Փողոցները քրտնել են մարդկանցից
փողոցները քրտնել են մարդկանցից
բառերը վերջանում են խանութներում
կոշիկները վազում են չարդարացված
ահա լռությունը ուր որ է կմեռնի
ակորդեոններից հեռու
իսկ ես դատարկվում եմ քո մեջ
դատարկվում ջազի պես
քաոսանում անվերջ
ու լցվում կոտրված լռության մարմնի մեջ
ես գիտեմ
որ իմ բոլոր նախորդ կյանքերում
Լռություն եմ եղել
ու իմ սին մեղքերի համար
ես դարձել եմ ես
կորցրել եմ ինձ
իմ հորինած տասնյոթ
և ավել մեղքերում
թաքնվել իմ ու բոլորի
հաջորդ կյանքերում
ինչպես ճապոնացի
հիքիքոմորի
հույսով միայն
որ դու քո կյանքերից
մեկում կգտնես
ինձ մտքերիդ տակ ծխելիս
կամ փշրվելիս
մայթերը
հիվանդանում են մարդկանցով
գլխարկները գլխապտույտ ունենում
առօրյան շարունակվում է
սրտի ջեքերի հաշվին
իսկ մարդիկ չափում են ցավը
դոլորիմետրերով.
ես չափում եմ ամեն ինչ քո չլինել-ներով
ու գիտեմ
որ չեմ դիմանա
45 քո չլինելու ցավին
ինչպես չեն դիմանում
ժամանակին կամ լռությանը
մենք գիտենք
որ ես չեմ բուժվելու քեզնից
ինչպես չեն բուժվում
կյանքից կամ իրենք
իրենցից
մենք գիտենք
որ բոլոր կատուների
կյանքերը
մեզ չեն հերիքի
մի կյանքաչափ իրար գտնելու
կամ աչքերիդ գույնը
վերջապես հասկանալու համար…
մարդիկ մեռնում են
մարդկանցից
բառերը մոլորվում
բերաններում
իսկ Լռությունը
անիմաստ բան է հիմա…
իմ բոլոր նախորդ կյանքերում
ես եղել եմ ես
և իմ սին մեղքերի
համար ես դարձել եմ դու…
Բիթլային դեցիբելներ
Տանիքներից
Փոլը կանչում է իր Միշելին
իսկ
ես մրսում եմ քեզնից…
__________________
մի քանի շերտ տխրություն է
է թաղվել վաղվա մեջքին
երակներովս երեկներն են թավալվում
աշխարհը քեզ չի նայում թմրամոլի ժպիտով
իսկ դու աշխարհին խաբում ես Լենոնի ակնոցով…
երազել ինչ-որ
գունալիք մոլորակ
անլռության գծերով
……
երկինքներում աստղերը ռոքնռոլ են պարում
առանց մեզ
(Imagine there)
ես չունեմ ինձ քո մեջ
սուզվող խելագարների մեջ երեքով ենք
ես
Փոլի ձայնն
ու
Միշելի ուրվականը
___________
(Imagine there)
Փոլը շարունակում է սիրել իր Միշելին ես բզեզե դեցիբելներ եմ նետում անցորդների վրա, որ երևի արդեն երազացել են կամ էլ ծխախոտացվել ալկոհոլում
_______________
(Imagine there)
Պատերի մեջ եմ
առաստաղի վրա կամ
հատակի տակ
Ինձ մոտ բոլորը նույնն են
Իսկ պատեֆոններիցս ներս
Փոլը ատում է իր Միշելին
I hate you i hate you i hate you michelle my belle
_________________
Հիմա անուններ չկան
ուղղակի սիրվում են աղջիկները
And I Love Her
լքվում ու լքում
լքել են տալիս ու հետո լալիս
գիտես
մտածում եմ
եթե Ջոնը սիրել է Յոկոյին
դու պարտավոր էիր ինձ սիրել
ծիծաղի նոպա
գիտեմ
Ես ուրիշի Յոկոն եմ
Դու ուրիշի Ջոնը
Ես 13 անգամ լքել եմ քեզ սրտիս լուսամուտից Ջոն
որտեղ գետնամկներ չկան
միայն թմրած ինքնախաբեություն
ու 465 անգամ խցկվել քո կողպված ծոցագրպանի մեջ
____________
Երեկ…
Yesterday… All my troubles…
դու փնտրվող հեռու էիր քամված մոտիկ ճահճից
իսկ ես ուղղակի դու
ու բոլոր խնդիրները կարել էի երեկվա
հեռվիդ
ու
չէի կարող վերադառնալ ինձ մոտ
որովհետև այնքան լավ էր դու լինլելը
___________________
Ես գտա ինձ Ջոն քո երգերում
(Ես միշտ էլ երգ եմ եղել)
Երգվել եմ քան թե երգել
Ես գտա ինձ Ջոն քո թղթերում
(Ես միշտ էլ բառ եմ եղել)
Գրվել եմ քան թե գրել
________________________
Ջոն ես
A Day in The Life
Դու A Life in The day
Մենք երեխաներ ենք
մենք երեխաներ ենք՝ փափուկ֊ փափուկ երազներով….
ես քեզ վաղը սիրեցի,
դու ինձ երեկ կսիրես,
ու մենք չենք հոգնի իրար խաբելուց.
չէ՞ որ մենք երեխաներ ենք…
ես մի կռիվ կհորինեմ, որում դու միշտ կպարտվես, իսկ ես երբեք չեմ հաղթի…
ես մի նոր դու կվրձնեմ՝ երեկվանին լղոզելով մատներս, որոնց վրա գույներ չեն լինի, այլ խոնավ հույզեր
մենք կնվագենք իրար
մինորային լռության մեջ
ու ձանձրամահ կլինենք նույնը լսելուց.
կլարվեն բոլոր լարերն
ու կթուլանան փախուստի լադերը
ես կթերթեմ առաստաղն ու լուսնի արցունքը աչքերիդ կկաթեցնեմ՝ բուժելու դրանք տեսնելուց
ես բարձրակրունկներ կհագնեմ, մայրիկի շրթներկը թաքուն կլղոզեմ շուրթերիս ու կվազեմ վառած լուցկիների վրայով,
դու հայրիկիդ հողաթափերը կհագնես ու կձևացնես, թե թերթ ես կարդում
ու ես քեզ լուցկիների մոխիրներում կնկարեմ բաց գույնով,
դու կբարձրացնես բլյուզը այնքան, որ չես լսի քեզ
ծխախոտդ կհանգցնես իմ մոխրանկարի մեջ, ալկոհոլը կզզվի իր հոտից, վերջին խմած շիշդ կջարդվի ականջներիս մեջ, ու երեխաները կփախչեն դեպի պահարանը.
մենք ուղղակի երեխաներ ենք ու մեզ
ասում են՝ չգիտենք՝ ինչ ենք ուզում
իսկապե՞ս
ես ուզում եմ այն խաղալիքը այնպես, ինչպես հոգին է մարմնի մեջ գլուխկոնծի տալիս
գիտեմ, որ կոտրելու եմ ու հետո լաց լինելու, բայց գրողը տանի ուզում եմ
մեզ ասում են, որ մենք սիրել չգիտենք, կամ թե դեռ ժամանակը չէ
իսկ ես սիրել եմ քեզ, երբ դեռ աստղերը անատամ մանուկներ էին, ու ժամանակը շշից դուրս չէր եկել
տար մեզ ներսից ավելի ներս որովհետև
դրսում հույս չկա շնչելու
անհուսություն սրսկի՛ր երակներիս մեջ, երեխա՛,
ու խոստացիր, որ երբեք չենք մեծանա…
ես նորից լալիս եմ քեզ համար, ինչպես երևակայությունն է ճչում իրականության մեջ չհասկացված երեխայի նման
չնայած գիտեմ, որ հիմա՝ հենց այս պահին, ինչ որ մեկը մեռնում է քաղցկեղից կամ սովից.
Qq ես լալիս եմ քեզ համար
ու գիտեմ, որ այդ մեկը կարող էի ես լինել
ամաչում եմ
դեմքիցս մաքրիր շրթներկը, կոտրիր բարձր կրունկներս ու մի կողմ դիր թերթը….
չէ՞ որ մենք ուղղակի երեխաներ ենք՝
հիմար֊ հիմար հույսերով…
Քաղաք
քաղաքի սկզբում ինչ֊որ մեկը հորինեց քունը
որովհետև տառապում էր անքնությամբ
քաղաքի սկզբում ինչ֊որ մեկը սխալվեց իմ մեջ
ու ես հորինեցի քունը չսխալվելու համար
ինձ կետադրեցին ստիպված
(ես կույր էի)
ուղղեցին նաև տառասխալներս
(ես կույր էի ավելի)
քաղաքի կեսից ես ջարդեցի քայլերս
ու
կոտրված գույների մեջ կորցրի մեր մահը
այնքան լռություն հավաքեցի ցեխերից
տենդի մեջ ընկած շենքերը
փտող մարդկանցից
անտող ուրվականներից
փրկելու համար…
քաղաքի սկզբում ես հաշվեցի անտարբերությունը…
մի տեղ
գրել եմ
«ես ծամեցի ինձ»
իսկ քաղաքի վերջը սխալ էր…
Ես Մորփեոսն եմ անքուն…
Ուզում ես ինձ
(կարոտած կլինես)
ահա խմիր կապույտ քնաբերը
(վաղուց քնած չես եղել)
ու ես կգամ
քնոտ ձեռքս կդնեմ գլխիդ ու կստիպեմ
հյուսել երազներ աստղաչափ
(կնստեմ կողքիդ որ քունդ հարամ չանեն հանկարծ)
շարֆը գործված իմ ու քո երգերից
թել առ թել կքանդեմ
ու գլխարկը մեր տաք վեճերից կարված
ու ձեռնոցները ծնված քո սուր լեզվի ապտակներից
և կքանդեմ ամեն ինչ հիշելու
(վայ, այն նեյրոնին որ չի արձագանքի քո պատկերին)
ես դարձել եմ Մորփեոսը բայց ով է տեսել որ քնի
աստվածը քուն չունենա)
կամ էլ էժան վաճառական որ քնաբեր բաժանելով
հանգստություն է վաճառում
ես երբեք չեղա քո զինվորը որ մետաղահյուս կրծքով պաշտպանեի քեզ
պողպատե ձողերը՝ մազակալներս շպրտեի թշնամուդ վրա
կողմնացու՞յց (չփորձես անգամ մտածել)
ինձնից ինչ կողմնացույց
իմ նավն էլ չունի դրանից ու լողում է մեկ հարավ մեկ հյուսիս
( չեմ ուզում դու էլ ինձ պես գնաս հետ ու առաջ միշտ առաջ բայց խնդրում եմ ինձ էլ տար քեզ հետ)
Ոչ էլ քույրդ եղա պառնասյան որ հեռվից մուսայոտ ճառագայթներս կրակեի սրտիդ ու երգեիր
(իմ մասին միայն իմ մասին)
ուզեցի ճիվաղը լինել կանաչաչյա, բայց ուժերս չհերիքեցին քեզ խանդով հյուծելու համար
չէ թող լինեմ քո Մորփեոսը
(ախր ինչու այդքան քնել չես սիրում)
(գիտեմ մի օր հոգնած միտքդ ու մարմինդ չեն դիմանա ու կգաս ինձ մոտ)
այդ ժամանակ մեֆիստոֆելյան մի քրքիջ կարձակեմ ու քեզ գիրկս կառնեմ
իմ թմրեցնող թևերով
կտանեմ ինձ ու քեզ երազների մութ նրբանցքներով
հ.գ հիշում ես, ես 11-ից այն կողմ արդեն գրկել էի երազներս ու բաց չէի թողնում իսկ դու հանդարտ սպասում էիր քո լուսաբացին
Դու Արևիս աստվածն էիր:
Brautigan
Բրոթիգանը կատաստրոֆիկ խելագար էր, որ գիշերն իր հիվանդ մտքերի մեջ թաքցնելու դեպքում կիմանար՝
Ժամանակն ու Սերը վաղուց մեռել են, ու սրանց արդեն երկար Ժամանակ թաղող չկա…
Գիշերվա գույնն ինձ սահմանողներից մեկն է,
ինչպես մայթերը ծանրացնող ցանկացած «ես», որ պարզվում է հոգնակի ունի և կարող է երկատվել։
Անքնությամբ չեմ տառապում, ինչպես մյուս բրոթիգանները։
Մղձավանջներս պանդորայի իմ փոքրիկ գանգատուփից դուրս չեն գալիս քնի հետանցքով։
Ուրեմն տառապում եմ աներազությամբ։
Ավելի դահիճ քան կարմիր անքնությամբ արդարացվող իրականությունը։
Ես սահմանում եմ ինձ չսահմանների մեջ ու ինքնավերջանում ինչ֊որ լրիվի տակ։
Ես պարզապես մոռացել եմ գրելը քո մասին
ու բաժանել եմ իմ սիրած մարդկանց հավաքածուն թերթավաճառներին։
ոչ ոք չի կարդում թերթ։
Այսօր պատահական թերթում կարդացի, որ
Արևն ամեն տեսակ փաստաթղթերով ինչ որ մեկինն է,
Լուսնի վրա հասցրել են թքել, Մարսը կարիճների հովանավորն է, իսկ կարիճները երեք տեսակ են լինում։
Ես հովանավորներ չունեմ,բայց
Պրազեբրինան վերցնում եմ ինձ ու մի անտարբերության տարբերությամբ հենվում անկայունությանը։
Բրոթիգանը գուցե սովորական խելագար էր, ով չուներ հենման կետ, իսկ գտածը երբեք վիճակ չէ, որովհետև վիճակը վաղուց նետված է…
ՊՐԵՍԿԵՎՅՈՒ
Պրեսկեվյու 2-֊1
Ես մենակ քաղաք եմ մենակ քաղաքում։
Ես ավելի եմ մենակ,քան քաղաքը…
Նորից պրեսկեվյու։
Ինչ-որ իքՍԵՐ լեզվիս ծայրին են(է)։
Մենակ քաղաքում իքս մարդիկ իրար
վրա իքս ՍԵՐ են նկարում,
իսկ քաղաքում պատաՍԽԱԼ չկա…
Ռադիոլաները բլյուզ են փշրում փողոցներին։
Բլյուզը մենակ քաղաքների մասին է…
Իմ մասին է,
Բլյուզը երբեք չեկած գնալու մասին է,
փնտրելով կորցնելու ու կեսից դրվող վերջակետի մասին է։
Ես ատում եմ բլյուզը։
Այն մի տեսակ հիշեցնում է ինձ իմ նախկին եսը, որն այդպես էլ չգտնվեց։
Պրեսկեվյու 1+1
Բարդ է ես լինելը,
ավելի բարդ է լինել ոչինչ։
Դու մենակ ոչինչ ես մենակ ոչնչում։
Դու ավելի ես մենակ, քան ոչինչը։
Նորից պրեսկեվյու…
Ինչ որ կիքՍԵՐ լեզվիս ծայրին է(են)։
Մենակ ոչինչներում մարդիկ կիքս ՍԵՐ են փնտրում ու դառնում պատաՍԽԱԼԱՏՈՒ։
Պատեֆոններից ջազ
Է մաղվում փողոցներին։
Ջազը մենակ ոչինչների մասին է։
Քո մասին է։
Ջազը երբեք չտված ինքդ քեզնից գողանալու մասին է,
ինքդ քեզ լքելու ու բացակայությունից կախված պարանների մասին է։
Ես ատում եմ ջազը։
Այն ինձ մի տեսակ քո նախկին եսն է հիշեցնում, որն այդպես էլ չգտնվեց։
Նորից պրեսկեվյու