Արքմենիկ Նիկողոսյան | Ազգային պետականության հոգևոր-բարոյական կառուցվածքը «Գիրք ճանապարհի» ժողովածուում

Մուտք

Եղիշե Չարենցի «Գիրք ճանապարհի» ժողովածուի՝ 1933 թվականի առաջին հրատարակությունը, առանց գրաքննչական միջամտությունների, իր կառուցվածքային և բովանդակային պարագրկումներով, ծածկագրերով ու ենթատեքստերով, այլազան հարցադրումներով հանդերձ, ըստ էության, նախևառաջ արտացոլում է հայոց ազգային պետականության չարենցյան տեսլականը, որը մեծապես խախտվեց` «Գիրք իմացության» և «Արվեստ քերթության» բաժինների հարկադրյալ ներմուծմամբ: Այդ բաժինները բնավ կապ չունեն «Գիրք ճանապարհի»-ի գաղափարաբանության ու պոետիկայի հետ, և անկախ իրենց պարագրկած փայլուն իրացումներից, այնուամենայնիվ, գրված են այսպես ասած՝ «ձեռաց», և իր՝ Չարենցի ստեղծագործական արդեն անցած փորձառության, ավելի կոնկրետ՝ «Էպիքական լուսաբացի» իրացման տքնանքի «վռազ» վերհիշեցումներ են լոկ: «Էպիքական լուսաբաց» ժողովածուն քերթողական արվեստի հանգանակ է, «Գիրք ճանապարհի»-ն՝ պետության կառավարման արվեստի, ուստի այդ առումով «Գիրք իմացության» և «Արվեստ քերթության» բաժինները ուղղակի ստեղծաբանական անախրոնիզմներ են և քանդում են ժողովածուի կառուցիկությունն ու բուն թիրախը:

Ցավալի է միայն, որ «Գիրք ճանապարհի»-ի վերլուծություններում այդ բաժիններին նույնպես հաճախ տրվել է մեծ դերակատարություն, կառուցվածքային ու հղացային մեծ կարևորություն[1]: Ավելին՝ այդ բաժիններից վերցված «մատյանն այս վերջին» արտահայտությունն առիթ է տվել գրական ու մերձգրական լեգենդների հյուսման, որին տրվել են անգամ Չարենցի մտերիմները[2], որով իբր Չարենցը «Գիրք ճանապարհի»-ն հղացել է որպես իր վերջին մատյան[3]: Այնինչ իմ տպավորությամբ այդ զգացողությունը գրքի արգելափակման և մկրատման ընթացքից հետո առաջացած զգացողություն է:

Բացառապես «էպիքական» իրացումներ են նաև «Գիրք ճանապարհի» ներմուծված մյուս երկու գործերը՝ «Վ. Մ.» և «Ուղերձ մեր հանճարեղ վարպետներին» բանաստեղծությունները, որոնք, չնայած, նույնքան աղարտող գործառույթ չունեն, բայց, այնուամենայնիվ, իրենց տեղում չեն: Մյուս կողմից՝ դրանք հստակ ցուցիչներ են անգամ այն մարդկանց համար, ովքեր տեղյակ չեն «Գիրք ճանապարհի»-ի ոդիսականին, որ այստեղ ինչ-որ բան խախտված է: «Զանազան բանաստեղծություններ և թարգմանություններ» բաժնում, որը, հակառակ իր զանազան բնորոշմանը, բավական միատոն է, անուն-ազգանվան սկզբնատառերով միայն հայ գործիչներ են մատնանշվում[4]: Վ. Մ.-ն՝ Վլադիմիր Մայակովսկին, այդ միտումից դուրս է: «Ուղերձ մեր հանճարեղ վարպետներին»-ը իր հերթին միտումից դուրս է «Տաղեր և խորհուրդներ» շարքի հատույթում, թեկուզև միայն ժանրով և վերնագրային պոետիկայով:

Այնուամենայնիվ, «Գիրք ճանապարհի»-ի վերլուծությունն ամեն դեպքում պետք է սկսել «Էպիքական լուսաբացից»:

Նախ՝ այն պատճառով, որ «Էպիքական լուսաբացն» ու «Գիրք ճանապարհի»-ն, ըստ էության, մի մեծ ընդհանուր գրքի երկու մասերն են, հղացված միանգամից, և թերևս դրանով պետք է բացատրել նաև դրանցից երկրորդի այդքան արագ գրվելու ընթացքը: Ընդհանրությունը երևան է գալիս նաև երկու ժողովածուների այսպես ասած բովանդակային թիրախում:

«Էպիքական լուսաբացը» գաղափարական, գեղագիտական իրացումներով ներկայացնում է հայ բանաստեղծության պատմության փորձը, անցած ճանապարհը, զուգահեռները, այդ ճանապարհին թույլ տրված սխալները, բանաստեղծության ներկան, և այդ ամենը՝ հանուն այն բանաստեղծության, որ պիտի գրվի դեռ:

«Գիրք ճանապարհի»-ն ներկայացնում է հայոց պատմության փորձը, հայ ժողովրդի անցած ճանապարհը, այդ ճանապարհին թույլ տրված սխալները հատկապես պետականության կորստի ու դրա վերականգման փորձերի առումով, և այդ ամենը՝ հանուն այն պետության, որը պիտի լինի: Այստեղ պարզապես տարբերությունն այն է, որ ներկա, որպես այդպիսին, գոյություն չունի, «Գիրք ճանապարհի»-ն բացառապես ապագայի գիրք է[5]. հիշենք թեկուզ «Մահվան տեսիլ» պոեմից «Աչքերս հառել եմ անցյալին՝ ապագայի նժույգը նստած» տողը, որ թերևս բնութագրական է ողջ ժողովածուի գաղափարաբանության համար: Ընդ որում՝ եթե Չարենցը «Գիրք ճանապարհի»-ում երբեմն լուսավոր գնահատականներ է տալիս նաև ներկային («այս հանճարեղ ներկան»), դա ոչ թե ներկայի առթած լավատեսությունից է բխում, այլ ներկայի տված առիթից, այդ ներկայի արդյունքում ծնված գաղափարից:

Այլ խոսքով՝ «Էպիքական լուսաբացի» ելակետը՝ ճանապարհի գրքի տեսլականի մարմնավորումն է  թե՛ սեփական ստեղծագործության և թե՛ հայ պոեզիայի պարագծում, իսկ «Գիրք ճանապարհի»-ի ելակետը՝ էպիքական լուսաբացը (հիշենք «Պատգամ» բանաստեղծության հենց առաջին տողը՝ «Նոր լույս ծագեց աշխարհին»), որի մարմնավորումը ազգային պետականության գոյավորումն է:

Այս իմաստով խոսուն են «Էպիքական լուսաբացին» հետագայում (ըստ էության՝ երբ արդեն գրվում էր «Գիրք ճանապարհի»-ն) հավելված «Մուսայիս»՝ ճանապարհ ամփոփող բանաստեղծությունը, ինչպես նաև «Ներբողներ և խոհեր» բաժնի առաջին՝ «Երգ մաքառումի»՝ կրկին «ճանապարհի» բանաստեղծությունը:

Մյուս կողմից՝ «Էպիքական լուսաբաց» ժողովածուի «Գանգրահեր տղան» չափածո  նովելը, որի հենց սկիզբը թերևս Եղիշե Չարենցի ամենալուսավոր տեսիլն է, տեսիլ, որ ոչ միայն պարագրկում է հենց իր՝ բանաստեղծի երազանքը, այլև խտացնում է հայ ժողովրդի դարավոր երազանքների ամբողջական պատկերը, միևնույն ժամանակ «Գիրք ճանապարհի»-ի, այսպես ասենք՝ տարածական հատույթն է խորհրդանշում, որը, վստահաբար, Խորհրդային Հայաստանը չէ՝ գոնե սահմանների տեղակայությամբ.

                                           Ոլորապտույտ ձգվում է շոսսեն

                                           Նոր Երևանից դեպի Արարատ…[6]

 Սա, մեր կարծիքով, ամենակարևոր հուշումն է «Գիրք ճանապարհի»-ի բովանդակության, որը, լինելով յուրօրինակ ծածկագիր, սկիզբ է դնում վերջինիս ծածկագրության ամբողջ համակարգին: Ընդ որում՝ շատ կարևոր ենք համարում նշել, որ մեր առանձնացրած խնդ­րադրությունը գոյանում է առավելապես այդ ծածկագրությունների, ակնարկների, ներքին հուշումների և քիչ դեպքերում նաև՝ ուղղակի հղումների, բովանդակային արծարծումների հատույթում:

 

Գաղտնագրումներ և ծածկագրեր

Ընդհանրապես, «Գիրք ճանապարհի»-ի կոդավորումների, ծածկագրումների առումով գրեթե հիմնականում խոսվել է միայն «Պատգամ» բանաստեղծության շուրջ, թեպետ Սեյրան Գրիգորյանը այդ առիթով մի շարք փայլուն վերլուծություններ ու կռահումներ է անում, որոնք, ըստ էության, նաև մեկնակետային են[7]: Նա նաև իրավացիորեն նկատում է, որ «Գիրք ճանապարհի»-ն բացող դստերը՝ Արփենիկին նվիրված «Ակրոստիքոս»-ով «Չարենցը խորաթափանց ընթերցողին մի տեսակ հուշում-հասկացնում է, որ ուշադիր լինի, քանզի գրքում, հնարավոր է, էլի կան նման հնարանքի ուրիշ, միգուցե թաքնված դեպքեր»[8]:

Եվ իսկապես, ոչ միայն նման, այլև տարբեր գաղտնագրված մի շարք հնարանքներ կան «Գիրք ճանապարհի»-ում, որոնցից շատերն, ի դեպ, նաև շեղող-ցրող գործառույթ ունեն:

Այսպես, գաղտնագրումներ կամ ժողովածուի բովանդակային իրական թիրախի հուշումներ կարելի է համարել նախ՝ ժողովածուի եռամաս կառուցվածքն ինքնին, ապա նաև՝ «Պատմության քառուղիներով» բաժնում հենց 10 պոեմ ընդգրկելու փաստը, «Տաղեր և խորհուրդներ» բաժնի հենց 12 բանաստեղծությունները, ընդ որում՝ 9 տաղ և 3 խորհուրդ, «Զանազան բանաստեղծություններ և թարգմանություններ» բաժնում անունների սկզբնատառերով վերնագրային պոետիկայի կիրառումը, «Անվերնագիր» բանաստեղծությունները և այլն:

Կոդավորումների ու գաղտնագրումների մի ամբողջ բաժին էլ ենթարկված է բովանդակային հղացքին. հիշենք թեկուզ «Մահվան տեսիլ» պոեմի ծածկագրումները: Եվ այս հանգամանքը վկայում է, որ Չարենցը ձգտում էր իր ապրած ժամանակի աչքից թաքցնել և ապագային հղել հարցադրումներ, դասեր, ուղերձներ, որոնք անհնար էր բարձրաձայնել: Թվում է՝ «Պատգամ» բանաստեղծության գաղտնազերծված մեզոստիքոսը ինչ-որ առումով նաև օգնեց, որ ժամանակին դրա վրա կենտրոնանալով՝ այլ ծածկագրումների վրա ուշադրություն չդարձվեց, որոնց էությունը, իմ կարծիքով, ազգային պետականության կազմակերպման, կառավարման ձևերի ու արժեհամակարգի սահմանումներն են: Կոդավորումներին և ծածկագրումներին առավել մանրամասն կանդրադառնանք համապատասխան անդրադարձների համատեքստում, այժմ արձանագրենք ամենակարևոր ծածկագրումը, այն է՝ «Գիրք ճանապարհի»-ի երեք բաժինները կարելի է սահմանել իբրև պետության կազմակերպման («Պատմության քառուղիներով»), վարքականոնի («Տաղեր և խորհուրդներ») և արժեհամակարգի («Զանազան բանաստեղծություններ և թարգմանություններ) հերթագայություն:

Կազմակերպման ուղերձ կամ ազգային պետականության չարենցյան ըմբռնումը

Անկախ ազգային պետականության մասին, ժամանակի բերումով, Չարենցը չէր կարող բացեիբաց խոսել, բայց Խորհրդային Հայաստանի գոյությունը, հատկապես Առաջին հանրապետության և Հայ հեղափոխական դաշնակցության քննադատության համապատկերում, քննադատություն, որ առկա է նաև Չարենցի հայացքներում ընդհանրապես, պատեհ գործոն էր, որպեսզի բանաստեղծը կարողանա խոսել այդ մասին՝ «բռնվելու» հավանականությունն ապահովագրելով Խորհրդային Հայաստանն առավել կատարյալ ու ծաղկուն տեսնելու արդարացմամբ: Մյուս կողմից՝ հայոց պատմության ընթացքը հնարավորություն տալիս էր ընդհանրապես անկախ ազգային պետականություն հասկացությանն անդրադառնալու:

Բնականաբար, Խորհրդային Հայաստանում առկա բազմաթիվ իրողություններ տեղավորվում էին ազգային պետականության չարենցյան ըմբռնումների հատույթում, բայց միևնույն ժամանակ Չարենցը լավ էր տեսնում այն վտանգները, որ սպառնում էին իր երկրին, հատկապես՝ ազգային տեսանկյունից, ուստի  Խորհրդային Հայաստանը, այսինքն՝ ներկան, չարենցյան գալիքի մեջ չէր տեղավորվում: Ուրեմն և՝ կենտրոնանալով անցյալի սխալների վրա, Չարենցը փորձում է կառուցել գալիքը՝ ներկայի, նույնն է թե՝ Խորհրդային Հայաստանի գոյությունն ու դրան առերևույթ անդրադարձներն ու հղումները միշտ պահելով իբրև ապահովագրող գործոն: Այդ առումով պատահական չէ, որ «Պատմության քառուղիներով» բաժնի 10 պոեմները ներքին տարածության մեջ, ժամանակագրական իմաստով, հերթագայվում են 5+5 սկզբունքով, որոնցից վերջին 5-ը, այլ գործառույթներից զատ, որոնց մասին դեռ կխոսենք, նախևառաջ քողարկող բնույթ ունեն:

«Գիրք ճանապարհի»-ի առաջին՝ «Պատմության քառուղիներով» բաժինն իր 10 պոեմներով խորհրդանշում է Բագրատունյաց թագավորության անկումից հետո մինչև Հայաստանի առաջին հանրապետության ժամանակահատվածն ընկած Հայոց անպետականության 10-դարյա շրջանը: Ուշագրավ է, որ այդ պոեմները, եթե բովանդակային տեսանկյունից նայենք, տեղակայված են ժամանակագրական հաջորդականությամբ, որը չի խախտվում անգամ չնչին ժամանակահատվածներով:

Ընդ որում՝ էպոսի մշակմամբ շարքը բացելն էլ պատահական չէ, եթե հաշվի առնենք, որ ուսումնասիրողները էպոսի վերջնական ձևավորման շրջան համարում են 10-րդ դարը: Երկրորդական չէ նաև այն հանգամանքը, որ էպոսն իր հերթին ծածկագրումների ու կոդավորումների մի մեծ համակարգ է, որը նույնպես կարող էր հուշող գործառույթ ունենալ[9]:

«Սասունցի Դավիթ» պոեմում, իր հերթին, արդեն իսկ առարկայական են ազգային պետականության չարենցյան ըմբռնման տարրերը: Մեծ Մհերի իշխանության մասին խոսելով՝ Չարենցը կարևորում է դրանում ժողովրդի ներգործուն դերը:

                                            …Նա հուր ձի ուներ, կայծակե սուր,

                                           Բայց ուժը նրա, որ չէր կասում,

                                           Ժողովուրդն էր իր բազմաբազում:

 

                                          …Առյուծ-Մհերին, դյուցազնին մեր

                                          Նա ինքն էր իրեն իշխան կարգել–

                                          Եվ ապրում էր իր լեռներում դեռ

                                         Նա կյանքով ազատ ու անարգել:– (էջ 175)

Իսկ ահա Մեծ Մհերի մահից հետո Ձենով Օհանին իշխաններն են կարգում Սասունին տեր և ոչ թե ժողովուրդը, ինչը, ըստ Չարենցի, չարիք և աղետ է պետականության ներդաշնակ գոյության համար: Եվ այդ վտանգն առկա է, քանի դեռ Օհաններն են տիրում, մինչև դուրս է գալիս Փոքր Մհերը և վերականգնում պետականության հեռանկարի ու գոյության հույսը:

Օհանների տիրակալությունը հնազանդության, կախյալության ցուցիչ է (սրա արձագանքն, ի դեպ, կա նաև «Պատմության քառուղիներով» պոեմում՝ «Օտար խարույկներից հայցել ոգու կրակ»), Մեծ Մհերի, Դավթի ու Փոքր Մհերի տիրակալությունը՝ անկախության: Այլ խոսքով՝ ազգային պետականության թիվ մեկ պայմանը, ըստ Չարենցի, անկախությունն է՝ ժողովրդի կողմից ընտրված իշխանությամբ: Եվ ոչ թե նշանակովի: Կարծում ենք, որ նշանակովիի գաղափարն է, որ մղում է Չարենցին առկախելու Խորհրդային Հայաստանի գոյությունն իբրև ազգային պետականության գործոն: Եվ այդ իմաստով, որքան էլ դրական է նրա վերաբերմունքը, կոնկրետ, Ալեքսանդր Մյասնիկյանի, Աղասի Խանջյանի հանդեպ, այնուամենայնիվ, նրանք ևս միանշանակ ընդունելի չեն: Այդ լույսի տակ պետք է դիտարկել հետագայում գրված «Դոֆին նաիրական» սոնետաշարի դառն ու սթափ գնահատումները[10], Մյասնիկյանի գործի գնահատման որոշակի թեականությունը[11]:

Թե՛ հերթականությամբ, թե՛ ժամանակագրությամբ հաջորդ պոեմը «Պատմության քառուղիներով»-ն  է, որը հայոց պատմության ընթացքի միջնադարյան շրջանի (մինչև 18-րդ դարավերջ) ամփոփումն է: Իբրև ազգային պետականության ստեղծման ու կայացման գործոն Չարենցի կողմից առանցքային համարվող դրույթները «Պատմության քառուղիներով» պոեմում ներկայացվում են ժխտումի երանգով: Այն է՝ չենք ունեցել պետականություն, որովհետև եղել ենք «անղեկ, ցաքուցրիվ ու անգաղափար…»: Հետևաբար՝ ազգային պետականության չարենցյան ըմբռնման մյուս կենտրոնները մանրամասն ներկայացվում են «Գիրք ճանապարհի»-ի հետագա էջերում: Պետք է ունենալ ուժեղ, ժողովրդի կողմից ընտրված ղեկավար (թե ինչպիսին պետք է լինի այդ ղեկավարը՝ հստակ տեսնում ենք «Զանազան բանաստեղծություններ և թարգմանություններ» բաժնում), ժողովուրդը պետք է լինի միասնական ու հավաքական («Պատգամը») և գաղափարապես, բարոյապես, հոգեպես հզոր, աշխատասեր, կառուցող («Տաղեր և խորհուրդներ»):

«Դեպի լյառը Մասիս» պոեմը, մեր տպավորությամբ, ոչ այնքան Խաչատուր Աբովյանի վերջին գիշերվա գեղարվեստական վերականգնումն է, կամ նրա գործի գնահատականով սեփական տվայտանքների վկայագրումը, որքան 19-րդ դարի առաջին կեսի ազգային գոյության և ազգային պետականության գոյավորման շուրջ տեսակետների ու գաղափարների քննարկումը, որի մարմնավորումն, անկասկած, հենց Աբովյանն է՝ իր թե՛ «Վերքում», թե՛ այլուր արտահայտած տեսակետներով: Մանավանդ որ՝ որոշակի իրավիճակ էր փոխվել, և Արևելյան Հայաստանի միացումը Ռուսական կայսրությանը քննադատելիից զատ, ժամանակավրեպ էր դարձրել «Պատմության քառուղիներով» պոեմում ակնարկված Իսրայել Օրու և մյուս գործիչների գործունեության բնույթն ու հեռանկարները:

Աբովյան-Չարենց հոգեբանական ու գաղափարական զուգահեռն, այնուամենայնիվ, այստեղ կարևոր է նրանով, որ երկուսի կյանքի գրքերն էլ՝ «Վերք Հայաստանի»-ն և «Գիրք ճանապարհի»-ն, պատմական գրեթե համանման իրավիճակների արդյունք են, երկուսն էլ՝ ծածկագրումներով հարուստ, երկուսն էլ՝ նույն տվայտանքների ելակետով՝ բավարարվել օտար լծի, կամ կախյալության թոթափմամբ ու պարզապես գոյությա՞մբ, թե՞ ձգտել ավելիին՝ ազգային անկախ պետականության երազանքին: Նախկինում այս հարաբերության շուրջ չարենցագիտության մեջ առկա վերլուծություններն են, որ, կարծում ենք, արժանի են որոշակի վերանայման: Խոսքը վերաբերում է մանավանդ «ողջունած հեռուն» արտահայտությանը, որը մշտապես դիտարկվել է իբրև Աբովյանի՝ Ռուսական կայսրության մուտքը Արևելյան Հայաստան «օրհնելու», և Չարենցի՝ ռուսական հեղափոխությունն ու նրա գաղափարները ողջունելու համատեքստում: Այնինչ, «ողջունած հեռուն» ազգային պետականության երազանքն է, որն իսկապես, իրերի ոչ ճիշտ դասավորության, ծայրահեղ գաղափարներով հղի քաղաքականության հետևանքով կարող էր վտանգել անգամ ունեցածը[12]: «Դեպի լյառը Մասիս» պոեմին հաջորդող «Մահվան տեսիլ» պոեմն, ի դեպ, այդ «ողջունած հեռվի» թյուրընկալումների արտացոլումն է նաև:

Այս ամենից զատ՝ «Դեպի լյառը Մասիս» պոեմում շեշտադրվում է ազգային պետականության մեկ այլ կարևոր գործոն՝ լեզուն.

                                              Բայց ո՛չ. ի՛նչ էլ լինի – այնուամենայնիվ

                                              Հո չի՞ ստում կարկաչն այս բարբառի,

                                              Այս երգեցիկ գրքի երգանման ձայնը… (էջ 219)

 Այն միևնույն ժամանակ ծառայում է որպես փայփայած գաղափարի՝ «ողջունած հեռվի» հանդեպ հավատի առհավատչյա:

Այն, որ «Դեպի լյառը Մասիս» պոեմը 19-րդ դարակեսի՝ Աբովյանով մարմնավորված ազգային գաղափարաբանության ընթացքի ժամանակագրական հերթական կանգառն էր, վկայում է այն հանգամանքը, որ հաջորդ՝ «Մահվան տեսիլ» պոեմում, որն ընդգրկում է հետաբովյանական շրջանը մինչև Առաջին հանրապետության անկում, Չարենցին և իր ուղեկցին առաջինը հանդիպում է հենց Ղևոնդ Ալիշանը: Վերջինիս՝ ազգային գաղափարաբանությամբ տոգորված «Երգք Նահապետի» շարքի քերթվածները գրվել են 1847-1950 թվականներին և խորքում էապես այլ թիրախներ ունեն, քան Աբովյանի հայացքներում են առկա: Ալիշանը քննադատվում է անցյալի փառքերը ոգեկոչելու համար, միտում, որն ընդհանրապես քննադատվում է «Պատմության քառուղիներ» պոեմում: Ազգային պետականության կառուցման դիրքերից՝  նման մոտեցումը, ըստ Չարենցի, տանում է դեպի փակուղի, ոգու ամլացում և, որ ամենակարևորն է, գալիքի արժեզրկում: Ընդհանրապես, անցյալ փառքի ոգեկոչումը, ոչ առանց Ալիշանի ազդեցության, այդ շրջանի հայոց ազգային  գաղափարաբանության հիմնական առանցքներից է, և հիմնականում համաբանվում է Արևմտյան Հայաստանի ճակատագրով մտահոգ գործիչների հայացքներին ու ծրագրերին. Արևելյան Հայաստանի խնդիրը հետաբովյանական շրջանում շատ քիչ է արծարծվել: Ընդ որում՝ այդ տեսակ տարանջատումն ու Արևմտյան Հայաստանի խնդրի լուծման ուղիները Չարենցի քննադատության թիրախում են: Ուստի բնական է, որ «Մահվան տեսիլ» պոեմում գաղտնագրված գործիչները, ոչ պատահական ընտրությամբ իհարկե, կա՛մ արևմտահայ են, կա՛մ արևմտահայերեն են գրում, կա՛մ գործում են Արևմտյան Հայաստանում, կա՛մ իրենց գաղափարաբանության մեջ նախևառաջ Արևմտյան Հայաստանին վերաբերող հարցադրումներ են բարձրացնում: Սա չափազանց կարևոր է Չարենցի մոտեցումները հասկանալու համար: Առավել առարկայաբար արտահայտվելու համար զուգահեռենք, թե ինչո՞ւ կա Ռափայել Պատկանյանը, բայց չկա Միքայել Նալբանդյանը, ինչո՞ւ կա Րաֆֆին, բայց չկա Մուրացանը, ինչո՞ւ կան դաշնակցականներ, բայց չկան, ասենք՝ հնչակյաններ և այլն: Ըստ ամենայնի՝ գաղափարական «կապկումն» է, որ վանում է Չարենցին.

