըմ: Կարծում եմ` դա ինձ պատիվ է բերում, – ասացի ծիծաղելով:
Աիդան ասաց, որ կիրակի օրը ինձ կսպասի ժամը վեցին ՝ Ստանիսլավսկու թատրոնից ոչ հեռու:
Մինչ իրիկնամուտ ես սրահում մտմտալով այս ու այն կողմ էի գնում: Ի սկզբանե, չէի ցանկանում ներկա լինել ցուցադրությանը. երկու պատճառ կար: Նախ, ես ինձ մեղավոր էի զգում, որ Աիդայի հետ ցուցադրության էի ցնալու՝ նախորդ օրը մեկ այլ կնոջ հետ լինելով հանդերձ: Երկրորդ՝ ոչ ես, ոչ էլ նա չէինք պատկանում այդ միջավայրին: Ժամանակակից փորձարարական արվեստների կենտրոնը հիմնադրվել էր այն մարդկանց կողմից, ովքեր խոր համոզմունք ունեին, որ խորհրդային արվեստը աղքատիկ է և սիրողական, սահմանափակ թեմատիկայով և նեղմիտ փիլիսոփայությամբ: Մեծ հաշվով, նրանք հերքում էին ավանդապաշտների կողմից փառաբանվող արվեստը ՝ պնդելով, որ գեղարվեստի ավանդույթները կոչված են կոտրել ժամանակակից կյանքի ոգին և խթանը:
Այս տղամարդկանցից շատերն արտագաղթել էին։ Նրան իրենք իրենց արվեստագետ էին համարում զուտ այն պատճառով, որ բավականաչափ կիրք ունեին գեղարվեստի հանդեպ, նաև ժամանակ՝ ստեղծելու կտավներ և քանդակներ: Այս մարդիկ հավատարիմ էին այն համոզմանը, որ Արևմուտքում ժամանակակից արվեստը շատ առաջադեմ է, ուստի և նրանք մեր երկիր էին բերում իրենց անգերազանցելի փորձը և փայլուն պատրաստվածությունը որպես արևմտյան կողմնորոշման նկարիչներ:
Միանգամից նրանք իրենց շարքերում կարողացել էին ներգրավվել բազմաթիվ երիտասարդ նկարիչների, ովքեր իրենց արվեստագետներ էին համարում: Նրանք ռոք աստղեր էին և փոփ մշակույթից խենթացածներ: Ջինս էին հագնում և մշտապես արտառոց սանրվածքներով էին: Նրանց ջինսե բաճկոնները և տաբատները մշտապես մաշված էին, տեղ-տեղ պատռված: Նրանց ժամանակն անցնում էր խմիչքի ընկերակցությամբ, և վստահ էին, որ զիլ տղերք են: Զրուցեցի նրանցից մի քանիսի հետ և տխրեցի, երբ հասկացա, որ արևմտյան նորաձևության հանդեպ ունեցած անհագ կիրքը կլանել է նրանց: Համարելով, որ այն աշխարհում լավագույնն է ՝ նրանք ձգտում էին փոխարինել ազգային ավանդույթներն արևմտյանով: Այս նկարիչներից ոմանք խենթանում էին, որ ժամանակակից եվրոպացի նկարիչները ազատ ստեղծում են էրոտիկ կտավներ ու քանդակներ, և ոգևորված էին՝ գնալ նրանց ճանապարհով:
Այս ոչ ուղղափառ վարքն ու մտածելակերպը դժգոհություն էր հարուցել մտավորականներից շատերի մեջ: Խորհրդահայ շատ նկարիչներ, այդ թվում Հրաչը, թերահավատորեն էին վերաբերվում այս նոր շարժման արժեքներին: Ես և Աիդան կապվել էինք այդ խմբին, ովքեր հավատում էին ակադեմիական կրթությանը և Խորհրդային գեղարվեստի դպրոցի արժեքներին: Մտավորականությունը, ընդհանուր առմամբ, հատկապես ավագ սերունդը, խեթ-խեթ էր վերաբերում արևմտյան կողմնորոշման նկարիչների տեսակետներին և հավանություն չէր տալիս նրանց աշխատանքներին: Այդ աշխատանքները ավագ սերնդի նկարիչների համար խորթ էին: Հիմնական մտահոգությունն այն էր, որ արևմտյան դպրոցը տարբերվում էր հայկական դպրոցից, և որ դրա ազդեցությունը Հայաստանում կսպառնար մեր էթնիկ ինքնությունը:
Ես և Հրաչը զբաղվում էինք էսթետիկայով: Հրաչը կարծում էր, որ յուրաքանչյուր նկարիչ պետք է սովորեր, թե ինչպես իրատեսորեն պատկերել առարկաները: Ես սկզբից էլ դեմ էի այդ նորարարություն կոչված վերացական կամ պոստմոդեռն արվեստին: Այն ձգտում էր դեպի փոփ մշակույթը և, որպես այդպիսին, զերծ էր լուրջ, լայն և նշանակալի պատկերացումներ իրագործելուց, որոնք փոխանցում է իսկական արվեստը:
Պոստմոդեռն արվեստը հիմնականում կիրառում էին ոչ պարկեշտ ապրելակերպի արվեստագետները: Ես տեսել էի այս երիտասարդ նկարիչների աշխատանքները Գեղարվեստի ինստիտուտի նախասրահում և չէի հավանել: Նրանցից ոչ ոք իրավունք չուներ նկարիչ կոչվելու: Նրանց աշխատանքները զուրկ էին իմաստից. ինքնաբուխ ազդակի մղումով ծեփել, ներկոտել ու քանդակել էին իսկական հանելուկներ և գլուխկոտրուկներ՝ երբեմն ալկոհոլի «ոգեշնչող» ազդեցության տակ, երբեմն էլ թմրանյութերով ներշնչված: Տեղյակ էի, որ այս երիտասարդների ստվար մասը կարծում է, որ մեծ արվեստագետները պետք է զարգացնեն ինչ-որ մոլուցք, շեղվեն կամ հերձվածող դառնան, բայց սովորական չեն կարող լինել: Այս նկարիչները պարզապես գաղափարազուրկ էին, իսկ նրանց աշխատանքները պարզապես ներքին իմաստ չունեին:
Այն լուրը, որ Հրաչը պատրաստվում է ցուցադրության գնալ, ավելին, նա խորհուրդ էր տվել Ռոբերտին ՝ իր նախկին ուսանողին, ևս գնալ՝ զարմացրեց ինձ: Նաև վախեցրեց: Եթե Հրաչը ևս դառնար Ռոբերտի նման փողամո՞լ: Մեկը հրաժարվել էր իր կոչումից, մյուսը փոխում էր կողմնորոշումը ՝ կատարյալ հետընթաց: Ես փորձեցի գտնել տարբեր պատճառներ`արդարացնելու համար Հրաչի Ժամանակակից փորձարարական արվեստի կենտրոն այցելելու որոշումը: Միգուցե նրան ինչ-որ մեկը հրավիրել է, որին չի կարողացել մերժել: Միգուցե նա ուներ զարմիկ, ով ցուցադրվում էր այնտեղ: Գուցե նրա կինը կամ ընտանիքից ինչ-որ մեկը հետաքրքրված էր ցուցադրությամբ, և նա պետք է ուղեկցեր նրանց: Բոլոր քիչ թե շատ հավանական տարբերակների դեպքում էլ անորոշությունը սպանում էր ինձ:
Մի բան էլ, չէի ցանկանում բախվել կառավարության հովանավորությունը վայելող Արմեն Միքայելյանի՝ երդվյալ խորհրդային նկարչի հետ, որը իր բարեպաշտ ժառանգորդի աջակցությամբ սպառնացել էր ոչնչացնել ինձ, երբ քննադատել էի թե’ իր, թե’ նրա հովանավորյալի աշխատանքները:
Արմենը Խորհրդային Միության ժամանակաշրջանի նկարիչներից էր, ով` վարժվելով միաչափ և նոմենկլատուրային միջավայրում, հիմա էլ ցանկանում էր իր թափը ցուցադրել նորաստեղծ հանրապետությունում։ Այն ինչի նա հասել էր, ոչ թե իր վաստակի, այլ կապերի միջոցով էր: Հեղինակավոր և հարուստ նկարիչ լինելը Արմենի և նրա նման շատ մարդկանց ցանկությունն էր: Զարտուղի ճանապարհներով ինչ-ինչ լծակներ ձեռք բերելով՝ նրանք ներկայացնում էին 90-ականների ազգային արվեստը: Երբ նա իր ԿԳԲ-ական որդու հետ անսպասելիորեն ներխուժեց իմ բնակարան, դրանից հետո ես ինձ որպես արվեստի քննադատ անապահով էի զգում: Հուսահատված էի, սակայն հասկացա, որ իմ աշխատանքը չափազանց կարևոր է: Բայց արդեն որևէ մեկը նվազագույն ցանկություն չուներ արվեստի գործերը վերլուծելիս համագործակցելու ինձ հետ, ոչ միայն գովաբանել նկարիչների ազգային ժառանգության մեջ իրենց ունեցած արժեքավոր ներդրումը, այլ ուսումնասիրել նրանց աշխատանքները ՝ որոնելով երկիմաստություններ, անհամապատասխանություններ և թերզարգացումներ: Ես արդեն հոգնել էի գրել այն արվեստագետների մասին, որոնց չէի էլ ճանաչում: Ես անգամ չէի այցելում գեղանկարչական ցուցահանդեսներ `արգահատանք էի զգում, երբ հանդիպում էի Արմենին և նրա երես առած «հրաշամանուկին»: Ցանկանում էի բարձրաձայնել, որ իմ գործունեությունը սահմանափակել են, բայց հիմարություն կլիներ դիմել ոստիկանություն ՝ հետապնդման դեպքի առթիվ հայց ներկայացնելու համար. ոստիկանությունը գլուխ չէր դնի ԿԳԲ-ի հետ: Համոզված էի, որ Արմենը, կամ առնվազն նրա հովանավորյալը, ցուցահանդեսում կլինեն, քանի որ նույնիսկ Հրաչն էր պատրաստվում գնալ: Բայց եթե ես չգնայի, ես կկորցնեի հնարավորությունը տեսնել, թե ինչպես Հրաչը կդրսևորի իրեն ՝ այդ տաղտկալի ցուցադրության ժամանակ, որը հեռու է գեղագիտության մարդկային հայեցողությունից:
Խելագար մտքերով ծանրաբեռնված ՝ ես մխիթարություն էի փնտրում: Զանգահարեցի ամսագրի իմ ծանոթուհուն, որի հետ նախօրեին հրաշալի երեկո էի անցկացրել, և հարցրեցի ՝ կարո՞ղ ենք կրկնել զվարճանքը:
-Այս անգամ ավելի քիչ կխմենք, – ասացի նյարդային ծիծաղով,- կեսգիշերին էլ կգնանք տուն`առանց անկողնային մեղքերի: Վաղը Աիդայի հետ ցուցադրության եմ գնալու:
Օրվա վերջում ես դեռ ոչ մի արդարացում չէի գտել Հրաչի համար: Նա բացարձակապես սխալվում էր `լավություն անելով Ժամանակակից փորձարարական արվեստների կենտրոնի մարդկանց` բացման հենց առաջին օրը այցելելով նրանց ցուցադրությանը: Բայց պատճառն ինչ էլ որ լիներ` չէր կարող մրոտել իր անունը:
Հրաչը հիանալի նկարիչ էր, այն սակավաթիվ լուրջ նկարիչներից մեկը, որին ես հանդիպել էի վերջին երեք տարվա ընթացքում: Նա այն քչերից էր, ովքեր դեռ ստեղծագործում էին և չէին էլ մտածում հանձնվել: Նա կարող էր հավակնել` մեր մշակութային կյանքում իր տեղն ունենալ, աջակցություն հուսալ կառավարությունից և մատաղ սերնդին սովորեցնել ակադեմիական նկարչության հիմունքները: Նա խորհրդահայ պատկառազդու նկարիչ էր, որը հավատարիմ մնաց իր սկզբունքներին՝ չնայած Հայաստանում տեղի ունեցած սրընթաց փոփոխություններին:
Գլուխը չէր կորցրել ՝ մտնելով «կերպարվեստի ազատության» մեջ: Նա պատրաստել էր Ռոբերտի պես ապագա արվեստագետի, որի լիրիկան անանց կախարդել էր ինձ ու Աիդային: Բայց Ռոբերտը չկարողացավ ընդդիմանալ: Ես միայն հույս ունեի, որ Հրաչը չի կոտրվել: Դեռ հույս էի փափայում, որ նա չի լինի Ժամանակակից փորձարարական արվեստի կենտրոնում: