Էրիկ Բեկնազարյան | Բոլոր արահետները

Աղջիկը (հայուհին)

– Էսօր տեսա նրան: Կարծում էի էլ երբեք չեմ տեսնի, անցել են երկար ամիսներ, գուցե տարիներ, բայց էսօր, էս անիծված օրը շուկայից ականջակալներ գնելիս կրկին տեսա նրան: Կարծում էի, թե նա մեռել է, գետնի տակն է անցել, գրողի ծոցն է կորել, ուր որ է, մենակ թե չերևար:
Ես ոչինչ չգիտեի նրա ճակատագրի մասին: Համալսարանն ավարտելուց հետո ես շարունակեցի ուսումս, իսկ նա՝ չգիտեմ: Ասենք նա համալսարանում էլ հազիվ էր մնում, մի քանի անգամ փորձել էր դուրս գալ, հեռացվել, բայց կարծեմ ինչ-որ կապեր կային, որ հետ էին պահում նրան: Այլևս չկային: Ոչ ոք իրոք չգիտեր՝ նա ինչով է զբաղվում:
Տեսա նրան, ու հին հիշողությունները թունդ գինու պես գլխիս խփեցին: Չնայած երբեք էլ գինի չեմ սիրել: Մենակ ծնունդների ժամանակ ու նոր տարուն, մի երկու անգամ, տնական գինի էր: Բայց պապիկս ամեն անգամ գինի քաշելիս պատմություններ էր անում դրա էս կամ էն բանի մասին, ու ես լսում էի դրանք որպես մի ուրիշ աշխարհից եկած նորություններ, որովհետև ուրիշ ոչ ոք ինձ հետ այլ՝ ոչ առօրեական բաներից չէր խոսում: (Ոչ ոք բացի նրանից, ում տեսա էսօր): Էդպես օրինակ ես գիտեմ, որ գինին գլխին է խփում, օղին ոտքերին, շամպայնը ոչ մի բան է, բայց եթե շատ խմես՝ գինու աչքն էլ կհանի, օղունն էլ հետը: Բայց էդ ժամանակ ես դեռ չգիտեի՝ ինչ է նշանակում «գլխին խփել»:
Նա նույնն էր, ասես չէր փոխվել: Չգիտեմ, դժվար է բացատրել: Նա ոնց որ փոխվել է, ինչ-որ մի մասնիկ ասես փոխվել էր նրա մեջ, բայց երբ արագորեն անցա կողքով էնպես, որ ինձ չտեսնի, նրանից նույն այն ոգին էր ճառագում, ինչ էն ժամանակ, երբ…
Քայլում էր երկու հոգու հետ: Կենտրոնում չէր, որովհետև չէր սիրում կենտրոնից քայլել: Երկու տղաները, որ քայլում էին նրա հետ զրույցի բռնված ինչ-որ բան էին քննարկում: Խոսում էին երևի մեքենաների մակնիշներից կամ աղջիկներից: Նա ձևացնում էր, թե լսում է, իբր մասնակցում է խոսակցությանը, բայց իրականում էդպես չէր: Ես նրան լավ գիտեմ: Նա խաբելով ինձնից կորզեց իմ առաջին, ամենամաքուր, կուսական համբույրը: Նա համբուրեց շուրթերս:
Այսպես՝ նա չէր մասնակցում խոսակցությանը: Ես վստահ եմ դրանում, որովհետև եթե նրանք մեքենաներից էին խոսում, ապա նա ոչինչ չէր հասկանում մեքենաներից, որ խոսեր, իսկ թե աղջիկներից էին խոսում, ապա աղջիկների մասին նրա պատկերացումը հաստատորեն տարբերվում էր իր զրուցակիցների պատկերացումներից: Դա էլ գիտեմ:
Նա թեթևակի, գրեթե աննկատ նայում էր շուրջը, ասես ինչ-որ բան էր փնտրում: Նա միշտ էդպես էր անում, նա միշտ կարծես ինչ-որ բան էր փնտրում: Ծխում էր ու ծուխը փչում կողքի, որ փչելուն զուգընթաց կարողանա աննկատ շուրջը նայել: Զրուցակիցների հարցերին կարճ պատասխաններ էր տալիս՝ հա կամ չէ, իսկ թե խոսում էլ էր, մեկ է, չէր նայում նրանց: Էդ ամենը չէր հետաքրքրում նրան, նա անտարբեր էր ընկերներին, զրույցներին, զբոսանքին: Ասես պարզապես օտար երկրից ժամանած հետախույզ լիներ, որ ուսումնասիրում էր շուրջը ու էդ ամենը տպագրում հիշողության մեջ: Ես ասացի օտար երկրի՞ց: Ոչ, օտար մոլորակից: Ես ատում եմ նրան, էդ հիվանդ տղային:

Հիվանդ տղան

Երբ բանը հասավ ամենածայրահեղ կետին, թողեցի ամեն բան ու սկսեցի հեռանալ: Սկզբի համար ոտքով հասա մինչև Հաղարծին ու էնտեղ երկու օր անցկացրի: Մի տեսակ սիրում եմ էդ գյուղը, դեպի նրան տանող ճամփի գետակն ու քարերը, ու մի բան կա էնտեղ՝ դպրոց է, Ջալխեջի դպրոցն է, որը շրջապատված է ցանցավոր վանդակներով, ու երեխաները դասամիջոցին դուրս են գալիս խաղալու կամ հանգստանալու, ու վազվզում են մինչև ցանցավոր վանդակները, որը պաշտպանում է նրանց արտաքին աշխարհից: Դա լավ է, որ կան վանդակները. բոլոր երեխաները մեռնում են արտաքին աշխարհում:
Հետո ճամփին պատահած մի մեքենա նստեցի: Վարորդը քիչ թե շատ հաճելի կարգին մարդ էր, համենայն դեպս՝ տանելի: Ճանապարհին մի քանի լավ երգեր էինք լսում, ասենք՝ Hozier-ի movement-ը, հետո ընկավ Jim Croce-ի roller derby queen-ը ու էլի մի քանի բան, որոնք հիմա թռել են մտքիցս: Ուզում էի, էնպես էի ուզում շնորհակալություն հայտնել նրան էդ երաժշտության համար, մինչև հասկացա, որ դա ընդամենը ռադիոն էր, ոչ թե նրա երգացանկը: Հետո կանգ առանք մի գազալցակայանում, որտեղ վարորդը ծխեց ու սիգարետը բերանին մտավ զուգարան, իսկ ես նստեցի եզրաքարին ու մի ծխախոտ էլ ես վառեցի: Հետո գազալցակայանի շունը մոտեցավ, ու ես նրա գլուխը թևից տակ առա, իսկ նա դունչը դրել էր ծնկներիս ու մի տեսակ տխրությամբ մերթ նայում էր ինձ, մերթ փակում աչքերը: Երբ գազը լցված էր, վարորդը վճարեց ու նշան արեց, որ գնում ենք արդեն: Ես թողեցի շանն ու մեքենան նստելուց առաջ կռացա նրա վրա ու ականջին շշնջացի, որ հանկարծ չտխրի, թեպետ ինքս էդ պահին մեռնելու տրամադրություն ունեի:
Երբ հասանք Դիլիջանի ոլորանները, իջա մեքենայից: Վարորդը հարցնում էր, թե ինչ եմ անելու էս ճամփի կես տեղը: Ասացի, որ պայմանավորվածություն ունեմ, պետք է գան հետևիցս: Ես իհարկե չունեի նման ոչ մի բան: Բայց միտք էր հղացել: Նայեցի ձախ ու որոշեցի, որ պետք է մոլորվեմ Դիլիջանի անտառներում: Մտա անտառ ու քայլում էի առանց ուղղության ու նպատակի, բայց գիտեի, որ ինչ-որ մի տեղ պետք է հասնեմ՝ ասենք մոգական մի տեղ: Բայց չեղավ: Մի քանի ժամ հետո սովից սատկում էի: Ստամոքս գրմռում էր, թուքս չորացել էր: Մի տեսակ տհաճ ամայություն էր մտել բերանիս մեջ, որը կոկորդիս միջով անցնելով հասնում էր մինչև հոգուս խորքը: Մի երկու տերև ծամեցի համը փորձելու համար: Թթու էր: Հետո ինչ-որ ձև, չգիտեմ ինչպես անտառից դուրս եկա վերադառնալով մի տեղ, որը կարելի էր և քաղաքակրթություն անվանել: Ճամփի վաճառականներից սիմինդ առա ու բրդուճներ, որ իրենց ընդմիջման համար էին պահել, ու շարունակեցի շարժվել:
Դիլիջանի կենտրոնում էի, էն կլոր շրջանի մոտ, ուր Մհեր Մկրտչյանի արձանը կա: Փաստորեն անտառի միջով քայլելիս նահանջել էի: Կանգնել էի շրջանի մոտ ու չէի կողմնորոշվում ուր գնալ՝ Երևան թե Վանաձոր: Բայց Երևանում եղել էի արդեն՝ դա արևածագին էր:
Քայլեցի Վանաձորի կողմը: Քայլելիս հանկարծ միտքս եկավ, որ էնտեղ մի մոգական գյուղ կան՝ Մարգարտաշեն էր անունը կամ նման մի բան: Էդ գյուղում ու շուրջբոլորը արձակ դաշտավայրեր էին, հովիտներ ու մարգագետիններ: Մի քանի օր ոտքով ու տասը րոպեանոց մեքենաներով շարժվեցի դեպի էդ գյուղը, ու երբ հասա, որոշեցի մնալ: Անունը Մարգահովիտ էր: Իմ առջև արձակ դաշտ էր փռված: Պառկեցի էդտեղ մի քանի շաբաթ: Գուցե ամիս: Ամայություն էր ու մենություն, ես ինքս ինձ հետ էի, բայց այն չկար:
Գուցե ամիսներ էին անցել, երբ վերադարձա իմ քաղաք: Չգիտեմ՝ ոչ ժամացույց ունեի, ոչ օրացույց, իսկ ժամանակի զգացողությունս կորցրել էի դեռ առաջին օրերին: Զարմիկս իր ընկերներից մեկի հետ դիմավորեց ինձ, մի քիչ քայլեցինք: Գլուխս պայթում էր ու պտտվում քաղաքից, քաղաքի ասֆալտից: Ջղաձգված էի: Չեմ սիրում քաղաքը, երբեմն չեմ սիրում: Կարծում եմ սիրում եմ նրա՛ն՝ այլուհի աղջկան:

Կես հայուհի աղջիկը կամ այլուհին

-Որոշեցի թողնել գեղասահքն ու բանկային գործ սովորել: Ոչ մի հայ գեղասահորդուհի մինչև հիմա բանի չի հասել, ես ի՞նչ պիտի անեի: Պետք էր պիտանի մի բան սովորել, փող աշխատել, հակառակ դեպքում… չէ՜ մի, ամուսնանամ ու նա հոգա ծախսերս: Ստրկություն: Բայց հնարավոր է, որ նա իսկապես սիրում է ինձ և, որ ես էլ իրականում սիրում եմ նրան: Հնարավոր է, որ իմ միակը հենց նա է. ասում եմ սա ու հիշում Հախվերդյանի այդ երգը: Ասում է՝
«Նա է իմ միակ, միակ իմ սերը
Եվ իզուր են ձեր դատարկ խոսքերը
Դուք ասում եք ինձ, որ դա դա դա, դա դա դամ…»:
Երևի: Հենց մտածում եմ նրա մասին հիշում եմ էս երգը, բայց նման զգացողություն չեմ ունենում: Զգացողություններին չգիտեմ՝ պետք է վստահել, թե չէ:
Հա, նա ինձ կօգնի բանկային գործ սովորել, հաստատ կօգնի, ու ավելի կարևոր մի բան՝ նա հաստատ կուրախանա, որ որոշել եմ դրանով զբաղվել: Չէ որ ինքն էլ բանկում է, արդեն վարկային բաժնի պետ է: Ճիշտ է՝ բանկը փոքր է: Էհ՜, ինչ արած, նա էսպես ասած մի փոքր թագավորության տերն է: Իսկ ես կուզեմ դրա տիրուհին լինել, երբ բանկային գործ սովորեմ: Համ էլ մենք սազում ենք իրար. երկուսս էլ բարձրահասակ ենք, ու նա սիրուն է, մենք սիրուն զույգ կլինենք: Նա քաղցր օծանելիք է ցանում, սիրուն, կոկիկ սանրվածք ունի, ու նրա բանկային մուգ կապույտ համազգեստը ոնց որ հենց նրա համար կարված լինի: Նրա հետ լավ նկարներ կստացվեն:
Բայց այսօր ուզում եմ վազել: Կամ չէ: Կսպասեմ այգաբացին, ու հենց արևն ուզենա ծագել՝ դուրս կգամ վազելու: Ինձ թվում է՝ մաման դեմ չի լինի: Եթե չթողնի կասեմ, որ իրիկունը նրա համար աստղաձև բլիթներ կթխեմ: Մենակ մի բան չգիտեմ. հիմա քնեմ ու արևածագին զարթնեմ, թե սպասեմ: Հմմ… չէ, շուրթերս եմ կրծոտում, եղունգներիս չհասնեմ հանկարծ, եղունգներս պետք է լավը լինեն: Ուրեմն էսպես՝ ավելի լավ է՝ սպասեմ, թե չէ ես գիտեմ ինձ, եթե քնեմ երևի էլ չկարողանամ ժամանակին վեր կենալ:

Բանկային աշխատողը

-Էսօր հաշվետվության օր է: Մինչև օրվա վերջ կառավարչին պիտի զեկուցեմ արդյունքները: Ոնց են նյարդայինացնում սենց օրերը «Պարոն Խալաթյան, էս ամիս արել ենք էսքան բաները՝ թվերով ներկայացված… տոկոսային հարաբերությամբ… նոր վարկատեսակը արդարացնում է իրեն, այսինքն դեռ շուտ է դրա մասին խոսելը, բայց բանը նրանում է, որ խայծը վերցրել են» : «Դե հա խայծի նման է, կառավարիչ ջան, որովհետև, եթե մյուս ամիս չփոխենք գոնե փաստացի տոկոսադրույքը կամ ինչ-որ այլ հնարք, ապա խոշոր հաշվով տրված վարկերը պիտի որ գերազանցեն ավանդները: Ու դե հասկանում եք, պարոն Խալաթյան, թե ինչ կլինի»: Բայց դժվար թե հասկանա, պիտի մանրամասն բացատրեմ. «Իհարկե, ինքս նոր առաջարկներ ունեմ, պարոն Խալաթյան. տրամադրել վիզա ու մաստեր քարտեր՝ առաջին տարին անվճար, իսկ հետո ամսեկան ասենք մի հինգ հարյուր կամ վեց հարյուր, բայց տարվանը միանգամից կգանձենք ու սկզբում: Կարծում եմ՝ էդպես կշահենք երկարաժամկետ հատվածում»:
Բայց չէ է՜, միանգամից երկու նոր ծրագիրը, ու երկուսն էլ հիմնված երկարաժամկետ հատվածի ու մեր բանկից կախվածություն ստեղծելու վրա, մի քիչ ռիսկային է: Չէ, պետք է մի լավ տնտղել սա, մինչև նրա մոտ մտնելը: Բայց լավ է, որ հենց ինձ հանձնարարեցին էս գործը, սա առաջխաղացման հնարավորություն կտա, վատագույն դեպքում դե գոնե աչքի կընկնեմ պետերի մոտ, կտեղափոխվեմ մի ուրիշ մասնաճյուղ: էս ամենը պրծնելուց հետո արժի հանդիպել գեղասահորդուհու հետ. մի քիչ միամիտ է, մի քիչ էլ անմիտ, բայց լավիկն է: Ասենք՝ աղջիկը էդպիսի բան է, բան չկա, բայց նման մի բան, եթե հենց հիմա ինձ բարձր պաշտոն առաջարկեն, ի՞նչ, պիտի մերժե՞մ, իհարկե չէ: Իսկ եթե էդ սիրունիկ աղջիկը հավանում է ինձ, ես էլ իրան երևի հավանում եմ, պիտի մերժե՞մ, էհ՜, սիրելս որն է, գործերիս հաջողության համար անհրաժեշտ է, որ կողքիս գեղեցիկ կին լինի, երբ պաշտոնս բարձրացնեն պաշտոնական հանդիպումներին էդ ինձ պետք կգա, գործն էդպես է արվում, առք ու վաճառք առանց խորանալու:

Պարոն Խալաթյանը

-Էս ամիս ոնց որ լավ ենք պրծել, հաշվետվությունները վատը չեն, արդյունքը՝ դրական: Եթե հաջողվի մեր բանկը լավագույն եռյակի մեջ կմտնի, եթե ներքին հաշվարկներում մեր մասնաճյուղի ցուցանիշները տոկոսային հարաբերությամբ ավելի բարձր լինեն, քան մյուս մասնաճյուղերում, իսկ էդ ոնց որ թե լինելու է, ուրեմն կարող է և նոր պաշտոն առաջարկեն, օրինակ՝ գլխավոր բաժանմունքում: Եթե էսպես շարունակվի տղուս կուղարկեմ Անգլիա՝ սովորելու, իսկ հիմա… հիմա հաճելի եղանակ է, արժի դուրս գալ՝ զբասնելու, բայց նախ պետք է հանձնարարել սպասարկման բաժնի աշխատողներին, որ ստորագրելու ու հաստատելու փաստաղթղերը պատրաստեն սեղանիս մոտ: Ու հա, անպայման զգուշացնել, որ էլի չխառնեն սեղանս: Վերադառնալիս ոսկերչի հետ պետք է խոսել, դրա հաշվարկները մի առանձին գլխացավանք են, ու ինչ լավ է, որ պրծա դրանից, հիմա սպանեն էլ էլ վարկային բաժնում չեմ կարողանա աշխատել:
-Թղթերը, աղունիկներս, չմոռանաք սեղանիս դնել,- ասաց նա ու դուրս եկավ բանկից, քայլում էր սրճարանների կողքով՝ հստակ ու կայացած մարդու քայլերով, ում ոտքի ամեն մի հպումը գետնին մի դոլար էր բերում: Շատերը էդ շրջանում ճանաչում էին նրան ու քծնելով շտապում բարևել: Նրա կլորիկ, կիսաճաղատ գլուխը շարժվում էր ի նշան ողջույնի, ու մաքուր սափրված դեմքին ժպիտի նշույլներ էին երևում: Նա հո գիտեր, որ պարզապես քծնվում են:
-Քայլեցի էնքան ժամանակ, մինչև հանդիպեցի մի մարդու, ում հետ իսկապես արժեր զրուցել. նախկին դասախոսս էր, էհ՜, քսան տարի առաջ է դասավանդել ինձ, մազերը ճերմակել են, թեպետ նա դեռ չի ծերացել, չէ, նա նման չէ ծերուկի, երիտասարդական մի բան կա նրա մեջ, պետք է մոտենալ, ողջունել նրան:

Դասախոսը

Նա, որ Խալաթյանին դասավանդելիս դեռ ասպիրանտ էր, իսկ հիմա պրոֆեսոր, քայլում էր Երևանյան աղմկոտ փողոցներով այնպես հանգստորեն, ինչպես Պլատոնը, երբ նրան թվաց, թե զգում է, որ լսում է տիեզերքի անհունության մեջ շպրտված մոլորակների երաժշտությունը: Նա հանգիստ էր, անվրդով, բայց և այնպես դեռ չէր ավարտել իր կռիվն էս կյանքի հետ, ու երբեմն… երբեմն ոռնացող մեքենաների աղմուկը…
-Ահա էս ծառերը, էն սիրուն անտառն ու էն անդուռ ռեստորանը, դե էդ իհարկե ամենապրիմիտիվ օրինակով, էս հիմար քաղաքական գործիչները՝ իրենց հիմար քաղաքականությամբ, որ չեն կարողանում համատեղել բնությունն ու քաղաքակրթությունը: Ախր, ախր բնությունն ինքը պիտի լինի քաղաքակրթություն: Էհ, ինչ արած, էս է մեր ունեցածը, էս մերն է: Ես ինչ կանեի: Ես ինչ կանեի: Երևի ես էլ նույն բանը կանեի: Կանեի՞: Էհ, ինչի՞ս է: Եղանակը լավն է էսօր:
Դասախոսին է մոտենում հին ուսանողը՝ Խալաթյանը: Երկար-բարակ, դատարկ-մատարկ խոսքեր, ձևական բաներ, որից հետո.
-Բա էս ո՞ւր եք գնում, պրոֆեսոր:
Ահա, Խալաթյանն իմացավ, որ պրոֆեսորը Իջևան է գնում, որովհետև վերջին տարիներին սկսել է նաև էնտեղ դասավանդել: «Երևի բնությունն է էնտեղ ուրիշ կամ մարդկությունը»,- եզրափակել է նա:
Նա, երբ նոր էր սկսել դասավանդել, այն հույսն ուներ, թե իր լավագույն ուսանողների հետ կհավաքվեն ու մի նոր, բոլորովին նոր տնտեսական մոդել կմշակեն: Չէ՞ որ էս ամենը հիմնված է զրոյական խաղի վրա՝ մինչ էն պահը, երբ նոր արտադրությունը ընդլայնում է շրջանակը, որի արդյունքը դեռևս և միշտ զրոն է: Ուստի, եթե հաջողվեր, եթե հաջողվեր փոխել իրերի արժեքը… եթե հաջողվեր մի պահ կանգնեցնել պահանջարկը, ու խթանել առաջարկը էնպես, ինչպես հարկն է… ու եթե հաջողվեր դա էնպես անել, որ չվերածվեր բազմիցս կրկնված սովորական տականքության:
Բայց դրանք անցած գնացած բաներ են, հիմա, իհարկե, պարզ է, որ նախկին ուսանող պարոն Խալաթյանի համար մի ողջ վարչության պետի տեղակալ և բանկի կառավարիչ լինելն ավելի հարմար է, քան ճգնավորական կյանքի վտանգին տրվելով՝ մի նոր տնտեսական մոդել մշակելը:
-Սրճարանների վերջին շարքում մեքենան ազդանշան տվեց, ու երկու ժամ հետո մենք արդեն տեղ հասանք՝ մինչ ճանապարհին ես նայում էի բնապատկերներին ու պատշաճությունից դրդված մի երկու բառ փոխանակում տաքսու վարորդի հետ: Քաղաք հասնելով մեքենան կանգնեցնում եմ շուկայի դիմաց՝ որոշելով մի քիչ քայլել էդ փոքրիկ անտառային քաղաքով: Երևանում էս ժամին եռուզեռ է տիրում, մինչդեռ մարդիկ էստեղ քայլում են ու չեն շտապում, իսկ ես քայլում եմ ծառուղիներով՝ բարդիների ու սոճիների արանքով դուրս եմ գալիս մի փողոց, որտեղ հավասարապես և մարդիկ են քայլում, և անցնում են մեքենաները՝ առանց որևէ կարգավորման համակարգի: Մեքենաները, որ երբեմն անգամ անցնում են քսվելով մարդկանց հագուստի ծայրին: Զբոսնում եմ հենց էնպես, որը գուցե հենց էն պեսն է, որը ինձ պետք է, ու ինձ թվում է, թե տեսնում եմ իմ ուսանողներից մեկին ևս, ավելի թարմ մեկին: Նա հեռվում է ու հեռանում է: Տեսողությունս չլինի թե խաբի ինձ: Քայլում է երկու հոգու հետ, խոսում է նրանց հետ, բայց կարծես ներկա չէ նրանց խոսակցությանը:
Մի ժամանակ դասախոսը նրա հետ էլ մեծ հույսեր էր կապում: Ուսանողն ինքն էր տնտեսական նոր մոդելի գաղափար առաջարկում, բայց պրոֆեսորն արդեն հոգնել էր էդ մտքից ու գուցե նաև բազմաթիվ ձախողումներից: Հետո նրանք փորձեցին միասին մի բան մոգոնել, բայց չստացվեց: Հոտո ուսանողը հեռացավ ոտքով՝ ճանապարհին պատահած մեքենաներով, ու հիմա վերադարձել էր:
-Էհ, տղաս, ո՞ւր էիր գնում, ի՞նչ էիր փնտրում:

Փայլուն կոշիկներով տղան

-Ոչինչ, ձևեր է թափում: Սաղ աղջիկներն էլ էդպես են անում, շուտով կկոտրվի: Մի քիչ կֆռֆռանք, հետո կտեսնենք՝ ինչ կլինի: Լավն է, վատը չէ, համեստ աղջիկ է երևում, կամուսնանամ հետը, երևի սիրահարված է, իս հիմա, հիմա արժի մի քիչ ֆռֆռալ քաղաքով, տղերքին տենալ, նայել՝ ինչ կա, չկա: Կարելի է վերևներում լռվցնել,-ասում է փայլուն կոշիկներով տղան՝ կիսագողական դեմքով, ժամանակակից հագուստով, հատ-հատ սանրած մազերով, որոնք ուղղված էին դեպի ճակատը:

Աղջիկը (հայուհին)

– Արդեն երկրորդ անգամն է մոտենում ինձ, իսկ մնացած ժամանակ հետևիցս է գալիս, սիրահարված է ինձ, երևի մի քիչ շփվեմ հետը: Եթե մի անգամ էլ մոտենա, ուրեմն աստիճանաբար կսկսեմ խոսել հետը, հնարավոր է նաև՝ մոռանամ էդ հիվանդին: Չեմ ուզում մտածել դրա մասին:
Ու ինչպիսի զուգադիպություն. էն հիվանդի կոշիկները միշտ փոշոտ էին, իսկ էս մեկինը միշտ փայլուն: Զուգադիպությո՞ւն է:

Հիվանդ տղան

-Ես գնացի դաշտերն ու լեռները ու չգտա ոչինչ, ու հիմա, երբ վերադարձել եմ, ինձ սպասում են չորս պատերը: Տնից էլ դուրս չեմ գա, իմաստ չունի: Էս չորս պատերը, էս հերն անիծաց չորս պատերը, սրանք ամենաուժեղ մրցակիցն են, որ երբևէ տեսել եմ:
Զանգե՞մ գեղասահորդուհուն, թե՞ չէ: Ոչ մի բան չունեմ՝ նրան առաջարկելու, իսկ էդ սիրունիկ, գեղեցկագույն էակը կհամաձայնի՞ ապրել ոչ մի բանով: Չէ, նա անդունդներում չի ապրի, իսկ ես պետք է գնամ ամենախոր անդունդը, որ շուռ տամ աշխարհը, որ հայտնվեմ ամենաբարձրում: Էդպե՛ս:

Աղջիկը (հայուհին) ու փայլուն կոշիկներով տղան

Նա քայլում էր աղջկա հետևից, իսկ աղջիկը ասես շտապում էր հեռանալ, սակայն անցնող օրերի հետ, երկուսի կամոք, տարածությունը կրճատվում էր նրանց միջև:
Շուտով արդեն աղջիկը սկսում էր պատասխանել նրա զանգերին. սկզբում կարճ էր կապում խոսակցությունը, հետո՝ երկար: Հետո նրանք սկսում են հանդիպել, հետո աղջիկն ինքն է սկսում զանգել, և աղջիկ հայուհին մտածում էր, որ հնարավոր է ամուսնանա նրա հետ, երբ վերջնականապես ավարտի ուսումը:

Աղջիկը (հայուհին)
-Արդեն մի ամիս է, ինչ հանդիպում ենք, ես երբեք ավելի փայլուն կոշիկ չէի տեսել, քան նրանն է: Հագնվածքը նորմալ է: Ես նյութապաշտ չեմ, բայց էդ հիվանդից հետո, երբ նա թափանցեց հոգուս խորքը ու անցավ ոսկորներիս միջով, երբ ես ինքս տեսա նրա ներքին աշխարհն ու մոլորվեցի էնտեղ, դրանից հետո ես սկսել եմ ուշադրություն դարձնել մենակ արտաքուստ երևացող, հստակ բաներին: Ես ու նա, որի կոշիկները փայլում էին, նստել էինք այգում: Նրա կոշիկներն ավելի փայլուն էին, քան արևը, իսկ, երբ արևը սահում էր նրա կոշիկների վրայով, դրանք ասես հայելի դառնային ու կարող էին ծակել աչքերդ: Մենք զրուցում էինք, նա ձեռքը տարավ պարանոցիս, ես ետ հրեցի. -Դեռ ժամանակը չէ,- ասացի ես: Նա նորից փորձեց, ուզում էր գրկել ինձ, ես ետ հրեցի նրան: Իսկ հետո, հետո հանկարծ անզուսպի պոռթկումով գրկեցի ու համբուրեցի նրան: Շուրթերով: Իսկ հետո, հետո գնացի զուգարան ու փսխեցի ողջ կերածս:

Փայլուն կոշիկներով տղան

-Վերջ, էդ քածն արդեն իմն է, տղեք: Էսօր համբուրեցի, վաղը մնում է մենակ մի հարմար հյուրանոց գտնեմ: Լավն է, վատը չէ, բայց ախր, այ ապուշ, էշ, ախր, դու ոնց էիր մտածում, որ կարելի է ամուսնանալ դրա հետ: Ախր չորրորդ օրը նա արդեն խոսում էր հետդ, իսկ մի ամիս էլ չանցած արդեն համբուրում է քեզ, ու թեկուզ սիրտս էլ հալվի դրա համար, ապուշ, դու ուզում էիր պսակվել դրա հետ: Բայց ավելի լավ, չէ, իրոք, ավելի լավ, մեկ է հարսանիքի համար հիմա ծախսերը չէին հերիքի, բայց հյուրանոցին կհերիքեն: Հիմա զանգեմ տղեքին, էժանով մի լավ տեղ գտնենք: Ա՜յ, բայց ինչ գազան բան էր, հը, ի՜նչ փչացածն է: Արտաքուստ էլ էնքան համեստ, էնքան ամաչկոտ է երևում, բոլորն ասում էին՝ լավ աղջիկ է, բայց արի ու տես…
Էհ, ոչինչ, մի համեստ աղջիկ կգտնեմ, կամուսնանամ, իսկ սրան որպես քած կպահեմ: Բայց ընտիր պատմություն կլինի, զանգեմ տղեքին պատմեմ սաղ: Ես իմը կանեմ, ինձնից հետո թող իրանք էլ օգտվեն:

Հիվանդ տղան ու աղջիկ հայուհին

-Հենց առաջին պահից ինձ գրավում էր նրա ամոթխածությունը,- ասում էր հիվանդ տղան,- մի տեսակ սիրուն էր նրա ինքնամփոփությունը, թեպետ չեմ կարող ասել, թե սիրեցի նրան: Սկզբում նա էնքան էլ սիրուն չէր, հետո հանկարծ ծաղկեց մոգական մի ծաղկի պես: Նա սիրուն էր, սիրուն հայուհի՝ հեթանոսական գեղեցկություն: Ու նա անկեղծ էր, չափազանց անկեղծ: Էդ պարզ անկեղծությունը մարդկության վերացող տեսակին է պատկանում, ու մի պահ ես սիրահարվեցի նրան:
-Ես հենց առաջին պահից սիրեցի նրան,- ասում է աղջիկը,- նրա ինքնավստահությունը, միաժամանակ հանգիստ ու սուր հայացքը, ինձ թվում էր, որ նա ամեն ինչ գիտի, գիտի աշխարհի բոլոր հարցերի պատասխանները: Չէ, սիրելը սխալ է ասված, պարզապես հենց առաջին պահից նա գրավեց իմ ուշադրությունը, իսկ հետո ես թունդ սիրահարվեցի նրան: Հիմա ատում եմ նրան, ատում, որովհետև նա ինձնից կորզեց իմ առաջին համբույրը, մենք իրար վաղուց էինք ճանաչում, որովհետև դա փոքր քաղաք էր: Սիրել, կամ ավելի ճիշտ՝ հանդիպես սկսել ենք միայն երեք օր: Էդ ժամանակ էր՝ վերջին երրորդ օրը, երբ նա բռնեց ձեռքս, ու ես իմ երկու ձեռքերով ծածկեցի նրա ափը: Նա մի ձեռքը հենել էր ուսիս, խաղում էր մազերիս հետ ու անընդհատ համբուրում էր ձեռքս: Նրա ձեռքերը սառն էին, թրջված, որովհետև նա մի տաս րոպե սպասել էր ինձ՝ անձրևի տակ: Ես երկու ձեռքով ծածկել էի նրա ձեռքը, որ տաքացնեմ նրան, թեպետ նա չէր մրսում: Իսկ ես դողում էի:
Մենք նստած էինք շինության ներսում, որի անունը չեմ տա: Նա գրկեց ինձ, ու ես հենվեցի նրան: Նա շոյում էր մազերս, հետո համբուրեց այտս, տաք ճակատս, այտերս, աչքերս: Ես չէի դիմադրում: Զգացողություններն այնքան ուժեղ էին, որ ես ոչինչ չէի զգում: Ասես էդ ամենը երազ լիներ, կամ թե գոյություն չունենայի: Կամ թե կայի՝ ասես դա գոյությունից ի վեր մի բան լիներ: Ես դեմ չէի նրա շոյանքներին, բայց դողում էի: Բայց էնպես է, որ նա նույնպես հանգիստ չէր: Մենք նստած էինք շատ մոտ, ու նա ոտնաթաթը նյարդայնորեն տկտկացնում էր գետնին, բայց ինքը դա չէր նկատում: Ես ձեռքս դրի նրա ծնկին,- Էդպես մի արա,- ասացի ես խեղդվող ձայնով: Դա էն հազվադեպ բառերից էր, որ ես ասացի: Ես չէր խոսում, ես չէի հիշում: Էդ ամենն ասես երազ լիներ, իսկ մեր զրույցը երազում արտաբերված կիսատ-պռատ մրթմրթոցներ, որ չեմ հիշում: Այդպես, ես դեմ չէի, որ նա խաղում էր մազերիս հետ, կամ համբուրում թևերս, բայց ընդհատում էի նրան: Բայց երբ ընդհատում էի նրան ամուր սեղմում էի ինձ՝ նրա գլուխն իմ գլխին, բայց չէի թողնում, որ համբուրեր շուրթերս: Իսկ նա ուզում էր, էնպե՜ս էր ուզում, ասում էր, թե… ահ՜, ինչպե՞ս էր ասում, ըհը, ասում էր, որ մեռնում է ու ուզում է կյանքի հյութեր քամել իմ շուրթերից: Ես հավատում էի նրան, որովհետև երբեմն ինձ էլ թվում էր, որ նա մեռնում է, հետո ասում է, որ ուզում է առաջինը լինել, ով ինձ կհամբուրի, քանի դեռ էս քարանձավի կապիկները չեն դիպել ինձ: Էդպես էլ եղավ, մենք համբուրվեցինք, շուրթերով:
Եվ մենք որոշել էինք՝ դա մեր երրորդ ու վերջին հանդիպումն էր: Չգիտեմ՝ ինչու էինք էդպես որոշել, նա ասում էր հիմար պատճառներով: Դա մեր վերջին հանդիպումն էր: Հետո մենք գրկեցինք իրար, համբուրվեցինք չգիտեմ՝ շուրթերը, ճակատը, այտոսկրը, գրկեցինք իրար, ու ես լացեցի: Կարծեմ՝ նա էլ հուզվել էր, բայց չգիտեմ, նա տականք է ու դժվար հուզվեր, երևի ուղղակի անձրևի կաթիլներն էին նրա մազերից կաթում աչքերին:
Հետո դուրս եկանք շենքից դեռ անձրև էր: Մենք որոշել էինք, որ այն պահից, երբ դուրս կգանք շենքից, էլ երբեք չենք խոսի իրար հետ. էդպես էլ եղավ: Մենք դուրս եկանք շենքից՝ որպես անծանոթներ: Նա ծխախոտ վառեց, դեռ անձրև էր, դժվարությամբ վառեց, նստեց իրեն սպասող մեքենան, պատուհանից գցեց ծխախոտը, հայացքով հետևեց՝ մինչև ես հասնեմ ինձ սպասող մեքենային, ու նրա մեքենան շարժվեց:

Հիվանդ տղան

-Նա չէր ուզում բաց հանդիպենք, էստեղ ու էնտեղ գնանք՝ հիմար պատճառներով. «Բա որ մարդիկ տեսնեն, ինչ կասեն», «Իսկ դու լուրջ նպատակներ ունես»: Հեհ անկեղծ ասած թքել եմ էդ մարդկանց վրա ու ծիծաղել էս կյանքի լրջության վրա: Ես սիրում էի քեզ, աղջիկ, դու ինչի մասին էիր մտածում: Ինքս էլ հասկանում էի, որ սա երկար չի ձգվի: Նման պայմաններում մեր սերը, եթե այն կար էլ, կպղծվեր, իսկ ես չէի կարող դա թույլ տալ: Ասացի, որ սա մեր վերջին հանդիպումն է, ու նա համաձայնվեց: Ես հոգեկան բնույթի որոշ խանգարումներ ունեի, երբեմն անգամ ամիսներով տնից դուրս չէի գալիս, բայց էդ օրը մինչև ժամը 15:00-ն դրսերում էի մեր ընդհանուր ծանոթների հետ, իսկ հետո մի կես ժամ ծխում ու նրան էի սպասում՝ մինչ անձրևը տեղում էր վրաս: Հիշում եմ մենակ, որ սպիտակ վերնաշապիկս ջուր էր դառել ու կպել էր մարմնիս:
Նա գիտեր, որ հոգեկան ներաշխարհս խաթարվել է, ու նյարդերս պրկվել են: Ես բժիշկների մոտ դեղեր էի փնտրում, որ ապրեմ: Ես զգուշացրել էի դա նրան մեր հանդիպման առաջին օրը՝ ասելով, որ նոր ցնցումների չեմ դիմանա: Նա ասաց, որ սիրում է ինձ ու երբեք իմ հոգեկան աշխարհը հոգեկան ցնցումների չի տանի, իսկ հաջորդ օրն ասաց, որ բաժանվում ենք: Կարծեմ ինչ-որ մեկը խորհուրդ էր տվել նրան չհանդիպել հետս: Այդպես՝ ասացի նրան թող սա լինի մեր վերջին ու երրորդ հանդիպումը, ու նա համաձայնեց: Մտանք շինության ներսը, մի գաղտնի տեղ, որ զրուցենք հանգիստ: Նա չէր թրջվել: Էդ ողջ ընթացքում նա մոտերքում մի տեղ ինչ-որ անկապ գործով էր զբաղված. Կարծեմ գուցե դա զուտ ինձ սպասեցնելու համար էր: Կամ էլ չէ: Երևի ոչ, որովհետև նա ամենաանկեղծ աղջիկն էր երկրագնդի վրա:
Երբ մենակ մնացինք, տեսա, որ նրա թևերին սարսուռներ կային. –Մրսո՞ւմ ես,- հարցրի ես: Դե իհարկե նա չէր կարող մրսել. Ներսում տաք էր, բայց մաշկը փշաքաղվել էր: Նայեցինք իրար ու ժպտացինք երկուսիս էլ հասկանալի մի ժպիտով: Նա ամաչելով էր ժպտում՝ հայացքը կախ:
Ես սիրում էի նրան, իսկապես սիրում էի, բայց երբեմն նա չափից դուրս առօրեական էր, երբեմն էլ չափից շատ էր ուշադրություն դարձնում մարդկանց կարծիքներին:
Ուզում էի լինել առաջինը, ով կհամբուրի նրա անմեղ շուրթերը, քանի դեռ էս քարանձավի կապիկները չեն դիպել նրան:
Ես համբուրում էի նրա ձեռքերն ու աչքերը, նրա արցունքը, որ մի պահ իջավ աչքերից: Նա մի տեսակ նվաղած էր, մարմինը փշաքաղվել էր, ես նույնպես՝ երազային մի բանի մեջ էի: Մենք սիրում էինք իրար ու դրա մասին էին վկայում անգամ ֆիզիկական փաստերը, բայց ի՞նչ:
Թող սա լիներ մեր վերջին հանդիպումը: Մոտ մի ժամ չէր թողնում, որ համբուրեմ շուրթերը, հետո թողնում էր, բայց համբույրներիս չէր պատասխանում: Թողնում էր, որ շուրթերով հպվեմ իր շուրթերին, բայց ինքը չէր պատասխանում: Հետո ամենավերջում նա համբուրեց ինձ, մենք համբուրվեցինք (դա անփորձ ու չոր համբույր էր), բայց դա մեր առաջին համբույրն էր, հետո գրկեցինք իրար ու լացեցինք, որովհետև պետք է դուրս գայինք շենքից, իսկ շենքից դուրս գալուց հետո, ինչպես նախապես որոշել էինք՝ պետք է օտարներ դառնայինք միմյանց հանդեպ: Էդպես էլ եղավ:

Կես հայուհի աղջիկը (այլուհին)

Նա թողեց գեղասահքն ու ամբողջությամբ տրվեց բանկային գործի ուսումնասիրմանը: Այդպես նա ուզում էր ավելի մոտ լինել իր ընկերոջը, որը վարկային բաժնի պետն էր, դեհ, նրանք արդեն ընկերություն էին անում. Ի տարբերություն Իջևանի՝ Երևանում երբեմն նման կարգի ձևականություններն ավելի քիչ տեղ են զբաղեցնում:
Նրանք քայլում էին այգիներում, գնում էին սրճարաններ, որոնք գեղեցիկ անուններ ունեին ու հաճելի մթնոլորտ, լուսանկարվում էին ու սիրուն նկարներ էին ստացվում:
Բայց աղջիկը չէր նկատում, որ նրանք չեն հասկանում իրար: Ու վարկային բաժնի պետք, որ առաջին պահից գերվել էր աղջկա սիրունությամբ, ու հետաքրքրությամբ լսում էր նրա անկապ պատմությունները կամ ասենք՝ նրա անկապ դատողությունները, սկսեց ձանձրանալ: Դե էդպես էլ պետք է լիներ: Իսկ կիսահայուհին յուրահատուկ աղջիկ էր, յուրահատուկ գեղեցկությամբ ու զգայունությամբ, մանկանը հատուկ անմեղ ու մեղավար ցանկություններով: Ու մտքերով: Երկար ժամանակ կիսահայուհին համարում էր նրան իր ասպետը, բայց պարզ է՝ նրանց հարաբերությունները կարճ տևեցին:

Կիսահայուհին (այլուհին) ու հիվանդ տղան

-Մենք հանդիպել ենք երկու թե երեք տարի առաջ, չեմ հիշում: Արևածագին ես դուրս եկա վազելու ու հետո քիչ էր մնում բախվեի նրան, ով արևածագին դուրս էր եկել ծխելու: Քանի որ ոչ մի ուրիշ կենդանի շունչ չկար ամբողջ աշխարհում՝ մենք խոսել: Մենք խոսեցինք սպորտից ու ծխելուց: Ես ասացի, որ ծխելը վնասակար է առողջությանը, նա չհերքեց ու մի ծուխ էլ քաշեց ու ասաց, որ էլի լիքը բան կա, որ վնաս է մեր առողջությանը: Ես պնդեցի, որ դա վնասակար է, բայց էդ անգամ նա հակառակվեց՝ ասելով, որ դա խիստ հարաբերական բան է: Հետո ասեցի, որ շատ վնաս է, կհիվանդանա ու կմեռնի, իսկ նա ասաց, որ իր առողջությունը ինչքան էլ վատ լինի՝ կհերիքի մինչև կյանքի վերջը, ասաց, որ դա Մարկ Տվենն է ասել, կամ Բեռնարդ Շոուն, ասաց, որ երբեք չի կարողացել տարբերել էդ երկուսին, իսկ ես ասացի, որ անկեղծ ասած չգիտեմ էլ, թե ով են դրանք՝ փոփ երգիչներ են, դերասաններ են, մուլտհերոսներ են, թե ինչ: Նա նայեց աչքերիս, մի պահ նայեց, ասես ռենտգեն ապարատով զննեց ինձ ամբողջորեն, ու ինձ թվաց, որ ես հիմար բան էի ասել, որ հիմա նա կջղայնանա, բայց նա ժպտաց ու ասաց, որ ես յուրահատուկ լավն եմ ու մենք գնացինք գեղասահքի դաշտ: Ես սահում էի, իսկ նա սահել չգիտեր, բայց և այնպես նա դրսում չմնաց, հանեց կոշիկներն ու դաշտ մտավ: Ես սահում էի ու պարում, իսկ նա բոբիկ ոտքերով քայլում էր սառույցի վրա ու նայում իմ պարը: Նա ասաց, որ իմ պարը սառույցի վրա վերերկրային մի բան է, իսկ ես հարցրի, թե չի՞ սառչի նա, ասաց, որ չի սառչի, ասաց, որ բանակում հաճախ էին բոբիկ ոտքերով քայլում սառույցի վրայով կամ սառը ջրով ողողված խոտերի վրայով, որպեսզի սպիացնեն զինվորական կոշիկների հասցրած վերքերը: Հետո մենք իմացանք, որ երկուսս էլ սիրում ենք մի մուլտֆիլմ, որի անունը երկուսս էլ մոռացել էինք: Դա մի մուլտ էր, որտեղ տղան ու աղջիկը սիրում էին իրար, բայց չէին կարողանում անգամ դիպչել իրար, որովհետև մեկը կրակից էր, մյուսը՝ սառույցից: Մենք ուրիշ ընդհանուր բան չունեինք, պարզ է, հետո ամենքս մեր ճանապարհով գնացինք ու դրանից հետո հազվադեպ գրում էինք իրար կամ զանգում, հազարից մի անգամ՝ կարճ, անկապ խոսակցություններ:

Հիվանդ տղան

– Զարմիկս իր ընկերոջ հետ ինձ ճանապարհեց մինչև տուն, ու դրանից հետո չորս պատերը հարձակվում էին ինձ վրա, ու ես ասես բռունցքներով պետք է ետ մղեի դրանց: Բայց այլևս անզոր էի: Ուզում էի կանգնել աշխարհի գլխին ու գոռալ, որ հանձնվում եմ. վերջ, հերիք է, թող այլևս հանգիստ թողնեն ինձ:
Չեմ ուզում պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե գործեր մեր նոր տնտեսական մոդելը, որը կփոխեր իրերի արժեքը, չեմ ուզւոմ պատկերացնել, թե ինչ կլիներ իմ ու սիրուն հայուհու միջև: Չգիտեմ՝ ինչ կարող էր լինել իմ ու յուրահատում կեսհայուհու միջև: Չգիտեմ՝ ինչ կլիներ, եթե չլիներ ոչ մեկը, կամ լինեին բոլորը, բոլորը առանձին, բոլորը միասին: Չգիտեմ՝ ուր էի ուզում հասնել, երբ սկսեցի հեռանալ:
Նստել էի երկաթե մահճակալիս ու աչքերս կուրորեն չռել մի կետի: Ես առաջ էի նայում, բայց և այնպես՝ հայացքս դեպի ետ էր հառված: Մեկ-մեկ լսում էի, թե ինչպես է կտկտում ժամը: Գիշերվա երկուսն անց քառասունմեկ հեռախոսիս զանգ ստացա՝ Էկրանին գրված էր այլուհի: Կեսհայուհին էր, ում հետ վերջին անգամ երևի մի կես տարի առաջ էինք խոսել:
-Ո՞նց ես:
-Լավ եմ, դո՞ւ:
-Հիանալի, ուղղակի… հիանալի:
-Քնած չե՞ս: Ես, իհարկե, մենք քնած չենք, մենք չենք քնում էս ժամերին:
-Որտե՞ղ ես, հը՞, տա՞նը:
-Հա:
-Դեհ… գիտես…ըըը, մոտեցիր պատուհանին:
-Ըհը, մոտեցա:
-Ի՞նչ ես տեսնում:
-Շենքեր, ցածրահարկ շենքեր, հինգ հարկանի շենքեր են, բաց կապտագույն օդը, մեր սարերի ուրվագծերը, դո՞ւ:
-Ե՞ս: Էլի շենքեր են՝ ինը հարկանի, տասնվեց հարկանի, հետո մի աստղ կա՝ էնտեղ, ձախ կողմում նայիր, իսկ լուսինը տեսնո՞ւմ ես:
-Մահիկ է, ընդամենը մահիկ:
-Ուզում եմ երկուսով նայենք մի կետի՝ որպես ընդհանուր բան, որպես կապող բան, որ մենակ չզգանք, հասկանո՞ւմ ես, տեսնո՞ւմ ես՝ ամպերը շարժվում են:
-Չգիտեմ, երևի երկիրն է շարժվում իր առանցքի շուրջը, էդ հարցն ինձ էլ է միշտ հետաքրքրել:
-Բայց աստղը տեսա՞ր, էնտեղ՝ լուսնից ձախ ու մի քիչ վերև:
-Կարծեմ հա, լուսնի մոտերքը նման մի բան եմ տեսնում: Արի երկուսով նայենք մի կետի…
Գիտե՞ս ինչ…
-Ի՞նչ:
-Մենք մենակ ենք, անտանելիորեն մենակ, ուղղակիորեն լքված տիեզերքի հեռուներում՝ մի ցեխագնդի վրա, առանց որևէ նպատակի, հենց էնպես շպրտված ենք գոյության:

Աստղը

Դրանց դիտանկյունից լուսնից քիչ վերև ու ձախ մի աստղ կար: Աստղը ժամանակի միջով նայում էր նրանց ու իր անհայտ զգայարաններով ասես զգում էր նրանց ներկայությունը: Նա ոչինչ չուներ ասելու, պարզապես նայում էր մինչև արևածագը, երբ ավելի ուժեղ մի լույս դանդաղ, աստիճանաբար սկսեց ծածկել նրան: Ու նա սպասում էր հաջողրդ գիշերվան, որ կրկնի այն, ինչ անում էր նախորդ գիշերը, չնայած այն փաստին, որ նա մեռել էր, վաղուց մեռել էր:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *