Ցավի սանդղակ
Երջանիկ լինելու համար միշտ մի բան պակասում է: Նա լցվեց իմ կյանք, բայց ես նրա հետ երբեք փողոց դուրս չեկա ու աշխարհն այդպես էլ չիմացավ, որ ես երջանիկ եմ: Մենք չգիտենք մեզ ցավ կպատճառեն թե ոչ, բայց մենք ենք որոշում, թե մեզ ով ցավեցնի: Ու ես լսեցի նրա ժպիտը հազարավոր ծիծաղների մեջ՝ այդպես էլ կարգին չզգալով բույրը: Մենք իրար հիմար հարցեր չտվեցինք, օրինակ երկինքն ինչու է կապույտ ու չուզեցինք հասնել ամպերին. այնտեղ թթվածին չկա: Ծագող արևը չափազանց պայծառ էր մեր խավար աչքերի համար: Կան մարդիկ, որ երազանքներ սպանելու մասնագետներ են: Նրանք քեզ ցավեցնելու համար ասում են ճշմարտությունը, որը դու վաղուց գիտես: Դու բոլորից լավ գիտես, որ հնարավոր է ապրել ցավի հետ: Այն չի փոխում, ուղղակի բացահայտում է քեզ: Ցավը պահանջում է, որ իրեն զգան ու մենք մինչև վերջ զգացինք, որ մեր զգայարանները պիտի քեֆ անեն, քանի դեռ ցանկություն կա ապրելու: Հիվանդությունը համարթիա չէ: Երբեմն մարդիկ առանց հասկանալու, երկար մտածելու խոստումներ են տալիս, իսկ դու ստիպված սկսում ես ջարդվող բաներ փնտրել, որովհետև բարձերը չեն ջարդվում: Դու էլ շատերի նման մահանում ես կես խոսքի վրա, կյանքիդ կեսին, նախադասության հենց մեջտեղում ու քանի որ շատերի նման դու էլ ես վատնել երազանքդ մնում ես ուրիշի հույսին: Գիտես որ միշտ չէ, որ մարդ ստանում է այն ինչ ուզում է, բայց հոգուդ խորքում հույս ունես, որ աշխարհը մի օր երազանքներ իրականացնող գործարան կդառնա: Խանգարելն աստղերի բնույթն է ու կան կանխարգելիչ բաժանումներ: Եթե ցավը չլինի մենք չենք գնահատի երջանկությունը: Երբ մտածում ես դիմանալ բառի մասին հասկանում ես՝ ինչքան անտանելի բաների են մարդիկ դիմանում: Ասում են իրական սերը ծնվում է ծանր ժամանակներում: Գուցե որպես փրկություն, կամ ուղղակի քեզ ապրեցնելու համար: Հիվանդությունը հաղթում է, երբ սիրելիիդ հարցին՝ ինչու են ձեռքերդ սառը պատասխանում ես, քանի որ թերօքսիդացված են, այլ ոչ թե որովհետև քո ջերմության կարիքն ունեն: Ինչքան էլ սերն ուժեղ լինի, միևնույն է հիվանդությունը վանում է: Բոլոր փրկություններն էլ ժամանակավոր են: Հարկավոր է ուղղակի ընտրել, թե ինչպես պատմել տխուր պատմությունն ու հասկանալ, որ որոշ անվերջություններ մեծ են այլ անվերջություններից: Մեղավորն աստղերը չեն, այլ մենք՝ ինքներս: Երբեմն տիեզերքը ցանկանում է, որ իրեն նկատեն ու սկսում է հիմարություններ անել: Հիմարություն, հիմարություն, հիմարություն այնքան ես կրկնում մինչև հնչյուններն առանձանան ու զրկվեն իմաստից: Օդը քեզ երբեք էլ չի հերիքել, բայց դրա պակասն առավել սուր հիմա ես զգում ու երազում մի օր ինքդ ընտրել շնչառությանդ ռիթմը: Անմահությունը նման է այն հույսերին, որ հիմարաբար փայփայել ենք: Կարևոր չէ, թե ինչքան ուժեղ ու բարձր ես ելնում, միևնույն է գլխիցդ վեր չես թռչի: Աշխարհը միշտ էլ կշարունակի ապրել, ինչպես միշտ, նույնիսկ առանց քո մասնակցության: Աշխարհում մահացած շատ մարդիկ կան ու քո անունն էլ մի օր կհայտնվի այդ ցուցակում, երբ էլ ոչ ոք չի կարդա: Ուղղակի պետք է ընդունել, որ կան բաներ, որ մենք անզոր ենք փոխել: Ու եթե դու նռնակ ես ու գիտես, որ մի օր պայթելու ես, պետք է նվազագույնի հասցնես պատահական զոհերի թիվը: Դու պիտի խմբագրես սեփական գերեզմանաճառդ ու չզրկես քեզ ճշմարտությունն ասելու պարզագույն հաճույքից: Քո ամբողջ ունեցածը մի աշխարհ է ու վերջ, իսկ մահացածները տեսանելի են միայն մեր հիշողության անթարթ աչքերին: Այսպիսի գիշերներ հաճախ չեն պատահում ու դու ուզում ես մտապահել բոլոր դետալները: Միգուցե այն վերջինն է, իսկ դու ընդամենը սխալ հասկացություն, ժամանակային վրիպակ: Երբ ասելու ոչինչ չենք ունենում լռում ենք: Ես, երևի, մի օր կգրեմ այն գիրքը, որի շարունակությունը միայն մեզ համար գոյություն կունենա ու եթե դու ինձ հետ մնաս մինչև վերջ, ես շնորհակալ կլինեմ, որ թույլ տվեցիր զավթել քո երազանքը: Ախ այդ մարդկային ձայները, որ միշտ ամեն ինչ փչացնում են: Թաղումներն ապրողների համար են, իսկ ես դանդաղ կփակեմ աչքերս ցավով, որ վերջին անգամ ինձ չհասկացան: Իմ մտքերն աստղեր են, որոնք չեմ կարողանում համաստեղության մեջ տեղավորել: Աստղերը մեղավոր չեն, որ մենք անկազմակերպ սգվորներ ենք: Շատերը հիշում են Շեքսպիրին, բայց ոչ ոք չի հիշում նրան, ում Շեքսպիրը ձոնել է 55-րդ սոնետը: Ես չեմ վախենում մոռացումից: Պատկերդ կսահի, աչքերդ կփակվեն, ձայնս էլ չես լսի, բայց քեզ պիտի հիշեն, որովհետև դու 10 բալանոց ցավը 9 գնահատեցիր:
Ծխամորճն ասես ցրում է բոլոր հոգսերն ու դառնությունները: Մենք բոլորս ապրում ենք մեր կղզիներում մեր ուրախություններով, հույսերով ու տխրություններով: Բայց մեր կղզիները համաշխարհային օվկիանոսում ծվարած փոքրիկ կղզիներ են միայն, որոնք ղեկավարվում են անհայտ նավապետի կողմից ինչ-որ մի ուղղությամբ, որ ինչ-որ տեղ է տանում, բաց ոչ ոք չգիտի արդյոք այն ետ կվերադառնա նավարկությունից: Տեղի ու ժամանակի կատարյալ համադրություն: Կար ժամանակ, երբ արշալույսն ինձ նոր հույսեր էր տալիս, իսկ մայրամուտը խաղաղություն էր բերում: Հիմա ուրիշ է: Ես ժպտում եմ: Ամեն մարդ հոգու խորքում իր Թահիթին ունի, իր բերկրանքի ու անդորրի կղզին: Ես կժպտամ: Դուք բոլորդ չղջիկներ եք, իսկ ես ագռավ եմ: Բոլոր աստղերը, որ տեսնում ենք հեռավոր կղզիներ ու արշիպիլանգներ են լոկ: Ես ժպտում եմ. մի օր ես էլ իմ կղզին կունենամ: Հաճախ մարդ ուզում է հենվել ուրիշի ուսին: Հաճելի է այս անհուսալի աշխարհում զգալ, որ մի բան ամուր քեզ է սեղմված: Ժամանակը շունչը պահած հետևում է դեպքերի ընթացքին: Ամեն ինչ պետք է ավարտվի, ինչպիսին էլ, որ լինի ավարտը: Նախանշաններն ու նախազգացումները հայտնվելուն պես անհետանում են: Այն ամենը ինչ տեսնում եք սոսկ դիմակներ են: Մենք նման ենք կողմնացույցի: Ցույց ենք տալիս մոլորակի վրա գտնվող աննշան, խղճուկ կետերից միայն մեկն ու վերջ: Ես չկարողացա քեզ հավատարիմ լինել ինչպես շրջանագիծն է հավատարիմ իր կենտրոնին, բայց ես էլ եմ կողմնացույց: Ես էլ մի օր կթեքվեմ դեպի քեզ: Առաջին սերը հազվադեպ է ամենահաջողվածը լինում, բայց ամեն դեպքում առաջինն է: Անհրաժեշտ է միայն դժբախտությունը գլխի վրա շուռ տալ ու մոռանալ առաջին հպումներդ, դողդ, համբույրդ ու հավատալ, որ այն վերջինը չի լինի:
Բոլորը վախենում էին նրանից: Նա կարծես ստվեր լիներ: Աչքերը սառն էին, առանց արտահայտության: Ես նույնպես սարսափում էի: Տարօրինակ ինչ-որ բան կար նրա մեջ: Անցել են տարիներ, բայց նրա աչքերը մեխվել են հիշողությանս մեջ: Մի օր իմացա, որ ամուսնուն ու որդուն է կորցրել: Ամեն ինչ պարզ դարձավ, բառեր պետք չէին այլևս: Փակվել էր իր խորքում ու թույլ չէր տալիս ոչ մեկին օգնել իրեն: Ոչ ոք չէր էլ փորձում: Անօգուտ էր: Ոչինչ չէր կարող փրկել նրան: Նրա կյանքն ավարտված էր: Թեև շնչում էր, բայց դա լոկ մեխանիկական շարժում էր, կամ գուցե բնազդ: Բոլորը շարունակում էին հեռու մնալ նրանից: Վտանգ էին զգում: Չարագուշակ էին աչքերը: Իսկ ես ուզում էի, որ նա ժպտա: Ժպտաց: Գրկեց ինձ ու աչքերը լցվեցին: Վերջապես քարացած աչքերը շարժվեցին: Ես այլևս չէի վախենում: Տարիներ են անցել, բայց նրա աչքերը մեխվել են հիշողությանս մեջ: Ես երբեք չեմ մոռանա իմ ու նրա ժպիտը:
Առաջին սերն այն է, երբ անձրևից հետո նայում ես ջրափոսի մեջ ու ցեխի փոխարեն աստղերի արտացոլաքն ես տեսնում: Ամեն ինչ հիասքանչ է, քանի որ սիրելիիդ աչքերի մեջ գտնում ես այն, ինչ քեզ պետք է: Հաճախ մեր հիշողությունները մեզ ստիպում են հասկանալ, որ ներկայով չենք ապրում և այն գնահատում ենք, երբ արդեն հասցնում է անցյալ դառնալ: Անընդհատ մտովի գալիս ենք սկիզբ, հիշում, հիշում, ու նորից մոռանում ենք ապրել ներկայով: Մեր քայլերը միշտ տանում են նրա մոտ, աչքերն ամենուրեք նրան են որոնում, իսկ միտքդ փորձում է նրան վերգտնել ուրիշի մեջ: Բոլորը հավետ հիշում են իրենց առաջին սերը: Բոլորն անխտիր ունենում են առաջին սեր:
Ոչինչ էլ չի փոխվում: Մեր սերերն ու կարոտները, ինչ-որ հույսի սպասումներն ու թաքուն կանչերը անպատասխան են մնում: Թվում է թե ժամանակը հոսում է, բայց այն կանգ է առել, անհույս սլաքները հոգնել են տկտկալուց: Նրանք էլ սիրտ ունեն: Գիտեք հեշտ է ամեն օր ցավի կողքով երկու անգամ պտտվելն ու հուսալը, որ մի օր վերջապես 12-ից հետո ուրիշ թիվ կհայտնվի, մի նոր թիվ՝ ոչ հերթական, որը չի սկսվի 1-ից ու չի ավարտվի 1-ով:
Ինչքան աշուններ են անցել ու ինչքան դեռ պիտի գան: Իսկ այս մեկը դեռ նոր է սկսվել: Անձրևներն ու տերևաթափերը դեռ առջևում են: Երբ փոքր էի անհամբեր սպասում էի աշնանը, որ գունավոր տերևներ հավաքեի ու չորացնեի, որ մի քիչ տաք հագնվեի ու քայլեի փողոցներով. սիրում էի լսել տերևների ձայնը ոտքերիս տակ: Երբ սկսվում է աշունը կարծես մի կախարդական երաժշտություն է հնչում: Սկսվում է մի հեքիաթ, որը շուտով ավարտվելու է: Իսկ ես ամեն անգամ հույսով սպասում եմ, որ հենց այս տարվա աշունն է իմը լինելու, իմ հեքիաթը, որը սկսվելու է, բայց չի ավարտվելու:
Մի տեսակ տխուր նստեցի երթուղային: Հայացքս պատուհանից դուրս հրավիրեցի ու սկսեցի ինձ զբաղեցնել: Նայում էի ավտոմեքենաներին, շենքերին, մարդկանց ու շներին: Նորից տխրեցի, հիշեցի, որ փոքր ժամանակ երազում էի շնիկ ունենալ ու այդպես էլ երազելով մնացի: Մտքովս անցավ, որ նույնիսկ սեփական կատու չունեմ: Հիշեցի որ ժամանակին ունեի, բայց անպիտանը դուրս շպրտվեց. ծնողներս չկարողացան կենդանուն ընդամենը մի ջարդած դուռ ու մի զույգ ակնոց ներել: Նապաստակ էլ ունեի, բայց նա էլ մորթվեց: Թաց աչքերով լսում էի, թե ինչ համեղ էր կենդանին ում սիրում էի: Որոշեցի այլևս երբեք կենդանիներ չպահել, միշտ ցավ էի պատճառում նրանց ու ավելի շատ ինձ: Իսկ եթե մարդկանց էլ պետք չէ պահել կողքիդ. միևնույնն է վերջում կամ ցավ ես պատճառելու կամ ցավ ես ապրելու: Պատուհանից էլ շներ չերևացին.. սկսեցի ուշադիր նայել մարդկանց: Հասկացա, որ բոլորի աչքերը տարբեր են, բայց բոլորի հայացքներն ինչ-որ բան են որոնում: Ոմանց աչքերում փայլ կար ու մեծ հույս, որ գտնելու են որոնածը: Մյուսների աչքերում կասկած կար, հիասթափություն ու մի տեսակ կոտրված, ջարդված թախիծ: Որոշ մարդկանց դեմքերն էլ այնքան բութ էին, որ ակամայից Չարենցի տողերը հիշեցի. «Դեմքերն այս բութ են, ասես շինված լինեն տապարով»: Մարդկանցից էլ հոգնեցի ու սկսեցի ուղղակի ճանապարհին նայել՝ անորոշ ու աննպատակ: Ախ, այս ճանապարհը, որ ինչ-որ տեղ է տանում, ինչ-որ հեռու մի տեղ, անվերադարձ առանց ետդարձի հույսի: Ինչ երկար թվացին րոպեները սպիտակ 22 տեղանոց երթուղայինում:
Ես Տերյանի պես հզոր չեմ, որ գրեի էստոնականը, ոչ էլ Կապուտիկյանի չափ ներող, կարոտի պահին թեկուզ ուրիշ գրկից միայն արի արի տողերը գրելու համար: Ես էգոիստ եմ, ժլատ, խանդոտ: Դու չես կարող ուրիշինը լինել: Այն ինչ իմն է, իմն է լինելու միշտ, իսկ եթե հանկարծ որոշես գնալ ետ պահող չի լինելու: Ներող չի լինելու: Սպասող չի լինելու: Նորից կամ կրկին, նույնիսկ վերստին սիրող չի լինելու:
Ուզում եմ լռեն աշխարհի բոլոր բառարանները: Ժամացույցները կանգ առնեն մի պահ: Բոլորը քուն մտնեն: Քամին չսուլի: Ոչ երկիրը պտտվի, ոչ արեգակն ու մոլորակները: Շատ բան չեմ ուզում: Ուզում եմ թիթեռը երկու օր ապրի:
Մի օր երազանքս դադարեց երազանք լինելուց: Դարձավ իրական ու ստիպեց հավատալ հրաշքներին: Իմ հրաշք, որ իրական ես, կողքիս: Իմն ես, իմ ուրիշը: Ժպիտդ, հայացքդ, ձայնդ դու.. դու հասարակ դերանուն չես, մի ամբողջ քերականություն ես, որ գերազանցիկ աշակերտի պես ուզում եմ հասկանալ: Չէ, որ դու միայն իմն ես, իմ էության մեջ: Պաշտում եմ էությունդ: Ես էությամբ դարձա դու, դու էությամբ դարձար ես: Հրաշք երգի հրաշք բառեր, որ այսուհետ մեր հեքիաթի հիմն են լինելու: Մեր հեքիաթը ուրիշ է լինելու. մեր ուրիշը իմ ուրիշ: Վերջում խնձորներ ցած չեն ընկնելու: Այն վերջ չի ունենալու: Երբեք: Ոչ էլ անտառում չար հերոսներ են լինելու: Մեզ ոչինչ ու ոչ ոք չի բաժանելու: Ոչ ցեխը, ոչ էլ երթուղայինի մեջ մեր միջև նստած անծանոթ ու գոհ տիկինը: Ոչինչ:
Ես մի թևով չեմ կարող թռչել, իսկ աշունը չի սպասում: Շուտով ես ավելորդ կլինեմ ու նույնիսկ անձրևները չեն գտնի ինձ: Ինձ ոչ ոք չի քերծել, ուղղակի ես երբեք երկու թև չեմ ունեցել: Դեռ իսկական աշուն էլ չի, բայց ես խնդրում եմ իմ բոլոր աշուններին ներել ինձ:
Մեր բառախաղերը միշտ ստացված են, որովհետև դու թվերը լավ ես հիշում, իսկ ես չեմ մոռանում քեզ բարձրահասակ պատկերացնել: Եթե հավատանք, որ ամեն անգամ հավասար նույն բանն ասելիս երազանքներն իրականանում են, մենք կարող ենք էլ չերազել: Մենք կարող ենք չխոսել, բայց հասկանալ իրար: Կարող ենք չգրկել իրար, բայց ես գիտեմ, որ իմ աջ թևը կարևոր է քեզ համար: Մենք, մենք…: Ասում են կախման կետեր պետք չեն մարդկանց, եթե ասելիք ունես կետերը քեզ պետք չեն, բայց….այս կետերի տակ միանշանակ ասելիք կա, որովհետև ես ու դուն արդեն մենք է դարձել:
Մի քանի վայրկյան էլ ու ժամանակն իր հերթական պտույտը կգործի իմ առանցքի շուրջ: Ես էլի կմեծանամ մի քանի վայրկյանով, րոպեով, ժամով: Օրերն ու տարիներն անիմաստ թվաբանության արդյունք են, ու գուցե ավելի լավ կլիներ կորցնել ժամանկի զգացողությունն ու էլ չհավատալ օրացույցներին: Մենք բոլորս անհույս սպասում ենք նույնիսկ այն ժամանակ, երբ էլ պետք չի սպասել: Հաճախ մեր հնարած ժամանակի պատճառով ուշանում ենք ու մեզ մեղադրելու փոխարեն մեղքը գցում խեղճ ժամանակի վրա, որ ինքն իրենից զզվել է, իր անհույս ու տափակ, ոչինչ չասող տկտկոցից, որ նյարդերիդ վրա է ազդում: Կանգնեցրու բոլոր ժամացույցներն ու համոզվիր, որ անզոր ես կանգնեցնել ժամանակը, իսկ այդ ընթացքում նա կհասցնի հերթական պտույտը գործել այս անգամ արդեն քո առանցքի շուրջ:
Բոլորս էլ սպասում ենք, որ ինչ-որ մեկը մեզ գտնի: Իսկ ես քանիսին կորցրի: Ինձ, քեզ, բոլոր հույսերը, որ կարելի էր երբևէ ունենալ, երջանկության հասցեն, որ այդպես էլ մնաց շենքերի արանքում, սանտիմետրերը, որ քոնն են մնալու: Ամեն դեպքում ջուրն ու բարձրությունն անհամատեղելի են, ջրվեժն էլ լավ միտք չէ: Գրել մեկի մասին, ում դու ինքդ ես կորցրել, արդար չէ, հատկապես, երբ գիտես որ կարդալու է: Գրելու նյութ ունենալու համար օգտագործել մարդկանց նույնպես ազնիվ չէ: Պարտադիր չէ ամեն օր սիրահարվել սերն ավելի լավ ճանաչելու համար: Ուզես թե ոչ մի պահ լույսերը կանջատվեն, ու դու ստիպված կլինես քնել՝ համակերպվելով, որ այդ օրն էլ անցավ, ու դու նրան չգտար:
Հ.Գ Այսօր էլ ոչ մի տող չծնվեց քո մասին:
Փոքր մարդիկ էլ են երազանքներ ունենում: Երազում են սիրո, երջանկության, ներդաշնակության մասին: Նայում են իրենց կողքին ապրող երջանիկ մարդկանց ու հավատում, որ մի օր էլ իրենց երազանքների հերթը կհասնի: Երկնքին նայելիս չեն մեղադրում աստղերին չընկնելու համար, ժպտում են ու շարունակում հավատալ: Փոքր մարդիկ էլ են երազանքներ ունենում…
Մի օր ես երկար մազեր կունենամ ու մենք տանգո կպարենք…
Խոստացել էի չէ, որ մի օր կբարձրանամ տանիք ու ամեն ինչ կտեսնեմ…
Մինչև աստղադիտարան հասնելն արդեն գիտեի, թե ինչ եմ լսելու աստղերի մասին: Սկզբում տեսանք Սատուրնը, հետո երկրին ամենամոտ գտնվող աստղը իրեն ամենամոտ գտնվող աստղի հետ, իսկ վերջում մի ամբողջ աստղաբույլ: Բայց աստղադիտարանի աշխատակիցն այդպես էլ չասաց այն, ինչ իրոք ուզում էի լսել աստղերի մասին: Ախր նրանք ուղղակի ֆիզիկական մարմիններ չեն, որոնց պետք է դիտակով նայել: Իսկական աստղերը հայտնվեցին, երբ մենք նայեցինք վերև ու ամեն մեկս մի պահ գտավ իր աստղը: Ինչ-որ մեկի համար գուցե աստղերն այդպես էլ ֆիզիկական մարմիններ մնան… Իսկ ես այդպես էլ չգտա այն, ինչ ինձ պետք էր…
Իմ գլխի վրայով ամեն օր աղավնիներ են թռչում: Ես դեռ չեմ խաղաղվել, ուղղակի նրանք մեր բակում են ապրում: Ամենասիրուն տողերը ոչ ցավից են ծնվում, ոչ էլ տառապանքից: Ամենասիրուն տողը հենց դու ես, երբ խաղաղ ես: Ամենաիսկական պատկերը դու կլինես, եթե կարողանաս հանդարտ նայել աղավնիներին: Եթե նրանք վախենում են քեզնից, ուրեմն դեռ չես հանդարտվել, բայց մեր բակի աղավնիներն այնքան բարի են, որ ամեն դեպքում թռչում են գլխիս վրայով ու ստիպում հավատալ, որ ես մի օր կգտնեմ իմ ամենասիրուն ու հանգիստ տողը…
Ես էլ շատերի նման չեմ կարող լռություն նկարել, բայց ինձ հանգստացնում եմ այն մտքով, որ նույնիսկ աշխարհի ամենատաղանդավոր նկարիչներին դեռ չի հաջողվել այն պատկերել: Իսկ եթե մի օր ստացվի՞: Եթե հանկարծ լույսը, կրակը, հողն ու օդը միանան ու ես վերջապես քամու փետուրով լռություն նկարե՞մ: Իսկ եթե այն այնքան լավ ստացվի, որ որպես թանգարանային նմուշ պատին կախե՞ն: Գամեն պատին ինձ էլ իմ նկարած լռությունն էլ: Արի մեզ շռայլություն թույլ տանք ու լռենք: Մի պահ թվաց ծով գտա աչքերիդ մեջ…
Հեռանալիս պետք չէ գոռալ: Լուռ է պետք գնալ, անաղմուկ, առանց ավելորդ պաթոսի, որ քեզ չփորձեն ետ պահել: Որ չտեսնեն ափսոսանքդ, տխրությունը աչքերիդ: Եթե հաջողվի նույնիսկ մի երկու կաթիլ արցունք կհոսի ու վերջ: Նույն վերջը մյուս վերջերի նման: Գնալ բայը պետք չէ խոնարհել այլևս, մնալն էլ իմաստ չունի: Ես, իհարկե, չեմ փոխի ազգությունս, եթե անգամ գտնվի այդ լեզուն, որ չունենա անջատվել բայը: Ինձ բաժանումները պետք են, գիտեք: Փորձեք հանգիստ տանել բոլոր հեռացումները, ինչքան էլ որ ծանր լինեն, իսկ ես նորից արձակուրդ եմ գնում: