ես գրում եմ, որ կանգնեցնեմ այս աշխարհը
կյանքը խցկած երկու տողի մեջ …
***
բանաստեղծությունները
մեր շնչառության մեջ մխրճվող վիրուսներ են …
***
էյ դո՛ւ,
սիրիր ինձ,
ինչպես
բարձր ժայռերի եզրերին քամիներից թեքված
միայնակ ծառերն են սիրում անհեթեթ անդունդը …
որովհետև այո՛ կարծես
ամեն ինչ էդքան էլ կարևոր չէ …
երևի մեկ-մեկ ժպիտը հիասթափության …
***
– էնքան կըսիրեմ բարձր առաստաղներ
– որովհետև ա զ ա տ ու թ յ ու ն կըսիրես ..
տևական զրույցի վերջում՝ ասաց ծեր պոռնիկը ու հեռացավ սրճարանից, որտեղ ամեն օր մեռնում էի …
***
…սպանելով միտքը հետո սպանում են մարդուն
իսկ ես ինձ զգում եմ գնացք ահռելի թափով
որին կանգնեցնել հնարավոր չէ
իսկ դո՞ւ:
***
պետք է մահանալ և ծնվել ամեն օր նորից …
նոր օրը կոխկրճելով դեմքս անցավ գնաց
իսկ որտե՞ղ է ուրախությունը …
***
մարդիկ լռություն
լռություն են ուզում գտնել և դադարներ
վերևների թափառող ամպերի մեջ
և խաղաղություն ներքին տարածություններում …
միշտ…
***
դու պետք է հաղթես այս կյանքին
իմ փոքրիկ մարգինալ, ինչպես թիթեռնիկները հուժկու քամիներին …
ժամանակակից մարդը մոլորված է, և մենք նրա հետ
ջահել ու գեղեցիկ, ջահել ու գեղեցիկ
պատառոտող արագարար վազքով, անհայտության մեջ եսիմ ուր …
***
բարև
հիվանդ եմ քեզնով
անհույս …
***
մտնելով այս աշխարհ նա
զգում էր
այդ հայացքն իր պարանոցին
սակայն նա չշրջվեց հետ …
***
հիմա
ես դադարում եմ ինչ-որ բան հասկանալ
սակայն գիտեմ
եթե դու չլինեիր ես քեզ կհորինեի …
***
արի փախնենք
էս հիմար երեկույթից
դեպի թղթե վարդագույն քաղաքներ հեքիաթային չտեսնված
որտեղ վարդաթյուր ամպերի մեջ դելֆիններն են լողում
երգելով ամենասիրուն երգերը օվիկիանոսների
արի փախնենք
կյանքի էս հիմար փարթիից
ու ես քեզ
կպարգևեմ
ն ո ր կ յ ա ն ք …
***
ում ենք մենք
այդքան
ս պ ա ս ո՞ւ մ …
***
իմ քաղաքը զիլ տեղ է
եթե դու խուլ և համր …
էստեղ ապրելով հասկացել եմ, որ
իմ կյանքն հոսում է ինչ-որ խողովակներով
սատկած, նեխող թռչունների հետ
անձրևների հեղեղներից, ջրի հոսանքներով փողոցային կոյուղիներ շպրտված …
***
որքան արագ է հանգչում մարդը
սխալ մարդկանց միջավայրում …
մենք մեկս մյուսի համար ոչինչ ենք
ու էդպես ավելի հեշտ է
որովհետև մենք վախենում ենք ապրել
չհավատալով ոչ մի բանի ու լինել ուրախ …
***
այս կյանքում ես գիտեմ ինչ եմ ուզում
ես պատրաստ եմ դա ուղիղ ասել
որ հետո փախնեմ հեռու, հոռու
ինքս ինձնից …
հիմա ես կտնեսնեմ այն, ինչ նախկինում ասել եմ, գրողը տանի
ես կտեսնեմ ինչպես եմ ժպտում, լաց լինում
և փորձում զգալ շնչառության տարածությունը իմ ամբողջ էությամբ …
ես հասկանում եմ, որ պետք է բաց թողնել այս կյանքի վարդագույն ակնթարթները
ես միայնակ եմ, ես թռչուն եմ
անձռնմխելի-ազատագրված
կյանքի գրկախառնության մեջ …
սիգարետ սուրճ
շունչ արտաշունչ
հուհ հահ
լեզվիս զգում եմ արյան համը
հուհ հահ և կյանքը
գրկում է ինձ …
***
այս աշխարհը ասում է քեզ
երբ մեծանաս սիրտդ մեռնելու է, մեռնելու է դանդաղ
բայց դու չհատավտաս …
և ի՞նչ արժե այս կյանքի փոքրիկ կտորը
լույսի կարճատև առկայծում
իսկ հետո մոխիր ու փոշի …
***
ես քեզ համար
կկանգնեցնեմ
այս մոլորակը …
շատ անգամներ
սիրել ինչ-որ մեկին
նշանակում է բաց թողնել …
մենք բոլորս փնտրում ենք
ինչ-որ իսկական բան
ու ազատ կյանք այս բանտում …
***
միակ բանը
որը մենք
ճիշտ ենք անում
դա ապրելն է …