Ռեյ Բրեդբըրի | Վիշապը

Տափաստանի նոսր մացառների մեջ գիշերն էր թափառում: Ուրիշ շարժում չկար: Երկնքի անծայր անկենդան փռոցով վաղուց թռչուն չէր անցել: Փշուր-փշուր գլորվող մանրիկ քարերը տարիներ առաջ դեռ կյանքի պատրանք էին ստեղծում: Իսկ հիմա ամայության մեջ միայնակ բոցկլտացող խարույկի վրա կռացած երկու մարդկանց հոգիների մեջ միայն գիշերն էր խլրտում. խավարը երակներով սուսիկ հոսում ու կամացուկ զարկում էր քունքերին ու դաստակներին:
Կրակի ցոլքը նրանց կոշտ դեմքերով վերուվար էր անում ու կարմիր ծվեններ դարձած՝ կիտվում աչքերում: Լուռ, միմյանց աղոտ, պաղ շնչառությունն էին լսում՝ մողեսի պես անկոպ թարթելով: Վերջապես նրանցից մեկը թուրը ձգեց՝ կրակը խառնելու:
– Մի արա, խելա՛ռ, մեր տեղը կմատնես:
– Ի՞նչ վնաս,- պատասխանեց երկրորդը:- Մեկ է, վիշապը մեր հոտը հեռվից էլ կառնի: Ցուրտ է, Աստվա՛ծ վկա: Երանի ամրոցում լինեինք:
– Մահ փնտրելու ենք եկել, ոչ թե հանգստի…
– Մեկն ասեր՝ ինչու՛: Վիշապը քաղաք ոտք դրած չկա:
– Սու՛ս, հիմար: Մեր քաղաքից մյուսը բոլոր միայնակ ճամփորդներին լափում է:
– Թող լափի, մենք էլ մեր տները գնանք:
– Սպասի՛ր. լսեցի՞ր:
Ականջը ձայնի՝ քար կտրեցին:
Երկար սպասեցին, բայց միայն վախեցած ձիերի դողացող մարմիններն էին սև թավշյա դափի պես արծաթ ասպանդակները շնկշնկացնում մեղմիկ, մեղմիկ…
– Օֆ,- հառաչեց երկրորդը:- Մղձավանջների տեղ է: Ինչ ասես՝ կպատահի: Արևը կհանգի, գիշերը կգա ու… Ողորմա՛ծ Տեր: Էս վիշապը. ասում են՝ աչքերը հուր, շունչը սպիտակ ծուխ, սուրում է՝ մութ դաշտերը մոխրացնում: Ծծումբ ու որոտով խոտը կրակին է տալիս: Ոչխարները սարսափից ցաքուցրիվ են գալիս ու խուճապից սատկում: Կանայք հրեշներ են ծնում: Վիշապի ցասումից ամրոցի աշտարակներն ընկնում, փոշի են դառնում: Լուսաբացին բլուրները նրա ճանկն ընկածների դիերով են ծածկված: Քե՛զ եմ հարցնում. քանի՞- քանի ասպետ է վիշապի դեմ գնացել ու նրա բաժին դառել: Հիմա էլ մենք…
– Հերի՛ք է:
– Ես է՛լ եմ ասում: Էս ամայության մեջ չեմ էլ հիշում՝ ինչ տարի է:
– Քրիստոսի ծննդից ինը հարյուր թիվը:
– Չէ, չէ,- աչքերը փակելով շշնջաց երկրորդը: – Էս տափաստանում Ժամանակը չկա. մենակ Մշտնջենականն է: Հիմա թվում է, որ ճամփա դուրս գամ, քաղաքը չի լինի, մարդիկ՝ դեռ չծնված, ամեն բան փոխված, ամրոցը դեռ քարհանքի ժայռերում, փայտի տները՝ չկտրած անտառ: Մի՛ հարցրու՝ ի՞նչ գիտեմ. տափաստանը գիտի, ասում է: Ու մենք մեն-մենակ նստել ենք էս վիշապի երկրում: Աստված մեզ օգնական:
– Փոխանակ վախենաս, զրա՛հդ հագիր:
– Օգու՞տն ինչ: Վիշապը գալիս է, չգիտենք՝ որտեղից ու չենք էլ իմանա: Ու չգիտենք ուր՝ մշուշում կորչում է: Լավ, զրահը հագնենք: Գոնե կազմ ու պատրաստ մեռնենք:
Արծաթ լանջապանը հագնելու կեսին երկրորդը կանգ առավ ու գլուխը շրջեց:
Գիշեր ու դատարկություն լցված հողերից, տափաստանի միջից քամի պոռթկաց ու փոշի բերեց թափվող փոշով ժամանակը չափող ժամացույցներից պոկած: Այս մոլեգին քամու սրտում վառվող սև արեգակներ էին ու հեռու հորիզոնից այն կողմ ինչ-որ աշնան ծառերից պոկած անհամար կիզված տերևներ: Այս քամին բնությունը հալում էր, ոսկրերը ճերմակ մոմի պես ձգում, երկարում, արյունը՝ խառնում, թանձրացնում ու ցեխ դարձրած՝ գլուխը լցնում: Այս քամին հազարավոր մահացող հոգիներ էր ու իրար խառնած ժամանակների հոսք: Խավարի խորքի մշուշի ներսի մառախուղ էր, ու այս վայրը մարդու տեղը չէր. այստեղ ո՛չ տարի կար, ո՛չ օր ու ժամ. միայն այս երկու հոգին՝ հանկարծահաս սառնության, փոթորկի ու կայծակեղեն կանաչ փեղկից հետ մոլեգնող ճերմակ ամպրոպի անդեմ դատարկության մեջ: Տեղատարափը գետինը հեղեղեց, ու ամեն բան աչքից կորավ, ու մնաց միայն քար լռությունը և ցրտում սեփական ջերմության մեջ ծվարած միայնակ երկուսը:
– Տե՛ս,- շշնջաց առաջինը:- Հե՛ն է…
Հեռվից, մոլեգին որոտ ու վնգոցով վիշապն էր սլանում:
Երկուսով, առանց խոսքի, զենք-զրահ կապած, ձիերը հեծնեցին: Մութ գիշերվա ամայությունը դիվային ոռնոցով ճեղքելով, վիշապը առաջ էր սլանում ու մոտենում, մոտենում… նրա կուրացնող դեղին կրակը բլրի կատարը ողողեց, ապա հեռվից հազիվ տեսանելի՝ ծալ-ծալ սև մարմինը գալարվեց լանջով մեկ ու հովիտը մխրճվեց:
– Շու՛տ:
Ձիերն ասպանդակեցին՝ սլացան հանդիման:
– Էս ճամփով է անցնելու:
Նիզակները զրահապատ ձեռքերն առան և ձիերի աչքակալներն իջեցրին:
– Ողորմյա՛, Տեր:
– Հա, անունը տանք, որ պաշտպանի:
Հենց նույն պահին բլուրը շրջանցած՝ վիշապը հայտնվեց: Հրեշավոր դեղին աչքը վրաները սևեռեց, ու կարմիր ցոլքը զրահը կտրատեց: Հետո զարհուրելի կաղկանձով նետվեց առաջ:
– Խնայի՛ր, Տեր:
Նիզակն անկոպ աչքին հարվածեց, ճկվեց ու նետողին իր հետ առաջ տարավ: Վիշապը զարկեց, տապալեց և վրայով անցավ: Ընթացքի մեջ սև ուսը զարկեց մյուս ձիուն ու հեծյալի հետ շպրտեց հարյուր ոտնաչափ հեռու, կարծր ժայռին՝ ոռնոցով, վնգոցով, վիշապի խլացնող կաղկանձով, չորս կողմը՝ տակից, վրայից կրակ՝ կարմիր, նարնջի, բոսոր բոցեր ու հեղձուկ ծխի ահռելի քուլաներ:
– Տեսա՞ր,- բղավեց ձայնը:- Ասում էի, չէ՞:
– Ճի՛շտ որ, ճիշտ որ. զրահավոր ասպետ էր, Հա՛րրի, Աստվա՛ծ վկա: Խփեցի՛նք:
– Հիմա ի՞նչ անենք. կանգնե՞նք:
– Մի անգամ կանգնել եմ՝ բան չեմ գտել: Էս տափաստանում կանգնելս չի գալիս: Մարմինս փշաքաղվում է: Ոնց որ չարագույժ լինի:
– Ախր տա՛կը գցեցինք:
– Ազդանշան էինք տալիս, չէ՞: Թող քաշվեր:
Սուլոցի հետ շոգու սյունը մշուշը պատռեց:
– Ճիշտ ժամանակին Սթոքլի կհասնենք: Ֆրե՞դ, ածուխը չավելացնե՞նք:
Էլի մի սուլոց դատարկ երկնքից ցողը թափ տվեց: Գիշերային ճեպընթացը, կրակ ու հուր թքելով, մոլեգնած կտրեց անցավ ձորակը, լանջն ի վեր սուրաց ու անհետացավ, կորավ հյուսիսում՝ թողնելով, որ սև ծուխն ու շոգին հալվեն պապանձված օդի մեջ:

Թարգմանությունը անգլերենից՝ Նունե Թորոսյանի

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *