Հովհաննես Երանյան | Բրուտի երկրորդ աշակերտը

Լուսանկարը՝ Գերման Ավագյանի

Թեև հազար անգամ անցել էր այդ ճանապարհը, ու թեև աստիճանները լուսավորված էին, բայց այդ օրը Աննան շտապում էր բարձրանալ, քանի դեռ կիսամութ էր։ Ինչու կամ ուր էր շտապում, ինքն էլ չգիտեր։ Կասկադի աստիճանները մինչև վերջ չբարձրացած՝ կթեքվեր աջ, ու նեղ արահետով կգնար դեպի Մատենադարան, որին չհասած իր հին ու փոքր տունն էր։ Բաժանվելիս Անդրեին խնդրեց, որ իրեն թողնի այն։ Երբ ասաց, թե կհրաժարվի ունեցվածքը կիսելուց, նյութական որևէ այլ պահանջից, միայն թե բարձունքին, նման տների միջև թառած մեկ ընդարձակ ու երկու նեղլիկ սենյակներով տունն իրեն թողնի, ամուսինը միայն քմծիծաղեց։ Հիմա` Սուրբ Ծննդյան տոնին նախորդող այդ օրը, ուզում էր շուտ հասնել, նստել հարազատ կիսաթոռին, գործի գցել չարխը, ձեռքերը խրել թաց կավի մեջ ու անշարժանալ։ Ոչինչ չծեփել, լսել ու լսել պտտվող անիվի ներդաշնակ ձայնը։ Անշարժ լսել այնքան, մինչև որ կջնջվեին մնացած բոլոր ձայները՝ աղմուկն ու ազդանշանները, գոռոցներն ու շշունջները, հոգոցներն ու տնքոցները, լացն ու ծիծաղը, օրհնանքն ու անեծքը և երաժշտությունը՝ իր բոլոր հնչյուններով։ Առաջ սիրում էր աշխատելիս ցածր երաժտություն միացնել։ Բայց հետո հրաժարվեց այդ սովորությունից, որովհետև նրան թվաց, թե սափորի կամ թասի կավն իր մեջ է առնում, ներծծում երաժշտության հնչյունները, ծորուն կամ կտրուկ ելևէջներով մեղեդին իր ձևն է թելադրում։ Նա չէր ուզում ինչ-որ մեկին համահեղինակ դարձնել։ Իսկ դուրգի պտույտի պարբերական, համաչափ կտտոցները իմաստ ու հույզ չէին ծնում, անմեղ էին, անհավակնոտ։
Շտապում էր տուն հասնել, առաջ թեքված նստել անթիկնակ աթոռին, ձեռքերը խրել կավի մեջ ու անշարժանալ։ Նայել ու նայել պտտվող անիվին։ Նայել այնքան, մինչև կմշուշվեր տեսողությունը, բոլոր պատկերները կջնջվեին ու կմնար միայն չարխի արբեցնող պտույտը, որը երբեմն կորցնում էր կլորությունը, օվալային տեսք ստանում։ Ոտքերի արանքում պտտվող սկավառակը նրան մարմնական հաճույք էր պատճառում։ Հատկապես եթե դուրգը ոտքով էր աշխատեցնում։ Աջ ոտքի համաչափ վերուվարումով պպտվող անիվն իր շարժումով ասես անհիշելի ժամանակների՝ դարերի ու հազարամյակների հուշեր էր արթնացնում։ Այդ ժամանակն անցնում էր նրա միջով։ Մտնում էր ոտքերի արանքից, մկանաթելերով վեր բարձրանում, շրջանցում սիրտը, հասնում ուղեղին ու մթագնում այն։ Հետո թուլանում էր, ոտքն ավելի դանդաղ էր վերուվարում, կտկտոցն ավելի ուշ-ուշ էր լսվում, մինչև որ անիվը կանգ էր առնում։ Նա արթնանում էր, նայում կավոտ ձեռքերին ու գնում լվացվելու։ Իրեն այնքան թարմացած էր զգում, ասես կազդուրիչ քնով գիշեր էր լուսացրել։
Կասկադի աստիճաններով բարձրանալիս թեև շտապում էր, բայց մի պահ կանգ առավ, շրջվեց ու նայեց ձյանը, որ սկսել էր ծածկել տանիքները, այգիների դեղնականաչ սիզախոտն ու ծառերի ճյուղերը, կայանած մեքենաներն ու փողոցների մայթերը։ Եվ այդ ճերմակությունը թույլ չէր տալիս, որ մութը վերջնականապես հաստատի իր իշխանությունը։ Առաջին ձյունն էր։ Հիշեց իր մի գրառումը հենց առաջին ձյան առիթով։ «Անբիծ ու մաքուր ձյունը եկավ, որ ծածկի բոլորի բոլոր մեղքերը»։ Երկու տարի էլ չէր անցել, բայց թվաց այնքան վաղուց էր, որ ասես նախորդ կյանքում մնացած լիներ։ Զզվանք զգաց իր սրտաճմլիկ այդ տողերից։ Մտածեց, որ հիմա հազարավոր մարդիկ ճիշտ այդպիսի կամ նման գրառումներ կանեն։ Որ ճերմակ ձյունը անմեղություն է բերում, որ քաղաքը սպիտակ հագած հարսնացուի նման է և լիքը այդպիսի անկապ մտքեր։ Մարդիկ այնպես են ուրախանում ձյան կեղծ գեղեցկությամբ, ասես մի քանի օրից ցեխ ու ապականություն չի դառնալու։
Նյարդաբան Սառա Գուրգենյանը մի քանի բան առաջարկեց, ընտրությունը թողնելով Աննային` ձիերի հետ շփում, շուն կամ կատու պահել, նկարչություն, կավագործություն։ Չորս տարվա տարբերությամբ նույն բլուրի համար որդուն ու ամուսնուն կորցրած տիկին Մարինեն ասաց, որ փորձել է բոլորը, և միայն կավն ու դուրգն են օգնել։
Աննան սկզբում լուրջ չվերաբերեց՝ ինչի՞ն օգնեն…որ մոռանա՞մ։ Ինչո՞ւ են բոլորը կարծում, թե ուզում եմ մոռանալ։ Ո՞նց կարող եմ մոռանալ։
Բայց Սառա Գուրգենյանը համառ գտնվեց. մի օր բռնեց Աննայի ձեռքն ու ասաց՝ «արի, տեղ ենք գնում»։ Քաղաքի մեկհարկանի տների թաղամասի նկուղներից մեկում երեք բրուտ էին աշխատում՝ երկու աշակերտներն ու վարպետը։ Երբ նա ու նյարդաբանը համոզում էին նստել չարխի առջև, Աննան երկար ու լուռ նայում էր պտտվող անիվին, և դեռ այդ օրը զգաց, որ մոգական բան կա նրա պտույտների մեջ; Երկու օր անց անծանոթ մարդիկ իրենց տուն բերեցին այդ սարքից, կավ, թրծող վառարան ու տարբեր գույնի ջնարակներ։ Մեծ սենյակի մի անկյունում տեղավորեցին ու հեռացան։ Երկու շաբաթ Աննան դրանց չմոտեցավ, որոշել էր դուրս հանել, որ սենյակում նեղվածք չլինի, սակայն բժշկուհին սպառնաց, որ ստիված կլինի նրան կլինիկական ստացիոնար բուժում նշանակել, որովհետև պրոգրեսիվ դեպրեսիան կարող էր մտագարության հասցնել։ Աննան նախ հոսանքին միացրեց անիվն ու առանց կավին դիպչելու դեմը նստած այնքան երկար նայեց պտտվող սկավառակին, որ գլխապտույտ ունեցավ։ Մեկ օր անց փորձեց կավը տրորել։ Նրա առաջին ստեղծագործությունն անճոռնի էր՝ պատռված շրթունքով, հաստ ու բարակ կողերով մի ծուռտիկ բաժակ։ Նրան օգնելու եկավ այն երկու աշակերտներից մեկը, որին տեսել էր արդեն նկուղի բրուտանոցում։ Երիտասարդ, ամրակազմ տղան նստեց Աննայի թիկունքում։ Այդպես երկու հոգի նստում են մոտոցիկլի վրա։ Դուրգը Աննայի ոտքերի արանքում էր, իսկ նրա կոնքերը երիտասարդի ծնկների միջև։ Տղան երկար թևերով գրկել էր դիմացինի ոչ թե որովայնը կամ կրծքվանդակը, ինպես մոտոցիկլի վրա նստածը, այլ կնոջ ուսերը, որպեսզի ձեռքերը հասնեն նրա մատներին. օգնում էր հղկել կավը։ Հենց առաջին վայրկյանից նա ասաց, որ իրեն էլ այդպես վարպետ Հովսեփն է սովորեցրել։
Աննան, որ վաղուց, դեռ մինչ Անդրեի հեռանալը, տղամարդու հպում չէր զգացել մարմնին, նախ ցանկություն ունեցավ շրջվել և ապտակել բրուտի աշակերտին, բայց մնաց նստած, և վայրկյաններ անց թուլացած մտածեց, որ դեմ չի լինի այն ամենին, որ տղան կուզենա իր հետ անել։ Հետո երիտասարդը վեր կացավ, հոսանքից անջատեց անիվի էլեկտրական սնուցումը, առաջարկեց ոտքով պտտել դուրգը և ավելի կիպ նստեց՝ ավելի ամուր գրկելով իր սանի կոնքերը։ Այնքան ամուր, որ Աննայի ոտքի թեթև շարժումն իսկ արդեն ոչ թե մարմինների հպում էր, այլև շփում։ Սկզբում միասին մի թաս դուրս բերեցին, հետո՝ երկրորդը։ Երբ դրանք դրեցին վառարանի մեջ, տղան հրահանգեց կես ժամից հանել իրերը, խոստացավ հաջորդ օրը գալ նույն ժամին ու հեռացավ։
Հաջորդ օրը, երբ պայմանավորված ժամին մնացել էր տասնհինգ րոպե, Աննան կողպեց դուռն ու փախավ տնից։ Առավոտյան ուշ էր արթնացել և մեքնաբար արված հիգինեայի ու տնային գործերից հետո հետուառաջ էր անում սենյակում, դուրս գալիս բակ, հետո ննջարան մտնում, օրեր առաջ սկսած ճապոնացի հանրահայտ վիպասանի գիրքը ձեռքին մեկնվում անկողնում, բայց րոպեներ անց, նորից ելնում էր, կրկնում ամբողջն ու նորից պառկում։ Նա վախենում էր խոստովանել, որ անհամբեր է, սպասում է բրուտի աշակերտին։ Վճռեց ինքնուրույն ինչ-որ բան փորձել, հունցեց կավը, այնքան տրորեց, մինչև փափկեցրեց, բայց դուրգը մի քանի րոպե պտտելուց հետո լվաց ձեռքերն ու դուռը փակելով՝ հեռացավ տնից։ Իջավ Մատենադարանի կողմից, Կորյունի փողոցով հասավ Նալբանդյանին, հետո այդ փողոցով էլի իջավ կես կանգառ, բարձրացավ շենքերից մեկի երրորդ հարկ ու թակեց աջ կողմի բնակարանի դուռը։ Որոշել էր տիկին Մարինեին հարցուփորձ անել դիմանալու մասին։ Հետո զանգի կոճակը երկար սեղմած պահեց, բայց արձագանք չստանալով՝ շրջվեց ու հեռացավ։ Սրճարաններից մեկում կանաչ թեյ խմեց, ծխախոտ խնդրեց կողքի սեղանին նստած երկու տղամարդկանցից, ծխեց ու դուրս ելավ։ Մտածեց՝ մինչև տուն հասնի, պայմանավորվածից արդեն մեկ ժամ անցած կլինի, բրուտի աշակերտն էլ՝ հեռացած։
Աննան գիտեր, որ եթե երեկվանը կրկնվի, իր կիրքն անկառավարելի կդառնա, և առանց բրուտի նախաձեռնության էլ մերձեցումն անխուսափելի կլինի։ Նրան Անդրեն չէր, որ խանգարում էր, թեև նրա հեռանալուց վայրկյաններ անց հասկացավ, որ դեռ սիրում է։ Սիրել էր միշտ։ Նույնիսկ երկուսին էլ խելագարության հասցնող աղմկոտ վեճերից ժամեր անց, արդեն ներած էր լինում, կարոտում էր նրա փաղաքշանքին, կոկորդը սեղմվում էր զգացումից, որ ինքն ավելի անարդար եկավ ամուսնու հանդեպ։ Կարծում էր, որ Սեթից հետո իր նկատմամբ ավելի ուշադիր պիտի լիներ, ավելի կարեկցող ու սիրող։
Տղան էլ դեմ չէր, բայց հատկապես հայրը պնդեց, որ բանակ գնա, թեև կարող էր ազատվել սրտի անկանոն աշխատանքի պատճառով։ Թողեց ուսումը թավջութակի բաժնում ու բանակ գնաց։ Աննան դեռ չէր ներել ամուսնուն, երբ պատերազմը սկսվեց, բայց այդ օրվանից նա ավելի ու ավելի հաճախ էր պահանջում նրանից, որ վերադարձնի որդուն, դուրս բերի պատերազմի բոցերի միջից։ Մեկ ամիս նրանք թեև դեռ միասին էին անկողին մտնում, բայց երկուսն էլ սիրտ և ուժ չունեին սիրո ու քնքշանքի համար: Սակայն լուրն առնելուց հետո Աննան լրիվ կորցրեց իրեն։ Բոթն առնելուց յոթ օր անց հեռուստացույց նայելիս նա հանկարծ հիշեց։ Ինչո՞ւ հիշեց, ինչո՞ւ կարևորեց, չէ՞ որ երբեք մտքով չէր անցել ազգությունը։ Նա իրեն ավելի շատ հայի և ռուսի զավակ էր զգում։ Եբրայերեն ոչ մի բառ չգիտեր, ինքն էլ, հայրն էլ մկրտված քրիստոնյաներ էին։
Կասկադի աստիճաններով բարձրանալիս հանկարծ հիշեց Մուրակամիի «Նորվագեկան անտառի» այն դրվագը, որը մինչև տնից դուրս գալը թերթեց մի քանի անգամ։ Շաբաթների ընթացքում ընդամենը տասը-տասնհինգ էջ էր կարդացել։ Հանկարծ անգիր հիշեց հատվածը, որն առավոտյան էր մի քանի անգամ ընթերցել։ Զարմացավ, որովհետև կարծում էր, թե ուղղակի հայացքով անցել է տողերի վրայով ։
« -Վատանարե, դու ինձ սիրո՞մ ես։
-Իհարկե։
-Ուրեմն կկատարե՞ս իմ երկու խնդրանքը։
-Թեկուզ երեքը։
-Երկուսը լավ է։ Հերիք է։ Մեկը, որ ուզում եմ հասկանաս, անչափ շնորհակալ եմ ինձ տեսակցության գալու համար։ Շատ ուրախ եմ, շատ… Փրկվում եմ, եթե նույնիսկ էդպես չի թվում, էդպես է։
-Ես նորից կգամ։
-Ուզում եմ, որ ինձ հիշես։ Միշտ կհիշե՞ս, որ ես գոյություն եմ ունեցել ու էսպես քո կողքին եղել»։
Նոր միայն հետաքրքիր թվաց, որոշեց տուն հասնելուն պես շարունակությունը կարդալ։ Նրան այդ գիրքը նյարդաբանն էր տվել։
-Տխուր գիրք է,-ասաց Սառա Գուրգենյանը,-քեզ դուր կգա։
-Ես տխրության պակաս չունեմ,- չուզեց գիրքը վերցնել Աննան։
-Տխրությունը, վիշտն ամենուր են։ Քեզ պետք է ինչ-որ մեկին կարեկցել, այդպես սեփական վիշտդ է մեղմանում։ Հիմա քո հոգին կարծր ապառաժ է։ Երբ ուրիշի ցավն ես զգում, հասկանում ես, որ միայն դու չես այս աշխարհում, ում համար անտանելի ծանր է ապրելը։ Դու կենդանի մարդկանց չես նկատում, չես կիսում նրանց վիշտը, որովհետև սեփականդ ավելի մեծ է։ Եթե էս տխուր գրքի ավարտին հերոսներից մեկի համար աչքերդ թացանան, կամ գոնե կարեկցանք զգաս, թեկուզ՝ ափսոսանք, ուրեմն ես լավ բժիշկ եմ, իսկ դու կյանք վերադառնալու ճանապարհին ես։
Աննան տուն մտավ թե չէ, դուռը թակեցին։ Բրուտի աշակերտը ներողություն խնդրեց ուշանալու համար։ Նա հևում էր․ ամեն ինչից երևում էր, որ Կասկադի կամ Մատենադարանի աստիճանները վազքով է հաղթահարել։ Տղան օգնեց, որ Աննան ազատվի անձրևանոցից, հայացքով փնտրեց կախիչը, հետո իր կաշվե կիսաբաճկոնը հանեց ու կախեց անձրևանոցի վրա։ Աննային դա ակնարկ թվաց, որովհետև կողքին ազատ կախիչներ կային։ Նա իր երիտասարդ վարպետին ասաց, թե շատ է հոգնել և այսօր մտադիր չէ կավի հետ գործ ունենալ։ Տղան նեղացկոտ տոնով շշնջաց, թե այստեղ գալու համար հազար գործ է Սարի թաղում կիսատ թողել։ Աննան պնդեց, որ չեն աշխատի, և տղան ժպտալով ասաց.
-Լավ, թող մնա ուրիշ օր։
Վերցրեց բաճկոնը, առանց հագնել ուզում էր հեռանալ, բայց Աննան նրան կանգնեցրեց.
-Սպասիր, մի բաժակ ջուր խմիր, շունչդ բերանդ գա։
-Հա, կոկորդս չորացել ա։
Տանտիրուհին գնաց նեղլիկ սենյակներից մեկը, որ խոհանոցն էր, ու բաժակով ջուր բերեց։ Տղան մի քանի կում արեց, բաժակը դրեց դռան կողքի պատուհանի գոգին ու ասաց.
-Դե լավ, վարպետի համարն ունեք, երբ հարմար լինի՝ մեկ օր առաջ նրան զանգեք։
Բացեց դուռը, որ գնա, սակայն Աննան նրան երկրորդ անգամ կանգնեցրեց.
-Կուզե՞ս միասին սուրճ էլ խմենք, բայց իսկապես հոգնած եմ, աշխատել չեմ կարող։
-Ոնց ասեք,- հնազանդվեց տղան,- միայն թե արագ, լա՞վ։ Հետ կգնամ արհեստանոց, էսօր դեռ ահագին բան կհասցնեմ։
Երբ Աննան նորից խոհանոց գնաց, տղան դեռ չհագած բաճկոնն այս անգամ անձրևանոցի կողքին կախեց ու բարձրաձայն հարցրեց.
-Որտե՞ղ են երեկվա թասերը։
Աննան ոչինչ չպատասխանեց, բայց երբ սուրճի մատուցարանը ձեռքին խոհանոցից դուրս եկավ, ասաց.
-Մոռացել էի անջատել։ Կեսգիշերին հիշեցի, բայց արդեն ուշ էր, այրվել էին, փշուր-փշուր եղել։
-Ոչինչ, նորից կսարքենք, մենակ թե զգույշ եղեք, տունը պաժառ չտաք, վառարանը ութ հարյուր աստիճան տաքանում ա։
-Կարո՞ղ ենք էսօր սարքել, սուրճը կարծես թարմացրեց,- մի ումպ անելուց հետո ասաց Աննան։
Տղան տարակուսած ուսերը թոթվեց։
-Ես մի քիչ տարօրինակ կին եմ, ներող եղիր։
-Ոչինչ, ինձ ասել են։
-Ասել են՝ խելա՞ռ է։
-Չէ, ասել են՝ շատ տխուր է,- կմկմաց երիտասարդ վարպետը։
-Ես հիմա կգամ, դու կավը սարքին մոտեցրու,- ասաց Աննան, մտավ ննջարան, հանեց շրջազգեստը, մահճակալի վրայից վերցրեց ջինսե տաբատն ու նայեց մարդահասակ հայելու մեջ։
Հիշեց օրը, երբ այլ հայելու առջև զգեստափոխվելիս տեսավ փորի փոքրիկ ուռուցիկությունն ու հիվանդանոց գնաց։ Նոր-նոր էր չափահաս դարձել։ Անդրեի հետ ծանոթացավ փաստաթղթերը պոլիտեխնիկ հանձնելու օրը։ Նա քրոջը՝ Ռուզանին էր ուղեկցում։ Անդրեն արդեն դասավանդում էր, իսկ քույրն էլ ուզում էր եղբոր ուսանողը դառնալ։ Գործերը հանձնելուց հետո նրանք սրճարան գնացին, և երկու դեռատի աղջիկները մեկ ժամից ավել կչկչում էին իրենց ապագա դասախոսի կատակներից։ Նույնը կրկնվեց նաև առաջին քննությունից հետո։ Նրանց տունը շատ մոտ էր, և հաջորդ օրը ընկերուհիներ դարձած աղջիկներին Անդրեն առաջարկեց տանը նշել քննության բարձր գնահատականները։ Մինչ հաջորդը յոթ օր կար, և Անդրեն ոչ միայն քրոջ հետ էր պարապում, այլ նաև՝ Աննայի։ Նրանց ծնողները Սանկտ Պետերբուրգում էին արդեն երկու տարի։ Երբեմն Ռուզանը միանում էր եղբորը՝ Աննային տուն ճանապարհելիս, երբեմն՝ հրաժարվում։ Ոտքով կես ժամվա ճանապարհ էր։ Աննան զգում էր՝ երբ մենակ են, Անդրեն չի շտապում, տեղ հասնելուց հետո երբեմն էլի կես ժամ էր անցնում, մինչև որ աղջիկն ասում էր.
-Գնամ, մաման կանհանգստանա,- ու հենց այդ պահին լսվում էր բջջայինի զանգը։
Առաջին համբույրը եղավ մոր հետ ծանթացնելուց մեկ օր անց։ Երկու ամիս էր, ինչ ուսանող էր, որ չդիմացավ իր դասախոսի հմայքին ու անկողին մտավ նրանց տանը։
Հայելու դեմ կանգնած, Աննան լսեց պտտվող սկավառակի ձայնն ու շալվարը վրան քաշելով՝ հյուրսենյակ վերադարձավ։ Տղան զիջեց իր աթոռը, բայց այս անգամ ոչ թե թիկունքում նստեց, այլ դիմացը։ Նա ափերով գրկել էր կնոջ ձեռքերն ու նրա մատները շարժելով՝ձև էր տալիս կավին, ձգում, բարձրացնում, հղկում։ Այս անգամ համատեղ ստեղծածը փոքրիկ ծաղկաման էր։ Երբ կնոջ մատները, վարպետորեն ու նուրբ շարժելով, սկիհի շրթունքն էլ կախեցին, տղան նրա ձեռքերը հետ քաշեց, սրբեց կավը, հետո իր ձեռքերը մաքրեց և կավի մնացորդները գցեց տաշտի մեջ։ Աննան, որ հիանում էր ծաղկամանի նրբությամբ, հանկարծ նայեց նրա մատներին, ու խայթվածի պես վեր թռավ։ Ուսուցչի ձախ ձեռքի վրա, բութից փոքր ինչ վեր, դեպի ցուցամատը փոքրիկ խաչ էր դաջված և Ս տառը։ Ճիշտ ինչպես Սեթի դաջվածքն էր ու նույն տեղում։ Քանի անգամ էր երազում հատ-հատ համբուրել որդու մատները։ Նոր միայն նկատեց, թե ինչքան նման են նրանց ձեռքերն ու մատները, հասակը, ուսերը, գլուխը, աչքերը։ Աննան նետվեց դեպի տղան, գրկեց նրան ու սկսեց համբուրել այտերը, ճակատը։
-Սեթ, տղաս, իմ բալիկ, իմ միակ զավակ,-կրկնում էր համբույրների արանքում։
Տղան Աննայի ուսերից բռնած մի փոքր հեռացրեց իրենից ու արտասվելով՝ կմկմաց.
-Ես Սեթը չեմ, իմ անունը Սամվել ա։
Աննան քարացել էր։ Տղան պատուհանագոգից նրան տվեց իր կիսատ թողած ջրի բաժակը, բայց կինը չէր կարողանում այն բռնել, մատները դողում էին։ Սամվելն ինքը բաժակը մոտեցրեց նրա շուրթերին։
-Ասել են, տխո՞ւր եմ, թե՝ խելառ,- վերջապես հարցրեց Աննան ջուրը խմելուց հետո։
-Այս անգամ սուրճը ես կդնեմ, լա՞վ,- որպես պատասխան ասաց տղան,- մինչև խմենք, մի քիչ կչորանա։ Էս անգամ միասին վառարան կդնենք, ափսոս ա, ես էլ հազվադեպ եմ էսքան սիրուն ծաղկաման ծեփում։
Հաջորդ ամբողջ շաբաթ Աննան միայնակ էր աշխատում։ Առաջին օրը երրորդ փորձից մի մոխրաման ստեղծեց, հետո թասեր։ Թրծել ու շարել էր պատուհանագոգին։ Սպասում էր, որ ցույց տա Սամվելին ու հպարտանա, բայց նա չկար ու չկար։ Մեկ շաբաթ անց եկավ առանց նախապես պայմանավորվելու։ Գովեց աշխատասիրությունը։ Նա առանց թույլտվություն հարցնելու միացրեց սեղանի մի անկյունում դրված ու փոշոտված համակարգիչը։ Աննան անպայման ուզում էր բռնել ձեռքն ու դաջվածքին նայել, բայց ռիսկ չէր անում դիպչել նրան։ Սամվելն էկրանին կավագործության դասընթացի մի քանի հղումներ գցեց ու բացատրեց, որ այսուհետ կարող է դրանց հետևելով աշխատել։ Երբ հրաժեշտ տվեց ու գնաց, Աննային թվաց, թե նա ձախ ձեռքն ամբողջ ժամանակ թաքցնում էր թիկունքում։ Մի քանի օր Աննան չմոտեցավ համակարգչին, հեռուստացույցն էլ չէր միացրել այն օրից, ինչ ցույց տվեցին, թե ինչպես է Իսրայելական Orbiter 1K անօդաչուն մոխիր դարձնում բեռնատարը, որի մեջ քսան զինվոր կար, և նրանց հետ իր մինուճարը։
Հենց այդ ժամանակ՝ որդու չայրված ոսկորները հողին հանձնելուց երեք օր անց, երբ դողդողալով նայեցին տեսանյութը, ասաց Անդրեին, թե ինքը հրեական արյուն ունի, որ հայրը ոչ թե ռուս է, այլ՝ հրեա։
Անդրեն չհավատաց ականջներին, կռացավ, նայեց դեմքին, նկատեց աչքերի տարակուսելի փայլը ու ասաց.
-Էլի գժվեցի՞ր։
-Չէ, հայրս իսկապես հրեա էր։
-Ի՞նչ, բայց ինչի՞ ես հիմա ասում, ամուսնությունից տասնութ տարի հետո։
-Որովհետև նրանք սպանեցին մեր տղային։
Անդրեն մի քանի պտույտ գործեց սենյակում ու ասաց.
-Մոռացիր, նա քեզ հայրություն չի արել, չի տեսել քեզ երեք տարեկանից հետո։ Համ էլ՝ ինչ տարբերություն՝ հայ, ռուս, թե հրեա։
Աննան այլևս ոչինչ չասաց, բայց օրեր անց, երբ կրկին մեղադրեց ամուսնուն, որ կարող էր որդուն հետ պահել բանակից, Անդրեն ասես պայթելու առիթի էր սպասում.
-Հերիք է, կշտացել եմ կշտամբանքներից, ես չեմ սպանել Սեթին, այլ քո ազգակիցները։
Էլի մեկ-երկու այդպիսի վեճից հետո ամուսինները համաձայնեցին, որ այլևս չեն կարող միասին ապրել։ Անդրեն, որ մինչ այդ էլ ձգտում էր հնարավորինս ուշ տուն գալ, քիչ շփվել կնոջ հետ, որոշեց հեռանալ նաև հայրենիքից։
-Ես էլ երբեք ոտք չեմ դնի էս երկիր,- հայտարարեց ծնողների մոտ՝ Սանկտ Պետերբուրգ մեկնելուց առաջ։
Մինչ այդ վաճառեցին բնակարանը, որը վարձակալության էին տվել Հայաստան աշխատանքի գործուղված գերմանացի ամուսինների։ Մոր մահվանից հետո իրենց տունն էլ վարձով էին տալիս, բայց տեղացիների։ Անդրեն իրենց տան վաճառքի գումարից ոչ մի լումա չվերցրեց։ Մի մասն ամուսնու և երկվորյակ աղջիկների հետ Գյումրիում ապրող Ռուզանին հանձնեց, մնացածը տարավ բանկ ու փոխանցեց կնոջ հաշվին։ Այդ մասին Աննան իմացավ նրա հեռանալուց շաբաթներ անց, բայց մինչ այդ խնդրեց իրեն թողնել Կասկադի ու Մատենադարանի միջև գտնվող փոքրիկ տունը, որը մեկ տարի առաջ գնել էին Անդրեի՝ Նահանգներ մեկնող ընկերոջից, նրան օգնելու համար միայն։ Աննան սիրեց այդ փոքր տունը, բակից երևացող երևանյան խայտաբղետ կտուրների ու փողոցների համայնապատկերը։ Նրան հաճելի էր նաև ոտքով բարձրանալու դժվարությունը։
-Ուխտագնացության նման է,- ասոմ էր` հրաժարվելով Անդրեի հետ մեքենայով տուն հասնել։
Սուրբ Ծննդյան Ճրագալույցի պատարագից տուն վերադառնալիս նա շտապում էր, ու չգիտեր, թե ինչու։ Ինքն իրեն համոզեց, թե պարզապես ուզում է պարապ նստել չարխի առջև ու երկար-երկար նայել պտտվող սկավառակին։ Միայնակ, լոկ համացանցի տեսանյութերով ամիսների ընթացքում այնքան էր հղկել վարպետությունը, որ բացի տարբեր անոթներից, նաև արձանիկներ՝ մանկական խաղալիքներ ու հրեշտակներ էր ստեղծում, թրծում ու ներկում։ Սամվելն այլևս չէր երևացել։ Ամեն շաբաթ ինքն էր գնում Սարի թաղի արհեստանոց, տալիս ամբողջ շաբաթվա ընթացքում թրծած իրերը, որոնք վարպետները վաճառում էին իրենց արտադրածի հետ, վերցնում էր նախորդ շաբաթ հանձնածի գումարն ու վերադառնում։ Սառա Գուրգենյանը գոհ էր։ Աննան այդպես էլ չավարտեց նրա տված գիրքը։ Երբ Նաոկոն վերջ տվեց իր կյանքին, Աննան թեև կանխատեսում էր դա, բայց էլ ռիսկ չարեց շարունակել։ «Միթե նա ուզում է, որ ես էլ այդպես վարվեմ»,- մտածում էր բժշկուհու մասին։ Արհեստանոցից վերադառնալիս նա երբեմն տիկին Մարինեին էր այցելում։ Ուրիշ գնալու տեղ չուներ։ Երկու-երեք անգամ Ռուզանն էր Գյումրիից եկել իրեն տեսակցելու, բայց նրանց զրույցը ոչ մի կերպ չեր ստացվում, որքան էլ նախկին ամուսնու քույրը փորձում էր իր աղջիկների չարաճճիությունների մասին զվարթ պատմություններով ընկերուհուն հանել մռայլ միայնության վիհից։ Որդու նահատակությունից հետո Աննան թողել էր տեխնոլոգիական հիմնարկում մենեջերի աշխատանքը, Ռուզանը նույն գործն անում էր սերբական մի ընկերության համար Գյումրիի իրենց տանը նստած։ Նա տալին փորձում էր նաև մասնագիտական թեմաներով զրույցի մեջ ներքաշել, բայց այդ ջանք էլ էր ապարդյուն ստացվում։
-Անցած, գնացած բաների մասին չեմ ուզում խոսել,- ընդհատում էր նրան Աննան թախծոտ ժպտալով, և Ռուզանը, գիտակցելով, որ այս անգամ էլ ձախողել է իր առաքելությունը, հուսահատ հեռանում էր։
Այնքան սակավապետ էր դարձել, որ մոր բնակարանի վարձակալության գումարը հերիքում էր, մի բան էլ ավելանում, խեցեգործության եկամուտն էլ չէր հասցնում ծախսել։ Այնպես որ իր հաշվի վրա Անդրեի թողած հսկայական գումարի ոչ մի ցենտի կարիքը չէր զգացվել։
Հայելու մեջ որովայնի փոքրիկ ուռուցիկությունը նկատելուց հետո հիվանդանոց շտապեց, այնուհետ պոլիտեխնիկի միջանցքում բռնեց դասախոս Անդրեաս Մազմանյանի թևը ու շշուկով հայտնեց լուրը։ Անդրեն առանց ամաչելու ներկաների հայացքներից, գրկեց նրան ու ասաց.
-Կամուսնանա՞ս ինձ հետ։
Աննան դուրս փախավ, և մինչև երեկո թափառեց քաղաքում, երբ տուն վերադարձավ, տեսավ, որ Անդրեն ու Ռուզանը զրուցում են մոր հետ։ Նրանք Աննայի ձեռքն էին խնդրել մորից։ Նա ընդամենը տասնյոթ տարեկան էր, և ողջ օրը մտածելով՝ որոշել էր ազատվել երեխայից։ Մայրը թեև Անդրեին շատ էր հավանում, բայց պատասխանել էր.
-Ի՞նչ ամուսնություն, նա դեռ երեխա է։
Անդրեն խնդրեց Աննային, որ առանձնանան ու պատմեց, որ ինքն արդեն ամուսնացած եղել է, բայց երեք տարի միասին ապրելուց հետո պարզել են, որ անհամատեղելի են, ու զավակ չեն կարող ունենալ, որ հիմա ինքը երջանիկ է Աննայի հղիության մասին իմանալով։ Ասաց, որ եթե համաձայնի, կամուսնանան մի քանի օրից, որպեսզի ոչ մեկը՝ ոչ մայրը, ոչ համալսարանում չիմանան, թե մինչ ամուսնությունը աղջիկը հղիացել է։
Աննան տեսավ, որ իր սիրած տղամարդու այտերը թրջվել են արցունքներից։
Ճրագալույցի պատարագի ողջ ընթացքում, Սուրբ Աննա եկեղեցում կանգնած, Աննան վերարկուի գրպանում ձեռքի մեջ սեղմում էր կավե հրեշտակի արձանիկը ու մտածում Սառա Գուրգենյանի ու Նաոկոյի մասին։ Կասկադի աստիճաններով բարձրանալիս նա իրեն խաբում էր, թե բրուտի դուրգի առաջ պարապ նստելու համար է շտապում։ Ճանապարհին դեղատուն էր մտել, առել ինչ պետք էր, վճարել, բայց դուրս գալուց առաջ աշխատակցուհուն նվիրել հրեշտակի արձանիկն ու ասել.
-Շնորհավոր Սուրբ ծնունդ։
Միայն դրանից հետո սկսեց շտապել, քանի դեռ վճռականությունը չէր կորցրել։ Կասկադի աստիճանների վրա շրջվեց, նայեց ներքևում մնացած քաղաքի՝ ուշացած առաջին ձյան փաթիլների տակ սպիտակող տանիքներին, սիզամարգերին, ու մայթերին և հիշելով առաջվա իր գրառումը` ամաչեց ու քրթմնջաց.
-Ի՜նչ էլ սենտիմենտալ եմ եղել։
Հասավ տուն, վերարկուն կախեց, գրպանից հանեց դեղն ու գնաց խոհանոց։ Երբ վերադարձավ, միացրեց չարխն ու ոտքերը սովորականից ավելի լայն բացած նստեց նրա առաջ։ Հինգ րոպե առանց աչքը կտրելու նայեց դուրգին, բայց ամեն անգամվա պես աչքերի առաջ չէր մշուշվում, գլուխը չէր պտտվում, ոչ մի մոգական ուժ չկար այդ պտույտների մեջ, ժամանակը կանգ էր առել, ոտքերի արանքով չէր թափանցում իր մեջ, սիրտը շրջանցելով չէր հասնում ուղեղին, չէր թմրեցնում այն։ Վճռականությունը ճաքեր էր տալիս։ Նորից հիշեց իր գրառումը ձյան մասին։
«Ձյունն, իմ այս մեղքն էլ կջնջի»,-մտածեց ինքնահեգնանքով։
Որոշեց ջնջել տարուկես առաջվա իր սրտաճմլիկ գրաումը։ Մտավ Ֆեյսբուք, ու տասավ, որ Անդրեն տասը անգամ տեսազանգ անելու անհաջող փորձից հետո նամակ է գրել։ Հեռանալուց հետո չէին շփվել։ Սկզբում որոշեց չկարդալ։ Բայց հասկացավ՝ զանգելու նրա համառությունը նշանակում է, որ կարևոր բան ունի ասելու։
«Արդեն քանի ժամ է, փորձում եմ կապվել հետդ, հեռախոսդ էլ անջատված է»։ Աննան կիսատ թողեց, արդեն երերալով հասավ վերարկուին, գրպանից հանեց բջջայինն ու տեսավ, որ պատարագի ավարտին մոռացել է միացնել։ Վերադարձավ դժվարությամբ, ու փորձեց շարունակել։ Տառերն ու տողերը փախչում էին, գլուխկոնծի տալիս, բայց հասցրեց կարդալ. «Ցուցակը տեսե՞լ ես։ Հռոմի պապի միջնորդությամբ տուն եկող տասնչորս գերիների ցուցակը տեսե՞լ ես։ Նրանցից մեկի անունը Սեդրակ Անդրեասի Մազմանյան է։ Չեմ հավատում, որ այդպիսի անուն, ազգանուն և հայրանուն ունեցող ուրիշ մեկն էլ լինի։ Վստահ եմ, որ մեր Սեթն ա։ Աննա, ներիր ինձ, ներիր, ներիր։ Թույլ տուր հետ գամ ու շտկեմ սխալս։ Չեմ հավատում զուգադիպություննների, թույլ տուր գամ, մենք մեր տղային միասին ենք պետք»։
Աննայի ծնկները ծալվեցին ու փռվեց հատակին։ Նա հասցրեց լսել դռան թակոցը և մեծագույն ճիգով բաց պահեց դռանը հառած աչքերը: Էլի երկու անգամ թակելուց ու պատասխան չստանալուց հետո եկվորը բացեց դուռն ու ներս մտավ։ Աննան տեսավ նրա ձախ ձեռքին դաջված խաչն ու Ս տառը։
-Սեթ, եկա՞ր,-շշնջաց ու փակեց աչքերը։
Իսկ նա պարզապես երկու շաբաթում վաճառված հրեշտակների փողն էր բերել։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *