Թարգմանիչ Անուշավան Մեսրոպյանի շնորհիվ ուկրաինական մշակույթ են մուտք գործել հայ արձակագիր Լևոն Խեչոյանի գեղարվեստական ստեղծագործությունները, որոնք դեռևս երկար արձագանք կգտնեն` մթնոլորտը լցնելով իմաստային ներքին ազդակների բարդ համակարգով և ընթերցողին համակելով հերոսների հոգեկան աշխարհի ցավագին ապրումներով… Եթե չհավատանք ինքնակա գոյությանը կյանքի երևույթների, որոնք, չգիտես ինչու, տեղի են ունենում մեր շուրջը, եթե հավատանք, որ այս աշխարհում ինչ-որ տեղ կա անտեսանելի մի Բանականություն, ապա այդ դեպքում Խեչոյանի թարգմանությունն ինքնակա չէ, թեև, այնուամենայնիվ, բավական անսպասելի է: Ուկրաինացի ընթերցողը ինչպես Հայաստանի մշակույթի, այնպես էլ այդ երկրի արվեստի մասին համարյա ոչինչ չգիտի. մտաբերելով երկիրը` առաջին հերթին զուգորդումով հիշում ես 1915 թվականի հայերի ցեղասպանության (հայկական կոտորածի), երկրաշարժի, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմի և ամենաառեղծվածայինի` Սերգեյ Փարաջանովի (Սարգիս Հովսեփի Փարաջանյան) մասին: Եվ գուցե դա ամենն է, բացի այնպիսի մանրուքներից, ինչպես, օրինակ, Եվրատեսիլը: Դրան կարելի է ավելացնել նաև խորհրդային բռնատիրական ոգով անեկդոտները խորամանկ հայի ու խելացի ռուսի մասին: Իրականում Հայաստանը, իմիջիայլոց, ինչպես ցանկացած հին մշակութային երկիր, իր խորքում հսկայական ներուժ է թաքցնում, միայն մնում է մի կողմ տանել վարագույրը, և որ կարևորն է` կարողանալ չկորչել նրա ահռելի մշակութային ժառանգության մեջ: Չէի ուզենա համեմատել ուկրաինացի և հայ ժողովուրդներին, նրանք տարբեր են, և նրանցից յուրաքանչյուրն ունի զարգացման իր ճանապարհը, բայց կան երևույթներ, որոնց մասին անհրաժեշտ է, որ խոսվի այստեղ: Իրականում հայկական մշակույթին ձուլման վտանգ չի սպառնում (ի տարբերություն ուկրաինականի). այն շատ փակ է և դրանով իսկ` իր հնամենի և ամբողջական տեսքով բավականաչափ պահպանված: Ազգագրության տարրերն այդտեղ մնացուկային երևույթներ չեն` սոսկ մշակութի մնացորդներ ու հետքեր, որ կորցրել են իրենց ողջ նշանակությունը. ազգային մշակույթն այս ժողովրդի կյանքի մասն է: Դա այն տարածքն է, որտեղ ժամանակակիցները սերունդների մտածողության փորձն են իրականացնում: Իսկ ինչ վերաբերում է մեր երկու մշակույթների առանձնահատկություններին, ասենք, օրինակ, պատգամավորների «հագած» ասեղնագործ վերնաշապիկներին, կարծում եմ` բացատրելու հարկ չկա, քանի որ առանց դրա էլ պարզ է` ասեղնագործ վերնաշապիկը մեծ մասամբ քաղաքական ուշադրությունը պարզապես իր վրա հրավիրելու միջոց է և ոչ ավելին: Դեռևս կան շատ հանգամանքներ, որոնք հատկապես այս կամ այն պատճառով հայկական մշակույթում չեն կարող իրականանալ: Բայց սա այլ կարգի խոսակցություն է: Հասկանալի է, որ քաղաքակրթության զարգացման ճանապարհին սովորույթների մի մասը նույնպես վերանում է: Տեղին է հիշատակել մի ծես, որն անհետացել է կոմունիստների (հենց այդպես են նրանց անվանում հայերը) իշխանության գալուց հետո: Վաղուց ի վեր գոյություն ուներ արարողություն, երբ փեսացուի մայրն ու քույրը ապագա հարսին հրավիրում էին բաղնիք` միասին լողանալու և այնտեղ տեսնելու` արդյոք մաքո՞ւր է հարսնացուի մարմինը, արդյոք չունի՞ մարմնական թերություններ, ֆիզիկական արատներ, որոք հնարավոր է թաքցնել հագուստի տակ և այլն: Այդպիսի սովորույթներն անհետացել են, բայց շատ բաներ մնացել են, որոնք դժվար թե անհետանան: Համոզված եմ` ոչ ոք սուրճի բաժակով ձեր բախտն այնպես լավ չի գուշակի, ինչպես ծեր հայուհին: Լևոն Խեչոյանի արձակը այդ մշակույթի բույրը չզգացած ընթերցողի վրա անգամ ազդելու հզոր լծակներ ունի: Որովհետև անհատի ողբերգությունը, որով ներծծված է նրա ողջ ստեղծագործությունը, դուրս է ազգային սահմաններից և ունի մեծ ընդգրկում:
«Խնկի ծառեր» գիրքը ուկրաինական համատեքստում` մեր հայրենի գրական գործընթացում, որոշակի է դարձնում շատ նշանակալի մեկ պահ: Ինչի՞ մասին է խոսքը: Ժամանակակից արձակում ընթերցողը հաճախ է ականատես լինում, երբ գրական ստեղծագործությունն արարվում է միայն հնարանքների, ճիգ գործադրած երևակայության շնորհիվ. գրի մեջ չի արտահայտվում գրողի` դժվարությամբ ձեռք բերած կենսափորձը, որն ընթերցողին վստահություն ներշնչի այդ երկի նկատմամբ: Այսպիսի գրքերի տոկոսն այսօր չնչին է: Օրինակ, բացի Եվգենի Պաշկովսկու[1], Վյաչեսլավ Մեդվեդի[2], Վասիլի Պորտյակի[3] անուններից, հնարավոր չէ ուրիշ անուններ տալ: Խոսքը գրողի ստեղծած աշխարհի հանդեպ ընթերցողի վստահության, գրողի փորձի նկատմամբ ունեցած հարգանքի և այդ փորձը խոսքով արտահայտել կարողանալու ունակության մասին է: Այդ առումով Լևոն Խեչոյանն իսկական գրողի առանձնահատուկ օրինակ է, որին հնարավոր չէ չհավատալ: Փորձեմ խորացնել այս դրույթը: Գրողը մասնակցել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմին: Այն, ինչ տեղի է ունեցել մաքառումի այդ տարիներին, այս նյութում քննարկման առարկա չէ: Դա շատ դաժան, արյունալի պատերազմ էր երկու ժողովուրդների միջև, որոնց պապերի գերեզմաններն այդ հողում են: Գերեզմանները վկայում են, որ երկու ժողովրդին էլ հողը հարազատ է: Տողերիս հեղինակը բախտ է ունեցել հանդիպելու պատերազմում կռված հայերի: Այդպիսի արժանապատիվ զայրույթ ես դեռ չեմ տեսել: Կյանքում դա չի մոռացվում. պատերազմը ծանր կնիք է դնում մարդու աշխարհայացքի վրա: Սակայն, այդ ամենով հանդերձ, հասկանալի է նաև, որ Կալաշնիկովի ավտոմատից մի քանի տասնյակ պարկուճ պարպելը մարդուն դեռևս գրող չի դարձնում: Բայց ամեն օր մահվան դեմքին նայելն ու ավտոմատի կրակահերթի պատասխանը թիկունքին լսելը մարդուն մղում է ապրելու` մի կողմ վանելով երկրորդականը, անկարևորը: Այդ կատարելությունն իր պարզությամբ ինչպես ոճի, այնպես էլ սյուժեի առումով Լևոն Խեչոյանի գրքի հիմնական հատկանիշներից է: «Խելացի տառապանքի» նրա փորձը ձևավորվում է յուրահատուկ ոճով:
«Խնկի ծառեր» ժողովածուն ընդգրկում է մեկ վիպակ և տասնչորս պատմվածք, որոնցից մի քանիսը տեսականորեն կարելի է նովել համարել: Առաջին հայացքից դա բավական պարզ արտաքին սյուժեով արձակ է`առավելապես ողբերգական ավարտ ունեցող տպավորիչ դեպք-պատմություններով: Անգամ այն պահին, երբ հեգնանքի երանգ է զգացվում, ընթերցողը չի կարողանում հաղթահարել պատումի ընդհանուր մռայլ տրամադրությունը: Հատկապես այդ առումով Խեչոյանի նովելները կարելի է համեմատել իտալացի արձակագիրներ Ալբերտո Մորավիայի և Լուիջի Պիրանդելլոյի նովելների հետ, որոնցում նկարագրվող ուրախ, ծիծաղելի պատմություններն իրականում ուշիմ ընթերցողի վրա տխուր հետք են թողնում: Երբ ընթերցողը հայտնվում է Լևոն Խեչոյանի ստեղծագործությունների ֆաբուլայից դուրս իրականության մեջ` նրա պատմությունների կուլիսների հետևում, ստիպված դառնում է գրողի ողբերգական հերոսների բարդ տրամադրությունների ականատեսը, հերոսների, որոնց կյանքը, ըստ էկզիստենցիալիստական պատկերացումների, մարդու մենակության դրսևորումն է: Մերաբ Մամարդաշվիլին[4], իր դասախոսություններից մեկում ցանկանալով բացահայտել բառի խորքը, այն համեմատում է թավշի հետ: Երբ մարդը ձեռքը սահեցնում է այդ գործվածքի վրայով, նրա մակերեսի տակ զգում է խորություն, որն անտեսանելի է աչքին. դա կարելի է զգալ շոշափելով, որն էլ զարգացնում է ընթերցողի ներզգացողական աշխարհը: Նման զգացողություն է ունենում ընթերցողը` հետևելով Լևոն Խեչոյանի հերոսների պատմություններին. առաջին հայացքից շատ պարզ թվացող սյուժեներում երևում է գրողի աշխարհայացքի խորությունը:
Տեղին է նկատել, որ այդ հեղինակի գիրն ունի ընթերցման բաց կառուցվածք, որին առավել հարմար է հատկապես, այսպես ասած, ֆենոմենոլոգիական-մեթոդոլոգիական համակարգը, որը թույլ է տալիս ընթերցողին ունենալ սեփական իմաստային ազդակներ և կարողանալ անկաշկանդ առաջնորդվել մեկնություններով, որոնք ի հայտ են գալիս հեղինակի պատմությունների ու ընթերցողի փորձի հանդիպման ժամանակ: Հասկանալի է, որ ուկրաիներեն թարգմանությունն ընթերցելիս, այսպես թե այնպես, առաջանալու է մշակութային կոնֆլիկտ, քանի որ մտածելակերպերի կառուցվածքները, որոնց մասին այնպես հանգամանալի խոսում էր Դմիտրի Չիժևսկին[5], փնտրելու են շփման գոտիներ: Նույնիսկ դրանց գտնելն է դժվար, որովհետև հենց փնտրտուքի գործընթացն ինքը ծնելու է նոր անսպասելի ուղիներ:
Լևոն Խեչոյանի արձակի ոճի ակունքները ժողովրդաազգագրական և միֆական-բանաստեղծական հարթության մեջ են, որտեղ կինն ունի դաշտային ծաղիկների բույր, արևածաղկի գեղեցկություն: Գուցե վերջին համեմատությունը բավական անսպասելի է, թեև ծայրահեղ դեպքում բացահայտում է մի շարք զուգորդումներ (մերձենալ արևին, արևասերներ և այլն): Հեթանոսական ժամանակներում հայերը երկրպագում էին Արևին, նրա պատվին տաճար էին կառուցում, մեծարում էին այդ լուսատուին: Երբ հայերն ուզում են վախ չափել, բարձի տակ օձի կաշի են դնում: «Խնկի ծառեր»-ում գուշակության ծես ևս կա. հղիանալու համար Օհաննային նստեցնում են տաշտականման աղյուսին, որի մեջ ցորենի սպիրտ ու չորացած գորտ են գցում: Գիշերային անմեղությունը պահպանելու համար կանանց պատվիրում են քնել ոչ թե «կուչ եկած», այլ ձեռքերն անկողնուց դուրս («Նամակ»): Նման արտահայտությունները շատ բան են ասում ընտանեկան կյանքում հայ աղջիկների դաստիարակության ձևերի և առանձնահատկությունների մասին: Հենց այս ազգագրական նյութին են առնչվում «Խնկի ծառեր» վիպակի որոշ սյուժետային գծեր, որոնք հենվում են սովորական երևույթների վրա, ինչպես, օրինակ, հարսնություն անելը, երբ կինն իրավունք չունի խոսելու ամուսնու տոհմի տարեց տղամարդկանց հետ: Այսպիսի օրինակները բավական շատ են, որոնք ավել խորիմաստ են դարձնում Լևոն Խեչոյանի պատմությունները: Լիովին մխրճվելով հայ ժողովրդի ավանդույթների աշխարհում` նա ստեղծում է իր անկրկնելի պատմությունների «կյանքային առօրյա պատկերները»: Այլ է գրողի գաղափարական ոճը. առաջին հերթին նա բացահայտում է պատումի ընդհանուր տրամադրություն ստեղծող նրբերանգային միջոցները, օրինակ, ուսուցչուհու «արծաթահունչ» կերպարը («Զանգը»), կամ «երկար ու պաղ լռություն էր քսվում մեր դրսի դռանը», «այդ օրը աշխարհը ներկող մի կարմիր գույն եկել, թպրտում էր նյարդերիս մեջ» («Երկու կրակոց»), «Ցորենի դաշտերի միջով էինք գնում, կապուտակ երկնքից հրաձգարանի խաղալիքների նման կախվել էին արտույտները» («Խոզը»), «Ջրածիծառները ճռվողյունով նրանց գլխավերևում թրատում էին տաք ու արբեցնող օդը», «Մի արնաթաթախ ճիչ է թափառել գյուղի նոր վարած ակոսների մեջ, սար ու ձորի վրա» («Խնկի ծառեր»): Նմանատիպ ոճական օրինակներ, որ առաջացնում են յուրօրինակ ընթերցողական տրամադրություն և ունեն գեղագիտական բացառիկ ուժ, կարելի է շատ «մեջբերել» գրքից:
Լևոն Խեչոյանի պատմվածքներում նկարագրվող դեպքերը հաճախ չունեն ներածականներ, որ «ներխուժեն» սյուժե. դրանք կամ սկսվում են հանկարծակի, կամ արդեն կայացել են, կամ էլ տեղի են ունենում հենց այս պահին: Այստեղ ժամանակների միահյուսում է, որին բնորոշ է էպիկական պատումի կառուցվածք, թեև վերջինս բավական բարդ է` առաջին հերթին ակնարկներով (ալյուզիա) խոսելու լեզվական ատաղձի պատճառով: «Սպասում» պատմվածքն իր բովանդակությամբ անսպասելի ակնարկում է աստվածաշնչյան «Բարի սամարացի» սյուժեն, սակայն այստեղ բեկում է տեղի ունենում: Պապը թոռան հետ գտնում է մահացող թուրքի, որն իր հետ փողով լի խուրջին ուներ. պապն առաջարկում է սպասել նրա մահվանը, որպեսզի վերցնեն փողերը և դրանով լուծեն իրենց տան հոգսերը: Պատումի կարևոր տարրն այստեղ այն է, որ մահացողը թուրք է: Հիշենք թուրքերի կողմից հայոց ցեղասպանությունը, ազգամիջյան խնդիրները, տարբեր հավատներ: Երբ վախեցող թոռն ուզում է տուն գնալ, պապը հիշում է. «Թուրքը Սոնա մորս իմ աչքի առաջ բռնաբարեց, մատմ երեխա էի, քո չափ…»: Սակայն սա չէ էականը. հեղինակի ուշադրության կենտրոնում փոքր տղայի ապրումներն են. նա աշխարհն ընկալում է խիստ անհատական իրավիճակում, ժամանակի յուրօրինակ ռիթմ-ակնթարթում: Ժամանակը չափվում է այստեղ այլ միավորով. «մինչև գորտը էն քարից թռնի ջուրը»: Ընթերցողի ուշադրությունը գրավում են նաև ջորու սև մեծ աչքերը, որոնց մեջ արտացոլվում է մարդկային աշխարհ: Ջորին, որպես անտարբեր դիտորդ, անհատականությունից զուրկ էակ, խորհրդանշում է բարոյագեղագիտական գնահատականների ողջ պայմանականությունը: Պապին դատող դատարանն այն աստիճան անհեթեթ է տեղի ունեցածի և փոքր երեխայի ապրումների համեմատ, որ ավելի շուտ հիշեցնում է սովորական կատակերգություն` արտացոլելով երկու կողմերի` պապի ու թոռան և դատավորների ու ամբոխի միջև եղած հսկայական անդունդը, համագյուղացիներն ի զորու չեն հասկանալու, թե իրականում երկուսի համար ինչ է արժեցել այդ պատմությունը:
Շատ հաճախ կարճ պատմվածքների վերջաբանում հերոսները մահանում են` բացահայտելով մարդու` մահվան առջև «չնահանջելը » կամ էլ դիմակայելը: Եվ վերջապես, այդ ընտրության պատճառով Լևոն Խեչոյանի գեղարվեստական լաբորատորիայում միշտ կան ընտրություն կատարելու և տառապանքի պահեր: «Զանգը» կարճ պատմվածքում արտաքին դեպքերը գյուղը հեղեղող գարնանային ջրհեղեղն է և այդ գյուղի տղամարդկանց հայացքի առաջ երիտասարդ գեղանի ուսուցչուհի Նվարդի մենակությունը տարերքի դեմ: Պարզվում է, որ գյուղի համարյա բոլոր տղամարդիկ նրան էին սիրահարված, ինչը նրանց մղում էր ծիծաղելի քայլերի, անգամ քաղաքում իրենց կանանց մազերը «Նվարդի մազերի նման» կտրել տալուն: Չնայած դրան` տղամարդիկ, առաջին հերթին վախից, չեն փրկում ուսուցչուհուն, բայց փոխարենը փրկում են ծեր, պատերազմի անոտ վետերանին, միաժամանակ նախանձելով նրան, որովհետև նա կարող է իր վախը թաքցնել ֆիզիկական թերությամբ. պատերազմում կորցրած ոտքերը արդարացնում են նրան: Ջուրը քշում-տանում է Նվարդին. նա մահանում է: Իսկ հետո, երբ հեղինակը գրում է, թե. «… կարճվող գիշերվա մեջ դարձյալ ու դարձյալ լսվում էր հեռացող թևաբախությունը», պարզ է դառնում, որ Նվարդի հոգին հեռանում է այս աշխարհից: Մեկ այլ` «Հայրս» պատմվածքում տեսնում ենք տարօրինակ փոքր տղայի ողբերգությունը. նա իմանում է, որ իր հայրը խորթ է: Նա հավատացել է մոր պատմությանը, թե ինքը ծնվել է նռից: Երբ մայրը հղի է եղել, և սիրտը թթու է ուզել, սկեսրայրն իր գրպանից նուռը հանել ու տվել է հարսին, որն այն կերել է կեղևով: Տղան հպարտանում է, որ ինքը ծնվել է հատկապես այն նռից, որը պապն է տվել մորը (դրանով ասես հաստատելով, որ տոհմի մի անդամն էլ ինքն է), սակայն երբ իմանում է, որ մայրը հոր գյուղ իրենով հղի է հարս եկել, հարցուփորձ է անում… Ճնշող տխրությամբ է համակված պատմվածքի վերջ, որտեղ գրողը մենակ, քարացած որդուն թողնում է մոր հետ. «…նախիրն արդեն սարից իջնում էր, օրը պաղում էր, մենք մորս հետ ճանապարհամերձ թմբին նստել, մնացել էինք»: Իր տրամադրության արձագանքով այդ պատմվածքը հիշեցնում է Գրիգորի Տյուտյուննիկի[6] «Մթնշաղին» պատմվածքը:
Լևոն Խեչոյանի ստեղծագործություններում, հասկանալի է, պատերազմի թեման պատահական չէ: Թեմայի իմաստը շատ ինքնատիպ է, ունի բարդ բնույթ, որտեղ միանշանակ բացակայում է բարոյագեղագիտական մոտեցումը, այս կամ այն կռվող կողմերին քննարկելը: «Պաղ քամի» նովելն իր սյուժետային-կոմպոզիցիոն գծով միացնում է երկու` տեսանելի և անտեսանելի աշխարհները: Կարելի է ասել, որ այդ գործն ունի ոչ սովորական արձակին բնորոշ հատկանիշներ: Երվանդը կամավոր մեկնում է Աֆղանստան, իսկ երբ տուն արձակուրդ է գալիս, նամակներ է ստանում, ծրարում` «փոքրիկ սպիտակ թուղթ», որը նրան համակում է մռայլ լռությամբ: Տատն անընդհատ զգում է տանն ինչ-որ կնոջ անտեսանելի ներկայությունը, անգամ «փեշերի շրշյունը» և մեջքին փչող սառը, պաղ քամին. «Մեղվի ձայն չեմ առնե, մեղուն փեթակից դուրս չի գա, օդի մեջ կտրող պաղություն կա»: Ու երբ ընտանիքը հարցնում է գրագետ մարդուն (թերթի խմբագիր Մարկոսին), թե ինչ են նշանակում նամակի մաքուր թղթերը, նա բացատրում է, որ դա «…կսկծից տառապող մոր նամակ է: Մուսուլմանների մոտ նամակագրության այս ձևը հետապնդելու միջոց է: Այս սպիտակ թուղթը նշանակում է, թե մայրը իր ուրվական-ինքնանմանակին ուղարկում է մեզ մոտ` Երվանդին հանգիստ չտալու»: Այդ նամակների պատճառով տանն իսկապես իշխում է թախիծը, որից ազատվել չեն կարողանում. տղային «պաշտպանելու» համար նույնիսկ Սուրբ Հովհաննեսին գառ են մատաղ անում: Երվանդի հորեղբայրը հարբած վիճակում «դնովի ոտքը» (Հայրենական պատերազմի ժամանակ կորցրած) շպրտում է մսուրների հետևը` այն հավանական տեղը, որտեղ պետք է լիներ ուրվականն ու գոռում է. «Առ, շան քած, տես, բա ինչո՞ւ 41 թվականին իմ մայրը ոչ մեկի հետևից չգնաց»: Այս խոսքերն իրենց մեջ խտացնում են ողբերգությունը ոչ միայն հայերի, այլև խորհրդային երկրի` հայրենական պատերազմի դաժան ժամանակներն ապրած մի քանի սերունդների, որդեկորույս մայրերի կեղեքող ցավի` անկախ նրանց վրեժ լուծելու ցանկությունից: Ուրվականը տունը թողնում է և «գնում Մանչու հետևից», երբ Երվանդը արձակուրդից հետո բանակ է վերադառնում:
Հայ գրողի ոճին բնորոշ մյուս հանգամանքն այլաբանությամբ խոսելն է: Նրա հերոսները խոսում են այնպես, ասես Արարիչն է այդպես շշնջում նրանց ականջին: «Փոխանակություն» պատմվածքում, բացի բուն պատմությունից, կան նաև սեփական ապրումները վերլուծող կերպարներ, որոնք խորհրդածում են իրենց ներաշխարհի մասին. «Ամենասարսափելին էն կլինի, երբ կսկսեն թշնամու մեռած ոգիները մեր մեջ բնակվել»: Սա ասում է ողջ մնացած մարդը` խոսքով ընդգծելով ապրելու ծանրությունը, որ մեծանում է զոհված թշնամիների պատճառով: Չկա հաղթանակի ուրախություն: Այս պատմվածքն ամենից առաջ ներքին իրավիճակ է և ոչ թե իրադարձություն. գրողն այստեղ գնահատական չի տալիս:
Լևոն Խեչոյանի արձակում հանդիպում են արխետիպային մտածողությամբ օժտված կերպարների, որոնք անգամ սյուժետային վերջաբանից հետո ունակ են հեռահար ազդակներ տալու: Օրինակ`«Երկու կրակոց» պատմվածքը խորհրդային տարիներին շատ տարածված մի երևույթի` փակ եկեղեցիների մասին է, որտեղ պատարագներ չէին կատարվում: Այդ եկեղեցիները հաճախ հայտնվում էին արտասովոր պատմությունների կենտրոնում: Հերոսը` պատմողի հայրը, մագլցում հասնում է եկեղեցու գմբեթին` այդպես բողոքելով եկեղեցու վերականգնման արգելքի դեմ (նա ուզում էր եկեղեցին նկարազարդելով`իր սերն արտահայտել սիրած կնոջ` Ուղափի հանդեպ) և ընկնելով սալերի վրա` ջախջախվում է: Այդ նույն գիշերը հերարձակ Ուղափը մտնում է եկեղեցու բակը և երկու անգամ կրակում գմբեթի վրա` ասես վրեժ լուծելով ինչ-որ մեկից սիրած տղամարդու մահվան համար. «Հաջորդ օրն առավոտյան արնաթաթախ մի թռչուն էր նստած դպրոցի բակի խնձորենու ծառին: Քանի որ գյուղացիներից ոչ մեկը չէր տեսել, որ արագիլը ծառին նստի, համարեցին, որ դա հրեշտակ է արագիլի կերպարանքով` հորս ոգին: Ասում էին` բոզ Ուղափը եկեղեցու խաչի շուրջը դեռ սավառնող հորս ոգուն անվրեպ խոցել, սպանել է գմբեթին արձակած գնդակներով»: Հետո մեծանում է պատմողի տղան, որը հաճախ քնից վեր էր թռչում աղաղակով, որովհետև տեսնում էր. «…հարազատ մի մարդ եկեղեցու գմբեթից ցած է ընկնում, ձեռքին սպիտակ թաշկինակ կար»: Ի դեպ, տոհմի վրա ծանրացած անեծքի թեմաները նույնպես ծանրակշիռ տեղ ունեն Լևոն Խեչոյանի արձակում: Հենց այդ առումով կարելի է զուգահեռներ անցկացնել նրա և Եվգենի Պաշկովսկու արձակի միջև. Հին Կտակարանից եկող ու սերնդեսերունդ անցնող ապաշխարության թեման ուկրաինացի գրողի ստեղծագործության բնորոշ հատկանիշներից է:
«Նարինջը» նովելը Հայաստանի երկրաշարժի պատմությունն է. ահռելի չափերի հասած ողբերգությունը տեսանելի է հոր և փոքր տղայի երկխոսությամբ, տղայի, որ երկրաշարժի փլատակների տակ է, և նրանց երկուսին մնացել է ընդամենը մեկ` իրար հետ խոսելու հնարավորություն: Այս նովելում միայն մեկ ընտանիքի օպտիկական չափերի այդպիսի նեղացումը հուզական-զգացմունքային ապրումների ուժեղ խտացում է: Հայրը, փորձելով աշխուժացնել փոքր տղային, անընդհատ ստիպում է նրան չթուլանալ, դիմակայել. «Դիմանալ է պետք, շնչահեղձությունը գլխիցդ հանիր, դու երկաթի նման առողջություն ունես, պարզապես դա անհամբերությունից է»: Տղայի շուրջը առնետներ են վխտում, նա ջուր է ուզում, նարինջ է գտել, հայրը, դրանից ուրախացած, որդուն պատմում է հրեշտակների մասին, որոնք օգնում են նրան, ասում է, որ տղան ինքն էլ է հրեշտակ դառնալու, ինչպես մայրիկն ու քույրիկն են դարձել: Այդ երկխոսության մեջ հայրը դիմում է այնպիսի հնարքների, որոնք այլ դեպքերում հակադաստիարակչական են, անթույլատրելի. «Դու կամքից ուժեղ ես, դու դիմացիր, հիշու՞մ ես գարնան մի տոթ օր մուտքում հանդիպել էիր գեղեցկուհի Մարիամին ու շրջազգեստն էիր բարձրացրել: Դու խիզախ ես, ամբողջ քաղաքում դա միայն քեզ է հաջողվել. տեսնել գեղեցկուհի Մարիամի սպիտակ հետույքը: Դրա համար քեզ գոտիով պատժեցի ու չէիր լացում»: Նովելում տեղի ունեցող դեպքերի համատեքստում նման երկխոսությունն ընկալվում է բոլորովին այլ կերպ: Հայրը, ակներև է, գիտի, որ իրեն չի հաջողվելու փրկել որդուն, այդ իսկ պատճառով բոլոր պայմանականությունները հօդս են ցնդում: Տղան լռում է, և փլատակների տակից դուրս գալով` թռչում է աքլորը. նկատի ունենալով գրողի մի քանի այլ պատմվածքներ` այս պատկերը ևս կարելի է մեկնաբանել որպես մարդու հոգու հեռանալն աշխարհից («Զանգը», «Երկու կրակոց»):
Իր նովելներում գրողն ընդհանրապես շեշտը չի դնում սոցիալական խնդիրների վրա. դրանք երկրորդական են նրա արձակում: «Հանգստյան շաբաթ» պատմվածքի սյուժեի հիմքում բաղնիքում զինվորի հանդիպումն է անբարո կնոջ` Յուլկայի հետ. հերոսը նրան պատմում է իր դժբախտ ընկերոջ` Մարգարի մասին, որը, զինվորական կարգուկանոնին չհպատակվելու պատճառով, չարչարանքների է ենթարկվում և դրանից հոգեկան խանգարում ստանում. ուտում է Աստվածաշունչը, որպեսզի «չարին քշի իր միջից»: Մթնոլորտը (չեֆիր խմելը, պատահական մերկ անառակը` միակը, որ հասկանում է ընկերոջը կորցրած հերոսի ցավը) ավելի ազդեցիկ է դարձնում պատումը: Ու թեև տեսարանը բավական բաց է, բայց և այնպես զերծ է մարմնական ցանկասիրությունից. գրողն այդ զրույցում հոգեկան մաքրություն և ներում է բացահայտում: Ոճական առումով ևս հաջողված է այն հատվածը, երբ տղան նկատում է Յուլկայի փորի ներքևի մասում կեսարյան հատման սպին. նա տեսածից զարմացած է, շփոթված, բայց կինը, կարծես դիմելով երեխայի, ասում է. «Ձեռքդ տուր, դնենք վրան, ծիտ կամ լոր բռնելու նման ափդ դիր ու կտեսնես, որ վախենալու բան չկա, սովորական կտրվածք է…. Պատահե՞լ է երեխա ժամանակ երդիկից իջած արևի շողքին սենյակում հետապնդես: Հաստատապես պատահած կլինի: Տուր ձեռքդ, շողքի հետ խաղալու պես հպվենք, ու ափիդ տակ ջերմություն կզգաս»: Բացի դրանից, այստեղ Յուլկայի ու տղայի մոր կերպարների փոխարկում տեղի է ունենում նաև. տղայի մայրը նույնպես կեսարյան հատման է ենթարկվել: Այդ պատճառով էլ նրա հոգեվիճակում զգացմունքային շատ նրբերանգներ են միախառնված: Հենց այդ նրբերանգներն են ընդգրկուն դարձնում պատմվածքը: Ժողովածուում կա նաև պատանիների սեռական հասունացմանը վերաբերող մի պատմվածք, որի սյուժեն, փաստորեն, հիմնված է նրանց անցումային շրջանի յուրահատկության վրա և ծավալվում է բացառապես նրանց հասունացման պատմության ֆոնին («Թիթեղյա տուփով կոնֆետներ»): Եվ բնորոշն այն է, որ պատմվածքը ծորուն չէ:
Այս գրքի «Հանգրվան» նովելում դեպքեր գրեթե չեն կատարվում. հիմնականում ներքին գործողություն է: Դա պատմությունն է մի տղամարդու, որն ուզում է մեռնել քրիստոնյային վայել` տանիքի տակ, բայց նա իր գլխին ծածկ չունի: Նա թափառական է. երկրաշարժից հետո այս աշխարհի դեմ հանդիման մնացել է մենակ: Ընդ որում, նրա կյանքի նախապատմությունը ներկայացված չէ. դա թողնված է ընթերցողին` մտածելու` արդյոք նա ունեցե՞լ է ընտանիք, թե` ոչ. այդ կերպարն այստեղ պարզապես մարդ է` պատահականության բերումով պոկված իր սովորական կյանքից: Հյուրանոցի հերթապահը հասկանում է, որ տղամարդը հանգիստ մեռնելու համար անկյուն է փնտրում և նրան գիշերելու տեղ է տալիս նկուղում, թեև տղամարդը վախենում է մկներից: Նա մեռնում է: Այդ նովելն անտուն, իր տեղը չգտած դժբախտ մարդու թախիծով է համակված: Ինչպես հանգրվանում, այս հյուրանոցում ևս կան բազում ճակատագրեր, որոնք ժամանակի միևնույն պահին պատահականորեն հավաքված են իրար գլխի:
Այդ միջադեպի ականատեսը լրագրողն է, որը թմրադեղով լի սրվակի օգնությամբ իր ներքին ցավից փախչում է մի այլ աշխարհ, որտեղ արհեստականորեն բթացած գիտակցությունը թվացյալ հանգստություն է գտնում: Բաց սրվակի հոտը և ձեռքի երակի մաշկի տակ սրսկումից բորբոքված կոշտուկավոր հատիկը` իր ինքնությունը, ինքը իրեն կորցրած մարդու իրականությունից փախչելու նշաններ են:
Դժվար է ասել, թե «Խնկի ծառեր» ժողովածուում որ ստեղծագործությունն է ավելի ուժեղ. այստեղ թույլ գործեր չկան: Լևոն Խեչոյանը տարբերվում է բառի, նրա նշանակության, գեղարվեստական խոսքի, կառուցվածքի ընտրության նկատմամբ ունեցած շատ ուշադիր վերաբերմունքով: Այդ գործերում զգացվում է արտահայտությունների խիստ ընտրություն, երբ գրողը, պիտանին զտելով ոչ պիտանիից, գեղարվեստական մտածողության խտացումներ է անում: Հատուկ ուշադրության է արժանի «Խոզը» պատմվածքը հատկապես այն պատճառով, որ այստեղ բովանդակությունը թաքնված է որոշակի ձևերի մեջ և դրան պետք է հասնել միջնորդավորված, տեքստում եղած որոշակի խորհրդանիշների միջոցով: Պատմությունը սկսվում է հորեղբայր Մուկուչի (նրա հետ էր նաև զարմիկը( բանտից գյուղ վերադարձով: Թե ինչու էր բանտ նստել, անհայտ է ընթերցողին: Պատմությունը սկսվում է հենց այդպես, հանկարծակի, առանց բացատրության: Գյուղ տանող ճանապարհին նա տեսնում է համագյուղացու մեռած մարմինը և խնդրում է իր զարմիկ փոքրիկ տղային մնալ մահացածի մոտ, քանի որ քրիստոնյային վայել չէ մահացածին թողնել ու հեռանալ, մինչ ինքը կկանչի գյուղխորհրդի նախագահին: Տղան վախենում է և փորձում է համոզել հորեղբորը, որ իրեն մենակ չթողնի, ու այդ ժամանակ հորեղբայրը նրան պատմում է բանտում իր հետ կատարվածը: Նա հանում է վերնաշապիկը և ցույց տալիս մեջքի դաջվածքը` հսկա ականջներով մի խոզ`տասը խոճկորների հետ: Մուկուչը ֆիզիկապես շատ է տառապել (այդ տարիներին դաջելը շատ ցավոտ գործողություն էր, որը, բացի ցավից, կարող էր նաև արյան վարակման պատճառ դառնալ), բայց դիմացել է` գիտենալով, որ դաջում են եկեղեցի, որի գմբեթների քանակը հավասար է լինելու բանտում անցկացրած տարիներին, ընդ որում, արժանապատվորեն ապրած (չէր ենթարկվել բանտի վարչությանը, նրա նկատմամբ ուներ արհամարհալից վերաբերմունք և այլն) տարիների քանակին: Հեղինակն այս ամենը չի բացատրում ընթերցողին: Սակայն իրականում Մուկուչի մեջքին խոզ են դաջում: Խիստ վայրի արարք, որի պատճառով նա պետք է սպանի նրանց, ովքեր այդպես են վարվել իր հետ: Բայց, ինչպես տեսնում է ընթերցողը, Մուկուչը վրեժխնդիր չի լինում, միայն տասը տարի է անցկացնում բանտում: Մյուս կողմից էլ այդ դաջվածքը կարող էին անել նրա` ոչ այնքան կարգին պահվածքի (օրինակ, նարդիի խաղում պարտվելիս պարտքը ժամանակին չտալու) համար: Մնում էր երկու ելք. կամ հնազանդորեն համակերպվել մեջքին դաջված խոզի պատկերին, կամ էլ իր նկատմամբ եղած արհամարհանքը վերացնելու համար քարով կամ ապակիով մաշկի հետ կլպել-հանել այդ պատկերը: Կարելի էր նաև դաջվածքն այրել շիկացած մեխով. շրջապատի կարծիքով` այդ ցավը մարդկանց մաքրում է: Սակայն ոչինչ չի կատարվում: Հորեղբայրը խոսում է վախի մասին. «Ո՞վ էր սպասում, որ սիրտն ու թիկունքը իրար այդքան մոտիկ, և դավաճանություն կատարվի: Նրանք դաջում են, ես` սպասում: Մի օր չէ, երկու օր չէ, նրանք դաջում են… Յոթերորդ օրն իմացվեց բաղնիքում: Տղաները շուրջդ կանգնած են, դու մերկ, մեջքիդ նկարը բոլորի աչքի առաջ, ստամոքսս բերանիցս դուրս էր թռչում: Տեսնո՞ւմ ես` չեմ վախենում, ապրում եմ»: Մուկուչի կարծես խաթարված հոգեվիճակը նովելի կառուցվածքի կարևոր հատվածն է: Մուկուչի զարմիկը (հայրական կողմից) ընկնում է հալուցինացիայի մեջ. դարձյալ անեծքի թեման` տոհմական ինչ-որ հին մեղքերի խարանը նրա վրա: Զարմիկը պարզորոշ թռչող կառք է տեսնում և վախեցնում է դասընկերներին իր տեսածով, այդ պատճառով նրան հեռացնում են դպրոցից: Մուկուչն էլ տեսնում է հունի մեջ հետ հոսող գետը, բայց նրան ոչ ոք չի հավատում, բոլորը նրան ծաղրում, «խոզ» են ասում: Միաժամանակ նկատելի է հորեղբոր քնքուշ, առանձնահատուկ սերը զարմիկի նկատմամբ: Պարզ է, նա հասկանում է, որ տղան էլ է ունենալու նույնպիսի դժվար կյանք, ինչպիսին իրենն է, և ասես տեսնում է նրա ապագան: Մուկուչը չի գտնում իր տեղը ո´չ բանտում, ո´չ էլ գյուղում. ոչ ոք նրան չի ընդունում: Նա կախվում է: Մարդկանց կողմից չընդունված այդ երկու անհատների ողբերգության մեջ երևում է գրողի սուր հայացքը. նա խորապես անհատականացնում, առանձնացնում է այդ հերոսներին` հակադրելով ամբոխին: Ի դեպ, մարդու և ամբոխի հակադրության թեմայով Լևոն Խեչոյանը գրել է մի նովել, որը, ինչպես գեղարվեստական արժանիքով, այնպես էլ թեմայով, աղերսներ ունի համաշխարհային գրականության արժեքավոր այլ գործերի հետ: Խոսքը «Ամբոխը» նովելի մասին է, որի կենտրոնում իր տիրոջը լքել չցանկացող Մորիկ անունով շունն է (տերը տեղափոխվում է և շանն իր հետ տանելու հնարավորություն չունի): Շան կերպարն այստեղ խիստ խորհրդանշական է. այն համարյա մարդացած է: Դա հստակ երևում է հովիվների հետ եղած կռվում, երբ վերջիններս իրենց շներին «քըս են տալիս» Մորիկի վրա, իսկ շները չեն կարողանում մրցել կատաղի Մորիկի հետ, որն ասես մարդու հայացք ունի, և նրա մասին ասում են. «Հողեղեն ոչ մի կենդանի այդպես ծաղկած բալենու ճերմակություն չի կարող ունենալ», կամ էլ «Քամին գրքի նման կարդացող շուն է»: Այդ նովելը հիշեցնում է Ուիլյամ Ֆոլկների «Արջը»ստեղծագործությունը, որտեղ երկուսի` մարդու և կենդանու կռիվը չափազանց անձնական հարթության վրա է: Հատկապես այդպիսի բախումների ժամանակ են բացահայտվում հզոր բնավորությունները: «Ամբոխը» նովելում հովիվներին օգնում է փոքրիկ պոչատ Զալիկը, որը, ներքևից ոտքերի արանքը մտնելով, որսում է Մորիկի ամորձիքը` անշնչացնելով նրան, հետո նրա վրա է հարձակվում է մինչ այդ վախեցած ողջ ոհմակը. «Ահագին ժամանակ մի քսան-երեսուն րոպե նրա երկինք պարզած ետևի ոտները դողում էին, իսկ ոհմակը գտել էր նրա քներակը, կոկորդը բերանն առած խեղդում էր: Մորիկի գույնը փոխվեց, մարմինը ստվերի նման դարձավ առանց ծավալի ու թեթևացավ… Գարնանը ոչ մի սպիտակաթերթ բալենի չծաղկեց»: Այդ նովելը կարելի է համարել գրողի ճշգրիտ խորհրդանշական ստեղծագործություններից մեկը` Մորիկի կերպարում տեսնելով ամբոխից պարտվող միայնակ ուժեղ մարդու ողբերգությունը:
Լվովի «Ե» գրախանութում այս գրքի շնորհանդեսին թարգմանիչ Անուշավան Մեսրոպյանն ասաց, որ Լևոն Խեչոյանը սկզբում այրել է «Խնկի ծառերը», հետո վերականգնել: Այսինքն` ընթերցողին հասածը հիշողության վերականգնում է: Սա սյուժետային ու ոճական ընդհանրություններ ունի վիպակի ու փոքր արձակի հետ, որ նաև հոգեկան-հուզական տրամադրություն է հաղորդում: Ստեղծվում է այնպիսի տպավորություն, ասես Խեչոյանի պատմվածքներն ունեն ներքին ընդհանուր թեմայով շաղկապված արմատներ և ընդհանուր սյուժե, որ միավորվում են մեկ ծավալուն ստեղծագործության մեջ: Դրանք հուլունքներ են, որ, կորցնելով իրենց կապող թելը, թափվում են տարբեր կողմեր` թողնելով հպանցիկ հիշողություն միմյանց մասին. դրանք մի մեծ ստեղծագործության մանր պատմություններ են: «Խնկի ծառեր» վիպակն այդ միահյուսված ընթացքի վկայագիրն է: Դրանք նաև մեկ տոհմածառի զորությամբ միավորված մարդկային կյանքի առանձին պատմություններ են: Այս ստեղծագործության տարբերակիչ ուժը, ինչ խոսք, հերոսների կովկասյան աշխարհայացքն է: Պատումի ոճական կառուցվածքը որոշ հատվածներում հիշեցնում է առակի կամ դրան ավելի մոտ` հեքիաթի ժանրի: Շուշան նախամոր (տոհմի հիմնադիրը()տոհմից առաջացած տղամարդկանց պատմությունը հյուսվում է այնպես, որ թվում է, թե այստեղ հոր թիկունքին Աստված է կանգնած: Ավանդույթները, տոհմական հարգանքը մեծի, հյուրի նկատմամբ պատումի համատեքստում միանգամայն բնական են: Դա է վկայում տունը կառուցելիս Խեչոյի պապի մեծ տան պատի ճակատին գրված խոսքը. «ԱՅՆ, ՈՐ ՍՈՒՏ ԱՍԵ ԿԱՄ ՄԱՐԴՈՒ ԳԵՇ ԱՍԵ ԿԱՄ ՀՅՈՒՐԸ ԽԱՐԴԱԽԵ, ԱՅՆ ԻՄ ՈՐԴԻՆ ՉԼԻՆԻ»: «Խնկի ծառեր»-ում պատմվող դեպքերը կհետաքրքրեն նրան, ով կարոտ է ժողովրդի հազարավոր տարիների կենսափորձից ծնված ուժեղ մտքի, նրան, ով կարող է զգալ մարդուն և հիանալ հերոսների պարզությամբ, ինչն էլ նրանց կյանքում ուժեղ է դարձնում: Մեր այսօրվա գրական պրոցեսում այդպիսի տիպական կերպարներ չկան: Ինչ-որ ժամանակ դրանք կային, կարելի է հիշել արձակագիրներ Ուլաս Սամչուկի[7] Մատֆեյին «Վոլին» և Օլգա Կոբիլյանսկայի[8] Յուլիանի հորը «Տառապյալների առաքյալ» վեպերից:
«Խնկի ծառեր»-ի պատումի սկիզբը կապված է ծեր Խեչոյի մահվան հետ: Նա կյանքից հեռանում է Սկովորոդայի[9] նման. «Մի օր ծերացած Խեչոն տղաներին ու հարսներին հանդ է հանել ու, պարագլուխ անցնելով, քոչարի է պարել: Պարելուց հետո գնացել է ջրաղաց, քնել է ու էլ չի արթնացել: Հետո պապս քոչարիի մասին պատմելիս, Խեչոյի ասածին թե. «Քոչարին ռազմական պար է»,- ավելացնելու է. «Քոչարին չմոռանաք, մերոնք այնտեղ այդ պարը որպես առյուծի կաթ էին ըմպում, և հիշեք` Շուշան նախամոր գալստյան ժամանակ նրա սպիտակ ձիու պոչն արյունոտ էր, ու նա գնաց այդ արյունը մզկիթների պատերին մաքրելու»: Վիպակում կան ազգամիջյան փոխհարաբերությունների դրոշմը կրող շատ դեպքեր, որոնք ճեղքում- անցնում են պատումի կուլիսները: Հիշենք եղբայրներներին, որոնք նեղացած են Մարգարից, քանի որ ամուսնանցել է վրացուհու հետ, և «խաչը ջուրը գցելու» ժամանակ մի կրակոցով սպանել վրացի քահանային, որպեսզի առաջինը հայ քահանան խաչը գցի այնտեղ, որտեղ ուզում է. դա նաև խորհրդանիշն է Շուշան նախամոր արյունոտ պոչ ունեցող սպիտակ ձիու, որը գնում է` այդ արյունը մզկիթների պատերին մաքրելու և այլն: Նմանատիպ հակասությունները այս ստեղծագործությունը հարստացնում են: Սպանության համար Մարգարը 25 տարի պատիժը կրում է Մագադանում, իսկ երբ վերադառնում է, երեխաներին պատմում է բանտից իր փախուստի պատմությունը. իբր ինքը մի քանի տարի գուլպաները ոտքերից չի հանել, իսկ հետո որպես ռումբ շպրտել է պահակախմբի վրա, որոնք ոչնչացել են, իսկ ինքը փախել է և դրանից հետո ավելացրել է. «Բան էլ չեք հասկացել, կարևորը փախչելը չէ, կարևորը մտածելն է, գլխավորը փախչել կարողանալու հնարն է ու բանտարկության տարիներին հաղթելն է… հասկացա՞ք»: Մարգարն արտիստիկ խառնվածք ունի. այդ պատմություններով նա փախչում է իրականությունից: Ի դեպ, այստեղ կարելի է հիշել Սերգեյ Փարաջանովի բանտային կյանքից մի դրվագ, երբ նա հին գուլպաներից վարդ էր պատրաստում (դա, ակնհայտ է, նույնպես փախուստի մի ձև է):
«Խնկի ծառեր» անվանումը իմաստային առումով բավականաչափ բաց է, ընդ որում` տարբեր մշակույթներում ընկալվում է տարբեր կերպ: Եթե ուկրաինական մշակույթում խունկը չարը խափանելու իմաստ ունի, ապա հայկական մշակույթում գերեզմանոցում խունկ ծխելը նշանակում է հանդիպել մահացած մարդկանց հոգիներին: Մարգարի եղբոր` Արարատի մահվան դրվագը սյուժետային զարգացման մեջ սկզբունքորեն բացահայտում է ստեղծագործության հիմնական իմաստներից մեկը: Կացինն առած` նա բարձրանում է Խնկի ծառը` կտրելու չոր ճյուղերը, և ծառից ընկնում է, իսկ կացինը խրվում է կոկորդը. «Ինքն իր արյունը կուլ տալով խեղդվել է`ողբալի ցավի սահման գծելով իր ոգու և ապրողների միջև: Պապս կտրել է ծառը ու բնի վրա կրակ է վառել, որ էլ չկանաչի: Ու ծառը չի հանգել, մինչև մեր տոհմի վերջին մարդը, ծխացել է»: Խնկի ծուխը մահացածների հետ երկխոսության ձև է, հետևաբար, եթե տոհմի ժառանգը ողջ չէ, հասկանալի է, այդ խոսակցությունն ընդհատված է երկու աշխարհների միջև: Խորագիրը չափազանց շատ իմաստներ ունի, այդ իսկ պատճառով բավական բաց է:
Այստեղ կուզենայի նշել մեկ նկատառման մասին ևս` շեշտադրումը տղամարդկային սկզբի, որը մշտապես ընդհատվում է պատումի մեջ: Օրինակ` թոռները հպարտանում են, որ պապը կարող է նալը ծռել, պապը հպարտանում է Բախտիար եզով, որը ջարդում է իր ախոյան եզան վիզը, Սերոբին բռնացնում են աղջկա հետ, և հայրը որդուն մտրակով ծեծում է այնպես, որ «քթից տղամարդու սև արյուն է գալիս»: Հայ ժողովրդին բնորոշ կովկասյան տաքարյունությունը, որը երևում է վիպակում տարբեր դեպքերից, հնարավոր չէր, որ վրիպած լիներ հեղինակի ուշադրությունից, երբ տղաները, աղջիկների համակրանքին արժանանալու համար, ընկնում են ձիերից` ջարդելով ողնաշարերը, իսկ հետո. «…անդամալույծ, անշարժ տղաները տեղաշորով պառկում էին թախտերին ու ամբողջ կյանքում նայում օդաների մարդակների արանքից` տրփագին կատուների ու քամիների շարժումից շռռալով վազող հողին…»: Նրանք պատանիներ են, որ, աղջիկներից ստանալով առաջին կրքոտ համբույրը, խանդից իրար փոր են պատռում: Վիպակում կան ազգագրական նյութով շաղախված պատմություններ, և գրողը, դրանք իրար միահյուսելով, ստեղծում է իր արձակ պոեզիան. « …մեր չբեր հարսներից մեկը տերտերի օրհնած ցորենից վերցրել է մի բուռ ու զարդարված Բախտիարին տարել է մինչև գետը` գարնան առաջին ձնհալ ջրերով ջրելու: Գարնան հևքից քրտնաթոր, բռան ցորենը լցրել է գետը, որ ուրախ, առատ բերքի տարի լինի, կանանց ու անասունների բեղմնավորման տարի»: Իսկ սովորական առումով վիպակը հագեցած է բարդ պատկերներով, ինչպես, օրինակ, երիտասարդ զույգի ամոթը կոտրելու տեսարանը, որ հեղինակը նկարագրում է այնքան վառ ու կենդանի, շարժման մեջ`ստեղծելով այնպիսի տպավորություն, ասես այնտեղ, նրանց` հերոսների հետ ես: Փոքր տղայի աչքերով Հայացքը աշխարհին շատ կենդանի է դարձնում վիպակի կերպարների աշխարհը. ընթերցողի հայացքի առջև մեծանում է տղան. «Երբ նա գիշերանոցն էլ հանեց, իմ վրա հաճելի մի սարսափ իջավ, մեջքս տաք քրտնել էր, ու ես դողում էի: Ստինքներն այնպես մեղմ էին երերում նրա շարժումներից ու այնպես նրբորեն էին ճապաղել իրենց ծանրությունից, կարծես իմ ու Զաքարի ողջ կյանքն էր խեղդվում նրանց մեջ»:
«Խնկի ծառեր» վիպակը կոլորիտային է` հագեցած ազգային նիստուկացի բանաստեղծականացման ուժեղ պոռթկումով, որով ներծծված են ողջ պատումի ոչ միայն երկխոսությունները, այլև հայ գյուղացիների պատկերավոր մտածողությունը, աշխարհընկալումը, որ Լևոն Խեչոյանի արձակի առանձին հատվածներում գաղտնագրված են: Հիշենք այն դրվագը, երբ ծեր պապը թոռանը սովորեցնում է լսել գայլերի սիմֆոնիան, նրանց մարտականչը, և փոքր տղային պատմում է իրենց լեռների մասին. «Այսպիսի մի գիշեր էլ Տարիելին եմ սովորեցրել գայլերին ականջ դնել և դիմանալ լուսնի այրոցքին… Արիացիր, քեզ դեռ հարկավոր է խորաթափանցություն` լեռների շարժումը տեսնելու համար: Մեր լեռները քայլել գիտեն…»: Վիպակում արտասովոր արձակին բնորոշ հատվածներն իրենց աշխարհաճանաչողական մակարդակով որոշակիորեն տարբերվում են ուկրաինական գրականության մեջ եղած նման ոճական մեթոդից: Եթե վերջինում արտասովոր արձակն ունի առավելապես (ուշադրությո¯ւն` ոչ միշտ) հեգնական, ծաղրալից տոն, ապա «Խնկի ծառեր» վիպակում պաճուճագեղությունը երևում է անսովոր պատկերներով, որոնք ավելի շատ նման են գոթական տեսարանների. «Գիշերվա կեսին գյուղում սահմռկեցուցիչ մի ճիչ է լսվել… Ում ալրմաղը պատից կախված է եղել, տարուբերվել, ընկել է ցած: Ով գիշերը խմոր է հունցել, որ առավոտյան հաց թխի, մարդակների արանքից հողը շռռալով լցվել է խմորի տաշտը: Ով կճուճների մեջ մածուն է մերել, որ առավոտյան գութանավորին ուղարկի, կտրվել կարմիր ջուր է դարձել: Ով եզ է ունեցել գոմերում կապած, արյան հոտից խելագարված շղթաները կտրել, փախել են դաշտերը, իրար պոզահարել: Մեր ջրաղացի գետը լցված արյունը հոլուղի մեջ մակարդվել է, ու ջաղացը կանգնել է…»: Նման արտասովոր հատվածում այսպիսի ահասարսուռ պատկերի արտահայտիչ ժայթքումը վկայում է ժողովրդի ընդերքում փայփայվող հենց այդ գեղագիտության մասին: Այս հատվածը մոտ է հեքիաթի (կովկասյան) ժանրին, ուր նկարագրվում է հերոսի հանդիպումը հանդերձյալ ահարկու աշխարհի հետ, որին նա պետք է հաղթի: Այդպիսի հեքիաթներ չի կարելի կարդալ երեխաներին:
Վիպակի հետաքրքիր թեմաներից մեկն էլ գյուղացիների գիտակցության վրա նոր հովերի ազդեցությունն է, որ, վերջիններիս կարծիքով, ավերում է նրանց կյանքի ավանդական հիմքերը: Ի հակադրություն մյուս հերոսների` Օնան պապը լի է նահապետական վեհությամբ, նա իր մեջ կրում է տոհմի փորձը` ի տարբերություն խորհրդային իշխանավորների: Շատ պերճախոս է Օնանի արհամարհանքը. երբ սովի ժամանակ փորձում են նրանից խլել խոտը, նա իշխանության ներկայացուցիչ Մանուկին ասում է. «Լացկան Լևոնի տղա Մանուկ, էդ ե՞րբ իշխանության տեր դարձաք: Հայրդ էրգրում լացում էր, տանից դուրս չէր գալիս, թե` արևից վախենում եմ»: Այստեղ վեճը ձեռք է բերում անձնական բնույթ, որի մեջ ընթերցողը տեսնում է ողջ ծաղրը իշխանության հանդեպ, որը գենետիկորեն ինքնին այլանդակություն է: Այն դրսևորվում է նաև այն հատվածում, որտեղ Բերիայի կնոջը հաճոյացող գյուղական ոստիկանը, նրա տված կոշիկը պահում է սեփական ատրճանակի պատյանում` ատրճանակի փոխարեն, իսկ գյուղացիները հավատում են, որ այդ կոշիկը կրակում է: Այս խորհրդանիշը շատ ուժեղ է. դա դահճի կնոջ հովանավորությունն է: Այս առումով վիպակը կարելի է համեմատել Օթար Չիլաձեի* «Գոդորի» վեպի հետ, որտեղ վրացի գրողը նկարագրում է խորհրդային իշխանության ստեղծած Չեկայում ախտածին տականքների ծնունդը: Այդ դեպքում, եթե պատումի մեջ փնտրենք Եվա Թոմպսոնի** մեթոդոլոգիայի հետքերը, ապա կբախվենք հետաքրքիր պատկերի. քննիչներից մեկը, որը Թբիլիսիից գալիս է գործը քննելու, կրծքին թռիչքի պահին ահռելի բաց երախով առյուծի դաջվածք ունի: Բանտային դաջվածքով ինչ-որ քննիչ, որ սպառնալիք է մարդու, աշխարհի հանդեպ: Իշխանությունն այստեղ բացառապես ախտաբանական բնույթ ունի:
Այս գյուղի մարդկանց փակ աշխարհը մեծ աշխարհի հետ բախմանն արձագանքում է շատ հիվանդագին: Դա երևում է գյուղ ռադիոընդունիչի մուտքի, ինչպես նաև Խելառ Օնանի հոր մահվան դրվագներում. (այստեղ թարգմանչի վրիպակ կա, քանի որ դա Խելառ Օնանի հոր մահվան դրվագը չէ, այլ տղայի՝գլխավոր հերոսի:- Նոր Խոսք) վերջինս ուզում է մահվանից առաջ տեսնել Տաշքենդում ապրող իր հարազատ որդի Գևորգին (այստեղ թարգմանչի վրիպակ կա,Գևորգը ոչ թե տղայի հոր որդին էր, այլ եղբայրը:- Նոր Խոսք), Սաշա անունով նրա որդուն: Խելառ Օնանը մեկը մյուսի հետևից հեռագրեր է ուղարկում նրան, որոնց պատասխանն այդպես էլ չի ստանում, և նա «ատեց Տաշքենդ քաղաքը, որտեղ խարտյաշ մազերով սաշաներ են ծնվում, որտեղ արյան կանչը մեռնում է շեկ ավազների մեջ»: Այդ «արյան կանչը», տոհմը, ընտանիքը, հերոսների փոխհարաբերությունները Խեչոյանի արձակի անհրաժեշտ տարրերն են:
Լևոն Խեչոյանը տարեգիր է, որ գեղարվեստի պրիզմային բնորոշ յուրահատկությամբ կենտրոնացնում է հայացքը մարդու ճակատագրի վրա, գյուղացի փոքր մարդու, որ իր մեջ կրում է մի ողջ աշխարհ և անքակտելիորեն կապված է մարդու մեջ մարդկայինը սահմանող իր նախնիների երկրին: Հայ արձակագրի ստեղծագործությանը բնորոշ են սահմանաբաժանային իրավիճակները. եթե մարդն ինքը ընտրություն չի կատարում, նրա փոխարեն դա անում է մեկ ուրիշը: Լևոն Խեչոյանի ստեղծագործության տաք աշխարհում նրա հերոսները տառապում են, և այդ տառապանքը բացահայտում է նրանց հոգին:
[2] Վյաչեսլավ Մեդվեդ (ծնվ. 1951թ.), ուկրաինացի արձակագիր, էսսեիստ:
[3]Վասիլի Պորտյակ (ծնվ. 1952թ.), ուկրաինացի արձակագիր, էսսեիստ:
[4]Մերաբ Մամարդաշվիլի (1930-1990), վրացի փիլիսոփա:
[5] Դմիտրի Չիժևսկի (1894-1977), ուկրաինացի գրականագետ:
[6]Գրիգորի Տյուտյուննիկ (1931-1980), ուկրաինացի արձակագիր:
[7]Ուլաս Սամչուկ (1905- 1987), ուկրաինացի արձակագիր:
[8]Օլգա Կոբիլյանսկի (1863-1942), ուկրաինացի դասական գրող, արձակագիր:
[9]Գրիգորի Սկովորոդա (1722-1794), ուկրաինացի լուսավորիչ, հումանիստ:
Թարգմանությունը` Ալլա Սահակյանի