մեկ մեկ թվում ա, որ
իմ հակապատկերը լինեի,
կյանքը ավելի լավը կլիներ.
որ կարողանայի անել էն, ինչ չեմ կարողանում,
ամեն ինչ կլիներ ավելի լավ, քան հիմա.
իսկ էդ ժամանակ կկրկնեի՞
ինքդ քեզ սիրելու մասին,
կհիշացնեի՞ ինձ, որ ես լավն եմ
ու արժանի եմ
մեկ մեկ թվում ա, որ
իմ հակապատկերը լինեի,
կիմանայի ոնց ապրել ճիշտ,
ոնց անցնել էս կյանքի միջով առանց ընկնելու,
բայց ամեն առավոտ զարթուցիչի հետ
արթնանում են մտքերը չփոխվելու,
միշտ նույնը մնալու, անդավաճան լինելու ինքդ քեզ
ես վաղուց զարթուցիչ չեմ դրել
բայց միշտ արթնանում եմ ավելի շուտ, քան
կհասցնեմ ուշանալ
հագնում եմ կոշիկներս ավելի շուտ,
քան ոտքերս դուրս կգան տանից
ու մտածում ամեն քայլ գցելուց՝
փոխվել, չփոխվել, փոխվել, չփոխվել
ու էդ հարցը ռամաշկայի թերթիկների պես
միշտ ցույց ա տալիս ուզածիդ հակառակը,
քամու նման փողոցի փոշին խփում ա դեմքիդ
ու քեզ համոզում, որ
կյանքը ինչքան լավը կլիներ, եթե դու
լինեիր քո հակապատկերը.
եթե մաթեմ ավելի լավ սովորեիր,
եթե որոշումիցդ առաջ երկար մտածեիր,
եթե չծանոթանայիր հիմարների հետ,
եթե մազերդ ավելի մուգ լինեին,
եթե ոտքերդ մի քիչ երկար լինեին,
եթե մատներդ ուղիղ լինեին
եթե
եթե
եթե
սարերն են արձագանքում
նրանք երբեք չեն տալիս պատասխաններ.
տալիս են այն, ինչ ստացել են
մեկ մեկ թվում ա, որ առավոտը
սկսեի աջ ոտքից, ամեն բան
այլ կլիներ
ավելի՞ լավ,- հարցնում է կատուն
նայում է ոտքերին, գրկում ինքն իրեն,
ժպտում
ու թափ տալիս ուսերը