                       Մենք վաղուց արդեն, նայելով թափորի ընթացքին այդ հորդ,

                         Էլ չէինք ջոկում իրարից այրերին շարեշար անցնող.–

                        Դժվար էր արդեն տարբերել նորերին՝ դեմքերից նախորդ,

                         Ընդհանուր մի գետ էր անցնում մեր դեմից արդեն, կամ մի ծով:

 

                        …Միևնու՛յն կերպարանքն էր արդեն բոլորինը, բոլորի՛ ուսից

                        Կախված էր զե՛նքը միևնույն,– և արդեն չկային անձեր (էջ 254):

Սիամանթոյի և Վարուժանի գնահատականներն այս դեպքում շատ էական են: Մի կողմից՝ չափազանց բարձր գնահատելով, մյուս կողմից՝ նրանց դեպքում Չարենցն օգտագործում է համապատասխանաբար՝ «Նա ո՛չ թե ինքն էր քայլում, այլ երթի ընթացքով տարված՝ // Շարժվում էր, ինչպես մեքենա, ենթակա հորձանքի ուժին» (էջ 255) և «Նա և՛ս, սարսափից քարացած այն քարե գուսանի նման, // Քայլում էր՝ հորձանքով տարված…» (էջ 257) բնորոշումները, որոնք, ափսոսումի զգացողությամբ հանդերձ, նույն այդ «կապկումի» հավաստումն են:

«Մահվան տեսիլին» հաջորդող «Զրահապատ «Վարդան զորավար»» պոեմը, մեր տպավորությամբ, ամենակարևորն է գրքում և, ընդհանրապես, Չարենցի գաղափարական համակարգում: Այն, ըստ էության, ամենաթարմ օրինակն է պատմության քառուղիների և, ընդհանրապես, ամբողջ նախընթացի գործած սխալների: «Զրահապատ «Վարդան զորավար»» պոեմը ժամանակագրորեն փակում է պատմական մի շատ կարևոր հատված, որի էպիկենտրոնը Առաջին հանրապետության անկումն է: Պոեմի, ըստ ամենայնի, կուլմինացիոն հարցադրումը ամբողջ նախընթացի գնահատումն ու ժխտումն է.

                                    Եվ չի՞ եղել արդյոք տարիներ ու դարեր,

                                    Մինչև գիշերն այս–

                                    Այն միֆական, այն մութ Ավարայրի օրից

                                    Մինչև օրն այս, գիշերն այս խավար–

                                    Օ, չի՞ եղել արդյոք մեր պատմությունն ամբողջ

                                    Մի այդպիսի անգո Ավարայր…

                                     Եվ նրանք, ժողովրդի ասպետները բոլոր,

                                     Այդ տերերը դաժան ու ժլատ–

                                     Բեմ չե՞ն ելել արդյոք փայտե նիզակներով,

                                     Գլխներին թղթե սաղավարտ:– (էջ 273-274)

Այդ կերպ, փաստորեն, չի մնում ոչ մի «փրկված» գործիչ, անգամ Աբովյանը, Սիամանթոն, Վարուժանը, որոնց հանդեպ Չարենցի վերաբերմունքը կարծես մեղմ է: Մեղմությունը այս դեպքում կարեկցության ու ափսոսանքի ցուցիչ է, բայց ոչ երբեք սխալի արդարացման:

Այս կերպ, պատմության ընթացքի գնահատման իր ուղեծրում Չարենցը հանգում է արտաքուստ պարադոքսալ մի եզրահանգման՝ անհատի դերի բացարձակացման և միևնույն ժամանակ՝ անհատի դերի ժխտման: Կառավարման արդյունավետությունը, ազգային պետականության գոյությունը պայմանավորված է հզոր ու խելացի անհատով, բայց անգամ հզոր ու խելացի անհատը դատապարտված է և քննադատելի, եթե նշանակովի է, կախյալ  և չի արտահայտում ժողովրդի կամքը կամ ընտրված չէ նրա կողմից: Իրապես ազգային պետականության՝ Հայաստանի առաջին հանրապետության կարճ կենսագրությունը Չարենցը բացատրում է այդ հանգամանքով: Մյուս կողմից՝ իրապես ազգային պետականությունը, հենց այդ հանգամանքով պայմանավորված, արդեն ազգային պետականություն չէ, որպես այդպիսին՝ չի տեղավորվում դրա՝ չարենցյան ըմբռնումների մեջ: «Իսկ ժողովո՞ւրդը…». սա բնավ էլ հռետորական հարցադրում չէ ոչ միայն «Պատմության քառուղիներով» պոեմում, որտեղ հնչեցվում է, այլև ընդհանրապես Չարենցի գաղափարաբանության մեջ:

Ուստի պետության կառավարումը, հետևաբար՝ ճակատագիրը անհատների գործոնով պայմանավորելու վտանգավորությունը, Չարենցը փորձում է դիտարկել նաև հակառակ գործոնով, այն է՝ ժողովրդական կամքի տեսանկյունից, մանավանդ որ անհատների ֆետիշացումը բերում է երկխոսության բացառման: Այդ առումով, կրկնենք, պատահական չէ «Պատմության քառուղիներով» բաժնի պոեմների 5+5 սկզբունքով հերթագայությունը: Այն է՝ առաջին 5 պոեմներում, մինչև Առաջին հանրապետության անկումը, խնդիրը քննվում է խոշոր կամ լուրջ դերակատարություն ունեցած անհատների գործունեության համատեքստում, իսկ հաջորդ 5 պոեմներում, որը ժամանակագրորեն Հայաստանի խորհրդայնացման շրջանն է, մինչև 1930-ական թվականները, Չարենցը երևույթը քննարկում է արդեն սովետների՝ առերևույթ կառավարումը ժողովրդին կամ զանգվածներին հանձնած լինելու մտադրույթի դիտանկյունից:

     Եթե իրադարձային առումով դիտարկենք, Չարենցն այստեղ էլ խիստ հավատարիմ է խորհրդային շրջանի այդ կարճ հատվածի կարևոր փոփոխությունները ժամանակագրորեն ներկայացնելու սկզբունքին: «Գալիքի որմնադիրները» պոեմում նոր տնտեսական քաղաքականության (Նէպ) արձագանքներն են[13], «Համայնական դաշտերի սերմնացաններ»-ում՝ կոլեկտիվացման, «Գովք խաղողի, գինու և գեղեցիկ դպրության»-ում՝ գրական խմբակների կազմավորման և գրական կյանքի կազմակերպման միութենական հրամանագրերի արձագանքները, «Նորքում»՝ քաղաքաշինական, մասնավորապես՝ Երևանի թամանյանական նախագծի իրականացման արձագանքները, և այլն:

Ընդհանուր առմամբ եթե դիտարկենք, ապա կտեսնենք, որ այս անանհատ պոեմներում Չարենցի նիհիլիզմը տեղի է տալիս, թեպետ անհանգստության միտումներ պարբերաբար երևում են. պատահական չէ, որ դրանցում ևս ցանկալի ու երազելի շատ բաներ Չարենցը հետաձգում է գալիքին: Այդ անանհատ պոեմներում անդեմացման ահազանգ կա, որը նշան է, թե ժողովուրդը վերածվում է պարզ ամբոխի: Իսկ դրա հաջորդ աստիճանը կրկին նշանակովի անհատի երևան գալն է: Ուստի դարձ ի շրջանս յուր է տեղի ունենում արդեն «Աքիլլե՞ս, թե՞ Պյերո» ինտերմեդիայում, որի ընդհանրական գնահատականն այն է, որ առերևույթ սոցիալիստական կառավարումը տեղի է տալիս անհատապաշտությանը, որը մեծագույն վտանգն է ազգային պետականության գոյության: Ուստի ազգային պետականությունը չարենցյան համակարգում շատ առումներով պայմանավորված է ժողովրդի վարքականոնով, որի բանաձևումները նա փորձում է տալ «Գիրք ճանապարհի»-ի «Տաղեր և խորհուրդներ» բաժնում:

 Իսկ ժողովո՞ւրդը… կամ վարքականոնի ուղերձ

Պետականության կյանքի կազմակերպումը ոչ միայն իշխանության իրացման կերպի գործոնով է պայմանավորված, այլև ներքին կյանքի կազմակերպմամբ, այսպես ասած՝ վարքականոնով: «Տաղեր և խորհուրդներ» բաժնում ահա այդ վարքականոնի չարենցյան ուղերձներն են, որոնք էութային են այնքանով, որ այդ վարքականոնի հստակ պահպանմամբ է, որ հնարավոր է պետականության կազմակերպում, նաև՝ արժեհամակարգի ապահովում: Այլ խոսքով՝ «Տաղեր և խորհուրդներ» բաժինը կարևորագույնն է «Գիրք ճանապարհի»-ում, որովհետև առանց վարքականոնի իրացման զուր են պատմության քառուղիների փորձը և զանազան անհատականությունների գործադրած ջանքը՝ արժեհամակարգի ապահովման տեսանկյունից:

Հակված ենք մտածելու, որ «Տաղեր և խորհուրդներ» բաժնում հենց 12 գործ ընդգրկելը նույնպես խորհրդանշական է: Մի կողմից՝ եթե դա կապելու լինենք պետականության գաղափարի հետ, ապա խորհրդանշում է Հայաստանի 12 մայրաքաղաքները՝ պարզապես որպես ակնարկ, որ «Գիրք ճանապարհի»-ն պետականության գիրք է: Մյուս կողմից՝ եթե նկատի առնենք բաժնի ոճաբանական կողմը, տեքստի կառուցման սկզբունքները, որոնք տաղ և խորհուրդ անվանվելով, այնուամենայնիվ, իբրև խոսքի կերպ ունեն քարոզչական բնույթ, ապա խորհրդանշում են Քրիստոսի 12 առաքյալներին, որոնցից յուրաքանչյուրը, ըստ Չարենցի հղացման, վարքականոնի մեկական քարոզ է կարդում: Բացի այդ, սա նույնպես պետականության կազմակերպման դրույթների մեջ է դիտարկելի այն առումով, որ ակնարկում է քրիստոնեությունը որպես պետական կրոնի գաղափարը: Ամբողջ «Գիրք ճանապարհի»-ում ուղղակի անդրադարձ չկա կրոնին, բնականաբար, դրա համար կային նաև այլ պատճառներ, և ծածկագրման այս տարբերակը կարող է հնարավոր համարվել[14]:

«Տաղեր և խորհուրդներ»-ում առկա է նաև այսպես կոչված՝ քրիստոնեական աշխարհակառուցակարգի գլխավոր մոտիվը՝ երկնքի ու երկրի խորհրդանիշներով: Ըստ այդմ՝ տաղերը գոյության կերպն է, որը խարսխված է խորհուրդների վրա, կամ այլ կերպ ասած՝ խորհուրդները (երկիր) տաղերը (երկինք) պահող սյուներն են:

Տաղերի հերթագայությունը՝ սիրո՝ ձոնված պարմանիներին, եկվորներին ողջունելու համար, եկվորների համար, ձոնված խիզախ ճանապարհորդին, հիվանդների համար, ձոնված գրքերին, մանրանկարիչներին, բնությանը, մեռյալներին, նույնպես ուշագրավ է և կանոնակարգված:

Իր «օրերի հետ դաշն» և իր օրերի հանդեպ «երկաթյա քղանցք» չհագնող, առաջին սիրո ռոշնական պտուղը վայելած ապագայի պարմանիներին է, որ հանձնվում է կյանքը և նրանց սերը դարձնում կամուրջ: Սա, ապագայի երիտասարդության կենսակերպ լինելով, իր հերթին վերաճում է հասարակության կենսակերպի: Ուստի, այդ ամենին ուղղված ձոնով է բացվում վարքականոնը:

«Տաղ եկվորներին ողջունելու համար»-ը արդեն կայացած հասարակության վարքականոնի տարր է՝ համարժեք նաև հայոց հինավուրց հյուրընկալության ավանդույթներին: Բայց չափազանց կարևոր է նաև հյուրի վարքագիծը, ուստի հաջորդում է «Երկրորդ տաղ եկվորների համար»-ը, որի վերնագրից բացակայում է ողջունելու բառը: Այլ խոսքով՝ հյուրընկալությունը չպետք է վերաճի հյուրի՝ տիրակալության նկրտումների, և սա ավելի շատ զգուշացնող, պատնեշ դնող տաղ է:

Առողջ հասարակությունը չպետք է ներփակվի ինքն իր մեջ, չպետք է քարանա: Եվ դրա համար հյուրընկալությունից, հյուրից սովորելու, վերցնելու վարքականոնից զատ, շատ կարևոր է նաև ճանապարհորդելու գործոնը: Ուստի, հաջորդում է «Տաղ ձոնված խիզախ ճանապարհորդին»: Բնականաբար, սա միայն ֆիզիկական ճանապարհորդություն չէ, այլ, թերևս նախևառաջ՝ հոգու, ձգտումի, զարգանալու ճանապարհորդություն, որ նախանշում է հասարակության, ընդհանուր բարիքի մի նոր մակարդակ.

                     Քո ոտքերի վրա դու կբերես հետքեր

                     Ո՜վ գիտե, ինչպիսի՜ արահետների,

                     Ուր չի կոխել երբեք ուղևորի ոտքը,

                     Ուր թերևս դու տեսել ես արևը՝ գիշերի մեջ՝ շռայլ ու անհատնելի… (էջ 371)

 

Այս առումով «Տաղ հիվանդների համար»-ը կարելի է ընկալել երկու իմաստով: Առաջինի՝ Չարենցի բառերով ասած՝ «մահու պարտված հիվանդների» դեպքում, վարքականոնը խիստ է.

 

                                       Եթե հիվանդ ես դու և տկար է ոգիդ,

                                      Եթե հոգնությունն է երգում քո երակներում,

                                      Այս երգս քեզ չի՛ ամոքի,

                                      Քանզի ապրողների՛ն է միայն երգը բարիք բերում:– (էջ 374)

 Մանավանդ որ՝

                   Եթե հնար լիներ – սուզվողների նման չէի՞ք արդյոք

                      Մեր ոտքերից կախվի, որ մեզ էլ՝ ձեզ հետ միասին՝ քաշեիք անդունդը… (էջ 375)

 

Երկրորդ, այն է՝ «երգի կարոտով» հիվանդների դեպքում, այս տաղը դառնում է խիզախումի հորդոր, իսկ հիվանդությունը՝ նոր սխրանքների դրդապատճառ:

Հաջորդող գործերը՝ «Տաղ՝ ձոնված գրքերին» և «Տաղ՝ ձոնված մանրանկարիչներին», այդ տեսակի հիվանդություններից ապաքինման վարքականոն են: Գրքի հետ վարվելու, հարաբերվելու, այն ճանաչելու կերպը փորձառության բարձրագույն աստիճանն է, անեզր տիեզերքի ճանաչողության բանալին, իհարկե, եթե օժտված ես անահությամբ.

                                      Այդ գրքերը խոհի ամրոցներ են գոցած,

                                      Եվ կբացվեն քո դեմ, եթե լինես անահ:– (էջ 377)

Բայց մյուս կողմից՝ կա նաև ստեղծագործ մտքի անտենչանք վատնումը, որը Չարենցը բնութագրում է միջնադարյան ծաղկողների օրինակով: Իհարկե, այստեղ ավելի քան խիստ են Չարենցի գնահատականները, բայց վարքականոնի տեսանկյունից նրա ուղերձը միանգամայն հստակ է՝ ոչ մի գնով չկեղծել պատմությունը, ինչպես ծաղկողներն են մատյանները զարդարելով «մռայլ միջնադարյան գիշերը» դարձրել «ցնորք մի լուսակերտ»:

Բնության հետ ներդաշնակ լինելը, «այդ անեզրական գանձին» տիրանալով՝ նրա հետ իմաստնաբար վարվելու կերպը («Տաղ՝ ձոնված բնությանը») հասու է նրանց, որոնք պահպանում են վարքականոնի այն ոգին, որ սահմանված է նախորդ տաղերում: Իսկ այդ ամենի բարձրակետը «հիշատակի կրակ» թողնելու նպատակադրումն է, որն ինքն է արդեն իր հերթին վարքականոն թելադրում («Տաղ՝ ձոնված մեռյալներին»).

                  Հիշատակը ձեր անցած օրերի արձագանքն է ու ցոլքը, ո՛վ հեռացողներ,

                  Նա ծլում է հաճախ ձեր անցած ճանապարհի փոշոտ եզրերին,

                  Ելնելով ձեր շոգ կեսօրին՝ նա իջնում է հետո, ինչպես ցողը,

                  Բայց ուրի՜շ վարդերի վրա, իբրև պարգև վերին… (էջ 387)

Վարքականոնի այս ուղերձների այսպես ասած՝ հսկիչներ կամ արժեհամակարգ թելադրողներ պետք է լինեն  խորհուրդներում ներբողվածները: «Յոթը խորհուրդ քաղաք կառուցողներին», «Յոթը խորհուրդ գալիքի սերմնացաններին» և «Յոթը խորհուրդ գալիքի երգասաններին» գործերը միևնույն ժամանակ խորհրդանշում են այն հենքը կամ այն սյուները, որոնց վրա պետք է հենվի ազգային պետականությունը՝ նախևառաջ հոգևոր-բարոյական կառուցվածքի տեսանկյունից:  Եթե նույնիսկ առանց ներքին խորհրդանիշների և հղումների դիտարկենք այս գործերը, ապա պարզ հորիզոնականում անգամ դրանց ասելիքը շատ հստակ է՝ ըստ բանաստեղծությունների հերթականության. նյութական մշակույթ (կառուցող մարդ), նյութական բարիք (հողի աշխատավոր մարդ), հոգևոր մշակույթ ու բարիք (այսօրվա չարչրկված բառով ասած՝ մտավորական):

Այս հատույթում բնականաբար, ամենակարևորը քաղաք կառուցողներին ուղղված ուղերձն է, մանավանդ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ քաղաք հասկացությունը հաճախ համաբանվում է հենց պետության հետ, ավելին՝ որոշ լեզուներում քաղաք և պետություն հասկացությունները նույն բառով են արտահայտվում: Կարծում եմ, որ այդ առումով պատահական չէ, որ այս գործը նույնպես հանվեց «Գիրք ճանապարհի»-ից:

        Սահմանադրություն կամ արժեհամակարգի ուղերձ

 Հայաստանի Հանրապետության գործող սահմանադրության առաջին երկու հոդվածներն են. «Հոդված 1. Հայաստանի  Հանրապետությունն   ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով: Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է»: Սա, մեծ հաշվով, Չարենցի՝ «Գիրք ճանապարհի»-ով ամրագրված մոտեցումների մոդելն է: Ու թերևս ավելորդ անգամ գալիս է ի ցույց դնելու Չարենցի ծրագրերի ու մտածումների հեռահարությունը:

 «Պատգամ» բանաստեղծությունը, որով բացվում է «Զանազան բանաստեղծություններ և թարգմանություններ» բաժինը, որպես կանոն, դուրս է մնացել բովանդակային վերլուծությունից, ըստ ամենայնի այն պատճառով, որ դիտարկվել է սոսկ «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»[15] պատգամը քողարկելու դիտանկյունից: Այնինչ, այդ բանաստեղծությունն ինքնին, անկախ իր պարագրկած մեզոստիքոսից, նույնպես պատգամ է[16]: Մի կողմից՝ «Պատգամը» հավաքականությամբ ազգային պետականություն կերտելու հորդոր է, մյուս կողմից՝ այդ ձեռքբերումը փայփայելու, նորից չկորցնելու կոչ.

                                                     Չկա՜ ուրիշ արև է՛լ.

                                                     Նա՛ է միայն, որ դարեր

                                                     Անմար՝ պիտի արևե՛…

 

                                                     Լույսով վառված սակայն այդ՝

                                                    Նժարներից հիմա մենք

                                                    Հիմարությամբ չթափենք

                                                    Իմաստությունն այն արար.– (էջ 428)

 

Այլ խոսքով՝ «Պատգամն» էլ իր բնույթով ու պարագրկումներով ավելի շատ գալիքին ուղղված բանաստեղծություն է:

 «Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է». Սահմանադրության այս կարևորագույն կետը նաև չարենցյան Սահմանադրության էատարրն է: Մյուս կողմից՝ հայոց լեզուն նաև «Պատգամով» ամրագրված հավաքականության խորհուրդն ապահովող ուղղակի պայման է: Ուստի, հաջորդում է «Մեր լեզուն» բանաստեղծությունը:

 Վերծանելով «Զանազան բանաստեղծություններ և թարգմանություններ» բաժնի վերնագրային սկզբնատառերն ու դիտարկելով ամբողջական գրված անունները[17], պարզ է դառնում, որ դրանք նվիրված են կա՛մ գրողների (Հովհաննես Թումանյան, Միսաք Մեծարենց, Խաչատուր Աբովյան, Վոլֆգանգ Գյոթե, Մկրտիչ Արմեն, Գուրգեն Մահարի, Հայնրիխ Հայնե, Ալեքսանդր Պուշկին), կա՛մ քաղաքական անհատների ու ղեկավարների (Լենին, Ալեքսանդր Մյասնիկյան, Ստալին), և բացառություն են միայն դստերը՝ Արփենիկին նվիրված գործերը, որոնք վերնագրված են կամ «Ակրոստիքոս», որն ինչպես նշել ենք, հուշող գործառույթ ունի, կամ «Անվերնագիր», որն ունի «ցրող» գործառույթ:  Վերջին առումով հարցն այն է, որ այս դեպքում «Անվերնագիրը» ենթադրում է կոնկրետության բացակայություն: Եվ իսկապես կոնկրետություն (գոնե արտաքին) չկա բաժնի 7 «Անվերնագիր»-ներից 5-ում (2-ը թարգմանություն են Պուշկինից): Իսկ ահա Արփենիկին նվիրված «Անվերնագիր»-ով, Չարենցը, կարծում ենք, երկիմաստ բովանդակություն է դնում «Մե՜ծ է մեր դարն, ինչպես օվկիան, և օվկիանում այդ անհուն» տողով սկսվող «Անվերնագիր» քառատողին: Մի կողմից՝ նա տուրք է տալիս այսպես կոչված ստալիներգությանը («Օ՜, հանճարեղ մեր Ղեկավար՝ բարձրախոհ ու բարձրանուն», էջ 440), մյուս կողմից՝ խուսանավում է դրանից: Սա, տարաբնույթ ընկալումների տեղիք տալով հանդերձ, արժեհամակարգի պահպանման ցուցիչ է, որ մղում է առավել հստակ թիրախներով վերաբերվելու մյուս անհատներին, որոնց բանաստեղծություններ են ձոնվել:

Բաժնի առաջին երկու «Անվերնագիր»-ները ընդհանրական են: Դրանցից առաջինը նվիրված է ձոների հասցեատերերի առաջին խմբին՝ գրողներին.

                                            Ես սիրում եմ նրանց, յուրաքանչյուր անգամ

                                            Երբ թերթում եմ էջերը բազմապիսի.

                                           Մեկը լալիս է ջերմ, կամ աղերսում անկամ,

                                           Մեկը նզո՛վք նետում մեր ավերիչ եսին:– (էջ 430)

  Հաջորդը նվիրված է մյուս խմբին՝ քաղաքական անհատներին կամ ղեկավարներին.

                                            Եվ ի՞նչն է սահմանում նրանց ղեկավար,

                                             Եվ ի՞նչն է նրանց բեղմնավորում–

                                             Հավետ անհայտ է մեզ, ինչպես սրտի համար

                                             Արյան ընթացքը, որ ամոքում է բերում:– (էջ 431)

Ընդ որում՝ հետաքրքիր է, որ երկու դեպքում էլ Չարենցը նրանց գործունեության մեջ տեսնում է թե՛ կյանքի  և թե՛ մահվան խորհուրդ. «Ա՜խ, տողերում նրանց յուրաքանչյուր // Ինձ համար կյանք կա, կամ – մահվան սերմ», և «Բերում են մեզ բոլորիս թե՛ կյանք, թե՛ մահ», ինչն էլ, թերևս, հասարակությունից, որպես արժեհամակարգ ապահովող գործոն, հենց այդ երկու հատույթի առանձնացման հիմքն է: Գրողը՝ խոսքի արժեհամակարգ[18] ձևաբանող, ղեկավարը՝ գործի: Հասկացություններ, որոնց դույզն-ինչ անհամատեղելիությունը բերում է տարբեր «վթարների»:

 Ընդհանուր առմամբ, Չարենցը այդ երկու խմբերում առանձնացնում է չորս գիծ՝ երեքական մասնակցով: Այսպես, Գյոթե – Պուշկին – Թումանյան գիծն այդ արժեհամակարգի ամենից ակնհայտ և միևնույն ժամանակ՝ ամենաերկխոսական մասն է: Եթե մի կողմ դնենք համաշխարհային այդ երկու մեծերի և Թումանյանի՝ հատկապես ազգային գրականության կառուցման բազմաթիվ նմանություններն ու աղերսները, որոնց մասին շատ է խոսվել մանավանդ թումանյանագիտության մեջ, ապա այս բաժնում, ու, ընդհանրապես, «Գիրք ճանապարհի»-ի համատեքստում նախևառաջ կարևոր է Թումանյանի տեքստի այսպես ասենք՝ ճանապարհորդային, ազգային ավանդույթներից զատ, նաև՝ դեպի դուրս գնացող բնույթը: Այլ խոսքով՝ երկխոսությունը մեծ մշակույթների հետ ներս բերելու արվեստը:

Իբրև երկխոսության ու ճանապարհորդության ցուցիչ՝ Չարենցն ուշագրավ հուշում է անում՝ նախ՝ գրքում կողք կողքի դնելով «Գյոթեից» բանաստեղծություն-թարգմանությունը և «Պատասխան Գյոթեին» բանաստեղծությունը, և ապա՝ Գյոթեի «Թափառականի գիշերային երգը» բանաստեղծության թարգմանության երեք, իր բառով ասած՝ վարիանտները: Մի կողմից՝ այս հուշումը տպավորիչ է այն առումով, որ Գյոթեի այդ բանաստեղծությունն արդեն հայտնի ու սիրված էր հայ իրականության մեջ հենց Թումանյանի թարգմանությամբ, մյուս կողմից՝ ինչպես հոյակապ վերլուծում է Աշոտ Ոսկանյանը՝ «Թարգմանվող բանաստեղծության ամբողջական ընկալման հասնելու համար, նա (Չարենցը – Ա. Ն.) ստիպված է եղել պահպանել և ի ցույց դնել անցած ճանապարհի հիմնական փուլերը՝ միևնույն փոխադրության տարբեր խմբագրությունները… …Գիշերային ճամփորդի երգն ինքնին վերածվել է ճամփորդության»[19] (ընդգծումներն մերն են – Ա. Ն.):

Մյուսը Մեծարենց – Մկրտիչ Արմեն – Գուրգեն Մահարի գիծն է, որտեղ արևմտահայ բանաստեղծական աստղաբույլի ամենից կրտսերի և իր սերնդի ամենից կրտսերի զուգահեռին՝ հավելվում է «արև է երգել ու գարուն» և «երգերդ աղբյուր են զուլալ»՝ ըստ էության՝ խաղաղության ու ներդաշնակության երգի մոտիվը: Ընդ որում՝ եթե Մեծարենցի պարագային նաև անցյալի հետ հաշիվները փակելու, նրան՝ «Մահվան տեսիլում» հիշատակված արևմտահայ մյուս բանաստեղծներին ինչ-որ առումով հակադրելու միտում կա, ապա Արմենի ու Մահարու դեպքում կրկին առաջ է մղվում գալիքը («Մեր դպրության գալիքը պանծալի» և «Պայծա՛ռ է մեր երկրի գալիքը»):

Եվ վերջապես, Խաչատուր Աբովյան – Հայնրիխ Հայնե գիծը, որին կենսագրությունների հատման, ճակատագրերի նմանության, գաղափարական համերաշխության տեսանկյունից միանում է նաև Չարենցը՝ այս գիծն էլ դարձնելով եռանհատ, հարցադրումների, գնահատումների հատույթում կրկին վեր է հանում արժեհամակարգային հարցեր՝ միշտ և միշտ աչքի առաջ ունենալով գալիքը.

                                            Բայց մե՞ծ էր արդյոք հերկը հայրենի,

                                           Որի բարգավաճ գալիքին ընծա

                                          Դու հանճարը քո և կյանքը բերիր:– (էջ 441)

Կամ՝

                                            Ինչպես դու – ես է՛լ մտքերով իմ

                                           Ապրում եմ գալիքում դեռ չեկած… (էջ 452)

Ղեկավարների խմբում կրկին եռանհատ գիծ է՝ Լենին – Ալեքսանդր Մյասնիկյան –  Ստալին: Եթե դիտարկենք գործի տեսանկյունից, ապա Չարենցը նրանց նվիրված քառատողերում առանձնացնում է՝ «Մեզ ճնշում էր բռունցքն հայրենի:– Նա կտրե՛ց այն իր ձեռքով: // Չունեինք մենք դարեր – հայրենիք:– Եվ նա մեզ հայրենիք տվեց» (Լենին), «Աներեր, բրոնզյա քո ձեռքով կրկի՛ն մեր ընթացքը վարիր», «Կործանվող մեր երկրի համար դու եղար փրկության առագաստ:– // Դու տվիր ընթացք և ուղի մեզ մինչև դարերն հեռակա» (Մյասնիկյան), իսկ ահա Ստալինի դեպքում պարզապես ներբողային բառեր ու բնորոշումներ են: Սա նախ՝ գաղափարի, ընտրյալի, և պարտադրված անհատի հերթագայություն է, ապա՝ օտարի, մերի, ու կրկին օտարի հերթագայություն:

Հաջորդ մերի՝ Աղասի Խանջյանի մասին Չարենցը դեռ կգրի «Դոֆին նաիրականը», բայց «Գիրք ճանապարհի»-ի հատույթում՝ ահագնացող անհատապաշտությունը նրան հերթական անգամ զերծ կպահի ներկայի արծարծումից՝ կրկին մղելով գալիքին:

Հին Երևանից դեպի Արարատ ձգվող շոսսեի ակնարկով սկսված, կազմակերպման, վարքականոնի, արժեհամակարգի հատույթներով զարգացրած մեկ այլ Հայաստան՝ ազգային պետականություն կառուցելու չարենցյան ծրագիրը «Գիրք ճանապարհի»-ի էությունն է:

Եվ ոչ պատահաբար, «Գիրք ճանապարհի»-ն փակվում է Պուշկինից կատարած թարգմանությամբ՝ «Աշխատանք» վերնագրով, որի հենց առաջին տողը կարծես ազգային պետականության շուրջ չարենցյան մտորումների, տեսիլների, երազանքների, ծրագրերի իրականացման փաստարկը լինի.

                       Ժամն ըղձական արդ հասավ. ավարտված է երկար աշխատանքը (էջ 470):

 

[1] Սուրեն Աղաբաբյանն, օրինակ, այդ շարքերն ընդգրկելով է բացատրում «Գիրք ճանապարհի»-ի վերնագրի պարագրկումը՝ «…նրան (Չարենցին – Ա. Ն.) ամենից ավելի հետաքրքրում են ժողովրդի պատմական երթի՝ Պատմության ճանապարհի, Գոյի էության՝ Կյանքի ճանապարհի, արվեստի նշանակության՝ Արվեստի ճանապարհի,  խնդիրները» և դրանց համապատասխանեցնում բաժինները՝ «Պատմության քառուղիներով», «Տաղեր և խորհուրդներ», և «Գիրք իմացության և «Արվեստ քերթության» (տե՛ս Սուրեն Աղաբաբյան, Եղիշե Չարենց, գիրք 2, Եր., ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1977, էջ 254): Ուշագրավ է, որ Աղաբաբյանը ըստ ամենայնի զանց է առնում «Զանազան բանաստեղծություններ և թարգմանություններ» բաժինը:

[2] Տե՛ս Գուրգեն Մահարի, Վերջին գիրքը, Երկերի լիակատար ժողովածու 15 հատորով, հ. 12, Եր., «Անտարես», 2017, էջ 446: «1933 թվականի հունվար ամսից վերոհիշյալ հարցի պատասխանն էր՝ – Գիրք եմ գրում: – Վե՞պ: – Ինչո՞ւ վեպ: Չափածո՛: Գի՛րք… Եվ ավելացնում էր. – Իմ վերջին գիրքը»:

[3] Խնդրի շուրջ տե՛ս Արքմենիկ Նիկողոսյան, Գրքի ֆենոմենն իբրև շրջափուլաստեղծ գործոն Եղիշե Չարենցի պոեզիայում, «Խոսքի տարածություն» գրքում, Եր., «Անտարես»,  2015, էջ 7-22:

[4] Ոչ հայազգի գործիչների անունները կա՛մ գրված են ամբողջությամբ՝ Գյոթե,  Հայնե, Պուշկին, կա՛մ նշագրված են այսպես՝ *** (Լենինը), կա՛մ տարազված են որպես Անվերնագիր (Ստալինը): Եվ, ընդհանրապես, գնահատումներ հնչեցնելիս մի՛շտ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ «Վ. Մ.» բանաստեղծությունը հետագայում ներմուծված, նախնական մտահղացումից դուրս գրված գործ է: Մանավանդ որ, եթե հաշվի առնենք այդ բանաստեղծության թվագրումը (1930), ապա «Գիրք ճանապարհի»-ն հրատարակելիս Չարենցը այն կդներ գրքում, եթե հարկ համարեր: Այդ հանգամանքը հաշվի չառնելն է, որ երբեմն կարող  է հանգեցնել ոչ ստույգ արժևորումների: Աշոտ Ոսկանյանն, օրինակ, այդ քառյակը նկատի ունենալով, Մայակովսկուն նույնպես նշում է «այն – միայն չորս – հոգեհարազատ մեծերի շարքում, որոնց անունները կրոնական երկյուղածությամբ ծածկագրված են սկզբնատառերով» (տե՛ս Աշոտ Ոսկանյան, Չարենցի ժամանակը, Եր., «Փրինթինֆո», 2017, էջ 67, ընդգծումը՝ բնագրում – Ա. Ն.):

[5] Այս երևույթի մասին ուշագրավ դիտարկումներ է անում Վազգեն Գաբրիելյանը. տե՛ս նրա «Պատմության խորհուրդը և ներկան» գիրքը, Եր., ԵՊՀ հրատ., 2012, էջ 30-31:

[6] Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու 6 հատորով, հատոր 4, Եր., Հայկական ՍՍՀ ԳԱ հրատ., 1968, էջ 103: Այսուհետ այս հատորից կատարված մեջբերումների էջը կնշվի տեքստում փակագծերի մեջ:

[7] Տե՛ս Սեյրան Գրիգորյան, Չարենցի բնագիրը, Եր., «ՎՄՎ-Պրինտ», 2013, հատկապես «Եղիշե Չարենցի «Պատգամն» իբրև մեզոստիքոս» ուշագրավ ուսումնասիրությունը, էջ 223-285:

[8] Նույն տեղում, էջ 255:

[9] Այդ հատույթում հատկապես վերջին տարիներին բազմաթիվ ուշագրավ վերլուծություններ կան, որոնցից առանձնացնեմ Վաչե Եփրեմյանի «Բնագիր և մեկնություն» աշխատությունը, Եր., «Անտարես», 2013:

[10]Արդեն հոգնե՜լ ենք մենք այս անիմաստ բախտից,

Դու մինչև ե՞րբ, Արա՛, մանուկ մնաս,

Եվ մինչև ե՞րբ, – այսպես, – մահո՛վ հաղթես…

 

Լավ է նաշից քո էլ չբարձրանա՛ս,

Եվ պայքարի ելնեն առաջնորդներ պարթև,

Որ մեռնելով պարտվե՛ն, կամ ապրելով հաղթե՛ն…(Եղիշե Չարենց, Նորահայտ էջեր, Եր., ԵՊՀ հրատ., 1996, էջ 96):

[11] Կարծում ենք՝ «Գիրք ճանապարհի»-ի՝ Ալեքսանդր Մյասնիկյանին նվիրված երկու քառյակների հետևյալ տողերում՝ «Քեզ տրված էր ոսկյա՜ մի բեկոր լենինյան վսե՜մ հանճարից», «Նաիրյան արև՜ն էր է քո մեջ՝ լենինյան հրով ճառագած», լենինյան բնորոշումը, ժամանակի ոգով գուցե բարձր գնահատական է, բայց և՝ ազգային պետականության չարենցյան ըմբռնումների տեսանկյունից հենց վերը նշված կախյալության, նշանակովիի խորհուրդն ունի իր մեջ, և դա է, որ բերում է գնահատումի որոշակի թեականության:

[12] Այս առումով, կարծում ենք, ավելորդ չէ զուգադրել «Դեպի լյառը Մասիս» պոեմի՝ «Եվ չի՞ արդյոք եղել իր ողջունած հեռուն // Մի թիարան վատթար», և «Զրահապատ «Վարդան զորավար»» պոեմի՝ «Այն մեքենան մռայլ, այն մղձավանջն անդուռ, //Կամ թիարանը այն, //Որ կոչվում է «Հայաստանի Հանրապետություն» հատվածների ընդգծված բառը, հատկապես երկրորդ համատեքստում:

[13] Ի դեպ, «Գալիքի որմնադիրները» պոեմի աշխատանոցային մանրամասները չափազանց ուշագրավ են մեր քննարկած հարցերի տեսանկյունից: Խոսքը հատկապես վերաբերում է մեր նշած ներկայի բացակայությանը «Գիրք ճանապարհի»-ում: Պոեմը «Գիրք ճանապարհի»-ում թվագրված է 1933. VI. 29: Այնինչ՝ այն «Հարվածայինները. Ղռերի առաջին հաղթանակի առթիվ՝ ներբող հարվածայիններին» խորագրով առաջին անգամ տպագրվել է «Խորհրդային Հայաստան» թերթի 1932 թ. հուլիսի 4-ի համարում, թվագրված՝ 1932 թ. 29 VI, Երևան (տե՛ս Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու 6 հատորով, հատոր 4, Եր., Հայկական ՍՍՀ ԳԱ հրատ., 1968, էջ 590): Առավել ուշագրավ է, որ Չարենցը կատարել է մի շարք տեքստային փոփոխություններ, «փոխարինվել» են կոլխոզներից, դասակարգի, Կոմունիզմի, Ղռերից մինչև Մագնիտոստրո՛յ և նմանատիպ մեկ-երկու բառ ևս, ինչը ներկան, ներկայի ցանկացած ուղղակի նշան «Գիրք ճանապարհի»-ից զերծելու միտում է (տե՛ս նույն տեղը):

[14] Ծածկագրումներ բացապարզելու մեր «տենդի» թելադրմամբ՝ այլ ենթատեքստեր էլ կարելի է գտնել. ասենք՝ տաղերն ու խորհուրդները խորհրդանշում են Հայաստանի ներկա հանրապետության կառավարման կառուցվածքի տարրեր՝ սպորտի և երիտասարդության, զբոսաշրջության, արտաքին գործերի, առողջապահության, մշակույթի, բնապահպանության, քաղաքաշինության, գյուղատնտեսության և այլ նախարարություններ:

[15] Բնականաբար, զուգադիպություն է, բայց անկարևոր չենք համարում նշել, որ «Պատգամը» գրվել է մայիսի 9-ին:

[16] Հարցի շուրջ ուշագրավ են Աշոտ Ոսկանյանի վերլուծությունները. տե՛ս նրա «Չարենցի ժամանակը» գրքում, էջ 145-149:

[17] «Պատգամ» և «Մեր լեզուն» բանաստեղծություններից զատ՝ այս բաժնում վերնագրային պոետիկան ձևաբանվում է բացառապես իրական անունների հենքով՝ լինի ծածկագրված, թե ուղղակի նշված: Ուշագրավ է, որ թարգմանությունների պարագայում անպայման նշվում է անունը վերնագրային տիրույթում, իսկ «Մակագրություն մի գրքի վրա» բանաստեղծությունն էլ ձոնված է Գուրգեն Մահարուն, ուստի և նրա անունը պետք է նկատի ունենալ այս դեպքում:

[18] «Երկրի վրա ինչ որ լինում է` լինում է նախ խոսքի մեջ». մաթևոսյանական այս ձևակերպումը Չարենցի արժեհամակարգային այս դիրքավորման ևս մեկ փաստարկում է:

[19] Աշոտ Ոսկանյան, Չարենցի ժամանակը, էջ 198:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *