Խորհրդային երկրի արշալույսին, 1925 թվականին, Միխայիլ Բուլգակովն ավարտեց իր «Շան սիրտը» վիպակը՝ ՄԽԱՏ-ում (Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոն) բեմադրելու համար։ Ակնհայտորեն գործի բովանդակության պատճառով բեմադրությունը չկայացավ։
62 տարի անց միայն բուլգակովյան ստեղծագործության վրայից վետոն հանվեց։ «Զնամյա» ամսագրում հրատարակվելուց անմիջապես հետո «Շան սիրտը» դարձավ գայթակղիչ նյութ ընթերցանության, բայց առաջին հերթին թատրոնների համար։ Առաջնության պատիվը Մոսկվայի պատանի հանդիսատեսի թատրոնինն էր (բեմադրիչ Հենրիետա Յանովսկայա)։ Ութսունականների վերջին հայ հանդիսականը հնարավորություն ունեցավ դիտելու կուլտային պիեսի երկու ներկայացում՝ մոսկովյան ներկայացումն ու Լենինգրադի Լենսովետի թատրոնի (բեմադրիչ Իգոր Վլադիմիրով) բեմադրությունը։
Համազգային թատրոնում 2023 թվականը ռուսական դրամատուրգիայի տարի է, ինչպես նախորդող տարիները՝ ֆրանսիական կամ ամերիկյան։ Եվ տարեվերջին (դեկտեմբերի 18 և 19) թատրոնում Միխայիլ Բուլգակովի «Շան սիրտը» ներկայացման պրեմիերան էր։ Մինչ այդ Միխայիլ Զոշչենկոյի ստեղծագործությունների հիման վրա մոնոներկայացում էր արվել, ինչպես նաև Եվգենի Գրիշկովեցի ու Իոսիֆ Բրոդսկու պոեզիայի թատերականացված ընթերցանություն։
– Դուք տղամարդ եք,թե կին։
– Ի՞նչ տարբերություն, ընկեր․․․
Ինչ էր ուզում ասել Բուլգակովն իր պիեսով, և որն է նրա պատմական արժեքը։ Արդեն 1925-ին, հոկտեմբերյան հեղափոխության փառաբանման ժամանակներում, գրողը ոչ միայն հասկացավ կատարվածի, արհեստական համահարթեցման վտանգն ու հեռանկարը, այլև գրեց թատրոնի համար, որ նշանակում է ի տես ու ի լուր ամենքի։ Բուլգակովն իր բարոյական դիրքավորումն արտահայտեց ֆանտաստիկ ռեալիզմի ժանրով, երբ պատմության բնական ընթացքի վրա բռնությունը դուրս է գալու ստեղծողի վերահսկողությունից , դառնալով իրական պատուհաս ու վտանգ՝ հենց ստեղծողի համար։
«Ես կարդացել ու բեմադրել եմ իմ ընկալմամբ։ Հայտնի ֆիլմում Շարիկովին շատ քիչ ես խղճում, ուզում ես կրկին շուն դառնա։ Իմ բեմադրության մեջ Շարիկն ու Շարիկովն ավելի շատ զոհ են։ Հանդիսատեսը նրանց կկարեկցի, ոչ թե կմեղադրի»,- ասել է ներկայացման ռեժիսոր Տաթևիկ Մելքոնյանն, ով հրավիրել է թատրոն հատուկ այս ներկայացման համար։
Համազգայինի ներկայացման մեջ ակնառու էր արժեհամակարգերի՝ ինտելիգենցիայի և հեղափոխական մասսաների հակադրությունը, կոնկրետ՝ բժիշկ Պրեոբրաժենսկու (Արամ Կարախանյան) և բնակվարչության պետ Շվոնդերի (Արման Նավասարդյան) օրինակով։ Արհեստական ու վտանգավոր միջամտությունը բնության գործերին, կյանքի բնական ընթացքին ներկայացման մեջ արտահայտվում է երկու շերտով ՝ հեղափոխության ծնունդ «Շվոնդերը և ընկերները», և պրոֆեսոր Պրեոբրաժենսկին ու նրա ծնունդը՝ լաբորատոր էակ, նոր մարդ Պոլիգրաֆ Պոլիգրաֆովիչ Շարիկովը։ Եվ պատահական չէ, որ նրանք միմյանց՝ նմանը նմանին, գտնում են, դառնալով համախոհ ու կուսակից։
Միշտ հաճելի է հետևել Արման Նավասարդյանի՝ մի քանի շտրիխով կերպարանափոխվելու, մարմնավորելու հատկությանը։ Նրա Շվոնդերը աշխատավոր էլեմենտի շահերը պաշտպանող չեկիստ է, ով պարբերաբար պրոֆեսորի բնակարան է ներխուժում շքախմբով, փողային նվագախմբի քայլերթի երաժշտություն ուղեկցությամբ։ Այցերի նպատակն էլ տնային կառավարչի բիրտ գիշատչությամբ, խտացում անվան տակ, ուրիշների սեփականությունը, բնակմակերեսների զավթումը։ Շվոնդերը ատելություն է ցուցադրում պարոնների, և հեղափոխական փաղաքուշ վերաբերունք՝ ճիշտ ծագում ունեցող Շարիկովի նկատմամբ, թեկուզև շուն, բայց մեկը մեզանից։
«Մեր առջև նոր արարած է»․ Պրոեբրաժենսկին կամաց-կամաց առերեսվում է իր ստեղծածի հետ։ Փորձարկումից դժգոհ են Շարիկ-Շարիկովը, պրոֆեսորը, բժիշկը (Հայկ Պետրոսյան)։
Արամ Կարախանյանը վիրաբույժ Պրեոբրաժենսկու դերում դասական պրոֆեսոր էր, ինչպես բոլոր հայկական ներկայացումներում, խոսքի օտար շեշտադրումով, իրականությունից կտրված կամ չընդունող, չամուսնացած- մենակ գլուխ, նիհարակազմ, բարձրահասակ, բարեկիրթ անգամ զայրույթի պահին, խրատասաց։ Մի խոսքով՝ պարոն, և ոչ մի դեպքում ընկեր պրոֆեսոր։ Պրեոբրաժենսկին նաև հեղինակի հեգնական ձայնն է․ «Մի՞թե Մարքսն արգելում է աստիճանների վրա գորգ փռել»։
Միջազգային կարգի բժիշկ է, թե ոչ, անկարևոր է, քանի որ «չունի պահանջվող ծագումը», ինչպես Շվոնդերը։ Կարևոր չէ նաև սեռը, երբ բնակվարչության աշխատակցուհին «դուք տղամարդ եք, թե կին», պրոֆեսարի հարցին հակադարձում է՝ «ի՞նչ տարբերություն, ընկեր»։
«Ես կշարունակեմ ճաշասենյակում ճաշել և վիրատատել՝ վիրահատարանոմ» հակահեղափոխական միտքն այսօր զվարճալի է հնչում, բայց իմացություն է անցյալի մասին։
Ալլա Սահակյանի Զինաիդան՝ արտաքուստ կոմերիտուհու սանրվածքով, երկարափեշ, սլացիկ-բարեկազմ, պրոֆեսորի ու բժշկի օգնականն է, տան ոգին։ Երիտասարդ կինը ընտանիքի պատվարժան անդամ է՝ անուն հայրանունով, իսկ լաբորատոր արարած Շարիկովի համար՝ Զինկա, որին կարելի է վավաշոտ նայել, ձեռքերին ազատություն տալ։ Գեղագիտորեն հաճելի ու հետաքրքիր էր լոգարանի տեսարանը, որն ամբողջացնում էր աղջկա կերպարը՝ միայնակ, մաքրամոլ, երազկոտ։ Իբրև հակադրություն կոպիտ իրականությանը, որը սկզբում միայն դրսում էր, իսկ Շարիկովի ծնունդով իրենց փակ տարածք է ներխուժում։
Նարեկ Բաղդասարյանի համար Շարիկովիի դերակատարումը հետաքրքիր է ու էքսպերիմենտալ․ «Որպես դերասան դերը ինքդ քեզ բացահայտելու շատ մեծ հնարավորություն է տալիս։ Այս տեսակի կերպար դեռ չէի խաղացել, ինչը շատ հետաքրքիր է»։
Շարիկովի դերը խաղարկելու լավ հնարավորություն է տալիս՝ հալածված, շան կյանքից բողոքավոր Շարիկ և մարդ՝ շան ու հարբեցող կրկնահանցագործի խառնուրդ։ Նարեկ Բաղդասարյանի մարմնավորած Շարիկը հողագույն գզգզված մորթով, խճճված բրդոտ գլխով, նիհար, սառած ու կիսաքաղց փողոցի շուն է, և այս թշվառ վիճակից էլ օգտվում է պրոֆեսորը՝ երշիկով գայթակղելով ու տուն տանելով։ Տանիքն ու սնունդը խայծ էին, որոնց հաջորդելու էր կենդանի արարածի բռնի, փորձարարական վիրահատությունը։
Քաղաքական պամֆլետի սառը ժանրով արված ներկայացման լավագույն ու հուզիչ տեսարանը մարդկանց թակարդն ընկած անխոս կենդանու խուճապն ու անելանելիությունն էր, և դրամատիկ այս տեսարանը Նարեկ Բաղդասարյանի խաղի բարձրակետն էր։ Այդուհետ նա Շարիկով էր՝ մուժիկ ու նորաթուխ հեղափոխական, բռի, ագրեսիվ։ Լաբորատորային արարածն արդեն պետ է, իր ծագումով հպարտ՝ «նախ և առաջ մենք պարոն չենք», շանտաժի զենք էլ ունի՝ «ես վիրավորվել եմ պատերազմում»։
«Շան սիրտը» գործում Բուլգակովն իր ասելիքի համար գտել էր շատ ակնառու օրինակ, բայց այնքան ակնառու և ուղղագիծ, որ գեղարվեստական կողմը տուժել էր։ Եթե անցյալ դարավերջին պիեսին հմայք էր տալիս խորհրդային գրաքննությունից ազատագրված լինելը, ապա այսօր հետաքրքիր է՝ իբրև հաղթահարված անցյալ։
Բուլգակովի վիպակի, ինչպես նաև Համազգային թատրոնի «Շան սիրտը» ներկայացման մեջ ենթաշերտեր չկան, բայց կա բուլգակովյան սատիրա։