Լիլիկ Ստեփանյան | Բարո՛վ վայելեք

Lուսանկարը՝ Հակոբ Հովհաննիսյանի

– Տե՛ս, մա՛մ, սրանք էստեղ դրեցի, սուրճն իր պարագաներով այս դարակում է, աղը, պղպեղը, ամենօրյա ափսեներն էլ էստեղ են: Էս ներքևում պահեստային բաներ են, հիմա դժվար օգտագործենք, բայց թե մի բան պետք լինի՝ հարցրու, լա՞վ:
Ութսունին մոտ կինն ուշադիր նայում էր խոհանոցի նոր պահարանի բացվող-փակվող դռների փայլող ապակիներին… Արդեն կորացած էր, ճերմակած մազերը ծոծրակից վերև իրար վրա դարսել ու սև հերակալներով ամրացրել էր, մոդայից վաղուց դուրս եկած սինթետիկ կտորից ուղիղ ձևվածքի զգեստ էր հագել, վրայից՝ բամբակե տաք կտորից խալաթ: Մանրիկ դիմագծերը կարող էին քաղցրիկ տատիկի երևույթ ստեղծել, եթե չլիներ աչքերի ոչ այն է չար, ոչ այն է դժգոհ արտահայտությունը:
– Ո՞նց եմ դասավորել, հավանո՞ւմ ես,- հոգնությունը հաղթահարող ժպիտով հարցրեց հարսը:
– Հա, շատ սիրուն է, բարո՛վ վայելեք:
– Էլի՞, այ մա… Բարով վայելե՛նք:
– Դե, մեկ է, ես էսօր կամ, վաղը չկամ, էլի դո՛ւք եք վայելելու:
– Վերջը միայն Աստծուն է հայտնի, մա՜մ, այնպես որ՝ բարով վայելե՛նք,- ներքևի դարակները փակելուց հետո շունչը տեղը բերեց հարսը: Վարպետը մի ժամ առաջ էր գնացել, ինքն էլ արագ-արագ մաքրել էր նոր տեղադրած պահարանն ու դասավորել եղած-չեղածը: Նոր պահարանը վերանորոգված խոհանոցին սպասված թարմություն էր հաղորդել ու հարսը գոհ էր:
– Մամ, արի էսօր նոր խոհանոցում սուրճ խմենք, կուզե՞ս:
– Կարելի է: Կուզե՞ս ես եփեմ:
– Չէ, ոչինչ, դու նստիր, ես կեփեմ,- բարյացակամ պատասխանեց հարսն ու զարմացավ, որ կարողացավ չզիջել նոր խոհանոցում առաջին սուրճը եփելու հաճույքը, բայց, իհարկե, չզարմացավ, տեսնելով սկեսրոջ այնքան ծանոթ արձագանքը՝ անխոս, մի ուսը թեթև առաջ բերելով՝ ոնց կուզես…
Հարսը միջին տարիքից քիչ անց էր, բարձրահասակ, հագին ոչ թանկարժեք, բայց հարմարավետ տնային տաբատ էր և բլուզ, քունքերն արդեն ճերմակել էին՝ մազերը ներկելու ժամանակն էր… Սև, խոշոր աչքերի հանդարտ նայվածքի մեջ տարիներով կուտակված համբերությունն էր, ճակատագիրն ընդունած, բայց և եղածով չգոհացող կնոջ գործնական խոհեմությունը: Սառնարանից միրգ հանեց, լվաց, ուզում էր ամեն օրվա պես ճաշի մեծ ափսեի մեջ դնել, բայց միտքը փոխեց. ներքևի դարակից հանեց մրգի հախճապակյա սկիհը, որ միայն հյուր եղած ժամանակ էր գործածում…
Առաջ այս մեծ, հարմարավետ պահարանի փոխարեն երկփեղկանի կարճլիկ մի բան էր… «Էստեղ ենք դնում հացն ու աղը, ափսեներն էլ էստեղ են». հարսանեկան կարճատև ուղևորությունից վերադարձած նորահարսի համար սկեսրոջ անցկացրած առաջին ու վերջին «էքսկուրսիան» խոհանոցից դուրս չեկավ: Փոքր սեփական տուն էր՝ վաղուց նորոգման կարոտ: Հյուրասենյակում լամպը առաստաղից կախված էր առանց ջահի, մի ծռմռված լարից: Ծեփը թափվող պատերի անհարթությունները ծածկող հին ազդագրերը վկայում էին վաղ այրիացած սկեսրոջ երբեմնի նախասիրության մասին, որ այդպես էլ մասնագիտություն չէր դարձել՝ «Երգի-պարի պետական անսամբլի ելույթը Մայր թատրոնի բեմում»… Բեմ չէր բարձրացել, բայց ընտանեկան հավաքույթներին սիրում էր երգել՝ ակնկալելով և մեծահոգաբար ստանալով ծափեր: «Ես էլ երգչուհի կդառնայի, եթե պապաս շուտ չամուսնացներ»…
Ու հարսը հավատաց: Հավատաց, երբ լոլիկի մածուկի համար սկեսուրը ոչ թե իրեն, այլ ամուսնուն մառան ուղարկելը բացատրեց «դու մի հոգնիր»-ով: Հավատաց, որ ճենապակե սպասքը, որին կարելի էր ձեռք տալ տարին երկու անգամ՝ մեծ «ուբորկաների» ժամանակ, հայտնի արտիստի նվեր է: Հավատաց, որ սրտացավությունից է, երբ իր հղի լինել-չլինելու մասին ոչ թե իրենից, այլ ամուսնուց էր հարցնում՝ անհարմար չզգա… Հավատաց, որ պարզապես ժամանակ չի լինում, որ իրեն գրանցեն, բայց երբ վերջապես հղիացավ ու ծնվեց երկար սպասված թոռնիկը, տնային գրքում գրանցում անելու ժամանակը գտնվեց… Էլի շատ բաների հավատաց, հետո հուսախաբվեց, հավատա՜ց, հուսախաբվե՛ց…
Տարիների հետ հարսը տան ամեն ինչի տեղն անշուշտ իմացավ… Կահկարասին հին էր, շատ բան վաղուց պետք էր թափել, փոխել, բայց երիտասարդ կինը նույնիսկ եղածը չէր դասավորում իր ուզած ձևով, ընկերուհիների հարցերին էլ պատասխանում էր՝ կարևորը տան խաղաղությունն է: Ի դեպ՝ ընկերուհիները հազվադեպ էին գալիս, չնայած միշտ լավ պատրաստություն էին տեսնում. տան մեծ տիկինը նստում էր սեղանի գլխին ու ակտիվ մասնակցում խոսակցությանը…
Ինֆարկտից հետո սկեսուրը երկար պառկեց հիվանդանոցում, դուրս գրվելիս էլ բժշկուհին հատուկ զգուշացրեց՝ ծանրաբեռնել չի կարելի ո՛չ ֆիզիկապես, ո՛չ էմոցիոնալ…
Մինչ այդ խոհանոցում միայն սև գործ անող (էս սոխն ու կարտոֆիլը մաքրի, կաղամբը կտրատի, բայց տե՜ս, շատ բարակ չանես) հարսի վրա ընկավ հիվանդին ու առողջներին կերակրելու ամենօրյա հոգսը… Երեք երեխաները, օգտվելով պատեհ առիթից, սկսեցին մորը պահանջներ ներկայացնել՝ ամեն մեկն իր քիմքին հաճո… Զարմանում էր, որ չի հոգնում, զարմանում էր, թե որտեղից գիտի այդքան տարբեր խորտիկներ. խոհանոցում ազատությունն իսկական խրախճանք էր…
Ապաքինվելուց հետո սկեսուրը չփորձեց «շերեփը հետ վերցնել», բայց խորհուրդները հորդում էին ինչպես առատության եղջյուրից… Դրանց ենթատեքստն այնքան թափանցիկ էր, որ չէր վիրավորում՝ դե դու ի՜նչ ուտես, որ ինձ հասնես… Հարսը չէր էլ հասցնում արձագանքել, որովհետև մեծապես զբաղված էր երեխաների՝ տատի այլևս անտանելի դարձող փնթփնթոցին ուղղված բողոքները խմբագրելով. կարևորը տան խաղաղությունն է…
Ճիշտ է՝ հյուրասենյակում էլ, մյուս սենյակներում էլ վաղուց համապատասխան ջահեր էին կախված, որոնք, իր համեստ աշխատավարձից տնտեսելով, կամաց-կամաց գնել էր հարսը, բայց տան նորոգումն այլևս հրամայական էր, ճիշտ այնպես, ինչպես հին իրերից ազատվելը…
Թող մնա հետո՝ հորդորեց ամուսինը: Չէ, էլ չի կարող սպասել, ինքն էլ է ուզում կոկիկ, նորոգված տանը ապրել՝ համոզեց կինը, որին նույնիսկ երեխաներն էին երբեմն, հոգու հետ խաղալով, Հարս անվանում:
Նորոգումը երկար տևեց՝ տանը հիվանդ կար և իրերի բնականոն ընթացքը չպետք է խաթարվեր: Դա նաև իր լավ կողմն ուներ՝ զուգահեռ հասցնում էին դրամ կուտակել նոր կահույքի համար: Ամբողջ կահույքը չէր փոխվում, քանի որ շատ բաներ «սրբազան» ծիրից ներս էին և հայտարարված էին անձեռնմխելի… Կահույքագործը հասկացավ խնդիրն ու ստեղծեց հնի ու նորի մի համադրություն, որն առանձնահատուկ հմայք ուներ, թեև ոչ բոլորին էր դուր գալիս:
Տան հին ու անպետք իրերից ազատվելը դյուրին գործ չէր. ամուսինը, որ սովորաբար չէր խառնվում հարս-սկեսուր հարաբերություններին, «կրակն իր վրա վերցրեց»: Ամեն ազատված մետրի, ամեն մաքրված անկյան հետ հարսի կյանքն էլ էր մաքրվում փոշուց…
Ժամանակի մեծ մասն իր ննջասենյակում անցկացնող սկեսրոջ նախկին՝ հրամայական տոնով նախադասությունները փոխարինվել էին կարճ, արտաքուստ չեզոք, բայց ներքին խոր դժգոհության երանգ ունեցող նախադասություններով, որոնցից ամենակրկնվողը «դուք գիտեք»-ն էր: Եվ մի արտահայտություն, որն ասվում էր պատեհ-անպատեհ բոլոր առիթներով. հարսը մուրաբա է եփել՝ բարով վայելեք, տան համար նոր ծաղկաման է գնել՝ բարով վայելեք, հարևանի երեխան մի կտոր մատաղ է բերել՝ բարով վայելեք, չնայած և՛ մուրաբան էր ուտում, և՛ նոր ծաղկամանով ծաղիկներն առաջինն իր սենյակում էին հայտնվում, և՛ առանց իրեն էդ մատաղը ոչ-ոք չէր ճաշակում…
– Էս կոֆեն շատ դառն ես արել, գոնե մի կտոր շաքար բեր:
– Շոկոլադը սեղանին է, մամ, համ էլ բժշկուհիդ ասեց՝ լավ կանես շաքարը սահմանափակես,- կտրատած մրգերով ափսեն առաջ հրեց հարսը:
– Չե՛մ ուզում, շոկոլադը դո՛ւք կերեք:
– Մենք էլ ենք ուտում, մամ, էլի ի՞նչ կա:
– Ոչ մի բան, ի՞նչ պիտի լինի… Չէ՜, ոնց որ էնքան էլ լավ չեմ, էս կոֆեն մի տեսակ չի գնում, ես երևի պառկեմ,- քրթմնջաց սկեսուրն ու սեղանից վեր կացավ:
Երեկոյան, ճաշի սեղանի մոտ, ինչքան էլ երեխաները գովեցին նորոգված խոհանոցի նոր կահույքը, ինչքան էլ ամուսինը գնաց-եկավ ու հարցական ժպիտով նայեց դեմքին՝ կնոջ տրամադրությունը չբացվեց: Սկեսուրը ճաշեց լուռ ու տղայի հարցին՝ ոնց է նոր խոհանոցը, կտրեց.
– Բարո՛վ վայելեք:
2018թ.

Share Button

1 Կարծիք

  • Վաչագան Գրիգորյան says:

    Լիլիկը միայն լավ ժուռնալիստ չէ։ Գրի հանդեպ նուրբ զգացողությունը նրան կարող է գրականություն տանել։ Ինձ դուր եկավ պատմվածքը։ Գրելու մղումը պետք է ասելիքի մեջ լինի։ Այստեղ դա կա։ Խոսքը պիտի “ներվ” ունենա, որ ասելիքն առաջ շարժվի։ Այդ “ներվը” կա։
    Հաջողություններ մաղթենք մեր Լիլիկին․․․

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *