Յուսուֆ Իդրիս | Չափազանց եգիպտական պատմություն

Շատ քիչ է պատահում, երբ երկու օտարական հանդիպում են իրար ու նրանցից յուրաքանչյուրը իր ձևով անիծում է հանդիպման պահը, հայհոյում են միմյանց, որ նույն պահին նույն ճանապարհին հանդիպեցին:
Այդ տաքսու վարորդը հաստլիկ էր ու կլոր, բարեհամբյուր դեմքով: Նրա երեք երեխաները սովորում էին համալսարանում: Նա հետաքրքրաշարժ պատմություններ ու անեկդոտներ հումորով պատմելու վարպետ էր, երբ մի օր ասաց.
Քշում էի Շիրատոնի մոտակայքում ու պատահաբար խաչմերուկում տեսա ոտքերը կտրած մուրացկանի, ով կտրեց իմ ճանապարհը իր մարմնով, ավելի շուտ նրանով, ինչ մնացել էր իր մարմնից, ու ես կանգնեցի: Զարմացա, որ նա մարդ էր. ինչ-որ չափով կապիկի նման էր, ինչ-որ չափով սողունի նման բան էր: Մեքենայի դիմացից ցատկեց մի կողմ, բացեց մեքենայի դուռը ու իր մարմինը գցեց ուղիղ իմ կողքը ասելով՝
-Քշի՛ր, վարպե՛տ:
-Ո՞ւր:
Այս ի՞նչ էր: Ի՞նչ էր կատարվում:
-Ես կարող եմ քեզ մանր տալ,- ասացի նրան,- բայց տաքսիով տանե՞լ: Ի՞նչ ես խոսում:
-Վարպե՛տ, ես ուզում եմ գնալ Շոբրա ալ-Խայիմ կամ Շոբրա ալ-Մազրաթ,-ասաց նա,- խնդրում եմ, հասցրու ինձ այնտեղ: Ես քո հաճախորդն եմ, ոչ թե մուրացկան: Շտապի՛ր, խնդրում եմ քեզ:
Ես դեռ տատանվում էի, սակայն ձայնի վստահ տոնը և բռի մեջ բավականին գումարը, որը հանեց իր գրպանից, ինձ համոզեցին շարժվել տեղից: Քշում էի Նեղոսի ափով, աչքս գցում հաճախորդի վրա և խորհրդածում նրա մասին. նրա հագուստը քրքրված էր, մարմինը կեղտոտ, մազերը գզգզված էին: Տպավորություն էր, թե տաս տարեկան է: Իմ կասկածները շատացան ու ես կանգնացրեցի մեքենան.
-Այս ի՞նչ է կատարվում, բան չեմ հասկանում: Ես այլևս չեմ քշի մինչև ամեն ինչ ինձ չբացատրես:
-Կոկա-կոլա կխմե՞ս,- հարցրեց նա ինձ:
Նա կանչեց փողոցում կոլա վաճառողին, երկու շշի համար ամբողջական տաս կիրշ վճարեց: Երբ երկուսս էլ խմեցինք, նա ինձ ասաց.
-Լսի՛ր վարպետ, ես մուրացկան եմ:
Դե ես կռահում էի, ակնհայտ է դա, մտածեցի ես:
-Ես ուզում էի տաքսի բռնել, որ փախչեմ ոստիկանից:
-Նկատի ունես շրջիկ ոստիկանը հետապնդո՞ւմ է քեզ,- հարցրեցի ես:
-Չէ, ճանապարհի ոստիկանը:
-Բայց դու ի՞նչ խնդիր ունես ճանապարհային ոստիկանության հետ:
-Գործնական հարցեր:
-Այդ ի՞նչ գործնական հարցեր են քո ու ճանաարհային ոստիկանի միջև,- զարմացա ես:
– Բիզնեսի խնդիր է,- կրկնեց նա:
Այնուհետև սկսեց պատմել իր պատմությունը:
-Այն օրվանից հետո, երբ ես կորցրեցի իմ ոտքերը մետրոյի վթարի ժամանակ, Տերը բացեց ինձ համար դրախտի դռները: Երբ մարդիկ տեսնում էին ինձ գետնին ընկած սողալիս, նետում էին կոպեկներ, ու ես օրական սկսեցի աշխատել հիսունից վաթսուն կիրշ և հասկացա, որ սա Աստծո ողորմածությունն է: Ժամանակի ընթացքում ես հասկացա ու գիտակցեցի, որ իմ կտրված ոտքերով կապիտալ եմ կուտակում, և պարտավոր էի օգտագործել դրանք: Այդպես վարպետորեն յուրացրեցի Կահիրեի բոլոր թաղամասերը, անկյունները, բնակիչների բնավորությունը. տարօրինակն այն է, որ ինձ շատ ջերմությամբ են վերաբերվում կամ շատ հարուստները, կամ շատ աղքատները, իսկ քեզ նման միջին ապրուստով մարդանց սրտերում խղճարություն գտնելը շատ դժվար է: Ես երկար փորձառությունից հետո բացահայտեցի, որ այս քաղաքի հին բնակիչները շատ բան տեսնելով՝ փակսիրտ են դառնում ժամանակի հետ, իսկ նորեկների սրտերը լի են ողորմածությամբ, դրամապանակներն էլ լի գումարով: Այսպիսով, ես վերջապես գտա այն մեծ հյուրանոցի կողքը մի անկյուն, որը ձեր մեքենայի կողքին էր, երբ նստեցի: Այդ անկյունը լյուքս է, կատարյալ տեղ փող աշխատելու համար: Այնտեղ ճանապարհին լուսափորներ կան, մեքենաները կանգնում են կարմիր լույսի տակ, ես արագ անցնում եմ մեքենաների մոտով մինչև կվառի կանաչ լույսն, ու նրանք կանցնեն: Սակայն կարմիր լույսը երկար չէր տևում և ես չէի կարողանում ամբողջացնել շարքն ու անցնել բոլոր մեքենաների կողքով: Եվ մի օր որոշեցի գնալ ոստիկանի մոտ, որ կանգնում է լուսափորի մոտ: Մի քանի բառով արագ պայմանավորվեցինք. նա երկար է պահում կարմիր լույսը, մինչև ես կհասցնեմ անցնեմ բոլոր մեքենաների կողքով, այնուհետև ես նրան նշան եմ անում և նա միացնում է կանաչը:
-Շան ծնունդ,- ասացի նրան,- փաստորեն քո պատճառով էր կարմիր լույսն այդքան երկար վառվում:
Հետո բռնացրեցի ինձ մի մտքի վրա.
-Դու ինչ-որ բան տալի՞ս ես ոստիկանին:
-Իհարկե, հիսուն-վաթսուն կիրշ ամեն օր:
-Իսկ ինչքա՞ն ես դու աշխատում օրական:
-Երկու կամ երեք ֆունտ: Ոչ միշտ: Լինում է հինգ-վեց ֆունտ խցանման օրերին:
-Տեսնում եմ…Ինչո՞ւ ես փախչում այսօր: Ի՞նչ է պատահել:
-Այսօր տոնական օր է, Աստված օրհնի քեզ: Այսօր մի կույտ փող եմ հավաքել ու որոշեցի փախչել նախքան ոստիկանը կգար ու իր բաժինը կուզեր:
Ես մտածեցի թեմայի շուրջ ու ասացի.
-Լավ, բայց դա այդքան էլ խորամանկ որոշում չէ: Վաղը հաստատ այդ ոստիկանը այնտեղ կլինի:
-Ոչ, ոչ,- ասաց նա ինձ՝ նայելով խորամանկ, տիպիկ եգիպտական ժպիտով,- վաղն ուրիշ ոստիկան է, ուրիշ պայմանավորվածություն: Այսօր այս ոստիկանի վերջին օրն էր այնտեղ:
Հասանք տեղ:
-Այս մասում, վարպե՛տ, այստեղ պահի՛ր:
Հաշիվը 43 կիրշ էր, բայց նա ինձ վճարեց 50 կիրշ՝ յոթ կիրշ ավել, ու ասաց.
-Ու մի բան էլ. եթե ամեն օր ժամը տասին կանգնես լուսափորի մոտ ու ինձ վերցնես այնտեղից, քեզ օրական կտամ 50 կիրշ:

Թարգմանությունը արաբերենից՝ Աստղիկ Գաուդյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *