Մարիամ Կանայան | Բզզացող սեր

Մարիամ ԿանայանԻմ մեծ հսկա այգի՝ դրախտի պես ընդարձակ, հարյուր յոթանասունին հասնող ծառերով, հարթավայրով, զառիվերով, երեք եղևնիով, մեկ սոճիով, վեց բարդիով՝ միտքը շոյող, խաղաղեցնող… դարպասի կողքին, որ հյուրընկալեն ու բարի ճանապարհ մաղթեն։
Մի քիչ անհարմար, բայց սիրելի տուն` առաջին հարկից երկրորդը տանող մեծ ու փոքր աստիճաններով, որ առողջ մարդիկ իրենց կաղ զգան։ Զառիվերով իջնող քառասուն ծուռ աստիճաններ՝ բալի ծառը գրկող ու դեպի կանաչ–դեղին ներկած փայտե «բեսեդկա» տանող, որտեղ ցերեկը պիտի ննջեր տան մեծը, հետո խաղային փոքրերը, ապա ամբողջ ընտանիքով՝ քսան հոգով, նստեին տասը հոգանոց նստարաններին՝ մեկ սեղանի շուրջը. զրուցեին, խաղ խաղային, շոգին մի սառը բան ուտեին, հովանային կամ սառը երեկոներին տաք փաթաթվեին, թեյ խմեին, էլի զրուցեին, հիշեին, հիշեի՜ն ու մնային հիշողության մեջ։
Իմ ծառեր՝ կոր ու ցածր ճյուղերով, որ հարմար էին նստելու, գիրք կարդալու, երազելու համար։
Հարևան անտեր հողամաս՝ «բասեյն» կոչված, ժանգոտած 2–3–մետրանոց տաշտով, ուր գյուղի տղաները պիտի գային լողալու, որ քաղաքից եկած աղջիկները իրենց նկատեին։ Քաղաքից եկած աղջիկները, տանեցիներից թաքուն ու իրենք իրենցից ամաչելով, կնկատեին ու կհետևեին գյուղի կիսամերկ տղաներին։
Իմ մեծ սար, որ բլուր էր՝ ուրցի, դաղձի հոտով, հատ ու հատիկ վայրի մեխակներով։
Մեծ պատշգամբ, որտեղից Արագածի փոքր սուր կատարներն էին երևում, իսկ դրանից այն կողմ՝ հեռվում՝ համարյա մյուս մայրցամաքում, Երևանն էր, որտեղ ոչ մեկը վերադառնալ չէր ուզում։
Բժիշկ Ավագյանի մեծ ամառանոցն էր, նրա ընտանիքը, սեփական տան անվերջ գործը, քաղաքից հեռու ամառը ու օդում բզզացող աներևույթ սերը։
Այգու ծառեր, հող, որ անվերջ մշակում էին տան տղամարդիկ, իհարկե, բժիշկ Ավագյանի գլխավորությամբ։ Բժիշկ Ավագյանը ինքն էր ընտրել պտղատու ծառերի տեսակը, քանակը, տնկելու ու մշակելու ձևերը։ Դեղձի ծառ էլ էր տնկել ծովի մակերեսից 1800 մ բարձրության վրա գտնվող այգում։
«Չի բռնի, բժի՛շկ ջան»,– ասել էին գյուղացիները։ Դեղձի ծառը, տրամաբանությանը հակառակ, հնազանդվել էր բժիշկ Ավագյանի ու Աստծու կամքին ու մի քանի տարի համբերելով՝ բռնել, յոթը քաղցր պտուղ էր տվել։ Գյուղացիները իմացել էին ու ուրախությունից ծառը գողացել։
…Իսկ կանանց՝ մաքրել–հավաքելու, լվանալու, եփել–թափելու գործերը սկսվում էին ու չէին ավարտվում ամեն օր։ Թոռները ազատությունը վայելելուն զուգահեռ ծառայում էին կանանց ու տղամարդկանց «նոցին հրամանատարությանը»՝ «արի՛ օգնի», «գնա՛ իմացի», «արի՛ տուր», «գնա՛ բեր»։
Տան փոքրին ասում էին.
– Գնա՛ մի քիչ ելակ հավաքի:
Փոքրը սիրով ելակը կհավաքեր, կեսը կուտեր, հետն էլ բնությունը կուսումնասիրեր, կնկատեր տարատեսակ միջատների, դրանց քայլելու ուղղությունը կամ գտնվելու վայրը կփոխեր։ Միջատները լավագույն դեպքում կհայտնվեին մի քանի քայլ այն կողմ գտնվող թփի վրա, վատագույն դեպքում՝ լուցկու տուփի մեջ։ «Ելակն ի՞նչ եղավ…»։
-Խոզերի կերը տարե՛ք Ջուլիկենց ու կա՛թը բերեք։
Երկու քույր կերով դույլերը տանում էին հարևանի խոզերին, հետո նստում սպիտակամաշկ, կարմրաթուշ Ջուլիկ տատի կողքին, մինչև Չալկա կաթնատու կովը սարից գար։ Սպասում էին, կաթը վերցնում, վերադարձին Ջուլիկ տատի՝ կով կանչելու տնազը անում։
– Չալկա՜, ա՜յ Չալկա… Հողե՛մ գլուխդ, Չալկա՜, Չալկա՜…
Ասում էին ու ծիծաղում.
– Չալկա՜, Չալկա՜…
Մի օր թոռներից մեկը սկսել էր ինքնակամ հող փորել։ Մեկ–երկու քառակուսի մետր փորելուց հոգնեց. բարդ բան է։ Պապը տեսավ, ուրախացավ.
– Կուզե՞ս՝ էս տունը քեզ ժառանգեմ։
Թոռը ուրախացավ, բայց այդ մեծ տունը մենակ պահելը դժվար կլիներ։ Մտածեց` ավելի լավ է՝ տունը բոլորինը լինի, ամեն մեկը իր բաժինը կունենա, կխնամի…
Ամառանոցը մի օր վաճառվեց։ Ստիպված վաճառվեց, անտերության չմատնվելու պատճառով։
Տունը մի քիչ ուրախացավ, որ անտեր չի մնա, բայց շատ կարոտեց իրեն սարքող առաջին տիրոջը։ Սկսեց հիշել անցածը։ Այստեղ նրանք երեկոյան հանգստանում էին: Սա տիրոջ ննջարանն էր՝ գրքերով լի, այս մեկում տղայի ընտանիքն էր մնում, այստեղ հյուրերը կարող էին մնալ, իսկ այստեղ ճաշում էին։
«Գնա՛ կանչի, թող գան ճաշելու»,- ասում էր տան տիկիններից մեկը տան փոքրերից մեկին ու նա էլ վերցնում էր դրսի պատից կախված ձեռքի զանգը, զնգզնգացնելով գնում այգով մեկ, տան շուրջը պտտվում, կանչում՝ «եկե՛ք՝ նախաճաշելո՜ւ», «ճաշելո՜ւ…», «թեյը, սուրճը պատրաստ են… Թեյը սառչում է…», և բոլորը իրենց գործը, միտքը ընդհատում, գալիս էին մեծ սեղանի շուրջը իրենց տեղը լրացնում։ Տան տերը, կինը, զավակները, թոռները, քույր ու եղբայրները իրենց ընտանիքներով հավաքվում էին, ու սկսվում էր «խորհրդավոր ընթրիքը»։ Ամենափոքրը պիտի նստեր մյուս սեղանագլխին` պապի դիմաց, տեսներ նրա շուրջը նստած տան բոլոր անդամներին ու վայելեր ուրախ զրույցները, կուտակեր աներևույթ սերը, որ հետո հիշե՜ր, հիշեր… ու տարիներ անց փնտրեր «մեծ ընտանիքը»՝ նորից սեր վերցնելու համար ու հասկանար, որ տալու ժամանակն է:

Մարտ 20

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *