ՓԱՌԱՏՈՆ | Դարձ առ գիրք 2

Հոկտեմբերի 1-ին մեկնարկել է «Դարձ առ գիրք» խորագրով գրքարվեստի միջազգային փառատոնը: Այն իրականացնում են «Հայ գրքի կենտրոն» մշակութային միությունը և Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
«Հոկտեմբերի 5-ին մեզ մոտ կբացվի «Մանկական գրքի նկարազարդման» ցուցահանդեսը»,- ասաց Խնկո Ապոր անվան գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը` հավելելով, որ ցուցահանդեսին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանելու Գերմանիայի դեսպանը:
Ցուցահանդեսին ներկա կգտնվեն նաեւ մոտ 13 գերմանացի հեղինակներ: Փառատոնի պաշտոնական բացումը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին:
«Orange-ն արդեն մոտ մեկ տարի է` հայտարարել էր գրքի մրցանակ, որի հաղթողը գրադարանի ամենաակտիվ ընթերցողն է լինելու, իսկ թե ով` պարզ կդառնա այդ օրը»,- ասաց Ռ. Տոնոյանը:
Նշենք, որ հատուկ փառատոնին մասնակցելու համար Ժնևից Հայաստան է ժամանել «Հայկական տարազ եւ տեղագրություն» եռալեզու պատկերագրքի հեղինակը` Նեւրիկ Ազատյանը, ով միջոցառման բացման օրը կցուցադրի մոտ 20 տարազ:
Փառատոնի շրջանակներում կանցակցվեն «Գրող, թարգմանիչ, հեղինակային», «Թարգմանական գործի հիմնական խնդիրները», «Պետություն, գրադարան, հրատարակչություն» թեմաներով սեմինարներ:
«Սպասվում է նաև գրաֆիտիի պատկերապատում, որը կանցկացվի գրադարանի բակում. կնկարեն երեխաները»,- ասաց Տոնոյանը` հավելելով, որ գրադարանում ամեն օր կցուցադրվեն համերաշխային արվեստի ֆիլմեր:
Նախատեսվում է կազմակերպել «Հեքիաթի դեսպանները» խորագրով` հեքիաթների ընթերցանության շարք` ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների մասնակցությամբ:
Ուշագրավ է հանգամանքը, որ փառատոնի շրջանակներում Ազատության հրապարակում նախատեսված էր կազմակերպել փառատոնի գլխավոր միջոցառումը` գրքի ցուցահանդես-վաճառքը: Բայց, ինչպես ժողովուրդն է ասում. «Առուն թռիր, նոր հոպ ասա». Լեւոն Տեր-Պետրոսյանը գրքերից շուտ հասավ Ազատության հրապարակ… Սակայն այն, որ Ազատության հրապարակն արդեն զբաղված է ցուցարարներով, ամենեւին էլ չի նշանակում, որ գրքի ցուցահանդեսը չի իրականանալու. այն կանցկացվի Խնկո Ապոր գրադարանի հարթակում: Հայաստանյան, ինչպես նաև օտարերկրյա բազմաթիվ հրատարակիչներ այդ օրերին կներկայացնեն վերջին տարիների իրենց գրքային հավաքածուները:

Աննա Մաթեւոսյան

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *