– Ինչո՞ւ ենք հավաքվել, ո՞ւմ ենք սպասում:
– Բարբարոսներն են գալու այսօր։
– Սենատում ինչո՞ւ են անգործ նստել։
Ծերակույտն ինչո՞ւ օրենքներ չի հանում:
– Չէ՞ որ բարբարոսներն են գալու այսօր։
Էլ արդեն ի՞նչ օրենքներ ընդունեն Սենատում։
Բարբարոսները կգան` կօրինադրեն։
– Ինչու՞ է մեր կայսրն այսքան շուտ վեր կացել,
ու թագը գլխին, վեհաշուք տեսքով`
նստել է գահին, մեծ դարպասի մոտ:
– Որովհետև բարբարոսներն են այսօր գալու։
Եվ առաջնորդին նրանց մեր կայսրն է ընդունելու:
Նույնիսկ մի մագաղաթ է նա պատրաստել,
նրան շատ տիտղոսներ, կոչումներ տվել այնտեղ:
– Մեր երկու զորավարներն ու պրետորներն այսօր
ինչո՞ւ են կարմիր, ասեղնագործ տոգա հագել,
ինչո՞ւ են ամեթիստներով ապարանջաններ կրում,
ու պսպղուն զմրուխտով մատանիներ,
ինչո՞ւ են թանկարժեք գավազաններ բռնել`
արծաթով ու ոսկով պերճորեն զարդարուն:
– Որովհետև այսօր բարբարոսներն են գալու,
իսկ նման բաները շլացնում են նրանց։
-Մեր արժանավոր հռետորներն ինչո՞ւ չեն գալիս,
որ ինչպես կարգն է` ելույթ ունենան, իրենց խոսքն ասեն։
– Որովհետև բարբարոսներն են գալու այսօր,
և պերճախոսությունն ու քարոզները ձանձրացնում են նրանց :
-Այս ինչո՞ւ հանկարծ անհանգիստ վիճակ ու շփոթություն
սկսվեց մարդկանց մոտ: (Նրանց դեմքերն այս ինչպես լրջացան:)
Ինչո՞ւ են փողոցներն ու հրապարակները արագ դատարկվում,
և բոլորը լուռ, մտքերով տարված վերադառնում են տուն:
– Որովհետև մութն ընկավ, իսկ բարբարոսները չեկան։
Իսկ ոմանք էլ, որ սահմանից եկան-հասան,
ասում են, որ այլևս բարբարոսներ չկան:
– Բա հիմա ի՞նչ ենք անելու առանց բարբարոսների
Նրանք գոնե մի լուծում կբերեին մեր խնդիրներին:
Թարգմանությունը հունարենից` Շամրիկ Խաչատրյանի