(Հատվածներ)
Սիրո, հասունության, ինքնաճանաչման, ընտանիքի մասին այս յուրօրինակ ու գեղեցիկ պատմությունը թափանցում է գիտակցությանդ մեջ ու երկար ապրում այնտեղ: Հետևելով պատանի Էլիոյի ու գեղեցկատես Օլիվերի՝ ինտելեկտուալ ու փիլիսոփայական զրույցներին՝ համեմված երաժշտությամբ, գրքերով ու արվեստով, հասկանում ես, թե որքան մարդկային ու զգացմունքային կարող են լինել հարաբերությունները, և, ըստ էության, որքան քաղցր է արգելված պտուղը, երբ ամոթն ու վախը թույլ չեն տալիս ազատորեն արտահայտել հույզերդ:
***
Ճանապարհին նկատեցի, որ Օլիվերը հետ էր մնում: Սովորականի պես չէր շտապում, հեծանիվով թափ չէր վերցնում ու ատլետի էներգիայով բլուրների վրա բարձրանում: Ոչ էլ շտապում էր վերադառնալ բնագրերին, կամ միանալ լողափի ընկերներին, կամ, որպես կանոն, ազատվել ինձանից: Միգուցե ավելի լավ զբաղմունք չուներ: Այդ պահին ես դրախտում էի, ու երիտասարդ լինելով հանդերձ՝ հասկանում էի՝ ոչինչ հավերժ չէ, պետք է առնվազն վայելեմ ունեցածս, ոչ թե փչացնեմ իմ հաճախ անտեղի որոշումներով, որ կոչված էին ամրապնդելու կամ նոր մակարդակի հասցնելու մեր ընկերությունը: «Մենք երբեք ընկերներ չենք լինի,- մտածում էի,- եղածը ոչինչ է, կարճատև երանություն»: Zwischen Immer und Nie: Zwischen Immer und Nie: «Միշտ ու երբեք՝ մեջտեղում». Ցելան:
Երբ հասանք ծովին նայող պիացետայի մոտ, Օլիվերը կանգ առավ՝ սիգարետ գնելու: Սկսել էր «Գոլուազ» ծխել: Երբեք «Գոլուազ» չէի ծխել, ուստի խնդրեցի փորձել: Տուփից հանեց cerino-ն1, ձեռքերը դեմքիս շատ մոտ պահելով՝ վառեց սիգարետը:
– Այնքան էլ վատը չի, հը՞:
– Բոլորովին վատը չի:
«Ինձ կհիշեցնի նրա մասին, այս օրվա մասին»,- մտածում էի՝ գիտակցելով, որ ամսից էլ քիչ է մնացել, անդարձ կգնա, հետքն էլ չի մնա:
Հավանաբար առաջին անգամն էր, որ համարձակվեցի հաշվել նրա օրերը Բ.- ում:
– Մի այստեղ նայիր,- ասաց, երբ առավոտյան արևի ներքո դանդաղ մոտենում էինք պիացետային, որ նայում էր ցածրադիր գալարապտույտ բլուրներին: Քիչ հեռու ու մի փոքր ներքև բացվում էր մի հիասքանչ տեսարան. ծովի վրա հազիվ նկատելի փրփուրի նեղ շերտերը հետքեր էին թողնում խորշերին, ինչպես հսկա դելֆինները սըրֆինգի ժամանակ: Փոքրիկ ավտոբուսն ընթանում էր բլուրն ի վեր, մինչդեռ երեք մոտոցիկլավորներ դժվարանում էին հետևում՝ ակնհայտորեն բողոքելով ավտոբուսի ծխից:
– Ասում են՝ նա այստեղ մոտակայքում է խեղդվել, դու կիմանաս՝ ում մասին է խոսքը:
– Շելլիի:
– Իսկ գիտե՞ս, թե կինը՝ Մերին, ու ընկերներն ինչ արեցին նրա մարմինը:
– Cor cordium՝ սրտերից սիրտը,- պատասխանեցի՝ ակնարկելով այն պահը, երբ Շելլիի ընկերը հանել էր նրա սիրտը, նախքան կրակը կհասցներ ամբողջովին կլանել ուռած մարմինը, երբ այն դիակիզում էին ծովի ափին: Ինչու՞ էր հարցաքննում ինձ:
– Կա՞ մի բան, որ չգիտես:
Նայեցի նրան: Իմ պահն էր: Կարող էի օգտագործել, կարող էի բաց թողնել, բայց գիտեի՝ երկու դեպքում էլ հեշտ չէի մարսելու: Կամ կարող էի տարվել այդ հաճոյախոսությամբ, բայց փոշմանել մնացած ամեն ինչի համար: Երևի կյանքումս առաջին անգամն էր, երբ ինձանից մեծի հետ խոսում էի առանց ասելիքս քիչ թե շատ ի մի բերելու: Չափազանց լարված էի կանխամտածելու համար:
– Ես ոչինչ չգիտեմ, Օ՛լիվեր: Ոչինչ,- պատասխանեցի կիսաողբերգական տոնով:
– Դու ավելի շատ բան գիտես, քան այստեղ որևէ մեկը:
Ինչու՞ էր ոգևորում ինձ:
– Եթե միայն իմանայիր, թե որքան քիչ բան գիտեմ այն ամենի մասին, ինչն իսկապես ինձ հուզում է:
Ես քայլում էի ջրի վրայով՝ փորձելով չսուզվել, բայց և չլողալ դեպի ցամաք, պարզապես մնալ նույն տեղում, որովհետև ճշմարտությունն այդտեղ էր, նույնիսկ եթե չէի կարող ասել ճիշտը կամ ակնակրկել այդ մասին, գոնե վստահ էի, որ այն մոտ էր, այդպես լինում է, երբ լողալիս կորցնում ես վզնոցդ, բայց գիտես, որ ներքևում մի տեղ է: Եթե իմանար, եթե միայն իմանար, որ ամեն հնարավոր բան անում եմ, որպեսզի երկուսը գումարի երկուսին, ու ստանա այնպիսի թիվ, որ մեծ է անվերջությունից:
Բայց եթե հասկացել էր, ուրեմն մի բան կասկածում էր, և եթե կասկածում էր, ուրեմն ինքն էլ էր այնտեղ ու զուգահեռ կողմից ինձ էր նայում իր սուր, թշնամական, ակնապիշ, խայթող, ամենագետ հայացքով:
Կարծես ինչ-որ բան էր հասկացել, չնայած Աստված գիտի՝ ինչ: Գուցե փորձում էր շփոթմունքը թաքցնել.
– Ի՞նչն է քեզ հուզում:
Արդյո՞ք ձևեր էր թափում:
– Գիտես՝ ինչը: Դու այն մարդն ես, որ մինչև հիմա պետք է հասկացած լիներ:
Լռություն:
– Ինչու՞ ես ինձ այս ամենն ասում:
– Որովհետև մտածեցի՝ պետք է իմանաս:
– Որովհետև մտածեցիր՝ պետք է իմանամ,- դանդաղ կրկնեց բառերս՝ փորձելով ընկալել դրանց ողջ իմաստը, միևնույն ժամանակ անջատելով դրանք իրարից՝ ժամանակ էր ձգում:
Ասում են՝ երկաթը տաք-տաք են ծեծում.
– Որովհետև ուզում էի, որ իմանաս,- հանկարծ ասացի,- որովհետև ուրիշ մեկը չկա, ում կարող եմ ասել:
Վերջ, ամենն ասացի:
Ասածիցս բան հասկացվե՞ց:
Գրեթե ուզում էի մեջ ընկնել ու շեղել զրույցի թեման՝ խոսելով ծովի մասին, վաղվա եղանակի մասին, կամ թե արդյո՞ք լավ չէր լինի նավարկել դեպի Ի., որտեղ հայրս ամեն տարի խոստանում էր տանել:
Բայց ինքն ավելի շուտ մեջ ընկավ:
– Գիտակցու՞մ ես՝ ինչ ես ասում:
Այս անգամ նայեցի դեպի ծովը, երկմիտ ու հոգնաբեկ ձայնով, որն ասես իմ վերջին հետ քայլն էր, վերջին պաշտպանությունը, վերջին փախուստի միջոցը, ասացի.
– Հա՛, գիտակցում եմ՝ ինչ եմ ասում, ու դու ոչինչ սխալ չես հասկանում: Ուղղակի ես չեմ կարողանում ճիշտ արտահայտել միտքս: Բայց, տես, կարող ես էլ երբեք հետս չխոսել:
– Սպասիր, դու ասում ես այն, ինչ ե՞ս եմ մտածում:
– Հա-ա:
Այժմ, երբ արդեն խաղաքարտերս բացել էի, կարող էի ինձ վերագրել այն թեթևությունն ու փոքր-ինչ էլ զայրույթը, որով ոստիկանություն հանձնված հանցագործն է նորից ու նորից խոստովանում ոստիկանապետին, թե ինչպես է կողոպտել խանութը:
– Ինձ այստեղ սպասիր, պետք է բարձրանամ, թղթերը վերցնեմ: Չհեռանա՛ս:
Նայեցի նրան ու հաստատկամ ժպտացի:
– Լավ գիտես, որ ոչ մի տեղ չեմ գնա:
«Եթե սա մեկ այլ խոստովանություն չէ, ապա ի՞նչ է». մտածեցի:
Մինչ սպասում էի, վերցրի մեր հեծանիվներն ու քայլեցի դեպի հուշարձանը, որը նվիրված էր քաղաքի երիտասարդներին, որոնք նահատակվել էին Պյավեի ճակատամարտում Առաջին աշխարհամարտի ժամանակ: Իտալիայի ցանկացած փոքր քաղաքում նմանատիպ հուշարձան կար: Այդ պահին երկու փոքր ավտոբուս կանգ առան, ու ուղևորները սկսեցին իջնել. ծեր կանայք հարևան գյուղից եկել էին քաղաք՝ գնումներ կատարելու: Փոքրիկ պիացայի շուրջ հավաքվել էին ծեր մարդիկ՝ հիմնականում տղամարդիկ, նրանք նստել էին փոքր, խախուտ, ծղոտե թիկնակով աթոռներին, ոմանք էլ՝ այգու նստարաններին, հագներին՝ հին, անշուք, գորշագույն կոստյումներ: Հետաքրքիր էր, նրանցից քանի՞սն էին դեռևս հիշում այն երիտասարդներին, որոնց կորցրել էին Պյավե գետի ափին: Պետք է առնվազն ութսուն տարեկան լինեիր, որ ճանաչած լինեիր նրանց, ու առնվազն հարյուր տարեկան, եթե ոչ ավելի, որ մեծ լինեիր նրանցից այն ժամանակ: Հարյուր տարեկանում, անշուշտ, սովորում ես հաղթահարել կորուստն ու վիշտը, թե՞ դրանք մինչև կյանքիդ վերջ հանգիստ չեն տալիս: Հարյուր տարեկանում մոռանում են քույրերին ու եղբայրներին, մոռանում են որդիներին, մոռանում են սիրելիներին, ոչ ոք ոչինչ չի հիշում, նույնիսկ ամենածանր հիշողությունները մոռացվում են: Հայրերն ու մայրերը վաղուց մահացել են: Ինչ-որ մեկը հիշու՞մ է նրանց:
Մի միտք անցավ գլխովս. արդյո՞ք հետնորդներս կիմանան, թե ինչ ենք խոսել այսօր այս պիացետայում: Որևէ մեկը կիմանա՞: Թե՞ ամեն ինչ հօդս կցնդի, ինչպես որ իմ մի մասը կցանկանար: Կիմանա՞ն, թե որքան մոտ էր իրենց ճակատագրի կործանումն այսօր, այս պիացետայում: Այս միտքը հրճվանք պատճառեց ու բավականաչափ տեղ թողեց՝ դիմակայելու օրվա մնացյալ մասին:
Երեսուն, քառասուն տարի հետո կվերադառնամ այստեղ, կմտաբերեմ այսօրվա խոսակցությունը, որը, վստահ էի, երբեք չեմ մոռանա, ինչքան էլ, որ ցանկանամ: Կգամ այստեղ կնոջս, երեխաներիս հետ, ցույց կտամ տեսարժան վայրերը, ծովախորշը, տեղի սրճարանները, «Լը Դանզինգ»-ը, «Գրանդ Հոթել»-ը: Հետո կկանգնեմ այստեղ ու կխնդրեմ արձանին, ծղոտե թիկնակով աթոռներին ու փայտե երերուն սեղաններին՝ հիշեցնեն ինձ Օլիվեր անունով մեկին:
Երբ վերադարձավ, առաջին բանը, որ վրա բերեց՝
– Այդ ապուշ Միլանին էջերը խառնել է ու հիմա պետք է ամեն ինչ նորից տպի: Այսինքն՝ այսօրվա անելու բան չունեմ ու մի ամբողջ օր հետ կմնամ:
Այժմ պատրվակ փնտրելու ու թեմայից փախչելու նրա հերթն էր: Ես պատրաստ էի հանգիստ թողնել նրան, եթե ուզում էր: Կարող էինք խոսել ծովի, Պյավեի մասին կամ քննարկել Հերակլիտոսից հատվածներ, ինչպիսիք են՝ «Բնությունը սիրում է թաքնվել» կամ «Սեփական ես-ի փնտրտուքներով»: Եթե չէ, կխոսեինք դեպի Ի. ուղևորության մասին, որն օրերս էինք քննարկում: Կամ էլ կամերային երաժշտական համույթի մասին, որ մոտակա օրերին ժամանելու էր Բ.:
Ճանապարհին անցանք մի խանութի մոտով, որտեղից մայրս միշտ ծաղիկներ էր գնում: Երբ փոքր էի, սիրում էի նայել ցուցափեղկի մեծ դիմապակուն, որը մշտապես ծածկված էր ջրի թափվող կաթիլներով, դրանք այնքան մեղմորեն էին սահում՝ խանութին հաղորդելով կախարդական, խորհրդավոր աուրա, ինչը հիշեցնում էր, թե ինչպես էր ֆիլմերում էկրանը աղոտանում՝ հետահայաց տեսարան ցույց տալու համար:
– Երանի ոչինչ էլ չասեի,- ի վերջո խոսեցի:
Գիտեի՝ որ պահին խոսեմ, կանհետանա մեր միջև եղած աննշան հմայքը:
– Կձևացնեմ, թե չես ասել:
Ինչ խոսք, նման արձագանք չէի սպասում մի մարդուց, որն այնքան թեթև էր վերաբերվում կյանքին: Երբևիցե նման արտահայտություն չէի լսել մեր տանը:
– Այսինքն՝ կապ ենք պահում ու վե՞րջ:
Մտածում էր:
– Արի նման բաներից չխոսենք: Պետք չի:
Պայուսակը գցեց ուսին ու շարժվեցինք բլուրն ի վար:
Տասնհինգ րոպե առաջ իսկական հոգեվարքի մեջ էի. նյարդերս տեղի էին տալիս, զգացմունքներս ոտնահարված էին, տրորված, փշրված, ասես ճզմել էին Մաֆալդայի2 սանդի մեջ, այնպես էին ամբողջը փոշիացրել, որ հնարավոր չէր լինի տարբերակել վախն ու զայրույթը, գտնել ցանկության գեթ մի փոքրիկ փշրանք: Բայց գոնե ինչ-որ բանի սպասումով էի: Իսկ այժմ, երբ երկուսս էլ խաղաքարտերը բացել էինք, ամոթն ու կեղծիքը չքացել էին, սակայն դրանց հետ միասին չքացել էր նաև աննշան հույսը, որն այդ ողջ շաբաթների ընթացքում ապրեցնում էր:
Միայն բնապատկերն ու լավ եղանակը կարող էին ալեկոծել հոգիս: Արևը խանձում էր ճանապարհի երկայնքով դուրս ցցված խոտերը, իսկ մենք հեծանիվով ընթանում էինք ամայի ճանապարհով, որն օրվա այդ ժամին ամբողջովին մեզ էր պատկանում: Խնդրեցի հետևել ինձ, որպեսզի ցույց տամ մի այնպիսի տեղ, որի մասին շատ զբոսաշրջիկներ ու օտարականներ չգիտեն:
– Եթե ժամանակ ունես,- ավելացրի՝ այս անգամ չցանկանալով ճնշում գործադրել:
– Ժամանակ ունեմ,- ձայնի մեջ զսպված աշխուժություն կար, ասես չափազանց նրբազգացությունս թեթևակի զվարճացրել էր նրան: Մյուս կողմից, հնարավոր է՝ փոքր զիջման էր գնում, որ խուսափեր բուն թեմայից:
Դուրս եկանք գլխավոր ճանապարհից ու ընթացանք դեպի քարափի սայրը:
– Սա այն տեղն է, որտեղ Մոնեն գալիս էր նկարելու,- որպես նախաբան ասացի հետաքրքրասիրությունը շարժելու համար:
Փոքր, թերաճ արմավենիներն ու ծուռումուռ ձիթենիները պուրակ էին ձևավորել: Իսկ ծառերի մեջ՝ հենց քարափի ծայրին, թեքության վրա մի թմբիկ կար, որը մասամբ ծածկված էր ծովային սոճիների ստվերով: Հեծանիվս հենեցի ծառերից մեկին, Օլիվերը նույնպես, և ես նրան ցույց տվեցի դեպի խորշ տանող ուղին:
– Միայն այստեղ նայիր,- ահավոր գոհունակ ասացի, իբրև թե գտել էի մի բան, որ ավելի խոսուն էր, քան իմ պերճախոս լեզուն էր:
Մեր ոտքերի տակ բացվում էր լուռ, անձայն ծովախորշը: Մարդկության նշույլ անգամ չկար, ո՛չ մի տուն, ո՛չ մի նավամատույց, ո՛չ մի ձկնորսական նավակ: Ավելի հեռու տեսանելի էր Սան Ջոկոմոյի զանգակատունը, իսկ եթե աչքերդ փոքր-ինչ լարեիր, կտեսնեիր Ն.-ի սահմանագիծը, նույնքան հեռվում նշմարվում էր մեր տան ու հարակից ամառանոցին նման մի բան, որտեղ ապրում էին Վիմինին ու Մորեսքիի ընտանիքը՝ երկու դուստրերի հետ, որոնց հետ Օլիվերը հավանաբար քնել էր, մեկի կամ միաժամանակ երկուսի հետ, ո՞վ իմանար, ու՞մ էր հետաքրքրում այդ պահին:
– Սա իմ տեղն է: Միայն իմը: Գալիս եմ այստեղ կարդալու: Ով գիտի, քանի գիրք եմ կարդացել այստեղ:
– Սիրու՞մ ես մենակ մնալ,- հարցրեց նա:
– Չէ՛: Ոչ ոք չի սիրում մենակ մնալ: Ուղղակի ես արդեն սովորել եմ:
– Մի՞շտ ես այդքան խելոք,- չլինի՞, փորձում էր այս սիրալիր տոնով դասախոսություն սկսել՝ միանալով այն մարդկանց, որոնք ասում էին՝ ավելի հաճախ տնից դուրս գամ, նոր ընկերներ ձեռք բերեմ, ու այդքան եսասեր չլինեմ նրանց հետ: Թե՞ պատրաստվում էր ստանձնել հոգեբույժի/ընտանիքի ընկերոջ դերը: Թե՞ նորից սխալ էի ընկալում միտքը:
– Ես բոլորովին էլ խելացի չեմ: Արդեն ասացի՝ ես ոչինչ չգիտեմ: Ես գրքեր եմ կարդացել, գիտեմ՝ ինչպես բառերը իրար կապեմ, բայց դա չի նշանակում, որ կարող եմ խոսել բաներից, որոնք ինձ իսկապես հուզում են:
– Բայց հիմա խոսում ես ինչ-որ չափով:
– Հա՛, ինչ-որ չափով, միշտ եմ այդպես խոսում.. ինչ-որ չափով:
Հայացքս բաց ծովին հառած, որ չնայեմ նրա կողմ՝ նստեցի խոտերին, ու աչքի պոչով նկատեցի, որ մի քանի քայլ այն կողմ ոտնաթաթերի վրա կիսանստած է, ասես ուր որ է ոտքի կկանգնի ու կգնա այնտեղ, ուր թողել էինք հեծանիվները:
Ինձ բռնեցի այն մտքի վրա, որ նրան այստեղ էի բերել՝ ոչ միայն ցույց տալու իմ փոքրիկ աշխարհը, այլև նրան ներս թողնելու թույլտվություն ստանալու, որպեսզի այն վայրը, որտեղ ամառները կեսօրին գալիս էի մենակ մնալու, նույնպես ճանաչեր նրան, չափչփեր, տեսներ՝ արդյոք համապատասխանում էր, առներ իր գիրկը, որ հետո կարողանայի վերադառնալ ու հիշել նրան: Գալով այստեղ՝ կկտրվեի ինձ ծանոթ աշխարհից ու կհայտնվեի մեկ ուրիշ աշխարհում, որն ինքս էի հորինել: Ըստ էության, նրան ծանոթացնում էի իմ պահոցին: Ինձ մնում էր պարզապես թերթել այն գրքերը, որ կարդացել էի այդտեղ, ու նա կիմանար բոլոր այն վայրերը, որտեղ եղել եմ:
– Ինձ դուր է գալիս, թե ոնց ես խոսում: Ինչու՞ ես միշտ թերագնահատում քեզ:
Ուսերս թոթվեցի: Չլինի՞, ինձ քննադատում էր ինքս ինձ քննադատելու համար:
– Չգիտեմ, ենթադրում եմ՝ դու էլ չես իմանա:
– Այդքան վախենում ես, թե ուրիշներն ի՞նչ կասեն:
Գլխով բացասական նշան արեցի: Բայց ինքս էլ չգիտեի պատասխանը: Կամ միգուցե այնքան ակնհայտ էր, որ կարիք չկար բարձրաձայնելու: Նման պահերին ինձ այնքան խոցելի ու այնքան անպաշտպան էի զգում: Բորբոքի՛ր ինձ, խաղա՛ նյարդերիս հետ, ու չեմ հասցնի հակահարված տալ, իսկույն կմատնես ինձ: Չէ, ես ոչինչ չունեի ի պատասխան:
Բայց ոչ էլ շարժվում էի տեղիցս: Ակամայից ցանկություն առաջացավ, որ մենակ գնար տուն: Իսկ ես ճիշտ ճաշի ժամին կհասնեի:
Սպասում էր, որ մի բան ասեմ: Աչքը չէր կտրում ինձանից:
Կարծում եմ՝ առաջին անգամն էր, որ ինձ թույլ տվեցի նայել աչքերի մեջ: Սովորաբար մի հայացք էի նետում, հետո՝ իսկույն փոխում, որովհետև չէի ուզում լողալ աչքերի սքանչելի, վճիտ ծովում, եթե ինձ այնտեղ չէին սպասում, ես նույնիսկ բավականաչափ երկար չէի նայում՝ գոնե հասկանալու՝ սպասում են, թե չէ: Հայացքս փոխում էի, որովհետև վախենում էի նայել մարդկանց աչքերին, որովհետև չէի ուզում մատնել ինձ, հայացքս փոխում էի, որովհետև չէի համարձակվում ընդունել այն, թե որքան կարևոր էր ինձ համար, հայացքս փոխում էի, որովհետև նրա սառը նայվացքը միշտ հիշեցնում էր իր բարձրահասակ լինելու և իմ անհամեմատ ցածր լինելու մասին: Այժմ՝ այդ լռության պահին, նայեցի աչքերին՝ ոչ թե ըմբոստանալու կամ ցույց տալու, որ այլևս չեմ ամաչում, այլ անձնատուր լինելու, նրան ասելու՝ ահա, թե ես ինչպիսին եմ, ահա, թե դու ինչպիսին ես, հենց սա է իմ ուզածը, այժմ գիտենք ճշմրտությունը, իսկ որտեղ ճշմարտությունն է, այնտեղ արգելքներ չկան, չկան խաբուսիկ հայացքներ, իսկ եթե այս ամենից բան դուրս չգա, արի երբեք չասենք, թե տեղյակ չէինք այս ամենից: Հույսս լրիվ կորցրել էի: Եվ միգուցե նայեցի աչքերին, որովհետև այլևս կորցնելու բան չունեի: «Համբուրի՛ր ինձ, թե կարող ես» արտահայտող ամենագետ հայացքս հառեցի ուղիղ դեմքին, բայց ինքս նման էի մեկին, որ մարտահրավեր է նետում ու տեղնուտեղը փախուստի դիմում:
– Ամեն ինչ ավելի ես բարդացնում ինձ համար:
Չլինի՞, մեր սևեռուն հայացքները նկատի ուներ:
Տեղի չտվեցի: Ոչ էլ ինքը: Դե իհարկե, մեր հայացքները նկատի ուներ:
– Ինչու՞ եմ ամեն ինչ բարդացնում:
Սիրտս անասելի արագ էր խփում մտածված խոսելու համար: Նույնիսկ չէի ամաչում ցույց տալ, թե ոնց եմ կարմրատակել: Դե, թո՛ղ իմանա, թո՛ղ իմանա:
– Որովհետև շատ սխալ կլինի:
– Կլինի՞,- հարցրի:
Ուրեմն հու՞յս կար:
1. Լուցկու փայտիկ
2. Ամառանոցի խոհարարը
***
Նոր էինք ընթրել: Տեսա, որ հայրիկը նստած է իր մշտական տեղում՝ նախաճաշի սեղանի մոտ: Նա շրջել էր աթոռն ու այժմ դեմքով դեպի ծովն էր նստած՝ ծնկին իր նոր գրքի սրբագրությունը: Սովորականի պես երիցուկի թեյ էր խմում ու վայելում գիշերը: Կողքին դրված էին երեք կիտրոնահոտ մոմեր: Մոծակներն առանձնակի շատ էին այդ գիշեր: Որոշեցի միանալ նրան: Միասին նստելու մշտական ժամն էր, բայց վերջին ամսվա ընթացքում աչքաթող էի արել նրան:
– Հռոմից պատմի՛ր,- ասաց նա՝ տեսնելով, որ մտադիր եմ իր մոտ նստել: Դա նաև այն ժամն էր, երբ իրեն թույլ էր տալիս օրվա վերջին սիգարետը ծխել: Մի կողմ դրեց բնագիրը, հալից ընկած դեմքով, որն անհամբերությամբ ասում էր՝ հիմա լավ բաների հերթն է, վառեց սիգարետը՝ որպես կրակ խորամանկորեն օգտագործելով կիտրոնահոտ մոմը,- դե՞:
Պատմելու բան չկար: Ասացի նույն բաներն, ինչ մայրիկին, հյուրանոցը, Կապիտոլիումը, Վիլլա Բորգեզեն, Սան Կլեմենտեն, ռեստորանները:
– Համով կերա՞ք:
Գլխով արեցի:
– Տեղը տեղին խմեցի՞ք:
Դարձյալ գլխով արեցի:
– Պապիկդ հավանություն կտա՞ր արածներիդ:
Ծիծաղեցի:
– Չէ՛, ոչ այս անգամ,- պատմեցի Պասկվինոյի մոտ տեղի ունեցածի մասին:
– Այդ ի՞նչ բան է, փսխել խոսող արձանի մոտ: Կինո՞, համե՞րգ:
Սիրտս վկայում էր, որ խոսակցությունն ինչ-որ տեղ էր տանում՝ հավանաբար ինքն էլ չհասկանալով: Նա շարունակ հարցեր էր տալիս՝ հեռվից մոտենալով իրեն հուզող թեմային, իսկ ես խորամանկ քայլերի էի դիմում՝ խուսափելու դեռևս անտեսանելի վտանգից: Պատմեցի Հռոմի մշտապես կեղտոտ ու քարուքանդ պիացաների, տապի, եղանակի, խցանումների ու ամենուրեք հանդիպող միանձնուհիների մասին: Այսինչ-այնինչ եկեղեցու մասին, որ այլևս չէր գործում: Ամենուր ավերակներ: Փնթի շինարարական աշխատանքներ: Բողոքում էի մարդկանցից, զբոսաշրջիկներից ու մինիավտոբուսներից, որոնք ընդունում ու ճանապարհում էին անթիվ մարդկանց՝ ձեռքներին տեսախցիկներ ու բեյսբոլի գլխարկներ:
– Տեսա՞ք այն մասնավոր, գողտրիկ բակերը, որի մասին ասել էի:
Վախենամ, մոռացել էինք նրա ասած մասնավոր, գողտրիկ բակերի մասին:
– Հարգանքի տուրք մատուցեցի՞ք Ջորդանո Բրունոյի արձանի մոտ,- հարցրեց նա:
– Իհարկե, այտնեղ նույնպես քիչ էր մնում փսխեի:
Ծիծաղեցինք:
Փոքրիկ դադար:
Մի անգամ էլ սիգարետ քաշեց:
Հիմա:
– Դուք լավ ընկերներ էիք:
Շատ ավելի համարձակ սկիզբ էր, քան ակնկալում էի:
– Հա,- ասացի՝ փորձելով այդ հա-ն օդում կախված թողնել, ասես բացասական ալիքի տակ էր բարձրացել, որին ի վերջո հաջողվեց հանդարտեցնել: Միայն թե հույս ունեի, որ ձայնիս մեջ չէր բռնացրել փոքր-ինչ թշնամական, խուսափողական, կեղծավոր հա, հետո ի՞նչ-ը: Թեպետ հուսով էի, որ չարտաբերած հա, հետո ի՞նչ պատասխանս կստիպեր նրան առիթը բաց չթողնել ու հանդիմանել ինձ, ինչպես հաճախ էր անում, որ կոպիտ ու անտարբեր եմ, կամ չափազանց քննադատ եմ մարդկանց նկատմամբ, որոնք ինձ ընկեր կոչելու ամեն մի նախապայման ունեն: Հետո կարող էր ավանդական խոսքն ավելացնել՝ ի հավելումն այն բանի, թե որքան հազվադեպ են լավ ընկերներ հանդիպում, ու նույնիսկ եթե որոշ ժամանակ անց այդ մարդկանց հետ դժվար է լինում լեզու գտնել, մեկ է, շատերը ինքնանպատակ չեն ու յուրովի են գույներ հաղորդում: Մարդը կղզի չէ, որ մեկուսացվի, մարդը մարդու կարիք ունի, բլա-բլա:
Պարզվեց, սխալ գուշակություններ էի արել:
– Դու շատ խելացի ես, որ չհասկանաս, թե ինչ հազվագյուտ, ինչ յուրօրինակ բան կար ձեր միջև:
– Օլիվերը Օլիվեր էր,- ասացի՝ իբրև ամփոփելու նրա խոսքը:
– Parce que c’était lui, parce que c’était moi,1- ավելացրեց հայրիկը՝ մեջբերելով Մոնտենի համապարփակ մեկնաբանությունը Էթիեն դե լա Բոեսիի հետ ունեցած ընկերության վերաբերյալ:
Իսկ իմ մտքում Էմիլի Բրոնտեի խոսքերն էին. «Նա ինձ ավելի նման է, քան ես ինքս»:
– Օլիվերը գուցե շատ խելացի էր,- ասացի, տոնայնությանս կեղծավոր բարձրացումը հերթական անգամ մի կշտամբող բայց թողեց անտեսանելիորեն օդում կախված: Ամեն ինչի կգնայի, միայն թե թույլ չտայի հայրիկին ավելի հեռուն գլորել ինձ:
– Խելացի՞, նա ավելին էր, քան խելացին: Այն, ինչ կար ձեր միջև, խելքի հետ կապ չուներ, միևնույն ժամանակ խելք էր պահանջում: Նա լավ մարդ էր, ու ձեր բախտը բերել էր, որ գտել էիք միմյանց, որովհետև դու նույնպես լավն ես:
Հայրիկը երբեք այդպես չէր խոսել մարդկանց լավ ու վատից: Զինաթափ արեց ինձ:
– Կարծում եմ, նա ինձանից լավն էր, պա՛պ:
– Վստահ եմ, նա էլ նույնը կասեր քո մասին, ինչն էլ խոսում է ձեր վեհանձնության մասին:
Սիգարետը թափ տալու վրա էր, մոխրամանի կողմ ձգվելիս ձեռքը դրեց ձեռքիս:
– Առջևում դժվար ճանապարհ է քեզ սպասվում,-ասաց նա՝ փոփոխելով ձայնի տոնայնությունը, որն ասում էր՝ պարտավոր չենք խոսել այս մասին, բայց չձևացնենք, իբրև չգիտենք՝ ինչ եմ խոսում:
Նրա հետ անկեղծ խոսելու միակ ձևը վերացական խոսելն էր:
– Մի՛ վախեցիր: Փորձություններ լինում են: Ու այն ժամանակ, երբ ամենաքիչն ես սպասում: Բնությունը խորամանկ ձևեր գիտի՝ գտնելու մեր թույլ տեղերը: Ուղղակի մի բան հիշիր՝ ես քո կողքին եմ: Գուցե այս պահին չուզենաս որևէ բան զգալ: Գուցե երբեք էլ չես ցանկացել զգալ, և գուցե ես չեմ, ում հետ կցանկանայիր խոսել այդ մասին: Զգա՛ այն, ինչ եղել է ձեր միջև:
Նայեցի նրան: Դա այն պահն էր, երբ պիտի խաբեի ու ասեի, որ բոլորովին սխալ ուղղու վրա էր: Գրեթե բերանս բացում էի, բայց նա խանգարեց ինձ.
– Լսիր, դուք լավ ընկերներ էիք, գուցե ավելին, քան ընկերներ: Ես նախանձում եմ ձեզ: Իմ փոխարեն շատ ծնողներ կցանկանային, որ այս ամենն անցներ, կամ կաղոթեին, որ իրենց որդին շուտափույթ ցած իջնի երկնքից: Բայց ես այդպիսի ծնող չեմ: Եթե ներսումդ ցավ է, բուժի՛ր, եթե կիրք է, մի՛ հանդարտեցրու, դաժան մի՛ վարվիր դրա հետ: Մարդուն մոռանալը սարսափելի բան է, ինչը չի թողնում գիշերը հանգիստ աչք փակել, իսկ երբ տեսնում ես, որ քեզ մոռանում են ավելի արագ, քան կցնականայիր, պակաս սարսափելի չէ: Մենք մեզ կոտորում ենք, որ ավելի արագ բուժվենք, քան պետք է, որ դեռ երեսունը չբոլորած, արդեն սնանկ ենք դառնում ու ամեն անգամ նոր հարաբերություն սկսելիս ավելի քիչ բան ենք ունենում տալու: Բայց ամեն ինչ տաս, ինչ է թե, ոչինչ չզգաս, ի՜նչ ափսոս է։
Չէի հասցնում ընկալել այս ամենը: Ապուշ կտրած էի:
– Շա՞տ եմ անտեղի խոսում,- հարցրեց նա:
Գլուխս թափահարեցի:
– Ուրեմն, թույլ տուր մի բան էլ ասեմ: Ավելի պարզ կլինի: Նման բան ինձ հետ նույնպես եղել է, բայց երբեք չեմ ունեցել այն, ինչ երկուսդ: Ինչ-որ բան միշտ հետ էր պահում ինձ կամ կանգնում ճանապարհիս: Թե ոնց կապրես կյանքդ, քո գործն է, բայց հիշի՛ր, սիրտն ու մարմինը մարդուն մի անգամ են տրվում, մեզանից շատերն այնպես են ապրում, ասես երկու կյանք ունեն, մեկը փորձնական, մյուսը ավարտուն տարբերակն է, իսկ ընթացքում մնացած բոլոր տարբերակները: Իրականում մի կյանք ունենք, բայց նախքան կհասկանաս, սիրտդ արդեն կոտրված է, իսկ ինչ վերաբերում է մարմնիդ, գալիս է մի պահ, երբ ոչ ոք չի նայում դրան, ուր մնաց, թե մոտ գա: Այս պահին վիշտ կա ներսումդ, նախանձելի չէ, բայց նախանձելի է, որ ի վիճակի ես զգալ:
Շունչ քաշեց:
– Գուցե էլ երբեք չխոսենք այս մասին, բայց հույս ունեմ, որ երբևէ ինձ չես մեղադրի սրա համար: Ես սարսափելի հայր կլինեի, եթե օրերից մի օր ցանկանայիր խոսել ինձ հետ, ու զգայիր, որ դուռը փակ է, կամ բավականաչափ բաց չէ:
Ուզում էի հարցնել՝ ոնց էր իմացել: Բայց ո՞նց կարող էր չիմանալ: Ո՞նց կարող էր որևէ մեկը չիմանալ:
– Մայրիկը գիտի՞,- հարցրի: Ուզում էի ասել՝ կասկածում, բայց հետո ուղղեցի ինքս ինձ:
– Չեմ կարծում, թե գիտի,- նրա ձայնն ասում էր՝ բայց նույնիսկ եթե գիտի, վստահ եմ՝ նա էլ նույն դիրքորոշումը կունենա:
1. Ֆր.՝ որովհետև նա նա էր, որովհետև ես ես էի
Թարգմանությունը անգլերենից՝ Լիանա Հովհաննիսյանի